Յուրի Լոտման․ Դեկաբրիստը կենցաղում (մաս 3)

Մաս 1

Մաս 2

 

Վարքի դրսևորումները ձևավորում են հիերարխիա` ժեստ – արարք  վարքային տեքստ։ Վերջինը՝ վարքային տեքստը, հարկավոր է հասկանալ որպես գիտակցված արարքների ավարտուն շղթա՝ տեղակայված մտադրության և արդյունքի միջև։

Դեկաբրիստի ամենօրյա վարքը ոչ միայն առանց ժեստերի և արարքների ուսումնասիրման չի կարող ընկալվել, այլև առանց ավելի բարձր կարգի պատկանող առանձին և ավարտուն միավորների՝ վարքային տեքստերի։

Ինչպես հեղափոխական ազնվականի ժեստն ու արարքն էին իմաստավորվում նրա և շրջապատի համար, որովհետև բառի նշանակություն ունեին, այնպես էլ արարքների ցանկացած շղթա տեքստ էր դառնում (իմաստ էր ստանում), եթե այն կարելի էր պարզաբանել որոշակի գրական սյուժեի հետ կապով։ Կեսարի մահը և Կատոնի[1] սխրագործությունը, մարգարեն՝ քարոզող և մերկացնող, Տիրտեոսը[2], Օսսիանն[3] ու Բայանը[4], որոնք մարտից առաջ երգում էին զինվորների համար (վերջին սյուժեն Նարեժնին[5] էր ստեղծել), Հեկտորը՝ մարտի գնացող և Անդրոմաքեին հրաժեշտ տվող․ այսպիսին էին սյուժեները, որոնք իմաստ էին հաղորդում կենցաղային արարքների այս կամ այն շարանին։

Այդպիսի մոտեցումը ենթադրում էր վարքի «ուռճացում», հայտնի իրական գրական տիպական դիմակների միջև բաշխում, գործողության վայրի և տարածության իդեալականացում (իրական տարածությունը գրականի միջոցով էր իմաստավորվում): Այդպես Պուշկինի՝ Գլինկային ուղղված նամակում Պետերբուրգը Աթենքն էր, իսկ Գլինկան՝ Արիստիդեսը[6]։ Պուշկինի բանաստեղծություններում դա միայն կյանքային իրավիճակը գրականի փոխակերպելու արդյունք չէ։ Ակտիվորեն տեղի է ունենում նաև հակադիր գործընթացը, կյանքային իրավիճակում նշանակալից (և հետևաբար՝ մասնակիցների համար նկատելի)  է դառնում այն, ինչը կարող է վերաբերել գրական սյուժեին։ Այդպես՝ 1821 թվականին Կատենինը իր ընկեր Ն․ Ի․ Բախտինին գրած նամակում ինքն իրեն բնութագրում է որպես «Սիբիրից ոչ հեռու»[7] աքսորված։ Այդ աշխարհագրական անհեթեթությունը (Կոստրոմայի նահանգը, ուր աքսորել էին Կատենինին, ավելի մոտ է ոչ միայն Մոսկվային, այլև Պետերբուրգին, քան Սիբիրին, ու դա պարզ է և՛ Կատենինի, և՛ նրա թղթակցի համար) բացատրվում է նրանով, որ այդ ժամանակ Սիբիրն արդեն մտել էր գրական սյուժեներ և ռուսական մշակույթի բանավոր առասպելաբանություն՝ որպես աքսորավայր, և այդ առումով զուգորդվում էր տասնյակ պատմական անունների հետ (Սիբիր էր բերել Ռիլեևն իր Վոյնարովսկուն, իսկ Պուշկինը՝ ինքն իրեն «Ալեքսանդր I-ի հետ մտացածին զրույցում»)։ Այդ առումով Կոստրոման ոչնչի հետ չի զուգորդվում։ Հետևաբար՝ ինչպես Աթենքն է նշանակում Պետերբուրգ, Կոստրոման նշանակում է Սիբիր, այսինքն՝ աքսորավայր։

Տարբեր տեսակի արվեստների և մարդու վարքի հարաբերակցությունը տարբեր կերպ է կառուցվում։ Որպես ռեալիստական սյուժեի հիմնավորում է ծառայում այն պնդումը, որ իրականում մարդիկ հենց այդ կերպ են իրենց դրսևորում։ Կլասիցիզմը ենթադրում էր, որ իդեալական աշխարհում մարդիկ պետք է արվեստի օրինակով դրսևորեն իրենց։ Ռոմանտիզմը թելադրում էր ընթերցողին վարք, այդ թվում նաև կենցաղային։ Երկրորդ և երրորդ սկզբունքների նմանությունը թվացյալ է, այդ երկուսի միջև էական տարբերություն կա։ Կլասիցիզմի իդեալական հերոսի վարքը իրացվում է գրական տեքստի իդեալական տարածությունում։ Այն կյանք կարող է տեղափոխել միայն բացառիկ մարդը, որը բարձրացել է իդեալի մակարդակին։ Կլասիցիստական գրականության ընթերցողների և հանդիսատեսի մեծամասնության համար գրական կերպարների վարքը սոսկ բարձր իդեալ է, որը պետք է վսեմացնի նրանց գործնական վարքը, բայց ամենևին էլ չմարմնավորվի դրանում։

Այդ առումով ռոմանտիկական վարքն ավելի հասանելի է։ Այն ոչ միայն գրական առաքինություններն է ներառում իր մեջ, այլև գրական արատները (օրինակ՝ անձնասիրությունը, որի չափազանցված ցուցադրումը «կենցաղային բայրոնիզմի» նորմա էր)․

 

                                                                                                  Лорд Байрон прихотью удачной

                                                                                                  Облек в унылый романтизм

                                                                                                  И безнадежный эгоизм.

                                                                                                                                           (3, XII)

                                                                                                  (Բայրոնն իր թեթև քմայքով թախծոտ

                                                                                                  Խառնել էր նրա սիրույն տխրահույզ

                                                                                                  Վհատ ռոմանտիզմ, էգոիզմ անհույս)[8]։

 

Արդեն այն, որ ռոմանտիզմի գրական հերոսը գրողի ժամանակակիցն էր, էապես հեշտացնում էր մոտեցումը տեքստին՝ որպես ընթերցողի ապագա իրական վարքի ծրագրի։ Բայրոնի և Պուշկինի՝ որպես ռոմանտիզմի գրողի, Մարլինսկու[9] և Լերմոնտովի հերոսները նմանակողների մի ամբողջ շարք էին ծնում, որոնց թվում էին երիտասարդ սպաներն ու չինովնիկները, որոնք նմանակում էին գրական կերպարների ժեստերը, դիմաշարժությունները, վարվելաձևերը։ Եթե ռեալիստական ստեղծագործությունը նմանակում է իրականությանը, ապա ռոմանտիզմի դեպքում իրականությունն ինքն էր շտապում նմանակել գրականությանը։ Ռեալիզմին բնորոշ է, որ վարքի որոշակի տեսակը ծագում է կյանքում, իսկ հետո հայտնվում գրական տեքտերի էջերում (կյանքում գիտակցության և վարքի նոր կանոնների ծնունդը նկատելու ունակությամբ էր հայտնի, օրինակ, Տուրգենևը)։ Ռոմանտիկական ստեղծագործությունում մարդկային վարքի նոր տեսակը ծնվում է տեքստի էջերում և այնտեղից էլ անցում է կատարում կյանք։

Անշուշտ, ռոմանտիկական վարքի հարաբերությունը գրականության մեջ և կյանքում ևս բարդ է և ոչ միօրինակ։ Ամենից առաջ հենց Բայրոնի, Պուշկինի, Մարլինսկու կամ Լերմոնտովի «բարձր» ռոմանտիզմն ինքը շատ արագ նմանակներ ձեռք բերեց․ անճաշակ ռոմանտիզմ և ռոմանտիկական ինքնածաղրանմանություն։ Վերջիններիս էական տարբերությունը «բարձր» ռոմանտիզմից երկրորդային արվեստի տարբերակումն է առաջնայինից։ Ռոմանտիկ բանաստեղծն իր ստեղծագործությունում վերստեղծում է աշխարհի՝ ողբերգական և վիթխարի, բացարձակության հասցված օրենքները, իսկ անճաշակ կամ ծաղրական ստեղծագործությունները վերստեղծում են աշխարհի օրենքների ռոմանտիկական վերստեղծումը։ Դա պատկերների պատկերում է կամ պատկերների նմանակում։ Բայրոնի կամ Լերմոնտովի հիրավի ռոմանտիկական աշխարհը միշտ շփոթեցնում էր իր անսպասելիությամբ, ցնցում ընթերցողին անկանխատեսելիությամբ։ Ռոմանտիկ բանաստեղծը երբեք չգիտի՝ ինչ է ավարտվածությունը, չի ընդունում այն, և ինչպես Լերմոնտովն ու Հայնեն, ինքն պատրաստ առաջինը ծաղրելու «ավարտուն» և անկանխատեսելիությունից զուրկ ռոմանտիզմը։ Պատահական չէ, որ ոչ ոք այնքան ռոմանտիզմի պարոդիա չի ստեղծել, որքան իրենք՝ ռոմանտիկները։ Ռոմանտիզմի՝ ռոմանտիզմին նմանակելու կեղծ ռոմանտիկական աշխարհը ամբողջովին շաբլոններից էր բաղկացած, և դրա համար էլ հնարավոր չէ գրել «ինչպես Լերմոնտովը», և շատ հեշտ է նմանակել Մարլինսկու աշակերտներին։

Ընթերցողական վարքի ոլորտում նունպես էական տարբերություն կար բարձր ռոմանտիզմի և դրա անճաշակ նմանակների միջև։ Դեկաբրիստների և նրանց կանանց վարքը, չնայած որ գրականությամբ էր ոգեշնչված, ըստ էության, անկանխատեսելի էր։ Պատահական չէ, որ Պետերբուրգում երկար ժամանակ համոզված էին, որ աքսորյալների կանայք կա՛մ ընդհանրապես չեն մեկնի Սիբիր, կա՛մ շատ չանցած կվերադառնան։ Գեներալ Ռաևսկին խորը ըմբռնում ցուցաբերեց իր դստեր՝ Մարիայի հանդեպ․ դստեր դիմանկարը ձեռքին մահանալով՝ նա ասաց, որ իր ճանաչած բոլոր կանանցից նա ամենաարտասովորն է («արտասովոր» վարքը բարձր գովասանք է)։

Մարլինսկու ընթերցողների վարքի «մասսայական» ռոմանտիզմը նմանակման նմանակում է։ Անգամ կողմնորոշվելով դեպի «Լերմոնտովի աշխարհը»՝ նա իր վարքում իրականորեն վերստեղծեց ռոմանտիզմի էպիգոնների[10] աշխարհը, թեև, կրկնելով նրանց հերոսների բառերը, ժեստերը, արարքները, կարող էր սուբյեկտիվորեն իրեն «ճշմարիտ ռոմանտիկ» անձնավորություն զգալ։ Բոլորովին պատահական չէ, որ 1840-ական թվականներին ռոմանտիկական հերոսի կենցաղային նմանակը Նեկրասովի, Տուրգենևի, Գոնչարովի հեգնական մերկացման առարկա էր դարձել․

 

                                                                                                        Его любимый идеал

                                                                                                        Был Александр Марлинский,

                                                                                                        Но он всему предпочитал

                                                                                                        Театр Александрийский[11]

                                                                                                       (Նրա սիրելի իդեալն

                                                                                                       Ալեքսանդր Մարլինսկին էր,

                                                                                                       Բայց ամեն ինչից

                                                                                                       Գերադասում էր թատրոնն Ալեքսանդրյան)[12]։

 

Նա գռեհիկ, ծայրահեղ կանխատեսելի վարքի տեր մարդ էր։ Լերմոնտովի դուելի ողբերգությունը մասնավորապես կապված է այն բանի հետ, որ նրա հակառակորդը «ռոմանտիզմի տիպիկ ընթերցող» էր, մեկը նրանցից, ում մասին գրում էր Նեկրասովը։ Ինչպես ռոմանտիզմին հետևում էր նրա գռեհիկ նմանակը, իսկ Պեչորինին՝ Գրուշնիցկին, այնպես էլ Մարտինովն[13] էր հետևում Լերմոնտովին։ Ռոմանտիկ Մարտինովը ամենականխատեսելի մարդն էր լերմոնտովյան շրջապատում։ Դեկաբրիստները ռոմանտիկական հերոսներ էին, իսկ դեկաբրիստուհիները՝ ռոմանտիկական կանայք։ Մարտինովը պատկերում էր ռոմանտիկական հերոս։ Այդ տիպի մարդիկ կարող էին նմանակել Լերմոնտովին, սակայն նրան միշտ ընթերցում էին ինչպես Մարլինսկուն։ Ռոմանտիկ բանաստեղծը սպանվում է ընթերցողի՝ ռոմանտիզմի նմանակողի կողմից։ Եվ դա պատահական չէ, որովհետև ռոմանտիկ բանաստեղծի համար իր հերոսների «ցածրացված» նմանակը միշտ տափակամիտ, գռեհիկ է, իսկ գռեհկության համար չկա ավելի վիրավորական բան, քան որպես գռեհկություն ճանաչվելը։

Դեկաբրիստի վարքը, ինչպես ասում են, դրոշմված էր ռոմանտիզմի կնիքով․ արարքներն ու վարքային տեքստերը ձևավորվում էին գրական ստեղծագործությունների սյուժեներով, տիպային գրական իրավիճակներով կամ անուններով, որ սյուժեներ էին ներշնչում։ Այդ իմաստով Պուշկինի «Ահա՛ Կեսարը, իսկ որտե՞ղ է Բրուտոսը» բացականչությունը հեշտությամբ որպես ապագա արարքի ծրագիր մեկնաբանվեց։

Հատկանշական է, որ միայն գրական օրինակների դիմելն է, որ մեզ թույլ է տալիս մի շարք դեպքերում մեկնաբանել այդ դարաշրջանի մարդկանց խորհրդավոր արարքները։ Այսպես, օրինակ, ժամանակակիցներին, իսկ հետո նաև պատմաբաններին փակուղու մեջ էր գցում Պ․ Յա․ Չաադաևի արարքը, որը 1820 թվականին Տրոպաուում[14] արքայի հետ հանդիպելուց հետո պաշտոնաթող էր եղել իր ծառայողական հաջողությունների բուռն շրջանում։ Ինչպես հայտնի է, Չաադաևը գվարդիական կորպուսի հրամանատար գեներալ Ի․ Վ․ Վասիլչիկովի համհարզն (флигель-адъютант) էր։ «Սեմյոնովսկու պատմությունից»[15] հետո նա ցանկություն հայտնեց Ալեքսանդր I-ին հասցնելու գվարդիայի ապստամբության մասին լուրը, որն այդ ժամանակ Տրոպաուում վեհաժողովի էր մասնակցում։ Ժամանակակիցները դրա մեջ ընկերների և նախկին համագնդեցիների դժբախտության հաշվին առաջ գնալու ցանկություն տեսան (1812 թվականին Չաադաևը Սեմյոնովսկու գնդում էր ծառայում)։

Եթե իր վեհանձնությամբ հայտնի Չաադաևի այդպիսի արարքը անբացատրելի թվաց, ապա կայսեր հետ հանդիպումից հետո նրա անսպասելի պաշտոնաթողությունն առհասարակ բոլորին փակուղու մեջ դրեց բոլորին։ Ինքը Չաադաևը 1821 թվականի հունվարի 2-ին մորաքույր Ա․ Մ․ Շչերբատովային ուղղված նամակում հետևյալ կերպ էր բացատրում իր արարքը․ «Այս անգամ, սիրելի՛ մորաքույր, գրում եմ Ձեզ, որպեսզի հաստատապես հայտնեմ, որ պաշտոնաթող եմ եղել․․․ <…> Խնդրագիրս իսկական սենսացիա է բարձրացրել որոշ շրջաններում։ Սկզբում չէին ուզում հավատալ, որ լրջորեն եմ խնդրում այդ մասին, հետո ստիպված եղան հավատալու, բայց մինչև հիմա չեն կարողանում հասկանալ՝ ինչպես կարող էի նման որոշում կայացնել այն պահին, երբ պետք է ստանայի այն, ինչը, թվում էր, ցանկանում էի, ինչ ցանկանում էին բոլորը, և այն, ինչը ստանալը իմ՝ ծառայության աստիճանի երիտասարդի համար ամենաբարձր գովասանքն էր․․․ <…> Բանն այն է, որ կայսեր վերադառնալուն պես պետք է նրա համհարզ նշանակվեի՝ գոնե ըստ Վասիլչիկովի։ Ես ավելի զվարճալի համարեցի արհամարհել այդ բարեհաճությունը, քան ընդունել այն։ Ինձ զվարճացնում էր արհամարհել այն մարդկանց, որոնք արհամարհում էին բոլորին»[16]։

Իսկ Ա․ Լեբեդևը գտնում է, որ այդ նամակով Չաադաևը ձգտում էր «հանգստացնել մորաքրոջը», որն իբրև թե խիստ հետաքրքրված էր քրոջորդու պալատական հաջողություններով։ Այդ ամենը խիստ կասկածելի է․ հայտնի ընդդիմադիր կնյազ Մ․ Շչերբատովի դստերը կարիք չկար բացատրելու պալատական կարիերիզմի նկատմամբ ազնվական արհամարհանքի իմաստը։ Եթե Չաադաևը պաշտոնաթող լիներ և որպես մեծն իշխան, Անգլիական ակումբի ընդդիմադիր անդամ բնակություն հաստատեր Մոսկվայում, ժամանակակիցներին նրա վարքը խորհրդավոր չէր թվա, իսկ մորաքրոջը՝ դատապարտելի։ Սակայն բանը հենց այն է, որ նրա ծառայողական հետաքրքրվածությունը հայտնի էր․ նա ակնհայտորեն անձնական հանդիպման էր ձգտում կայսեր հետ, իր կարիերան արագացնելով՝ բախման էր գնում հասարակական կարծիքի հետ և նախանձ ու զայրույթ առաջացնում այն ծառայողական ընկերների մոտ, որոնց շրջանցում էր՝ չնայած նրանց ծառայողական բարձր աստիճանին։ Հարկ է հիշել, որ ծառայողական կոչումների բարձրացման կարգը գրված չէր, բայց կոչումների սանդղակի առաջխաղացումների օրենքի խիստ պահպանմանբ էր իրականացվում։ Դրա շրջանցումը հակասում էր ընկերության կոդեքսին և սպաների շրջանում ընկալվում էր որպես պատվի կանոնների խախտում։

Չաադաևի արարքի հանելուկը հենց այդ զուգակցումն է մի կողմից կարիերայի նկատմամբ նրա բացահայտ հետաքրքրության - արագ և ուշադրություն գրավող - և մյուս կողմից ինքնակամ պաշտոնաթողության՝ ջանքերը փառահեղ հաջողությամբ պսակվելուց առաջ։ Չաադաևի քրոջորդին՝ Մ․ Ժիխարյովը, ավելի ուշ հիշում է․ «Վասիլչիկովը կայսեր մոտ զեկույցով ուղարկեց․․․ Չաադաևին, չնայած նրան, որ Չաադաևը կրտսեր համհարզ էր, և անհրաժեշտ էր ավագին ուղարկել»։ Եվ ապա՝ «Նրա [Չաադաևի]՝ Պետերբուրգ վերադառնալուն պես համարյա ամբողջ գվարդիական կորպուսով մեկ դժգոհության համընդհանուր, վայրկենական պոռթկում բռնկվեց նրա դեմ, թե ինչու էր իր վրա վերցրել մեկնումը Տրոպաու և «Սեմյոնովսկու պատմության» մասին զեկուցումը։ Նրան ասում էին, որ ոչ միայն չպետք է մեկներ, չպետք է ձգտեր մեկնել, այլև ամեն կերպ պետք է մերժեր»։ Եվ ապա՝ «Այն, որ ուղևորությունից հրաժարվելու փոխարեն նա փնտրում ու հետամուտ էր լինում դրան, ինձ համար ևս կասկածի ենթակա չէ։ Այդ դժբախտ առիթի ժամանակ նա տեղի տվեց անչափավոր սնափառության բնածին թուլությանը․ չեմ կարծում, որ երբ մեկնում էր Պետերբուրգից, նրա երևակայության մեջ արքայահամհարզի անվանագրերը այնքան էին փայլում ուսադիրների վրա, որքան փայլում էին կայսեր հետ մտերմիկ հարաբերությունների, կարճ զրույցի և սերտ բարեկամության հմայքը»։[17] Ժիխարյովին իհարկե հասանելի չէր Չաադաևի ներաշխարհը, սակայն շատ բաներ մյուս ժամանակակիցներից ավելի լավ գիտեր, և նրա խոսքերն արժանի են ուշադրության։

Յու․ Տինյանովը[18] գտնում է, որ Տրոպաուում կայացած հանդիպման ժամանակ Չաադաևը փորձել էր արքային բացատրել «Սեմյոնովսկու պատմության» և ճորտատիրական իրավունքի միջև կապը և Ալեքսանդրին բարենորոգումների ուղուն հակել։ Ըստ Տինյանովի՝ Չաադաևի գաղափարները արքայի կարեկցանքին չարժանացան, և դա պառակտման հանգեցրեց։ «Արքայի հետ հանդիպման և զեկուցման տհաճությունը նրա համար ակնհայտ էր»։ Հետագայում Տինյանովն այդ հանդիպումը «աղետ»[19] է կոչում։ Այս վարկածին է հակված նաև Ա․ Լեբեդևը։

Տինյանովի ենթադրութունը, չնայած որ մինչև այժմ առաջարկված բացատրություններից ամենահամոզիչն է, թույլ օղակ ունի․ չէ՞ որ Չաադաևի և կայսեր միջև պառակտումը անմիջապես Տրոպաուի հանդիպումից և զեկույցից հետո տեղի չունեցավ։ Ընդհակառակը՝ պաշտոնի զգալի բարձրացումը, որը պետք է հանդիպման արդյունքը դառնար, ինչպես և այն, որ պաշտոնի բարձրացումից հետո Չաադաևը հայտնվելու էր կայսեր շքախմբում, վկայում է այն մասին, որ կայսեր և Չաադաևի խոսակցությունը չէր պառակտման և փոխադարձ անտարբերության պատճառը։ Չաադաևի զեկույցը Տրոպաուում դժվար է մեկնաբանել որպես ծառայողական աղետ։ Չաադաևի «անկումը», ըստ երևույթին, ավելի ուշ է սկսվել․ արքային, հավանաբար, տհաճորեն զարմացրել էր պաշտոնաթողության անսպասելի խնդրագիրը, իսկ հետո նրա դժգոհությանն ավելացավ նաև Չաադաևի՝ մորաքրոջն ուղղված վերոհիշյալ նամակը, որը փոստում էին գտել խուզարկելիս։ Թեև Չաադաևի խոսքերն իր՝ այն մարդկանց հանդեպ արհամարհանքի մասին, որոնք բոլորին են արհամարհում, Չաադաևի պետին՝ Վասիլչիկովին էին ուղղված, կայսրը կարող էր իրեն վերագրել դրանք։ Եվ նամակի ամբողջ նրբերանգը նրան հավանաբար անթույլատրելի էր թվացել։ Ըստ երևույթին, դրանք Չաադաևի համար այն «խիստ» «անբարենպաստ» տեղեկություններն էին, որոնց մասին 1821 թվականի փետրվարի 4-ին կնյազ Վոլկոնսկին գրել էր Վասիլչիկովին, և որոնց արդյունքում Ալեքսանդր I-ը հրամայեց պաշտոնաթող անել Չաադաևին՝ առանց հաջորդ կոչումը տալու։ Այդ ժամանակ էր, որ կայսրը «խիստ անբարենպաստ տեսանկյունից արտահայտվեց այդ սպայի մասին», ինչպես ավելի ուշ մեծն կնյազ Կոնստանտին Պավլովիչը զեկուցում էր Նիկոլայ I-ին։

Այդպիսով՝ չի կարելի պաշտոնաթողությունը որպես ընդհարման արդյունք դիտարկել, քանի որ հենց ընդհարումն ինքը պաշտոնաթողության արդյունք էր։

Դիմենք գրական սյուժեի օգնությանը, որը թույլ կտա հասկանալ Չաադաևի վարքը։ Ա․ Գերցենը[20] իր «Ալեքսանդր I կայսրը և Վ․ Ն․ Կարազին[21]» հոդվածը նվիրել է Ն. Ա․ Սերնո-Սոլովևիչին[22]՝ «մեր վերջին մարկիզ Պոզային[23]»։ Այսպիսով՝ Պոզան Գերցենի համար ռուսական կյանքի որոշակի երևույթի նշան էր։ Կարծում ենք, որ շիլլերյան սյուժեի հետ համեմատումը շատ բաներ կարող է բացատրել Չաադաևի կենսագրության խորհրդավոր միջադեպում։ Առաջին հերթին՝ կասկած անգամ չկա, որ Չաադաևը ծանոթ էր Շիլլերի ողբերգությանը․ Ն․ Մ․ Կարամզինը, 1789 թվականին Բեռլին մեկնելով, բեմի վրա տեսել է «Դոն Կարլոսը» և «Ռուս ճանապարհորդի նամակներում» հակիրճ, բայց խիստ կարեկցական մեկնաբանություն է գրել դրա մասին՝ հատկապես առանձնացնելով մարկիզ Պոզայի դերը։ Մոսկվայի համալսարանում, որտեղ 1808 թվականին ընդունվել էր Չաադաևը, XIX դարի սկզբին Շիլլերի հանդեպ պաշտամունքն էր տիրում։ Շիլլերի բուռն երկրպագման միջով էին անցել և՛ Չաադաևի դասախոս Ա. Ֆ. Մերզլյակովը, և՛ նրա մտերիմ ընկեր Ն․ Տուրգենևը։ Չաադաևի մյուս ընկերը՝ Գրիբոեդովը, «Հռադամիզդ և Զենոբիա» ողբերգության ուրվագրում ազատորեն ցիտել է մարկիզ Պոզայի հայտնի մենախոսությունը։ Խոսելով հանրապետականի՝ «ինքնիշխան կայսրության» մեջ ներգրավվածության մասին՝ նա գրում էր․ «Կառավարության համար վտանգավոր է, և ինքն իր համար՝ բեռ, քանզի մեկ այլ դարի քաղաքացի է»[24]։ Ընդգծված բառերը Պոզայի ինքնակենսագրության վերաձևակերպումն են․ «Ես գալիք դարի քաղաքացի եմ»։

Ենթադրությունը, որ Չաադաևն իր վարքով փորձում էր «ռուս մարկիզ Պոզա» խաղալ (ինչպես Պուշկինի հետ զրույցներում «ռուս Բրուտոսի[25]» և «ռուս Պերիկլեսի[26]» դերերն էր փորձում), բացատրում է նրա վարքի բազմաթիվ «խորհրդավոր» կողմերը։ Առաջին հերթին այն թույլ է տալիս վիճարկել Չաադաևի՝ 1820 թվականին կառավարական լիբերալիզմին ապավինելու մասին Ա․ Լեբեդևի պնդումը․ «Ինչպես հայտնի է, արքայի «բարի մտադրությունների» հետ կապված հույսերը ընդհանրապես մեծ էին դեկաբրիստների և այդ ժամանակաշրջանի՝ դեկաբրիստների կողմնակից ռուս ազնվականության շրջանում»[27]։ Այստեղ հայտնի անճշտություն է թույլ տրված․ խոսել դեկաբրիսների Ալեքսանդր I-ի հանդեպ որևէ մշտական վերաբերմունքի առկայության մասին առանց հստակ ամսաթվերի և կոնկրետ հղումների՝ խիստ վտանգավոր է։ Հայտնի է, որ 1820 թվականին թագավորի խոստումներին գրեթե ոչ ոք չէր հավատում։ Բայց ավելի կարևոր բան կա․ ըստ Մ․ Ա․ Ցյավլովսկու[28] խիստ համոզիչ ենթադրության, որը սատարում էին նաև այլ հեղինակավոր հետազոտողներ, Չաադաևը նախքան Տրոպաու մեկնելը Պուշկինի հետ զրույցներում քննարկել էր բռնակալի սպանության պլանները, իսկ դա դժվար էր շաղկապվում այն պնդման հետ, որ թագավորի «բարի մտադրությունների» հանդեպ հավատն էր դրդել նրան սլանալու վեհաժողով։

Շիլլերի մոտ Ֆիլիպն ամենևին ազատախոհ չէ։ Բռնապետ է։ Հենց բռնակալին, այլ ոչ թե «գահ բարձրացած առաքինությանն» է դիմում շիլլերյան Պոզան իր վեհ բարոյախոսությամբ։ Կասկածամիտ, երկդիմի բռնապետը արյունռուշտ Ալբայի վրա է հենվում (որը կարող էր Արակչեևի հիշողության մեջ արթնանալ)[29]։ Բայց հենց բռնապետը ընկերոջ կարիք ունի, քանզի անսահման միայնակ է։ Պոզայի՝ Ֆիլիպին ուղղված առաջին բառերը նրա մենակության մասին են։ Հենց դրանք են ցնցում շիլլերյան բռնակալին։ Ժամանակակիցներին, համենայն դեպս նրանց, ովքեր կարող էին Չաադաևի պես զրուցել Կարամզինի հետ, քաջ հայտնի էր, որ Ալեքսանդր Պավլովիչը տառապում էր մենակությունից այն վակուումում, որը նրա շուրջ ստեղծում էին քաղաքական ինքնակալության համակարգը և իր սեփական կասկածամտությունը։ Ժամանակակիցները գիտեին նաև այն, որ Ալեքսանդր I-ը, ինչպես շիլլերյան Ֆիլիպը, արհամարհում էր մարդկանց և խիստ տառապում էր այդ արհամարհանքի պատճառով։ Ալեքսանդրը չէր ամաչում բարձր բացականչելուց․ «Մարդիկ սրիկանե՜ր են։ <․․․> Սրիկանե՜ր․ ահա թե ովքեր են շրջապատում մեզ՝ դժբախտ թագավորներիս»[30]։

Չաադաևը հրաշալի հաշվարկել էր ժամանակը․ ընտրելով այն պահը, երբ թագավորը չէր կարող ուժեղագույն ցնցում չապրել[31]․ նա եկավ նրա մոտ՝ ռուս ժողովրդի չարչարանքների մասին ազդարարելու, ինչպես Պոզան՝ Ֆլանդրիայի աղետների մասին։ Եթե պատկերացնենք Ալեքսանդրին՝ ցնցված առաջին գվարդիական գնդի ապստամբությամբ և բացականչելիս Ֆիլլիպի խոսքերը․

                                                                                                   Теперь мне нужен человек. О Боже,

                                                                                                   Ты много дал мне, подари теперь

                                                                                                   Мне человека! —

                                                                                                   (Շատ բան ես տվել ինձ, բարի աստված,

                                                                                                   Այժմ տուր մի մարդ։ Մի մարդ պարգևիր․․․)[32],

ապա «Մտքի ազատություն տվեք մեզ, տե՛ր»[33] խոսքերն են ինքնին մարդու մտքին գալիս։ Կարելի է պատկերացնել, որ Չաադաևը Տրոպաուի ճանապարհին մի անգամ չէ, որ վերհիշել է Պոզայի մենախոսությունը։

Բայց Պոզայի ազատասիրական բարոյախոսությունը միայն մի դեպքում կարող էր գրավել Ֆիլիպին․ թագավորը պետք է համոզված լիներ իր ընկերոջ անձնական անշահախնդրության մեջ։ Պատահական չէ, որ մարկիզ Պոզան հրաժարվում է ամեն տեսակ պարգևներից և չի ուզում ծառայել թագավորին։ Ցանկացած պարգև ճշմարտության անշահախնդիր ընկերոջից միահեծանության վարձկանի կվերածի նրան։

Պաշտոնական ընդունելության արժանանալը և թագավորին իր համոզմունքները ներկայացնելը գործի միայն կեսն էին․ այժմ անհրաժեշտ էր անձնական անշահախնդրությունն ապացուցել՝ հրաժարվելով վաստակած պարգևներից։ Պոզայի «Իշխողին ծառա լինել չեմ կարող»[34] խոսքերը ուղղակի ծրագիր էին դառնում Չաադաևի համար։ Դրանց հետևելով՝ նա հրաժարվում է արքայի համհարզությունից։ Այսպիսով՝ ոչ մի հակասություն չկար կայսեր հետ զրուցելու ձգտման և պաշտոնաթողության պահանջի միջև․ դրանք մի ծրագրի օղակներ են։

Այդ նկատառումներով էլ Ն․ Կարամզինը հաջորդաբար հրաժարվում էր իրեն առաջարկվող բոլոր պաշտոններից՝ համարելով, որ պատմության ձայնը չպետք է խաթարվի ծառայողական կախվածության պատճառով։ Կարամզինը, ինչպես և մարկիզ Պոզան, անկախ ընկերոջ դեր է ստանձնում, որի կարիքն ունի շողոքորթներով շրջապատված միայնակ բռնապետը։ Սակայն տարբերությունն այն էր, որ Ալեքսանդր I-ը, խորապես արհամարհելով իր ազնվազարմ չինովնիկներին, որոնց քծնանքին չէր հավատում, այնուամենայնիվ, ոչ թե ճշմարտության և քննադատության կարիք ուներ, այլ գովասանքների։ Հիվանդագին կերպով իր ուժերին անվստահ, թերարժեքության բարդույթից տառապելով՝ նա արհամարհում էր նրանց, ովքեր շողոքորթում էին իրեն, և ատում էր նրանց, ովքեր ճշմարտությունն էին ասում իրեն։

Իսկ ինչպե՞ս Ալեքսանդր I-ը վերաբերվեց Չաադաևի՝ պաշտոնաթողության խնդրագրին։ Նախ և առաջ՝ հասկացա՞վ արդյոք Չաադաևի վարքի իմաստը։ Այդ հարցին պատասխանելու համար տեղին է հիշել միգուցե առասպելական, բայց այս դեպքում շատ բնորոշ միջադեպը, որը մեզ համար պահպանել է Գերցենը․ «Գահակալաման առաջին տարիներին․․․ Ալեքսանդր I-ի մոտ գրական երեկոներ էին լինում․․․ Այդ երեկոներից մեկի ժամանակ ընթերցանությունը երկար տևեց․ Շիլլերի նոր ողբերգությունն էին կարդում։

Ասմունքի վարպետն ավարտեց և կանգ առավ։

Թագավորը լռում էր՝ հայացքը գետնին հառած։ Միգուցե իր ճակատագրի մասին էր մտածում, որն այնքան մոտ էր Դոն Կարլոսի ճակատագրին, միգուցե իր Ֆիլիպի ճակատագրի։ Մի քանի րոպե բացարձակ լռություն էր․ առաջինն այն խախտեց իշխան Ալեքսանդր Նիկոլաևիչ Գոլիցինը․ գլուխը խոնարհելով դեպի կոմս Վիկտոր Պավլովիչ Կոչուբեյի ականջը՝ շշնջաց նրան, բայց այնպես, որ բոլորը լսեին․ «Մենք մե՜ր մարկիզ Պոզան ունենք»[35]։

Գոլիցինը Վ․ Ն․ Կարազինին նկատի ուներ։ Սակայն մեզ հետաքրքրում է ոչ միայն Ալեքսանդր I-ի՝ Շիլլերի ողբերգության հանդեպ հետաքրքրության վկայությունը, այլ նաև մեկ ուրիշ բան։ Գերցենի կարծիքով Գոլիցինը, Կարազինին Պոզա անվանելով, պալատական ինտրիգ հրահրելու խորամանկ քայլ էր անում, որի նպատակը ախոյանի «տապալումն էր»․ նա գիտեր, որ կայսրը ղեկավարի դերի համար ոչ մի հավակնորդի չէր հանդուրժի։

Ալեքսանդր I-ը բռնապետ էր, բայց ոչ շիլլերյան իմաստով․ ի ծնե բարի, դաստիարակությամբ ջենտլմեն ռուս ինքնակալ միապետ էր, հետևաբար՝ մարդ, որը որևէ կերպ չէր կարող հրաժարվել իր մենաշնորհներից։ Նա անսահման կարիք ուներ ընկերոջ, ընդ որում՝ բացարձակ անշահախնդիր ընկերոջ․ հայտնի է, որ «անձնական» կասկածանքների ստվերն անգամ բավական էր Ալեքսանդրի համար, որ հերթական ֆավորիտը ընկերների խմբից տեղափոխվեր նրա կողմից արհամարհված պալատականների կատեգորիա։ Շիլլերյան բռնապետին գրավում էր անշահախնդրությունը, որը զուգակցվում էր կարծիքների վեհանձնության և անձնական ինքնուրույնության հետ։ Ալեքսանդրի ընկերը պետք է անշահախնդրությունը զուգակցեր անձնական անսահման ստրկամտության հավասար նվիրվածության հետ՝ ։ Հայտնի է, որ կայսրը հանդուրժեց և՛ Արակչեևի հրաժարումը շքանշանից, և՛ այն շքանշանների խիզախ վերադարձը, որոնք Ալեքսանդրը հատուկ շնորհագրով հրամայել էր իր ընկերոջն ընդունել։ Անաչառ ստրկամտություն ցուցաբերելով՝ Արակչեևը հրաժարվեց թագավորական կամքի կատարումից, իսկ ի պատասխան կայսեր թախանձագին խնդրանքներին՝ համաձայնեց միայն թագավորի դիմանկարն ընդունել․ ոչ թե կայսեր պարգևը, այլ ընկերոջ նվերը։ 

Սակայն բավական էր, որ կայսեր հանդեպ սերը զուգակցվեր կարծիքների անկախության հետ (ոչ թե դրանց քաղաքական բնույթն էր կարևոր, այլ հենց անկախությունը), ընկերությունն ավարտվում էր։ Այսպիսին է Ալեքսանդրի՝ քաղաքականապես պահպանողական, անձամբ իրեն սիրող և բացարձակ անշահախնդիր, երբեք իր համար ոչինչ չխնդրող Կարամզինի նկատմամբ անտարբեր դառնալու պատմությունը։ Կարամզինի օրինակն այդ առումով հատկապես ուշագրավ է։ Թագավորի անտարբերությունը նրա նկատմամբ սկիզբ է առել 1811 թվականին Տվերում «Հին և նոր Ռուսաստանի մասին» («О древней и новой России») գրության հանձնումից։ Երկրորդ՝ է՛լ ավելի լարված միջադեպ տեղի է ունեցել 1819 թվականին, երբ Կարամզինը Ալեքսանդրի համար կարդաց «Ռուս քաղաքացու կարծիքը» («Мнение русского гражданина»)։ Ավելի ուշ նա գրի առավ խոսքերը, որոնք այդ ժամանակ ասել էր Ալեքսանդրին․ «Տե՛ր, ինքնասիրությունը Ձեր մեջ չափից ավելի է․․․ <…> Ես ոչնչից չեմ վախենում։ Աստծո առաջ բոլորս հավասար ենք։ Այն, ինչ ասացի Ձեզ, Ձեր հորն էլ կասեի․․․ <…> Տե՛ր, ես արհամարհում եմ մեկօրյա ազատախոհներին, ինձ համար թանկ է միայն այն ազատությունը, որը ոչ մի բռնապետ չի կարող խլել ինձանից: <․․․> Այլևս չեմ խնդրում Ձեր բարեհաճությունը։ Հնարավոր է՝ վերջին անգամ եմ ասում Ձեզ»[36]։ Այս դեպքում քննադատությունն ավելի պահպանողական դիրքերից էր հնչում, քան նրանք, որոնց վրա հիմնվում էր արքան։ Դա ավելի ակներև էր դարձնում այն, որ ոչ թե արտահայտվող գաղափարների առաջադիմականությունը կամ հետադիմականությունը, այլ հենց կարծիքի անկախությունն էր ատելի կայսեր համար։ Նման պայմաններում մարկիզ Պոզայի դերի ցանկացած ռուս հավակնորդի գործունեություն ի սկզբանե ձախողման էր դատապարտված։ Ալեքսանդրի մահից հետո Կարամզինը, հետնորդներին ուղղված գրության մեջ կրկին ընդգծելով իր սերը հանգուցյալի հանդեպ («Անկեղծ ու քնքշորեն էի սիրում նրան, երբեմն զայրանում, նեղանում էի միապետից և շարունակում սիրել մարդուն»), պետք է ընդուներ գահի խորհրդականի առաքելության կատարյալ ձախողումը․ «Ես միշտ անկեղծ էի, նա՝ միշտ համբերատար, մեղմաբարո, անբացատրելի սիրալիր․ խորհուրդներիս կարիքը չէր զգում, բայց լսում էր դրանք, չնայած որ մեծամասամբ չէր հետևում դրանց, այնպես որ հիմա ամբողջ Ռուսաստանի հետ միասին նրա վախճանը ողբալով՝ չեմ կարողանում ինքս ինձ մխիթարել այդպիսի հայտնի թագակրի՝ իմ հանդեպ դրսևորած գթասրտության և հավատարմության մտքով, քանզի այդ գթասրտությունը և հավատարմությունն անպտուղ մնացին թանկագին Հայրենիքի համար»[37]։ Առավել ևս Ալեքսանդրը չէր կարող անկախության ժեստ հանդուրժել Չաադաևի կողմից, որի հետ մերձեցումը նոր-նոր էր սկսվել։ Այն ժեստը, որ վերջնականապես գրավեց Ֆիլիպի վստահությունը մարկիզ Պոզայի հանդեպ, այդչափ անդառնալիորեն ցարին վանեց Չաադաևից։ Չաադաևին վիճակված չէր ռուս Պոզա դառնալ, ինչպես և Բրուտոս ու Պերիկլես։

Այս օրինակով տեսնում ենք, ինչպես է դեկաբրիստական շրջանակին պատկանող մարդու իրական վարքը դրսևորվում որոշակի կոդավորված տեքստի տեսքով, իսկ գրական սյուժեն՝ որպես կոդ, որը թույլ է տալիս ներթափանցելու դրա գաղտնի իմաստի մեջ։

Եվս մեկ օրինակ բերենք։ Հայտնի է դեկաբրիստների կանանց սխրագործությունը և դրա՝ ռուսական հասարակության հոգևոր պատմության համար հիրավի փառահեղ նշանակությունը։ Սակայն արարքի բովանդակության անմիջական անկեղծությունը ոչ մի կերպ չի հակասում արտահայտման օրինաչափությանը, այնպես, ինչպես ամենաբոցաշունչ կոչի արտահայտությունը ամեն դեպքում ենթարկվում է այն նույն քերականական կանոններին, որոնք նախատեսված են տվյալ լեզվով ցանկացած արտահայտության համար։ Դեկաբրիստուհիների արարքը բողոքի ակտ և մարտահրավեր էր։ Սակայն արտահայտման ոլորտում այն անխուսափելիորեն հիմնվում էր որոշակի հոգեբանական կարծրատիպի վրա։ Վարքը նույնպես ունի իր օրենքներն ու կանոնները։ 

Գոյություն ունեի՞ն արդյոք ռուս ազնվական հասարակությունում ինչ-որ վարքային նախադրյալներ նախքան դեկաբրիստուհիների սխրագործությունը, որոնք կկարողանային հաղորդել նրանց անձնազոհ պոռթկմանը արդեն իսկ կազմավորված վարքի որևէ ձև։ Այդպիսի ձևեր կային։

Նախ և առաջ՝ Սիբիր արտաքսված ամուսիններին հետևելը վարքի միանգամայն ավանդական կանոն էր հասարակ ռուս ժողովրդի բարքերում։ Պահակախմբի կողմից հսկվող խմբերն ուղեկցվում էին սայլերով, որոնք աքսորյալների ընտանիքներին կամավոր արտաքսման էին տանում։ Այդ ամենը ոչ թե որպես սխրագործություն և նույնիսկ ոչ էլ որպես անհատապես ընտրված վարք էր դիտարկվում․ դա կանոն էր։ Ավելին՝ մինչպետրոսյան կենցաղում նույն կանոնը գործում էր նաև աքսորված կալվածատիրոջ ընտանիքի համար (եթե նրա կնոջ և երեխաների վերաբերյալ չկային հատուկ պատժիչ կարգադրություններ)։ Այդ իմաստով հենց ռամկական վարք դրսևորեց Ռադիշչևի[38] քենին՝ Ելիզավետա Վասիլիևնա Ռուբանովսկայան, երբ նրա հետ մեկնեց Սիբիր։ Թե նա որքան քիչ էր մտածում այն մասին, որ սխրագործություն է գործում, վկայում է այն, որ նա իր հետ վերցրեց Ռադիշչևի հենց կրտսեր երեխաներին, այլ ոչ թե ավագ, որոնք պետք է ավարտեին ուսումը։ Որևէ մեկը չէր մտածում ոչ նրան հետ պահելու, ոչ էլ տարհամոզելու մասին, իսկ ժամանակակիցները, կարծես, նույնիսկ չեն էլ նկատել այդ մեծ զոհողությունը․ ողջ այդ միջադեպը Ռադիշչևի ընտանիքի ներսում մնաց և հասարակության ուշադրությանը չարժանացավ։ Ռադիշչևի ծնողների համար խայտառակություն էր նույնիսկ այն, որ Ելիզավետա Վասիլևնան, ամուսնացած չլինելով Ռադիշչևի հետ, նրա հետևից գնաց Սիբիր, իսկ այնտեղ, անտեսելով սերտ ազգակցությունը, ամուսնացավ նրա հետ։ Արդեն նշել ենք, որ Ռադիշչևի կույր հայրը այդ հիմքով հրաժարվել է Սիբիրից վերադարձած գրողին իր օրհնությունը տալուց, թեև Ելիզավետա Վասիլևնան այդ ժամանակ արդեն մահացել էր՝ չդիմանալով աքսորի դժվարություններին։ Նրա կատարած բարձր սխրագործությունը չարժանացավ ժամանակակիցների գնահատանքին ու ըմբռնմանը։

Վարքի ևս մեկ պատրաստի կանոն գոյություն ուներ, որը կարող էր լուծում թելադրել դեկաբրիստուհիներին։ Մեծամասամբ նրանք սպաների կանայք էին։ XVIII դարում և XIX դարի սկզբին ռուսական բանակում պահպանվում էր բանակային գումակով[39] ընտանիքներն իրենց հետ վերցնելու հին սովորույթը, ինչն արգելված էր զինվորների համար, բայց կիրառվում էր (հիմնականում տարիքով և պաշտոնով բարձր) սպաների կողմից։ Այսպես` Աուստեռլիցի ճակատամարտի ժամանակ Կուտուզովի շտաբում, մասնավորապես, գտնվում էր նրա դուստր Ելիզավետա Միխայլովնա Տիզենգաուզենը (հետագայում ՝ Խիտրովո)՝ Կուտուզովի սիրելի համհարզի՝ Ֆերդինանդ Տիզենգաուզենի (Կուտուզովի նամակներում՝ «Ֆեդի») կինը։ Ճակատամարտից հետո, երբ զոհվածների աճյունների փոխանակություն տեղի ունեցավ, նա մահացած ամուսնու աճյունը դրեց սայլին և միայնակ (բանակն այլ ճանապարհներով դեպի արևելք ուղևորվեց) տարավ Ռևել, որպեսզի մայր տաճարում թաղեր։ Այդ ժամանակ քսանմեկ տարեկան էր։ Գեներալ Ն․ Ն․ Ռաևսկին նույնպես արշավանքների էր տանում իր ընտանիքը։ Ավելի ուշ, Կ․ Բատյուշկովի[40] հետ զրույցում հերքելով իր որդիների մասնակցությունը Դաշկովկայի ճակատամարտին, նա ասում է․ «Կրտսեր որդիս անտառում հատապտուղներ էր հավաքում (այն ժամանակ իսկական երեխա էր), և գնդակը ծակեց նրա տաբատը»[41]։ Այսպիսով՝ կնոջ և երեխաների՝ ամուսնու հետևից աքսորավայր կամ վտանգավոր ու ծանր արշավանքի գնալու փաստն ինքնին նոր բան չէր ռուս ազնվական կնոջ կյանքում։ Սակայն որպեսզի նմանատիպ արարքը քաղաքական բողոքի բնույթ ստանար, ևս մեկ պայման անհրաժեշտ եղավ։ Հիշեցնենք Պ․ Ե․ Շչյոգոլևի[42] բնութագրմամբ տիպիկ դեկաբրիստ Ն․ Վ․ Բասարգինի «Գրառումներից» («Записки») մի մեջբերում․ «Հիշում եմ՝ մի անգամ Ռիլեևի նոր հրատարակված «Վոինարովսկի» պոեմն էի կարդում կնոջս համար, և այդ ընթացքում ակամա սկսեցի ապագայիս մասին մտածել։

- Ինչի՞ մասին ես մտածում,- հարցրեց նա։

- Միգուցե ինձ էլ է աքսոր սպասվում,- ասացի ես։

- Դե ինչ, ես էլ կգամ՝ քեզ մխիթարելու, ճակատագիրդ կիսելու։ Չէ՞ որ դա չի կարող բաժանել մեզ, էլ ի՞նչ կա մտածելու»[43]։

Բասարգինային (ծնունդով՝ իշխանուհի Մեշչերսկայա) այդպես էլ չհաջողվեց իր խոսքերը գործով ապացուցել․ 1825 թվականի օգոստոսին նա անսպասելիորեն մահացավ՝ չտեսնելով ամուսնու ձերբակալությունը։

Սակայն բանը Բասարգինայի անձնական ճակատագիրը չէ, այլ այն, որ հենց Ռիլեևի պոեզիան ամուսնու հետևից աքսորի ճանապարհը բռնած կնոջ սխրագործությունը դասեց այլ քաղաքացիական առաքինությունների շարքին։ «Նատալիա Դոլգորուկովա» դումայում[44] և «Վոինարովսկի» պոեմում է ստեղծվել կին-հերոսուհու վարքի կարծրատիպը․

 

                                                                                                 Забыла я родной свой град,

                                                                                                 Богатство, почести и знатность,

                                                                                                 Чтоб с ним делить в Сибири хлад

                                                                                                  И испытать судьбы превратность.

 

                                                                                                  Вдруг вижу: женщина идет,

                                                                                                  Дахой убогою прикрыта,

                                                                                                  И связку дров едва несет,

                                                                                                  Работой и тоской убита.

                                                                                                  Я к ней, и что же?.. Узнаю

                                                                                                  В несчастной сей, в мороз и вьюгу,

                                                                                                  Козачку юную мою,

                                                                                                  Мою прекрасную подругу!..

                                                                                                  Узнав об участи моей,

                                                                                                  Она из родины своей

                                                                                                  Пришла искать меня в изгнанье.

                                                                                                  О странник! Тяжко было ей

                                                                                                  Не разделять со мной страданье[45]

                                                                                                   (Մոռացել եմ ես քաղաքս հարազատ,

                                                                                                   Հարստությունը, մեծարանքը և ազնվազարմությունը,

                                                                                                   Որպեսզի կիսեմ նրա հետ Սիբիրի ցրտությունը

                                                                                                   Ու ճաշակեմ ճակատագրի փոփոխականությունը։

                                                                                                   Հանկարծ տեսնում եմ՝ մի կին է գալիս

                                                                                                   Մորթապատ աղքատիկ մուշտակով ծածկված,

                                                                                                   Փայտի տրցակ է տանում հազիվ,

                                                                                                   Աշխատանքով ու կարոտով վշտահար։

                                                                                                   Նրան եմ մոտենում։ Եվ ի՞նչ․․․ Բուք ու բորանին

                                                                                                   Այդ դժբախտի մեջ,

                                                                                                   Իմ երիտասարդ կազակուհուն,

                                                                                                   Իմ գեղեցի՜կ ընկերուհուն եմ ճանաչում։

                                                                                                   Ճակատագրիս մասին իմանալով՝

                                                                                                   Հայրենիքից իր եկել է

                                                                                                   Ինձ աքսորում փնտրելու։

                                                                                                   Օ՜, պանդուխտ։ Ծանր էր նրա համար

                                                                                                   Չարչարանքներիս մասնակից չլինելը)[46]։

 

Մինչև Ռիլեևի դուման Նատալիա Դոլգորուկովայի կենսագրությունը (նրա մասին տե՛ս սույն գրքի «Երկու կին» գլուխը) արդեն գրական ուսումնասիրության առարկա էր Ս․ Գլինկայի «Ամուսնական հավատարմության և սիրո տիպար կամ ֆելդմարշալ Բ․ Պ․ Շերեմետևի դուստր Նատալիա Բորիսովնա Դոլգորուկովայի աղետներն ու առաքինությունները» (1815) պատմվածքում։ Սակայն Ս․ Գլինկայի համար այդ սյուժեն ամուսնական հավատարմության օրինակ էր ՝ ի հակադրություն «նորաձևության սիրահար կանաց» վարքի։ Ռիլեևն իրադարձությունը «Ռուսաստանի հանճարեղ մարդկանց կենսագրությունների» շարքում ներառեց[47]։ Դրանով նա բոլորովին նոր կոդ ստեղծեց՝ կնոջ վարքն ապակոդավորելու համար։ Հենց գրականությունը ռուս կնոջ ազգային բարոյագիտական գիտակցության մեջ հնուց մտած կրոնական կանոնների հետ միասին XIX դարի սկզբի ազնվական ռուս կնոջը վարքի ծրագիր տվեց՝ գիտակցաբար իմաստավորվող որպես հերոսական։ Միաժամանակ «դումաների» հեղինակը նույնպես գործունեության ծրագիր, հերոսական վարքի օրինակներ է տեսնում նրանց մեջ, որոնք անմիջականորեն պետք է ազդեն ընթերցողի արարքների վրա։ Այսպիսով՝ Ռիլեևը չի ստեղծել սյուժեն, որտեղ կինը աքսորի ճանապարհն է բռնում ամուսնու հետևից, սակայն միայն Ռիլեևից հետո նման ուղևորությունը հասարակական և քաղաքական փաստ դարձավ։

Կարելի է ենթադրել, որ հենց «Նատալիա Դոլգորուկովա» դուման իր անմիջական ներգործությունն է ունեցել Մարիա Վոլկոնսկայայի վրա։ Ե՛վ ժամանակակիցները, սկսած նրա հորից՝ Ն․ Ռաևսկուց, և՛ հետազոտողները նշում էին, որ Մարիա Վոլկոնսկայան չէր կարող խոր անձնական զգացմունքներ ունենալ ամուսնու նկատմամբ, որին մինչև ամուսնությունն ընդհանրապես չէր ճանաչել և որի հետ ընդամենը երեք ամիս էր անցկացրել ամուսնությունից մինչև ձերբակալություն ընկած մեկ տարվա ընթացքում։ Հայրը դառնությամբ էր կրկնում Մարիա Նիկոլաևնայի խոստովանությունները, «որ երբեմն ամուսինն անտանելի է լինում»՝ ավելացնելով, որ նա չէր հակառակվի դստեր ուղևորությանը Սիբիր, եթե համոզված լիներ, որ «կնոջ սիրտն է նրան դեպի ամուսինը մղում»[48]։

Սակայն հանգամանքները, որոնք փակուղու մեջ էին դնում հարազատներին և որոշ հետազոտողների, միայն սաստկացնում էին Մարիա Նիկոլաևնայի հերոսականությունը և հետևաբար՝ նաև Սիբիր մեկնելու անհրաժեշտությունը։ Չէ՞ որ նա հիշում էր, որ իշխան Ի․ Դոլգորուկովի հետ ամուսնացած Ն․ Շերեմետևայի ամուսնությունից մինչև նրա ձերբակալությունը երեք օր էր անցել։ Դրան հետևեց սխրանք-կյանքը։ Ռիլեևի խոսքերով՝ ամուսինը նրան «իբրև տեսիլ էր տրված՝ մի ակնթարթով»։ Ն․ Ռաևսկին ճշգրիտ զգացել է, որ ոչ թե սերը, այլ սխրանք գործելու ձգտումն է առաջ մղել իր դստերը։ «Նա իր զգացմունքին հետևելով չմեկնեց ամուսնու մոտ, այլ վոլկոնյան կնիկների ազդեցությամբ, որոնք, նրա հերոսությունը գովաբանելով, համոզել էին նրան, որ ինքը հերոսուհի է»[49]։

Ն․ Ռաևսկին միայն մի բանում էր սխալվում․ «վոլկոնյան կնիկները» ոչ մի մեղք չունեին այստեղ։ Ն․ Վոլկոնսկու մայրը՝ Մարիա Ֆեոդորովնայի պալատական տիկինը, հարսի նկատմամբ սառնություն էր ցուցաբերել, իսկ որդու ճակատագրի հանդեպ՝ կատարյալ անտարբերություն․ «Սկեսուրս ինձ տղայից էր հարցուփորձ անում և իմիջիայլոց ասաց, որ ոչ մի կերպ չի համարձակվում այցելել որդուն, քանի որ այդ ուղևորությունը կսպանի իրեն, և անմիջապես հաջորդ օրը մայր կայսրուհու հետ մեկնեց Մոսկվա, որտեղ արդեն սկսվել էին թագադրման նախապատրաստությունները»[50]։ Ամուսնու քրոջ՝ Սոֆյա Վոլկոնսկայայի հետ նա ընդհանրապես չէր հանդիպել։ «Մեղավորը» քաղաքացու հերոսական վարքի կանացի համարժեքի մասին պատկերացում ստեղծած ռուսական գրականությունը և դեկաբրիստական միջավայրի կանոններն էին, որոնք պահանջում էին գրական հերոսների վարքը ուղղակիորեն փոխանցել կյանք։

Այս առումով հատկանշական է դեկաբրիստների կատարյալ շփոթվածությունը հետաքննության պայմաններում։ Նրանք վարքի ողբերգական իրավիճակում էին հայտնվել՝ առանց վկաների, որոնց կարող էին հասցեագրել հերոսական արարքները՝ նրանց ըմբռնման վրա հույս դնելով, առանց գրական օրինակների, քանի որ ռազմաբյուրոկրատական վակուումում մահն առանց մենախոսությունների այդ ժամանակ դեռևս արվեստի նյութ չէր։ Նման պայմաններում կտրուկ կերպով երևան եկան նախկինում տեղի տված, բայց բոլոր դեկաբրիստներին քաջ հայտնի վարքի կանոններն ու կարծրատիպերը․ սպայի պարտքը կոչումով և պաշտոնով ավելի բարձրների առաջ, երդման պարտականությունները, ազնվականի պատիվը։ Դրանք հեղափոխականի վարք էին ներխուժում և ստիպում նրան մե՛րթ այդ կանոններից մեկի, մե՛րթ մյուսի կողմ նետվել։ Ոչ բոլորը կարող էին, ինչպես Պեստելը, իրենց միակ զրուցակից ընտրել հետագա սերունդներին և խոսել նրանց հետ՝ անտեսելով այդ զրույցին ականջ դնող Քննչական կոմիտեին ու դրանով իսկ անգթորեն կործանելով իրենք իրենց և իրենց ընկերներին։

Շարունակելի․․․

 

 Ռուսերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

 

Ծանոթագրություններ

[1] Հռոմեացի քաղաքական գործիչ, գրող։ [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[2] Հին Հունաստանի բանաստեղծ։ [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[3] III դարի հայտնի կելտ գուսան։ [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[4] Հին ռուս բանաստեղծ, զրուցասաց, գուսան։ [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[5] Ռուս գրող, ռեալիստների դպրոցի հիմնադիր։ [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[6] Աթենացի պետական և ռազմական գործիչ։ [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[7] Письма П. А. Катенина к Н. И. Бахтину. (Материалы для истории русской литературы 20-х и 30-х годов XIX века). СПб., 1911, с. 22։ [Ծանոթ․՝ Լոտմանի]

[8] Պուշկին Ա․ Ս․, Եվգենի Օնեգին։  [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[9]Ալեքսանդր Բեստուժև՝ ռուս գրող, դեկաբրիստ, որը Մարլինսկի գրական կեղծանվամբ էր հանդես գալիս։  [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[10] Արվեստի, գիտության և գրականության մեջ մեկին կուրորեն հետևող, առանց իր կողմից նոր խոսք ասելու կրկնող մարդ: [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[11] Некрасов Н. А. Поли. собр. соч. и писем в 15-ти т. Л., 1981, т. 1, с. 107—108. [Ծանոթ․՝ Լոտմանի] [Բառացի թարգմանություն – Է․Ս․]

[12] Բառացի թարգմանություն – Է․Ս․։

[13] Ռուս խորհրդային բանաստեղծ։ [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[14] Քաղաք Չեխիայում։ [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[15] Ռուսաստանի կայսերական գվարդիայի Սեմյոնովսկու գնդի լեյբգվարդիայի ապստամբությունն ընդդեմ արակչեևյան ղեկավարության, որը տեղի է ունեցել 1820 թվականին Պետերբուրգում և ավարտվել գնդի վերակազմավորմամբ։ [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]­

[16] Чаадаев П. Я. Сочинения и письма. М., 1913, т. 1, с. 3—4։ [Ծանոթ․՝ Լոտմանի] [Բառացի թարգմանություն – Է․Ս․]

[17] [Жихарев М] Петр Яковлевич Чаадаев. Из воспоминаний современника. — Вестник Европы, 1871, №7, с. 203։ [Ծանոթ․՝ Լոտմանի] [Բառացի թարգմանություն – Է․Ս․]

[18] Խորհրդային արձակագիր, բանաստեղծ, թատերագիր, սցենարիստ, թարգմանիչ, գրականագետ, քննադատ, ռուսական ֆորմալիզմի ներկայացուցիչ։ [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[19] Тынянов Ю. Н. Сюжет «Горе от ума». — В кн.: Литературное наследство. Т. 47-48. М., 1946, с. 168—171։ [Ծանոթ․՝ Լոտմանի] [Բառացի թարգմանություն – Է․Ս․]

[20] Ռուս հեղափոխական, գրող, փիլիսոփա, հրապարակախոս։ [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[21]Ուկրաինական և ռուսական լուսավորականության ականավոր ներկայացուցիչ, գիտնական, գյուտարար, ռուսական կայսրության կրթության նախարարության հիմնադրման նախաձեռնող, հրատարակիչ, Խարկովի համալսարանի հիմնադիր: [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[22] Ռուս հեղափոխական և հրապարակախոս։ [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[23] Կերպար Ֆրիդրիխ Շիլլերի «Դոն Կարլոս» պատմական դրամայից։ [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[24] Грибоедов А. С. Поли. собр. соч. СПб., 1911, т. 1, с. 256։ [Ծանոթ․՝ Լոտմանի] [Բառացի թարգմանություն – Է․Ս․]

[25] Հռոմեացի քաղաքական և ռազմական գործիչ։ [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[26] Աթենացի պետական գործիչ, հռետոր և զորավար։ [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[27] Իհարկե, անմիջապես ասվում է, որ Չաադաևը «դժվար թե մեծ հյուսեր էր կապում կայսեր բարի մտադրությունների հետ»։  Այս դեպքում հեղինակը գտնում է, որ խոսակցության նպատակն այն էր, որ «վերջնականապես ու անդառնալիորեն  հստակեցվեին Ալեքսանդր I-ի իրական մտադրություններն ու պլանները» (Лебедев А. Чаадаев. М., 1965, с. 67—69)։ Վերջինս բոլորովին անհասկանալի է․ ինչո՞ւ հենց Չաադաևի հետ խոսակցությունը պետք է այդպիսի հստակություն մտցներ, երբ արքայի՝ տասնյակ դեմքերի հետ խոսակցություններն ու նրա բազմաթիվ հայտարարությունները չէին արել դա։ [Նշումը՝ Լոտմանի] [Բառացի թարգմանություն]

[28] Տե՛ս. Цявловский М. А. Статьи о Пушкине. М., 1962, с. 28—58։ [Ծանոթ․՝ Լոտմանի]

[29] Ֆլանդրիայի արյամբ շաղախված Ալբայի կերպարը չուգուևյան ապստամբության արյունոտ ճնշումից հետո յուրահատուկ իմաստ էր ստանում։ [Նշումը՝ Լոտմանի]

[30] Шильдер Н. К. Император Александр Первый, его жизнь и царствование, т. III, с. 48։ [Ծանոթ․՝ Լոտմանի] [Բառացի թարգմանություն – Է․Ս․]

[31]Վյազեմսկին այդ օրերին գրում էր․ «Չեմ կարող առանց սարսափելու և թախծելու մտածել թագավորի մենության մասին այդ կարևոր պահին: Ո՞վ կարձագանքի նրա ձայնին։ Բորբոքված ինքնասիրությունը, թշվառ խորհրդականը կամ ողորմելի ծառաները՝  նրանից էլ ավելի թշվառ»։ [Նշումը՝ Լոտմանի]

[32] Շիլլեր, Ֆ․ Դոն Կարլոս, Պատմական դրամաներ, գերմ․ թարգմ․՝ Գ․ Բարխուդարյան, Ե․, ԵՊՀ, 1982, էջ 149։ [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[33] Ն․տ․, էջ 170։ [Ծանոթ․՝ թարգմանչի – Է․Ս․]

[34] «Сир, дайте нам свободу мысли!»։ Շիլլեր Ֆ․, Դոն Կարլոս։ [Բառացի թարգմանություն – Է․Ս․]

[35] Герцен А. И. Собр. соч., т. 16, с. 38—39. Чтение, видимо, имело место в 1803 году, когда Шиллер через Вольцогена направил «Дона Карлоса» в Петербург к императрице Марии Федоровне. 27 сентября 1803 г. Вольцоген подтвердил получение․ [Ծանոթ․՝ Լոտմանի] [բառացի թարգմանություն – Է․Ս․]

[36] Неизданные произведения и переписка Н. М. Карамзина. Ч. I. СПб., 1862, с. 9 (оригинал — на франц. яз.)։ [Ծանոթ․՝ Լոտմանի] [Բառացի թարգմանություն – Է․Ս․]

[37] Ն․տ․ [Ծանոթ․՝ Լոտմանի] [բառացի թարգմանություն – Է․Ս․]

[38] Ռուս գրող, հեղափոխական, փիլիսոփա։ [Ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]

[39] Զորամասին հատկացված փոխադրամիջոցների ամբողջություն։ [Ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]

[40] Ռուս բանաստեղծ։ [Ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]

[41] Տե՛ս «Искусство жизни» գլուխը, էջ 208։ [Նշումը՝ Լոտմանի]

[42] Հասարակական շարժման և գրական պատմաբան։ [Ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]

[43] Басаргин Н. В. Записки, с. 35։ [Ծանոթ․՝ Լոտմանի] [Բառացի թարգմանություն – Է․Ս․]

[44] Ռուս գրականության բանաստեղծական ժանր, որը ներկայացնում է բանաստեղծի՝ փիլիսոփայական, հասարակական, ընտանեկան և կենցաղային թեմաների շուրջ մտորումները: [Ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]

[45] Рылеев К. Ф. Поли. собр. стихотворений. Л., 1971, с. 168, 214։ [Ծանոթ․՝ Լոտմանի]

[46] Բառացի թարգմանություն – Է․Ս․։

[47] Вазонов В. Ученая республика. М.; Л., 1964, с. 267։ ։ [Ծանոթ․՝ Լոտմանի]

[48] Гершензон М. О. История молодой России. М.; Пг., 1923, с. 70։ [Ծանոթ․՝ Լոտմանի] [Բառացի թարգմանություն – Է․Ս․]

[49] Ն․տ․ [Ծանոթ․՝ Լոտմանի] [Բառացի թարգմանություն – Է․Ս․]

[50] Волконская M. Я. Записки. СПб., 1914, с. 57։ [Ծանոթ․՝ Լոտմանի] [Բառացի թարգմանություն – Է․Ս․]

  • Created on .
  • Hits: 2768

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: