Արփինե Սիմոնյան. Մշո Ճառընտիրի տերունական մանրանկարները

           

 

Բարձր Հայքում ԺԳ-ԺԴ դարերում նոր վերելք է ապրում մանրանկարչությունը: Առավելապես հայտնի է Երզնկայի Ավագ վանքի գրչության կենտրոնը: Այստեղ ստեղծված մատյաններն աչքի են ընկնում իր առանձնահատկություններով` պայմանավորված ոչ միայն ձեռագրերի մեծադիր չափերով, այլև մանրանկարների ոճական բազմազանությամբ:

Երզնկայի Ավագ վանքում է, որ 1200-1202 թվականներին գրվել և պատկերազարդվել է հայերեն ամենամեծ մագաղաթե ձեռագիրը` «Մշո Ճառընտիրը» կամ «Մշո Տոնականը» (գրիչ` Վարդան Կարնեցի, ծաղկող` Ստեփանոս, պատվիրատու` Բաբերդի տանուտեր Աստվածատուր):

Մշո Ճառընտիրը աչքի է ընկնում և հայերեն մյուս ձեռագրերից առանձնանում է նախ և առաջ իր պատկառելի մեծությամբ: Առաջին կեսը կշռում է 15,2 կգ, իսկ երկրորդը 12,3 կգ, ընդամենը 27,5 կգ: Այդ մեծությամբ մագաղաթ կարելի էր պատրաստել միայն արջառի կամ երինջի մորթուց: Էջերը եռասյուն են: Այն գրված  է դասական երկաթագրով, որն առանձին հմայք է հաղորդում ձեռագրին: Ձեռագիրը նախապես ունեցել է 660 մագաղաթյա թերթ: Ներկայումս ունի 601 թերթ, որը պատրաստված է եղել արջառի կամ երնջի կաշվից և կշռել 28 կգ: 601 թերթը այժմ պահվում է Մաշտոցյան Մատենադարանում, 17 թերթ` Վենետիկում, 1 թերթ` Վիեննայում, իսկ 1977 թ. Մաշտոցյան Մատենադարանը Մոսկվայի Լենինի անվան գրադարանից ստացել է ևս 2 թերթ, որոնք անջատվել էին 1918 թվականին:

Մշո Ճառընտիրը բովանդակում է տարվա տոներին համապատասխան ճառեր, վարք-վկայություններ, ներբողներ, այստեղից էլ` Տոնական անունը: Ձեռագիրը մեծ արժեք է ներկայացնում ինչպես իր պարունակած գրավոր նյութերով, այնպես ել շքեղ նկարազարդումներով:

Մշո Տոնականը ունի մեկ անվանաթերթ և բազմաթիվ ու բազմատեսակ լուսանցազարդեր: Ձեռագիրը զարդարված է բազմաթիվ բաժանազարդերով մարգինալ նշաններով, որոնք աչքի են զարնում մաքուր և վառ ներկերի ընտրությամբ: Իրական, առասպելաբանական կենդանիները, թռչուններն ու բույսերը, որ պատկերված են մերթ առանձին-առանձին, մերթ իրար հյուսված, թվում է թե առնչվում են նկարչի ժառանգած ավանդների հետ, քանի որ քիչ են կապված կանոնական պատկերագրությանը և շատ հաճախ արտացոլում են հին, նախաքրիստոնեական հավատքից բխող և գերազանցապես բարի ու չար ուժերի պայքարն արտացոլող պաշտամունքի հետ կապված տարրերը:

Նկարազարդման վրա հավանաբար աշխատել է երկու վարպետ: Առաջինը հեղինակն է թեմատիկ մանրանկարների և լուսանցազարդերի, իսկ երկրորդը գլխազարդերի և լուսանցազարդերի մեծ մասի, որոնք տարբերվում են իրենց կատարողական վարպետությամբ եւ պատկերման ոճով:

Մշո Ճառընտիրը արժեվորվում է նաև իր տերունական մանրանկարներով: Դրանք են` 

  • Քրիստոսը բազմած գահին
  • Մկրտություն
  • Մուտք Երուսաղեմ
  • Ծնունդ:

Մանրանկարներից առաջինը՝ Քրիստոսը բազմած գահին բաղկացած է երեք մասից: Վերին աջ հատվածում պատկերված է Քրիստոսը` բազմած քառանկյունաձև երկնային գահի վրա: Աջ ձեռքով օրհնում է, իսկ ձախ ձեռքում պահում բաց Ավետարանը, որում գրված է «Ես եմ լոյս աշխարհի» խոսքերը: Քառանկյունաձև գահը խորհրդանշում է աշխարհի չորս կողմերը: Քրիստոսից աջ պատկերված է եղել մի կերպար, որից պահպանվել է միայն ձեռքի դաստակը: Վերջինս մեկնում է գիրքը դեպի Քրիստոսը: Ըստ Է. Կորխմազյանի այստեղ պատկերված է եղել ձեռագրի պատվիրատու` Աստվածատուրը, իսկ Ս. Տեր-Ներսիսյանը կարծում է, որ Քրիստոսից աջ պատկերված է եղել Ավետման տեսարանը, սակայն ձեռքի դաստակի առկայությունը բացառում է այս վարկածը:

Ծնունդ

(Ղուկաս Բ. 1-16, Մատթեոս Ա. 1-12)

Քրիստոսը բազմած  գահին մանրանկարից ներքև պատկերված է Ծնունդը: Ծնունդը քրիստոնեական արվեստում պատկերագրության հարուստ ավանդներ ունեցող  թեմաներից է: Հայ արվեստում Սուրբ Ծննդյան փոխարեն շատ հաճախ պատկերվում է Մոգերի երկրպագությունը, սակայն Մշո Ճառընտիրում ներկայացված է Ծնունդը: Այստեղ քրիստոնեական կանոնի համաձայն՝ Բեթղեհեմի նշանավոր քարայրում, մանուկ Հիսուսը շորերով փաթաթված, դրված է մսուրի մեջ, որի աջ հատվածում պատկերված է Տիրամայրը, իսկ ձախում՝ եզն ու ավանակը: Տիրամայրը ձեռքը ուղղել է դեպի մսուրը, կարծես գրկում է այն:

cnund

Քարանձավի վերին հատվածում պատկերված են փառաբանող հրեշտակները (որոնց պատկերումը բնորոշ է հայ արվեստին) և գիսաստղը, որը խորհրդանշում է հայտնությունը և մոգերի ուղեցույցն է, ինչպես նաև ցույց է տալիս, որ Սուրբ Ծնունդը տեղի է ունեցել գիշերը:

 Քարանձավից աջ ներկայացված է հովիվների երկրպագությունը կամ ավետումը. հովիվները պատկերված են իրենց կենդանիներով: Ձախ հատվածում` մոգերի երկրպագությունն է: Մոգերը երեքն են. Գասպարը, Բաղդասարը, Մելքոնը: Պատկերվում են որպես արևելյան թագավորներ` թագերով և կրում են թագավորական շքեզ հագուստներ, ձեռքերին` ընծաներ: Գասպարը, որը խորհրդանշում է Եվրոպան, Քրիստոսին ընծայում է ոսկի` խորհրդանշելով Քրիստոսի արքայական իշխանությունը[1]: Բաղդասարը, սովորաբար սևամորթ է պատկերվում, և խորհրդանշում է Աֆրիկան. նա կնդրուկ է ընծայում Քրիստոսին` որպես աստվածային բնության խորհրդանիշ: Մելքոնը խորհրդանշում է Ասիան, զմուռս է նվիրում Քրիստոսին` որպես մարգարեական մահի և Քրիստոսի մարդեղենության խորհրդանիշ: Այստեղ մոգերի երկրպագության տեսարանը չի պահպանվել, միայն նշմարվում է մոգերից առաջինի` հավանաբար Բաղդասարի  դեմքը:

Ներքևում պատկերված է մանկան լոգանքի տեսարանը, որը նույնպես կիսով չափ է պահպանվել: Տեսարանից պահպանվել է միայն Սողոմենի կերպարը, ով ավազանի մեջ լողացնում է մանուկ Հիսուսին: Չի պահպանվել նաև մտորող, միայնակ Հովսեփի կերպարը, ով պատկերվում է տեսարանի ձախ անկյունում: Մանրանկարի աջ անկյունում պատկերված են կարմիր շուշաններ, որոնք խորհրդանշում են Քրիստոսի չարչարանքները:

Մկրտություն 

(Մատթեոս Գ. 13-17, Մարկոս Ա. 9-11,  Ղուկաս Գ. 21-22; Հովհաննես Ա. 29-34)

Մրտությունը եկեղեցական ծես է, ունի մաքրագործման, երկրորդ անգամ ծնվելու խորհուրդ, իսկ մկրտարանը Կույս Մարիամի արգանդի խորհրդանիշն է, որից մկրտվողը դարձյալ ծնունդ է առնում[2]: Չնայած այս տեսարանի մասին խոսվում է բոլոր ավետարանիչների մոտ, բայց դրանք զգալի տարբերություններ ունեն մեկը մյուսի համեմատ: Պատկերագրության մեջ ավելի տարածված է Ղուկասի տարբերակը, որի համաձայն Սուրբ Հոգին իջնում է Քրիստոսի վրա հենց այն ժամանակ, երբ նա մկրտվելով աղոթում է: 

 Այս մանրանկարում ներկայացված է պատկերագրության մեջ ամենատարածված տարբերակը: Կենտրոնում Հիսուսն է՝ կանգնած Հորդանանի ջրերի մեջ, մինչև ուսերը ջրածածկ: Քրիստոսի ձախ կողմում պատկերված է Հովհաննես Մկրտիչը՝ մորուքով, լուսապսակով և երկար մազերով՝ աջ ձեռքը դրած Քրիստոսի գլխին: Այդ դիրքը ձեռնադրման դիրքն է, և հետագայում օգտագործվել է ձեռնադրման տեսարաններում: Հովհաննես Մկրտչի ետևում պատկերված է մի կառույց, որը, հավանաբար, Վիֆավարա քաղաքի պատկերն է: Քրիստոսից աջ պատկերված են հրեշտակներ՝ ձեռքերին սրբիչներ: Հրեշտակների ծածկած ձեռքերը սրբազանության նշան են, ինպես նաև նրանք սրբիչներով պետք է չորացնեին նորադարձներին` (նեոֆիտներին) նոր մկրտվածներին: Քրիստոսի գլխավերևում Աստծո աջն է, որից բխող աղավնակերպ Սուրբ Հոգին, գլխիվայր իջնում է դեպի Հիսուսը[3]: Աղավնին, հավանաբար, ճյուղով է պատկերված, որը խորհրդանշում է ջրհեղեղի վերջը: Ճյուղը խորհրդանշում է նաև մաքրագործությունը` մկրտության միջոցով, նաև աշխարհի մաքրագործումը` եկեղեցու միջոցով:

Մկրտության տեսարանը խորհրդանշում է նաև Սուրբ Երրորդությունը, քանի որ մի առանցքի վրա պատկերված են Հայր Աստվածը, Սուրբ Հոգին` Աղավնու տեսքով, Աստված որդին` մկրտվող Քրիստոսի տեսքով: Հորդանանի մեջ պատկերված է  ձուկ-վիշապ, որը խորհրդանշում է ներված մեղքերը: Օձ կամ ձուկ-վիշապի պատկերումը   ԺԳ. դարի հայ մանրանկարչության բնորոշ տարրերից է: Շատ հաճախ պատկերվում է նաև Հորդանան գետի Աստվածը` ծեր կամ երիտասարդ, սափորը ձեռքին և խաչը, որը մարդկության փրկության խորհրդանիշն էր, որոնց պատկերումը այս մանրանկարում բացակայում են[4]: Օրինակ ԺԱ. դարով թվագրվող Մուղնու հայտնի ավետարանի մկրտության մանրանկարում (Մաշտոցյան Մատենադարան ձեռ. 7736): Հայկական շատ մանրանկարներում Հովհաննես Մկրտչի կողքին պատկերվում էր նաև կացինով ծառ, որն արտահայտում էր Մատթեոսի ավետարանի այն խոսքերը, թե ամեն ծառ, որ պտուղ չի տալիս կտրում, գցում են: Օրինակ,  Թորոս Ռոսլինի 1268թ. Մալաթիայի Ավետարանի Մկրտությունը:

Մուտք Երուսաղեմ

(Մատթեոս ԻԱ. 1-11, Ղուկաս ԺԹ. 29-38, Մարկոս Ա. 1-10,  Հովհաննես ԺԲ.12-15)

Մուտք Երուսաղեմ մանրանկարը ուշագրավ է նրանով, որ համադրված է բնագրի հետ (նման երևույթը ԺԳ. դարի մանրանկարչության մեջ սակավադեպ է): Բնագրի հետ համադրված թեմատիկ մանրանկար առաջին անգամ հանդիպում ենք Վազգեն Վեհափառի Ավետարանում (ՄՄ ձեռ. 10780) զետեղված Մուտք Երուսաղեմ տեսարանում: Մանրանկարը, պահպանելով թեմատիկ հիմնական կառուցվածքը, ներկայացվում է պատկերագրության մի շարք տարբերակներով (պայմանավորված Ավետարանների տարբեր նկարագրություններով): Մատթեոսի Ավետարանի համամաձայն (Մատթ. ԻԱ. 2-5), Քրիստոսը պատկերվում է ավանակին նստած, իսկ կողքից գալիս է քուռակը: Մյուս երեք ավետարաններում քուռակը չի հիշատակվում, ուստի բացակայում են նաև դրա նկարազարդումները[5]:

erusaxem

Կենտրոնական կերպարը ավանակին նստած Քրիստոսն է, որը դեմքով և մարմնով ուղղված է դեպի դիտողը (Արևելքում հենց այդպես էր ընդունված նստել ավանակին): Կախ գլխով ավանակը բնորոշ է բյուզանդական արվեստին: Քրիստոսը աջով օրհնում է, իսկ ձախ ձեռքին գալարակն է: Վերջինիս ետևում պատկերված են երկու աշակերտները, հավանաբար, Հովհաննեսը և Պետրոսը: Երուսաղեմը ներկայացված է պարսպապատ քաղաքի տեսքով, որի հենքին պատկերված են քաղաքի ծերերն ու բնակիչները: Հանդիպակաց կողմում պատկերված են  Երուսաղեմի բնակիչները, որոնցից մեկը իր զգեստն է (ըստ միջնադարյան մեկնաբանությամբ` իրենց մեղքերը), իսկ մյուսները արմավենու ճյուղեր են սփռում Տիրոջ ճանապարհին: Երեխաների պատկերումը գալիս է այստեղ ոչ թե կանոնացված, այլ պարականոն ավետարաններից: Մանրանկարի կենտրոնում մեկ արմավենու փոխարենը պատկերված է երկուսը, որը բնորոշ է վաղ շրջանի պատկերագրությանը: Ըստ Մատթեոսի և Մարկոսի՝ արմավենու ոստեր կտրելու համար բնակիչներից ոմանք ծառ են բարձրանում:  Համաձայն Ղուկասի ծառ է բարձրանում նաև Զաքեոս կարճահասակը Երիքովում` Քրիստոսին տեսնելու նպատակով: Նրան, սովորաբար, պատկերում են այս տեսարանում, որպեսզի ցույց տան թե որքան շատ մարդ էր հավաքվել, որ կարճահասակ Զաքեոսը բարձրանում է ծառի վրա` տեսնելու Քրիսոտսին: Ճանպարհը ճյուղերով և հագուստներով ծածկելը ընդունված էր հրեաների մոտ` օծված թագավորներին ընդունելու համար: Որոշ ստեղծագործություններում Մուտք Երուսաղեմ տերունական պատկերը ներկայացվում է որպես զվարթ ժողովրդական տոնախմբություն` լիովին նույնացվելով Հայ եկեղեցու Ծաղկազարդի տոնին[6]: Այդ առումով հատկապես ուշագրավ են Վասպուրականի մանրանկարչության դպրոցի օրինակները, որոնցից շատերն ուղղակիորեն կրում են Ծաղկազարդ, Ծառզարդար կամ էլ Արմավենյաց օր խորագրերը:  Օրինակ` Հովհաննես Խիզանցու 1392թ. Ավետարանի (ՄՄ ձեռ. 3717) և Ծերունի ծաղկողի ձեռ. 4826 Ավետարանի Մուտք Երուսաղեմ մանրանկարներ[7]:

Մշո Ճառընտիրի թեմատիկ մանրանկարների պատկերագրական հատկանիշները բնորոշ են միջնադարյան արվեստին, որոնք առավել ցայտուն արտահայտված են արևմտաքրիստոնեական աշխարհի հուշարձաններում: 

           

[1] Майкапар А., Новый Завет в искусстве, Москва, 2001 с. 81-88

[2] Մկրտությունը կատարվում է ջրի մեջ ընկղմելու և ջրցողման եղանակով

[3] Shiller G., Iconography of Christian Art, Vol. I, London, 1971, p. 71

[4] Կորխմազյան Է., Բարձր Հայքի մանրանկարչությունը ԺԱ.-ԺԴ. դդ., Երևան, 2015, էջ 31

[5] Холл Д., Словарь сюжетов и символов в искусстве, Москва, 1999, с. 145.

[6] «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Ղազարյան Ա., Արևշատյան Ա., Լեյլոյան Ա., «Ծաղկազարդ» հոդվածը, էջ 450-451

[7] Հակոբյան Հ., Վասպուրականի մանրանկարչությունը, հտ. 2, Երևան, 1982 թ., էջ 69-73

 

  • Created on .
  • Hits: 2160

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: