Բորիս Էյխենբաում. Ինչպես է «կարված» Գոգոլի «Շինելը». Մաս առաջին

 

Նովելի կոմպոզիցիան մեծապես կախված է նրանից, թե դրա ստեղծման ժամանակ ինչ դեր է խաղում հեղինակի անձնական տոնը, այսինքն՝ արդյո՞ք այդ տոնը համակարգող սկիզբ է՝ պատումի փոքրիշատե պատրանք ստեղծելով, թե՞ միայն որպես ձևական կապող օղակ է ծառայում դեպքերի միջև և այդ իսկ պատճառով սպասարկու դեր է կատարում։ Հասարակ նովելը, ինչպես և արկածային վեպը, պատում չի ճանաչում և չունի դրա կարիքը, քանի որ դրա ողջ հետաքրքրությունն ու գործողությունների ծավալման ամբողջ ընթացքը պայմանավորված են իրադարձությունների և իրավիճակների զանազան ու արագ հերթափոխերով։ Դրդապատճառների միահյուսումն ու դրանց պատճառաբանումներն են հասարակ նովելի համակարգող սկիզբը։ Կատակերգական նովելի համար սա ևս ճիշտ է։ Դրա հիմքում դրվում է որևէ զվարճապատում, որը ստեղծագործությունից դուրս ինքնին լի է զավեշտալի իրավիճակներով։

Կոմպոզիցիան բոլորովին այլ է դառնում, երբ սյուժեն ինքնին՝ որպես դրդապատճառների՝ դրանց պատճառաբանման միջոցով միահյուսվում, դադարում է համակարգող դեր խաղալուց, այսինքն՝ երբ պատմողը, այսպես թե այնպես, ինքն իրեն առաջին պլան  է բերում՝ սյուժեն իբրև թե միայն առանձին ոճական հնարքներ միահյուսելու համար օգտագործելով։ Ծանրության կենտրոնը սյուժեից (որն այստեղ հասցվում է  նվազագույնի) տեղափոխվում է պատումի հնարքների վրա, կատակերգական գլխավոր դերը տրվում է բառախաղերին, որոնք մերթ սահմանափակվում են բառերի հասարակ խաղով, մերթ դառնում են փոքր զվարճապատումներ։ Կատակերգական տպավորությունների հասնում են պատումի ոճով։ Այդ իսկ պատճառով նմանատիպ կոմպոզիցիայի ուսումնասիրման համար կարևոր են հենց այդ «մանրուքները», որոնցով համեմված է նախադասությունը․ բավական է հեռացնել դրանք, և նովելի կառուցվածքը խախտվում է։ Ընդ որում՝ կարևոր է տարբերակել երկու տեսակի կատակերգական պատում՝ պատմողական և վերարտադրողական։ Առաջինը սահմանափակվում է կատակներով, իմաստային բառախաղերով և այլն, իսկ երկրորդը կիրարկման մեջ է դնում բառային դիմախոսությունն ու հնչյունային ժեստերը՝ ստեղծելով հատուկ կատակերգական արտասանություններ, հնչյունային բառախաղեր, անսովոր շարադասություն և այլն։ Առաջինը համաչափ խոսքի տպավորություն է թողնում, իսկ երկրորդի հետևում շատ հաճախ կարծես դերասան է թաքնված, այնպես որ պատումը խաղի բնույթ է ստանում, և կոմպոզիցիան ձևավորվում է ոչ թե կատակների հասարակ զուգակցմամբ, այլ դիմախոսական և արտասանական բազմազան հնարքների որոշակի համակարգով։

Նմանատիպ պատումի վերլուծության համար հետաքրքիր նյութ են Գոգոլի շատ նովելներ կամ դրանց առանձին հատվածներ։ Գոգոլի կոմպոզիցիան չի ձևավորվում սյուժեով․ նրա սյուժեն միշտ աղքատիկ է, կամ ավելի շուտ ոչ մի սյուժե էլ չկա, այլ ընդամենը վերցված է ինչ-որ մի զավեշտալի (իսկ երբեմն ինքնին ոչ զավեշտալի) իրավիճակ, որը ծառայում է միայն որպես կատակերգական հնարքների մշակման խթան կամ առիթ։ Այսպես՝ «Քիթը» զարգանում է մի զավեշտային իրադարձությունից, «Ամուսնությունը», «Ռևիզորը» նույնպես որոշակի քարացած իրավիճակից են ծնունդ առնում, «Մեռած հոգիները» ձևավորվում են առանձին դրվագների զարգացման ճանապարհով, որոնց միավորում են միայն Չիչիկովի ուղևորությունները։ Հայտնի է, որ սյուժեի նման ինչ-որ բան ունենալու անհրաժեշտությունը միշտ ճնշում էր Գոգոլին։ Պ․ Վ․ Աննենկովը գրում է․ «Նա ասում էր, որ պատումի և, ընդհանրապես, պատմվածքի հաջողության համար բավական է, որ հեղինակը նկարագրի իրեն ծանոթ որևէ սենյակ կամ փողոց»։[1]  Պուշկինին ուղղված նամակում (1835) Գոգոլը գրում է․ «Շնո՛րհ արեք, որևէ սյուժե հուշե՛ք, թեկուզ ինչ-որ ծիծաղելի կամ ոչ ծիծաղելի, բայց իսկական ռուսական զվարճապատում․․․ Շնո՛րհ արեք, սյուժե հուշե՛ք․ էությամբ հինգ ակտից բաղկացած կատակերգություն կլինի, և երդվում եմ՝ լացելու աստիճան ծիծաղելի կլինի»[2]։ Նա շատ հաճախ է զվարճապատումներ խնդրում, ինչպես որ Պրոկոպովիչին ուղղված նամակում (1837)․ «Մի առանձին ձևով Ժյուլին (այսինքն Աննենկովին) խնդրի՛ր, որ ինձ գրի։ Նա գրելու բան կունենա։ Հավանաբար, ինչ-որ զավեշտալի դեպք է պատահել գրասենյակում»։[3]

Մյուս կողմից Գոգոլն առանձնանում է սեփական գործերը կարդալու ունակությամբ, ինչպես վկայում են ժամանակակիցները։ Ընդ որում՝ կարելի է առանձնացնել գոգոլյան ընթերցանության երկու հնարք՝ կա՛մ պաթետիկ, ներդաշնակ արտասանություն, կա՛մ դերակատարման, դիմախոսական պատումի յուրահատուկ եղանակ, որը միևնույն ժամանակ, ինչպես մատնանշում է Ի․ Ս․ Տուրգենևը, չի վերածվում դերերի հասարակ թատերական ընթերցման։[4] Հայտնի է Ի․ Ի․ Պանաևի պատմվածքն այն մասին, թե ինչպես է Գոգոլը զարմացրել ներկաներին՝ անմիջականորեն անցում կատարելով զրույցից խաղի, այնպես որ սկզբում նրա զկռտոցն ու համապատասխան խոսքերը լուրջ էին ընդունվել։[5] Իշխան Դ․ Ա․ Օբոլենսկին հիշում է․ «Գոգոլը վարպետորեն ընթերցում էր․ ոչ միայն պարզահնչյուն էր արտաբերում ցանկացած բառ, այլև խոսքի արտասանական երանգավորումը փոփոխելով՝ բազմազան էր դարձնում այն և ստիպում էր ունկնդիրներին որսալ մտքի ամենաաննշան երանգները։ Հիշում եմ՝ ինչպես սկսեց մի խուլ ու մեռելային ձայնով․ «Ինչի՞ համար նորից ու նորից աղքատ ձևանալ․․․ Եվ ահա նորից հայտնվել ենք ամայության մեջ, մի խուլ անկյան ենք դեմ առել»։ Այդ բառերից հետո Գոգոլը հանկարծ վեր բարձրացրեց գլուխը, թափ տվեց մազերը և արդեն բարձր ու հանդիսավոր ձայնով շարունակեց․ «Բայց ինչպիսի՜ ամայություն ու խուլ անկյուն․․․»։ Հետո սկսվեց Տենտետնիկովա գյուղի հոյակապ նկարագրությունը, որը Գոգոլի ընթերցանության ընթացքում այնպես էր հնչում, ասես գրված լիներ հայտնի չափով․․․ Խոսքի անսովոր ներդաշնակությունն ապշեցրեց ինձ։ Տեսա, թե ինչպես է Գոգոլը հիանալիորեն օգտագործել տեղի խոտաբույսերի ու ծաղիկների անվանումները, որոնք այնքան մանրազնին կերպով հավաքում էր։ Ըստ երևույթին, երբեմն որևէ հնչեղ բառ էր մեջ գցում միմիայն  այն նպատակով, որպեսզի ներդաշնակության տպավորություն ստեղծեր»։[6] Ի․ Ի․ Պանաևը հետևյալ կերպ է սահմանում Գոգոլի ընթերցանությունը․ «Գոգոլն անկրկնելի էր կարդում։ Ժամանակակից գրողների շրջանում իրենց ստեղծագործությունների լավագույն ընթերցողներն են Օստրովսկին և Պիսեմսկին։ Օստրովսկին կարդում է առանց որևէ դրամատիկական ներգործության, մեծագույն պարզությամբ՝ միաժամանակ պատշաճ երանգավորում հաղորդելով յուրաքանչյուր կերպարին։ Պիսեմսկին դերասանի նման է կարդում, այսպես ասած, ընթերցանության ընթացքում խաղում է իր պիեսը։ Գոգոլի ընթերցանությունը գտնվում է այս երկու ոճերի հատման կետում։ Նա ավելի դրամատիկորեն էր կարդում, քան Օստրովսկին և շատ ավելի պարզ, քան Պիսեմսկին»։[7] Նույնիսկ Գոգոլի թելադրությունն էր վերածվում մի յուրահատուկ արտասանության։ Այդ մասին պատմում է Պ․ Վ․ Աննենկովը․ «Նիկոլայ Վասիլևիչը, տետրը դիմացը դնելով, ամբողջովին խորասուզվում էր դրա մեջ ու սկսում համաչափ, հանդիսավոր կերպով թելադրել, այնպիսի զգացմունքայնությամբ ու արտահայտման լիարժեքությամբ էր թելադրում, որ «Մեռած հոգիների» առաջին հատորի գլուխները յուրահատուկ գունավորում ստացան իմ հիշողության մեջ։ Այն հանգիստ, ճիշտ սփռված ոգեշնչման էր նման, որը սովորաբար ծնվում է որևէ առարկայի խորը զննումից հետո։ Նիկոլայ Վասիլևիչը համբերատար սպասում էր իմ վերջին բառին և շարունակում էր նոր պարբերույթը նույն՝ կենտրոնացած զգացմունքով ու մտքով համակված ձայնով։ Հիշում եմ՝ Գոգոլի թելադրության պաթոսը երբեք այդքան մեծ բարձունքի չէր հասել՝ պահպանելով գեղագիտական ողջ բնականությունը, որքան այդ հատվածում (Պլյուշկինի պարտեզի նկարագրությունը)։ Գոգոլը նույնիսկ վեր կացավ բազկաթոռից․․․և թելադրությանը ինչ-որ հրամայական ու հպարտ ժեստ զուգակցեց»։[8]

Այս ամենը ցույց է տալիս, որ գոգոլյան տեքստի հիմքը պատումն է, նրա տեքստը ձևավորվում է կենդանի խոսքի գաղափարներից ու հույզերից։ Ավելին՝ այդ պատումը ոչ միայն պատմելու, ուղղակի խոսելու միտում ունի, այլ նաև դիմախոսությամբ ու արտասանությամբ վերարտադրելու։ Բառերն ու նախադասությունները ոչ թե միայն տրամաբանական խոսքի սկզբունքով են ընտրվում ու համակցվում, այլ ավելի շատ արտահայտիչ խոսքի սկզբունքով, որում յուրահատուկ դեր են կատարում արտասանությունը, դիմախոսությունը, հնչյունային ժեստերը և այլն։ Այստեղից էլ նրա լեզվում երևան է գալիս հնչյունային իմաստաբանությունը։ Անկախ տրամաբանական կամ նյութական նշանակությունից՝ բառի հնչյունային կաղապարն ու դրա ձայնաբանական բնութագիրը Գոգոլի խոսքում իմաստավորվում են։ Արտասանությունը և դրա ձայնաբանական ներգործությունը՝ որպես արտահայտչական հնարքներ, առաջին պլան են մղվում։ Այդ պատճառով Գոգոլը սիրում է անվանումներ, ազգանուններ, անուններ և այլն, այդպիսով՝ լայն հնարավորություններ են ստեղծվում նմանատիպ արտասանական խաղերի համար։ Բացի այդ՝ նրա խոսքը հաճախ ուղեկցվում է ժեստերով և վերածվում է վերարտադրության, ինչը որ նկատելի է նաև նրա գրավոր խոսքում։ Այդ առանձնահատկությունների մասին են վկայակոչում նրա ժամանակակիցները։ Դ․ Ա․ Օբոլենսկին հիշում է․ «Կայարանում բողոքների գիրք գտա, որում ինչ-որ պարոնի ծիծաղելի բողոքը կարդացի։ Լսելով այն՝ Գոգոլը հարցրեց ինձ․ «Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞վ է այդ պարոնը։ Ի՞նչ բնավորության տեր մարդ է»։ «Իրոք չգիտեմ,-պատասխանեցի ես»։ «Իսկ ես ձեզ կպատմեմ»։ Եվ միանգամից ամենածիծաղելի և յուրօրինակ ձևով սկսեց նկարագրել սկզբում այդ պարոնի արտաքինը, իսկ հետո՝ նրա ողջ ծառայողական գործունեությունը՝ նույնիսկ որոշ դրվագներ ներկայացնելով նրա կյանքից։ Հիշում եմ, որ խենթի պես ծիծաղում էի, իսկ նա այդ ամենն ասում էր ամենայն լրջությամբ։ Հետո պատմում էր, որ մի ժամանակ, երբ ապրում էր բանաստեղծ Ն․ Մ․ Յազիկովի հետ, գիշերները, երբ պառկում էին քնելու, զվարճանում էին՝ տարբեր կերպարներ նկարագրելով, իսկ հետո յուրաքանչյուր կերպարի համար համապատասխան ազգանուններ էին հորինում»։[9] Գոգոլյան ազգանունների մասին պատմում է նաև Օ․ Ն․ Սմիրնովան․ «Նա անսովոր մեծ ուշադրության էր արժանացնում իր գործող կերպարների ազգանուններին, ամենուր փնտրում էր դրանք ու գտնում հայտարարություններում և ցուցանակների վրա (առաջին հատորում Չիչիկովի ազգանունը գտել էր տան վրա․ առաջներում տների վրա համարներ չէին փակցնում, միայն՝ տիրոջ ազգանունը)։ «Մեռած հոգիների» երկրորդ հատորը սկսելիս գեներալ Բետրիշչևի ազգանունը գտել է փոստում՝ մի գրքի մեջ, և իր ընկերներից մեկին պատմել է, որ կարդալով այդ ազգանունը՝ միանգամից պատկերացրել է գեներալի կազմվածքն ու ալեխառն բեղերը»։[10] Գրականության մեջ արդեն հիշատակվել է Գոգոլի՝ անունների և ազգանունների նկատմամբ ունեցած յուրահատուկ վերաբերմունքի և տվյալ ոլորտում ցուցաբերած հնարամտության մասին։ Օրինակ՝ պրոֆեսոր Ի․ Մանդելշտամի գրքում ասվում է․[11] «Նախ և առաջ, այն անունները, որոնք, ըստ երևույթին, հորինված են առանց «արցունքների միջից ծիծաղ» առաջացնելու դիտավորության, վերաբերում են այն ժամանակահատվածին, երբ Գոգոլը դեռևս ինքն իրեն էր զվարճացնում՝ Պուպոպուզ, Գոլոպուզ, Դովգոչուն, Գոլոպուպենկո, Սվերբիգուզ, Կիզյակակոլուպենկո, Պերպերչիխա, Կրուտոտրիշչենկո, Պեչերիցա, Զաքրուտի-գուբա և այլն։ Հետագայում գոգոլյան ստեղծագործություններում զվարճալի անուններ հորինելու այս ոճը, այնուամենայնիվ, մնաց՝ և՛ Յաիչնիցան («Ամուսնություն»), և՛ Նեուվոժայկարիտոն, և՛ Բելոբրյուշկովան և Բաշմաչկինը («Շինել»), ընդ որում՝ վերջին անունը բառային խաղի առիթ է տալիս։ Երբեմն Գոգոլը միտումնավոր է ընտրում արդեն գոյություն ունեցող անուններ՝ Ակակի Ակակիևիչ, Տրիֆիլիոս, Դուլա, Վարախասիոս, Պավսիկաքիոս, Վախտիսիոս և այլն․․․ Որոշ դեպքերում օգտագործում է բառախաղի համար նախատեսված անուններ (հին ժամանակներից սկսած տվյալ հնարքը օգտագործվում է զավեշտագիր գրողների կողմից։ Մոլիերն իր ունկնդիրներին զարմացնում է այնպիսի անուններով, ինչպիսիք են՝ Pourceugnac, Diafoiras, Purgon, Macroton, Desfonandres, Vilebreguin, Ռաբլեն է՛լ ավելի մեծ քանակությամբ հնչյունային համադրություններ է օգտագործում, որոնք արդեն իսկ ծիծաղի առարկա են միայն նրա համար, որ աննշան նմանություններ ունեն այնպիսի բառերի հետ, ինչպիսիք են՝ Soimigondinoys, Fringuamelie, Frouiliogan և այլն)»։

Այսպիսով՝ գոգոլյան սյուժեն միայն արտաքին նշանակություն ունի, և այդ պատճառով այն ինքնին ստատիկ է։ Իզուր չէ, որ «Ռևիզորն» ավարտվում է լուռ տեսարանով, որի համեմատությամբ ամբողջ նախընթացը ասես ինչ-որ նախապատրաստական բան լինի։ Իրական դինամիկան և հետևաբար նաև նրա երկերի կոմպոզիցիան լեզվական խաղի և պատումի կառուցման մեջ է։ Նրա գործող կերպարները քարացած կեցվածքներ են։ Հենց նրա՝ արվեստագետի զվարճացող ու խաղացող ոգին է, որ ռեժիսորի և իրական հերոսի կերպարով տիրում է դրանց վրա։

Հիմք ընդունելով կոմպոզիցիայի մասին այս բոլոր ընդհանուր դրույթները և հիմնվելով Գոգոլի մասին վերոնշյալ տվյալների վրա՝ փորձենք պարզաբանել «Շինելի» հիմնական կոմպոզիցիոն շերտը։ Այս պատմվածքը հատկապես հետաքրքիր է նմանատիպ վերլուծության համար այն պատճառով, որ այստեղ Գոգոլին բնորոշ լեզվական խաղի հնարքներով համեմված կատակերգական պատումը միավորվում է պաթետիկ արտասանության հետ՝ ձևավորելով, այսպես ասած, երկրորդ շերտ։ Մեր քննադատները հիմք ընդունեցին այս երկրորդ շերտը, և բոլոր դժվար «զուգակցությունների լաբիրինթոսը» (Լ․ Տոլստոյի խոսքը) հանգեց մի գաղափարի, որը մինչև հիմա մշտապես կրկնվում է նույնիսկ Գոգոլի մասին «հետազոտություններում»։ Այդպիսի քննադատներին և գիտնականներին Գոգոլը կարող էր պատասխանել այնպես, ինչպես Լ․ Տոլստոյը՝ «Աննա Կարենինայի» քննադատներին «Շնորհավորում եմ նրանց և համարձակորեն կարող եմ հավատացնել, որ qu’ils en savent plus long que moi»[12]։

Նախ և առաջ առանձին-առանձին դիտարկենք «Շինել»-ում պատումի հիմնական հնարքները, հետո կանդրադառնանք դրանց զուգակցման կարգին։

Կարևոր դեր են կատարում, հատկապես սկզբում, տարբեր տեսակի բառախաղերը։ Դրանք հիմնված են կա՛մ հնչյունային նմանության, կա՛մ բառերի ծագումնաբանական խաղի, կա՛մ թաքնված անհեթեթության վրա։ Պատմվածքի սևագրային տարբերակում առաջին նախադասությունը լրացված էր հնչյունային բառախաղերով․ «Հարկերի և տուրքերի դեպարտամենտում, որը, սակայն, երբեմն կոչում են ստորությունների և ստերի դեպարտամենտ»։[13] Երկրորդ սևագրային խմբագրման մեջ հավելում կատարվեց, որը ներկայացնելու էր հետագա խաղը դրա հետ․ «Այնուամենայնիվ, ընթերցողները չեն մտածի, որ այս անվանումը իրականում հիմնված է ինչ-որ ճշմարտության վրա, ամենևին։ Այստեղ խոսքը բառերի ծագումնաբանական նմանության մասին է։ Դրա հետևանքով լեռնային և աղային հանքերի դեպարտամենտը, կոչվում է դառը և աղի գործերի դեպարտամենտ։ Երբեմն ծառայության և թղթախաղի միջև մնացած ժամանակահատվածում շատ բան է անցնում աստիճանավորների մտքով»։[14] Այս բառախաղը վերջնական խմբագրության մեջ չներառվեց։ Գոգոլի կողմից հատկապես նախընտրելի էին ծագումնաբանական բառախաղերը, որոնց համար նա շատ հաճախ հատուկ ազգանուններ է հորինում։ Այսպես՝ Ակակի Ակակիևիչի ազգանունը սկզբնապես Տիշկևիչ էր, այդ իսկ պատճառով բառախաղի առիթ չկար։ Հետո Գոգոլը տատանվում էր երկու ձևերի միջև՝ Բաշմակևիչ (հմմտ․ Սոբակևիչ) և Բաշմակով, բայց ի վերջո նախապատվությունը տվեց Բաշմաչկին տարբերակին։ Անցումը Տիշկևիչից Բաշմակևիչին, իհարկե, բառախաղ ստեղծելու ցանկությամբ էր պայմանավորված։ Իսկ Բաշմաչկին տարբերակի ընտրությունը կարելի է բացատրել ինչպես գոգոլյան ոճին բնորոշ նվազական ածանցների հանդեպ հակումով, այնպես էլ յուրօրինակ հնչյունային ժեստ ստեղծող այս ձևի արտասանական մեծ արտահայտչականությամբ (դիմախոսական-արտասանական ուժով)։ Այս ազգանվան միջոցով ստեղծված բառախաղը բարդացված է կատակերգական հնարքներով, որոնք լիակատար լրջություն են հաղորդում դրան։ «Արդեն հենց ազգանունից էլ երևում է, որ այն մի ժամանակ առաջացել է բաշմակից․[15] բայց ե՛րբ, ի՛նչ շամանակ և ինչ կերպ էր այն առաջացել բաշմակից, այդ բնավ հայտնի չէ։ Հա՛յրն էլ, պա՛պն էլ, նույնիսկ աներձագը (բառախաղն անհեթեթության է հասցված․ Գոգոլին բնորոշ հնարք) և ուղղակի բոլոր Բաշմաչկիններն էլ սապոգներ էին հագնում, տարեկան միայն երեք անգամ փոխելով տակերը»[16]։ Բառախաղը կարծես ոչնչացվել է նման մեկնաբանությամբ, հատկապես որ միաժամանակ ավելացվում են դրա հետ ընդհանրապես կապ չունեցող մանրամասնություններ։ Արդյունքում, այսպես ասած, կրկնակի բառախաղ է ստացվում։ Գոգոլի մոտ հաճախ է հանդիպում անհեթեթության հասցնելու կամ բառերի հակատրամաբանական զուգակցման հնարքը, ընդ որում՝ շատ հաճախ այն քողարկված է խիստ տրամաբանական շարադասությամբ և դրա համար էլ ինքնաբերականության տպավորություն է թողնում, ինչպես որ Պետրովիչի մասին խոսքերում․ «․․․չնայելով միաչքանի լինելուն և ամբողջ դեմքի չեչոտությանը, բավական հաջող զբաղվում էր աստիճանավորական և այլ ամեն տեսակ անդրավարտիքների ու ֆրակների նորոգմամբ…»։ Այստեղ ուշադրությունը շեղելու նպատակով տրամաբանական անհեթեթությունը քողարկված է նաև մանրամասնությունների առատությամբ։ Բառախաղը ցուցադրված չէ, հակառակը՝ ամեն կերպ թաքցված է, ինչի շնորհիվ մեծանում է դրա կատակերգական ուժը։ Զուտ ծագումնաբանական բառախաղերը մի անգամ չէ, որ այստեղ հանդիպում են․ «…փորձություններ, որոնց ենթակա են ոչ միայն տիտուլյար, այլև նույնիսկ գաղտնի, իսկական, արքունի և այլ, ամեն տեսակ խորհրդատուները, նույնիսկ նրանք, ովքեր ոչ ոքի խորհուրդներ չեն տալիս և իրենք էլ ոչ ոքից չեն վերցնում»։

Սրանք են «Շինել»-ում հանդիպող գոգոլյան բառախաղերի հիմնական տեսակները։ Դրանց հավելենք նաև մեկ այլ հնարք՝ հնչյունային ներգործությունը։ Գոգոլի՝ «իմաստ» չունեցող անունների և անվանումների նկատմամբ ունեցած սիրո մասին վերոգրյալ հատվածում խոսվել է․ նմանատիպ «անհասկանալի» բառերը լայն հնարավորություններ են ստեղծում յուրօրինակ հնչյունային իմաստաբանության համար։[17] Ակակի Ակակիևիչը որոշակի հնչյունների հավաքածու է․ իզուր չէ, որ այս անունը մի ամբողջ զվարճապատումով է ուղեկցվում, իսկ սևագրային տարբերակում Գոգոլը հատուկ դիտողություններ է անում․ «Իհարկե, կարելի էր ինչ-որ կերպ խուսափել «կ» տառի կուտակումից, սակայն այնպիսի հանգամանքներ էին ստեղծվել, որ ոչ մի կերպ հնարավոր չէր անել այդ»։[18] Այս անվան հնչյունային իմաստաբանությունը նախապատրաստված է դեռևս մի շարք անուններով, որոնք նույնպես օժտված են յուրահատուկ հնչյունային արտահայտչականությամբ, և ակնհայտ է, որ հենց դրա համար են ընտրված, «հայտնաբերված»։ Սևագրային տարբերակում այն մի փոքր ուրիշ էր․

  • Եվվուլ, Մոկկիա, Եվլոգի,
  • Վարախասի, Դուլա, Տրիֆիլի,(Վարադատ, Վարուխ)[19]
  • Պավսիկախի, Ֆրումենտի։[20]

Վերջնական տարբերակ՝

  • Մոկկիա, Սոսսիա, Խոզդազատ,
  • Տրիֆիլիոս, Դուլա, Վարախասիոս,
  • Պավսիկաքիոս, Վախտիսիոս և Ակակի։

Վերոնշյալ երկու սյունակների համեմատության դեպքում տեսնում ենք, որ երկրորդը արտասանական մեծ հավաքածուի՝ յուրահատուկ հնչյունային համակարգի տպավորություն է ստեղծում։ Այս անունների հնչյունային զավեշտականությունը ուղղակի յուրօրինակությունը չէ (յուրօրինակությունն ինքնին չի կարող զավեշտալի լինել), այլ ընտրությունը, որը ստեղծում է իր կտրուկ միօրինակությամբ ծիծաղելի Ակակի անունը ու հավելում Ակակիևիչ ազգանունը, որն այդպես արդեն իսկ որպես մականուն է հնչում՝ քողարկելով հնչյունային իմաստաբանությունը։ Զավեշտականությունն է՛լ ավելի է մեծանում միայն այն պատճառով, որ ծննդկանի նախընտրած անունները բոլորովին դուրս չեն մնում ընդհանուր համակարգից։ Ընդհանուր առմամբ ստեղծվում է յուրօրինակ արտասանական դիմախոսություն՝ հնչյունային ժեստ։[21] Այս առումով հետաքրքրական է նաև «Շինելի» ևս մեկ դրվագ, որտեղ նկարագրվում է Ակակի Ակակիևիչի արտաքինը․ «Այսպես ուրեմն, մի դեպարտամենտում ծառայում էր մի աստիճանավոր, չի կարելի ասել՝ շատ աչքի ընկնող աստիճանավոր․ ցածրահասակ էր, մի քիչ չեչոտ, մի քիչ շեկ, մի քիչ նույնիսկ արտաքուստ տկարատես, ճակատին մի փոքր ճաղատություն ուներ, այտերի երկու կողմերում կնճիռներ, և դեմքի, այսպես ասած, հեմորգյական (геморроидальным) գույն․․․»։ Վերջին բառը (геморроидальным) այնպիսի դիրք է գրավում նախադասության մեջ, որ դրա հնչյունային կաղապարը յուրահատուկ հուզաարտահայտչական ուժգնություն է ձեռք բերում և անկախ արտահայտած իմաստից՝ ընկալվում է որպես կատակերգական հնչյունային ժեստ։ Մի կողմից այն ստեղծվել է ռիթմի աճման հնարքով, մյուս կողմից՝ մի քանի բառերի համահունչ վերջավորություններով՝ լսողությունը հնչյունային տպավորություններ ընկալելուն պատրաստելով (рябоват — рыжеват — подслеповат), և հենց դրա համար էլ զարմանալի և անհավանական է հնչում, իմաստային որևէ առնչությունից դուրս։ Հետաքրքրական է, որ սևագրային տարբերակում այս նախադասությունը շատ ավելի հասարակ էր․ «...Այսպես ուրեմն՝ այդ դեպարտամենտում ծառայում էր ոչ այնքան աչքի ընկնող մի աստիճանավոր՝ մի քիչ ցածրահասակ, մի քիչ չեչոտ, մի քիչ կնճռոտ, մի քիչ կարմրավուն, մի քիչ նույնիսկ արտաքուստ տկարատես»։[22] Վերջնական տարբերակում այս նախադասությունը ոչ այնքան արտաքինի նկարագրություն է, որքան դրա դիմախոսական, արտասանական վերարտադրություն․ բառերն ընտրված ու շարադասված են ոչ թե բնորոշ գծերի մատնանշման, այլ հնչյունային իմաստաբանության սկզբունքով։ Ներքին տեսողությունը չշոշափված է մնում (կարծում եմ՝ չկա ավելի դժվար բան, քան գոգոլյան հերոսներին պատկերելը)․ ամբողջ նախադասությունից հիշողության մեջ ավելի շուտ դրոշմվում է ինչ-որ հնչյունաշարի ազդեցություն, հնչյունաշար, որն ավարտվում է որոտագոչ և տրամաբանորեն գրեթե անիմաստ, բայց միաժամանակ իր արտասանական արտահայտչականությամբ արտասովոր ուժեղ բառով՝ «геморроидальным»։ Այստեղ բավականին տեղին է Դ․ Ա․ Օբոլենսկու դիտարկումն այն մասին, որ Գոգոլը  «երբեմն որևէ հնչեղ բառ էր մեջ գցում միմիայն  այն նպատակով, որպեսզի ներդաշնակության տպավորություն ստեղծեր»։ Ամբողջ նախադասությունն ավարտուն ամբողջականության՝ հնչյունային ժեստերի ինչ-որ համակարգի ձև ունի, որի իրացման համար ընտրված են բառեր։ Դրա պատճառով է, որ այդ բառերը գրեթե չեն ընկալվում որպես տրամաբանական միավորներ, հասկացությունների նշաններ, դրանք ևս հավաքված և շարադասված են հնչյունային խոսքի սկզբունքով։ Սա գոգոլյան լեզվի հիանալի առանձնահատկություններից մեկն է։ Նրա ուրիշ նախադասությունները հնչյունային մակագրության պես են գործում․ արտասանությունն ու ձայնաբանությունն այսչափ առաջին պլան են մղվում։ Երբեմն ամենասովորական բառն այնպես է մատուցվում, որ դրա տրամաբանական և նյութական իմաստը խամրում է, բայց դրա փոխարեն երևան է գալիս հնչյունային իմաստաբանությունը, իսկ սովորական անունը մականվան է վերածվում․ «...натолкнулся на будочника, который, поставя около себя свою алебарду, натряхивал из рожка на мозолистый кулак табаку»[23] կամ  «Можно будет даже так, как пошла мода, воротник будет застегиваться на серебряные лапки под аплике»[24]։ Վերջին դեպքը բացահայտ արտասանական խաղ է ( կրկնություն лпк — плк

Գոգոլի մոտ միջակ խոսք չկա՝ սովորական նախադասություններում տրամաբանորեն միավորված պարզ հոգեբանական կամ նյութական հասկացություններ։ Արտասանական, դիմախոսական հնչյունային խոսքը փոխվում է լարված հնչերանգով, որը պարբերույթներ է ձևավորում։ Հաճախ այս  փոփոխության վրա են հիմնված նրա գործերը։ «Շինել»-ում հնչերանգի ներգործության, արտասանական պաթետիկ պարբերույթի նման օրինակ կա․ «Նույնիսկ այն ժամերին, երբ բոլորովին մարում է պետերբուրգյան գորշ երկինքը, բոլոր աստիճանավոր մարդիկ ճաշել են ու կշտացել՝ ով ինչպես կարող է, ստացած ռոճիկին և սեփական քմահաճույքին համապատասխան, երբ բոլորն արդեն հանգստացել են գրիչների դեպարտամենտային ճռճռոցից, վազվզոցից, իր և ուրիշի անհրաժեշտ զբաղմունքներից և այն ամենից հետո, ինչ որ կամավոր կերպով, պահանջվածից ավելի մեծ չափով թույլ է տալիս անխոնջ մարդը․․․» և այլն։ Ավարտին մոտ մեծ լարվածության հասցնող հսկայական պարբերույթը անսպասելիորեն հասարակ կերպով է վերջանում․ «․․․մի խոսքով նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ ձգտում է զվարճանալ, Ակակի Ակակիևիչը ոչ մի զվարճության չէր անձնատրվում»։ Հասարակ և խորհրդավոր կերպով սկսվող շարահյուսական հնչերանգի լարվածության և դրա իմաստային բացահայտման միջև կատակերգական անհամապատասխանության տպավորություն է ստեղծվում։ Այդ տպավորությունն է՛լ ավելի է ուժեղանում այն բառերի կազմով, որոնք կարծես թե հատուկ հակասում են պարբերույթի շարահյուսական բնույթին․ «գլխարկներ», «սիրունատես աղջիկ», «բաժակներից թեյ խփշտելով, կոպեկանոց պաքսիմատներ ուտելով», վերջապես Ֆայլկոնեի մոնումենտի[25] մասին իմիջիայլոց միջարկված զվարճապատումը։ Այս հակասումը կամ անհապատասխանությունը հենց այդ բառերի վրա այնպիսի ազդեցություն է թողնում, որ դրանք տարօրինակ, առեղծվածային, լսողությունը զարմացնող ու արտասովոր հնչողությամբ բառեր են դառնում՝ իսկը կազմալուծված կամ առաջին անգամ Գոգոլի կողմից հորինված։ «Շինել»-ում ընդհանուր բառախաղային ոճի մեջ անսպասելիորեն ներդրված ևս մեկ արտասանություն կա՝ սենտիմենտալ-դրամատիկականը, այն հայտնի «մարդասիրական» հատվածը, որն այնքան մեծ  հաջողություն է ունեցել ռուսական քննադատության մեջ, որ կողմնակի գեղարվեստական հնարքից վերածվել է ամբողջ պատմվածքի «գաղափարի»․ «Թողե՜ք ինձ, ինչո՞ւ եք ինձ նեղացնում»։ Ինչ-որ տարօրինակ բան կար և՛ այդ բառերի, և՛ այդ ձայնի մեջ, որով դրանք արտասանվեցին։ Խղճահարություն առաջացնող ինչ-որ այնպիսի բան էր լսվում, որ մի երիտասարդ․․․ «Ու հետո երկար ժամանակ, ամենաուրախ րոպեներին նրան պատկերանում էր ցածրահասակ, ճաղատ աստիճանավորը...Եվ այդ ներթափանցող բառերում հնչում էին ուրիշ բառեր․․․ձեռքով ծածկում էր դեմքը․․․» և այլն։ Սևագիր գրվածքներում այս դրվագը չկա, այն ավելի ուշ է ծնվել և, անկասկած, երկրորդ շերտին է պատկանում, որը պաթետիկ արտասանության միավորներով բարդացնում է սկզբնական գրվածքների զավեշտաբանական ոճը:

 

[1] Анненков П. В. Литературные воспоминания. – М., 1960. – С. 77.

[2]  Гоголь Н. В. Полн. собр. соч.: В 14-ти т. – 1940. – Т. 10. – С. 375.

[3]  Гоголь Н. В. Полн. собр. соч.: В 14-ти т. – 1940. – Т. 10. – С.86.

[4] Тургенев И. С. Литературные и житейские воспоминания // Полн. собр. соч. и писем: В 28-ми т. – Соч. – М., 1967. – Т. 14. – С. 69-71.

[5] Панаев И. И. Литературные воспоминания. – М., 1950. – С. 173.

[6] Оболенский Д. О первом издании посмертных сочинений Гоголя // Русская старина. – 1873. — № 12. – С. 943-944.

[7] Панаев И. И. Литературные воспоминания. – М., 1950. – С. 174.

[8] Анненков П. В. Литературные воспоминания. – М., 1960 – С. 86-87.

[9] Оболенский Д. О первом издании посмертных сочинений Гоголя // Русская старина. – 1873. — № 12. С. 942-943.

[10] Ըստ երևույթին անճշտություն կա՝  Օ Ն Սմիրնովայի, ինչպես և Ա Օ Սմիրնովա-Ռոսսետի մոտ, այդ բառերը չկան։

[11] Мандельштам И. О характере гоголевского стиля. Глава из истории русского литературного языка. – Гельсингфорс, 1902. – С. 251-252. 

[12] Նրանք այդ մասին շատ ավելին գիտեն, քան ես։ (ֆրանս․) Письмо к Н. Н. Страхову от 23 апр. 1876 г. // Толстой Л. Н. Полн. собр. соч.: В 90-та т. (Юбилейное изд.). – М., 1953. – Т. 62. – С. 269.

[13] (բառացի թարգմանություն) - Гоголь Н. В. Соч.: В 6-ти т. – 10-е изд. – М., 1889. –Т. 2. – С. 611. 

[14] (բառացի թարգմանություն)։ Гоголь Н. В. Соч.: В 6-ти т. – 10-е изд. – М., 1889. –Т. 2. – С. 617. 

[15] Կոշիկ, մաշիկ

[16] Ն․ Վ․ Գոգոլ «Ընտիր երկեր», «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան 1982, էջեր 588-625 (Այսուհետև «Շինել»-ից բոլոր մեջբերումները կարվեն այս գրքից։)

[17]  Пульпультик и Моньмуня в «Коляске»․

[18]  Гоголь Н. В. Полн. собр. соч.: В 14-ти т. – 1940. – Т. 10. – С. 522.

[19] Անուններ, որոնք նախընտրում էր ծննդկանը։

[20] Гоголь Н. В. Полн. собр. соч.: В 14-ти т. – 1940. – Т. 2. – С. 618-619.

[21] Գոգոլի այս հնարքը օգտագործում են նաև նրան նմանակողները (П. И. Мельников-Печерский «О том, кто такой был Елпидифор Перфильевич»)։ Зморович А. О языке и стиле произведений П. И. Мельникова (Андрея Печерского) // Рус. филол. вести. – 1916. – № 1-2. – С. 178․

[22] բառացի թարգմանություն//Гоголь Н. В. Полн. собр. соч.: В 14-ти т. – 1940. – Т. 10. – С. 611․

[23] «․․․հանդիպեց ոստիկանական պահակին, որը իր գեղարդը կողքին դրած, եղջյուրաձև ծխատուփից քթախոտ էր թափ տալիս ջլուտ բռունցքի մեջ․․․»

[24] «Մինչև իսկ կարելի է այնպես, ինչպես մոդա է դարձել, օձիքը կկոճկվի արծաթապատ կեռերի վրա»։

[25] Ֆայլկոնեի մոնումենտ – Պետրոս I-ի արձանը Պետերբուրգում, որ կերտել էր քանդակագործ Ֆայլկոնեն։

[26] Այդ հատվածի մասին է խոսում նաև Վ․ Ռոզանովը` բացատրելով այն «որպես արվեստագետի վիշտ իր արվեստի կանոնակարգվածության համար, նրա ողբը այն հրաշալի նկարի համար, որը նա չգիտի նկարել այլ կերպ․․․ և այդպես նկարելով, չնայած որ հիանում է դրանով, բայց ատում, արհամարհում է այն» (статья «Как произошел тип Акакия Акакиевича» в кн.: Легенда о великом инквизиторе. – СПб., 1906. – С. 279)։ Բացի դրանից՝ «Եվ այսպես, ասես ընդհատելով այդ ծաղրանքների հոսքը, հարված հասցնելով նրանց՝ անզսպելիորեն նկարող ձեռքին` կողքից ինչ-որ հավելումով, ավելի ուշ փակցված պիտակով հետևում է․ «Բայց Ակակի Ակակիևիչը ոչ մի բառով չէր պատասխանում․․․» և այլն»։ Մի կողմ թողնելով այս հատվածի փիլիսոփայական և հոգեբանական իմաստի վերաբերյալ հարցը՝ այս դեպքում այն դիտարկում ենք միայն որպես գեղարվեստական հնարք և կոմպոզիցիայի տեսանկյունից այն որակում ենք որպես դեկլամացիոն ոճի արմատավորում կատակերգական պատումի մեջ։

 

 

Ռուսերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

  • Created on .
  • Hits: 2000

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: