Դ.Խաչատրյան. Գոյության իմաստի հարցադրումները Լ. Խեչոյանի պատմվածքներում

  

                                                                                                                                        «Նրա համար, որ մարդն սպանում է , հոգու կարիք ունի… »[1]

Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները հնարավորություն են տալիս տեսնել կյանքում առկա երկու իրականության սահմանագիծը, անընդհատ զգալ այդ սահմանների տատանումը և ներկայությունը: Ընտրության տառապանքը, կյանքի տառապանքը, մարդ լինելու տառապանքը կենսական ջիղ է Խեչոյանի երկերում: Խեչոյանը փորձ է անում վերծանել մարդուն, գտնել նրան: Գրողը կամաց-կամաց, շերտ առ շերտ քննում է տիեզերքում թափառող մարդկային հոգու էությունը:

Խեչոյանի ստեղծած գրականությունը շաղախված է տարբեր զգացումներից ու նյութերից, այն ստեղծվել է տիեզերքում միայնակ տառապող մարդկային ոգու փրկության համար՝ կարծես որպես ապաշխարում: Մի՞թե հազարավոր տարիների անհունության մեջ ձգվող մարդկային ճակատագիրը լցված չէ մեղքով ու զղջումով, ափսոսանքի ու ապաշխարության ողբերգական ինքնագիտակցումով: Գրողի կերտած հերոսները հաճախ գտնվում են գիտակցականի ու ենթագիտակցականի բախման դաշտում, երբ մի կարճ երկվարկյան նահանջում են գիտակցական ընկալումները և հնարավոր է լինում զգալ այն, ինչ գտնվում է մեր գիտակցական ընկալումներից անդին: Հենց այդ ակնթարթներին է, որ կարողանում ենք լիովին ընկալել մեր միայնությունը և կյանքին դատապարտված լինելու ամբողջ սարսափը:

 Լևոն Խեչոյանը իր ստեղծագործությունների առանցքում է պահում մարդուն, նրա կյանքի իմաստը, այս աշխարհում նրա տեղը, ուղին և նշանակությունը, մարդու ներաշխարհը, զգացմունքները, որոշումները: Գրողը իր ստեղծագործություններում որոնում է մարդու և կյանքի պատկերման նոր եղանակներ, վեր է հանում կյանքի այն կողմերը, որոնք հաճախ ընդունված իրականության մեջ դուրս են մնում մեր ուշադրությունից, ինչպես նա է նշում. «Կյանքը ռիթմիկ, հավասարաչափ կառուցվածք ունի միայն նրանց համար, ովքեր մեռած են… Ինձ ծանոթ է հոգու խուճապի վայրկյանը, ծանոթ է ակնթարթի բերած հայտնությունը, լսելի է փակից դուրս հնչող ձայնը…» [2]: Հենց հոգու խուճապի վայրկյաններին են նրա կերտած հերոսները հասնում սեփական գոյության վերաիմաստավորմանը: Նմանատիպ հոգեկան տագնապներն առաջ են գալիս մահվան, տառապանքի, աշխարհի անողոքության ու թշնամանքի դեմ պայքարի պահերին, իսկ այդ իրավիճակներում նրա հերոսները շատ հաճախ են հայտնվում: Այս «սահմանային իրավիճակներում» (տերմինը՝ Կառլ Յասպերսի) առաջին պլան է մղվում մարդն իր հոգեբանությամբ ու ներաշխարհով և սյուժեի տրամաբանական ընթացքը չի կարևորում այլևս: Լևոն Խեչոյանը կյանքի առօրյա մանրուքներից դուրս է քաշում մարդու ճակատագիրը և վերաձևում գեղարվեստական խոսքի մեջ, միևնույն ժամանակ այդ ճակատագիրը հյուսում է մահվան շոշափելի միջանցքներում: Բոլորովին պատահական չէ, որ գրողի բազմաթիվ պատմվածքներ պատկերված են մահվան սյուժեի հիման վրա, կամ էլ պարզապես ավարտվում են հերոսների մահով: Նրա առաջին ստեղծագործության՝ «Խնկի ծառեր» վերնագիրը, որը նաև դառնում է առաջին ժողովածուի խորագիրը, ամփոփում է անդրաշխարհի գաղափարաբանությունը, քանզի խունկը մահացածների հետ հանդիպումի ծեսն է խորհրդանշում, իսկ գերեզմաններում խունկ ծխելը համարվում է երկխոսություն անդրաշխարհի բնակիչների հետ: Անդրադառնալով արդեն առանձին գործերին՝ կցանկանայինք կանգ առնել «Կարմիր գետի ափին աղոթելիս» պատմվածքի վրա: Այս հանգամանքը պայմանավորված է մի քանի դրդապատճառներով, նախ՝ պատմվածքի գաղափարաբանական առանձնահատկությամբ, փիլիսոփայական մեկնակետերով, ինչպես նաև այն ներքին գաղափարական աղերսներով, որն ունի այս պատմվածքը Խեչոյանի մեկ այլ, առավել հայտնի՝ «Երրորդ որդին» պատմվածքի հետ:

«Կարմիր գետի ափին աղոթելիս» պատմվածքի հենց առաջին տողերից զգացվում է մահվան շունչը: Հեղինակը համապատասխան տրամադրությունը ապահովել է տարատեսակ եղանակներով, նախ պատմվածքի հիմքում ընկած դատավորի մահը: Բայց գլխավոր առանցքը բոլորովին այլ կետի վրա է գտնվում: Պատմվածքի հիմնական իմաստը արտահայտված է Սուրենի կերպարի միջոցով: «Ինչ՞ վերին գոյություն, չկա բնությունը հավասարակշռող այդպիսի ուժ…Մեր աշխարհը, որտեղ ապրում ենք, խուփով ծածկված է, բնակվում ենք փակ համակարգի մեջ, ինչքան ուզում ես աղաղակիր, օգնություն կանչիր, ոչ ոք չի լսի: Ջրհորի միջից որ կանչես, քեզ դրսից կլսե՞ն»[3] : Սուրենի շուրթերով արտահայտած այս միտքը առնչություններ ունի աթեիստական էքզիստենցիալիզմի որոշ կետերի հետ, մասնավորապես այն դրույթի, համաձայն որի Աստված չկա և մարդն ապրում է մի աշխարհում, որտեղ կրոնական հույսը մահացել է, նա պետք է ապրի առանց վերին իմաստի և օգնության: Սուրենը շարունակում է իր մտորումները. «Մեր երկրագունդը օվկիանոսում կորած նավի նման է, միայն թե առանց ղեկի ու շարժիչի սլանում է, ոչ մեկն էլ չգիտի, թե ուր: Հրեշտակ-մրեշտակ էլ չկա: Մոմ վառել, ծունկ ծալելն էլ իզուր է, երբ պիտի խելքի գանք ունայնության առաջ, դատարկություն, դատարկություն է: Անդունդի պես դատարկ է մեր շուրջբոլորը, և թող մարդը հույս չունենա որևէ տեղից»[4]: Ըստ աթեիստ էքզիստենցիալիստներ Սարտրի և Քամյուի, մարդը լքված է, անզոր, քանի որ ոչ իր մեջ և ոչ էլ դրսում չունի հենակետ: Այս ամենից հետևում է, որ մարդուն տրված է անսահմանափակ ազատություն: Բայց պետք չէ մտածել, որ գրողը ժխտում է Աստծու գոյության փաստը, սրանք պարզապես հերոսների մտորումներ են, մտորումներ, որոնք գալիս են կյանքի հարվածներից և դառը կենսափորձից: Հենց վերնագրից ածանցվում է գաղափարը՝ աղոթքը, փրկության և օգնության վերջին հույսը, որը մնում է անպատասխան: «...ետառաջ եմ վազվզում գետի երկայնքով, օգնություն եմ կանչում, ձեռք եմ պարզում երկինք, աղաչում եմ, աղոթում, ոչ մի բան…»[5]:

Վերը նշվեց, որ այս պատմվածքը ներքին՝ իմաստաբանական թելերով կապված է «Երրորդ որդին» պատմվածքի հետ: Այն, որ Լևոն Խեչոյանի գործերում միջտեքստային կապերը իրենց յուրահատուկ տեղն ու նշանակութնունն ունեն անվիճելի փաստ է, որի յուրօրինակ դրսևորումը առկա է նաև այս երկու գործերի մեջ: «Երրորդ որդին» պատմվածքի գործողությունները ծավալվում են Երեք լճերի մարգագետնում: Հենց այդ մարգագետնում է տեղի ունենում ահասարսուռ մահվան ողբերգական դեպքը: Այդ նույն լճերի մարգագետնում էլ հարազատները գաղտնի հողին են հանձնում մահացած որդուն: Հետաքրքրական է այն փաստը, որ առաջին պատմվածքի փիլիսոփայական խորհրդածություններով հանդես եկող կերպարի որդին մահացել է Կարմիր գետում: Երեք լճերի մարգագետնում առկա էր կարմիր լիճը. «Լճերից մեկը կարմիր էր, մյուսը՝ դեղին, էն մեկը՝ կապույտ»[6]: Հենց այս տողով է ավարտվում «Երրորդ որդին» պատմվածքը, եթե հանդիպադրենք նաև քննվող մյուս ստեզծագործության ավարտը, ապա միանգամայն պարզ կլինի գրողի անթաքույց ձգտումը՝ հասցնել ընթերցողին որոշակի գիտակցության հոսքի. « … չորսին էլ տեղնուտեղը մեխեցինք պատին: Ձագերը շատ սիրուն էին՝ մեկը կարմիր էր, միյուսը՝ դեղին, էն մեկը՝ կապույտ» [7]: Ստեղծագործությունները կարծես լրացնում են իրար ներքին ասելիքի բացահայտման մեկնակետից, մեկը դառնում է միջոց, բանալի՝ մյուսի ծալքերը ներթափանցելու համար: Բոլորովին պատահական չէ գույների ընտրությունը, ինչպես նաև դասակարգման հաջորդականությունը, քանի որ Խեչոյանի ստեղծագործական համակարգում գործում է յուրօրինակ գունային փիլիսոփայություն, որոնք արտահայտում են կոնկրետ իմաստներ: Բավական է բերել նրա տարբեր ստեղծագործությունների բնագրերից օրինակներ և ամեն ինչ ավելի պարզ կլինի: «Իմ ապրումների մեջ կարմիրն իր էությամբ աններելի է, սեղմում է ուղեղս, խավարային է, գիշերային է , դողէրոցքային է, աճողական է, կերպար է…» [8], գրողը շարունակում է փիլիսոփայական մեկնությունները նաև իր մյուս վեպում. «Կարմիրը՝ գույներից ամենապայծառը, հերթականության մեջ ամենավերջինն է: Բովանդակությամբ՝ ամենաթույլը, հանգչողը, որն իր ավարտի մեջ սև է դառնում: Նրանով վերջանում է աշխարհը, կյանքը նրա մեջ է ավանդում շունչը…Կարմիրը կենաց և մահու աշխարհների վերջին սահմանագիծն է, մահամատույցը, ուր հեղձամահ սևն է բնակվում: Կենդանական աշխարհը այդ գույնով տեսնում է արյան սպանվելն ու սարսափում է նրանից: …Շնագայլերը սպասում են գոյի անկմանը և առաջնորդում կարմիրից կրկնակի կարմիր՝ գույնի հեղձամահ թուլության մեջ շրջապտույտ տալով»[9]: Պատահական չէ ընտրված նաև վերջին գույնը՝ կապույտը: Կապույտը` մինչերկրային սկիզբը և նախաստեղծ տիեզերական ժամանակն է խորհրդանշում: Այս երանգը գրողի ստեղծագործություններում դարձել է իմաստակիրը հույսի, կարոտի, մարդկային գոյության իմաստավորման, դարձել է փարատողը այն խավարի, որով լցված են մեր ներսի և դրսի աշխարհները: Կապույտը, որը ավելի հաճախ «կապույտ ծաղիկ» պատկերային կրկնությունների ձևով է հանդես գալիս գրողի ստեղծագործություններում, ունի փիլիսոփայական ու գեղագիտական խորը ընդլայնում և առանցքային տեղ է զբաղեցնում Խեչոյանի ստեղծագործական համակարգում, դա փաստում է նաև համանուն վերնագրով պատմվածքը: «Սև գիրք, ծանր բզեզ» վեպում կապույտը կամ կապույտ ծաղկի պատկերը հաճախ զուգորդվում է կնոջ ներկայության հետ. «…հարբած ժամանակ խոստովանեց, որ ինքը վաղուց, տարիներ է, ինչ ինքը քնելուց երազ չի տեսնում, որ բոլոր նորմալ մարդիկ պարտավոր են երազ տեսնել …Եվ հետո, ինչպես միշտ, շփոթվում էր, զարմանում, որ արթուն ժամանակ, բաց աչքերով տեսնում էր իմ քնած ժամանակվա երազը…Միայն թե, ես չէի հասկանում, ինչու էր նա խաբում, իմ տեսածին ավելացնելով, որ այդ կապույտ, հրեղեն տերևներով ծաղիկը պատկանում է խարտյաշ անօգնական աղջկա, որ նա է ինձ խնդրել պաշտպանել ոսկեզօծ պոզերով յոթ գլխանի դևից» [10]: «Կապույտ ծաղիկը» խորհրդանշում է հավատ երազանքի հանդեպ, նրան գտնելու աննահանջ տենչ, «Աստծո պատկերի» իրական ընտրություն, մարդու ճշմարիտ ընտրությունը և հավատ մարդու հաղթանակի հանդեպ: Փորձը, հասնել այնպիսի իմացությունների, որոնք անտեսանելի են և ավելի շատ միտված են մարդու ճակատագիրը բացահայտելուն, որը մղում է հերոսներին հաճախ դեպի կյանքի անմեկնելի մեծ առեղծվածի հետևից: «Սմքեցրել ես ինձ, քամի, նույն երգը լսեցնելով: Դա քո երգը չէ, այն խարտյաշ մազերով, կապուտաչյա աղջկանն է, որն ինչ-որ մի հեռու տեղ հեկեկում է, դու գողացել ես նրա երգը: Եղել ես նրա մոտ՝ Արևածաղկի դաշտերում, քանի որ այնտեղ էր նա ինձ սպասելու, երբ ես վերադառնայի իմ թռիչքներից»[11]:

Շարունակական ձգտումը դեպի անհայտը մարդուն ստիպում է հաղորդակցման ուղիներ որոնել սեփական ներաշխարհին հասնելու համար: Լևոն Խեչոյանի պատմվածքներում հաճախ են այնպիսի հարցադրումները, որոնց պատասխաները երբեք միաշանակ ձևով չեն տրվում և մինչև վերջ չեն բացահայտվում: Դրանք կախված են ընթերցողից, գրողն ինքն էլ, մի պատմվածքից սլանալով դեպի մյուսը, փիլիսոփայական հարցադրումների ուղղվածությունը մերթընդմերթ խաղարկում է: Այն ենթատեքստային նմանությունները, որոնք առկա էին «Երրորդ որդին» և «Կարմիր գետի ափին աղոթելիս» պատմվածքների դեպքում, առավել խորը բովանդակային ուղղվածություն ունեն «Դատախազի թաղումը» և «Պատը» ստեղծագործություններում: Այս երկու պատմվածքները նույնպես առաջին երկուսի նման ունեն սյուժետային ընդհանրություններ: «Դատախազի թաղումը» պատմվածքի իսկական բովանդակությունը դրված է քաղաքի դատախազին հուղարկավորելու սյուժետային գծի մեջ: Թեւ ամբողջ պատմվածքում հնարավոր չէ գտնել անգամ մի պահ, երբ իշխող տրամադրությունը սգո կամ ափսոսանքի զգացումով համակցված լինի: Աստծո և հավատքի խնդիրների բախումն է խորհրդանշում քահանայի առկայությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նախկին կուսակցականը հավատացյալ է: Պատմվածքում առկա են արտահայտություններ, որոնք իրենց ներքին բովանդակութամբ շատ խորիմաստ են և կյանքի ու մահվան մասին մտածելու տեղիք են տալիս: Ի՞նչ են նշանակում գերեզմանոց տանող արգելափակված ուղիները: Թափորը, քաղաքի փողոցները հերթով հատելով, իր ընթացքը մեկընդմեջ փոխելով միևնույն իրականության մեջ է հայտնվում, որը պարզապես կրկնվող շրջապտույտ է (այստեղ որոշակի նմանություն կա Նիցշեի այն մտքի հետ, որ ողջ գոյավորը մշտապես հասնում է վերադարձվող նույնին): Թմբկահարը շեշտում է. «Ես վերջնականապես հասկացա, ինչքան էլ քայլենք, ուր էլ գնանք, տեղ չենք հասնի: Շրջապտույտ է, կրկին գալու ենք միևնույն տեղը»[12]: Նկարագրված անկանոն քաոսում մասնակիցներին խորուրդ է տրվում ընթանալ դեպի եկեղեցի՝ եկեղեցու ճանապարհը որպես փրկության ուղի մատնանշելով: Կրկին միևնույն կետին հասնելու հանգամանքով է պայմանավորված այն, որ արդեն միևնույն է դառնում, թե ովքեր են առաջինները և ովքեր՝ վերջինները. «Դագաղը փոխանցեցին հետ և ետիները դարձան առաջին, առաջիններ՝ ետին»[13]: Տեղի ունեցող ամեն ինչի պատճառը թմբկահարը բացատրում է այն հանգամանքով, որ մարդկանցից հեռացել է հավատի կապտավուն աչքերով թռչունը, որին մարդիկ այդպես էլ չեն կարողանում տեսնել, այլ միայն վերահաս լռության մեջ կարողանում են լսել նրա թևաբախությունը ու թևաբախության ձայնից միաժամանակ հասկանում են, որ նրա հսկայածավալ թևերը ոչ թե օդն են կտրում, այլ բախվում են վանդակի ճաղերին: Քահանան խորհուրդ է տալիս. «Գնացեք դեպի եկեղեցի, եկեղեցին փրկություն է…»[14]:

Իսկ ահա «Պատը» ստեղծագործության սյուժեն արդեն ծավալվում է եկեղեցու տարածքում: Հենց առաջին տողերից գրողը բացահայտում է ընդհանուր տրամադրությունը. հնեաբանները եկեղեցու բակում պեղումների նպատակով գերեզմանոց են քանդել: Նույն շրջապտույտի գաղափարին է բախվում ընթերցողը նաև այստեղ. «Մտանք եկեղեցի, հետո խորանը, գիտեինք որ նա այնտեղ կլինի… Շրջանցեցինք, առաջինները հետիններ էին, հետինները՝ առաջիններ»[15]: Այս պատմվածքում որպես ելքի դուռ արդեն մեկ այլ ճանապարհ է ուղենշվում. «Ուղղությունը վերցրեք դեպի արևը…», իսկ ադ ճանապարհը տանում է դեպի գերեզմանոց, որովհետև «մեռելներին դեմքով դեպի արևն են թաղում»: Նույնիսկ ճանապարհների նախանշումն է օղակ ներկայացնում իրենից, քանի որ վերջում նորից այն միտքն է արտահայտվում, որ, այնուամենայնիվ, պետք է գնալ դեպի եկեղեցի, իսկ «Եկեղեցու որմնաքարերը պատմում էին մարդկանց սիրելու ժամանակը, պտղի հասունության և ամլության ուժը: Ծիծաղելու և տխրելու, ապրելու և մահվան ժամանակը… և միամիտ մարդկանց աչքերով հզոր աստվածներին…»[16]:

Գրողը արձակի իր կենսատարածքում խտացրել է կյանքի ու մարդու լինելիության մասին իր ուրույն աշխարհայացքը: Առաջին հայացքից պարզ թվացող սյուժեների միջոցով նա բացում է գաղափարներ, որոնք իր յուրատեսակ մտածելակերպի արգասիքն են: Պատահական չէ ընտրված նաև «Պատը» վերնագիրը, որի իմաստը օգնում է հասկանալ առաջին պատմվածքում թմբկահարի շուրթերով հնչեցրած միտքը, «… սա իմ պատն է, միակը ամբողջ քաղաքում, որ կանգուն է մնացել, ես այս պատից չեմ հեռանա»[17]: Իսկ այդ պատը երևակայական է, որին բախվում են թերահավատները, այդ պատին բախվում են բոլորը, դա մարդկային կյանքի այն անտեսանելի ներկայությունն է, որը հնարավոր է տեսնել միայն ներքին տեսողությամբ՝  հոգու ամենատես աչքով:

 

1. Տե՛ս Խեչոյան Լևոն, Մհերի դռան գիրքը, Երևան, 2014, 396:

2. Տե՛ս Խեչոյան Լևոն, Սև գիրք, ծանր բզեզ, Երևան, 1999թ., էջ 193:

3. Տե՛ս այստեղ:

4. Տե՛ս նույն տեղում:

5. Տե՛ս նույն տեղում:

6. Տե՛ս  այստեղ:

7. Տե՛ս այստեղ:

8. Տե՛ս Խեչոյան Լևոն, Սև գիրք, ծանր բզեզ, Երևան, 1999թ., էջ 173-174:

9. Տե՛ս Խեչոյան Լևոն, Արշակ արքա, Դրաստամատ ներքինի, Երևան, 1995թ., էջ 9:

10.Տե՛ս այստեղ:

11.Տե՛ս այստեղ:

12. Տե՛ս Խեչոյան Լևոն, Փուշը, հա՛յր, փուշը, Երևան, 2011թ., էջ 126:

13. Տե՛ս նույն տեղում, էջ 128:

14.Տե՛ս նույն տեղում, էջ 128:

15.Տե՛ս այստեղ:

16. Տե՛ս նույն տեղում:

17. Տե՛ս նույն տեղում:

  • Created on .
  • Hits: 732