ՎԱԹՍՈՒՆԵՐԵՔԻ ԽՈՒՄԲԸ 60-ԱԿԱՆՆԵՐԻ ԻՏԱԼԻԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՒՄ

    Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրան հաջորդող տարիներին իտալական կինոյում և գրականության մեջ գերիշխող դարձավ նեոռեալիզմը: Ինչպես հայտնի է, այս մշակութային շարժումը հիմնվում է մի կողմից տասիններորդ դարավերջի իտալական վերիզմի վրա` ձգտելով գրեթե փաստագրական ճշգրտությամբ և օբյեկտիվորեն պատկերել կյանքը, մյուս կողմից, բովանդակային իմաստով, այն հենվում է երկրորդ համաշխարհային պատերազմում Իտալիայի ձեռք բերած փորձի վրա: Այս իմաստով վճռական դեր խաղաց պարտիզանական հակաֆաշիստական շարժումը` Դիմադրությունը: Այսպես, մի շարք հեղինակներ, որոնք կամ մասնակցել կամ էլ ականատես էին եղել պատերազմի սարսափներին, իրենց ստեղծագործություններում նկարագրեցին իրենց սեփակական փորձը: Մեծ դեր խաղաց փաստագրական և հուշագրական գրանակնությունը: Պարտիզանական պայքարի սյուժեները, ֆաշիստական օկուպացիան առաջատար տեղ գրավեցին իտալական արձակում (ինչպես Ալբերտո Մորավիայի «Չոչարա», Իտալո Կալվինոյի «Սարդի արահետները» վեպերը), նաև կինոսցենարներում: Սակայն նեոռեալիզմն իր առավել վառ արտահայտությունը գտավ կինոյում, որը հասավ մեծ բարձունքների և երկար տարիներ մնաց առաջատար համաշխարհային կինոարտադրության մեջ:
    Այլ էր իրավիճակը գրականության մեջ: Ինչպես և վերիզմի դեպքում, այս շարժումը բավականին սահմանափակ էր բովանդակության առումով և շուտով սկսեց իրեն սպառել: Բացի դրանից, թե’ թեմաները, թե’ արտահայտչամիջոցները, որոնց դիմում էին գրողները, այլևս չէին համապատասխանում ստեղծված իրականությանը: 50-60 թվականները Իտալիայի պատմության մեջ հայտնի են որպես տնտեսական բումի` երկրի ինդուստրացման, սպառողական հասարակության ձևավորման տարիներ, և նեոռեալիզմի լեզուն բավարար չէր երկրի նոր իրականությունը ներկայացնելու համար:
    Տնտեսական բումին զուգահեռ Իտալիայում շատ բուռն էր նաև մշակութային կյանքը: Պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսեցին տպագրվել մի շարք մշակութային, գրական ամսագերեր (Politecnico, Il Menabò, Verri) որոնք արտացոլում էին Իտալիայի մշկութային մթնոլորտը և նաև ուղղություն էին տալիս նրան: Մյուս կողմից, տեղի էր ունենում սերնդափոխություն, ասպարեզ էր գալիս այն սերունդը, որը տեսել էր պատերազմը, սակայն ուսում էր ստացել և հասունացել խաղաղ և զարգացող Իտալիայում: Ի տարբերություն ավագ սերնդի, որի երիտասարդությունն անցել էր բռնապետական ռեժիմի ներքո, և որը ստիպված էր հարել ֆաշիզմին կամ Դիմադրության շարժմանը, նոր սերունդը ապրում էր նոր ավելի բաց աշխարհում: Եվ այս նոր պայմաններում ի հայտ եկան մի շարք գրաքննադատներ, գրողներ, փիլիսոփաներ, որոնք իրենց նոր խոսքն էին ցանկանում ասել: Այսպես, 1956 ին Միլանում գրաքննադատ Լուչանո Անչեսկին հիմնում է Il Verri գրական ամսագիրը, որին թղթակցում էին մի շարք երիտասարդ մտավորականներ: Բացի գրականությունից՝ ամսագիրն անդրադառնում էր հումանիտար մտքի այլ ուղղություններին, օրինակ ֆենոմենոլոգիային, հոգեվերլուծությանը, ստրուկտուրալիզմին, որոնք այս կամ այն կերպով առնչվում էին գրականությանը: Մեկ այլ իրադարձություն, որը նախորդեց ու մասնակիորեն պայմանավորեց 63-ի խբի ստեղծումը, I Novissimi[1] (Paolazzi 1961), վերնագրված բանաստեղծական ժողովածուն էր: Այս ժողովածուում տպագրվեցին հետագայում իտալական դասականների շարքին դասված այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Էդ. Սանգուինետին, Ն. Բալեստրինին, Ա. Պորտան: Ժողովածուուոմ զետեղված էին նաև տեսկան հոդվածներ: Հետագայում գրաքննադատ Ֆաուստո Կուրին այսպես բնութագրեց նոր ժողովածուն. «Այն խորապես փոխեց իտալական պոեզիան` ազատելով այն պաթոսից և վերամբարձությունից, և թուլացրեց բանաստեղծի եսը»: Այսպես, Սանգուինետին պնդում էր, որ բանաստեղծի աշխատանքը ոչնչով չի տարբերվում ցանկացած այլ աշխատանքից, բանաստեղծը հրաժարվում է առաջնորդի, գերմարդու իր դերից, որը գերիշխող էր տասնիններորդ դարում, նաև քսաներորդ դարի սկզբում, ինչի վառ օրինակն են Գ. Դ'աննունցիոյի ողջ ստեղծագործությունն ու գործունեությունը[2]:
    Հենց այս երկու խմբերի անդամներն էլ կազմեցին 63-ի խմբի միջուկը, որը ստեղծվեց 1963 թվականի հոկտեմբերին Պալերմոյում: Այս երիտասարդ մտավորականներն իրենց համարում էին նեոավանգարդիստներ կամ էքսպերիմենտալիստներ: Սրանք երիտասարդներ էին, որոնք արդեն իրենց որոշակի տեղն ունեին երկրի մշակութային կյանքում, ունեին տպագրված հոդվածներ, գրքեր: Il Verri ամասգիրը դարձավ 63-ի խմբի պաշտոնական պարբերականը, որը ներկայացնում էր խմբի անդամների տեսական և գրական գործերը, թարգմանություններ այլ լեզուներից և այլն: 63-ի խմբի ստեղծումն, իհարկե, աննկատ չանցավ, և, ինչպես և կանխագուշակում էին երիտասարդ մտավորականները, առաջացրեց շատերի վրդովմունքը և է՛լ ավելի շատերի թերահավատությունը:
    Ինչպես հայտնի է, հետպատերազմյան Իտալիան շատ քաղաքականացված էր, ու չնայած նրան, որ խմբի բոլոր անդամնրեը ձախ հայացքների էին հարում (այս կամ այն չափով), կոմունիստների համար նրանք բավարար ձախ չէին իսկ աջերի համար «նորարար», այսինքն «կոմունիստ» էին, ինչը վերջիններիս համար հավասարազոր էր ամենասարսափելի հայհոյանքի:
    Օրինակ, Սանգուինետիի ստեղծագործություններից մեկի ներկայացման ժամանակ, սրահից լսվում է «ամոթ» «Կորե՛ք, հեռացե՛ք Ռուսաստան», կոչը իսկ Ու. Էկոյի «Բաց ստեծագործություն» աշխտության կապակցությամբ, որտեղ նա, ինչպես հայտնի է, խոսում է ստեղծագործության բազմաթիվ մեկնաբանությունների ու դրա բաց լինելու մասին, գրաքննադատ Ա. Ռոսին գրում է. «Ասացեք այդ երիտասարդին, որ նա այնպես է բացում և փակում ստեղծագործությունը, ասես դա միջանցք է, թղթախաղ կամ էլ ձախերի կառավարության խաղ»[3]:
    63-ի խմբի յուրահատկություններից մեկն այն էր, որ ի տարբերություն դարասկզբի ավանգարդիստական շարժումների` այն չունեցավ մանիֆեստ, ծրագիր, մարտավարություն, և կրում էր բավականին ոչ միատարր բնույթ, այն հետապնդում էր գրականությանը թարմություն, արտահայչականություն հաղորդելու նպատակը, մյուս կողմից, ուղղված էր Նեոռեալիզմի դեմ, մասնավորապես արդեն ընդունված և «դասականների» շարքին պատկանող այնպիսի գրողների դեմ, ինչպիսիք են օրինակ`Կառլո Կասոլան, Վասկո Պրատոլինին, Ջորջո Բասանին: 63-ի խմբի նպատակը մշակութային եթե ոչ հեղափոխությունը, ապա բարեփոխումն էր, խոսքի արտահայտչամիջոցների ազատումը որևէ սխեմայից, ավանդույթներից, այն ամենից, ինչը որևէ կերպ կարող էր սահմանափակել հեղինակի երևակայությունը:
    Երիտասարդները նեոռեալիզմը համարում էին ավանդական դարձած մի երևույթ, որն այլևս ոչինչ չուներ ասելու: Եվ այսպես, ինչպես ժամանակին նեոռեալիստները հրաժարվեցին հերմետիզմի և դարասկզբի անկումային տրամադրություններից և դիմեցին տասնիններորդ դարի ռեալիստական ավանդույթին, այնպես էլ 63-ի անդամերը դիմեցին էքսպերիմենտալիզմին, ավանգարդիզմին: Սակայն ինչպես տարիներ անց գրեց խմբի անդամներից Ու. Էկոն, 63-ի ամենահետաքրքիր հեղինակները ոչ թե ավանգարդիստներ էին, այլ էքսպերիմենտալիստներ, քանի որ ավանգարդը ենթադրում է ագրեսիվ հարձակում, մինչդեռ էքսպերիմնետալիզմը դանդաղ ընթացող գործընթաց է գրականության ներսում, բայց ոչ ինչ-որ բանի դեմ: 63-ի խմբի ստեղծումը նա բացատրում է այսպես. «Սա ոչ թե վեճ էր էսթաբլիշմենթի հետ, այլ պայթյուն էր հենց նրա միջից: Եթե դասական ավանգարդիստները հրձիգներ էին, որոնք սպանվում էին հրշեջների կողմից, ապա 63-ի խումբը ստեղծվել էր հենց հրշեջների սենյակում, պարզապես վերջում ոմանք դարձան հրձիգ»[4]:
    63-ի խմբի ի մեկ այլ սկզբունքային տարբերություն դասական ավանգարդից այն էր, որ խումբը հրաժարվեց որևէ գաղափարախոսությունից և իրականությունն այդ գաղափարախոսության տեսակետից մեկնաբանելուց: «Այսօր որևէ գաղափարախոսություն ի վիճակի չէ տալ աշխարհի սպառիչ ու ամբողջական մեկնաբանություն, և գաղափարախոսության նման գործածությունը կարող է բերել միայն կեղծ իմաստների ստեղծման»[5],-գրում է Ա. Գուլիելմին, ըստ որի՝ իրականությունը պետք է պատկերվի անփոփոխ կերպով, այնպես, ինչպես կա, մի բան, որ կարող էր վստահվել միայն լեզվին: Օրինակ` Էլիո Պալյարինին «Օրիորդ Կառլա» պոեմում նկարագրում է արվարձանում ապրող երիտասարդ աղջկա կյանքը մեծ քաղաքում` Միլանում, որը լի է գովազդային ցուցանակներով, անգլերեն գրություններով: Ստեղծագործության լեզուն պարզ է, երեբմն նույնիսկ հիշեցնում է բյուրոկրատական ոճ, ռիթմը փոխանցում է աղջկա ամենօրյա մոնոտոն, միապաղաղ կյանքը, զարթուցիչ, ավտոբուս, ճանապարհին հանդիպող ոչինչ չասող գովազդներ, գրամեքենայի ձայնը և այլն: Այս պոեմը, ըստ շատ քննադատների, շատ ավելի խոսուն է, քան որևէ նեոռեալիստական արձակ` նմանատիպ թեմայով:
    Խմբի անդամներից մեկ այլ հեղինակի`Լուիջի Մալերբայի «Սալտո մորտալե» (1968-ի) վեպը, արժանանում է մի շարք հեղինակավոր մրցանակների: Այս էքսպերիմենտալ վեպն առաջին հայացքից իրենից ներկայացնում է դետեկտիվ, որտեղ, ոստիկանությանը զուգահեռ, գլխավոր հերոսն անցկացնում է իր սեփական հետաքննությունը, սակայն սպանության գործում ի վերջո ոչինչ չի պարզվում, ավելին՝ բոլոր կասկածյալները, որոնք կրում են նույն անունը` Ջուզեպպե, ինչպես գլխավոր հերոսը, հերթով տարօրինակ կերպով մահանում են: Հերոսի սիրելի կինը հանդես է գալիս ամեն անգամ նոր անունով: Ողջ վեպը հերոսի ներքին եսի հետ երկխոսություն է, մտքերի շարան վաթսունականների կյանքն արտացոլող ռադինորությունների, գովազդային հոլովակների, հեռուստահաղորդմների, լուրերի, դրսից եկող աղմուկի ֆոնին: Այս տիպիկ «բաց ստեղծագործության» մեջ (Էլիո Պալյարինիից միանգամայն տարբեր ձևով) հեղինակը նույնպես դիմում է լեզվական էքսպերիմենտին` պատկերելով նոր աշխարհի ողջ քաոսայնությունն ու ոչ միանշանակ լինելը, ստիպում ընթերցողին աշխատացնել մեկնաբանության մեխանիզմները:
    Լեզուն, ոճը՝ սրանք էին առաջնային նոր հեղինակների համար, մինչդեռ նեոռեալիզմի տեսակետից կենտրոնական էր թեման, հեղինակի քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումը, այսինքն հենց այն, ինչը ըստ 63-ի անդամների, սահմանափակում էր նեոռեալիզմի պոետիկան: Սակայն նոր հեղինակներից ոմանք, ովքեր հերմետիկների օրինակով դիմեցին խորհրդանշային համակարգերի, հասկանալի էին միայն սահմանափակ էլիտար խումբ: Նրանք մեղադրվեցին էլիտարության մեջ:
    Խումբը չունեցավ երկար կյանք, այն լուծարվեց 1969-ին` շատ խորհրդանշական` պոստմոդեռնիստական յոթանասունականների նախօրեին: Լուծարման պատճառներից կարելի է համարել այն, որ խմբի ներսում ի սկզբանե գոյություն ունեին երկու խմբավորում, ավելի ծայրահեղական` ավանգարդիստներ և ավելի չափավոր` էքսպերիմենտալիստներ: Սակայն 63-ի խմբի գործունեությունը երկրի գրական կյանքում մնաց որպես շատ կարևոր մի երևույթ, որը աշխուժացրեց Իտալիայի մշակութային կյանքը, խմբի անդամները հիմնեցին մի քանի ամսագրեր, որոնցից Il Verri, Quindici, Grammatica ամսագրերը գործում են առ այսօր և հանդիսանում ամենահեղինակավորներից մեկն Իտալիայում:
    2003-ին` 63-ի խմբի ստեղծումից քառասուն տարի անց, կազմակերպվեց գիտաժողով, որին ներկա էին խմբի անդամները: Միջոցառումը նվիրված էր խմբի գործունեությանն ու թողած ժառանգությանը: Քառասուն տարի անց փորձ արվեց անդրադառնալ 63-ի խմբին` որպես միասնական երևույթի, քանի որ նախկինում ուսումնասիրության առարկա էին դարձել միայն առանձին հեղինակներ:
    Այս խմբից դուրս եկան այնպիսի հեղինկաներ, ինչպիսիք են Լուիջի Մալերբան, Է. Սանգուինետին, Անտ. Պորտան, մի շարք քննադատներ: Իսկ եթե վերադառնանք սկզբին` 63-ին, ապա մանիֆսետի բացակայությունը, գրական հանդուժողականությունն ու պլյուրալիզմը կարելի է համարել ոչ այլ ինչ, քան վրա հասնող պոստմոդեռնիզմի սուրհանդակ` հատկապես հաշվի առնելով այն, որ այս խմբի ակտիվ մասնակիցներից էր իտալական, ինչպես նաև համաշխարհային պոստմոդեռնիզմի գլխավոր ներկայացուցիչներից մեկը` Ումբերտո Էկոն, որը շարունակեց իր գործունեությունը որպես տեսաբան, ապա 1980-ին մտավ նաև գեղարվեստական գրականության ասպարեզ:
Հասմիկ Եղիազարյան 
բ.գ.թ.

[1] INovissimi - իտալերեն՝ նորագույնները, մյուս կողմից, կա բառախաղ. IquattroNovissimi  /լատիներեն վերջինները, հուն.` ἔσχατα, / բառերովԿաթոլիկ եկեղեցու ուսմունքի մեջ խորհրդանշվում են այն չորս իրողությունները, որոնք սպասվում են մարդուն կյանքի վերջում- մահ, դատաստան, դժոխք, դրախտ:
[2] Il Gruppo 63 quarant'anni dopo: Bologna, 8-11 maggio 2003, Edizioni Pendragon 2005, p. 44,
 

  • Created on .
  • Hits: 4090

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: