Հրանտ Մաթևոսյանի ֆենոմենը

   Այն ինքնատիպ գրական երևույթը, որ անվանվում է «Հրանտ Մաթևոսյան», սկսած քսաներորդ դարի վաթսունական թվականներից և այդուհետ այնքան խոր ու բովանդակալից հետազոտությունների նյութ է դարձել, որ թվում է, թե ամեն ինչ ասվել է նրա գրի առանձնահատկությունների` սյուժեների, թեմաների, լեզվի ու ոճի, կերպարների, դիպաշարի, պատկերի, պատմողականության, երկխոսությունների, նկարագրությունների, ենթատեքստերի ու միջտեքստայնության, փիլիսոփայության ու գեղագիտության, գաղափարախոսության կամ անգաղափարայնության, հոգեբանական որոնումների ու երկատվածության, աշխարհայեցումի, բառազգացության ու բառաստեղծման մասին, ուստի հարկ չկա վերստին անդրադառնալ այդ ամենին: Բայց երբ սկսում ես անդրադառնալ, պարզվում է` ո’չ միայն հարկ կա, այլև, նույնիսկ, նրա ստեղծածի հետ լեզու գտնելու խնդիր կա, քանի որ խորքերում նորանոր շերտեր բացահայտելու, իր հետ կռվելու ու խաղաղ գոյելու, չհամաձայնելով համաձայնելու, խելապատառ սիրելով`  խրտնելու հսկայական նյութ է տրամադրում մաթևոսյանական գրաշխարհը:
  Այս անգամ իմ ուսումնասիրության նյութը Հրանտ Մաթևոսյանի ֆենոմենի բացահայտումն է «Մեսրոպը» (Մաթևոսյան 1978, այսուհետև այս գրքից բոլոր մեջբերումների էջերը` կից տեքստին) վերտառությամբ փոքրածավալ` երեսուն էջ տարողությամբ վիպակ-պատմվածք-ակնարկ-նոթի տողարանքներում: Հենց միայն այն փաստը, որ «Մեսրոպը» ժանրային առումով տեղավորելի է վերոբերյալ չորս տարբաժանումներում, արդեն մատնանշում է հեղինակի ստեղծագործական խոհանոցում բոլորովին նոր ու ինքնեղեն մի նորանյութի գոյությունը: Սա այսպես է, քանի որ «Մեսրոպը» միաժամանակ վիպակ է, պատմվածք, ակնարկ ու նոթ, ու զարմանալիորեն դրանիցից ոչ մեկը չէ, եթե խիստ չափուձևենք ըստ ամենքի նկարագրի ու սահմանման:
   Այստեղ էլ թաքնված է Մեսրոպի ու նրա ստեղծողի մեկնաբանալին: Մեսրոպն ու ստեղծողը մեկ են ու մեկ չեն, իրար թև-թիկունք են ու հակոտնյա են, մի մոր արգանդից են ու հազիվհազ են իրար կողքի կանգնում: Ու ինչ էլ լինի` հենց գրի մեջ արդեն Մեսրոպը տեսնում է իրեն հավերժի մեջ պահողին, նրան, որ ինքնապահպանման մղումով է ստեղծում «իր նմանին»: Մեսրոպը տեսնում ու ճանաչում է նրան, ում հետ կարելի է ու կարող է խոսել ու խոսում է իր կասկածների, իմացած-չիմացածի, մոռացած-շփոթածի մասին, վրա է բերում հեգնելով ու սիրաշահող ընկրկումով. «- Այ տղա, մեր էս հայ ազգը վայ թե մի մե՜ծ սուտ է,- ասավ:
     Եվ անցնելուց հետո`
     -  Այսինքն էնքան էլ մեծ չի, եղած-չեղածն էս է հատել գնացել է՜»: (196)
   Ու հետո անճարությունից ու անելանելիությունից ինքն իրեն հերքում էր մեկ` «- Առաջարկում ենք թուրքերին մեր խոտհարքներից հանել», (192) մեկ էլ` «Ասում էր աղվանների հյուրն է եղել, հացոտ ժողովուրդ են, ասում էր, էս ոտներիս տակի հողը նրանց հողն է, ասում էր, ես զարմանում եմ, ասում էր, թե ինչու են մեզ թողնում իրենց հետ հարևանություն անենք»: (196) Ու երբ Մեսրոպը Հայոց պատմության ի’ր պատմությունն էր պատմում, Հրանտ Մաթևոսյան գրողը գրի մեջ ասում է. «Այս բոլոր բաները` Լեոն, Զարմայրը, քրիստոսի ծնունդից առաջը, Հովհաննես Թումանյանը` բոլորը ձիապանի տան կարասիներն էին, ուզածի պես դասավորում էր, և սարվորները մտածում էին, որ նա ձիապան չէր լինելու, երևաններում-բանում մի տեղ դասատու էր լինելու»: (190) Իսկ երբ բանը հասնում է Գայլ Վահանին, «Եկան` ջարդեց, եկան` ջարդեց»-ն ավարտվում է. «Գայլ Վահան, չէ՜ մի, քաջ Նազար»-ով (190) կամ «էնքան ջարդեց` եղավ քաջ Նազար»-ով, որին ընդդիմանում է պատմող Հրանտ Մաթևոսյանը. «- Գայլ Վահանը պատմական եղած անձնավորություն է, քաջ Նազարը հնարովի է: …
      -  Դասատո’ւդ գիտի,- դեպի մեր վրանը շուռ եկավ Մեսրոպը:
      -  Դասատուս ձիարած չի,- կանչեցի ես: …
      -  Ձեռիդ ճար չկա` աղվան ես ասում,- կանչեցի ես,- նրանք աղվան չեն:
   - Խեղճ մարդ եմ,- ասաց Մեսրոպը,- չգիտեմ նրանք ինչ են, բայց քու պապը նրանցում շատ մեծ հարգանք ուներ, շա~տ»: (197)
    Ականջ ես դնում նրանց կանչերին ու զգում ու հասկանում ես, որ Մեսրոպից ավելի Մեսրոպ է Հրանտ Մաթևոսյանը ու միաժամանակ հակաՄեսրոպ է ու հակա Լևոն է ու միաժամանակ հանուն Մեսրոպի ու Լևոնի է, երբ նրանց մշտակա և ու-որ է լինելիք կռվին խառնվելով` սաստում է. « - Ամոթ է, - գոռացի ես, - վրաներդ ծիծաղում են, ամոթ է»: (198)
    Հրանտ Մաթևոսյանը տեսակ է, որի անունը «մեսրոպական» կարող ենք դնել, որ շատ տարբեր է իր իսկ ստեղծած «մեսրոպիզմից», բառ, որ հնչեցնում է Մեսրոպի հակառակ երեսի` Լևոնի բերանից. «Հաճելի էր պապից պապ ու հորից հայր մաշված փոցխ, գոմեշ, հնձել, սամի, թրիք, կորեկ, այ գյադա բառերի փոխարեն զրնգացնել գործունեություն, գիտակցական կյանք և ուրիշ նոր, դեռ արկղերից չհանված քամհար մեքենայի պես յուղած նոփ-նոր բառեր: Միայն թե Լևոնը հաճախ մոռանում էր նացիոնալիզմ բառը և քիչ էր մնում դրա փոխարեն, էնիքը, մեսրոպիզմ ասեր»: (215)
    Ասելիքս այն է, որ այնպես, ինչպես Մեսրոպը խտանյութ է, որն իր մեջ ամբարել է դարերի հեռուն ու մի դարի խարանը, ասենք` Հայոց պատմություն պատմողի դերակատարումով ու թրքատյաց` իր աչքի առաջ` թուրքն իր հորը սպանելու գլխավոր, բայց ոչ միակ պատճառով, ու սիբիրյան աքսորական է ու «շաղված մարդ» է, «Լավ մարդ է, բայց իր օգուտն ու վնասը չի ջոկում, ձին քացի է տալիս նրան, եզը` հարու» (229), ուրեմն, եթե Մեսրոպն այս խտանյութն է, ապա Հրանտ Մաթևոսյանն ստեղծողի այն եզակիությունն ունի, ով չի դատում ու դատափետում անվերապահորեն, ով չի մեղադրում մեկին թուրք լինելու համար. «Նա նրանց թուրք էր ասում, որպեսզի նրանք վիրավորվեն, բայց նրանք չէին վիրավորվում, որովհետև ամենևին էլ թուրքեր չէին: Նրանց զբաղմունքն այդ չէր, թրքությունը չէր նրանց զբաղմունքը, այլ, մերոնց նման, ոչխար պահելը, խուզելը, թրջվելը, չորանալը, անձրևին ու աշխարհին հայհոյելը: Եվ մերոնց մեծերը Մեսրոպին ասում էին: - Դե լավ, էլի, ձենդ կտրիր»: (191)
   Ոչ էլ գովաբանում է մյուսին` հայ լինելու համար. «Սարի էն երեսին թշնամի չկա, թշնամին դո’ւք եք, ասաց, կկոտորեմ բոլորիդ, ասաց, ու հրացանը քաշեց: Ու հրացանը քաշած` թշնամի եք, ասաց, հայ չկա էս աշխարհում, ասաց աննամուս էիք ու աննամուս էլ կաք: Հայեր, իրոք, չկային: Կային միայն հովիվներ, որոնք թքոտեցին հեռացող Մեսրոպի ետևից, ասացին, որ լավ կլիներ նրան այնտեղ տային շանսատակ անեին»: (194) Հենց միայն այս փոքր հատվածում արդեն հստակեցվում է Մեսրոպի` թշնամու պատկերացումը, որ բոլորովին էլ թուրքով չի սահմանափակվում, ինչպես և որոշակիանում է գրողի` ազգային ու մարդկային գաղափարաբանության իմացությունը, որից կարծես արտածվում է հանրահայտ ասույթի այս վերաձևումը. «ազգինը` ազգին, մարդունը` մարդուն»: Սա էլ թույլ է տալիս զուգահեռել Մեսրոպի «մեսրոպիզմն» ու Հրանտ Մաթևոսյանի «մեսրոպականությունը»:
   Եվ այն, որ  «մեսրոպիզմն» ու «մեսրոպականությունը» կան ու դատապարտված են լինելու իրար զուգահեռ ու երբևէ չեն խաչվելու, մատնանշում է նաև այն դրվագը, ուր Ալփաուտեցի Բայրամն ու Ղազարի Ավետը կատակում են այնպես, որ խաղը դառնում է «փետակռիվ», և ապա` «Խանչալը քաշած` նա վրա էր վազել, Ավետիքը հրացանը գետնից առել ու դեմառդեմ տվել պատռտել էր նրա փորը: Սպանվածի ազգականները մի շաբաթ հետո, մեկ էլ մի յոթ-ութ տարի հետո կրակեցին Ավետի վրա` բախտը բերեց»: (201) Սա այսպես էր լինելու որպես «մեսրոպիզմ», բայց սա «մեսրոպիզմ» չէր ընկալվելու, թե որ սրան չհաջորդեր Հրանտ Մաթևոսյան պատմողի միջամտությունն իր «մեսրոպականությամբ». «Նրանք` Ավետիքն ու Բայրամը, հետո անպայման կզղջային վեճի ու կատակի համար, բայց նրանց բանը վատ դասավորվեց», նույնիսկ ավելին. «Հետո Ավետիքին հարցնում էին, թե էդ ո՞նց եղավ, ասում էր լավ չհասկացա»: (201) Ասել է թե` Մաթևոսյան պատմողն այստեղ անկողմնակալ ասացող չէ, այլ ստեղծված իրադրությունները քննող ու գնահատող ու հետահայաց կանխագուշակ է, որ կռվողների անունից հաստատակամ խոսում ու հավաստիացնում է, թե նրանք տաքգլուխ ու պահի ազդեցությամբ գործեցին միայն և ոչ ավելին, որ Բայրամին սպանելուց հետո «Ավետիքն անքնությամբ հիվանդացավ»: Բայց Մաթևոսյանի «մեսրոպականությունը» վայրկենապես չքվում է, երբ հաջորդ իսկ պահին նրա իսկ ցուցանած կյանքի ճշմարտությունը գալիս է խմբագրելու այն. «Նրա ականջի տակ գնդակ բզզաց, բայց նա գլուխն էլ չթեքեց նայելու, թե որտեղից էր, ինչ էին ուզում: Իսկ այդ կրակողները քսան տարի համառորեն շարունակում էին և չհանգստացան` մինչև չառան Ավետիքի դանդաղած, սևացած, մեռած արյունը»: (201-202)      
    Մի առանձին ջանադրությամբ է երևան գալիս Հրանտ Մաթևոսյանի  «մեսրոպականությունը» հուշի այն պատումի ու իրադարձության նկարագրության մեջ, ուր որդու` Մեսրոպի աչքի առաջ «նրանք» սպանում են հորը: Պատմողի հանդարտ շնչի մեջ կանխազգացվում է վտանգը, որ առավել տագնապալի է դառնում բնության իդիլլիկ տեսարանին հակընդդեմ. «Բեռնած ձին կապեցին թփից, հորն ու որդուն հանեցին ճանապարհից ու տարան արահետով: Տաք, սպիտակ օր էր, օդը թեթև մեղրահոտ էր բուրում: Շուրջը խճճվել էր մեղվի համերգը»: (202) Նույնիսկ, այս դառնաղի իրադրության մեջ, որ սիրտ պատռելու չափ անօրեն էր` որդու տեսածը սկզբում հոր` անճարությունից ծնված «հիմարավուն ժպիտն» էր, հետո «Թուրքը հրացանի փոկը ուսն անցըրեց, ետ ծալեց չուխայի լայն թևքը, մի անգամ էլ ետ ծալեց, հենց քայլելիս էլ հարմարվեց Ավետիքի կողքին ու բաց ափով շեղակի խփեց նրա վզին: Հայրը գայթեց ու գնաց կուզեկուզ փութով, կարծես հավ էր բռնում, և արահետի տակ ծնկեց գլուխը կրծքին: Մեսրոպը լռիկ լաց եղավ` աչքը փափախավորի ձեռքին»:  (203) Ուրեմն, հենց այս դառնաղի իրողության մեջ անգամ բռնում է պատմողի «մեսրոպականությունը», որով զոհն արդարացնում է դահճին. «Նա գիտեր, որ լուրը գյուղ շուտ չհասնելու համար են երեխային վերցրել, բայց նրանց մտադրության մեջ հիմա չէր գտնում այն վատը, որ արժանի լիներ բողոքի, հայհոյանքի, արտասուքի, և երեխայից էր խոսում»: (203) Գույներն ավելի են խտանում, ու  «մեսրոպականությունն» ավելի է մեղք երևում, երբ նրանց սև գործի պահին մեջտեղ է բերվում գթասիրտ մեկը` «կզակը չալ թուրքը», որ «երեխային մի կողմ տարավ ու իրենով նրանց ծածկեց երեխայից: … Երեխան նրանից փաղաքշվել էր ուզում և գլուխը հենել էր նրա փորին, գոտու ճարմանդին: Նրանից բրդի ու ոչխարի կաթի խառն հոտ էր գալիս, և դա հարազատ էր»:  (204)
   Ու ընթերցողիս համբերության բաժակը լցվում է այն պահին, երբ Մեսրոպից ավելի Մեսրոպ Հրանտ Մաթևոսյանը պիրկ զսպումով պատմում է, թե ինչպես ժպտացող մարդասպանի հետ ուս ուսի քայլող չոբանը մարդասեր հոգածությամբ «ձին քաշեց ճամփա և երեխային դրեց բեռների մեջ: - Գնա: - Նա ձիու սանձը կապեց թամբին` որպեսզի ձիու ոտի տակ չընկնի ու նորից ասաց. – Գնա: Մենք էստեղ կանգնած ենք, մի վախեցիր, գնա»: (205) Մարդ են սպանել հերիք չի, մի բան էլ հորն են սպանել մի մատ երեխա` որդու աչքի առաջ, դա էլ ոչինչ, թուրքը հայ է սպանել քանի տարի անց` արյունռուշտ քինախնդրությամբ, վրիժառու ու նպատակադիր, դա էլ մի կողմ դնենք, հիմա էլ եկել` այդ նույն թուրքը գորովանքով հոգում է, որ հանկարծ «ձիու սանձը ձիու ոտի տակ չընկնի» ու երեխային վնասի, ու աչալուրջ գորովանքով տեր է կանգնում երեխային ու հաստատակամ քաջալերում է. «Գնա: Մենք էստեղ կանգնած ենք, մի վախեցիր, գնա»: (205)
    Ու ասացող Հրանտ Մաթևոսյանը գրի պահին ասես տեսնում է ընթերցողիս փրփրած դառնանալը, ու խղճում է, ինձ էլ է խղճում ու չի թողնում դանակը հասնի ոսկորին, ու ինձ ինձնից փրկում է հենց նրա «մեսրոպականությունը», երբ շունչդ բկիդ մեջ պահող լարումով նկարագրում ու պատմում է Լևոնի ու Մեսրոպի ձեռնամարտի մանրամասները, ուր «Հաճելի էր գիտակցել, որ երեկ Հոտած Նիկոլի կնոջ կողքերով վիզները ծռած վազողից իրենք դարձել են գաղափարակիրներ» (211), և հիմա գաղափարի իր հակառակությամբ հանդերձ Լևոնը փրկում է Մեսրոպին իշխող գաղափարակիրների մամլիչի տակ ճզմվելուց, թող որ` ժամանակավոր, թող որ` նախ ինքն իրեն փրկելով, թող որ` հետո Սիբիր ճամփելով, իսկ մինչ այդ` նացիոնալիզմի պարտադիր ատրիբուտ խանչալը Մեսրոպի իսկ ձեռամբ «իրեղեն ապացույց դարձնելով», որպեսզի «Լևոնը շրջկենտրոնի առջև սևերես չմնար»: (215)
   Ու քանի որ «Մեսրոպը նրան լսում էր  ականջը բերանին դեմ արած և շուտ-շուտ ասում էր` հա, այո, լավ, հա, այո: Լևոնն ուրեմն Մեսրոպին ասում էր. – Ամոթ է, կենտրոնից ասել են Ծմակուտ նացիոնալիզմ կա, հիմի մենք կենտրոնին ասենք չկա՞: Մարդիկ քաղաքից վեր են կացել եկել մեր դուռը, հիմի դատարկ ձեռքով ե՞տ ղրկենք»: (214) Ու երբ ճակատագրի հեգնանքով Մեսրոպին Սիբիր են տանում, ու երբ տասը տարի հետո Մեսրոպը Սիբիրից գալիս ու մտնում է գրասենյակ, Լևոնի օձիքը հավաքում ու թափ է տալիս, հենց այդ պահին ընթերցողիս սիրտը հովանում է, ու ես զարմանալիորեն վարակվում եմ ոչ թե «մեսրոպիզմով», այլ «մեսրոպականությամբ», երբ դատավճռի պես հնչում է մարտահրավերի կոչը. «- Ժողովրդի թշնամի Լավրենտի Բերիային օգնում էիր, հա՞: Իսկ գիտե՞ս, որ Բերիային գնդակահարեցին: Խիղճ ունեցիր ու գնա ասա ինձ էլ գնդակահարեցեք, խիղճ ունեցիր, խիղճ ունեցիր»: (215) Ու այդ օրերին ընդգծվող Լևոնի խեղճությունը միտք ունի հավասար նժարել աքսորն ու պատերազմը, որ դարձյալ ծայրեծայր «մեսրոպականություն» է.
     « - Չէ, ես ի՜նչ կուսակցություն եմ:
     -  Բա էդ ինչի՞ ես անունից խոսում: - Լևոնը չէր պատասխանում, և Մեսրոպը հպարտությամբ գամեց:      - Սիբիրից ես եմ գալիս, չափերի մասին ինքն է խոսում:
     - Դե ինչ անեմ,- ասաց Լևոնը,- ես էլ Բեռլինից եմ գալիս»: (215-216)
   Ու որպես մի վերջին հզոր ակորդ այս բազմալար նվագարկումի, Հրանտ Մաթևոսյանը զորում է ոտք երկարել հենց նրա` բնության հետ, ուր և հանդիպեցնում է Մեսրոպին ու արջին. «Նա մտել էր երբեք էլ մայրուղի չհանող մի արահետ, որ նրան տանում ու տանում, խորացնում ու խորացնում էր անտառի վայրենության մեջ` արջի ու հաճարենու, քարարծվի ու բվեճի, եղնիկի ու քամու աշխարհ: Այնտեղ ժայռերը ծերունու նման խոժոռվում են, արջը, իբր, ճղճղված կոճղով նվագում է չգիտես ինչ, կայծակները հրդեհում ու անձրևները մարում են կաղնիների հրդեհը»: (219)
    Ու արջի հետ մենամարտած Մեսրոպը խոստովանում է. «- Վաթսուն տարի ապրել եմ ու թե մի բան եմ հասկացել` որսի օրը: Արջն ինչո՞ւ է ուժեղ, որովհետև արջը ծմակն է, ծմակի մի մասն է: Իր մի մասով ծմակը արջ է, դե հիմա գնա գտիր, թե որտեղ է ծմակը վերջանում ու սկսվում արջը: …
    -  Այսինքն սեփական ծմակ պիտի ունենաս: Լևոնն, օրինակ, ունի ու ուժեղ է: Ծմակ միայն ես չունեմ»: (219)
   Այս ինքնախոստովանանքը նույնքան ճշմարիտ է, որքան ճիշտ ու ճշմարտորեն համընկնում է ծմակ ունեցող Լևոնի` Մեսրոպի մասին ունեցած կարծիքին.  «Լավ մարդ է, բայց իր օգուտն ու վնասը չի ջոկում, ձին քացի է տալիս նրան, եզը` հարու: Անխելք է, ձին պոզ չունի` կանգնիր առջևը, եզը քացի չունի` կանգնիր ետևը: Օրենք է, պիտի ենթարկվես»: (229)
  Սա է Հրանտ Մաթևոսյանի ֆենոմենը. նա կյանքի ու բնության օրենքները լավ գիտեր, բայց ենթարկվող չէր:    
                                                                                                                Դիանա Համբարձումյան
          
 
 
 
 
  • Created on .
  • Hits: 5044

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: