ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ-ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ԿԱՊԵՐ

          ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ
    Ուսումնասիրությունը կատարվել է «Գրքի հարթակ» նախագծի շրջանակներում

    Լեգենդը վկայում է, որ Հայոսն ու Քարթլոսը երկվորյակ եղբայրներ են եղել, և նրանց շառավիղներից էլ սերել են բարեկամ ու դրկից երկու ժողովուրդները` հայերն ու վրացիները: Իսկ պատմական աղբյուրները (Ստրաբոն, Պլինիոս Ավագ, Մովսես Խորենացի և ուրիշներ) այժմյան Վրաստանի տարածքում դեռևս հնագույն ժամանակներից հիշատակել են հայաբնակ գավառներ:
    Վրաստանում հաստատված հայերի թիվն ավելացել է 5-րդ դարի առաջին կեսին, երբ Մեծ Հայքից անջատվել ու վրացական մարզպանությանն են միացվել հայկական բնակավայրեր: Հենց այդ դարից էլ սկիզբ են առնում հայ-վրացական գրական-թարգմանական կապերը` պայմանավորված գրեթե միաժամանակ ստեղծված հայկական և  վրացական գրերի գյուտով, երբ երկուստեք սկզբնավորվեց ու հետզհետե թափ առավ թարգմանական գրականությունը: Հանրահայտ է վաղ և ուշ միջնադարյան բազմաթիվ գիտամշակութային ու կրթական կենտրոնների գործունեությունը` հայերենից վրացերեն և վրացերենից հայերեն վարքագրական, քերականական, պատմական ու գրական տասնյակ հուշարձանների թարգմանության ու մեկնության բնագավառում: Երկու ժողովուրդների գրական-թարգմանական կապերն աշխուժացել են հատկապես 19-րդ դարում, երբ Թի‎ֆլիսը դարձել է կովկասահայերի գիտական, գրական ու մշակութային խոշորագույն կենտրոնը: Թի‎ֆլիսի հետ է կապվում հայ գրականության երախտավորներից Նաղաշ Հովնաթանի, Սայաթ-Նովայի, Խաչատուր Աբովյանի, Ռափայել Պատկանյանի, Ծերենցի, Գաբրիել Սունդուկյանի, Լեոյի, Պերճ Պռոշյանի, Րա‎ֆֆու, Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Մուրացանի, Նար-Դոսի, Շիրվանզադեի և այլ երախտավորների անունները, նաև նորագույն շրջանի շատ կարկառուն դեմքեր, ովքեր երկար տարիներ ապրել և ստեղծագործել են Վրաստանի մայրաքաղաքում: Այստեղ գործել են գրական-գեղարվեստական սալոններ, որոնց մեջ ամենանշանավորը Թումանյանի հիմնադրած «Վերնատունն» է: Ներկայումս, ավանդույթին հավատարիմ, Վրաստանի գրողների միությանը կից գործում է հայ գրողների «Վերնատուն» միությունը, տպագրվում են հայերեն գրքեր, «Կամուրջ» և «Վերնատուն» գրական ալմանախները:
    Հարկ է նշել, որ վրացալեզու հայազգի շատ գործիչներ դարերի ընթացքում հարստացրել են վրաց ժողովրդի հոգևոր գանձարանը: Մյուս կողմից, ինչպես վերն ասվեց, հայ դասականներից շատերն ապրել և ստեղծագործել են Թի‎ֆլիսում, թարգմանվել և դարձել մատչելի վրաց հասարակությանը: Նրանցից ամենանշանավորը, անտարակույս, Սայաթ-Նովան է (1712-1795): Հայ հանճարեղ աշուղի մասին գրվել են մենագրություններ և ուսումնասիրություններ, բազմիցս հրատարակվել են նրա վրացերեն խաղերը (երեք տասնյակից ավելի), թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել եռալեզու  քերթողի հայերեն բանաստեղծությունները: Սայաթ-Նովայի գրական ժառանգությունը ժողովրդականացնելու գործում մեծ վաստակ ունեն հանրահայտ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, անվանի նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը և վրաց նշանավոր գրող Իոսեբ Գրիշաշվիլին, որոնց ջանքերով 1913 թ. մայիսին տոնվեց մեծ երգչի ծննդյան 200-ամյակը, և այդ ժամանակից ի վեր Թի‎ֆլիսում հանդիսավորությամբ նշվում է     Սայաթ-նովյան Վարդատոնը` իբրև երկու ժողովուրդների բարեկամության առհավատչյա:
Իր հերթին, հայ գրական միտքը բարձր է գնահատել ժամանակի վրաց գրականության մեծերին` մշտապես ուշադրության կենտրոնում են եղել Շոթա Ռուսթավելին (12-րդ դար) և նրա «Ընձենավորը» պոեմը, որի հայերեն առաջին թարգմանությունը կատարվել է դեռևս 1860 թվականին:
    Հիշարժան է թի‎ֆլիսաբնակ հայ մեծանուն դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի ներդրումը վրաց մշակույթի ոլորտում: Վրացական թատրոնում պարբերաբար բեմադրվել են նրա պիեսները («Պեպո», «Խաթաբալա», «Էլի մեկ զոհ» և այլն), ինչը, վրաց գրականագիտական մտքի գնահատմամբ աշխուժացրեց վրաց հասարակությանը, «ուժգին թափ հաղորդեց վրաց գրականության առաջընթացին, նրա ազդեցությամբ հանդես եկավ դրամատուրգների և թարգմանիչների մի ամբողջ սերունդ»:
    Հոգևոր միասնության և մարդկային ու ստեղծագործական բարեկամության հրաշալի դրվագներ են գրանցել Գաբրիել Սունդուկյանն ու Ակակի Ծերեթելին: 1910 թ. դրամատուրգի ծննդյան 85-ամյակի առիթով Ծերեթելին նրան ներբող է ձոնում, որը յուրովի արտացոլում է հայ և վրաց բարեկամության դարավոր խորհուրդը. 
                                 Ես մի վրացի, իսկ դու` հայ ես,
                                 Բայց մենք երկուսով եղբայր ենք հիմի,
                                 Երկուսս էլ զավակ նույն հողի, ջրի,
                                 Եվ նույն բնության, և նույն լեռների:
    Հայ և վրաց գրական  կապերի պայծառ էջերից են Խ. Աբովյանի և վրաց գործիչների, Հովհաննես Թումանյանի և Ի. Գրիշաշվիլու, Ա. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի և  Կ. Գամսախուրդիայի, Ե. Չարենցի ու Տ. Տաբիձեի մտերմությունը: Գրական բարեկամության այս գեղեցիկ ավանդույթը վերընձյուղվեց անցյալ դարավերջի Վարդգես Պետրոսյանի  և Նոդար Դումբաձեի  մարդկային-ստեղծագործական արդյունավետ համագործակցության հիմքի վրա: Երկու ժողովուրդների բարեկամությունն է արտացոլվել Խ. Աբովյանի, Ա. Իսահակյանի և Ե. Չարենցի վրացական թեմաներով գրած գեղարվեստական երկերում, Դ. Դեմիրճյանի և Կ. Գամսախուրդիայի վեպերում, Տ. Տաբիձեի, Ս. Չիքովանու, Ի. Նոնեշվիլու` Հայաստանին նվիրված բանաստեղծական շարքում:
    Խորհրդային իշխանության տարիներին  հայերեն և վրացերեն հրատարակվել են տասնյակ ժողովածուներ, առանձին գրքերով լույս են տեսել  հայ և վրաց դասական գրողների, ժամանակակից` ավագ և կրտսեր սերնդի արձակագիրների ու բանաստեղծների ստեղծագործությունները: Այս շրջանում առանձնապես նշանակալից էր արձակագիր Նոդար Դումբաձեի շռնդալից մուտքը հայ գրականություն: Սկսած 60-ական թվականներից, Երևանի և Թբիլիսիի հայկական պարբերականներում տպագրվում են նրա պիեսներն ու պատմվածքները, բեմադրվում Հայաստանի թատրոններում: 1985 թ. հայկական հեռուստատեսությունը Հրաչյա Բայրամյանի սցենարով ստեղծվեց վավերագրական կինոնկար, «Սովետական գրող» հրատարակչությունը տպագրեց նրա «Սպիտակ դրոշներ» և «Հավերժության օրենքը» վեպերը, ապա Երկերի ընտրանին երկու հատորով, իսկ 1990-ին` պատմվածքների ժողովածուն և «Կուկարաչա» վիպակը:
    «Հայերը և վրացիները հնագույն մշակույթի ժողովուրդներ են: Մենք միասին ենք քայլել պատմության քառուղիներով: Մենք հարևաններ ենք ‎ֆիզիկապես, մինչդեռ ոգով, պաթոսով, արարմամբ նույն էությունն ենք: Մեր հարազատությունը մեզ ճակատագրով է տրված» – մի առիթով խոստովանել է հայ ժողովրդի ճշմարիտ բարեկամ Նոդար Դումբաձեն:
    Հայ-վրացական գրական կապերի ուսումնասիրությունը վաղուց ի վեր գիտական կայուն հիմքերի վրա է դրված. Հայաստանում Գ. Ասատուրի, Լ. Մելիքսեթ-Բեկի և Գ.  Սևակի բեղուն գործունեությունը շարունակեցին Գ. Մադոյանը, Մ. Զավարյանը, Տ. Կարապետյանը, Պ. Մուրադյանը և ուրիշներ: Հայ և վրաց գրականագետները քննադատական ու բանասիրական ուսումնասիրություններով այսօր էլ հարստացնում են երկու ժողովուրդների գրական-մշակութային կապերի պատմությունը:
Աննախադեպ աշխուժացում է ապրում հայերենից վրացերեն թարգմանության ոլորտը: Այս գործում ներգրավվում են Հայաստանի և Վրաստանի լավագույն թարգմանիչները և գրողները: Հարկ է առանձնացնել նրանցից մի քանիսին.
    Գիվի Շահնազարը տարիներ շարունակ հայ-վրացական գրական կապերի շրջանակում ակտիվ գործունեություն է ծավալում Թբիլիսիում: Նա թարգմանել է Սայաթ-Նովայի հայերեն խաղերի ժողովածուն (1972), Պարույր Սևակի «Եղիցի լույսը» (1979): Գիվի Շահնազարի գրչին է պատկանում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հատվածների թարգմանությունը: Նա վրաց թարգմանական գրականության գանձարանը հարստացրել է Նահապետ Քուչակի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի և 20-րդ դարավերջի հայ պոետների` Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Սիլվա Կապուտիկյանի և այլոց գործերով: Թարգմանել է նաև հայ արձակի և դամատուրգիայի ընտիր նմուշներ:
   Գիվի Լուարսաբիշվիլին հետևողականորեն զբաղվում է արևելահայ և սփյուռքահայ հատվածների դասական և ժամանակակից գրողների երկերը վրաց ընթերցողին ներկայացնելու գործով: Ինչպես ինքն է գրում մի առիթով` Կովկասի մյուս ժողովուրդները, այո՛, մոտ ու հարազատ են վրացիներին, բայց «ամենամոտը կամ առաջիններից մեկը հայերն են, քանզի շատ բան ունենք ընդհանուր, այնքան շատ, որ զարմանք է պատճառում»:
    Զեզվա Մեդուլաշվիլին, հատկապես անցած դարի 70-ական թվականներից մեծ ավանդ մուծեց դասական և ժամանակակից հայ գրողներին վրացերեն թարգմանելու գործում: Բնագրին համարժեք որակով նա վրացերեն է թարգմանել մասնավորապես Հրանտ Մաթևոսյանի արձակը, ինչպես նաև Սայաթ-Նովայի հայերեն խաղերը:
    2012 թվականին նա արժանացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի գրողների միության համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակին:
    Հայերենից վրացերեն և վրացերենից հայերեն թարգմանական անխոնջ աշխատանք է ծավալում Մաղվալա Գեուրկովան: Նա յուրատեսակ կամուրջ է հայ-վրացական գրական հարաբերությունների ասպարեզում: Նա թարգմանում է հայ դասական և ժամանակակից գրողներին, կազմում և հրատարակում է անթոլոգիաներ:
    Հրաչյա Բայրամյանը, ով ղեկավարում է Երևանի պետական համալսարանի վրացագիտության կենտրոնը, հեղինակ է վրաց նոր գրականության պատմության ձեռնարկի, բազմաթիվ գիտական, քննադատական հոդվածների, հրատարակումների: Նա թարգմանել, կազմել, ծանոթագրել, գրական մամուլում և առանձին գրքերով տպագրել է վրաց դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները: Մասնավորապես վրացերենից հայերեն է թարգմանել Իոսեբ Գրիշաշվիլու, Օտիա Իոսելիանիի, Ռևազ Միշվելաձեի և այլոց գրքերը, Նոդար Դումբաձեի վերոհիշյալ երկհատորյակը: Հայ-վրացական գրական-մշակութային ոլորտում ներդրած ծանրակշիռ վաստակի համար վերջերս նա արժանացավ Իվանե Մաչաբելու անվան մրցանակի:
    Անահիտ Բոստանջյանը թարգմանում է ինչպես վրացերենից հայերեն, այնպես էլ հայերենից վրացերեն: Թարգմանել է ավելի քան 80 վրացի դասական և ժամանակակից գրողների արձակ և չափածո գործերը: Հեղինակ է նաև բազմաթիվ գրականագիտական հոդվածների, որոնց առանցքում հայ-վրացական գրական փոխհարաբերություններն են: Խմբագրում է «Կամուրջ» գրական տարեգիրքը:
    Վերջին տասնամյակների ընթացքում նկատելի ներդրում են ունեցել Հովհաննես, Արտաշես և Արչիլ Դավթյանները, Իվանե Բեգլարյանը, Սուրեն Ավչյանը, Արամ Սահակյանը, Սահակ Մանվելյանը, Հովհաննես Կարայանը, Մամիկոն Թագվորյանը, որոնք հավասարապես ստեղծագործելով հայերեն և վրացերեն, հարստացրել են երկու ժողովուրդների թարգմանական գրականությունների գանձարանները:
    ԽՍՀՄ-ի փլուզումից հետո յուրաքանչյուր հանրապետություն պարփակվեց իր մեկուսացված բնակարանում, ավելին` հակառակ ինտերնացիոնալիզմի, եղբայրության և սովետական ապրելակերպի կեղծ կարգախոսների, տարածաշրջանում գլուխ բարձրացրեց շովինիզմի և ժխտողականության ալիքը, միմյանց գրավոր և հատկապես պատմաճարտարապետական արժեքների վրա փոխադարձ հարձակումները: Ինչպես ասում են, սառույցը վերջապես շարժվեց 2006 թվականին, երբ Հայաստանի գրողների միության հրավերով Գրողների համահայկական երրորդ համաժողովին Երևանում մասնակցեց վրացական պատվիրակությունը` հռչակավոր նովելիստ Ռևազ Միշվելաձեի ղեկավարությամբ, որին հաջորդեց հայ գրողների պատվիրակության մասնակցությունը Վրաստանի գրողների միության 21-րդ համագումարին: Այս երկու այցելությունները նոր շրջափուլ բացեցին երկու գրականությունների մերօրյա պատմության մեջ: Վերջին տարիներին պարբերաբար տեղի են ունենում հայ և վրաց գրողների փոխայցելություններ, հրատարակվում են արձակի և պոեզիայի անթոլոգիաներ, կազմակերպվում են քննարկումներ և շնորհանդեսներ, հրավիրվում են համատեղ գրական  համաժողովներ: Հայ ընթերցողն արդեն լիակատար պատկերացում ունի արդի  վրաց գրական արժեքների մասին. Ճաբուա Ամիրեջիբին, Ռևազ Միշվելաձեն, Մաղվալա Գոնաշվիլին և մյուս նշանավոր վրաց գրողները հավասարապես հայ գրական կյանքի մասնակիցներն են: Փոխադարձաբար հայ գրողները Վրաստանում արժանանում են ընթերցող  լայն հասարակայնության ուշադրությանը:
    Այսպիսով,  համառոտ ամփոփելով ետանկախության շրջանի հայ-վրացական թարգմանական կապերը` կարող ենք հանգել մի շարք եզրակացությունների: Ամենակարևորը, թերևս, այն է, որ երկու երկրների գրականությունների երախտավորները, ազգային և տարածաշրջանային տեղաշարժերի արձագանքներով պայմանավորված, կարճատև ընդհատումներով շարունակում և հարստացնում են թարգմանական երկկողմանի դարավոր ավանդույթները: Այդ է վկայում հայերենից վրացերեն թարգմանված շուրջ  երեք տասնյակ գրքերի ցանկը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գրքերը լույս են ընծայվել թե՛ հայտնի հրատարակչատների («Մերանի», «Սախ(ե)լեբի», «Ամարաս», «Կովկասյան տուն» և այլն) և թե՛ անհատ հրատարակիչների («Հայոս-Քարթլոս» և այլն) ջանքերով: Բավական լայն է գրահրատարակչության աշխարհագրական քարտեզը. դրանց գերակշիռ մասը լույս է տեսել Թբիլիսիում, մի քանիսը` Բաթումում, Ախալքալաքում և Ախալցխայում: Ցանկում ներգրավված քաղաքական բնույթի միակ հրատարակությունը` Զորի Բալայանի «Հայոս-Քարթլոս. ավելին, քան լեգենդը», տպագրվել է Երևանում: Հատկանշական է, որ անցյալ դարի 90-ական թվականների կեսերին Աջարիայում  հրատարակված գրքերը տպագրվել են հիմնականում առանց ISBN-ի, ինչը հավանաբար պայմանավորված է այդ ժամանակաընթացքում գրահրատարակչական դաշտի օրենսդրական խառնաշփոթով:
    Հարկ է նշել, որ այդ տարիներին չնչին բացառություններով թարգմանվել են  անվանի գրողների արժեքավոր գրական երկեր` թեմատիկ և ժանրային բազմազանությամբ`ներգրավելով թե՛ հայ դասական հեղինակներին և թե՛ ժամանակակից գրողներին: Անտեսված չէ նաև ժողովրդական բանահյուսությունը: Դասականներից հրատարակվել են Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան, Պարույր Սևակը և Սիլվա Կապուտիկյանը, ում ստեղծագործությունը առավել հոգեհարազատ է վրաց ընթերցողին: Արդի գրականությունը գերազանցապես ներկայացված է ժանրային անթոլոգիաների ձևաչափով, որոնք շրջանառության մեջ մտան 2006 թվականից հետո, երբ Հայաստանի և Վրաստանի գրողների միությունների միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, որը տարեցտարի համակարգված ծրագրով կյանքի կոչվեց: Այս շրջագծում աննախադեպ ձեռքբերում պետք է համարել երկու երկրների երիտասարդ գրողների գրական բարեկամությունը: Պարբերաբար տպագրվում են նոր սերնդի արձակագիրների և բանաստեղծների թարգմանական անթոլոգիաները, երիտասարդները ակտիվորեն մասնակցում են Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան ամենամյա հանդիպումներին, կազմակերպվում են համատեղ գրական մրցանակաբաշխություններ: Ավելորդ է ասել, որ նման նախաձեռնությունները փոխադարձաբար խթանում են հայ և վրաց գրականությունների զարգացումը, ոճական, ժանրային և թեմատիկ բազմազանությամբ հարստացնում տարբեր սերունդների գրողների «ստեղծագործական լաբորատորիան»:
    Հայ ժամանակակից գրականությունն առավել ընդգրկուն ներկայացնելու մտահոգությամբ է թելադրված սփյուռքահայ գրողների (Զահրատ, Զարեհ Խրախունի, Ռոպեր Հատտեճյան, Սոնա Վան) հատորների վրացերեն թարգմանությունների տպագրությունը: Ուշագրավ փաստ է, որ վերջին տասնամյակում լույս է տեսել հայերեն-վրացերեն չորս բառարան, որոնք, անտարակույս, կոչված են դյուրացնելու թարգմանիչների աշխատանքը: Ի դեպ,  նույնքան հարուստ ու խայտաբղետ է վրացերենից հայերեն թարգմանված գրքերի ցանկը, ինչը վկայում է, որ ետանկախության շրջանում Հայաստանի և Վրաստանի միջև սկզբնավորվել է գրական հանդիպակաց շարժում` յուրատեսակ կամուրջ` երկկողմանի աշխույժ երթևեկությամբ:                                                                                                                                                                                   
ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐ
1. Հայաստանի ազգային գրադարան
2. Հայաստանի գրողների միության գրադարան
3. Երևանի պետհամալսարանի վրացագիտության կենտրոն
4. «Վրաստան» թերթի խմբագրություն
5. ՀՀ-ում Վրաստանի դեսպանատուն
6. Վրաստանում ՀՀ դեսպանատուն
7. Անահիտ Բոստանջյանի անձնական գրադարան
8. Լևոն Անանյանի անձնական գրադարան
9. Գիվի Շահնազարի անձնական գրադարան
10. Հրաչյա Բայրամյանի անձնական գրադարան
11. Ֆելիքս Բախչինյանի անձնական գրադարան
12. Վան Բայբուրթի անձնական գրադարան 
  • Created on .
  • Hits: 7492

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: