«Բոլորովին այլ տարածություններ․․․»․ հարցազրույց Անահիտ Ղազախեցյանի հետ

 

 

Զրուցել ենք երիտասարդ բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Ղազախեցյանի հետ, որը հեղինակել է բանաստեղծությունների «Դիլեմա» ժողովածուն, միևնույն ժամանակ թարգմանել Մարկ Տվենի «Թոմ Սոյերը արտասահմանում», Լայմեն Ֆրենկ Բաումի «Սանտա Կլաուսի կյանքը և արկածները», Քեյթ Աթքինսընի «Թանգարանի հետնաբեմում» և Մարկուս Զուսակի «Գրքի գողը» գրքերը։

 

Գրող, թարգմանիչ, միջազգայնագետ, անընդհատ նոր լեզուներ սովորող, ահաբեկչություններ ուսումնասիրող․․․ թերևս շարքը կարելի է անընդհատ շարունակել։ Իսկ հետո՞։ Որտե՞ղ է ավարտվում գրողի «սահմանը»՝ այն փոխանցելով միջազգայնագետին կամ ահաբեկչության հարցերով մասնագետին։

Ես, փաստորեն, ոչ թե սահմանազատել եմ, ոչ թե սահմանապահներ եմ կանգնեցրել բոլոր այդ ոլորտների միջև, այլ կամրջել դրանք։ Եվ կամրջել ասելով նկատի ունեմ՝ ես հաճախ եմ գրականությունում գտնում այն, ինչը բաց է մնում գիտության մեջ։ Եվ հակառակը։ Երկուսն էլ տեսարան են ապահովում ժամանակ առ ժամանակ։ Շատ եմ ասում, որ հակամարտությունները խորը ուսումնասիրելիս անցնում եմ հակամարտող կողմերի գրականություն կարդալուն։ Օգնում է, շատ։ Հաճախ չափից դուրս եմ կապվում։ Հետո՝ գրելը, ի տարբերություն, օրինակ, միջազգայնագետ լինելուն, չեմ տարանջատում ինձնից։

Ամեն ի՞նչն է քեզ համար այդքան հակադրամիասնություն։

Ես պարզապես փնտրում եմ։

Ե՞րբ ու ինչպե՞ս հասկացար, որ պետք է գրես։

«Երբ»-ը շատ վաղուց էր։ «Ինչպես»ի մասին ոչինչ ասել չեմ կարող, դրա մասին չեմ խոսում, չեմ պատմում, մտածում եմ երբեմն՝ գրել օրագրերի մեջ, հանկարծ չմոռանամ, բայց փոխարենն անընդհատ պտտում եմ մտքումս․ այսինքն՝ անգամ չեմ գրում։

Հայրենի քաղաքիդ՝ Վանաձորի մասին խոսելիս միշտ անսահման հպարտությամբ ու փայլող աչքերով ես խոսում, բայց միևնույն ժամանակ ասում, որ քոնը մեգապոլիսներն են, ուզում ես գնալ մի հսկա քաղաք, քեզ կորցնել։ Ինչո՞ւ։ Արդյոք փոքր քաղաքներում կա՞ն այնպիսի աներևույթ պատեր ու սահմաններ, որոնք ճնշում են քեզ, և ուզում ես ճեղքել։

Վերաձևակերպելով հայտնի խոսքը՝ տվեք ինձ վերադարձի կետ և ես կշրջեմ Երկիրը։ Վանաձորը վերադարձի կետն է։ Իսկ մեծ, փայլփլուն լույսերով, երբեք չքնող, աղմկող, բոլոր-բոլորի համար տեղ ունեցող՝ տաքուկ տներում, թե կամուրջների տակ, ինչ-որ տեղ շտապող մարդկանց քաղաքները իսկական փախուստի տեղ են։ Հատկապես առանց զգուշացնելու հանկարծ կորչելու մտքով։

Անահի՛տ, մի անգամ խոստովանել ես, որ ունես երկրորդ անուն՝ Արև։ Ասում ես՝ շատերն էլ քեզ հենց արևի հետ են ասոցացնում, առանց երկրորդ անվանդ մասին իմանալու՝ քեզ այդպես անվանում։ Բոլորի մե՞ջ ես փնտրում պայծառություն, գույն՝ խուսափելով գորշությունից։

Իմ ընկերներից մեկը սկսեց ինձ «Արեւ»-ով դիմել դեռ տարիներ առաջ։ Եվ էդպես շարունակվեց։ Դասախոսներ ունեի՝ մի քանի րոպե անունս էին փնտրում մատյաններում, որովհետև մոռանում էին, որ Անահիտ է իրականում։ Իսկ պայծառություն չեմ փնտրում, տեսնում եմ․ այն կա։ Այլ հարց է՝ ուզում եմ մոտենալ այդ պայծառությանը, այդ տեսակին, թե՝ ոչ։

Կհիշե՞ս այն գիրքը, որ կարդալով նախանձել ես գրողին, թե ինչու դա ինքդ չես գրել։

Օհ, բարդ հարց է։ Չնախանձելով երբեք կուզեի իմ սիրելի Բրոդսկու «Պահպանիր ստվերս» բանաստեղծությունը ես գրած լինեի։ Կամ Վուլֆերից իմ սիրելիի՝ Թոմասի «Նայի՛ր տանը քո, հրեշտակ» վեպը․ գոնե առաջին նախադասության համար․ «քար, տերև, չբացված դուռ»։ Չհարցնեք՝ ինչու։

Որքանով նկատելի է՝ գիրքն ու ֆիլմը քո կյանքի անբաժանելի մասն են։ Ինչպե՞ս ես դարձել կինոման։

Հեռավոր անցյալում՝ մոտ 12 տարի առաջ, հայրիկս եկավ, արթնացրեց ու ասաց, որ պիտի նայեմ անպայման մի ֆիլմ, որի նմանը երբեք տեսած չեմ լինի։ Հենց էդպես էլ առաջին անգամ դիտեցի Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը։

Մի առիթով ասել ես, որ անընդհատ կդիտես այդ ֆիլմը։ Երբևէ մտածե՞լ ես, թե որն է պատճառը։ Չլինի՞ համակարծիք ես Արիստոտելի հետ, որ յուրաքանչյուր բանական մարդ իր մեջ խելագարության մասնիկ ունի։

Մի պատասխան կտամ երևի՝ սիրում եմ ուղղակի։ Պարզ և մարդկային։ Սիրում ու կարոտում եմ․ կինոն, դերասաններին, Ջեքին, որ փորձում է լվացարանը պոկել տեղից, և Առաջնորդին ու նրա լռությունը՝ թերևս ամենաշատը։

Նկատելի է նաև, որ կյանքդ չես կարող պատկերացնել առանց երաժշտության։ Ի՞նչ նշանակություն ունի մեղեդին քեզ համար։ Հիշողությո՞ւն, կյանքը զարդարող գո՞ւյն, ապրել ու արարել դրդող տա՞րր։

Հիշողություն։ Եվ ուղիղ միտք ապագայի մասին։ Կապ ինչ-որ այլ աշխարհների հետ, որ ընկած են լսողությունից ու մտապատկերից անդին։ Մեկ էլ, ի թիվս ամենի, երբ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեկին, միևնույն ժամանակ, զուգահեռաբար ուզում եմ ինչ-որ երաժշտություն ուղարկել։ Օրինակ՝ Հենդելից ինչ-որ բան։ Կամ Ֆիլիպ Գլասից։

Վերադառնալով էությանդ դիլեմաներին․ այնպիսի մարդ ես, որն իր մեջ հավասարապես կրում է քաղաքականությունն ու մշակույթը։ Ինչպե՞ս քաղաքականացված մշակույթից անցնենք մշակութացված քաղաքականության։

Օրուելն էր, չէ՞, ասում՝ «ամբողջ արվեստը քաղաքական է»։ Քաղաքականացված ամեն ինչից փախչելը հիմա անհնարին է թվում։ Եվ դա շատ հատուկ է նաև մեր տարածաշրջանին, շատ հատուկ է մեզ։ Չգիտեմ։ Եվ չեմ էլ փորձում հիմա մտածել այդ մասին։ Կարծում եմ՝ մեզ ժամանակ է պետք։ Բոլորիս ՝ հատ առ հատ։ Նախ՝ ինքներս մեզ, հետո՝ իրար, դրանից հետո էլ՝ մեր շուրջը կատարվող ամենը հասկանալու համար։

Իսկ քո «Դիլեման» ի՞նչ տվեց քեզ։

Նմանվել էի կեղևից դուրս եկած ծառի։ Կաշին փոխող օձի։ Տերևաթափվեցի։ Իսկ հաջորդիվ աճող տերևները նույնը չեն լինում։ Մաքրման ընթացք էր, ինքնաճանաչման ու խոցելիությունից վախերս կորցնելու։

Հաճա՞խ ես վախենում։ Ո՞րն է ամենից մեծ վախդ գրականության մեջ․ օրինակ՝ մուսայի իսպառ բացակայություն կամ․․․

Շատ սպոնտան վախեր են։ Օրինակ, երբ մի բառ եմ հիշում ինչ-որ տեքստից ու սարսափում եմ, որ էլ երբեք չեմ կարդա ու գտնի։ Էսպես։ Ավելի հաճախ ես չեմ վախենում։

Ինչպիսի՞ն են կարոտներդ։

Երազներում եմ տեսնում։

Եթե մի օր կատարվի նվիրական երազանքներիցդ մեկը, և դառնաս Կուբայում Հայաստանի դեսպան, ի՞նչ կտանես քեզ հետ այնտեղ։

Քարեր․ դրանք ինձ հողի հետ շատ են կապում։ Կարող է երբեմն ժամերով քայլեմ ու ձեռքիս ինչ-որ քար լինի՝ շատ փոքր, ողորկ կամ էնքան էլ չէ։ Հիմա որ մտածում եմ գնալու մասին, ուզում եմ Վրեժ Իսրայելյանի «Տոնապետը» հետս ամեն տեղ տանել։ Ու շախմատ կվերցնեի։ Վերջապես կգնայի, կգնեի իմ սրտով մի շախմատ ու կտանեի Կուբա։

Ի վերջո, այսօրվա Անահիտը այն աղջի՞կն է, ում պատկերացնում էիր օրինակ 7-8 տարեկանում։

Մի օր երկար կմտածեմ այս մասին։ Բայց 7-8 տարեկանում ես այլ տարածությունների մասին էի մտածում, հիշում եմ։ Բոլորովին այլ տարածությունների։

 

  

Զրուցեց Արեգ Բագրատյանը

  • Created on .
  • Hits: 756

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: