Բերնար-Անրի Լևի. Թագավարակ. Մենք քաղաքակրթության անկման վկան ենք  

 

Բերնար- Անրի Լևին (1948 թ.) ֆրանսիացի արդի ամենահայտնի քաղաքական լրագրողներից է, նաև՝ փիլիսոփա և գրող: Լրագրողական գործունեությունը սկսել է «Combat» օրաթերթում: 1971 թվականին մեկնել է Հնդկաստան՝ Պակիստանից Բանգլադեշի ազատագրման պատերազմը լուսաբանելու: 1973 թվականից «Grasset» հրատարակչության գլխավոր խմբագիրն է, ավելի քան 20 գրքի հեղինակ է: Լևին հայտնի է  նաև որպես «Նոր փիլիսոփայության» դպրոցի հիմնադիր, ժամանակակից մարքսիզմի  (ի դեմս «Բարբարոսությունը մարդկային դեմքով» գրքի, 1977 թ.) և իսլամիստական ֆունդամենտալիզմի քննադատ: Le Point- ում զետեղված նրա նոթատետրի միջոցով ընթերցողներն առաջին անգամ ծանոթացան Covid-19-ի (Թագավարակի) շուրջ նրա մտքերին: Դեռ մարտին Բերնար- Անրի Լևին նրանց զգուշացրեց քաղաքական ու բժշկական ուժերի «արյունապիղծ» միության մասին, քննադատեց «jevouslavaisbiendit»[1]-ը. նրանց, որ վիրուսի տարածման մեջ տեսնում էին կա՛մ «հնարավորություն», կա՛մ «բնության ուղերձ» ու անհանգստանում ազատության բազում սահմանափակումների համար: «Թագավարակի ժամանակագրությունները» հանգեցրին Ce virus qui rend fou[2] պամֆլետի ի հայտ գալուն: «Զեկույց աշխատանքի ընթացքի մասին», կամ ինչպես այն կոչում է փիլիսոփան՝ «առաջին աշխարհի վախի մասին»: Ինչպե՞ս դուրս կգանք այս փորձությունից՝ անհատապես, թե՞ կոլեկտիվ ձևով: Ինչի՞ց հրաժարվեցինք: Ըստ Անրի Լևիի այս «քաղաքակրթական ու գլոբալ ցունամին» ահռելի հետևանքներ կթողնի: Ստորև ներկայացնում ենք նրա հարցազրույցի թարգմանությունը:

 

Մի՞թե Ձեր գիրքը նախևառաջ դյուրազգաց անդրադարձ չէ համավարակին, որը մեզ զրկեց սովորական կենսակերպից:

Ակնհայտորեն ոչ: Այն մեզ բոլորիս զրկեց, բառիս բուն իմաստով բոլորիս, ազատ գնալ- գալու հնարավորությունից: Այն մեր բնակավայրը դարձրեց կամավոր բանտ: Ու մեզ վերադարձրեց ետ, մեր իսկ համաձայնությամբ, դեպի մանկապարտեզի տարիք: Այս ամենը ոչ մի կապ չունի մեր կենսակերպի հետ:

Ձեր պես կոսմոպոլիտ մտքի տեր մարդու համար օդային սահմանների փակումը երևի դժոխք է:

Ոչ միայն ինձ համար, այլև բոլոր նրանց, որոնց հորիզոնը չի սահմանափակվում ընտանեկան, տեղական կամ վեցանկյուն շրջանակով: Դժոխքը, ի տարբերություն առօրեականության, ուրիշները չեն: Այդ դու ես՝ ինքդ: Դա ինքդ քեզ փակելն է: Ազատազրկման մասին բոլոր խոստովանությունների հեղինակները, որոնք կրկնում էին, որ մարդկանց դժբախտությունը սերում է զվարճանքներից ու սենյակում իրենք իրենց հետ մենակ մնալու անկարողությունից, պարզապես մոռացել էին պասկալյան արտահայտության մնացած մասը. «Ատելի եմ ինքս ինձ»[3]: Նման իրավիճակին բախվելով՝ հասկանում ես՝ օդանավակայաններն իրականում նախասենյակ են, դուռ դեպի ազատություն:

Այսինքն Դուք նրանցից մեկը չե՞ք, որ ինքնամեկուսացման մեջ ընթերցանությամբ, մեդիտացիայով ու տանը սննդի պատրաստմամբ ինքնավերլուծության հնարավորություն է տեսել:

Ի՞նչ է ինքնավերլուծությունը: Ու դա ի՞նչ էժանագին կյանք է, եթե ոչ հարմար արդարացում՝ վերջապես բարեկամներիդ ու մնացած ամբողջ աշխարհի ուսին թփթփացնելու: Այդ շրջանում ես Փարիզում էի: Ու այս անապատային քաղաքը, որի մասին ամեն տեղից լսում էի, որ այն վերջապես դարձավ գեղեցիկ, որովհետև հոգնել և ուժասպառ է եղել իր բնակիչներից, ինձ թվաց, հակառակը, ողբերգորեն աղճատված: Անհոգի: Առանց կենդանի հոգու: Փարիզը դարձել էր քաղաք այն քիչ վախեցած անցորդներով, որոնք խուսափում էին միմյանցից, ինչպես ժանտախտի ժամանակ: Այնպես որ ես գիտեմ՝ կան «սահմանափակումների ընթացքն օրագրողներ», որոնք պնդում են, որ «վնասազերծել» են Ջոյսի կամ Պրուստի հին հրատարակությունները, որ խաղաղ ննջում էին իրենց գրադարակներում: Ես կասկածում եմ…

Կառավարությունն իսկապե՞ս ընտրություն ուներ: Հնարավո՞ր էր խուսափել սահմանափակումներից:

Անկասկած ոչ: Մինչդեռ, երբ գալիս է ժամանակը, մենք ստիպված ենք սևեռուն նայել նրան, ինչ տեղի ունեցավ Շվեդիայում կամ Նիդերլանդներում: Բայց ես վստահ եմ՝ մենք՝ անհատներս, տարբերակ ունենք փնթփնթալ, չուզենալով ենթարկվել, փոխանակ ցնդաբանել, թե իբր երբեք առանց օկուպացիայի այսքան ազատ չէինք եղել: Ավելի լավ կլիներ միջոցներ ձեռնարկել ընդդեմ քաղաքացիական, սոցիալական ու բարոյական հետընթացի:

Տվյալ դեպքում Դուք ավելի մոտ չե՞ք Թրամփին կամ Բոլսոնարուին, քան Կոնտին, օրինակ:

Ձեռ եք առնում, չէ՞: Այդ երկուսը հերքում էին թագավարակի գոյությունն, ինչը այդ պահին և՛ հիմարություն, և՛ հանցագործություն էր: Ավելին, Ձեր ուշադրությունից վրիպեց, որ իրենք օգտվել են իրենց փալասները պարտադրելու հնարավորությունից: Բոլսոնարուն՝ կեղծ քաղաքացիական պատերազմի տպավորություն թողնելու ու ֆավելաները[4] մաքրելու համար, Թրամփը՝ իրականացնելու իր երազանքը՝ կառուցել պատ Միացյալ Նահանգների ու մնացած աշխարհի միջև:

Վիրուսը միայն բանավեճերի խնդիր չէ գիտնականների միջև: Մտավորականները, քաղաքական գործիչները ու հայտնի մարդիկ մեկնաբանում են այն: Covid-ը մեզ դեռ ասելիք ունի: Որքա՞ն է ամեն ինչ վատ, բժիշկ:

Այո, վիճակը լուրջ է: Ու ճիշտ է, որ երկու Թրամփերն էլ մեզ ասում էին. «Վիրուսը քվեարկում է՝ America first», իսկ ձախակողմյանների մնացուկները պատասխանում. «Վիրուսը Մեծ Երեկոյի արևածագն է»: Սա նշանակում է, որ մենք չափազանց շատ բան ենք վայելել, չափազանց շատ բան վերցրել, սպառել չափազանց շատ, ու այն մեզ վերջին հնարավորությունն է տալիս ապաշխարելու: Դրա դիմաց, այդ համաճարակագիտական մարգարեության առաջ, վախի ու մահվան այդ ռանտիեների առաջ, մենք չպետք է մոռանանք հիմնական սկզբունքը, իմ սիրելի, շատ թանկ Ժորժ Կանգիլեմի[5] խոսքերը. «Վիրուսները չեն խոսում, նրանք ուղերձ չունեն,  ժամանակի արշալույսից ի վեր վիրուսը մաքուր խանգարում է, անկարգություն, մաքուր մահ»:  

Ովքե՞ր ամենից շատ տուժեցին:

Ասում եմ՝ Թրամփը և իր ֆրանսիացի մրցակիցները, ինչպես Ֆիլիպ դը Վիլյեն. «Նոտր Դամից հետո թագավարակը Երկնային ցասման շարունակությունն է, միայն թե ուրիշ ձևով», և մյուս կողմից կոլապսոլոգներից նրանք, ովքեր անպարկեշտություն ունեցան ասել. «Օրհնված է այն վիրուսը, որը կարող է հինգ րոպեում դեկարբոնիզացնել օդն ու մտքերը, որի համար մենք ապարդյուն պայքարում էինք տասնամյակներ շարունակ»:

Բնապահպաններից շատերը հատկապես հայտնի էին այդ գործում, Նիկոլա Յուլոից[6] սկսած: Նրանց լսելով՝ բնությունը վրեժ կլուծի, իսկ վիրուսը կդառնա «ահռելի մեծ հնարավորություն»: Մի՞թե սա ծայրահեղ անտրոպոֆոբիա[7] չէ, որն արտահայտվում է այստեղ:

Հենց Նիկոլա Յուլոն առաջինն առաջ քաշեց «վերջնագրի» այդ գաղափարը ուղղված մեզ՝ մեղավորներիս, այն պատճառով, որ մայր բնությունը ենթարկվում է դաժան վերաբերմունքի: Դրանից հետո Դուք ունեցաք տարակարծություն մի քանի գաղափարական հոսանքներում: Մալթուսականությունը ու իր «չափազանց շատ մարդ»-ու տեսությունը: Այս ամենը ծածկված է մեղայական զեֆիրով հենց «Ժանտախտ»-ի հայր Պանելուի ու «Ճանճեր»-ի Էգիստի քարոզներից:

Էդվի Պլենելը[8] իր հերթին խոսում էր «հեղափոխական վիրուսի» մասին…

Ինձ ապշեցրեց, ավաղ, մեր չտեսնված «խելոքությունը»: Նույնիսկ ամենաաղքատ ու ամենաշատ ռիսկի ենթարկվածների շրջանում: Գնալ ու նայել Հանրապետության հրապարակի հերթերը, քիչ այն կողմ ամեն շաբաթ օր, անորոշության մեջ գտնվող մարդիկ, ովքեր գալիս են Restos du cœur[9] պարենի բաշխմանը. ոչ մի դիմակ, ոչ մի սառնամանիք, ու միայն մի աղեկտուր համակերպում:

Այսինքն Դուք չե՞ք կարծում, որ Covid-ը լիբերալիզմի հիվանդություն է:

Խոստովանե՞լ, որ այդ հիպոթեզը ծիծաղելի է մի համաճարակի համար, որը ծնվել է հետկոմունիստական Չինաստանի հենց սրտում…

Ներկայիս «ինքնատիրապետմանը հրավերներ» տարբերակում Դուք տեսնում եք «1940 թվի քարոզի» արձագանքը: Օրինակ Մոնտերլանից[10] Մորան[11]: Նորից Ձեր տարվածությունը «ֆրանսիական գաղափարախոսությամբ»:

Դե գիտեք, դա իմ ամենավատ գիրքը չէ: Ու իմ կոնցեպցիան՝ տրանսցենդենտալ պետենիզմը[12], աշխատում է բավական լավ, որպեսզի ասեմ, թե ինչն է միավորում այդ մարդկանց աջից ու ձախից: Հիմնականում Բայոնի եպիսկոպոսն ու Ֆրանսուա Ռյուֆֆեն[13]

Ինչպիսի՞ն կլինեն, ըստ Ձեզ, այս համաճարակի քաղաքական հետևանքները:

Օրինակ, սոցիալական հեռավորության պահպանումը: Եթե վերջինս ընդամենը բժշկական միջոց է ու միայն ժամանակավոր բնույթ է կրում, ապա՝ բարի: Բայց պատկերացրեք, որ այն ձգձգվում է: Պատկերացրեք, որ հենց ամերիկյան ազգի կրտսեր հայրիկը՝ բժիշկ Էնթոնի Ֆաուչին հենց նոր ասաց, որ ձեռքսեղմման ավանդույթն այլևս երբեք չի վերադառնա: Դե դա տղամարդկանց միջև սոլիդարության հրաշալի ժեստ էր, որը կվերանար, ինչը կլինի մեծ թռիչք դեպի ետ:

Դուք դիմակ դնո՞ւմ եք:

Երբեմն: Հնարավորինս քիչ: Ե՛վ կաշկանդված, և՛ ստիպված լինելով: Դուք ծանոթ եք Էմանուել Լևինասի տեսությանը: Մյուսների հետ հարաբերությունները, էթիկան սկսվում է երկու դեմ առ դեմ կանգնած դիմակազերծ դեմքերից: Մարդկությունը դիմակով, ներեցեք, նախ օքսիմորոն[14] է, և հետո՝ անվստահության, կասկածի, և որոշակի պահից էլ սկսած՝ ատելության մարդկություն:

Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինեն այս համաճարակի մնացած քաղաքական հետևանքները:

Մեր ազատությունները... Ես ցնցված եմ, որ մենք նորից հեշտությամբ համաձայնվեցինք այդ ազատությունների կրճատմանը: Բնակչությանը հետևելը, ակնհայտ է, արդեն ընդունվել է: Հոտոտող լաբրադորները՝ վարժեցրած գտնել թագավարակ կրողի «հոտը», ով, թվում է, ոչ մեկին չի անհանգստացնում: Ու հետո «ձախակողմյան կերոսինների» այդ անհավատալի ծաղրը, ովքեր ինչպես Թոմաս Պիկետին[15], կարծես՝ իրենց իրավունք են վերապահել որոշել, թե որ խանութները, որ ճամփորդություններն են պարտադիր կամ ոչ, ու նորից նրանց հակադրվողների թիվը շատ չէ:  

Անվտանգությունը դարձել է գլխավոր անհանգստության առարկան…

Իմ թեզը հետևյալն է՝ մենք վկան ենք քաղաքակրթության անկման, որն ունի վերջինիս բոլոր ախտանշանները: Ռուսոյի ժամանակից սկսած Հանրապետությունը հիմնված է հանրային պայմանագրի վրա: Այսօր, խելագար հիգիենիկ կարգի ֆոնին, մենք գտնվում ենք կենսական կարևորություն ունեցող պայմանագրի անցման փուլում (տվեք ինձ ամեն ինչ կամ ձեր ազատությունների մի մասը, և ես այն կփոխանակեմ առողջության երաշխիքի հետ):

Երևում է Դուք մեղադրում եք ֆրանսիացիներին կառավարական պատվերներ կատարելու մեջ…

Ես նրանց չեմ մեղադրում: Նրանք այլընտրանք չունեին: Փոխարենն ինձ անհանգստացնում է բացառիկ միջոցներից «փափուկ կախվածությունը», որ դարձավ կանոն: Փիլիսոփայի համար կա «կամավոր ստրկության» բույր լա Բոեսիի[16] ոճով (իմ ազատությունների թագավորությունն ընդդեմ անվտանգության դեղաթուրմի) և կոժեվենյան[17] «պատմության վերջի» (հարթ աշխարհ՝ մաքրված բացասականից.  բնականացված՝ կասեր Օրուելի «Անասնաֆերմայի» հերոսը…):

Ձեզ ընթերցելով՝ ոմանք կասեն. «Բերնար- Անրի Լևին դեռ դասեր է տալիս: Ի՞նչ էր նրա ուզածը՝ 15 հազար մա­՞հ Ֆրանսիայում թագավարակից, մահացած տարեցնե՞ր»:

Եկեք խոսենք «տարեցներից»: Նրանք մատնված էին մահվան Էհպադում՝[18]միայնությունից ու ցավից: Եվ որքան գիտեմ ոչ մի վրդովվմունք չեղավ, երբ բժիշկ Կարին Լակոմբը BFM[19]-ով ասաց, որ կան տարեցներ, որոնք ընտրության արդյունքում չէին միացվել արհեստական շնչառության ապարատին:

Ո՞րքանով հաջողվեց Մակրոնին հաղթահարել այս մարտահրավերը:

Ավելի շուտ հաջողվեց: Բայց նորից եմ ասում՝ խնդիրը դրանում չէ: Սա քաղաքակրթված, գլոբալ ցունամի է, որի հետ մենք ստիպված ենք գործ ունենալ:

Մի քանի շաբաթ շարունակ մեզ դեռ թվում էր, որ Ֆրանսիան գլխավորում է Գիտական Խորհուրդը[20]

Միշել Ֆուկոն դա լավ է ձևակերպել. այդ «բժշկական իշխանության», «բժշկական խունտայի» մասին երազանքը նույնքան հին է, որքան և արդի Արևմուտքը: Բայց այստեղ «գիտակները» թավշի վրա էին խաղում: Քաղաքական խոսքի արժեզրկում… Ամբոխավարության աճ… Կարծիքների անկարգություն… Փորձաքննության ու գնահատականի պաշտամունք… Ու նորից «կամքն առ բուժում»-ը դարձել է «կամք առ իշխանության» վերջին խոսքը: Բարեբախտաբար, ամենագիտակից բժիշկները դրա վերջը դրեցին: Ու Հանրապետությունը վերականգնեց իր իրավունքները:

Այդ Գիտական Խորհուրդն առաջ քաշեց թագավարակի զոհերի հուշարձան կառուցելու միտքը: Ի՞նչ է սա Ձեզ համար նշանակում:

Գրոտեսկ: Ու նախևառաջ՝ անպատշաճ: Կա ընդվզման հուշարձան: Հոլոքոստի զոհերի հիշտակին նվիրված հուշարձան ու հայերի ցեղասպանության: Թագավարակից մահացած մարդիկ, ինչպես քաղցկեղի կամ շաքարախտի դեպքում, պատմության տանջակիրները չեն:

Ափսոսո՞ւմ եք, որ զսպումը չհանգեցրեց ժողովրդավար բանավեճերի: Ի՞նչ էիք ցանկանում: Կառավարության արտահերթ նի՞ստ: Հանրաքվե՞:

Ես նման բան չասացի: Մյուս կողմից մտորում եմ այն եթերային ժամանակի մասին, որը զբաղեցվեց տխուր պատգամախոսությամբ, որոնք քչքչում էին մահացածների երկար աղոթքների վրա կամ սրտխառնոց առաջացնելու աստիճան ղեկավարում  հիպոթեզների, իսկ հաճախ նաև անտարբերության դրսևորումների բալետը: Կուզեի դրանց մի մասը տրվեր Աֆրիկայի պարտքերին, սոված ցույցերին, որոնք փակուղի են մտել մոլորակում, կամ իսլամիստներին, որոնք Քրդստանում ու այլ վայրերում նորից հույս են ստանում:

Ի՞նչ կասեք Դիդիե Ռաուլի[21] մասին:

Հենց նման հիմար բանավեճերի արդյունքում ծնվեց խելագարության այս շրջանը:

Մի՞թե մտավորականությունը հասավ այդպիսի ճգնաժամին:

Նայած, թե նրանցից ովքեր հասան դրան: Իհարկե, ոչ նրանք, ինչպես Էմանուել Տոդը[22],  որ կոչ էին անում քաղաքական գործիչներին բանտ նստեցնել: Կամ էլ նրանք, որոնք, ինչպես Բրունո Լատուրը, նստել են մահացածների ուսերին՝ մեզ գալիք աշխարհը վաճառելու համար:

Միշել Օնֆրեյի[23] «Ժողովրդական ճակատ» ծրագրում Ձեզ ի՞նչն է գրավում:

Իմաստաբանական այդ չարաշահումը խիստ անցանկալի է: Ազգային ճակատը՝ Բլյումն[24] է: Օնֆրեյը, այսուհետև՝ Դորիոն[25] է:

Դուք ցավո՞ւմ եք, որ համավարակը վերջին երեք ամսվա ընթացքում քննարկվող միակ թեման էր: Էլ ի՞նչ իրադարձություն պետք է ուշադրություն գրավեր:

Ամեն ինչ: Մենք ապրում էինք, իսկ երբեմն շարունակում ենք ապրել զուգահեռ աշխարհում, ուր գոյություն չուներ ոչինչ, բացի կորեր ցույց տվող թվերից, որոնք պետք էր հարթել՝ գագաթներից, զանգերից, մաթեմատիկական մոդելավորումից: Այսպես ասած՝ Նոր աշխարհ: Եվ հաջողություն անիծված Երկիր մոլորակին: Հաջողություն աշխարհի տառապանքներին: Դեռ երկար կհիշեմ այն օրը, երբ վերադարձա Բանգլադեշից ու այնտեղ գտնվող Ռոհինգայի ճամբարներից: Դա այն պահն էր, երբ Ֆրանսիան փակել էր իր սահմանները: Սոցիալական ցանցերում (իսկ իրականում ավելի ու ավելի՝ հակասոցիալական) ես դարձա վատ քաղաքացի, մոլորակն աղտոտող CO2 հանցագործ: Սա ցավալի է:  

 

 

[1] #եսձեզասումէի: Հեշթեգ սոցիալական ցանցերում (թարգմ.):

[2] Այս խենթացնող վիրուսը (թարգմ.):

[3] Հատված Բլեզ Պասկալի «Մտքեր» գրքի սիրո և բնության մասին հատվածից («Եթե ես ինքս ինձ ատելի եմ, ապա որովհետև աշխարհը բնակեցված է միլլիարդավոր «ես»-երով, որոնցից յուրաքանչյուրը ուզում է «իրեն ամեն ինչի կենտրոն դարձնել»: Փոխանակ մարդն ինքն իրեն համարի ամեն ինչի կենտրոն, Պասկալը կոչ է անում լինել համեստ ու դառնալ դեպի Աստված (թարգմ.):

[4] Բրազիլիայի քաղաքների ետնախորշերը, սովորաբար տեղակայված են լինում սարերի լանջերին: Ֆավելաներում բացակայում են զարգացած ենթակառուցվածքները ու շատ բարձր է հանցագործության մակարդակը: Արդի ֆավելաներից շատերն առաջացել են 1970-ական թվականներին՝ Բրրազիլիայում ուրբանիզացման տեմպերի արագ աճի հետևանքով: Ֆավելա անվանումը ծագում է Morro de Favela բլրի անունից, որն էլ իր հերթին կոչվում է այդ լանջին աճող «favela» բույսի անունով (թարգմ.):

[5] Ժորժ Կանգիլեմ (1904-1995 թթ.), ֆրանսիացի փիլիսոփա ու բժիշկ, ով մասնագիտացած էր գիտության իմացաբանության ու փիլիսոփայության հիմնախնդիրներում (թարգմ.):

[6] Նիկոլա Յուլա (1955 թ.), ֆրանսիացի լուսանկարիչ, լրագրող, հեռուստահաղորդավար և պրոդյուսեր, գրող, բնապահպան, քաղաքական գործիչ, համակարգային բնապահպանական վերափոխումների նախարար (2017-2018 թթ.) (թարգմ.):

[7] Անտրոպոֆոբիա կամ վախ մարդկանցից, նյարդային հիվանդություն, ձգտում փախչել մարդկային հասարակությունից: Դասվում է սոցիալական ֆոբիաների շարքին, սոցիալական նևրոզի տեսակներից է (թարգմ.):

[8] Էդվի Պլենել (ծնվել է 1952 թվին), ֆրանսիացի քաղաքական լրագրող: 2008 թվականին հիմնված ինտերնետային բաժանորդագրմամբ լույս Sտեսնող Mediapart ամսագրի հրատարակիչն է (թարգմ.):

[9] Restos du cœur (Restaurants du Cœur), ֆրանսիական բարեգործական կազմակերպություն, որը զբաղվում է կարիքավորներին պարենային ապրանքների ու տաք սննդի մատակարարմամբ (թարգմ.): 

[10] Անրի դը Մոնտերնալ (1895-1972 թթ.), ֆրանսիացի գրող (թարգմ.):

[11] Պոլ Մորան (1888-1976 թթ.), ֆրանսիացի գրող և դիվանագետ, 1930-ական թվականների ամենանորաձև ու ճանաչված էսսեիստներից մեկը (թարգմ.):

[12] Պետենիզմը հղում է կատարում «ֆրանսիական պետության» պաշտոնական գաղափարախոսությանը, մարշալ Պետենի կողմից ստեղծված համագործակցություն պահպանողական ռեժիմին 1940 թ. հուլիսին «Ֆրանսիայի բարոյական վերածննդին» հասնելու համար (թարգմ.):

[13] Ֆրանսուա Ռյուֆֆեն (1975 թ.), ֆրանսիացի լրագրող, էսսեիստ, սոցիալական շարժումների ակտիվ մասնակից, ձախակողմյան քաղաքական գործիչ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր (թարգմ.):

[14] Օքսիմորոն, հակադրության տեսակ, երբ տարբեր կամ նույնիսկ սուր կերպով հակադիր իմաստ ունեցող բառերը ոչ միայն դրվում են կողք կողքի, այլև կազմում մի ամբողջական լեզվական միավոր (որոշիչ և որոշյալ, ենթակա և ստորոգյալ, նախադասության համազոր անդամներ և այլն)։ Այն բանադարձում է, երբ զուգակցում են արտաքուստ անհամատեղելի, տրամագծորեն հակադիր իմաստ ունեցող բառեր (թարգմ.):

[15] Թոմաս Պիկետի (1971 թ.), ֆրանսիացի տնտեսագետ, ով հայտնի դարձավ եկամուտների անհավասարության պատճառների ու հետևանքների ուսումնասիրման շնորհիվ: Սոցիալական գիտությունների ու Փարիզի տնտեսագիտական դպրոցի դոկտոր պրոֆեսոր, Ամերիկյան Փիլիսոփայական ընկերության անդամ (թարգմ.):

[16] Էթիեն դե լա Բոեսի (1530-1563 թթ.), ֆրանսիացի գրող և փիլիսոփա, հումանիստ: Հեղինակն է հայտնի «Կամավոր ստրկության փաստարկը» ստեղծագործության (թարգմ.): 

[17] Ալեքսանդր Կոժև (1902-1968 թթ.), ռուս- ֆրանսիացի փիլիսոփա- նեոհեգելական, թարգմանիչ, քաղաքագետ, դիվանագետ: Հեգելի փիլիսոփայության նրա յուրահատուկ մեկնությունը նշանակալից ազդեցություն ունեցավ 20-րդ դարի Ֆրանսիայի ու եվրոպական փիլիսոփայական մտքի զարգացման գործում (թարգմ.):

[18] EHPAD (Établissement d'hébergement pour personnes âgées dépendantes), Ֆրանսիայում տարեցների խնմաքի ամենահայտնի կենտրոնը (թարգմ.):

[19] BFM TV- ֆրանսիական շուրջօրյա հեռուստաալիք (թարգմ.):

[20] Թագավարակի (Covid-19) գիտական խորհուրդ, որը պատասխանատու է հանրությանը տեղեկացնել Ֆրանսիայում թագավարակի դեմ պայքարի լուծումների մասին (թարգմ.):

[21] Դիդիե Ռաուլ (1952 թ.), ֆրանսիացի բժիշկ-վարակաբան, մանրէաբան։ Նա և իր թիմը հայտնաբերել են ավելի քան վաթսուն նոր տեսակի վիրուս, այդ թվում՝ միմիվիրուսը։ Աշխարհի 99 հայտնի մանրէաբաններից և 73 ամենաբարձր վարձատրվող ֆրանսիացի գիտնականներից մեկն է, Կու տենդ և Վիպլայի հիվանդության աշխարհի առաջատար մասնագետներից է։ Նրա անունը տեղ է գտել աշխարհի 400 ամենամեջբերված բժիշկների ցանկում (թարգմ.)։

[22] Էմանուել Տոդ (1951 թ.), ֆրանսիացի պատմաբան, սոցիոլոգ, մարդաբան, լրագրող: Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ժողովրդագրության խնդիրները (ընտանիքի տրանսֆորմացիան ու մանկության դերը, ներգաղթն ու ասիմիլյացիան), զարգացած հասարակությունների տնտեսական ստագնացիայի խնդիրները, պոստմոդեռն շրջանի քաղաքական համակարգերի կոլապսը (թարգմ.): 

[23] Միշել Օնֆրե (1959 թ.), ֆրանսիացի փիլիսոփա և արձակագիր, Կաննում Ազգային համալսարանի հիմնադիր, ծայրահեղ ձախակողմյան քաղաքական հայացքների տեր փիլիսոփա (թարգմ.):

[24] Լեոն Բլյում (1872-1950 թթ.), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, Ֆրանսիական սոցիալիստական կուսակցության (SFIO- Section Française de l'Internationale Ouvrière, Աշխատանքային ինտերնացիոնալի ֆրանսիական թև) պարագլուխ: Արտաքին քաղաքականության մեջ Բլյումը պրոամերիկյան և հակասովետական դիրքորոշում ուներ, կոչ էր անում հրաժարվել մարքսիստական փիլիսոփայությունից՝ նրան հակադրելով «հումանիստական սոցիալիզմի» իր տեսությունը (թարգմ.)։

[25] Ժակ Դորիո (1898-1945 թթ.), ֆրանսիացի կոմունիստական ու ֆաշիստական քաղաքական գործիչ: 1924-34 թվականներին Ֆրանսիական Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ:

 

 

Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը

  • Created on .
  • Hits: 2069

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: