Գագիկ Ղազարէ. Կինոյի մասին օրենքի ընդունումը հայկական կինոյին կօգնի «պայթյուն» արձանագրել

 

2003 թվականից Հայաստանում անց է կացվում «Մէկ կադր» միջազգային կինոփառատոնը, որն ուղղված է անկախ, հեղինակային կինոարտադրության զարգացմանը: Սա բաց հարթակ է, որտեղ մեկտեղվում են ապագա արվեստագետները, ռեժիսորները, փորձագետները, կինոգործիչները: 18-րդ անգամ անցկացվող կինոփառատոնը մեկնարկել է առցանց տարբերակով՝ սեպտեմբերի 4-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը:

Այս առիթով Cultural.am-ը զրուցել է «Մէկ կադր» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Գագիկ Ղազարէի հետ:

 

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի փառատոնի մեկնարկը տրվեց և այժմ էլ այն ընթանում է առցանց տիրույթում: Սրանից բացի ինչո՞վ է տարբերվում  այս տարվա ծրագիրը նախորդներից:

Համավարակի՝ ամբողջ աշխարհն արգելափակման մեջ առնելու փուլը համընկավ փառատոնի հայտագրմանը, որը սովորաբար տեղի է ունենում փետրվար-մարտ ամիսներին: Արդյունքում ստացվեց, որ նախորդ տարիների համեմատ 20 տոկոս տարբերությամբ եղավ համաշխարհային հայտագրումը, բայց 550-ից ավել մարդ, այնուամենայնիվ, հայտ ներկայացրեց: Նույն հաջողությամբ նրանք կարող էին հայտնվել հիասթափության մթնոլորտում և հայտագրում ուղղակի չլիներ, բայց մղումը շարունակվեց: Զուգահեռ իրականացնում ենք «Կինոաշխատարան» ծրագիրը: Եվ հետաքրքիր բան տեղի ունեցավ. նախատեսում էինք մարզեր գնալ ու տեղում անցկացնել կինոաշխատարանը, բայց եղավ այնպես ինչպես եղավ  և իրավիճակի բերումով ստիպված եղանք այն տեղափոխել վիրտուալ տիրույթ: Մինչև փառատոնի մեկնարկը հասցրեցինք Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի գյուղում կինոաշխատարան ունենալ, ինչին մեծ կասկածով էինք մոտենում՝ արդյոք առցանց կինոաշխատարանի ձևաչափը, երբ մենք անմիջականորեն ներկա չենք՝ կհաջողվի, բայց վերջնարդյունքում  5 ֆիլմ նկարահանվեց: Այստեղից երիտասարդներ միացան ու մասնակցեցին նաև «Մէկ կադր» կինոփառատոնին: Գիտեք, երբեմն մտածում ենք, որ տեղեկատվական այս միջավայրում փառատոնի ձևաչափը  որևէ մեկի համար գուցե օգտակար չէ, բայց տեսնում ենք, որ՝ ոչ: Գուցե Երևանն ու շրջակայքը հագեցած են տարբեր միջոցներով, սակայն դրանից դուրս ահռելի աշխատանք կա: Փառատոնի այս տարվա ծրագրի իրագործմանը շատ  երիտասարդ մարդիկ ներգրավեցին՝ ահռելի մեծ ոգևորությամբ, նոր, թարմ պատկերացումներով: Հիմա սերնդափոխություն է տեղի ունենում, որը, կարծում եմ, այս տարվա հաջողություններից մեկն է: Ինձ ոգևորում է:

Իսկ կինոարվեստում  սերնդափոխության պատկերը ներկայումս ինչպիսի՞ն  է:

Տարբերությունը միայն ռեսուրսների, գործիքների, հնարավորությունների ավելացման մեջ է: Սա կարող ենք տեխնոլոգիական հեղափոխության ներսում դիտարկել: 5-10 տարի առաջ այս միջոցներն ու տեղեկատվական միջավայրը չկային, իսկ հիմա երիտասարդներին մեծ հնարավորություններ են տրվում: Այժմ երիտասարդը կարող է վիզուալ նյութը պատրաստել բացարձակ անկախ ճանապարհներով, արվեստի իր արտադրությունը հանրայնացնել ու հաջողել, նախկինում այս գործիքները նույնքան զարգացած չէին:

1 1

Այս տարի ինչպիսի՞ն են փառատոնի մասնակիցների աշխարհագրությունն ու ներկայացված ֆիլմերի թեմատիկան:

Փառատոնին մասնակցում է 28 երկիր՝ բոլոր մայրցամաքներից: Հայտագրված 550-ից ավելի ֆիլմերից կցուցադրվի շուրջ 90-ը: «Մէկ կադր-մէկ րոպե» անվանակարգում շատ փոքր անդրադարձ կա նաև համավարակին, բայց ծրագրին տարբեր ռեժիսորներ ու կինոարտադրողներ են մասնակցում, ուստի շատ տարբեր թեմաների են անդրադառնում: Մի ընդհանուր գիծ կա՝ մարդը. մարդկային պատմություններ, կյանք, իրավունքներ, իրավիճակներ, տարբեր հասարակություններ…այս ամենը մտնում է կինո ու դրա միջոցով տարածվում աշխարհի էկրաններին:

Ի՞նչ չափանիշներով են ընտրվում ֆիլմերը:

Մի քանի տարի է, որ հատկապես «Կարճ ֆիլմերի» ընտրության համար հրավիրում ենք փորձառու մասնագետների, որոնց արվեստի էսթետիկան, գեղագիտությունը արժեքավոր ենք համարում: «Կինո առանց սահմանի» և «Մէկ կադր-մէկ րոպե» անվանակարգերի դեպքում փառատոնի թիմն է քննարկում և ընտրում ֆիլմերը: Միակ չափանիշր վիզուալ արվեստն է՝ պատմական ու ժամանակակից կոնտեքստի ներկայացման մեջ: էականն ի՞նչն է՝ իսկապե՞ս դա կինոարվեստի գործ է, և արդյո՞ք արված է կինոյի լեզվին համապատասխան, ուրիշ չափանիշ, ըստ էության, գոյություն չունի:

Այս տարի արտերկրից փորձագետներ ներգրաված չեն, պատճառը միայն համավարա՞կն է:

Ճիշտ հակառակը, համավարակը բացեց ամբողջ հնարավորությունները, շատ հեշտությամբ կարող էինք ներգրավել արտերկրի մեր գործընկերներին, բայց մտածեցինք՝ այս անգամ մեր տեղացի գործընկերներին, փորձագետներին հնարավորինս մասնակից դարձնենք գործընթացին, որովհետև սոլիդարության տարրը շատ ավելի գերիշխող դարձավ: Բացի այդ փորձեցինք հարթակը որևէ կերպ օգտակար դարձնել մեր գործընկերներին և այդպես ներկայանալ աշխարհին, որովհետև տարիներ շարունակ լավագույն մասնագետները եղել են փառատոնի կողքին:

Փառատոնին, կարծես, առավելապես մասնակցում են երիտասարդները: Կինոարտադրության ոլորտը այսօր որքանո՞վ է հետաքրքրական երիտասարդ կինոգործիչների համար և փառատոնի շրջանակից դուրս նրանք որքանո՞վ են ներգրավված տեղական կինոարտադրությանն առհասարակ:

Տարիների փորձն ասում է, որ հաճախ երիտասարդ, անկախ կինոարտադրողների կողմից կարճամետրաժ ֆիլմեր են նկարվում, որոնք արվում են զրո բյուջեով՝ խնդրելով, ինչ-որ մեկի տանը նկարահանում անելով, մոնտաժի հարց լուծելով և այլն: Իմանալով այդ ամենը անցյալ տարի նախաձեռնեցինք «Զրո բյուջե» կինոարտադրության հարթակը և հաջողեցինք՝ սահմանելով մեկնարկային 1 միլիոն դրամական ֆոնդ: Պայմանավորվածություն կար նաև «Կինոկետ փրոդաքշնս» ընկերության հետ, որ տեխնիկական աջակցությամբ հովանավորի: Արդյունքում արտադրվեց 3-4 ֆիլմ:  Ես գիտեմ, հետևում եմ, որ հիմա Հայաստանի ազգային կինոկենտրոնը կարճամետրաժ ֆիլմերի համար դրամագլուխ ունի ու տարեկան 2-3 անգամ բաց հայտագրում է իրականացնում: Երիտասարդներից շատերը դիմում են, ես ինքս խրախուսում եմ, որ դիմեն և շատերն իրենց ֆիլմերը հաջողությամբ պատրաստում ու մասնակցում են միջազգային տարբեր կինոփառատոնների: Այս առումով ինչ-որ լավ գործընթաց Հայաստանում տեղի է ունենում:

Փառատոնին ներկայացվող ֆիլմերի նկարահանման տեխնիկայի և կրիչի սահամանափաակումներ չկան, դրանք կարող են նկարահանված լինել թե՛ բջջային հեռախոսով, թե՛ ժամանակակից թվային տեխնիկայով: Հիմնվելով փորձի վրա, կասե՞ք՝ բջջային հեռախոսով հնարավո՞ր է որակյալ ֆիլմ ստեղծել և արդյո՞ք սա չի հակադրվում ֆիլմի՝ ցուցադրելի որակ ունենալուն:

2004 թվականին, երբ բջջային հեռախոս կոչվածը դեռ այսքան ֆունկցիոնալ չէր, փառատոնի ժյուրին հեռախոսով նկարված մի ֆիլմի հատուկ հիշատակում տվեց: Ինչո՞ւ, որովհետև դա իր էսթետիկան ուներ, պրոֆեսիոնալ տեսախցիկի միջոցով որևէ ռեժիսոր չէր կարող մարդուն նկարել և ստանալ այդքան ազդեցիկ ու հետաքրքիր վիզուալ նյութ: Եղել են դեպքեր, երբ երիտասարդները տեսախցիկ են խնդրել, բայց պարզվել է, որ իրենց հեռախոսներն ավելի լավորակ են, քան այդ խցիկը: Հետևաբար կարելի է վստահել ունեցած ռեսուրսներին և այդպես աշխատել: Խնդիրն այն է, թե ֆիլմարտադրողը հետագա ի՞նչ էկրան է պատկերացնում: Իմ փորձն ասում է, որ ամենավատ տեխնիկայով հնարավոր է ամենալավ ստեղծագործությունը նկարել ու «դռներ կոտրելով» անցնել, փառատոնների ներկայանալ: Ու ամենալավ տեխնիկայով կարելի է նկարել ֆիլմ, որի պատմությունը 1-2 անգամյա ցուցադրությունից հետո  կավարտվի: Իմ ու փառատոնի սկզբունքն այն է, որ չկենտրոնանանք տեխնիկայի վրա, այդպես, հատկապես կարճամետրաժ կինոյի պարագայում, փակում ենք մարդու ինքնահայտնաբերվելու հնարավորությունը, մինչդեռ փառատոնը այն հարթակն է, որտեղ պիտի ներկայանան առաջին քայլերն անողներն ու իրենց համար ճանապարհներ պիտի բացվեն:  

Մեկ կադր. խորհրդանիշ

Փառատոնի մրցութային անվանակարգերն ու կանոնակարգը  կմնան հաստատու՞ն, թե՞ կփոխվեն:

Երեք անվանակարգերը՝ «Մէկ կադր-մէկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի» կմնան նույնությամբ, կփոխվի «Զրո բյուջե» ֆիլմարտադրության ընթացակարգը, քանի որ այս տարի հայտագրումը համընկավ արտակարգ իրավիճակին: Մինչ այս «Հայաստան» համահայկական հիմնադրամը միացավ մեր դրամահավաքին ու երաշխավորված  մեկնարկային 500 հազար դրամն արդեն կար, բայց սկսվեց արտակարգ իրավիճակն ու դադարեցրինք «Զրո բյուջե» հայտագրման գործընթացը, որովհետև դրամաշնորհ ստացողն իր ֆիլմը պիտի մեկ տարվա ընթացքում արտադրի, իսկ մեզ համար արդեն պարզ էր, որ արտադրությունն այս իրավիճակում չի ստացվի, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է առաջին քայլերն անողներին: Բայց այս ձևաչափը կպահպանվի, իսկ բյուջեն նույն նպատակով կօգտագործվի 2021 թվականին: «Հատուկ ծրագրեր»-ից արվեց «Խոշոր պլանը»՝ ներկայացնելով  վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին:

Զարգացման ի՞նչ մակարդակում է այսօր տեղական կինոարտադրությունը: Ինչի՞ սպասել այս բնագավառում:

Ես լավատեսորեն եմ մոտենում իրավիճակին: Տեսեք՝ տարիներ շարունակ, մինչև հեղափոխությունը (2018թ), պետության մասնակցությունը կինոարտադրությանը «շատ սովետական» էր: Երկար տարիների պայքարից հետո փոխվեց ազգային կինոկենտրոնի կինեմատոգրաֆիկ միջավայրը, ինչն իր հետ երիտասարդների համար բերեց մեծ հնարավորություններ, որն իր փոքր պտուղներն արդեն տալիս է, որովհետև ամենակարևորն, ի վերջո, բազմազանությունն է, թրծվելը: Կարճամետրաժ ֆիլմերը տալիս են այդ հնարավորությունը ու քանի դեռ 2-3 այդպիսի ֆիլմ չես ստեղծել, չես կարող լիամետրաժ ֆիլմ նկարել, որը պիտի քեզ հաջողություն բերի: Պետությունը պետք է այդպես մտածեր, բայց չի մտածել, նոր-նոր փորձում ենք կինոարտադրությունը դնել պատշաճ ձևերի մեջ, որպեսզի ռեժիսորը, սցենարիստը, կինոմտածողները ունենան տարածքներ՝ դիմելու և իրենց գաղափարները զարգացնելու: Հույս ունեմ ժամանակի հետ սրանք կկարգավորվեն: Այժմ առաջ է քաշվել «Կինոյի մասին» օրենքի ընդունման հարցը, որը եթե լինի, Հայաստանն անմիջապես կներգրավի եվրոպական մեդիապլատֆորմների մեջ ու կրկին նոր հնարավորություններ կլինեն այս սերնդի համար ու, իմ կարծիքով, հայկական կինոն կարող է «պայթյուն» արձանագրել և փոխել միջազգային կինոմիջավայրը: Այս ամենին զուգահեռ կարևորում եմ նաև պետության ու տնտեսվարողների աջակցությունը կինոարտադրողներին: Պետք է նրանց օգնել և զարգանալու հնարավորություն տալ: Դրանից հետո կինոարտադրողների բերած շահույթը հետ կվերադառնա երկրին:

Եվ վերջում մի ճշտում՝ ինչպե՞ս կբացատրեք «Մէկ կադր» փառատոնի անվան ուղղագրությունը:

Հայկական «է»-ն դասական ուղղագրության մեջ է, որից մենք զրկվեցինք 1920-1930-ական թվականներին՝ ստալինյան ռեպրեսիաների (ճնշումների) բերումով: Բացի այդ փառատոնի մրցանակը Գեղամա լեռներում գտնված ժայռապատկերների ձևով ստեղծված կաղապարն է: Փորձել ենք հնարավորինս ամբողջական դարձնել փառատոնի վիզուալ խորհրդանիշների («է» տառի նմանությամբ) լեզուն ու ցիկլը հավաքել մի գաղափարի շուրջ, որի առանցքը որևէ ձևով չի հակադրվում կինոարվեստին: Սրանք բոլորը խորհրդանշում են «շարժումը»:

 

Զրուցեց Մարջան Չոբանյանը

Լուսանկարները՝ One Shot International Short Film Festival

Առաջիկայում Cultural.am-ը կանդրադառնա նաև կինոփառատոնի ամփոփմանն ու արդյունքներին:

  • Created on .
  • Hits: 2676

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: