Թեոդոր Կուրրենտզիս. Հիշո՞ւմ ես, երբ փոքր էինք, արևը հոտ ուներ

 

Դիրիժոր Թեոդոր Կուրրենտզիսը ծնվել է Աթենքում: Երաժշտական կրթությունն ստացել է այնտեղ, ապա  շարունակել այն Սանկտ Պետերբուրգում: Աշխատել է Նովոսիբիրսկում, այնուհետև Պերմում: Պերմում նրա ղեկավարած Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը կարճ ժամանակում գրավեց բոլորի ուշադրությունը՝ ճանաչում բերելով երբեմնի անհայտ թատրոնին ու նրա նորարար ղեկավարին: Կուրրենտզիսը նախընտրում է ոչ ակադեմիական միջոցները ստեղծագործական որոնման մեջ:

«Ես պայքարում եմ երաժշտության մեջ եղած կարծրատիպերի դեմ... Իմ նպատակն է, որ մարդիկ համբուրվեն իմ համերգների ժամանակ, տուն գնան՝ լցված սիրով, ոգեշնչմամբ, հույսով»: 

«Ես այն մարդկանցից եմ, որոնք ձգտում են ամբողջովին փոխել դիրիժորական արվեստը»:

Կուրրենտզիսն այժմ ղեկավարում է SWR (Südwestrundfunks) սիմֆոնիկ նվագախմբը Գերմանիայում:

 


Ստորեւ ներկայացնում ենք դեմոկրատիայի, երաժշտության ու պայքարի մասին հատվածներ «Colta.ru»-ի հետ նրա զրույցից:


Երաժշտությունը՝ դիոնիսյանի ու ապոլոնյանի միասնություն

«Երաժշտությունը դիոնիսյան ու ապոլոնյան սկզբունքների ստեղծարար դաշտն է: Սրանք երկու հիմնական նախասկիզբներն են: Երաժշտությունն առանց դիոնիսյանի՝ սեքս է առանց օրգազմի: Երաժշտությունն առանց ապոլոնյանի՝ սեր է առանց գեղեցկության: Այս երկու բաղադրիչները ժամանակակից աշխարհում ոչնչացման եզրին են: Մարդու հանրային կյանքում կա դիոնիսյանի ու ապոլոնյանի արգելք: Մտածիր՝ որտեղ ու երբ է քեզ պատում դիոնիսյան ոգին, գուցե, ռոք-համերգի՞ն, որտեղ պարելիս դու կարող ես դուրս գալ քո բնականոն պահվածքի սահմաններից: Այնտեղ էքստազի զգացողությունը տեղին է, այնպես չէ՞: Իսկ դասակա՞ն երաժշտության դեպքում, ե՞րբ է քեզ հետ վերջին անգամ նման բան եղել: Դժվար է հիշել ու հարցս հռետորական է…


Մի օրինակ. Ցյուրիխում, եթե նվագես շատ բարձր, արհմիությունն իրավունք ունի ընդհատել համերգը, խանգարել նվագախմբին՝ հիմնավորելով, որ խախտվում է ձայնի թույլատրված բարձրությունը: Կա օրենք՝ որոշակի դեցիբելներից բարձր նվագել չի կարելի: Դա վնասակար է մարդու նյարդային համակարգի համար. ճիշտ նույնքան, որքան վնասակար է ապրելն ու մեռնելը: Երբ Չայկովսկին ցանկանում է պայթեցնել մարդու գիտակցության մեջ ամրացած լավի ու վատի բոլոր բարոյական սահմաններն ու ամբողջությամբ ընկղմել նրան ակուստիկ շոկի, էքստազի մեջ, նա հաճախ երաժշտություն է գրում 5-6 ֆորտե դինամիկայով, բայց նման վիճակում մարդը վտանգավոր է մոխրագույն հասարակության համար: Հասարակությունն այլ կերպ է ցանակնում տեսնել իր «քաղաքացուն»: Ոչ ոք այլևս չի խաղում նման զգացողությունների վրա: Միաժամանակ, շատ ցածր էլ նվագել չի կարելի՝ լսարանը թանկ տոմսեր է գնել ու ցանկանում է լսել ամեն բան: Այդ պատճառով երաժշտությունը հիմնականում հնչում է թեթև, մակերեսային տարբերակով, որպեսզի գաղափարը հասկանալի լինի միայն ինտելեկտուալ մակարդակի վրա ու չունենա ֆիզիկական, տրանսֆորմացնող ազդեցություն: Ես փորձում եմ վերականգնել երաժշտությունը՝ Դիոնիսի ու Ապոլոնի նախասկիզբներով»:


Դեմոկրատիա. երբ կան տարբեր կարծիքներ ու բոլորը հասկանում են՝ լավ է, որ դրանք կան

«Ես, գուցե, համաձայն չեմ շատ բաների հետ, որոնք կատարվում են Ռուսաստանում, բայց դեմոկրատիան այն է, երբ ես պատրաստ եմ տալ իմ արյունը, որպեսզի մեկ այլ մարդ կարողանա հայտնել իր կարծիքը: Երբ դու քո ջանքերով պաշտպանում ես հակառակորդիդ իրավունքներն ու կարծիքը: Սա է դեմոկրատիան: Ինձ այս հարցերում պետք է ուշադիր լսել, քանի որ դեմոկրատիայի պատմական հայրենիքից եմ: Ի՞նչ են անում ֆաշիստները: Նրանք ունեն միայն սեփական կարծիքն ու ոչ մի այլ կարծիք չեն ընդնունում: Նրանք ցանկանում են ագրեսիայի միջոցով սահմանել սեփական կարծիքը որպես միակ ճշմարիտ. մյուսները պետք է ոչնչացվեն: Դեմոկրատիան այն է, երբ կան տարբեր կարծիքներ ու բոլորը հասկանում են՝ լավ է, որ դրանք կան: Մեկը մյուսին փորձում է համոզել միայն փաստերով, տրամաբանությամբ ու առողջ բանականությամբ: Ես շատ եմ մտահոգվում ռուսաստանյան հասարակությունում եղած իրավիճակով: Ճիշտն ասած՝ հասարակությունում տեղս չեմ գտնում...ինձ մեկուսացված եմ զգում: Չեմ զգում ազատության ոգին՝ ո՛չ պետության կողմից, ո՛չ ընդդիմադիր էլիտայի:  
Տեսնում եմ, թե որքան մարդ է իմ ընկերներից նստում Facebook-ում, գրում ինչ-որ ընդդիմադիր նամակներ, «փիլիսոփայում» իրար հետ հրապարակումներում, փոխանակ՝ ինչ-որ նշանակալի, ստեղծարար բան անելը: Չգիտեմ՝ օրինակ ժամանակակից նկարիչները պետք է հանդիպեն կառավարության հետ ու ասեն՝ մենք սիրում ենք այս երկիրը, եկեք լավ, դրական գովազդ անենք այս երկրի համար, հերիք է բացասական գովազդը: Չի կարելի չգնալ ստեղծարար ճանապարհով, հիասթափությունը վերածել ժամանցի ձևերից մեկի ու պարզապես լինել «ժամանցային-հիասթափված»: Իրականում մենք հիասքանչ, տաղանդավոր մարդիկ ունենք: Ֆենոմենալ անձեր կան, բայց կոլեկտիվ մտածողությունը չի ստացվում: Կամ ընդունում են, որ կա խնդիր, փակում են աչքերը, հիասթաթվում ու վեր բարձրացնում ձեռքերը:
Ճիշտ պայքարն ինչ-որ բան ստեղծելն է՝ ստեղծարարությունն ու զրույցը: Ես այդպես եմ կարծում»:

 

Հիշո՞ւմ ես, երբ փոքր էինք, արևը հոտ ուներ

«Ստուդիայում ձայնագրված երաժշտությունը նույնպես կենդանի է, պարզապես այն կենդանի է քսան անգամ, ոչ թե՝ մեկ: Երբ դու լուսանկարում ես միևնույն պատկերը, դու նկարում ես այն քսան տարբեր անկյուններից, իսկ հետո ընտրում լուսանկարը, որը քեզ ամենից շատն է դուր գալիս: Հիմա ես հարցազրույց եմ տալիս ու որոշ մտքեր կկարողանամ լավ արտահայտել, որոշները լավ չեն ստացվի: Իսկ վաղը, հարցազրույցում ասված որևէ մտքի հետ ես, հնարավոր է, ընդհանրապես համաձայն չլինեմ ու ասեմ՝ սխալվում էի: Հիմա ես հանգիստ եմ խոսում՝ առանց ֆիլտրելու մտքերս: Բայց եթե տրակտատ գրեի, այս ամբողջ զրույցի ժամանակի ընթացքում ընդամենը 3 տող գրած կլինեի: Որովհետև այս դեպքում պետք է համոզված լինեմ, որ գրած տողերի հետ 10 տարի անց էլ համաձայն եմ լինելու:
Նույնը երաժշտության դեպքում է: Ես օպերաների մեջ անում եմ սեփական մեկնաբանություններ, դրանք լրացնում եմ միկրոպատմություններով: Ինձ համար բավարար չէ, որ պարզապես մաքուր հնչեղություն լինի: Ինձ այլ բան է պետք:
Ես ցանկանում եմ երաժշտության միջոցով վերականգնել, փոխանցել կախարդանքը, անվերջ դեժավյուն, հոտերը, որոնք մենք այլևս չենք զգում քաղաքներում. հողի, ծաղիկների, դեղինի ու արևի հոտը: Հիշո՞ւմ ես, երբ փոքր էինք արևը հոտ ուներ: Հիմա այդ հոտը կորել է:
Ինչպե՞ս փոխանցել այս ամենը համերգասրաhում. մենք գնում ենք լաբորատորիա ու աշխատում ենք: Սա ձեռքի մանրակրկիտ աշխատանք է: Գործարանի շարքային, հազարավոր արտադրանք-ձայնագրություններից մեկը չէ:
Տեղ-տեղ էլ՝ անհարթ է, որովհետև ձեռագործ է»:

Ռուսերենից թարգմանեց Յանա Շախրամանյանը

Լուսանկարը՝ Mezzo-ի

  • Created on .
  • Hits: 1491

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: