ՆՈՐ ԳՐՔԵՐ. «ՕԴԱՊԱՐՈՒԿ ԹՌՑՆՈՂԸ»

 Շուտով գրախանութներում կհայտնվի աֆղան գրող Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» վեպը:

Խալեդ Հոսեյնին շատ վեպեր է գրել, սակայն, ընթերցասերների արձագանքներից և վարկանիշային տարբեր աղյուսակներից պարզ է դառնում, որ առավել հայտնի են «Օդապարուկ թռցնողը» և «Եվ արձագանքեցին լեռները» վեպերը: Հայերեն թարգմանվելուց հետո ամիսներ շարունակ «Եվ արձագանքեցին լեռները» վեպն ամսվա բեսթսելլեր էր և դեռ չի զիջում իր դիրքերը:

«Օդապարուկ թռցնողը» վեպը լույս է տեսել 2003 թվականին, իսկ 2004 թվականին ստացել է հեղինակավոր Exclusive Books Boeke Prize գրական մրցանակը: 2005 թվականին ԱՄՆ-ում զբաղեցրել է բեսթսելլերների երրորդ հորիզոնականը: 2009-ին The Millions ամսագիրը հրատարակեց դարի լավագույն գրքերի ցանկը, որտեղ Հոսեյնիի վեպը ընթերցողների քվեարկության արդյունքում տեղ գրավեց լավագույն տասնյակում:

«Նոր գրքեր» նախագծի շրջանակներում Cultural.am-ը զրուցել է «Օդապարուկ թռցնողը» վեպի թարգմանիչ Մարիա Սադոյանի հետ:


- Յուրաքանչյուր գիրք իր թարգմանական բարդություններն ունի, ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել այս գործը թարգմանելիս և ինչպիսի՞ լուծումներ եք գտել դրանց համար:

- Հոսեյնիի լեզուն և գրելաոճը շատ պարզ են, մաքուր: Թերևս իր ազդեցությունն է ունեցել այն, որ անգլերենը աֆղան հեղինակի համար երկրորդ լեզուն է: Բայց սա միայն նպաստել է նրան, որ բարդ իրականությունը և հերոսների ալեկոծված ներքին կյանքը գրողը կարողացել է արտահայտել մատչելի, անսեթևեթ լեզվով: Թարգմանելիս փորձել եմ առավելագույնս մոտենալ բնագրին, արտահայտել վեպի ողջ հուզականությունը և արևելյան ելևէջները, անհրաժեշտության դեպքում ծանոթագրությունների օգնությամբ դյուրին դարձնել կոնտեքստն ընթերցողի համար:
«Օդապարուկ թռցնողը» թարգմանել եմ մեկ շնչով, հուսով եմ՝ այդպես էլ կընթերցվի:

- Հայտնի է, որ Հոսեյնիի վեպերը մշակութային ընդհանրություններ ունեն հայկական իրականության հետ: Արդյո՞ք այդպես է, և ի՞նչ ընդհանրությունների մասին է խոսքը:

- Անմիջապես հիշում եմ վեպի մեջ օգտագործված «աֆղանի բախտ» արտահայտությունը: Հայ հոգուն շատ մոտ է նաև Հոսեյնիի պանդխտության զգացումը, հայրենիքից հեռու լինելու ցավը: Հոսեյնին կյանքի մեծ մասն անց է կացրել Աֆղանստանից հեռու, բայց իր երկրի ողբերգությունը այրում էր նրան, ինչն ակներև է նրա յուրաքանչյուր գրվածքում: Վեպի երկու գլխավոր հերոսներից մեկը հազարա է՝ Աֆղանստանում բնակվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ. ի դեպ, հենց այս պատճառով վեպը միանշանակ չի ընդունվել աֆղան հասարակության կողմից: Հազարաների դաժան պատմությունը դառը հիշողություններ կարթնացնի հայ ընթերցողի մոտ:
Ուզում եմ, այնուամենայնիվ, ընդգծել, որ Հոսեյնին աշխարհահռչակ է դարձել ոչ միայն այն պատճառով, որ ծանոթացրել է մեզ Աֆղանստանի մարդկանց ամենօրյա ողբերգության հետ, այլ նաև այն պատճառով, որ կարողացել է արծարծել համամարդկային խնդիրներ՝ նվիրվածություն, դավաճանություն, խիղճ և քավություն:

- Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» վեպը հայ ընթերցողը բավական սիրեց: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս վեպից, ինչպիսի՞ արձագանքների եք սպասում:

-«Օդապարուկը» Հոսեյնիի առաջնեկն է, և հենց այն էլ միանգամից հեղինակին համաշխարհային ճանաչում բերեց: Գիրքն այժմ անցել է դասական համարվող վեպերի շարքը, ինչը բացառիկ երևույթ է նման երիտասարդ գրողի համար: Բացի այդ, վեպը մասամբ ինքնակենսագրական է. գուցե հենց այդ պատճառով այն գրված է չափազանց անկեղծ: Կարծում եմ՝ ընթերցողի վրա անմիջական ազդեցություն թողնելու առումով Հոսեյնիի այս վեպն առայժմ անգերազանցելի է: Վեպում կան ծանր տեսարաններ, որոնք երեխաների համար չեն: Բայց համոզված եմ, որ գրքի վերջին էջը կարդալիս ընթերցողը ոչ միայն արցունք կթափի, այլև կտեսնի հույսի մի փոքր շող:

- Կա՞ արդյոք այնպիսի մի ստեղծագործություն, որը միշտ ցանկացել եք թարգմանել, բացի այն թարգմանություններից, որոնք արդեն արել եք, իհարկե:

-Այդ ստեղծագործություններն անթիվ են: Բոլորս էլ գիտենք, որ Խորհրդային միության տարիների գրաքննությունը, ինչպես նաև արևմտյան գրականության դասական գործերի միայն ռուսերենով թարգմանելու քաղաքականությունը հայ ընթերցողին ծարավ են թողել, այնպես որ թարգմանիչները շատ գործ ունեն անելու: Արևմտյան գրականության հսկա շերտեր մնացել են չթարգմանված: Անչափ ուրախ եմ, որ թարգմանչական գործը Հայաստանում վերածնունդ է ապրում:

Հարցազրույցը՝ Անի Հակոբյանի
  • Created on .
  • Hits: 5651

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: