ԶԵՅԴ ՆԱՍՍԵՐ. «ԱՄԵՆԱԼԱՎ ԴԱՍԸ ԲԵՄՈՒՄ Է` ՆՎԱԳԵԼԻՍ»

    Նա առաջին անգամ Հայաստան  եկավ  2000 թվականին և նրան այնքան  դուր եկավ մեր երկիրը,  որ ժամանակ առ ժամանակ գալիս է Հայաստան ու նույնիսկ խոսում է հայերեն:
    Հանրաճանաչ սաքսոֆոնահար Զեյդ Նասսերը կրկին Երևանում էր: Մարտի 22-ին  «Նյու Յորք-Երևան» ջազային կվինտետի համերգից հետո հանդիպել և զրուցել ենք նրա հետ։


- Ինպե՞ս ընտրեցիք սաքսոֆոնը և ինչպե՞ս սկսեցիք ջազ նվագել: 

- Երբ ես փոքր էի՝ մոտ երեք տարեկան, հայրս (կոնտրաբասահար Ջամիլ Նասսեր` Ջորջ Ջոյներ) բերում էր բազմաթիվ սկավառակներ, և մենք անըդհատ  երաժշտություն էինք լսում: Այսպես ես սիրահարվեցի ջազին: Երբ արդեն վեց տարեկան էի, սկսեցի լսել կենդանի ջազ. հայրս տանում էր ինձ համերգների: Նրա հետ գնում էինք Նյու Յորքի Apollo Theatre, որտեղ շատ հայտնի ջազ և բլյուզ բենդեր ու երաժիշտներ էին ելույթ ունենում (Սառա Վոն, Քաունթ Բեյսի, Ջեյմս Բրաուն, Դայանա Ռոս,  Սթիվի Ուոնդեր և ուրիշներ):
    Հետո   հայրս ծանոթացրեց Ջորջ Քոլմանի հետ, ով ինձ սովորեցրեց սաքսոֆոն նվագել: Մինչ այդ ես ու եղբայրս միշտ պատկերացնում էինք, որ կնվագենք կոնտրաբաս, ինչպես մեր հայրը, և ես անգամ փորձել եմ նվագել:
    Մի օր հայրս բերեց մի կոնտրաբաս և ասաց, որ պարապեմ: Սկսեցի պարապել, բայց  որոշ ժամանակ անց հասկացա, որ այդ գործիքն ինձ համար չէ: Ամեն անգամ ջազ լսելիս ուշադրությունս ուղղվում էր դեպի սաքսոֆոնը: Ամբողջ բենդից ինձ հիացնում էր միայն այդ գործիքը:                                                                     
    Հորս առաջարկով սկսեցի դասերի  հաճախել սաքսոֆոնահար Ջորջ Քոլմանի մոտ: Նա շատ խիստ մարդ էր. երբեմն նույնիսկ դասերն ավարտվում էին լացուկոծով (ծիծաղում է):  Մտածում էի՝ պետք է հանձնվել, բայց հետո հասկանում էի, որ դա իմն է ու պետք է անեմ: Այդ շրջանում էլ հասկացա, որ ջազը պետք է ուղեկցի ինձ ողջ կյանքի ընթացքում:
    Ջորջ Քոլմանը մեծ երաժիշտ էր, մշտապես ներկա եմ գտնվել նրա համերգներին: Նա հաճախ էր ինձ հրավիրում բեմ՝ իր հետ նվագելու, և ամենալավ դասը լինում էր բեմի վրա՝ համերգին նվագելիս: Նրա հպարտությունն ու քաջալերանքը՝ շարունակելու այն, ինչ անում եմ,  ինձ համար լավագույն գնահատականն էր:
    Իմ երաժշտական կյանքում մեծ դեր է ունեցել նաև ջազ երաժիշտ, Քաունթ Բեյսիի նվագախմբի թմբկահար Փափա Ջո Ջոնսի ( Papa Jo Johns) հետ հանդիպումը: Մի օր հայրս ինձ ու եղբորս տարավ ծերանոց, և ասաց,որ հիմա կհանդիպենք մի մեծ մարդու. ես անգամ կասկած չունեի՝ ում մասին է խոսքը: Երբ հասանք և դուռը բացեցինք, հայրս ասաց. ծանոթացնում եմ ձեզ մեծն Փափա Ջո Ջոնսի  հետ: Մենք քար կտրեցինք, իսկ հայրս ծիծաղելով դուրս եկավ սենյակից՝ ասելով, որ կվերադառնա մեկ ժամից: Փափա Ջո Ջոնսից այդ օրն ունեցանք մի անմոռանալի դաս. նա խոսեց Քաունթ Բեյսիի նվագախմբի, Դյուկ Էլինգտոնի, Բիլի Հոլիդեյի մասին, իսկ մենք  միայն լուռ լսում էինք: Այս հանդիպումից հինգ տարի անց նա մահացավ: Նրան Ճանաչելն ու նրա հետ խոսելը կարևոր իրադարձություն էր իմ կյանքում:

- Դուք ապրում եք «ամենաջազային» քաղաքներից մեկում՝ Նյու Յորքում, ի՞նչ է այժմ  կատարվում  այնտեղի ջազային  կյանքում:

 - Նույն «ջազային Նյու Յորքն է»՝ ավանդական ու մոդեռն ջազով: 
Միշտ կարելի է գնալ «Village Vanguard»  կամ  «Blue Note», որոնք, սակայն, դարձել են կոմերցիոն և թանկ հաճույք են: Ինձ դուր չի գալիս այն, որ երբեմն  համերգները լինում են այնպիսի վայրերում, որոնք անմատչելի են հանդիստատեսին: Սա կարծում եմ՝ դեմ է ջազին, ու ճիշտ չէ այս բաժանումը, չէ՞ որ ջազը բոլորի համար է: Երաժիշտը պետք է շփվի հանդիսատեսի հետ: Դրա համար ես նախընտրում եմ ավելի շատ նվագել ոչ կոմերցիոն վայրերում, որոնցից է օրինակ՝ «Village Gate» ակումբը, որտեղ յուրաքանչյուր երկուշաբթի երեկոյան լինում են ջեմ-սեշններ:
    Ջազը Նյու Յորքում կենդանի է և ոչ միայն Նյու Յորքում. այն հիմա ամենուր է՝ Նյու Օրլեան, Չիկագո և վերջապես՝ Երևան:

 - Այսօր ջազ են անվանում նաև էթնո, ռոք  և  այլ  տարրերով համադրված երաժշտությունը: Ձեր կարծիքով ո՞րն է իրական ջազը, և արդյո՞ք այս բոլոր թվարկածները ջազի էվոլյուցիան են:

- Յուրաքանչյուր երաժիշտ պետք է նվագի այն, ինչ ուզում է, այն ինչ դուր է գալիս նրան: Կարելի է միախառնել ոճերը՝ ռոք կամ էթնո տարրեր ավելացնել ու այն կոչել մոդեռն ջազ: Երաժշտությունը փոխվում է, ես  հասկանում եմ դա, միգուցե կարող են այն անվանել ջազ, եթե ուզում են, բայց դա ինձ դուր չի գալիս. ես այն կանվանեի պարզապես երաժշտություն: Աշխարհում կան ջազ փառատոներ, որոնց համերգային ծրագրում ընդգրկված են Սնուփ Դոգը կամ նման  ոճի երաժշտության ներկայացուցիչներ և սա անվանում են ջազ փառատոն (ծիծաղում է), մինչդեռ կարելի է ասել ուղղակի երաժշտության փառատոն (music festival):  Երբեմն էլ մարդիկ ջազի մասին խոսելիս տարբերակում են հին ու նոր ջազ:  Ըստ իս՝ կա  ոչ թե հին ու նոր, այլ լավ և վատ երաժշտություն: Մարդիկ այսօր էլ լսում և կատարում են Մոցարտի, Բեթհովենի և Բախի ստեղծագործությունները, որոնք դարերի պատմություն ունեն, բայց դրանք հին չեն, հանճարեղ են: 
    Շատ հաճախ մարդիկ մոռանում են մի բան, որ  ջազում և ընդհանրապես երաժշտության մեջ կարևորը անհատականության դրսևորումն է: Օրինակ՝ ես սիրում եմ բիբոփը, սվինգը, ջազային ստանդարտները, բայց ունեմ նվագելու իմ ձեռագիրը և երբեք չեմ փորձում կրկնօրինակել, օրինակ, Չարլի Փարքերին կամ այլ երաժշտի,  ուզում եմ լինել «ես»՝ Զեյդ Նասսերը, որովհետև անհատ եմ և ունեմ իմ «ասելիքը»: Կարևոր է ունենալ ոճ, որպեսզի, օրինակ, ռադիոյով լսելիս կարողանան տարբերել ու հասկանալ, թե ով է նվագում:

- Արդյոք կարևո՞ր է և անհրաժե՞շտ է ջազի ակադեմիական դպրոց ունենալը:

- Ջազի դեպքում ո°չ կարևոր է և ո°չ էլ անհրաժեշտ: Հանճարեղ ջազ երաժիշտներից որևէ մեկը չի ստացել ակադեմիական կրթություն. ջազ սովորելու ճանապարհն այլ է: Իհարկե, կան մարդիկ, որոնք մեծ գումարներ են տրամադրում ջազ դպրոցներին, բայց  ջազը չեն սովորում. բարձր գնահատականներ ունենալն ու պարտադիր առաջադրանքները կատարելը չէ լավ ջազ երաժիշտ լինելու երաշխիքը:
    Այս գործում շատ կարևոր է ուղղակի դուրս գալ, շփվել, ճանաչել և դասեր առնել Նյու Յորքի հանճարեղ ջազ երաժիշտներից, մասնակից լինել ակումբներում տեղի ունեցող ջեմ-սեշններին:

- Կարո՞ղ եք հուշել ջազ սովորելու ամենակարճ ճանապարհը:

- Պետք է շատ աշխատել ու շատ լսել ջազային երաժշտություն, իսկ հետո լսածը կարողանալ վերարտադրել: Պետք է զարգացնել ընկալումը, այսինքն՝ ականջի հիշողությունը, նվագել ձայնագրության հետ, իսկ հետո՝ ինքնուրույն՝ ինքդ քեզ լսելով,  որպեսզի ճիշտ զգացողություն ձևավորվի: Այս ամենը պետք է անել ամեն օր՝ լսել, վերարտադրել և երրորդ ամենակարևոր պայմանը՝ մասնակցել ջեմ-սեշնների, նվագել տարբեր երաժիշտների հետ: Սա է ամենակարճ ու պարզ ճանապարհը: Բոլորն էլ հենց այսպես են սովորել և սովորում ջազ նվագել:

- Կարելի՞ է ասել, որ բլյուզը ջազի հիմքն է: Հնարավո՞ր է լավ ջազ նվագել առանց բլյուզը  յուրացնելու:
 

  - Ես հանդիպել եմ երաժիտների, ովքեր ասում են, որ չեն սիրում բլյուզ: Արդեն գիտեմ՝ ինչ կարելի է սպասել նման երաժիշտներից և ուղղակի փախչում եմ նրանցից (ծիծաղում է):
    Բլյուզը երաժշտության ճիշտ զգացողությունն է և ոչ թե տեխնիկան կամ այն, ինչ սովորեցնում են դպրոցներում:
     Անշուշտ, բոլոր հանճարեղ ջազ երաժիշտներն էլ լավ  գիտեն բլյուզ, օրինակ՝ Չարլի Փարքերը բլյուզի վարպետ էր: Կարող ենք ասել, որ բլյուզը ջազի հիմքն է:

- Դուք նվագել և նվագում եք շատ տարբեր կազմերում (տրիո, կվարտետ, կվինտետ և այլն), ո՞րն է ձեր սիրելի կազմը: Ո՞ր կազմն եք համարում ջազի համար իդեալական համադրություն:

- Վայելում  եմ քառյակը (կվարտետ). ես և ռիթմ-սեկցիան (դաշնամուր, հարվածային գործիքներ և կոնտրաբաս) կամ կվինտետը. այս կազմերը ինձ համար ամենահաճելին են: Բացի այդ, կվարտետը և կվինտետը ջազի ամենալավ համադրությունն են, և կարող ես ցանկացած ակումբում նվագել: Բայց պետք է ասեմ, որ մեծ սիրով նվագում եմ նաև սիմֆոնիկ կազմում, օրինակ՝ «Չարլի Փարքերը լարայինների հետ» («Charlie Parker with strings»): Հաճելի է նվագել այսպիսի մեծ նվագախմբով. դասականը ջազի հետ  շատ գեղեցիկ է:
    Նյու Յորքում ելույթ եմ ունենում շատ տարբեր կազմերով, իսկ երբ ճանապարհորդում եմ, ունեմ իմ հիմնական կազմը՝ Արի Ռոլանդ (կոնտրաբաս), Քիթ Բալա (հարվածային գործիքներ), Քրիս Բայերս (ալտ սաքսոֆոն):
    Լինում ենք այնպիսի երկրներում, որտեղ չգիտեն՝ ինչ է ջազը ու երբևիցե ջազ չեն լսել: Կարծում եմ ԱՄՆ-ի կողմից շատ կարևոր ու ճիշտ քայլ է՝ զարգացնել ջազն ամբողջ աշխարհում:
     Ես էլ դարձա այդ նախաձեռնողներից մեկը և բաց չեմ թողնում հնարավորությունը Երևան գալու և նվագելու իմ շատ լավ ընկերների ու հիանալի երաժիշտների՝ Սիմոն Դոլմազյանի, Վահագն Հայրապետյանի և ուրիշների հետ:
    Առաջին անգամ տասնյոթ տարի առաջ եմ եկել Երևան, սա ճակատագիր է: Չեմ կարող պատկերացնել   կյանքս առանց այս ամենի:


- Դուք նաև հրավիրվում եք տարբեր երկրներում դասավանդելու.  ո՞ր երկրներում եք նկատում երիտասարդների մեծ հետաքրքրություն և առաջընթաց ջազում և ինչպիսի՞ մոտեցումներ կան ջազին:

- Մեր հրավերների նպատակը ոչ միայն համերգային ծրագրերով հանդես գալն է, այլև վարպետության դասեր անցկացնելը: Մենք ուղղորդում ենք սկսնակ երաժիշտներին, զրուցում ջազի մասին, ծանոթացնում  իմպրովիզացիայի տեխնիկային, ջազի հարմոնիային և այլն:
   Ջազի նկատմամբ մեծ հետաքրքրություն և առաջընթաց տեսնում եմ Հայաստանում (ծիծաղում է): Ես դա չեմ ասում, որովհետև այստեղ եմ. սա ճշմարտություն է: Եղել եմ բազմաթիվ երկրներում, բայց Հայաստանում ջազ երաժիշտներն առանձնանում են իրենց կատարողականությամբ:  
    Սիրում եմ Հայաստանը. այստեղ ինձ ազատ եմ զգում, ինչպես տանը: Սկզբում ինձ այստեղ բերեց երաժշտությունը, հետո նաև մարդկանց հյուրընկալությունն  ու ջերմությունը ստիպեցին ինձ վերադառնալ: Հայաստանն առանձին տեղ ունի իմ սրտում:  Անհավանական է…
                                                                                        
Զրուցեց՝ Մերի Դոլմազյանը
  • Created on .
  • Hits: 3205

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: