ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆ. ԵԿԵՔ ԱՇԽԱՏԵՆՔ, ՈՐ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ

Ստեղծվել է՝ Երեքշաբթի, 08 Մարտ 2016 Հեղինակ՝ cultural
ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած ավելի քանի 100 աշխատանքներին այս տարի կգումարվի նաև «Լա Բոհեմ» մեկ գործողությամբ և 40 րոպե տևողությամբ բալետային ներկայացումը, որ նվիրված է Շառլ Ազնավուրին: Այս և մի քանի այլ հարցերի մասին ենք զրուցել ճանաչված բալետմայստերի հետ:

Պարոն Խառատյան, ինչպե՞ս ծնվեց «Լա Բոհեմ» բալետային ներկայացման գաղափարը: Շառլ Ազնավուրը տեղյա՞կ է Ձեր մտահղացման մասին:

Ճիշտն ասած, չեմ հիշում, թե ինչից ծնվեց գաղափարը, բայց Ազնավուրի մասին բալետ բեմադրելու մտադրությունն միշտ ունեցել եմ: Վերջին անգամ ես Շառլ Ազնավուրի համերգին եղել եմ Վաշինգտոնում, երբ նշում էին նրա 82-ամյակը, հետո Իտալիայում շուկայում տեսա Ազնավուրի իտալերեն լեզվով ձայնասկավառակը: Միգուցե հենց այդ ժամանակ էլ սկսեցի մտածել Ազնավուրին բեմական շարժման մեջ տեսնելու մասին: Ստեղծագործությունները 12-ն են, ընտրել եմ նրա երրորդ ձայնասկավառակի երգերը, բայց առաջին ձայնագրությամբ, քանի որ այդ հնչողությունն ինձ ավելի հարազատ է: Չեմ կարող ասել, թե քանի պարող ներգրաված կլինի: Ազնավուրի կերպարը կլինի, որը կներկայացնի նրա ապրումները՝ երիտասարդությունից մինչև հասուն տարիք: Ինչ վերաբերում է, թե Շառլ Ազնավուրը գիտի՞ ներկայացում բեմադրելու իմ ցանկության մասին, դեռ՝ ոչ: Ես չեմ սիրում գնալ ասել` գիտեք, ես նման բան եմ մտածել: Երբ որ կանենք-կվերջացնենք, այդ ժամանակ կկապվենք նրա հետ, եթե ցանկություն հայտնի մեկ երգ կենդանի կատարելու, պարզապես հրաշք կլինի, և հենց դա էլ կլինի բալետային ներկայացման կուլմինացիան:

Ձեր նախորդ` «Զույգ Արեգակներ», բալետային ներկայացումը համաձայն մամուլի հրապարակումների ցուցադրվելու է Եվրոպայում: Մի փոքր կմանրամասնե՞ք:

Այո, այդ տեղեկությունը ճիշտ է, միայն թե ոչ թե Վիեննայի «Շտատս» օպերայում, ինչպես գրում են, այլ՝ «Ֆոլկս» օպերայում, որը ևս մեծ անուն ունի: Մենք նրանց տեսանյութեր էինք ուղարկել և նայելուց հետո մեզ հրավիրեցին՝ նշելով, որ սա իսկապես նոր գաղափար է: «Զույգ արեգակները» իր բովանդակությամբ հայկական է, բայց ձևով ամբողջ աշխարհում ընդունված բալետ է: Քանի որ բալետի համար Եվրոպան կարծես թե դատարան լինի, մեզ հաջողվեց ապահովել նրանց կողմից պահանջվող մակարդակը, և մենք ստացանք այդ հրավերը:

Ձեր պլաններում նաև այլ բալետային ներկայացումներ կան: Նոր մեկնաբանությամբ «Անուշը» և բոլորովին նոր «Գիլգամեշը»:

«Այո, ուզում ենք «Անուշ» բալետն անել: Ես «Անուշում» ուզում եմ ցույց տալ հայերին հատուկ խառնվածքը, առաջ քաշել նոր գաղափարներ, նոր մոտեցումներով ներկայացում բեմադրել: Այն մեր հայկական «Ռոմեո և Ջուլիետն» է, թեման էլ` շատ ակտուալ: Ուղղակի անհրաժեշտ է այն ճիշտ ներկայացնել: Երբ տարիներ առաջ այն բեմադրեցի, բազմաթիվ քննադատություններ հնչեցին: Բայց ես այն կրկին բեմադրելու ցանկություն ունեմ: Իսկ արդեն 2017 թվականի պլաններում է «Գիլգամեշը», որը չեմ կարող ասել, որ «Անուշից» հետաքրքիր է, բայց այն ավելի համաշխարհային նշանակություն ունեցող է: Ներկայացման նպատակը այն հայերի հետ կապելն է, և դա հնարավոր է, քանի որ, ինչպես գիտեք, էպոսում շատ բառեր հայերեն են, և հերոսը Մասիս սարի մոտ է Նոյին հանդիպում: «Գիլգամեշի» միջոցով մի կարևոր բան եմ ուզում փոխանցել հանդիսատեսին, այն է` եկեք գործ անենք, որ մեր ազգը տեղում չդոփի, որ դուրս գանք այս վիճակից:
Ներկայացումներում ընգրկելու եք միայն տեղա՞ցի պարողների, թե, ինչպես «Զույգ Արեգակների» ժամանակ,  հրավիրյալ պարողներ էլ կլինեն:

«Գիտեք, խոսակցություններ են պտտվում, թե բալետի դերասաններն ինձ չեն սիրում, նման բան չկա: Ես էլ իմ հերթին պարողներին շատ եմ սիրում, երբ նրանք աշխատում են, և մենք արդյունք ենք տալիս: Ես դրսից միջազգային բալետի խումբ հրավիրեցի, և հայ կատարողների հետ միասին մենք աշխատեցինք, ու արդյունքը երևաց: Մարդու մարմինը ծույլ է, և երբ աշխատացնում ես, այն հրաշքներ է գործում: Ես անցել եմ այդ դպրոցը և գիտեմ, թե ինչպես է պետք ճիշտ աշխատացնել մարմինը: Առայժմ վաղ է այդ մասին խոսելը:

Զրուցեց Ալինա Նահապետյանը

Լուսանկարը` 168.am-ի
Դիտումներ: 1507