ԳՐԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՁԵՌԱԳԻՐՆ ԸՆԴԳԾԵԼՈՒ ՓՈՐՁ Է

Երբ վրձինը գեղանկարչի ձեռքի թեթև շարժումով հպվում է թղթյա մակերեսին, գեղանկարչի ներսում տիրող տրամադրությունը փոխանցվում է կտավին: Վրաստանում ծնված 24-ամյա Գրետա Հարությունյանի երևակայության և զգացմունքների հիման վրա ստացված կտավներում հերոսներն իրավիճակային են և մերկ: Սակայն մերկությունը նրա ստեղծագործություններում, հեղինակի խոսքով, սեփական ձեռագիրն ընդգծելու փորձ է, որը ձևավորվել է ոչ պատահաբար:

Ե՞րբ եք սկսել նկարել:

Ես ինձ ինչ հիշում եմ, միշտ նկարել եմ: Ավելի լուրջ սկսեցի զբաղվել մոտ 5 տարի առաջ: Ընդունվելով Գեղարվեստի ակադեմիա՝ ավելի ու ավելի շատ սկսեցի նկարել: Հերոսներին պատկերում էի համարձակ, անկաշկանդ, առանց պարտավորությունների: Իսկ այդ համարձակությունը փորձում էի ստանալ վերջիններիս մերկ նկարելու միջոցով:

1 greta harutyunyanԻնչպե՞ս էին այդ ամենին արձագանքում Ձեր դասախոսները, համակուրսեցիները և նրանք, ովքեր հետևում էին Ձեր ստեղծագործական արտահայտումներին:

Արձագանքները տարբեր են եղել: Ակադեմիայում սովորելու ընթացքում մեկ անգամ չէ, որ դասախոսներն աշխատանքներիս որոշակի վերապահումներով են մոտեցել: Ես ուզում էի մարդուն ներկայացնել իր բնական տեսքով, առանց ավելորդ ատրիբուդների և ինձ համար տարօրինակ էր նրանց արձագանքը: Գիտե՞ք, երբեմն հագուստը, աքսեսուարները հնարավորություն չեն տալիս մարդուն տեսնել այնպիսին, ինչպիսին իրականում նա կա:

Իսկ ինչպիսի՞ն է մարդն իրականում:

Այնպիսին, ինչպիսին ես պատկերացրել եմ և փոխանցել կտավներին: Կանայք, օրինակ, իմ կտավներում ավելի հեզ են, տղամարդու թիկունքում կանգնած և հարում են նրանց: Շատ ընդհանրություններ կան իմ և իմ կտավների հերոսուհիների միջև, բայց ես էությամբ ավելի նախաձեռնող եմ, թեև հավատում եմ նախախնամությանը:

Իսկ տղամարդի՞կ: Ինչպիսի՞ն են նրանք:

Տարբեր դեպքեր և դեմքեր են լինում: Պատահում է, որ ինձ ոգեշնչում են և իմ կտավների հերոսներ դառնում նրանք, ում ես տեսնում եմ հասարակական տրանսպորտում, սրճարանում, որևէ ցուցահանդեսի ժամանակ: Իմ հերոսներն իրավիճակային են: Ես փորձում եմ նրանց ներկայացնել որևէ իրադրության մեջ՝ մերկ, առանց ավելորդությունների, ընդգծելով գործողությունը, որն նրանք կատարում են: 

4 greta harutyunyanԿտավների հերոսներ ընտրելիս պարտադի՞ր է նրանց բնական միջավայրում տեսնելը:

Ոչ, իհարկե: Բոլորովին վերջերս հոլիվուդյան մի ֆիլմ էի նայում և ֆիլմի դրվագներից մեկն ինձ վրա մեծ ազդեցություն գործեց: Հերոսները «ռուսական ռուլետկա» հիշեցնող խաղ էին խաղում և յուրաքանչյուր պտույտի ժամանակ նրանցից մեկն ինքնաձիգի փամփուշտից մահանում էր: Այդ շրջանը, որը նրանք խաղի ընթացքում կազմել էին, ինձ ուղղակի ցնցեց, և ինձանից երկար ժամանակ չպահանջվեց, որ նստեմ մոլբերտի առաջ և նրանց մերկացնեմ:

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող են զգալ մարդիկ՝ տեսնելով Ձեր կտավները:

Դա շատ սուբյեկտիվ է, կախված է տվյալ մարդու՝ արվեստի հանդեպ ունեցած վերաբերմունքից և, իհարկե, գիտելիքների պաշարից: Չնայած լինում է, որ զգում և խոսում են իմ կտավներում իրենց տեսած դեպրեսիայի մասին: Անգամ ինձ որպես մելանխոլիկ են բնութագրում: Չգիտեմ, գուցե որոշակի ճշմարտություն կա նրանց ասածի մեջ:

2 greta harutyunyanՀայաստանում ժամանակակից կերպարվեստն ի՞նչ վիճակում է: Ստեղծագործ անհատները ինչպիսի՞ հնարավորություններ ունեն և ի՞նչ դժվարությունների առաջ են կանգնում:

Հայաստանում այսօր, ինչպես մյուս երկրներում, ծայրահեղ վիճակներ են: Օրինակ, սկսում են նկարել պատվերով: Հաճախ պատվերով նկարները ստեղծագործելու համար դառնում են պարտադիր պայման: Ինչ վերաբերում է ինձ, ի սկզբանե այնպես է ստացվել, որ իմ նկարները կոմերցիոն չեն և չեն վաճառվում: Ինձ կայացած նկարիչ կհամարեմ, երբ դրանք սկսեն վաճառվել: Հիմնականում նրանք, ովքեր գնելու հնարավորություն ունեն, նախընտրում են ավելի հայտնի նկարիչների աշխատանքները: Կարծում եմ՝ կտավները պետք է արժեք ունենան ոչ թե նրա համար, որ ստեղծվել են պատվերի արդյունքում, այլ որ ստեղծագործական մտքի թռիչքի արդյունք են:

 Իսկ ի՞նչ վիճակում է Գրետա Հարությունյանի ստեղծագործական ընթացքն այս շրջանում:

Կարծում եմ՝ նկարիչն իր ամբողջ օրը պետք է տրամադրի միայն նկարելուն, բայց, ցավոք, ավելի քիչ ժամանակ եմ ունենում նկարչությամբ զբաղվելու համար: Աշխատում եմ, և գրեթե ժամանակ չի մնում նկարելու: Բայց դա հակառակ ազդեցություն էլ է ունենում. այնքան է կուտակվում, որ երբեմն կանգնում եմ կտավի առաջ և չգիտեմ որտեղից սկսել: Բայց գիտեմ, որ ժամանակի սղությունը ժամանակավոր է, և գուցե դա է պատճառը, որ հանգիստ եմ: Թեև առաջիկա պլաններում կա միջազգային մի նախագիծ, որի մասին դեռ չեմ ուզում խոսել, քանի որ սպասվում է հայաստանյան նախընտրական փուլ, որը, վստահ եմ, կհաղթահարեմ:

3 greta harutyunyanՅուրաքանչյուր ստեղծագործ անհատ ունի իր «հեղինակ-ոգեշնչողները»: Ձեր դեպքում կա՞ որևէ գեղանկարիչ, ում ստեղծագործություններն անտարբեր չեն թողել և զգալիորեն ազդել են Ձեր ձեռագրի վրա:

Ֆրենսիս Բեկոն, էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկ: Իհարկե, կարող եմ էլի անուններ ավելացնել: Բայց կարծում եմ` բավական է: Առհասարակ, ըստ իս, չկա մի անհատ, որ ստեղծագործական տարբեր փուլերում չունենա նոր հեղինակ-ոգեշնչողներ: Ստեղծագործությունը դա ընթացք է, չէ՞ որ այն կապված է մտքի և զգացմունքների հետ: Այսօր դու մի բան ես զգում, վաղը, կախված իրավիճակից, բոլորովին այլ: Իմ ստեղծագործական կյանքի տարբեր փուլերում ստեղծված կտավները կարելի է նեոէքսպրեսիոնիզմի նմուշներ համարել, որոնք կրում են եգիպտական արվեստին հատուկ շեշտադրումներ: Գուցե այդ ուղղությունը մնա հիմնականը, գուցե փոխվի: Ժամանակը ցույց կտա:

Զրուցեց Ալինա Նահապետյանը
  • Created on .
  • Hits: 3074

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: