ԱՐՏԱՑՈԼԱՆՔՆԵՐՆ ԻՆՁ ՄԻՇՏ ԳՐԱՎԵԼ ԵՆ

Սեպտեմբերի 4–ին «Դալան» ցուցասրահում բացվեց նկարիչ Արարատ Մինասյանի «Արտացոլանքներ ու․․․» խորագրով ցուցահանդեսը։
Cultural.am-ի զրուցակիցն է Արարատ Մինասյանը։
Cultural.am-ի զրուցակիցն է Արարատ Մինասյանը։
- Ինչու՞ «Արտացոլանքներ»։

Շատ բարդ կոնստրուկցիա է։ Երբ վերածում ես դա նյութի, այսինքն՝ նկարում ու ցույց ես տալիս, օրինակ՝ գունդ, որի մեջ արտացոլված է ինչ-որ X միջավայր։ Չես կարող ասել՝ հենց այդ գնդի մեջ է իրականությունը, ինչ-որ մենք տեսնում ենք, թե՞ այն է իրականությունը, ինչի մեջ մենք ապրում ենք: Երբ դու ֆիքսում ես դա, դրա մեջ դնում ես ինչ-որ գաղափար, երևույթ, որն արդեն իրական է դառնում։ Դու երկու տարբեր բան ես ստեղծում մարդու՝ դիտողի համար։
- Իսկ ի՞նչ իրականություն է պետք արվեստագետին ստեղծագործելու համար։

- Ի՞նչ նորություններ ունի Արարատ Մինասյանը իր արվեստը գնահատողների համար։
-Սկսել եմ աշխատել մանեկենների շարքի վրա։ Առաջին աշխատանքս այս օրերին Պեկինում բիեյնալեի է մասնակցում ևս չորս գործի հետ։
Մանեկենը անշունչ իր է, բայց այդ նկարում երազում է։ Այդ երազանքը ես ցույց եմ տվել մանեկենի արտացոլանքի միջոցով։ Նկարի մեջ ֆանտաստիկ մի բան է արտացոլված․ռեալ, իրական աշխարհ չէ։ Երբ ցույց ես տալիս այդպիսի անիրական աշխարհ արտացոլանքի պես, դա դառնում է արդեն մանեկենի ներաշխարհը, ինչ-որ տեղ մանեկենի հոգին։
21-րդ դարի մասին մտածելիս հասկանում ես, որ խոսքը կիբերռեալության մասին է։ Շարքը կոչվելու է «Մարդը մարդուց հետո»։ Արդեն իսկ տարօրինակ գաղափար է, որովհետև մարդուց հետո մա՞րդ, դու չես պատկերացնում նրան որպես ռեալ մարդ, նա այլ պատկերացում է։
- Մանեկենն եք ընտրել, որովհետև անշու՞նչ է, անդե՞մ։
- Մանեկենը խորհրդանշում է մեզ՝ մարդկանց, որովհետև մենք էլ իրականում ոչ մի բան չենք որոշում․հագուստից սկսած մինչև մեր կենցաղը մենք ինչ-որ ուղղվածությամբ ենք ապրում։ Նրան, ով փորձում է մի փոքր դուրս գալ այդ ուղուց, վանում են հասարակությունից, դատապարտում. նա դառնում է «իքս պերսոնա», հասարակության կողմից չընդունված մեկը։ Այդ ամենը մի կողմ դրած՝ մանեկենին դնում ես այնպիսի միջավայրի մեջ, որ, անշունչ լինելով, փորձում է ինչ-որ բանի մասին երազել։
Միանգամից ուղիղ համեմատական եմ տանում ինձ հետ․ես երազում եմ. որքանո՞վ է իմ երազանքը կարծրատիպային։ Ինքներդ ձեզ հարց տվեք երազանքի մասին ու փորձեք հասկանալ։ Գրեք՝ «ինչի՞ մասին կարող եմ երազել», հարցրեք մեկ ուրիշին և այդպես շարունակ։ Կտեսնեք, որ մի ընդհանուր բան կհնչի, թե ինչի մասին են մարդիկ երազում, այսինքն՝ երազանք կոչեցյալը կարծրատիպ է։
Կարելի՞ է այդ կարծրատիպից դուրս երազել․շատ կարևոր հարց է ինձ համար։ Մանեկենը այդ հարցին ինչ-որ տեղ պատասխանում է, որովհետև անշունչ է, նույնիսկ չի ընտրում՝ ինչպես իրեն կանգնեցնեն խանութի ցուցափեղկում, չգիտի՝ իրեն ինչ հագուստ են հագցնում, և երբ փորձում է երազել, սկսում են առաջանալ այդ հարցերը։ Ինձ համար կարևոր է, որ նկարները դիտողը սկսի ինքնիրեն հարցեր տալ։
Շարքը տարբեր նկարներից է բաղկացած լինելու։ Յուրաքանչյուր նկար շոշափելու է մի առանձին խնդիր։ Հիմա աշխատում եմ, բայց երևի երկու տարի կտևի, որովհետև շատ մեծ նախագիծ է: Երբ պատրաստ լինեն շարքի բոլոր նկարները, այդ ժամանակ կորոշեմ, թե որտեղ է ցուցադրվելու այն:
- Գիտեմ, որ Զաքար Դեմիրճյանի հետ աշխատում եք Yerevan Sketchbook-ի վրա։ Ի՞նչ փուլում են աշխատանքները։

Հիմա աշխատանքները ավարտական փուլում են։ Աշխարհում sketchbook-երի շատ անալոգներ կան և դրանցից որևէ մեկին չնմանվելու համար անընդհատ աշխատում ենք և ՛ տեքստային մասի, և ՛ նկարների վրա։
- Որո՞նք են ձեր սիրելի ճեպանկարները Yerevan Sketchbook–ում։

Միշտ մտածում էի՝ ինչպես նկարեմ Բարեկամության կամուրջը։ Նկարեցի ու հասկացա, որ մյուսներն էլ են զգացել այդ նույն պտույտը, շրջադարձը, որ տեղի է ունենում։
«Արտացոլանքներ ու ․․․» ցուցահանդեսը «Դալան» ցուցասրահում (հասցե՝ Աբովյան 12) կգործի մինչև սեպտեմբերի 14-ը։
Զրուցեց Աննա Կարապետյանը
- Created on .
- Hits: 3269