ԲՈԼՈՐԻՍ ՀԱՅԱՑՔԸ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ Է…

    Հարցազրույց բելգիայաբնակ հայազգի  ջութակահար, Բելգիայի Լյուվենի համալսարանի  դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Մահտեսյանի  հետ:
   
        - Որտեղի՞ց  են  Ձեր արմատները:
    - Հայրական կողմս  Ջավախքից է, մայրական կողմս Սևանից: Ես  ինձ  ջավախեցի եմ համարում, բայց մեծացել եմ Երևանում: Բաբաջանյանի անվան  ուսումնարանում սովորելուն զուգահեռ ժողովրդական արտիստ Գևորգ Աճեմյանից ստացա առաջարկ աշխատելու Ռադիոհեռուստաընկերության ջութակահարների անսամբլում, որտեղ աշխատել եմ մինչև 1998 թվականը, այնուհետև ընդունվել եմ Երևանի պետական կոնսերվատորիա: Ուսանողական տարիներին  ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում  եղել եմ Էստոնիայում, որից հետո  ուսումս շարունակել եմ  Մոսկվայի  Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում:
    Մեր ընտանիքում չկան երաժիշտներ: Դեռևս մինչև դպրոց հաճախելը սեր  ունեի դեպի երաժշտությունը ու շատ լավ զգում  էի  այն:

      - Ե՞րբ եք տեղափոխվել Բելգիա: Ապրելու և ստեղծագործելու համար ինչո՞ւ  ընտրեցիք հենց այդ երկիրը: 
   - Բելգիա տեղափոխվեցի 1998 թվականին: Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան   ավարտելուց  հետո այնտեղ մնալու առաջարկություն ստացա:  Այնուհետև Լյուքսենբուրգի  օրկեստրում աշխատեցի մի քանի տարի  առաջին ջութակի  կարգավիճակով, որից հետո ընդունեցի  Բելգիայի  Լյուվենի համալսարանում աշխատելու  առաջարկը,  որտեղ դասավանդում եմ 2008 թվականից  մինչ օրս:

    - Եթե ոչ  ջութակ,  ապա  ին՞չ  կընտրեիք:
    - Երևի նորից ջութակ կընտրեի…
  
    - Արդյոք հայ երաժիշտի, արվեստագետի համար դժվար չէ՞ Բելգիայում ապրել և ստեղծագործել:
    - Ամեն առավոտ օրս սկսում եմ ջազվեյով պատրաստված հատուկ Երևանից բերված հայկական սուրճով: Ինչքան էլ ապրեմ այստեղ, հաջողություններ ունենամ, միևնույն է  փորձում եմ պահպանել  հայությունս: Դժվար է, ինչպես ասում են «ամեն ձուկ իր ջրում պետք է լող տա…»: 

    - Արտերկրում աշխատելու մեծ փորձ ունեք: Հայ կոմպոզիտորներին և հայ դասական երաժշտության դպրոցին արտերկրում ծանո՞թ են:
    - Իհարկե, ծանոթ են: Համերգներով  հանդես ենք  գալիս և ներկայացնում ենք  Աշոտ  Արեան, Բաբաջանյան, Խաչատրյան, Մանսուրյան. շատ   են հավանում, հիացած են:  Բայց  հատուկ առանձնացնում են Կոմիտասին, կարծես  հատուկ կոդավորումներ ունի, որ դրսի հանդիսատեսի  հոգու, զգայարանների  վրա ֆենոմենալ   ազդեցություն է  գործում: Ունենք  կոմպոզիտորներ,  որ այստեղ մեծ ճանաչում ունեն` Վաչե Շարաֆյան, Տիգրան Մանսուրյան և ուրիշներ: Հայ  ելևէջներին շատ լավ ծանոթ են այստեղ, որովհետև վերջին 15 տարվա ընթացքում  բավականին  մեծ թվով երաժիշտներ հասցրել են դրսևորել իրենց և՛ փառատոներում, և՛ տարբեր մրցույթներում ու ապացուցել են, որ հայկական կոնսերվատորիան, հայկական երաժշտական պոտենցիալ ուժը շատ ուժեղ է:
      
         - Պատրաստվո՞ւմ եք արդյոք  Երևանում  համերգով  հանդես գալ:
    - Արդեն առաջարկներ կան Երևանում նույնպես համերգով հանդես գալու: Հուսով եմ  կհանդիպենք  մյուս տարի:

    - Այս օրերին Ձեր ուսանողների  հետ մասնակցում եք փառատոնի: Ի՞նչ  փառատոն է  այն:
   - Փառատոնը 35 տարվա պատմություն ունի, պետական աջակցությամբ է կայանում, արքայազն Ամոռի Դե Մեռոդի բարձր հովանու ներքո, ով հանդիսանում է նաև փառատոնի հովանավորը: Ցանկություն և ծրագրեր կան նաև այս փառատոնի մասնաճյուղերը բացել եվրոպական բոլոր քաղաքներում,  այդ թվում նաև` Իսպանիա, Գերմանիա, Իտալիա:  
 
    - Հետևո՞ւմ  եք  հայաստանաբնակ Ձեր կոլեգաների գործունեությանը:
  - Այո, հետևում եմ: Ցավոք մեր երկրի պայմանները ստիպում են պրոֆեսիոնալ արվեստագետներին ապրուստ և դրսևորվելու հնարավորություն փնտրել Հայաստանից դուրս: Իհարկե, լավ չէ, որ բարձր  արվեստագետները հեռանում են երկրից: Ավելացնեմ, որ  ոչ բոլոր տաղանդավոր արվեստագետներն են դրսում հաջողություններ ունենում. քչերն են գտնում իրենց տեղը, իսկ ով չի գտնում, սկսում է զբաղվել այլ գործերով: Պատճառը միայն սոցիալական չէ. ոչ բոլոր խնդիրներն են սոցիալական: Երկրից գնալու նաև այլ պատճառներ պետք է որ լինեն: 

     - Հաճախ  ե՞ք այցելում Հայաստան
    - Հաճախակի եմ լինում Հայաստանում, մտերիմների  հետ  եմ հանդիպում, տուն եմ  գալիս  աշխատանքից  հետո լիցքավորվելու համար:

     - Ի՞նչը կցանկանայիք փոխված տեսնել Ձեր  տանը՝ Հայաստանում
    - Ուզում եմ՝ Հայաստանը լինի մաքուր ու կանաչապատ, մարդիկ  սոցիալապես  ավելի լավ ապրեն, մշակույթի ոլորտում փոփոխություններ լինեն՝ պրոֆեսիոնալները լինեն իրենց տեղում, իսկ դրսում ապրողները վերադառնան հայրենիք:
    Մեր  երկրում կան հարցեր, խնդիրներ,  որոնք միայն մշակույթի  նախարարությունը չէ, որ պետք է լուծի. կառուցվածքային փոփոխություններ  են պետք: Չի կարելի հույս դնել միայն դրսի ֆինանսավորման վրա, պետք է լուրջ քայլեր ձեռնարկել:
 
        - Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
    - Ծրագրեր միշտ կան: Մրցույթներ, փառատոներ կարելի է կազմակերպել, մասնակցել տարեկան հարյուրից  ավելի համերգների, հայ ուսանողների համար ծրագրեր  մշակել, բայց  ի  վերջո մենք բոլորս ունենք հայրենիք: Ցեղասպանությունից հետո մարդիկ  սփռվել են աշխարհով մեկ և ճակատագրի բերմամբ ապրում են այլ երկրներում:
    Բայց մենք, որ ծնվել ու մեծացել ենք Երևանում, բոլորիս հայացքը դեպի Հայաստանն  է…

Զրուցեց Սիրանուշ Նազլուխանյանը
  • Created on .
  • Hits: 3260

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: