Հարցազրույց հայ կոմպոզիտորների հետ. Դավիթ Բալասանյան

    Հայ ժամանակակից կոմպոզիտորների տեսակետներն ու հայացքները նույն հարցադրումների վերաբերյալ:
 

Զրուցեց Անահիտ Մուղնեցյանը
Երաժշտության տեսաբան և խմբավար


Դավիթ Բալասանյան
«Ես խոսում եմ երաժշտության լեզվով. այն Արարատ չի, ոչ էլ հայկական կոնյակ»
 
- Կոմպոզիտորի, առհասարակ ստեղծագործողի համար, էական նշանակություն ունի՞ ապրելու վայրը: Ո՞ր երկրի մշակույթն է քեզ ավելի հոգեհարազատ:
- Գուցե ունի, եթե ունի: Կոմպոզիտորները տարբեր են: Մեկն իր հողին է կպած կամ մշակույթին, մյուսը աշխարհագրական սահմաններ չի ճանաչում, նրա համար ազգայինը որոշիչ չէ: Իսկական ստեղծագործողը ամենադժվարին պայմաններում անգամ ամեն տեղ էլ ստեղծագործում է, հատուկենտ բացառություններով: Դե իհարկե կան մարդիկ, որոնց հայրենիքից հեռու լինելը ճակատագրական դեր է խաղում իրենց արվեստում: Կախված է նրանից, թե ով իր թեման որտեղ է գտնում, ինչ գրքեր է կարդացել կամ չի կարդացել ընդհանրապես, որ մուսաներն ու դևերն են նրան ծառայում, կամ, գուցե, նա է ծառայում նրանց: Ինձ առաջին հերթին հոգեհարազատ է իմը՝ հայկականը, հետո նոր համամարդկայինը: Գլոբալիզացիան առանց այդ էլ իր հունով զավթում է աշխարհը, դրա տեմպերն արագացնելու կարիք չկա: Երբեք հատուկ մղում չեմ ունեցել գրել հայկական երաժշտություն: Ստեղծագործել եմ այն լեզվով, որը շաղախված է մեր մշակույթով, ընկալել ու մարսել եմ: Ինչպես երեխան է սկսում խոսել այն լեզվով, որով ծնողներն են ավելի շատ խոսում: Բայց և այնպես, որպես կոմպոզիտոր ու որպես մարդ՝ հայացքս կիսով չափ դեպի դուրս է, դեպի այլ մշակույթներ նաև, այլապես կճահճանայի: Կան սերմեր ու տնկիներ, որ աճում են ուրիշ հողում, կան, որ չեն աճում. մարդկային խառնվածքից էլ է կախված: Լինում են գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներ և՝ աճեցված առանց որևէ պարարտանյութի, բնական: Ամեն դեպքում, դիմակայել են դիմագիծ ունեցող ժողովուրդները, որոնց արմատն ու հիմքը նույնն էր, ու դրա շնորհիվ էլ մենք ենք պահպանվել` փոքրաթիվ, բայց պահպանվել ենք:

- Ազգայինը, ժողովրդականը, հայկականը այսօրվա կոմպոզիտորական ստեղծագործությունից շատ չե՞ն հեռացել:
- Երբ շատ եմ լսում ազգայինի մասին, մի տեսակ «խրտնում եմ»: Ես խոսում եմ երաժշտության լեզվով. այն Արարատ չի, ոչ էլ հայկական կոնյակ: Արվեստի գործը պարտավոր չի կրել ազգային, ժողովրդական տարրեր: Արվեստագետը ստեղծագործելիս պիտի լինի հնարավորինս ազատ հասարակական կարծիքից, մեր մեծերի «չքննարկվող ճշմարտություններից» ու անի այն, ինչ իր ներքին ձայնն է իրեն հուշում, աշխարհընկալումը, պրոֆեսիոնալիզմը: Կախված իր հայացքներից՝ հեղինակն է որոշում, որ գույներով աշխատի՝ ավելի շատ կարմի՞ր, կանա՞չ, մոխրագո՞ւյն, թե այդ բոլորը միասին, ու պահանջել կամ ակնկալել նրանից ազգայինը՝ կլիներ առնվազն անտակտություն… Ազգայինի դրսևորման տարբեր հարթություններ կան: Ազգային մոտիվներով ստեղծագործություններ կան, որ լավ է չլինեին, ու կան, որ առաջին հայացքից ազգային չեն, բայց հիմքում ամենաազգայինն են ու լավագույնը՝ իրենց տեսակի մեջ: Բայց արվեստի առաջնային նպատակը դա չէ: Մենք լսում ենք Բախ կամ Մոցարտ՝ դիստանցվելով գերմանականից ու ավստրիականից: Մենք երաժշտություն ենք լսում… այդպես չէ՞:

- Ստեղծագործությո՞ւնն է որոշում գրելաձևը, թե կոմպոզիտորն է սահմանումներ անում, ինչպես, օրինակ Շյոնբերգի դեպքում:
 - Գրելու բազմաթիվ ձևեր կան: Կա՛մ ստեղծագործում ես՝ հիմնվելով դրանց վրա, կա՛մ սինթեզում դրանք, կա՛մ փոփոխության ենթարկում… դրանք ընդամենը գործիքներ են արվեստագետի ձեռքերում: Լինում է և այնպես, որ ստեղծագործությունն ինքն է ձև ու բովանդակություն թելադրում… Ինչպես Շնիտկեն է մի առիթով ասել, Նարեկացու «Մատյան ողբերգության» հիման վրա իր Երգչախմբային կոնցերտը գրելիս՝ նա ցանկացել է անել մի բան, բայց տեքստը այլ երաժշտություն է թելադրել, ու նա, ի վերջո, գնացել է տեքստի հետևից: Շյոնբերգը ստեղծեց մի երաժշտական գրելաձև/համակարգ՝ անվանելով այն դոդեկաֆոնիա, և բազմաթիվ կոմպոզիտորներ կիրառեցին այն իրենց ստեղծագործություններում: Ցանկացած ստեղծագործությունն իր հեղինակի ապրածի, տեսածի, զգացածի արդյունքն է: Ըստ իս՝ Շյոնբերգի ստեղծագործությունները՝ գրված հենց իր սիստեմով, ավելին են ասում իր ժամանակի մասին, քան նույն սիստեմով մեր օրերին գրված ստեղծագործությունները՝ մեր ժամանակի մասին... Այնպես որ. «մարդն այն է, ինչ նա ուտում է, կարդում, մտածում, հավատում ու տեսնում»:

- Քո նախասիրությունը` կամերային երաժշտություն. արդյո՞ք  դրանից ասելիքդ չի պակասում:
- Ցանկացած կոմպոզիտոր ուզում է լսել իր ստեղծագործությունը կյանքի օրոք: Իհարկե, կան այնպիսիք, ովքեր գրում են մեծակտավ ստեղծագործություններ` օպերաներ, բալետներ առանց նախապայմանի, բայց նրանք ավելի շուտ բացառություններ են: Եթե նկարիչն ու գրողը գործը ավարտին հասցնելուն պես կարող են տեսնել այն` իր վերջնական տեսքով, ապա կոմպոզիտորի համար հաճախ խնդիր է առաջանում՝ ինչպես այն կատարել, ինչպես համապատասխան ֆինանսավորում հայթայթել, իրագործելի՞ է դա, թե՝ ոչ: Ակադեմիական ժամանակակից երաժշտությունից բացի՝ մանկուց իմպրովիզացիաներ եմ նվագում: Դրանք տարբեր բնույթի են՝ ջազային, էթնիկ, մեդիտատիվ, երբեմն միախառնված… իմպրովիզացիան նմանեցնում եմ սերֆինգի: Առանց քամու ու մակընթացության՝ դա մեռած տախտակ է: Նվագելիս դու հանկարծ հայտնվում ես մի անբացատրելի հոսանքի մեջ: Նախ փորձում ես ինքդ այն ձևավորել, հետո՝ նա է քեզ քշում-տանում, ու դու դառնում ես գործիք, չկա ազատություն, դու կորցնում ես կապը քեզ շրջապատող աշխարհի հետ ու միայն թեթևակիորեն ուղղորդում ես այդ ընթացքը: Բայց երբեմն շրջապատող մթնոլորտը, ֆիզիկական ու հոգեկան վիճակդ ընդհանրապես չեն տրամադրում հանկարծաստեղծման: Ստեղծագործական պրոցեսը մեդիտացիայի պես մի բան է: Ստեղծագործողները հաճախ այնպիսի անբացատրելի ու ֆանտաստիկ զգացողություններ են ունենում, որ ցանկացած յոգ մեզ կնախանձեր:

- Որտեղի՞ց են «սնվում» Բալասանյանի մուսաները:
- Չգիտեմ, մուսաների՞ն գուցե հարցնեք:

- Կոմպոզիտոր ծնվո՞ւմ են, թե` դառնում:
- Կան, որ ծնվում են՝ Մոցարտի պես: Կան, որ դառնում: Հիմա ամեն երկրորդը երաժշտություն է գրում ու իրեն համարում կոմպոզիտոր, ու երբեք չգիտես՝ դու ամեն երկրո՞րդն ես, երրո՞րդը, թե՝ տասներորդը… Դարեր առաջ չկար կոմպոզիտոր հասկացություն, նկարիչներն անգամ չէին մակագրում իրենց նկարները… Բախն, օրինակ, իր ստեղծագործությունների վերջում իր անվան փոխարեն միշտ գրում էր՝ S.D.G. (Soli Dei Gloria) – «Միայն Աստծուն փառք», J.J. (Jesu Juva) – «Հիսուս, օգնիր» կամ I.N.J. (In Nomine Jesu) – «Հանուն Հիսուսի»: Բայց և կային այնպիսիք, ովքեր գիտեին, որ հանճար են ու ամեն հարմար առիթով ընդգծում էին դա, ինչպես Դալին:

- Կա՞ որևէ մասնագիտություն, որ կցանկանայիր ձեռք բերել, կոմպոզիտոր ու դաշնակահար լինելուց զատ:
- Այլ մասնագիտություն ձեռք բերելու համար ես չափից դուրս ծույլ եմ... Բայց ունեմ հոբիանման երազանքներ:

- Լավ գիտենք հայաստանյան ժամանակակից կոմպոզիտորական և կատարողական խնդիրները, որոնք դպրոցական ժողովների ընթացակարգի նման են առաջ քաշվում, բայց, որպես կանոն, ողջամիտ լուծման տարբերակները բացակայում են: Դրանց լուծման համար ի՞նչ օպտիմալ տարբերակներ կառաջարկես:
 - Մինչև լուծումը՝ տարբերակների հեղինակները հաճախ չեն համբերում ու կա՛մ երկրից են հեռանում, կա՛մ՝ կյանքից: Կարծում եմ, որ ստեղծագործողը՝ եղունգ ունենալու դեպքում, պիտի առաջին հերթին իր գլուխը քորի, որի արդյունքում էլ չի լինի այն մեկը, ով կմտածի մյուսների փոխարեն… փակ շղթա է: Այն էլ՝ հայերիս պարագայում. մեզանից շատերը ուզում են խորհուրդներ տալ, ղեկավարել, բայց թե ինչպես, իրենք էլ  չգիտեն: Ես մեծ փորձ չունեմ այդ ասպարեզում, վստահ չեմ, թե որքանով է արևմուտքի փորձը մեզ մոտ կիրառելի: Այնպես որ, ես ավելի լավ է զբաղվեմ իմ գործով՝ երաժշտությամբ:

- Ի՞նչ ես կարծում, ապագա սերունդների համար ո՞ր ստեղծագործությունդ ասելիք կունենա:
- Ասելիք ցանկացած ստեղծագործությունն ունի, բայց դու երբեք չգիտես՝ կապրե՞ն դրանք քեզանից հետո, թե ոչ: Ուզում եմ Ֆոլքներին մեջբերել. «Յուրաքանչյուր արվեստագետի նպատակը շարժումը արհեստականորեն ֆիքսելն է: Շարժումը, որ կյանքն է, ու այն վիճակում պահելը, որ հարյուր տարի հետո էլ, երբ անծանոթը նայի դրան, այն վերսկսի իր կյանքի ուղին: Քանի որ մարդը մահկանացու է, նրա համար միակ հասանելի անմահությունը իրենից հետո շարժման մեջ հարատևող ինչ-որ բան թողնելն է: Դա նրա հնարավորությունն է՝ վերջնական ու անդառնալի մոռացության պատին գրելու՝ «Այստեղ եղել է Քիլռոյը», և այդ մոռացության միջով մի օր ստիպված է լինելու անցնել»:

- Ի՞նչ ես փնտրում, որ դեռ չես գտել:
- Եսիմ…

Լուսանկարը՝ Անի Առաքելյանի
 
  • Created on .
  • Hits: 3978

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: