Հարցազրույց հայ կոմպոզիտորների հետ. Ժիրայր Շահրիմանյան

Հայ ժամանակակից կոմպոզիտորների տեսակետներն ու հայացքները նույն հարցադրումների վերաբերյալ:
 

Զրուցեց Անահիտ Մուղնեցյանը
Երաժշտության տեսաբան և խմբավար


Ժիրայր Շահրիմանյան
«Ամեն կոմպոզիտոր իր գենի և ազգային մշակույթի կրողն ու շարունակողն է»
 
- Կոմպոզիտորի, առհասարակ ստեղծագործողի համար, էական նշանակություն ունի՞ ապրելու վայրը: Ո՞ր երկրի մշակույթն է քեզ ավելի հոգեհարազատ:
- Ըստ իս, ամեն կոմպոզիտոր իր գենի և ազգային մշակույթի կրողն ու շարունակողն է: Անշուշտ, միջավայրը թե’ օգնում‚ թե’ խանգարում է: Ամեն դեպքում, ամեն ստեղծագործող պետք է թեկուզ նվազագույն կերպով պահի իր կապը հայրենիքի հետ: Ցանկացած երկրի մշակույթ յուրովի է և հետաքրքիր‚ չեմ ուզում որևէ մեկն առանձնացնել:

- Ազգայինը, ժողովրդականը, հայկականը այսօրվա կոմպոզիտորական ստեղծագործությունից շատ չե՞ն հեռացել:
- Այսօր բազմաթիվ կոմպոզիտորական ուղղություններ կան‚ մի մասը իրոք կտրվել է հողից‚ չնայած դա արդեն մեկ դար է այդպես է‚ բայց հողից ամբողջովին կտրված գործը չի կարող ապրել և հարատևել:

- Ստեղծագործությո՞ւնն է որոշում գրելաձևը, թե կոմպոզիտորն է սահմանումներ անում, ինչպես, օրինակ Շյոնբերգի դեպքում:
-Ակադեմիական երաժշտության դեպքում, կարծում եմ, կոմպոզիտորն է որոշում թե՛ մեկը, թե՛ մյուսը:

- Քո նախասիրությունը` կամերային երաժշտություն. արդյո՞ք  դրանից ասելիքդ չի պակասում:  
- Եթե նայեք իմ ստեղծագործությունների ցանկին՝ կտեսնեք‚ որ կամերային գործերի կողքին կա Սիմֆոնիետտա‚ Կանտատ‚ լարային նվագախմբի 3 ստեղծագործություն: Ուղղակի կամերային գործերը հաճախ են հնչում‚ իսկ նվագախմբային գործերի մեծ մասը դեռ սպասում են իրենց պրեմիերաներին: Ի դեպ, հենց հիմա էլ աշխատում եմ նվագախմբային գործի վրա:

- Որտեղի՞ց են «սնվում» Շահրիմանյանի մուսաները:
-Կարծում եմ պրոֆեսիոնալի համար մուսան պետք է կառավարելի լինի: Իսկ լիցքեր ստանում եմ հենց ստեղծագործական պրոցեսից:

- Կոմպոզիտոր ծնվո՞ւմ են, թե` դառնում:
- Միանշանակ ծնվում են:
 
- Կա՞ որևէ մասնագիտություն, որ կցանկանայիր ձեռք բերել` կոմպոզիտոր ու դաշնակահար լինելուց զատ:
- Ի ուրախություն ինձ՝ ոչ:

- Լավ գիտենք հայաստանյան ժամանակակից կոմպոզիտորական և կատարողական խնդիրները, որոնք դպրոցական ժողովների ընթացակարգի նման են առաջ քաշվում, բայց, որպես կանոն, ողջամիտ լուծման տարբերակները բացակայում են: Դրանց լուծման համար ի՞նչ օպտիմալ տարբերակներ կառաջարկես:
- Հայաստանում համակարգային փոփոխություններ են պետք‚ սկսված ամենավերին դեմքերից մինչև դասախոսներ և ուսուցիչներ‚ մտածելակերպը համընթաց չէ ժամանակի հետ:

- Ի՞նչ ես կարծում, ապագա սերունդների համար ո՞ր ստեղծագործությունդ ասելիք կունենա:
- Դժվար է ասել‚ քանի որ դեռ ճանապարհիս սկզբին եմ‚ բայց կարծում եմ‚ որ «Յոթ Սոնետ ըստ Շեքսպիրի» ստեղծագործությունս կճեղքի ժամանակի ավերիչ մոռացումը: Դա, իհարկե, դեռ վարկած է:

- Ի՞նչ ես փնտրում, որ դեռ չես գտել:
- Այսօրվա դրությամբ ամեն ինչ իր հունով է գնում‚ հուսամ այդպես էլ կշարունակվի:
  • Created on .
  • Hits: 2681

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: