Երաժշտագիտությունն այսօր նկարագրում է «հարևանի պատուհանը»

    Մեր շրջապատում կան մի շարք մասնագիտություններ, որոնց մասին շատ քիչ է հայտնի հասարակությանը: Դրանց թվին է պատկանում երաժշտագիտությունը, որը շատ կարևոր և պատասխանատու աշխատանք է երաժշտության ասպարեզում: Երաժշտագիտության նրբությունները բացահայտելու համար զրուցեցինք երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանի հետ:

Ս.Հ. - Պարոն Տերտերյան, Դուք կրթություն եք ստացել նախ Երևանի պետական կոնսերվատորիայում՝ Ռաֆայել Ստեփանյանի դասարանում, այնուհետև Մոսկվայում՝ Միխայիլ Տարականովի մոտ: Ինչպիսի՞ն էր երաժշտական միջավայրն 80-ականների Մոսկվայում:    
Ռ.Տ. - Երբ ես հայցորդ էի Մոսկվայի արվեստի ինստիտուտում, շուրջս այնպիսի անհատներ էին, որոնք երաժշտական պրոգրեսիվ հասարակությունն էին ներկայացնում: Նրանք չէին դասավանդում կոնսերվատորիայում և ուսումնասիրում էին եվրոպական առաջադիմական արվեստը՝ մի բան, որը հակասում էր սովետական գաղափարախոսությանը: Չնայած, ցենզուրան երաժշտության մեջ այնքան մեծ չէր, որքան գրականության մեջ, չէ՞ որ երաժշտությունը վերացական արվեստ է, որի շնորհիվ ավելի անվտանգ է դառնում նրա մասին խոսելը:
Ս.Հ. - Նախորդ դարի եվրոպական առաջադիմական արվեստը, ցավոք, այսօր շատերի համար ընկալվում է որպես ժամանակակից երաժշտություն: Իսկ դրա մասին պատկերացումները սահմանափակվում Դեբյուսիի, կամ Նոր Վիեննական դպրոցի երաժշտությամբ: Ի՞նչ եք մտածում այս խնդրի մասին:
Ռ.Տ. - Դա խնդիր համարելը տարօրինակ է, քանի որ մեկի համար ժամանակակից է իր կողքին ապրող և ստեղծագործող կոմպոզիտորը, մյուսի համար Դեբյուսին, երրորդի համար Բախի երաժշտությունը կարող է չափազանց նոր և ավանգարդ թվալ: Դա նորմալ է, նշանակում է, որ տվյալ անձը դեռևս նախորդ դարում է ապրում, նրա գիտակցությունը չի ընկալում իրապես նորը:
    Բացի այդ, երաժշտագիտության մեջ կա ժամանակակիցը բնութագրելու «նեգատիվ» միտում. օրինակ, տերմինները՝ ատոնալ, ամոդալ և այլն: Այդ «ա» մասնիկը կարծես ժխտում է դասական օրենքները՝ դրանով իսկ նսեմացնելով ժամանակակից ստեղծագործությունները: Երաժշտությունը չի կարող ժխտել ինքն իրեն: Պարզապես տարբեր երևույթներ տարբեր միջավայրում կարող են հակասական մեկնաբանություն ունենալ: Նոր երաժշտությունը «պոզիտիվ» դարձնելու միտումը հենց այդ ժամանակաշրջանում ձևավորվեց՝ 80-ականների Մոսկվայում, որտեղ այնպիսի երաժշտագետներ էին, ինչպես օրինակ Ն. Տարականովը, Ն. Շախնազարովան, Խոլոպովը, Խոլոպովան և այլք:
Ս.Հ. - Շատ անգամ նախորդ դարերի թե՛ երաժշտության, թե՛ գիտական մտքի ժառանգության ուսումնասիրումը չի թողնում տեսնել այսօրվանը, այն, ինչ ստեղծվում և հնչում է այսօր:
Ռ.Տ. - Այո և դա երաժշտագետի աշխատանքն է: Երաժշտագետը չի կարող անընդհատ ետ նայելով ապրել, նա պետք է որքան հնարավոր է հաճախ առաջ նայի: Օրինակ, Սոլերտինսկին, Շոստակովիչի մոտ ընկերը լինելով, հասկանում էր նրա մեծությունը, ամեն օր զանգում և ասում էր՝ «Դու հանճար ես»: Երաժշտագետը պետք է կանխազգացում ունենա, ուղենշի ապագան, զգա ընդհանուր պրոցեսը և կարողանա ձեռքը դարի զարկերակին պահել:
Ս.Հ. - Հետաքրքիր վիճակագրությամբ երաժշտագետի մասնագիտությունը ընտրվում է որպես այլընտրանք կատարողականին: Ինչո՞վ է դա պայմանավորված և ինչպե՞ս եք Դուք ընտրել այս ուղին՝ լինելով կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի և երաժշտագետ Իրինա Տիգրանովայի որդին:
Ռ.Տ. - Ես չեմ գտնում, որ կատարողականը պետք է կտրուկ բաժանվի երաժշտագիտությունից. եթե կատարողը մտավորական չէ, ապա նրա նվագը արժեք չունի: Իհարկե, տեխնիկական խնդիրներ կան, և եթե դու չես կարողանում արտահայտել այն, ինչ զգում ես, ուրեմն դա քո «տեղը» չէ: Իմ դեպքում՝ փոքր տարիքում ինչ-որ բան կոտրվեց բեմի հանդեպ, սարսափում էի բեմից (ծիծաղում է): Հիշում եմ, առաջին դասարանում պետք է Բախի մի ստեղծագործություն նվագեի և չէի կարողանում երկրորդ վոլտայի վրա ընկնել: Արդյունքում քննական հանձնաժողովը 45 րոպե լսում էր մի ստեղծագործություն, որը 30 վայրկյան էր տևում: Դրանից հետո ամեն անգամ բեմ դուրս գալիս ձեռքերս դողում էին: Սա՝ ինչ վերաբերում է ինձ: Իսկ ընդհանրապես, շատերն ասում են, որ երաժշտագիտությամբ զբաղվում են չկայացած կատարողները: Բայց դա շատ սխալ և միակողմանի միտք է, որին հակառակ կարող ենք ասել, որ կատարողական արվեստով զբաղվում են չմտածող երաժիշտները: Եթե այս երկու տարրերը միասին են գործում՝ մենք ունենում ենք Գլեն Գուլդ, Ռիխտեր, Կարայան և այլն:
Ս.Հ. - Այդ երկու տարրերի միությունը Դուք տեսնո°ւմ եք ուսանողության մեջ՝ լինելով պրոռեկտոր և ներսից տեսնելով ներկա վիճակը:
Ռ.Տ. - Մեր ուսանողության մոտ կա որոշակի ձգտում կոմֆորտի, նրանք փնտրում են հեշտ ճանապարհներ: Սա մի կողմից, իսկ մյուս կողմից ինձ ավելի անհանգստացնում է, թե կոնսերվատորիան ավարտած ուսանողը ինչ է անելու վաղը: Օրինակ՝ Դուք. այսօր սովորում եք, վաղը ավարտելու և դառնալու եք կոլեգա և ոչ մեկին չի հետաքրքրի, թե ինչ եք անելու վաղը: Դա բերում է նրան, որ դաշնակահարը չի նվագում, երաժշտագետը երաժշտագիտությամբ չի զբաղվում: Լարային և փողային բաժնում սովորողների համար ավելի հեշտ է գտնել աշխատանք նվագախմբում, բայց դա էլ է կիսատ թողնում նրանց ուղին: Հարցը նա է, թե ինչ ենք մենք սովորեցնում և ինչ ենք ուզում ձեզանից: Օրինակ՝ համալսարանական միջազգային չափանիշը նոր փիլիսոփայություն ունի՝ սովորեցնում է սովորել: Սա է փրկությունը:
Ս.Հ. - Ի՞նչ խնդիրներ կան հայ երաժշտագիտության ասպարեզում:
Ռ.Տ. - Մենք ունենք տեսաբանների պակաս և տեսության ոլորտում մեծ բացթողումներ կան: Այսօր հիմնականում գրվում են կենսագրական, ժամանակագրկան, պատմագրական աշխատանքներ:
Ս.Հ. - Միգուցե սա դեռ առաջին փուլն է, որը դեռ զարգացում կունենա:
Ռ.Տ. - Վախենամ, որ սա վերջին փուլն է: Բացատրեմ՝ ինչու: Մենք ունեինք մի շարք տեսաբաններ և ԽՍՀՄ-ի ժամանակ կար մի չգրված օրենք. եթե դու հայ ես և ապրում ես Հայաստանում, ապա պետք է զբաղվես հայ երաժշտության ուսումնասիրմամբ: Բայց վերացական տեսությունը դժվարություն էր առաջացնում աշխատանքը Մոսկվայում հաստատելու համար, այդ պատճառով այդ թեմաները չէին խրախուսվում, և դրա արդյունքն այսօր երևում է: Ես չեմ ասում ՝ կորցնել ազգայինը, այլ ձգտել այն ազգայինին, որն ուներ Չարենցը՝ տիեզերական, համամարդկային: Ինքնագոհ լինելը և սեփական հյութի մեջ եփվելը հեռանկարներ չունի, միտքը պետք է սահմաններից դուրս գա: Օրինակ՝ Վիկտոր Համբարձումյանը. նա ուսումնասիրում էր աստղերը, այլ ոչ թե հարևանի պատուհանը: Երաժշտագիտությունն այսօր, կարծես թե, այդ վիճակում է՝ նկարագրում է «հարևանի պատուհանը»: Իհարկե, հայ կոմպոզիտորներով պետք է մենք զբաղվենք, ուրիշը չի կատարի այդ աշխատանքը, բայց մեզ պետք է ձգտում՝ դուրս գալ կոմֆորտից, նայել առաջ և հենց տեսական միտքն է առաջ նայելու հնարավորություն տալիս: Այսօր՝ ինտերնետի և տեխնիկայի զարգացման դարաշրջանում, այդ հնարավորություններն անսահման են:
Ս.Հ. - Ամփոփելով մեր զրույցը՝ խնդրում եմ նշեք, թե ինչ հատկություններ պետք է ունենա XXI դարի երաժշտագետը:
Ռ.Տ. - Երաժշտագետը պետք է իմանա, թե ինչ է ուզում, չէ՞ որ ցանկության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է, և սա բոլոր մասնագիտություններին է վերաբերվում: Եթե ուզում ես լինել քննադատ, ապա պետք է լսել, գրել, իմանալ, թե ինչ է կատարվում աշխարհում, զարգացնել էրուդիցիան, վերջ դնել մոտավորապես նվագելուն, մոտավորապես գրելուն և այլն: Հաճախ մարդիկ, եթե տեսնում են մեծ աֆիշա, արտերկրից եկած երաժիշտ, մտածում են, որ պետք է անպայման գնալ համերգին, «բրավո» գոռալ, և ծափահարել: Բայց միշտ չէ, որ դա ճիշտ է լինում: Երաժշտագետը պետք է լինի մշակութաբան, կարողանա վերլուծել ներկան կոնտեքստում և կանխորոշել ապագան: Այսօր մեր երաժշտական ֆոնը փրկության կարիք ունի, այն երևում է համերգասրահներում, մարդկանց խոսակցությունների մեջ... ամենուր: Ընդհանրապես, գիտնական լինելու համար պետք է հրաժարվել մի շարք հաճույքներից, սիրել և նվիրվել գործին, փնտրել, գտնել և գրել: Դա լուրջ պատասխանատվություն է, երևի թե ամենալուրջն ամեն ինչից:
 
        Հարցազրույցը վարեց երաժշտագետ,
ԵՊԿ ուսանողուհի
Սոնա Հայկազուն Գրիգորյանը
 
  • Created on .
  • Hits: 3189

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: