Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ կոմպոզիտորները գերմանական մեկ նախագծում

    Ապրիլի 6-ին Գերմանիայի Հաննովեր քաղաքում տեղի կունենա համերգ, որն իր ընդգրկվածությամբ և ձևով բավական հետաքրքիր է և կարևոր հայ ժամանակակից կոմպոզիտորոկան արվեստի համար: TAG(H)EBUCH (Տաղարան) նախագծի շրջանակներում տեղի կունենա 11 համաշխարհային պրեմիերա: Բոլոր ստեղծագործությունները հայ կոմպոզիտորներինն են և գրված են հայտնի գերմանական NDR (North German Broadcasting) ընկերության պատվերով:
    Նախագծի հեղինակներն են Քրիստինե Ալթունյանը (NDR, Գերմանիա) և Արամ Հովհաննիսյանը (Շվեյցարիա): Այս առիթով զրուցել ենք հենց նրանց հետ:
 
    - Արամ, կցանկանայի նախ մի փոքր նախագծի մասին պատմես: Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը, ինչպե՞ս ընտրվեցին մասնակիցները:
    - Նախագծի գաղափարն առաջացել է տարիներ առաջ, երբ Oktoplus անսամբլի  մենակատար Քրիստինե Ալթունյանն առաջարկեց հայ երաժշտությանը նվիրված ծրագիր իրականացնել: Անսամբլն արդեն մի շարք նախագծեր էր իրագործել ժամանակակից կոմպոզիտորների հետ, և Քրիստինեի առաջարկից հետո Հյուսիսային Գերմանիայի ռադիոն (Norddeutscher Rundfunk (NDR)) մեծ հետաքրքրություն ցուցաբերեց նոր գաղափարի իրականացման հարցում՝ նախագիծն ընդգրկելով այս տարվա համերգաշրջանում: Կոմպոզիտորների ընտրության համար կազմվեց հատուկ խորհուրդ, որը մի շարք քննարկումներից հետո հրապարակեց մասնակից հեղինակների անունները։ Հիմնական շեշտը դրված էր աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ երիտասարդ կոմպոզիտորներին համախմբելու վրա, որը պետք է համադրեր ամենատարբեր աշխարհայացքներ և ոճային սկզբունքներ։ Փաստորեն, հայ ժամանակակից երաժշտությունը մեկ համերգի ընթացքում ներկայանալու է իր ողջ երանգապնակով՝ բարդ-կոնցեպտուալ մտածելակերպից մինչև նեո-տոնալ։ 
 
    - Քրիստինե, իսկ անսամբլն ինչպե՞ս ընդունեց հայ կոմպոզիտորների գործերը կատարելու առաջարկը: Չէ՞ որ մեծ մասը կոմպոզիտորներ են, որոնք այնքան էլ հայտնի չեն:
     - Ensemble Oktoplus-ի երաժիշտները մեծ հետաքրքրությամբ են վերաբերում ժամանակակից երաժշտությանը: Նրանք միանգամից և մեծ սիրով համաձայնեցին: Իսկ NDR-ի ղեկավարությանն այնքան դուր եկավ միտքը, որ համերգը մտավ NDR-ի կամերային երաժշտության համեևգաշարի մեջ: 
 
    - Քրիստինե, իսկ արձագանքներ կա՞ն: Հետագա համագործակցության ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:
    - Այժմ աշխատանքային շատ լարված պրոցեսի մեջ ենք: Քանի որ ստեղծագործությունները շատ տարբեր են, տարբեր են նաև արձագանքները: Ինձ թվում է, կարծիքների մասին կարելի կլինի խոսել համերգից հետո, երբ որ զգանք համերգի մթոնոլորտն ու գործերի ազդեցությունը մեր և ունկնդիրների վրա:
    Շատ ուրախ եմ, որ այս նախագծի շնորհիվ այդքան հետաքրքրիր ստեղծագործողների հետ ծանոթացա: Ոմանց հետ իրոք կցանկանայի շարունակել համագործակցությունը: Բայց նշեմ, որ նախկինում էլ եմ ծանոթ եղել նրանց մի մասի գործունեությանը և գտնում եմ, որ շատ հետաքրքիր գործեր կան: 
 
   - Արամ, ևս մեկ հարց քեզ՝ որպես երիտասարդ կոմպոզիտորի: Կա՞ այսօր կոմպոզիտորական սերունդ որպես այդպիսին, ինչպե՞ս են երիտասարդները համագործակցում: 
    - Երիտասարդ սերունդ, անշուշտ, կա և ավելին՝ կանգնած է նոր զարգացումների շեմին: Վերջին ամիսների ոգևորությունը՝ կապված դաշտում որոշակի փոփոխությունների հետ, նոր մտքեր և նախագծեր է առաջ քաշել, և հուսով եմ, որ առաջիկայում հայաստանյան բեմերն է՛լ ավելի հագեցած կլինեն ժամանակակից երաժշտությամբ: Իհարկե, կազմակերպչական պրոցեսները միշտ չէ, որ հարթ են ընթանում, քանի որ գործ ունենալով տարբեր մտածողությունների տեր արվեստագետների հետ՝ հնարավոր չէ խուսափել տարաձայնություններից: Կարծում եմ՝ դա ժամանակի հարց է, քանի որ լուրջ հաջողությունների հասնելու համար նախ հարկավոր է ուսումնասիրել միջազգային փորձը, որից հետո միայն կարելի է խոսել նոր մոտեցումների և որակների մասին:
 
    - Եվ ևս մի հարց, որին կխնդրեի եկուսդ էլ անդրադառնաք: Հնարավո՞ր է, որ մի օր նախագիծը Հայաստան գա, ի՞նչ պալններ կան Հայաստանի հետ կապված:
    Արամ.- Որոշակի խոսակցություններ եղել են այդ կապակցությամբ։ Քանի որ բոլոր ստեղծագործությունները գրված են NDR-ի պատվերով, առաջիկա կատարումների իրավունքը պատկանում է անսամբլին, ուստի Հայաստանում ծրագրի իրականացման համար լուրջ կազմակերպչական և ֆինանսական ներդրումներ են հարկավոր Գերմանիայից երաժիշտներին հրավիրելու համար։ Համենայնդեպս, մոտ ապագայում քայլեր ձեռնարկվելու են այդ ուղղությամբ։
    Քրիստինե.- Ասեմ ավելին, ինձ մոտ արդեն այլ նախագծերի գաղափարներ են ծնվում: Օրինակ, ինձ շատ են դուր գալիս Մարի Կույումջյանի գործերը, և ես կցանկանայի նրա ու ևս մի քանի ստեղծագործողների երեկո կազմակերպել Հայաստանում: Կարծում եմ` Մարիի համար էլ Հայաստանում իր ստեղծագործությունների կատարումը առանձնահատուկ նշանակություն կունենա:
    Հեղ.- Շնորհակալ եմ զրույցի համար, իսկ մեր ընթերցողները ստորև կարող են ծանոթանալ համերգի ծրագրին:
Զրուցեց Աստղիկ Հակոբյանը 
 
6 ապրիլ 2014, Հաննովեր (Գերմանիա)
TAG(H)EBUCH (Տաղարան/ Օրագիր)
Վահրամ Սարգսյան (ծնվ.1981) - «The stone song»
Տաթև Ամիրյան (ծնվ.1983) - «Tagh of Nairi»
Արթուր Աքշելյան (ծնվ.1984) - «Tagh to Illusion»
Մարի Կույումջյան (ծնվ.1983) - «Tagh [Diary] of an Immigrant»
Արամ Հովհաննիսյան (ծնվ.1984) - «Tagh to Rainer...» (in memoriam)
Դավիթ Բալասանյան (ծնվ.1983) - «The pillow tagh»
Վարդան Հարությունյան (ծնվ.1987) - «Tagh to incompleteness»
Արման Ղուշչյան (ծնվ. 1981) - «Lichter.Tag»
Հեղինե Սարգսյան (ծնվ.1988) - «Tagh of the Peace»
Տիգրան Ստամբոլցյան (ծնվ.1969) - «To the Memory of Grigor Aghtamartzi»
Արթուր Ավանեսով (ծնվ.1980) - «Tagh to paradise»
   
  • Created on .
  • Hits: 3137

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: