Մեծ Ջեք

Պատմությունը նվիրվում է Մայքլ Օնդատժեի «Էլիզաբեթ» բանաստեղծությանը:   

 

Ես կսկսեմ պատմությունն առողջ ոտքեր ու պինդ մարմին ունեցող Ջեքից:

Ասում են՝ երկու անօգնական ճյուղերի պես մարմնից կախ ընկած ոտքերը նա քարշ էր տալիս ձեռնափայտի օգնությամբ, մի տեսակ կանացի ժպիտ ուներ, որ ուրվագծում էր սաթի պես սև մազերի տակից փայլող սպիտակ գանգը: Ջեքը համառորեն մի ոտքը առաջ էր դնում, և զգում էր՝ ինչպես է հաջորդը կամավոր, հնազանդ կնոջ պես քարշ գալիս ետևից: Էդպիսին չէր Ջեքի ցեղը: Կանայք ընկույզի պես ամուր էին, սուր հայացք ունեին, ու պատահական քամուց իրանը ճկվելու հատկությունը բնորոշ չէր այս կանանց: Ուրեմն Ջեքի հիվանդ ոտքը պոռնիկի պես քարշ էր գալիս Ջեքի ետևից:

Ջեքը մեր ապուպապն էր: Սաթի պես սև մազերի տակից ալիքվում էին երկնագույն աչքերը, իսկ աչքերի մեջ լողում էր Ջեքի խելագարությունը:

 

 Երբ նրանք կացնահարեցին նրա ուսերն ու պարանոցը,

արյունը շարժվեց, ինչպես առվակը ամբոխի մեջ,

նա երերաց իր կորացած թիակներով՝

անիծելով դրանց հուզված լացը, շրջապտույտը,

վալսը ֆրանսիական ոճով՝

հողի վրա ծնկներին պահելով նրա գլուխը,

արյունը լուծվում է նրա շորերին,

ինչպես շիկնանքը:

Ահա այսպես 

նրանք ուղղում էին հարվածը

նրա թիկունքին...

Մայքլ Օնդատժե «Էլիզաբեթ»

 

 Կացնահարված մարմնով Ջեքը շրջում էր փողոցներով, մեռած ոտքը սահում էր ասֆալտի վրայով, ոտքը, որ Ջեքին պետք չէր վաղուց: Ոտքը, որի հետ Ջեքը մենախոսում էր հիվանդ ու խելագար օրերին, զգալով՝ ինչպես է ալյուրի պես շաղ տված գարշահոտությունը բարձրանում մարմնի վրայովոր սկսվում էր ապրելու անհարմարությունից. Ջեքը չէր հարմարվում իր բաժին ապրածի հետ: Մեկ էլ կտեսնեիր՝ սև կոշիկի մեջ մեռած ոտքը ճզմում էր ձեռնափայտի տակ, հետո փայտը թափահարում էր օդում, փորձում էր ժպտալ, ինչպես կժպտար շունը՝ ի ցույց դնելով սպիտակ ատամները, բերանի անկանոն շարժումներով, ծանր ու կտրատվող շնչառությամբ Ջեքը նմանվում էր ծովի բախտին թողած փոքր ու աննշան ճյուղի, որ ափում էդպես էլ չէր գտնի իր տեղը, ու ինչպես իր թոռներն են, այդպես էլ ուրիշի թոռները կջարդեին իրանը, կոտրված կնետեին մարդկանց մեջ, իսկ նա չէր սիրում մարդկանց, որովհետև ծնված էր մենակ լինելու համար:

Ջեքը, որ առողջ տղամարդ էր ու չնայած կանացի ժպիտին՝ առնական էր ու գեղեցիկ, օր օրի ավելի փոքրացավ, ներսում զգաց տարիներ շարունակ խլրտացող անհարմարության ցավը, փակվեց սենյակում, կենդանի օրերին մեռած բաներից խոսեց: Մեկ էլ կտեսնեիր, փակ դռան ետևից, Ջեքի խռպոտ ու ծանր ձայնը նվվոցի պես սղոցում էր տան պատերը: Տունը սկսում էր նվվալ ցավից: Մենք բոլորս հասկանում էինք՝ Ջեքը մեր ցավն է, որ արյան հետ եռում է մեր երակների մեջ:
Ես չեմ կարող բացատրել, թե ինչում էր Ջեքի խելագարությունը, բայց օր ծերության նա սկսեց խոսել ծիտիկների հետ, որոնք էդպես էլ չմոտեցան նրան: Նա բացում էր պատուհանը, նայում էր ծառերին, մեկ էլ ձայնն աննկարագրելի բարակ էր դառնում.

- Ծիվ, իմ տղա, ծիվմոտեցիր ինձ, ես քեզ գաղտնիք կասեմ:

Հետո ձայնը հաստանում էր, ինչպես թուղթը պատռող խազը, նա գոռում էր.

- Շան տղա, չե՞ս ուզում լսել Ջեքի գաղտնիքը:

Դռան ետևից լսում էի ոնց է Ջեքի զայրույթը վերածվում ծանր հեկեկոցի: Միայնակ տղա Ջեքը երեխայի պես սնքրտում էր դռան ետևում՝ գրկելով իր մարմինը, ձեռքը սահեցնելով ուսի վրայով, հանգստացնելով ինքն իրեն.

- Ոչինչ, Ջեք, բան չմնաց, բան չմնաց իմ տղա:

Ես համոզված եմ՝ Ջեքը գաղտնիք չուներ, ուղղակի ցանկանում էր հորինել մենակության իր պատճառը՝ համոզված լինելով,որ առանց գաղտնիքի չէինք հասկանա նրա մեկուսացումն ու ցավը:

Օրերով կուչ էի գալիս Ջեքի դռան մոտ, գրկում էի ոտքերս, սեղմած շրթունքներս մոտեցնում էի ծնկներիս, երբ Ջեքը բացում էր դուռը, մարմնիս զգում էի դռան ծանրությունն ու Ջեքի աչքերը: Նա չէր նայում ինձ: Մի քանի վայրկյան դիակի հայացքով աչքերը սևեռում էր պատին, հետո պատը երևի անհետանում էր, Ջեքը մռայլվում էր, խոժոռում հոնքերը, քթի տակ ինչ-որ բան փնթփնթում ու փակում դուռը: 

Ես ուզում էի, որ գոնե մի անգամ, կյանքում մի անգամ Ջեքը նայեր ինձ: Ես երևակայում էի՝ Ջեքը բացում է դուռը, իսկ դռնից մի քայլ այն կողմ անդունդն է, ես տեղավորվել եմ այդ մի քայլի մեջ և սպասում եմ՝ Ջեքը նայի ինձ ու ժպտա: Իսկ Ջեքը նայում է անդունդին, հայացքը աննկարագրելի խաղաղ է, Ջեքը իր առողջ ոտքով անում է իր կյանքի ամենաառողջ քայլը
Օրերից մի օր Ջեքը կտրեց իր երակները, արյունը հոսեց կարմիր, ինչպես արևահարված եղբորս մեջքը, էլ ավելի կարմիր, ինչպես մորս տոն օրերին առած խնձորները: 

Ջեքի թոռները հավաքվեցին նրա շուրջ: Ես կուչ եկա նրա ոտքերի մոտ, նա կյանքում առաջին անգամ խոցված գազանի պես նայեց իր թոռներին, մի վերջին անգամ, ամենավերջին անգամ նա ասաց.

 - Դուք իմ ժառանգներն եք:

Ես զգացի Ջեքի հայացքը:

Մանե Գրիգորյան

  • Hits: 3772

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: