Ինքնահեռացում

երբ հեռանում ես՝ առանց ֆիզիկապես սպանելու քեզ

Ինքնասպանի անհանգիստ գիշերը լերդացած արյան պես կախվել էր թարթիչներից: Գիշերը երկար էր ու ձգված: Մարդը մտածում էր, որ եթե Աստված լիներ, կհեռացներ իրեն դաշտից: Նա ցավ զգաց, որովհետև Աստված չէր:

Մտավ խոհանոց, հետո հյուրասենյակ, մտածում էր՝ աթոռը վերցնի: Այսինքն՝ ես չգիտեմ՝ արդյոք ինքնասպանը մտածում է, թե վերջին պահին ոտքի տակից սահող կյանքը ինչ տեսք է ունենալու, ու արդյոք դա կարևոր է: Բայց ես, որ հիմա նստած եմ իմ սենյակում, զգում եմ աշնանային քամու մեղմ հպումը որովայնիս, մտածում եմ՝ ինչպիսի աթոռ ընտրել, որ վերջին պահին հեշտությամբ չենթարկվի իմ որոշմանը, որովհետև ցանկացած ինքնասպան կարիք ունի, որ վերջին պահին մեկը բռնի ոտքից: Ու այդ մեկի չգոյությունը աթոռի համառությանը հավատալու պատրանքն է ստեղծում: Ես զգում եմ՝ քանի անգամ գլուխս կմոտեցնեի պարանին, ու քանի անգամ ներսս կփշաքաղվերԵս կվախենայի իմ դահիճը լինել: Փոխարենը կնախընտրեի առանց իմ մասնակցության, առանց ցավի հեռացումը:

Եվ քանի որ չես կարողանում ֆիզիկապես հեռացնել ինքդ քեզ, գլորել մարմինդ քո գոյության տիրույթից անդին, սկսվում է պայքարը քո ֆիզիկական գոյության ու քո՝ գոյության հետ չհարմարվելու ցանկության դեմ:

Ինքնահեռացման անհաջողությունը, քեզ սպանելու անկարողությունը քեզ դարձնում են միայնակ նավակ, որ ժխտում է չորս կողմից մոտեցող ջրի ներկայությունը: Դու սկսում ես ժխտել ջուրը, ցամաքում՝ հողը: Ցանկացած մոտիկություն սպանում է քեզ, որովհետև քո ընտրությունը ապրելը չէ, որովհետև դու ակամա դառնում ես սխալ ընտրության կրող:

երբ հեռանում ես՝ ֆիզիկապես սպանելով քեզ

Ինքնասպանն արթնացավ առավոտյան, ցավից ճմլվող ներսով բացեց ծորակի ջուրը, ջուրը վառվող մեղքի պես ծորաց, մարդը չիմացավ՝ որտեղից սկսի առավոտը: Նա կանգնեց հայելու առջև, փորձեց ժպտալ, սուր ծակոց զգաց աչքերի մեջ, սեղմեց շրթունքները, արյունը խտացավ բերանի ծալքերի մոտ:

Ես հասկացա մարդուն, որովհետև նա ուզում էր ապրել իր վերջին ժամը՝ հայելու մեջ մի վերջին անգամ հայհոյելով իր հեռացումը:

Մտովի քանի անգամ ես պարանը անցկացնում պարանոցիդ, դասական սցենարով աթոռը դնում սենյակիդ մեջտեղը, պարանն ամրացնում պատից դուրս ցցված անօգնական երկաթից, վիզդ օղակում պարանի մեջ, ոտքերիդ տակ զգում աթոռի անտարբերությունը, ու երբ մտածում ես, որ ահա ոտքով կհրես աթոռը, այդ ամենասովորական «չորքոտանին» դառնում է աշխարհի կիզակետը, ոտքերցիդ կախվող ծանրությունը:

Երբ մահը ձկան պես դուրս ցցած պլպլան աչքերը հառում է վրադ, կողքիդ զգում ես սրընթաց մեքենայի շնչառությունը, ու ազդանշանը ցցվում է կոկորդիդ, դու ապրում ես աշխարհի ամենաարագ սուրող քո ժամանակը:

Մարդը, որ սեփական ընտրությամբ հանգում է ինքնասպանության, ամբողջ ուժով զգում է՝ ինչպես է ժամանակը ծորում սեփական մարմնի մեջ:

Վերջին պահին աթոռը հրելու խիզախությունն ունեցողը ինքնասպան է: Մարդ, ով հեռացնում է իրեն:

Ինքնասպան 1

Ցավ է զգում, որ աստված չէ:

Ինքնասպան 2

Չի մտածում, որ աստված է:

Հ.Գ.

Իրեն սպանել ցանկացող և իրեն սպանող մարդը միևնույն մարդն է:

Մանե Գրիգորյան

  • Hits: 3681

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: