ԿԼԱՈՒՍ ՀՈՖՄԱՆ «ԲԵՌԼԻՆ»

    Կլաուս Հոֆմանը 1960-ականների վերջին՝ բեռլինյան ակումբներում իր հեղինակային երգերն էր կատարում, և այդտեղից էլ սկսվում է նրա կարիերան: 1970թ-ին ընդունվում է Մակս Ռեյնխարդտի անվան դերասանական դպրոց: Ուսմանը զուգընթաց ակտիվ ստեղծագործում է, 1974թ.-ին լույս է տեսնում առաջին ձայնասկավառակը: Խաղում է թատրոնում և կինոյում, նկարահանվել է Ինգմար Բերգմանի «Օձի ձու» ֆիլմում: Հոֆֆմանը հայտնի է նաև Ժակ Բրելի երգերի գերմաներեն թարգմանությունների կատարումներով:

Բեռլին 
Իմ զրույցը, իմ երգերը,
իմ ատելությունն ու երջանկությունը,
իմ օրը, իմ գիշերը, իմ ապագան, իմ անցյալը,
իմ արևն ու ստվերը, կասկածը, որ ունեմ
քո մասին և իմ մեջ, մինչ վերջին շունչը,
փողոցներդ, որով վազում, սայթաքում ու ընկնում եմ,
տաքությունդ, որի կարիքն ունեմ,
որն ամենուր զգում եմ:
 
Մի վաճառիր քեզ,
Բեռլին,
դու ջահել չես,
ծերանում ես արագ,
կորանում` ուժգին,
մարմնավաճռների մոտ վազող տղամարդկանց
փողերի ծանրության տակ ճկվում,
նրանք կգնան,
երբ տեսնեն՝ մեռնում ես,
Բեռլին,  
սիրելիս:
 
Քո անկյուններն ու թաքստոցները, քո անհամար բակերը,
որտեղ կեղտն ու կարիքը
հանուն փոփոխության հաչում են,
քո առավոտյան խումհարից
փչում է հոտը հաշիշի  ու  գարեջրի,
և նրբանցքներիդ վրա անշտապ թափվում են լոզերը,
քո շուկաները, քո կանայք, նրանց հանգիստը, հնարքները,
երբեմն նաև սրամտությունը,
որ հարվածում է փորիս:
 
Մի վաճառիր քեզ,
Բեռլին,
դու ջահել չես,
ծերանում ես արագ,
կորանում ուժգին,
մարմնավաճռների մոտ վազող տղամարդկանց
փողերի ծանրության տակ ճկվում,
նրանք կգնան,
երբ տեսնեն՝ մեռնում ես,
Բեռլին,  
սիրելիս:

Քո տները նախասրահներով,
որտեղ իրար հրմշտում, որտեղ ծիծաղում են,
և երբ մթնում է`
նոր բնակիչներ ստեղծում:
 
Քո սենյակները, որտեղ քունը դժկամությամբ է գալիս,
քանզի օդը նվազ  է,
և մահվան տեսիլն է այնտեղ ապրում,
բայց որտեղ դու, միևնույն է,
այս մեծ քաղաքում
ազատությունն ես զգում,
թեպետ այն նեղանում և ճնշում է և շատ պատեր ունի:
 
Իմ զրույցը, իմ երգերը,
իմ ատելությունն ու երջանկությունը,
իմ օրը, իմ գիշերը, իմ ապագան, իմ անցյալը,
քո կիսամեռ կայարանը, որտեղ  կանգնած եմ նրանց հետ,
որոնք վաղը, արդեն վաղը, ավելի լավ քաղաքներ են  մեկնում,
որտեղ քեզ թողնել եմ ուզում,
կրկին և կրկին, դեռևս,
և ահա ես ցատկում եմ,
ես ամեն դեպքում ցատկում  եմ
 
որովհետև ուրիշների նման չես  
որովհետև ուրիշների նման չես,
որովհետև քեզ երբեք չեն կարող  գնել,
որովհետև քեզ հետ միասին 1000 աստղ է թափառում,
որովհետև և էգ գայլ ես, և գառ 

որովհետև դեռ համարձակություն ունես երազելու,
որովհետև ներսումդ թիթեռներ կան,
որովհետև ժամանակ ունես,
ծառերի վրա  մեռնելու չափ հրճվելու ինչպես մի մանուկ
 
որովհետև այս մեծ արկածը,
ինչպես մի գաղտնիք հետդ ես տանում,
որովհետև չես հագենում
և բազում կյանքերի կրակն ես զգում ներսումդ
 
որովհետև ուրիշների նման չես,
որովհետև քեզ երբեք չեն կարող  գնել,
որովհետև քեզ հետ միասին 1000 աստղ է թափառում,
որովհետև և էգ գայլ ես, և գառ 

որովհետև քեզ փնտրում և կասկածում ես ներսումդ,
նույնիսկ եթե դրանով քեզ  կորցնում,
և անցնում ես սահմանները քո,
և որովհետև ճիշտ ես, երբ մոլորվում ես
 
որովհետև պարզապես ցատկում ես արգելքները,
որովհետև ինձ պես ատում ես օրենքները,
որովհետև ամեն օր քեզ մի քիչ ազատ ես արձակում,
որովհետև լույսը ստվերից տարբերում ես
 
որովհետև սիրտ ունես՝ նման երկաթուղային կայարանի, 
որից գնացքը ճանապահորդության է մեկնում,
և իմ ձայնը ասում է՝ մի շարժվիր,
եթե ընդմիշտ ես հեռանում ինձնից

որովհետև ուրիշների նման չես,
եթե անգամ մարես ինչպես լույս,
և քեզ հետ հազար աստղ է թափառում.
որովհետև կաս, սիրում եմ քեզ
 
Գերմաներենից թարգմանեց Մանե Գրիգորյանը
  • Created on .
  • Hits: 53045

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: