Դելիրիում*

    Չգիտեմ պատճառը, որ թելադրում է գրել քեզ` պատկերացնելով հանդերձ, որ չես հատի ինձ հետ միևնույն փողոցը, վերլուծելով միևնույն մտքերը: Ես գրում եմ քեզ` պատկերացնելով հանդերձ, որ ինձնից տարբերվում ես, որ դու չես նստում խավար սենյակում րոպեներ շարունակ` աչքերդ չռած դռնից պատի վրա ներթափանցող էլեկտրականության լույսի ու ստվերի խաղին, և չես կորցնում գիծը, որ անընդհատ կորցնում եմ գիտակցությանս մեջ: Նայելով պատին` զգում եմ, ասես ուղեղս թմրածության մեջ է, ինչպես լինում է առավոտները մարմնիս հետ. թուլացած մկաններ, որ չունեն այն ֆիզիկական ուժը, որ ի սկզբանե ներառել են: Նույնը հիմա կատարվում է գլխուղեղիս հետ, այն գծագրվում է որպես ջրիկ զանգված, որն ընդունակ չի խորանալ ինքնաստեղծման մեջ, որ միշտ մակերևույթին է մնում, խեղդվում դեպի ներքին պատասխանը լողալիս:
    Լույսի և ստվերի խաղը կարելի է ստանալ ֆոտոխցիկով` դիաֆրագման մեծացնելով, լուսազգայունությունը փոքրացնելով, բայց դա ոչինչ չի առաջացնի, ո՛չ անհանգստություն, ո՛չ ուրիշների մասին դատողություններ, այն ուրիշների, որոնց մաշկում ցանկանում եմ լինել՝ քնելով նրանց սենյակում, ստամոքսս լցնելով նրանց սառնարանի սնունդը, կարդալ սոցցանցի բոլոր նամակները, ուզում եմ ապրել ուրիշ մարմնի, սրտի ու հոգու մեջ: Փակիր աչքերդ, հենվիր ծնկներիս. սա գաղտնիք է, բայց (խնդրում եմ չվախենաս հետագա մտքից) ես ավելին եմ, քան մարմինը և մտածողությունը և քան հոգին, որի գոյության փաստը դեռ ապացուցված չէ:
       Դիմացս` սև ֆոնի վրա, գծագրվում է դեմքդ:
    Ինչ սիրուն են դեղին մազերդ չլվացված վիճակում, դեմքի վրա կուտակված թարախային բորբոքումների, կարմրած աչքերի հետ միասին դու պահի պատասխան ես դառնում՝ ներքին իրավունք տալով վառել կրիշնաների ու մուհամեդների և նույնիսկ՝ խաչի վրա դաջված  կիսամերկ տղամարդու մասին թղթերը, որոնք առաջնային արձագանք չառաջացրին, առանց որի անիմաստ էր դատողության խաղը, որ չկարողացավ նույնիսկ վերարտադրել պատի լուսավորությունն ու քո դեմքը դիտարկելուց ստեղծված զգացումը, որ ստիպում էր բացել երակներդ, ուժեղ շիթով դրանց մեջ ներարկել հիացմունքը:
    Թմրածության վիճակում գտնվող ուղեղս չի կարողանում գտնել բառը: Բառը կարող էր նույնիսկ պատասխան դառնալ, սկսում եմ կարծել, թե մեջս ապրող ներքինն աննպատակ է, եթե դուրս չի գալիս արտաքին իրականություն՝ օգնելով հուսալ, թե մեր հոգիները Սահարա անապատի ավազոտ մերկությունը կներծծեն, հաջորդ անգամ ինձ տեսնելիս ձայն կհանես՝ ցույց տալով որ դեռ կանք սեփական պատկերացումներից դուրս:
    Ձեռքս մեքենայաբար ուղղվում է դեպի վարդակը, լույսը միանում է, յուրաքանչյուր շարժմանս մեջ միլիարդավոր այլ մարդկանց ուղեղի, մարմնի և հոգու աշխատանքն է: Էլեկտրական լույսը լցնում է շրջակայքը: Կանգնում եմ հայելու դիմաց: Այնտեղ արտացոլվում է սովորական մարմինս. միլիարդավոր քայլող և քրտնող երևույթներից մի օրինակ, որ նման չի ամսագրի աղջիկների գծած մարմիններին, պատկերասրահի արձաններին. դրանք իսկապես գեղեցիկ էին, չնայած «գեղեցիկ» բառն այլևս արդիական չէ, մենք փակում ենք աչքերը, լարում լսողությունը` հասկանալու համար. ո՞ւմ տվեցին թագը հեռուստատեսային շոուում, ո՞վ է երկրագնդի ամենագրավիչ տղամարդը:
    - Պետք չէ այդքան կենտրոնանալը,- խորհուրդ է տալիս համացանցի հոգեբանը:
    Չկենտրոնանա՞լ, երբ հեռուստացույցում ամբողջ օրն աղջիկներ են քայլում, պատված լատեքսով, նրանք ժպտում են, ոնց որ թե` աչքով են անում` մեկը մյուսին գերազանցելու ցանկությամբ, համոզելով բոլորին, իբր գեղեցիկ են, մինչդեռ իսկական գեղեցկությունը զբոսայգու տղան է` ամփոփված զգայուն բերանի, սուր այտոսկրերի մեջ, նա սեռական ընտրության հակադիր բևեռ է թվում:

    ***
    Վարորդն ամբողջ ճանապարհին հազում է: Ղեկի մոտից հազը հոսում է երթուղայինի սալոն՝ ձգտելով, որ ուղևորներն էլ հազան վարորդի պես. թոքերը հետ տալու աստիճան: Իզուր: Վերջին շարքում նստած տղամարդիկ բետոնել են իրենց զգայարանները քարե շինության դիմաց կանգնելով, որտեղ նրանք բացում էին երախները՝ թքի և հնչյունների կուտակումները նետելով ասֆալտին, այն ասֆալտին, որի վրայով անցնում էր քաղաքի միլիոնավոր աղջիկներից մեկը, ում ոտքերի կանոնավոր երկարությունը նրանք վայրկենաբար չափեցին, այն քմծիծաղով, որ լսվում է մեջքիս հետևում:
    Նրանց վրայից միջավայրին է փոխանցվում չլվացված մարմնի ու բնազդների խառնուրդի հոտը, կոկորդումս հասունացնում սրտխառնոցը՝ ստիպելով երեքին էլ ցեխի մեջ թավալվելիս պատկերացնել, արնախառն մսակտորներ փսխելիս այնտեղ, ուր չեն ընդունվել և չեն ընդունվի հիմար քածերի կողմից, այնտեղ, որտեղ վերջիններս թարգել են դուր գալու համար ստեղծված ծամածռությունները, լիրիկական տողերի ծամծմությունները, որտեղ ցեխը վաղուց ներթափանցել է շպարից ներս և նատուրալիզմը հաղթել է` նպաստելով, որ տիկնայք և պարոնայք, ավելի ճիշտ` կանայք և տղամարդիկ, շարունակեն իրենց խաղն առանց ձևականության, առանց գարշանքի արտահայտության, որով խուսափում էին աղբարկղները հետազոտելու դատապարտված տղամարդու ներկայությունից, ով գարնանային օրերից մեկին հանել էր վերնաշապիկն ուղիղ փողոցում` արևի, օտար մարդկանց` զզվանքով լցված հայացքների տակ: Նիհար մարմնի վրա գոյացած բոսորագույն տարածքներում ջերմություն էին ստանում սատկած միջատները, կանգնած մետրոյի կայարանի դիմաց` տղամարդը լվանում էր իր մազոտ թևատակերը բաժակով:
    Մարդը մարդու դիմաց, ինձ թվաց, մարմնավորում եմ նրա` ծանրության վերածված մարմինը, որի չսպիացած վերքերը չէին կարող կորցրած լինել ցավեցնելու հատկությունը, որ տարածություն էր` իմ և իր միջև, իր և բոլորի միջև, այն տարածությունը, որ դատապարտված էր ամեն ժամ քարշ գալու ասֆալտի վրա:
    Եվ դա այն մարմինն էր, որով օրական քսանից երեսուն րոպե հիանում էի, հանուն որի մենք խմբովի նետվում էինք մարզասրահներ՝ չմոռանալով կոսմետիկայի վաճառասրահները:
    Եվ դա այն մարմինն էր, որի հպումը զգում եմ սավանիս վրա. հատակին տարածվում է նարնջագույն ծովը, վերևում`ես, առանց կախման կետի: Գալարվելով ծովի վրայով, սև ալիքները նմանվում են ութոտնուկների ոտքերի: Դրանք գրավում են մթնոլորտը: Որտե՞ղ է Կրիշնան,  որտե՞ղ է Քրիստոսը: Լպրծուն նյութը հասնում է  ինձ:
    Իջեցնում եմ ձեռքս խանձված հատակին: Կիզիչ ճառագայթների տակ այն քայքայվել է մինչև սևի ամենահագեցած երանգը: Գիտակցությունս չի ընկալում այդքանը: Որտեղի՞ց է գույնը, որտե՞ղ էի, երբ ցորենի հասկերը վառվում էին:
    Կրակը դանդաղ վառում է ցորենը՝ հետևից թողնելով խանձվածության հոտը:
    Վաղուց եմ տեսել:
    Ամառ էր, հիմա էլ ամառ է երևի:
    - Ո՞րն է քո սարսափի ասոցիացիան, - սենյակում դիմում է մանուշակագույն վերարկուով կինը:
    - Ասեղը` աչքերում, հետաքրքիր է, արյուն կգա՞:
    Սևահողը ձուլում է ինձ՝ ի վերջո վերածելով երկնագույն աչքերի սև բբի, որի մեջ խրվում է ասեղը:
    - Ոչ մի ասեղ, մնացածը վաղը կլցնես աղբարկղը:
    Սավանը սպիտակ է, կանաչ գծերով:
    Կինը խոսում է շեշտված հավասարակշռությամբ՝ ցանկություն առաջացնելով գոռալ՝ մի կանգնիր ինձ հետ միևնույն կանգառում. մի շնչիր իմ օդը:
    - Ինչի՞դ է պետք ուրիշի գեղեցկություն մեջդ ներառելը: Ուրիշներից բարձր լինելու համա՞ր:
    Ժպիտի նմանվող ծամածռություն գծագրելով՝ համաձայնում եմ, ինչպես քարոզում էր Դեյլ Քարնեգին: Ժպտացեք, գլխով արեք, ծամածռեք ձեր դեմքը բոլոր հնարավոր ձևերով, հոգ տարեք կոստյումի մաքրության մասին:
    - Մի քանի օր առաջ դու դեմ էիր ինքնագովազդին: Ինչպես երևում է, այսօր այնքան էլ չէ:
    Բռունցքս ինքնաբերաբար սեղմվում է՝ կոտրելով նրան պատին մեխելու ցանկությունը: Կարնեգին նայում է պատուհանից, ամերիկյան դեմքը ժպտալ է սովորեցնում, շարունակ հարցնում եմ.
    - Հետո՞:
    Եվ գլխով անում: Ձայնը տեմպով հոսում է ականջներիցս ներս, փախչելու տեղ է պետք: Կողպվել սենյակում, որտեղ օդի գաղջությունից ոչինչ չի զատվում, որն իր բարձրությամբ կտրված է հողից: Ձեռքդ էլ մեկնես` չես զգա սառնություն-տաքությունը: Քայլում եմ դեպի պատշգամբը: Բացում եմ պատուհանը: Կինը շարունակում է խոսելը: Նա չի նկատում, որ հանդիսատեսը գնացել է:
    Քաղաքն այնքան սիրուն է պատուհանից, այնքան ամսագրային, որ սկսում եմ չպատկերացնել՝ ինչպես կարող է իմ նման գարշանքի ներառել: Փոքր տարիքում սովորեցրել էին, որ վիրուսը սպանում է յուրաքանչյուր անառողջ օրգանիզմ, ուղղակի ոչ ոք չէր բացատրել, որ օրինաչափությունը ինձ էլ է վերաբերում:
    Զգում եմ՝ քաղաքը պատրաստվում է սպանել ինձ այն աստիճան անընդհատ ու ցավոտ, մինչև իսկական վիրուսի վերածի: Քաղաքն ինձ համար չէր կառուցվել, պարզապես ակվարիում էր, որտեղ ձկները երջանիկ խլրտալու համար քաղաքականություն էին վարում: Նրանց կարողությունները նախանձ են առաջացնում, որից արհամարհանքը չի վերանում:
    Ոչ ոք չի խանգարում ցատկ կատարել: Վաղը գետնից կսրբեն վարդագույն միսը, մուգ շրթներկի գույն արյունը, ամենուր թափված կլինեն ուղեղի ծալքեր, իսկ հարևանուհին բոլորին կասի. «ախ, խեղճ աղջիկ, ո՞վ կմտածեր»:
    Մատներով անցնում եմ կոկորդիս վրայով` փնտրելով հատվածը, որտեղ, ենթադրվում է, պահված էին ձայնալարերը` հավաստիանալու համար, որ դրանք կարող են արտաբերել.
    - Հեռախոսահամար է պետք:
    Արևից վառված մազերով աղջիկը հատ-հատ կարտասանի թվանշանները: Երեք երկար հեռախոսազանգ կհաջորդեն իրար, բջջային օպերատորի երաժշտությունը կհնչի չորս անգամ, որից հետո կլսվի.
    -Ալո:
    - Ո՞րն է քո սարսափի ասոցիացիան:
    - Ծերություն-այլանդակություն: Չեմ էլ ուզում պատկերացնել, որն է ապրելու իմաստը տգեղ լինելու դեպքում: Ո՞վ է:

    * * *
    Դիմացս նստած աղջիկն այլանդակ է: Անփայլ մազերը կուտակվել են ճարպոտ մսագունդ հիշեցնող դեմքին: Սկսում եմ նայել` երևակայելով, թե հայացքս մեխվում է դիմագծերի մեջ, և դա ստորացուցիչ է, քանի որ նա վախենում է զննող հայացքներից: Մինչ շարունակում եմ ուսումնասիրել դեմքի գծերը, աչքերը` երիզված թարթիչների բացակայությամբ, ջրակալում են:
    - Չե՞ս ուզում նայեմ այլանդակությանդ,- նետում եմ քմծիծաղով, իսկ նա շարունակում է անտարբեր նայել, շրթունքները ձևավորվում են անդուր քմծիծաղի մեջ,
    - Սպասողական հայացքդ ինձ բարկացնում է: Ինչո՞ւ չես պատասխանում,- բարձրացնում եմ ձայնս:
    Կրկին լռում է:
    - Կներեք,- գծագրվում է մատուցողի համազգեստը,- ո՞ւմ հետ էիք խոսում,- տղան փորձում է հնարավորինս զգույշ լինել, վերցնում եմ նրա ձեռքը, պարզում դեպի աղջիկը:
       - Տեսնո՞ւմ ես դրան:
       - Ո՞ւմ: Այնտեղ մարդ չկա, հայելի է:
       - Լավ նայիր:
    - Գուցե Ձեզ թվո՞ւմ է: Հասկանում եք, լարվածությունից մեկ-մեկ նման բաներ լինում են: Հանգստացնող բերե՞մ:
    Հիմարի մեկը: Հանգստացնողն ինքդ խմիր, ավելի լավ է` աչքի կաթիլներ: Աղջիկը բարձրանում է աթոռից, գնալ է ուզում, նա կանգնած է որպես միս ու արյուն, դու ասում ես` ցնորքներ են:
    Հետևիցս փակելով դուռը՝ իջնում եմ քարե աստիճաններով:
Ո՞ւմ համար են դրանք կառուցվել: Ո՞ւր կորավ աղջիկը: Ո՞ւր եմ ես գնում: Դրսում աղբը համադրվում է հորիզոնի վարդագույն-ծիրանագույնի հետ. մայրամուտները սկսել են շտապել: Ոտքիս տակ ճռճռում են սիգարետի տուփերը: Կեղտը չի ճնշում, տպավորություն է ստեղծում, թե ես նույնպես «Ուինսթոն»-ի դատարկ տուփերից եմ: Այս ամենի մեջ յուրահատուկ գեղեցկություն կա, որի հանդեպ չհիմնավորված արհամարհանք ես տածում, ինչպես աղջկա դեպքում:
    Դիմացս գծագրվում է տղայական դեմքի պատկերը, թվում է` պլաստիլինից է. հնարավոր է ձևափոխելն ու այլանդակելը: Մատներս դողում են, դրանք պետք է սուզվեին դեմքի մեջ` որպես միջատներ, ոչնչացնելու համար ամենը, ինչ օգնելու էր լցնել չմեկնաբանված դատարկությունը, բայց ես երբեք չեմ շարունակվի երկնագույն աչքերում՝ մնալով մենակ միջին դիմագծերիս, միջին ինտելեկտիս հետ, առանց առանձնանալու քո գեղեցկությամբ: Դատարկություն ստեղծող պահանջմունքն օր օրի խորանալու է: Ուղեղիս մեջ վերարտադրվում են ծանոթ տողերը: Ներքին դողը փոխանցվում է ձեռքերիս: Բացում եմ շրթունքներս, դրանք անհասկանալի ծամածռությունների միջով արտաբերում են.
    - How many guys like me, go through history… (ինչքան տղաներ են` ինձ պես, անցել պատմության գիրկը):
    Գրպանիցս քարշ տալով սիգարետի տուփը` ներքաշում եմ անում: Կապտավուն ծուխը խցկվում է թանձրացած օդ, ես իջեցնում եմ մարլբորոյի ծուխը երեք հազար դոլար արժողությամբ թոքերս, ու լացելու անկարողությունից ամբողջ ուժով կծում շրթունքս, որի վրայով արյան կաթիլը իջնում է վերնաշապիկիս վրա: Բերանիցս դեպի հագուստ անցումը շարունակվում է: Դրա ռիթմին հավասար` իջնում է հորիզոնը, մենք միաձուլվում ենք իրար` փորձելով մտապահել ստացված տեսարանը, որից հետո ոչինչ չի պատահելու, որի միակ շարունակությունը փախուստն է, որի համար վազել է պետք: Դիմացի մայթին` հաճույքը դեմքին արտացոլած, վազում է տղան, իր սև մազերով ու ցեխոտ դեմքով ուղևորվում անհայտ ուղղությամբ:
    Երևի նա նույնպես չի պատկերացնում` ո՞րն է կախման կետը, երևի նա նույնպես չի հասկանում իմաստը, որը կարիքը չկա էլ, քանի դեռ կարող է ազատության մեջ վազել առանց կանգ առնելու ամեն ցուցափեղկի ու հայելու առաջ: Գուցե նա ըմբռնել է ռիթմը, գուցե նրան պետքն էլ չի քո գեղեցկությունը, իմ նկարած անիմաստ տողերը:
Մերի Շարոյան


[*] Դելիրիումը գիտակցության մթագնում է, որի դեպքում դրսևորվում են հետևյալ ախտանիշները խանգարվում է կողմնորոշումը տեղի, ժամանակի, իրադրության նկատմամբ (ալլոպսիխիկ կողմնորոշում), իսկ սեփական Ես-ի նկատմամբ կողմնորոշումը (աուտոպսիխիկ կողմնորոշում) պահպանված է։

  • Created on .
  • Hits: 42971

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: