Յանա Անանյան. Դեկոնստրուկտիվիզմը և մետահորինվածքը ժամանակակից ֆրանսիական գրականության մեջ

     «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողովի նյութերից (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր) 
 
    Դեկոստրուկտիվիզմը որպես այդպիսին ի հայտ է գալիս ֆրանսիացի պոստստրուկտուրալիստների գործերում 20-րդ դարի երկրորդ կեսին, երբ արևմտյան նոր դարաշրջանի (XVII-XIX դդ.) և մոդեռնիստական մտքին բնորոշ դետերմինիզմի ունիվերսալիստական և ռացիոնալիստական հայեցակարգերը ենթարկվել են բազմակողմանի քննադատության: Խրթին և կանոնակարգմանը չենթարկվող իրականության գիտակցումը, որի առաջին վկայությունները կարելի է նկատել դեռևս 20-րդ դարի սկզբին, բերում է անկայունության և անկանխատեսելիության հասկացությունների առաջադրմանը, որոնք էլ ավելի համոզիչ են դառնում Հեյզենբերգի հայտնի անորոշության սկզբունքի բացահայտման շնորհիվ: Պոստսրուկտուրալիզմից ածանցված և պոստմոդեռնիզմի հիմքը դարձած  դեստրուկտիվիզմը կամ դեկոնստրուկցիան՝ որպես տեսություն, հրաժարվում է գոյի, կեցության հասկացության հիմնախնդիրների ուսումնասիրությունից, անգամ հերքում է «գոյ» հասկացությունը որպես այդպիսին, անդրադառնալով այդ հերքման պարզաբանմամբ և տեքստի մեկ այլ տեքստի միջոցով անվերջ մեկնաբանությանը:
    Այսպես՝ ֆրանսիացի փիլիսոփա Ժակ Դերիդան՝ դեկոնստրուկտիվիզմի  հեղինակն ու հիմնադիրը, փիլիսոփայությանը վերաբերում է որպես տեքստային քննադատության ձև: Դեկոնստրուկցիայի էությունը նրա համոզմամբ տեքստի ցանկացած ընկալման ու մեկնաբանության ապարդյուն լինելն է, եթե ընթերցողը ակտիվորեն չի մասնակցում վերջնական տեքստի արարմանը: Այսպես արարումը տարվում է ընթերցող-հետազոտողի և տեքստի միջև սերտ երկխոսության մեջ: Ընթերցողը/հետազոտողն ու տեքստը ի հայտ են գալիս որպես մեկ ամբողջություն՝ յուրատիպ ինտերտեքստ, որը ինքնուրույնաբար հանգեցնում է նոր երևակայական  ուղիների:
    Պոստմոդեռնիզմի և դեկոսնտրուկտիվիզմի ավելի ուշ շրջանի մեկ այլ  ֆրանսաիացի վառ ներկայացուցիչ Ժան Բոդրիյարը, ազդարարելով արտադրության և ապրանքների սպառման շուրջ կենտրոնացած աշխարհի վերջը, պնդում է, որ պոստմոդեռն վիճակում և ԶԼՄ-ների ազդեցության տակ աշխարհը հանձնվել է «խաբուսիկ երևույթների» (simulacres) իշխանությանը, որոնց միջոցով և արդյունքում պատկերացումները փոխարինելու են գալիս իրականությանը[1]:
    Դեկոնստրուկտիվիզմի ազդեցության ներքո պոստմոդեռնիստական գրողները, իրենց հերթին, խուսափում են անգամ տեքստի միանշանակ իմաստ ունենալու հնարավորությունն ընդունելուց: Գրողների ուշադրության կենտրոնում է հայտնվում բուն տեքստային խաղը, հորինվածքի/արարման բուն գործընթացը և մեխանիզմների բացահայտումը, ընթերցողի կողմից տեքստի ընկալման հնարավոր տարբերակները: Այսպես՝ գրական ստեղծագործությունը պոստմոդեռնիստական երանգ է ստանում, երբ վերացարկվելով գոյաբանական որևէ մտադրությունից (գրվածքի «իմաստից»)՝ հեղինակը ստեղծագործում, արարում է խաղային, լեզվախաղային կամ հեգնական հարթություններում:
    Որպես արդյունք` պոստմոդեռնիզմը և, մասնավորապես, պոստմոդեռ­նիստական գրականությունը ստեղծում և ընթերցողին է ներկայացնում մասնատված, մոդուլային, կոդավորված և մի քանի մեկնաբանություն ենթադրող իրականություն, իսկ ավելի ճիշտ` իրականության հորինվածք, որում ժամանակի միակ միավորը տվյալ ներկա պահն է: Այս դեպքում ապակետրոնացված սյուժեն ի հայտ է բերում իր իսկ տարբերակների մի շարք, որում առանցքային ինքնությունը իր տեղն է զիջում ռիզոմային ինքնությանը, մետահորինվածքին, հիբրիդացմանը:
Փիլիսոփայական դեկոնստրուկցիայի տեսությանը համահունչ` ժամանակակից գրականության մեջ առավել հանգամանորեն մշակվեց մետատեքստուալություն կոչվող գրական տեխնիկան: Գրական մասնատման նման՝ մետատեքստուլությունը, լինելով հին հնարք և սկիզբ առնելով դեռ Դիդրոյից[2] և «Հազար ու մի գիշեր»[3]երկից, ներկայումս ձեռք է բերում այնպիսի մեծ մասսայականություն, որ հաճախ գրականագետներն[4]այն համարում են պոստմոդեռնիզմին առավել բնորոշ առանձնահատկություններից մեկը:
    Մետատեքստուալության առանցքն է հանդիսանում այն գրական հնարքը, որի օգտագործման դեպքում հեղինակը մեկ ստեղծագործության շրջանակներում հղում է կատարում դեպի  ա) ինքն իրեն, այլ կերպ ասած դիմում է «ինքնահղմանը», բ) ընթերցողին՝ փորձելով վերջինին համամասնակից դարձնել հորինվածքին, գ) մեկ այլ տեքստին կամ սյուժեին:
Մետահորինվածքի տեսակներն են.
  1. վեպ` վեպ ընթերցող մարդու մասին,
  2. վեպ, որի հիմնական սյուժեն համանուն վեպն է,
  3. վեպ կամ պատմվածք, որը հղում է կատարում նույն գրքի տարբեր տարրերին,
  4. ոչ գծային վեպ, որը կարող է ընթերցվել տարբեր եղանակներով,
  5. պատմություն, որն ընդառաջելով ընթերցողի ակնկալիքները, դարձնում է նրան ստեղծագործության հերոս,
  6. տեքստ տեքստում:
    «Տեքստ տեքստում» տեխնիկան վկայակոչելիս, պետք է հատուկ նշել մտահորինվածքի մասնավոր «միզանաբիմ» (ֆր. mise-en-abyme) հնարքը: Այդ ռեկուրսիվ (ինքնարտացոլող) գեղարվեստական տեխնիկան անվանում են նաև «երազ երազի մեջ», «պատմվածք պատվածքի մեջ», բեմականացում բեմականացման մեջ», «կինոնկար կինոնկարի մեջ» կամ «նկար նկարի մեջ»:  
    1950-ական թվականներին կազմավորված «Նոր վեպ/ Nouveau Roman»[5]գրական շարժմանը պատկանող ֆրանսիացի հեղինակների վեպերին բնորոշ էր ժանրային և ոճային նորարարությունը, որը հաճախ ներառում էր մետահորինվածքի, մետատեքստուալության բազմաթիվ տարրեր: «Նոր վեպ»-ում լայն տարածում  ստացավ միզանաբիմ հնարքը: Այսպես` շարժման հայտնի ներկայացուցիչ Ռոբ Գրիյեն իր «Լաբիրինթոսի» պատումում, դիմելով ինքնարտացոլման և միզանաբիմ հնարքին, կերտում է որոշակի աննշան փոփոխություններով անվերջ կրկնվող ստատիկ դրվագ: Ընթերցման ընթացքում պարզ է դառնում, որ հենց այդ փոփոխություններն են դառնում «գործողության» զարգացման շարժիչ ուժը:
    Մետահորինվածքին հաճախ են դիմում նաև ֆրանիական ՈւԼիՊո[6]  փորձարարական գրականության խմբակի/արհետանոցի անդամները[7]: Այսպես՝ ֆրանսիացի գրող Ժակ Ռուբոյի մետատեքստուալ գլուխգործոց` «Գեղեցկուհի Գորտենզիա» (La Belle Hortense) վեպի բուն պատմվածքի չափաբաժինը աննշան տեղ է զբաղեցնում մեկնաբանությունների ընդհանուր ծավալի համեմատ:
    Մեկ այլ հեղինակ և մետահորինվածքի վարպետ` Իտալո Կալվինոն, թեպետ ազգությամբ իտալացի է, բայց նույնպես ՈւԼիՊո խմբակի ներկայացուցիչն է: Նրա՝ «Եթե մեկ անգամ ձմեռային երեկոյան ճանապարհորդը... » գլուխգործոցը լիիրավ կարելի է դասել մետատեքտուսալության և տեքստային դեստրուկցիայի խորհրդանշական գործերի շարքում:
    «Տեքստ տեքստի» մեջ և «վեպ` վեպ գրող մարդու մասին» մետահորինվածքը հանդիպում է ՈւԼիՊո խմբակի մեկ այլ անդամ՝ Ժորժ Պերեկի  «W կամ մանկության հուշեր» երկում, որում հեղինակը զուգահեռաբար շարադրում է իր մանկության կենսագրությունը և մանուկ հասակում գրած հակաուտոպիական պատմությունը՝ շարունակ մեջ բերելով կյանքի տարբեր շրջաններում գրած տեքստերը, ինչպես նաև հղում կատարելով հեղինակին և վեպի կերպարների միջոցով՝ իր հարազատներին: Ուշագրավ է նաև Ժորժ Պերեկի «Կյանք. Օգտագործման եղանակ» վեպը որպես ոչ գծային գիպերտեքստային՝ մի քանի տասնյակ վեպերից կազմված գործ, որը կարելի է ընթերցել ցանկացած վեպից սկսած՝ չհետևելով գրվածքի գծայնությանը: Վեպն ունի «շրջանակող» ֆաբուլա և բազում ինքնա- և մետահղումներ, հանդիպում է միզանաբիմ հնարով գրված դրվագներ: Օրինակ՝ գլուխներից մեկում պատմվում է՝ աստիճանավանդակին կանգնած ընթերցող տղայի մասին, ապա, կինոկամերայի էֆֆեկտն օգտագործելով, հեղինակը անդրադառնում է բացված գրքին և պատմում ընթերցվող գրքի պատմությունը:
Առհասարակ, միզանաբիմ («պատմություն պատմության մեջ», «նկար նկարի մեջ») երևույթի էությունը վառ կերպով բացահայտված է նույն գրողի «Սիրողի աշխատասենյակ» («Կունստկամերա»)[8] փոքրածավալ վեպում, որը կառուցված է վերնագրին շարունակական հղման մետատեքստի վրա: Վեպի կենտրոնում գերմանացի գործարար, գեղանկարների կոլեկցիոներ Հերման Ռաֆկեի հավաքածուի ցուցահանդեսն է Պենսիլվանիայի Պիտսբուրգ քաղաքում: Այդ ցուցահանդեսի «սենսացիան» Հայնրիխ Կուրցի կողմից ստեղծած  «Սիրողի աշխատասենյակը» կտավն է, որում պատկերված է ինքը՝ կոլեկցիոներ Ռաֆկեն, նստած մի սենյակում, որի պատերին փակցված են իր հավաքածուի կտավները: Պերեկը մանրամասնորեն նկարագրում է կտավի մեջ պատկերած կտավները՝ շարունակաբար ընդգծելով, որ դրանք կարծես թե բոլորն էլ իրական հավաքածուի կտավները լինեն: Ապա նկարագրվում է նկարչի կողմից օգտագործած միզանաբիմ հնարքը, որը ի դեպ ընկած է նաև գրքի հիմքում.
    «Անշուշտ այցելուներից շատերը կփորձեն համեմատել բնօրինակները Հայնրիխ Կուրցի կողմից ստեղծած նրանց մանրակրկիտ փոքրացրած պատճեների հետ: Եվ այստեղ է, որ նրանց սպասում է հրաշալի անակնկալ, քանի որ նկարիչը իր կտավը զետեղել է կտավի մեջ, և կոլեկցիոները, նստած իր աշխատասենյակում, դիմացի պատին, հայացքի ուղղությամբ տեսնում է կտավ, որը պատկերում է իրեն, իր կտավների հավաքածուին նայելիս, ապա կրկին անգամ վերարտադրած են բոլոր կտավները, և այդպես շարունակ՝ երկրորդ, երրորդ անդրադարձում՝ մինչ կտավի վրա կերևան վրձնի լոկ աննշան հարվածներ: «Սիրողի աշխատասենյակ» կտավը  իր տեսակի մեջ յուրատիպ թանգարանի լոկ զվարճալի պատկերումը չէ. իրար հաջորդող արտացոլումների՝ խաղի և աստիճանաբար  հանգչող կրկնությունների միջոցով ստեղծած ասես առեղծվածային հմայքի շնորհիվ, այս գործը վերածվում է հրաշապատումների մի աշխարհի, որում իր գայթակղիչ գրավչանքի զորությունը ուժգնանում է մինչև անվերջություն, և որում պատկերման նյութի ծայրահեղությանը հասցրած ճշգրտությունը, որը սակայն բոլորովին ինքնանպատակ չէ, անսպասելիորեն  հանգում է Հավերժական վերադարձի գլխապտույտ ոգուն»[9]:
    Պերեկն իր վեպը կառուցում է նույն այդ սկզբունքի վրա, զուր չէ, որ կտավն ու վեպը ունեն նույն վերնագիրը: Վեպում հավաքածուի ցուցահանդեսն ու նրա հետագա աճուրդը ստանում են շրջանակի, շրջանակող պատմության, «կտավի» դեր, որը առիթ է հանդիսանում է կտավների և կտավների մեջ կտավների մասին անվերջ տեղեկություններ և նկարագրությություններ շարադրելու համար: Վեպի կտավները մեկընդմեջ փոխադարձաբար արտացոլվում են մետատեքստային հղումների շնորհիվ: Սակայն վեպի ավարտին ընթերցողին սպասում է հիասթափություն, քանի որ բացահայտվում է կտավների գերակշռող մասի կեղծ լինելու հանգամանքը: Վեպի վերջին պարբերությունը փաստում է, որ փորձաքննությունն ապացուցեց կտավների հիմնական մասի կեղծ լինելը, ինչպես կեղծ են նաև տվյալ հորինված պատմվածքի մանրամասների գերակշռող մասը և որ վեպը գրվել է սոսկ երևութական իրականության հանդեպ ունեցած սիրուց դրդված[10]:
    Այսպիսով՝ Ժորժ Պերեկի կողմից օգտագործած վերոնշյալ «հորինվածք հորինվածքի մասին» գրական հնարքը, մեր կարծիքով, առավել ակնհայտորեն բացահայտում է մետատեքստուալությանը բնորոշ ընդհանուր բնութագրական սկզբունքը:
 
 
Գրականություն
Baudillard, J. Simulacres et simulation. P. Editions Galilée. 1981.
Boivert, Y. Le Postmodernisme. Montréal. Boréal. 1995.
Butor, M. Mobile: Etude pour une représentation des Etats-Unis. P. Gallimard / Nrf.1962.
Gontard, M. Le Postmodernisme en France: Définition, Critères, Périodisation: Le Temps des Lettres, Quelles périodisations pour l’histoire de la littérature française du 20-ème., Sous la direction de Michèle Touret et Francine Dugast-Portes. Rennes. Presses Universitaires de Rennes. Rennes. 2001. pp. 283-294.
Perec, G. Un cabinet d'amateur. P. Editions Balland. Points. 1979.
Perec, G. W ou le souvenir d'enfance.  P. Editions Denoël. L’imaginaire Gallimard.. 1975.
Perec, G. La Vie mode d'emploi. P. Hachette. Livre de Poche. 1978.
Robbe-Grillet А. Dans le labyrinthe. P. Editions de Minuit. 1959.
Roubaud, J. La Belle Hortense. P. Livre de poche. 1987.
 
 
Яна Ананян
ЕГЛУ им.Брюсова
ДЕКОНСТРУКТИВИЗМ И МЕТАНАРАЦИЯ
В СОВРЕМЕННОЙ ФРАНЦУЗСКОЙ ЛИТЕРАТУРЕ
Ключевые слова: постструктурализм, постмодернизм, деконструктивизм, деконструкция текста, интерпретация, метатекстуальность, метатекст, метаповествование, мизанабим, текст в тексте, гиперреальность.
В статье рассматриваются пути развития философской мысли  II половины XX века в работах постструктуралистов, прослеживается проявление разработанных ими новых понятий и категорий в разных областях жизнедеятельности, в том числе – в литературе. Особое внимание уделяется понятиям «деконструктивизм» и «декострукция текста», которые получили свое отражение в литературе в виде открытой интерпретации текста, его сложного структурирования, вовлеченности читателя в процесс самого построения текста, метатекстуальности и метанарации. Основные положения статьи доказываются на литературном материале современного французского романного дискурса, в частности – произведения Жоржа Перека «Кабинет любителя» («Кунсткамера»).  
 
Yana Ananyan
YSLU
DECONSTRUCTIVISM AND METANARRATIVE
IN CONTEMPORARY FRENCH LITERATURE
Keywords: post-structuralism, postmodernism, deconstructivism, text deconstruction, interpretation, metatextuality, metanarrative, mise-en-abyme, the text in the text, hyperreality
The article deals with the development of philosophical thought of the second half of XX century in the works of poststructuralist, observes new concepts and categories in different areas of life, included in the literature. Special attention is paid to the concepts of "deconstructivism" and "text deconstruction", which are reflected in the literature as the form of an open interpretation of the text, its complex structure, involvement in the process of the text reader, metatextuality and metanarrative. The key states of the given paper are proven through the literary material of the modern French novel discourse, in particular – the novel of Georges Perec "A Gallery Portrait".


[1] Baudillard, J. Simulacres et simulation. Paris: 1981.
[3]«Հազար ու մի գիշեր» ժողովածուն կազմված է բազմաթիվ «հեքիաթ հեքիաթի մեջ» պատմվածքներից, ինչպես նաև արտացոլված և միմյանց կապված կերպարներից:
[4]Օրինակ Ժանետ Պատերսոն, Քվեբեկ:
[5]Ալեն Ռոբ Գրիյե, Նատալի Սարոտ, Միշել Բյուտոր, Մարգրիտ Դյուրաս, Ժան Ռիկարդու, Կլոդ Սիմոն:
[6]OuLiPo/ Ouvroir de Littérature Potentielle - «Փորձարարական գրականության արհետանոց»-ը 1960թ. մի խումբ գրողների և մաթեմատիկոսների կողմից հիմնած գրական խմբակ:
[7]Ըստ Ժաք Ռուբոյի Ուլիպոյի անդամ գրողը նման է «մի առնետի, որն ինքն իր համար կառուցում է լաբիրրինթոս, որից ապա փորձում է գտնել ելքը»:
[8]Perec, G. 1979. Un cabinet d'amateur. Editions Balland. Points.
[9] Perec, G. 1979. Un cabinet d'amateur. Editions Balland. Points. p.19.
[10] Item. p. 85. 

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: