Քրիստինե Մարգարյան. Կերպարային համակարգը Փոլ Օսթերի «Պարոն Վերտիգո» պոստմոդեռնիստական վեպում

    «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողով (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)

    Այս հոդվածը վերաբերում է հանրահայտ ամերիկյան գրող Փոլ Օսթերի «Պարոն Վերտիգո» (Mr. Vertigo (1994)) վեպում կերպարային համակարգին, որը բավականին յուրահատուկ է: Փոլ Օսթերը  ժամանակակից պոստմոդեռնիստ գրող է, որի ստեղծագործությունների պոետիկայում համակցվում են աբսուրդի, էքզիստենցիալիզմի տարրեր, արտացոլվում են ինքնության և անձնային նշանակության փնտրտուքներ: «Պարոն Վերտիգոն» նրա ավելի վաղ շրջանի գրվածքներից է, և այստեղ առկա են որոշ մոդեռնիստական տարրեր: Որքանով որ տեղեկացված ենք, սա առաջին հետազոտությունն է «Պարոն Վերտիգոյի» կերպարային համակարգի վերաբերյալ:
    Վեպում նկարագրվում է 20-30-ական թթ. ԱՄՆ-ն: Գլխավոր հերոսը` Ուոլթեր Քլերբորն Ռոուլին, մի որբ, փողոցային, անգրագետ իննամյա տղա է, որին վերցնում է խորհրդավոր վարպետ Եհուդան և խոստանում թռչել սովորեցնել երեք տարվա ընթացքում: Եռամյա աշակերտությունից հետո, որն անցնում է աշխարհից կտրված մի վայրում, հաղթահարելով վարպետի երեսուներեք աստիճանները, Ուոլթերին իսկապես հաջողվում է կտրվել գետնից, և նա շրջագայում է երկրով մեկ, դառնում հանրահայտ, իսկ սեռական հասունացման շրջանում կորցնում թռչելու ունակությունը: Կորցնելով նաև իր վարպետին՝ նա անիմաստ քայլում է կյանքով մինչև յոթանասունյոթ տարեկան, երբ նա սկսում է գրել իր հուշերը՝ այս վեպը, որն էլ հանձնարարում է իր զարմիկին (Դանիել Քուիննին) հրատարակել իր մահից հետո: Այստեղ միտքդ կամա թե ակամա գնում է դեպի ռոմանտիկ գրող Շատոբրիանը, որը հիշատակվում է և ում գրվածքներից մեջբերումներ են արվում Օսթերի հետագա գրքերից մեկում («Պատրանքների գիրք» 2002):
    Ինչպես հայտնի է, պոստմոդեռնիզմի գլխավոր առանձնահատկություններից մեկն ինտերտեքստուալությունն է: Արևմտյան տեսաբանների մեծամասնության կարծիքով այդ հասկացության սահմանումը տվել է Ռոլան Բարտը: Նա գրել է. «Յուրաքանչյուր տեքստ ինտերտեքստ է. այլ տեքստեր՝ նախորդող և շրջապատող մշակույթի, գտնվում են նրանում տարբեր մակարդակների վրա քիչ թե շատ ճանաչելի ձևերով: Յուրաքանչյուր տեքստ իրենից ներկայացնում է հին մեջբերումներից հյուսված նոր գործվածք: Մշակույթային կոդերի, ձևակերպումների, ռիթմիկ կառուցվածքների, սոցիալական ասույթների բեկորները կլանվում են տեքտի կողմից ու խառնվում նրա մեջ, քանի որ մինչև տեքստը և նրա շուրջ գոյություն ունի լեզուն: Որպես նախապայման ցանկացած տեքստի համար՝ ինտերտեքստուալությունը չի կարելի հանգեցնել ծագման և ազդեցությունների խնդրին. այն  անանուն ձևակերպումների, որոնց ծագումը հազվագյուտ կարելի է գտնել, առանց չակերտների տրվող անգիտակից կամ ավտոմատ մեջբերումների անանուն դաշտ է»[1]: Այսինքն՝ գրական միջոցների պատրաստի ձևերի օգտագործումը պոստմոդեռնիզմի հիմնական առանձնահատկությունն է: Պոստմոդեռնիզմը դիմում է անցյալին իր բովանդակության բացերը լրացնելու նպատակով: Դրանով այն ապացուցում է իր կենսունակությունը՝ համախմբելով մշակույթի անցյալն ու ներկան:
    Հերոսներից երկուսի նախատիպերը իրական մարդիկ են, իսկ գլխավոր հերոսի կերպարի առանձնահատկությունն այն է, որ պոստմոդեռնիստական հերոս լինելով՝ նրա կերպարում խաչասերվում են գրական, բիբլիական, հեքիաթային և իրական կերպարներից որոշակի տարրեր:
    Վեպն սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Ես առաջին անգամ քայլեցի ջրի վրայով, երբ ես տասներկու տարեկան էի»[2]: Այս նախադասությունը շատ բան է մեզ հուշում. օրինակ՝ վեպում ֆանտաստիկ և հեքիաթային ժանրերի և առաջին հերթին աստվածաշնչյան թեմայի առկայության մասին: Բայց նախ և առաջ այս նախադասությունը շատ գրավիչ է և հետաքրքրաշարժ: Իհարկե, կարճատև խուճապից հետո մտածում ես, որ Օսթերը հերթական անգամ խաղում է ընթերցողի հետ: Սակայն, ծանոթ լինելով նրա գրելաոճին, ինչպես նաև պոստմոդեռնիստական դարաշրջանի առանձնահատկություններին, գիտակցում ես, որ նրա աշխարհում հնարավոր է ամեն ինչ և նույնիսկ անհնարինը:                                                   
    «Պարոն Վերտիգոյում» կան մետաարձակին բնորոշ տարրեր, հետևաբար վեպի հերոսը վեպի հեղինակն է, և նա շփվում է ընթերցողի հետ: Նա, հետադարձ հայացք գցելով իր անցյալին, պատմում է իր վաղ կյանքից մի դրվագ. փոքր տղայի և հետո նաև պատանու կյանքն անցնում է ծեր մարդու հիշողությունների պրիզմայով: Սակայն վեպը պարունակում է նաև մոգական ռեալիզմին բնորոշ տարրեր, հետևաբար դեպքերն ընթերցողին ներկայացվում են տարբեր տեսանկյուններից. մեկ փոքր տղայի տեսակետն է ներկայացվում, մեկ էլ՝ ծեր մարդու: Բացի այդ՝ մոգական տարրերը միահյուսվում են իրական աշխարհի հետ և ներկայացվում  որպես իրական երևույթներ, այնպես, որ իրականն ու ֆանտաստիկը տեղ են գտնում մտքի մի հոսքի մեջ: Կերպարներն էլ ներկայացվում են հակադրության մեջ միմյամց հանդեպ, անցյալն էլ՝ ներկայի:
    Ինչպես նշում է Օսթերը, վեպը որոշ ընդհանրություններ ունի Կառլո Կոլլոդիի «Փինոքիո» ստեղծագործության հետ այն առումով, որ վարպետ  Եհուդան «պատրաստում» է Ուոլթին, ինչպես վարպետ Ջեպպետոն Փինոքիոյին, իսկ տիկին Վիթերսպունն այն կապտահեր փերին է, ով փրկում է Ուոլթին դժվար պահերին:
    Այսպիսով, Ուլթեր Ռոուլին, ում հարազատ էին քաղաքային փողոցների մարդկային  ամբոխները, ջազային երաժշտությունը, ավտոմեքենաների ձայներն ու ալկոհոլային խմիչքի հոտը հայտնվում է աշխարհից կտրված մի վայրում, որտեղ չկա ոչ էլեկրականություն, ոչ ջրատար խողովակ, ոչինչ բացի դաշնամուրից, մի խոսքով՝ «մահացու ձանձրույթի համաշխարհային կենտրոն»[3]: Այստեղ չորս տարբեր մարդ՝ Ուոլթը, հրեա ռավվին Վարպետ Յեհուդան, Էզոպ անունով սևամորթ մի տղա և Սյու անունով կարմրամորթ մի կին ապրում են մի հարկի տակ մի ընտանիքի պես տեխնոկրատիկ հասարակությունից դուրս:
    Տնակը, որտեղ ապրում է այս տարօրինակ ընտանիքը, ինչ-որ չափով հիշեցնում է Նոյան տապանը, որտեղ ապրում էին աշխարհի ժողովուրդների հայրերը՝ Նոյի երեք որդիներն իրենց ընտանիքներով: Ինչպես հայտնի է, Նոյն ուներ երեք որդի` Հաբեթ, Սեմ, Քամ: Հաբեթից սկիզբ առան եվրոպական ժողովուրդները, Սեմից առաջացան հրեաները, արաբները, միջագետքի սեմական մյուս ժողովուրդները, Քամի սերունդներն էլ աֆրիկացիներն են` սևամորթները: Ի տարբերություն Նոյան տապանի, որտեղ բոլորը փրկվում են շնորհիվ իրեն առաջնորդ Նոյի՝ այստեղ հերոսներից երկուսը՝ կարմրամորթն ու սևամորթը, սպանվում են Կու Կլուքս Կլանի[4] անդամների կողմից: Այս տնակի առաջնորդը Վարպետ Եհուդան էր. նա այս տապանի Նոյն էր: Այս պահը բավականին հակասական է. մի կողմից կարելի է ասել, որ վարպետ Եհուդան էր մեղավոր նրան մահվան մեջ, մյուս կողմի էլ՝  վարպետն այն մարդն էր, ով մի ժամանակ փրկել էր նրանց մահից: Կու Կլուքս Կլանի ներկայությունը և նաև այն, որ Ուոլթը անկում ու հաղթանակ է ապրում միաժամանակ ԱՄՆ-ի հետ, մեզ թույլ է տալիս ասել, որ վեպում պատմական ժանրը համահունչ միահյուսվում է վեպում առկա մյուս ժանրերի հետ:
    Էզոպը շատ ընդհանրություններ ունի նույն անունը կրող անտիկ առակախոս, այդ ժանրի հայր Եզոպոսի հետ: Նրանք երկուսն էլ տգեղ էին, Եզոպոսը կուզիկ ստրուկ էր, Էզոպն էլ՝ ծռակող սևամորթ: Ճիշտ է, նրանք ունեին խեղաթյուրված մարմին, սակայն հիանալի խելքի տեր էին: Եզոպոսը դարձել է ազգային հերոս հարուստների ու ազնվականության դեմ իշխող դասակարգի կեղծ իմաստությունը փառաբանող քաջ ելույթների համար: Էզոպն էլ կրթության միջոցով  փորձում էր փրկել ԱՄՆ-ում բռնության ենթարկված սևամորթներին: Եզոպոսն իր կյանքն ու արկածները պատմող հիանալի պատմություններ է գրել, Էզոպն էլ գրում էր իր  հուշերը: Նրանք երկուսն էլ սպանվել են:
    Մայրիկ Սյուն մի հնդկացի կին է, որ մեծացել է մարտիկների ու որսորդների ցեղում: Նա գեր է, անատամ ու անգրագետ: Ունի տղամարդուն հատուկ խռպոտ ձայն, կոպիտ ձեռքեր, լայն ուսեր ու մկանոտ մարմին, սակայն ժպտում է հիասքանչ ժպիտով: Նա շատ հոգատար էր, նա հիանալի «մայր» էր Ուոլթի ու Էզոպի համար: Նա Ուոլթին քաջալերում էր դժվար պահերին, տալիս նրան առաջ քայլելու ուժ, ձգտում և հավատք:
    Վարպետ Եհուդան հրեա է, ծնվել է Հունգարիայում՝ ռավինների ընտանիքում: Մանկուց ապրել է ԱՄՆ-ում: Նա համբերատար է, խոհեմ ու ներողամիտ: Նա մարդասեր է. չի  կարող անտարբեր անցնել ուրիշի դժբախտության կողքով:  Մեծամիտ է, բայց և իր արժեքն իմացող: Վարպետ Եհուդան նպատակասլաց է և լավատես. երբեք չի հանձնվում՝ միշտ առաջ է նայում՝ դեպի ապագան: Նա իմաստուն է, ուժեղ, պերճախոս: Օսթերը Էշթոն Էփլուայթին տված հարցազրույցում նշում է, որ Վարպետ Եհուդայի կենսագրությունը գրված է ամերիկյան հայտնի իլյուզիոնիստ, հրաշագործ Հարրի Հուդինիի կենսագրությունից, որը ծնվել է Բուդապեշտում՝ րաբունիների ընտանիքում և մեծացել ԱՄՆ-ում: Փոլ Օսթերը վարպետ Եհուդայի մասին ասել է. «Վարպետ Եհուդան շատ բարդ կերպար է. մի կողմից նա շաղակրատ է, որ փորձում է շատ գումար վաստակել, ինչպես բոլորը ԱՄՆ-ում, մյուս կողմից նա ունի խոր հոգևոր կողմ, նրան հետաքրքրում են հոգևոր արժեքներ: Այն, ինչ նա անում է Ուոլթի հետ, դնում է նրան շատ անկայուն ու վտանգավոր դիրքի մեջ աստծու, տիեզերքի և մարդու նկատմամբ, և նա մտածում է դրանց շուրջ, լուրջ վերաբերում դրանց»[5]: Եվ իսկապես, մի պահ թվում է, թե նա աստված է, իսկ Ուոլթը հասարակ մարդ, ով անցնում է աստծո ուղարկած փորձությունների միջով: Եհուդան ստիպում է Ուոլթին կտրել իր ճկույթի ծայրը և կախում այն իր վզից: Ուոլթից մի մասնիկ որոշ ժամանակ պատկանում է Եհուդային, ճիշտ այնպես, ինչպես մարդու հոգին պատկանում է աստծուն: Եվ դա բացատրում է նրանով, որ դա իր խղճի խորհրդանիշն է, որը հիշեցնում է նրան Ուոլթի հանդեպ ունեցած պարտքի մասին: Սակայն երբ Ուոլթը ձեռք է բերում լեվիտացիայի ունակությունը, նա վերադարձնում է այն Ուոլթին՝ հրաժարվելով աստծո դիրքից: Ճկույթը խորհրդանշում է ազատ կամք ու հավատք[6]. նրանք հավատով էին լցված միմյանց հանդեպ, և այն, ինչ անում էին, իրենց ազատ կամքի արդյունքն էր: Խոսքը գնում է հենց էքզիստենցիալիզմի ազատ կամքի մասին: Ուոլթը հաճախ կանգնում է ընտրության առջև և գիտակցում է, որ ամեն ինչ իր կյանքում իր իսկ ընտրության արդյունքն է՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որոնցում նա հայտնվել էր: Էզոպի միջոցով էլ Վարպետ Եհուդան փորձում էր վերջ դնել երկրում տիրող անհավասարությանը, խտրականությանը: Պատրանքային աշխարհում ապրող հասարակ մարդու համար թվում է բարդ: Էզոպն ասում է. «Կանզասը պարզապես պատրանք է՝ փոքր կանգառ իրականության  ճանապարհին»[7]: Ըստ Փ. Օսթերի՝ Վարպետ Եհուդայի կերպարը թույլ է տալիս ասել, որ վեպը ինչ-որ չափով նաև այն մասին է, թե ինչպես են երկու հակադիր տարրեր, ինչպիսիք են մյութոսն ու իրականությունը, միավորվում ու ապրում կողք կողքի նույն աշխարհում[8]: Վարպետ     Եհուդայի կերպարում նկատվում են սյուրռեալիստական տարրեր:
    Ինչ վերաբերվում է մեր գլխավոր հերոսին՝ Ուոլթին՝ վեպի չորս գլխից յուրաքանչյուրում նա ընթերցողին ներկայանում է ամբողջովին նոր դեմքով: Առաջին գլխում նա «մարդկային ոչնչության օրինակ» է՝ տգետ հոփնիկ, թափառական, ռասսիզմի ու կրոնական խտրականության մարմնացում: Քաջությունն այն միակ ընդհանրությունն էր, որ նա ուներ իրական պարոն Ուոլթեր Ռելլիի հետ: Պարոն Ուոլթեր Ռելլին (1552-1618) եղել է անգլիացի արիստոկրատ, գրող, բանաստեղծ, զինվոր, պալատական​​, լրտես և հետազոտող: Էզոպը Ուոլթին ասում էր. «Փորձիր միացնել մեզ իրար և կհասկանաս, թե ինչպիսին էր Պարոն Ուոլթեր Ռելլին. ինձ նման խելացի, քեզ պես քաջ, բացի այդ՝ բարձրահասակ, բարետես: Այսպիսին էր Պարոն Ուոլթեր Ռելլին. երկրագնդի վրա երբևէ ապրած ամենակատարյալ մարդը»[9]: Պարոն Ուոլթեր Ռելլին, կարելի է ասել, իդեալ էր Ուոլթի համար, որին նա ձգտում էր նմանվել, բայց որից այդքան հեռու էր նա: Ի դեպ, առաջին իսկ գլխում ռասսիզմն ու կրոնական խտրականությունը շատ հանգիստ իրենց տեղը զիջում են հումանիզմին: Խելամիտ, բարի ու մարդասեր Էզոպի ազդեցության տակ Ուոլթը շատ փոխվեց. փոխվեցին նրա կյանքի իմաստն ու ընթացքը: Էզոպն ազատեց նրան նախապաշարումներից, և Ուոլթը դադարեց մարդկանց դատել մաշկի գույնով: Այն Ուոլթը, ով անարգանք էր զգում միայն այն մտքից, որ ստիպված էր ապրել սևամորթի, ավելին՝  տգեղ սևամորթի հետ հետ մի հարկի տակ, այժմ Էզոպին համարում էր իր կյանքի բոլոր օրերի միակ ընկերը, իր եղբայրը:
    Այս գլխում նա հաղթահարում է երեսուներեք աստիճան՝ լեվիտացիայի ունակություն ձեռք բերելու համար: Այդ աստիճանները բաղկացած էին ֆիզիկական և հոգևոր աստիճաններից, որոնց ընթացքում վարպետը Ուոլթին երթարկում էր բազմաթիվ տանջանքների: Դրանք ինչ-որ տեղ նման էին այն տանջանքներին, որոնց միջով անցել էր Հիսուս Քրիստոսը երկրի վրա ապրած իր երեսուներեք տարիների ընթացքում ու այնուհետև համբարձվել երկինք: Ասկետիզմը բնորոշ է օսթերյան գրվածքներին: Երբ Ուոլթը հաղթահարում է երեսուներեք աստիճանները, վարպետն ասում է նրան. «Քեզ հայտնի է այն ամենը, ինչ հայտնի էր ինձ քո տարիքում: Ես կարող եմ քեզ զգուշացնել, ուղղություն ու խորհուրդ տալ, սակայն ուղին այժմ դու պիտի փնտրես: Մենք հասել ենք այն կետին, որտեղ ամեն ինչ կախված է քեզանից»[10]: Նա իհարկե գտավ ուղին, և դրանից մեկ տարի հետո՝ տասներեք տարեկանում նա «քայլում էր լճակի վրայով ոչ ավելի վատ, քան Հիսուս Քրիստոսը»[11]:
    Երկրորդ գլխում Ուոլթը հոգեպես ու բարոյապես այնքան է աճում, որ վարպետի հետ նրանք լրացնում են միմյանց: Վարպետը, որ Ուոլթի համար նախկինում պարզապես մի չար ու անհոգի ջհուդ էր, այժմ ամենաթանկն ու ամենասիրելին էր: Այս գլխում Ուոլթը դառնում է աստղ՝ Ուոլթ-հրաշք-տղան, ով, դեմ գնալով երկրի ձգողության ու բնության օրենքներին, օդ է բարձրանում ու ջրի վրայով քայլում Հիսուսի նման և շրջագայում երկրով մեկ պրն. Ուոլթեր Ռելլիի պես: Իսկ հանդիսատեսին նա ներկայանում է Հեքլբերի Ֆիննի հագուստով՝ դրանով ընգծելով այն, որ նա նրանցից մեկն է, նրանցից առավել չէ: Քանզի, երբ նա առաջին անգամ հանդիսատեսին ներկայացավ Հովհաննես Մկրտչի տեսքով, նրան չընդունեցին: Ուոլթ-հրաշք-տղայի համար գետինը դարձել էր պատրանք, որտեղ ապրում են տեսիլքներ և որտեղ իշխում է սուտը: Նրա միակ իրականությունը դարձել էր օդը. Նա իրեն զգում էր ոչ ոք մինչև չբարձրանար օդ:
    Երկրի ձգողության ուժը նրանից ավելի ուժեղ է գտնվում, և Ուոլթը կորցնում է լեվիտացիայի ունակությունը ու երրորդ գլխում ընթերցողին ներկայանում պարոն Վերտիգոյի, այսինքն՝ պարոն գլխապտույտի կերպարով: Սակայն մինչ այդ նա հրաժարվում է Հեկլեբերի Ֆիննի կերպարից, քանզի հանդիսատեսի կողմից ընդունելության խնդիր այլևս չուներ. նա հանրաճանաչ աստղ էր: Այս գլխում նա արդեն կորցրել էր իր վարպետին ու առանց նրա Ուոլթն իրեն զգում էր անհայտ  ուղղությամբ քայլող ոչ մեկը. իրեն կորցրած մի մարդ, ով ջանքեր էր գործադրում իրեն վերգտնելու համար: Հետո նրա մոտ արթնանում են հին Ուլթից որոշ մասնիկներ, սակայն այժմ նա մանր գրպանահատ չէր. նա ավազակ էր՝ խելացի ու պերճախոս: Փնտրտուքների ընթացքում նա սկզբում իրեն Դոն Կիխոտի պեսասպետ էր զգում, հետո դարձավ գանգստերի հանձնարարությունները կատարող,հետո էլ իրեն աստված էր զգում: Նա փորձում էր սխալներն ուղղել զոհաբերելով ուրիշի կյանքը: Վեպում կա Ուոլթի պատմությանը զուգահեռ մի պատմություն բեյսբոլիստ թռչող Դինի մասին: Ուոլթը շատ էր իրեն նմանեցնում Դինին:  Նա Դինին համարում էր իր երկրորդ եսը, իր հոգևոր եղբայրը: Նա չգիտեր, թե որտեղ է ավարտվում Դինը և որտեղ է սկսում ինքը: Ուոլթը փորձում է, սպանելով Դինին, սպանել իր անցյալը և ուղղել այն սխալը, որ թույլ էր տվել իր վարպետի հանդեպ՝ չկատարելով նրա վերջին ցանկությունը. վարպետը խնդրել էր Ուոլթին սպանել իրեն, Ուոլթը հրաժարվել էր, և վարպետը ստիպված էր եղել ինքնասպան լինել:
Դառնալով ավազակ՝ Ուոլթը կամաց-կամաց հեռանում էր այն Ուոլթից, որ վարպետի կողքին էր, մինչև որ նորից դարձավ Ուոլթեր Քլերբորն Ռոուլի, այսինքն՝ ոչ ոք: Ինքնամերժումն այն թեման է, որն պարզապես անբաժան է Օսթերի ստեղծագործություններից:
    Վերջին՝ չորրորդ գլխում նա ամուսնանում է: Իրեն և իր կնոջը նա կոչում է խեղկատակ ու փերի հարազատների շրջանում: Կնոջ մահվան ողբերգությունը դարձնում է նրան  հարբեցող, իսկ բուժվելուց հետո կյանքը, պատահաբար, նրան նորից տանում է դեպի իր իրական փերին՝ տիկին Վիթերսպունը: Տիկին Վիթերսպունը շատ ուշագրավ կերպար է: Նա շքեղ է, հրապուրիչ, սքանչելի ու խելամիտ: Եվ այդպիսին նա մնում է մինչև կյանքի վերջ: Ուոլթն ասում է, «Մեր վերջին հանդիպումից հետո աշխարհը հասցրեց փլուզվել, վերականգնվել, բայց նա մնաց նույնը»[12]: Այստեղ նորից ուզում ենք մեջ բերել էքզիստենցիալիստներին, որոնց համար կարևոր գործոն է կիրքը: Նրանք համարում են, որ չի կարելի վատնել կյանքը, պետք է ապրել կրքոտ, ապրել լիարժեք կյանքով: Իհարկե տարբեր էքզիստենցիալիստների մոտ այդ կիրքը յուրովի է արտահայտվում: Տիկին Վիթերսպունի մոտ էլ այն արտահայտվում է գուցե տարօրինակ, բայց և յուրովի: Նա մի կին է, ով ձգտում էմիայն փող վաստակել ու վայելել կյանքի հաճույքները, և դա նրա մոտ շատ լավ է ստացվում: Իհարկե, չի կարելի ասել, որ ուրիշ արժեքներ նրան չէին հետաքրքրում կյանքում:
    Ուոլթը շարունակում է իր վարպետի կյանքը. տիկին Վիթերսպունի հետ նրանք ապրում են ամուսինների պես մինչև տիկնոջ մահը: Տիկինը կարծես կամուրջ լիներ, որ տանում էր Ուոլթին դեպի իր անցյալը՝ իր կյանքի ամենաթանկարժեք հատվածը: Վեպի վերջում նա իր մեջ տեսնում է իր վարպետին: Այսինքն՝ դառնում է նրա պես խորհրդավոր ու իմաստուն:
    Ճիշտ է ամեն գլխում հանդես եկած Ուոլթի կերպարը յուրովի է զարգանում, սակայն բոլոր գլուխների վերջում նա ընկնում է կյանքի ճահիճը, իջնում մինչև հատակ, ապա բարձրանում, դուրս գալիս այդ ճահճից մի նոր բարձրության վրա:  Նա ուժեղ էր, համառ, խելամիտ, սպունգի պես կլանում էր ամեն բան և կարող էր ձեռք բերել այն, ինչ ուզում էր: Եթե նա ձգտեր ինչ որ բանի, նա անպայման կհասներ դրան:Հիշենք, որ նա այն տղան էր, ով համարձակություն ունեցավ անելու անհնարինը: Նա մարտահրավեր էր նետել ոչ միայն բնությանը, այլ նաև աստծուն: Այն, ինչ անում էր նա, դուրս էր բնության օրենքներից, գիտությունից, տրամաբանությունից ու արգելված աստծո կողմից: Այդ անկումներն ու վերելքներն էլ զարմանալի չեն թվա, եթե հաշվի առնենք այն, որ Օսթերի պոստմոդեռնիստական աշխարհում երջանկությունը թանկ գնով է ձեռք բերվում՝ հիմնականում անձնազոհության միջոցով, իսկ մեղքերից ազատվում են մարդիկ հիվանդությունների միջոցով: Տանջանքը բերում է Ուոլթին ամեն նի նոր աստիճանի, նոր մակարդակի: Ընդհանրապես, Օսթերի մոտ ճգնաժամը ամբողջովին մի նոր բանի սկիզբ է: Ինքնության որոնումների արդյունքում Օսթերի հերոսները իրենց կյանքը հասցնում են զրոյական կետի, որտեղ ձեռք են բերում նոր ուժ և սկսում նոր կյանք:
    Այն իմաստով, որ վեպը կազմված է իրար հաջորդող մի շարք դրվագներից, որոնց կենտրոնում գլխավոր հերոսն է, ով կատարում է երկար ճանապարհորդություն, այս վեպը ընդհանրություններ ունի նաև պիկարեսկա վեպի հետ:
    Ամփոփելով կարող ենք ասել, որ մեր հերոսը Ուոլթեր Քլերբորն Ռոուլլիից՝ հոփնիկից, վերածվեց Ուոլթ-հրաշք-տղայի, ապա պարոն Վերտիգոյի, ով առավել էր առաջինից, բայց պակաս երկրորդից, այսինքն՝ ծայրահեղությունների մեջ ընկնելուց հետո նոր միայն նրան հաջողվեց դառնալ հասարակ մարդ:
    Ուոլթեր Ռոուլլիի կերպարում վառ արտահայտվում է պոստմոդեռնիզմին բնորոշ պատրաստի գրական ձևերի օգտագործումը. նրա կերպարում խաչասերվում են տարրեր տարբեր կերպարներից ու մարդկանցից, ինչպիիք են Հիսուս Քրիստոսը, Հովհաննես Մկրտիչը, Պարոն Ուոլթեր Ռելլին, խեղկատակ, Դոն Կիխոտը, Փինոքիոն, Հեքլբերի Ֆինը: Վեպի սկզբում Ուոլթը ձախորդ է, անհմուտ, անտակտ ու հիմար, այսինքն նրա կերպարը մոտ է հակահերոսի կերպարին: Վեպի վերջում նա դառնում է հոգեպես և սոցիալապես անորոշ, խորհրդավոր, մտորում է իր կյանքի ու անձի շուրջ, այսինք՝ նրա կերպարում պոստմոդեռնիտական հերոսին բնորոշ գծերն ավելի արտահայտիչ են դառնում:
    Այսպիսով, «Պարոն Վերտիգո» վեպում կերպարային համակարգը սերտ կապված է վեպի կառուցվածքի հետ: Այս վեպն իր կառուցվածքով ավելի պարզ է Օսթերի մյուս վեպերից, և ընթերցողը չի ընկնում մի պատմությունից ամբողջովին մեկ այլ պատմության մեջ. խճճվում սյուժեների ու կերպարների լաբիրինթոսում, այլ վեպի ամբողջ բովանդակությունը պտտվում է գլխավոր հերոսի շուրջ, և հնարավոր է դառնում դիտարկել վեպը ոչ թե կոլլաժի տեսքով, ինչպես դիտվում են Օսթերի այլ վեպերը, այլ որպես մի ամբողջականություն, և բոլոր հերոսները, որոնց հանդիպում ենք վեպում իրենց ազդեցություն են թողնում գլխավոր հերոսի վրա՝ դարձնելով այդ կերպարն  յուրահատուկ և ուշագրավ:
 
The image system in Paul Auster’s “Mr Vertigo”
The present research focuses on the specificity of the image system in Paul Auster’s “Mr. Vertigo” (1994). The image system in “Mr. Vertigo” is closely connected with the structure of the novel, which is simple and the reader does not  fall from one story into a completely different one, get confused in the labyrinth of characters and plots, but the whole contents of the novel centres around the protagonist, and it becomes possible to observe the events of the novel as a whole, not as a collage like other novels of the author. Besides, all the heroes leave their influence on the image of the main hero, making it so distinctive and noteworthy.
Образная система в постмодернистком романе Пола Остера “Мистер Вертиго”
Данная статья  посвящена специфике образной системы в постмодернистском романе Пола Остера ”Мистер Вертиго” (1994). Образная система "Мистера Вертиго" тесно связана со структурой романа, которая является простой и читатель не переходит из одной истории в совершенно другую, не путается в лабиринте героев и сюжетов, а все содержание романа вращается вокруг главного героя и это делает возможным рассматривание романа как единое целое. Кроме того, все герои романа влияют на главного героя, делая этот образ уникалным и интересным.


[1] И. П. Ильин, Постструктурализм, деконструктивизм, постмодернизм, Москва, Интрада, 1996, ст. 226.
[2] Остер П., Мистер Вертиго, М.: Эскмо; СПб.: Домино, 2004, стр. 7.
[3] Остер П., Мистер Вертиго, М.:Изд-во “Эскмо”;СПб.: Изд-во “Домино”, 2004, стр. 21.
[4] Կու Կլուքս Կլանը ամերիկյան  երեք առանձին  կազմակերպությունների անուն է, որոնք ահաբեկչության միջոցով պաշտպանում են ծայրահեղական հակադարձ հոսանքների շահերը, ինչպիսիք են սպիտակների գերակայությունը, հակահամաճարակային ներգաղթը: Նրանց գործունեությունը ծավալվում էր հիմնականում հարավում:
[5]Ashton Applewhite,An Interview With Paul Auster,Penguin Group (USA) Inc., http://us.penguingroup.com/static/rguides/us/mr_vertigo.html
[6]Տես՝ В.В. Адамчик “Полная энциклопедия символов и знаков”, “Харвест”, Минск, 2006,  стр. 444.
[7] Остер П., Мистер Вертиго, М.:Изд-во “Эскмо”;СПб.: Изд-во “Домино”, 2004, стр. 97.
[8]Ashton Applewhite,An Interview With Paul Auster,Penguin Group (USA) Inc., http://us.penguingroup.com/static/rguides/us/mr_vertigo.html
[9] Остер П., Мистер Вертиго, М.:Изд-во “Эскмо”;СПб.: Изд-во “Домино”, 2004, стр. 53.
[10]Ibid., 83.
[11]Ibid., 101.
[12] Ibid., 309

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: