Էմմա Գեղամյան. Մոգական ռեալիզմի առանձնահատկությունները լատինամերիկյան գրականության մեջ

    «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողով (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)

    Կան գրական հոսանքներ, երևույթներ, որ անմիջականորեն առնչվում են պոստմոդեռնիզմին` աբուրդի թատրոն, բիթնիկներ, մոգական ռեալիզմ: Վերջիններս համարվում են նույնիսկ պոստմոդեռնիստական դրսևորումներ, քանզի այս հոսանքները (ոմանք համարում են նաև ուղղություն) ներկայացնող գրողները (Բորխես, Բեկկետ, Կորտասար, Մարկես…) տվել են այն հիմնական գաղափարները, կերպարները, որոնք սկզբունքային են պոստմոդեռնիզմի համար:
    Պոստմոդեռնիզմը 20-րդ դարի երկրորդ կեսի գրական ուղղություն է, որի համար մոտավոր սկիզբ ընդունված է համարել համաշխարհային 2-րդ պատերազմից հետո` 40-ական թթ. երկրորդ կեսը, իր բարձրակետին է հասնում ըստ որոշ տեսաբանների` 60-70-ական թթ.:
Հիմնական հատկանիշները`
· հեղինակի մահվան գաղափարը, ընթերցողը համահավասար է հեղինակին
·  իրոնիա, պարոդիա, խաղային բնույթ, սև հումոր
· ինտերտեքստայնություն, ցիտատային գրականություն
· հակվածությունը միֆին, հեքիաթին
· պաստիշ` ներտեքստային տարրերի, ինչպես նաև ժանրային միահյուսում, առնչվում է ինտերտեքստայնությանը
·  ժամանակային աղավաղվածություն
· պարանոիկ զգացողություն (հոգեկան անհավասարակշիռ հերոսներ), զգացողությունից բխող քաոսայնության, աշխարհակործանման վախ. հոգեկան անհավասարակշիռ էությամբ են մատնանշվում նաև գրողները
·  իրականության և ֆանտաստիկայի, երևակայականի չտարանջատվածություն, երազի կիրառում:
    Որոշ հատկանիշներ բնորոշ է նաև մոգական ռեալիզմին (օր.` ժամանակային աղավաղվածությունը, ֆանտաստիկայի, երևակայականի առկայությունը…):
    Ի սկզբանե «մոգական ռեալիզմ» տերմինը գործածվել է գերմանացի քննադատ Ֆրանց Ռոյի կողմից 1923թ-ին հոդվածներից մեկում («К проблеме интерпретации Карла Хайдера. Замечания о постэкспресиионизме»): 
 
    Նկարչության մեջ մոգական ռեալիզմի հիմնադիրը ամերիկացի նկարիչ Մայքլ Պարկսն է: Նրա նկարներում տարօրինակ կենդանիները բախվում են խորհրդավոր կանանց, տիկնիկների վարպետներն էլ ղեկավարում են մոգական արարածներին ու մարդկանց:
    Պարկսի նկարներում գերիշխող երկնային միջավայրը հասկանալի է բոլորի համար: Աշխարհ, որ հեղինակի ցանկության դեպքում կարող է ոչնչացվել, վերափոխվել և նորից ստեղծվել: Ոճը, որով նկարում էր, ռեալիստական էր, գործողությունը և իրերի համադրումը` մոգական, այսինքն`այն ուղղությունը, որով առաջնորդվում էր նկարելիս, կարելի է «մոգական ռեալիզմ» անվանել:
    Ավելի ուշ իտալացի գրող և քննադատ Մասսիմո Բոնտեմպելլին (1878-1960) 1926թ.-ին Հռոմում հիմնում է «900» գրական ամսագիրը: Ամսագիրը հրատարակվում էր ֆրանսերեն լեզվով, խմբագրողներից էին` Ջ. Ջոյսը, Կայզերը…
    Բոնտեմպելլին 1927թ.-ին առաջին անգամ այս տերմինը օգտագործում է գրականության մեջ: Նրա կարծիքով մարդու ներաշխարհը կազմված է երկու մասից` արտաքին և նեքին: Հետևաբար  գրողը պետք է կարողանա միաձուլի «իրական աշխարհն» ու «երևակայական աշխարհը» (այդ երկու աշխարհները` իրական և երևակայական): Այդ պատճառով գեղագետի  երևակայությունը առաջին պլան է մղվում, քանի որ առանց երևակայության չի կարող միֆեր ու լեգենդներ ստեղծել:
    «Մոգական ռեալիզմը» ռելաիզմն է, որում օրգանապես համակցվում են իրականն ու ոչ իրականը, իրականն ու մտացածինը, խորհրդավորը: Կարող ենք ասել, որ «ռեալիզմ» և «մոգական ռեալիզմ» տերմիններն ունեն նաև միմյանց հակառակ իմաստներ. «ռեալիզմը» նյութականն է, որին կարելի է դիպչել, սովորականն ու ամենօրյան, «մոգականը»` անսովորն ու խորհրդավորը, անբացատրելին ու անսպասելին:
Մոգական ռեալիզմին բնորոշ է հետևյալը`
· անիրական երևույթները չեն մեկնաբանվում
· գործող անձինք ընդունում են «մոգական ռեալիզմ»-ին բնորոշ առանձնահատկությունները
· զգայական ընկալման մանրամասներ
· հաճախ օգտագործվում են պատկերներ ու խորհրդանիշներ
· մարդու` որպես սոցիալական էակի, գրավչությունն ու զգացմունքները շատ հաճախ մանրամասն են նկարագրվում
· աղավաղված ժամանակի ընթացք, այնպես որ այն ցիկլային է կամ թվում է, թե բացակայում է
· պատճառը և հետևանքը փոխվում են տեղերով
· ժողովրդական բանահյուսական տարրերի առկայություն
· գործողությունները ներկայացվում են հետաքրքիր ձևով, այսինքն` պատմողը երրորդ դեմքից կարող է անցնել առաջին դեմքի
· անցյալը միահյուսվում է ներկային, կերպարներն էլ` միմյանց
· ստեղծագործության «բաց» վերջաբանը թույլ է տալիս ընթերցողին որոշել, թե որն է ավելի իրական և համապատասխան իրական կյանքին` անիրականը, թե ամենօրյան:
    1950-60-ական թվականներին լատինամերիկյան գրակնությունը իսկական «բում» ապրեց: Գրականության մեջ նույնիսկ առաջացավ «կարիբյան հրաշք» տերմինը:
    Այն ամբողջ աշխարհին դարձավ հայտնի, և առաջացած հայտնի գրողների համաստեղությանը միավորում էր «մոգական ռեալիզմը»: «Մոգական ռեալիզմի» ավանդույթը ստեղծվել է այնպիսի գրողների կողմից, որոնցից են` Ժ. Ամադուն («Мертвое море»), Գ.Գարսիա Մարկեսը («Сто лет одинокости», «Старикан с крылями»), Ա.Կարպենտերը («Екуе-Ямба-В», «Царство от мира того»), Մ.Ա. Աստուրիասը («Маисовые люди»):
    50-60-ական թվականները այն ժամանակահատվածն էր, երբ լատինամերիկյան վեպը բառացիորեն ներխուժեց  միլիոնավոր մարդկանց հոգևոր կյանք: Համաշխարհային ճանաչում ստացան գրքեր` գրված Կարպենտերի, գվատեմալացի Միգել Անխել Աստրուիասի, մեքսիկացիներ` Խուան Ռուլֆի և Կառլոս Ֆուենտեսի, բրազիլիացի Ժ.Գ.Ռոզի, արգենտինացի Խ. Կորտասարի, կոլումբիացի Գաբրիել Գարսիա Մարկեսի, պերուացի Մ.Վ. Լյոսայի կողմից: Այս երևույթը դիտվում էր որպես դարերի ընթացքում կուտակված  գեղարվեստական էներգիայի պայթյուն: Ժամանակակից վեպի գեղարվեստական նորությունն այն էր, որ նա դիմում էր դիցաբանական մտածողությանը, տեղեկություններ էր հաղորդում մեզանից առաջ  եղած մարդկանց մասին:
    Իհարկե գրողներն իրենց ստեղծագորություններում չէին ձգտում վերստեղծել լիարժեք դիցաբանական գիտակցություն, այլ վերցնում էին հիմնական գեղարվեստական սկզբունքը` պատկերելով հեքիաթայինը, առեղծվածայինը  որպես իրապես գոյություն ունեցող: Այստեղ իրականությունն ու ֆանտազիան միահյուսված են և ֆանտազիան այնքան իրական է, որքան և իրականությունը:
    Լատինամերիկյան ժամանակակից գրողների մի շարք ստեղծագործություններում իրականությունը բաց է թողնված բանահյուսական մտածողության միջոցով:
    Վեպում պարադոքսալ ձևով համակցված են կոլեկտիվ աշխարհընկալումն ու մենության զգացումը, վերացական մտածողությունն ու ինտելեկտուալ զարգացվածությունը, անհույս հուսահատությունն ու պատմական լավատեսությունը: Նոր վեպի գեղարվեստական տիեզերքը անսովոր լայն ու անսահման է:
    Լատինամերկյան գրականության պարադոքսալությունը այն է, որ նա շուրջ մեկ դար ուղղված է եղել եվրոպական նմուշներին, իսկ այժմ` ժանրերի բնօրինակներին:
    Վերացական մտածողությունը լատինամերիկյան գրողների համար հիմնական օղակ է փիլիսոփայության և գրական մեթոդների միջև: Եվրոպական վիպասանների համար դիցաբանական մտածողությունը դիտվում էր որպես հնացած կամ էկզոտիկ ձև: Առասպելին մոտենում էին ժամանակակից գիտակցության տեսանկյունից՝ միաժամանակ խորացնելով հիմնական սկզբունքները:
    Լատինամերիկյան գրողների համար արձակում առաջատար ուղղությունը դարձավ «մոգական ռեալիզմը»: Կարպենտերը իր` «Երկրային արքայությունը» վեպում հեղիանակներին խորհուրդ է տալիս պատմությունն այնպես շարադրել, որ «հրաշալին» ու «մոգականը» միահյուսված լինեն և համագործակցեն իրականության հետ:
    Գարսիա Մարկեսը իր ելույթներից մեկում ասել է. «Ես հավատում եմ մոգությանը իրական կյանքում: Կարծում եմ՝ Կարպենտերը «մոգական ռեալիզմ» անվանում է այն հրաշքը, ինչպիսին հանդիսանում է իրականությունը և հենց Լատինական Ամերիկայի իրականությունն ընդհանրապես, մասամբ նաև կարիբյան երկրների իրականությունը: Այն մոգական է»:
    Գարսիա Մարկեսը անընդհատ խոսում է «Ֆանտաստիկ իրականության» օբյեկտիվ գոյության մասին, որն էլ առաջացնում է լատինամերիկյան վեպի ինքնատիպությունը:
    «Մոգական ռեալիզմի» էությունը անսահմանափակ ազատության ճանաչման մեջ է: Լատինամերիկյան նոր վեպի առանձնահատկությունները մի շարք գրողներ բացատրում են հենց Լատինական Ամերիկայի իրականությամբ, որը քաոսային ու հակասական է, չլուծված և մեկնաբանության կարիք ունեցող:
    Կ. Ֆուենտեսը (ծն. 1928թ.-ին) իր ստեղծագործության մեջ նկարագրում է Մեքսիկան, փորձում է գտնել «մեքսիկական հոգին», որոշել հայրենի երկրի տեղը ժամանակակից աշխարհում: Միևնույն ժամանակ գրողի աշխարհընկալման համար կարևոր է իրականության «տգեղ» կողմերի  մերժումը: Այս թեմաները կարծես բախվում են ավանդականին:
Ֆուենտեսի վեպերից մեկում` «Край безоблачной ясности» (1958), տրված է մեքսիկական կյանքի համայնապատկերը, գործող անձինք էլ շատ տարբեր են: Իսպանացիներն օդի թափանցիկությունից ապշած` անվանում են Անաուակ բարձրավանդակ, որտեղ և գտնվել է Մեքսիկա քաղաքը: Այս արտահայտությունը հետագայում արագորեն տարածվում է մեքսիկացիների մոտ:
    Բազմամիլիոնանոց քաղաք` դա և՛ վեպի հավաքական հերոսն է, և՛ գործողության վայրը: Վեպում ներկայացված է Մեքսիկայի հասարակության բոլոր շերտերը` սկսած միլիոնատերից մինչև բանվոր: Վեպը գրված է ժամանակակից ոճով: Ըստ էության զուրկ է ֆաբուլայից, բաժանվում է գլուխների, որոնցից մեծ մասն անվանված է առանձին գործող անձանց անուններով, որոնք ապրել են 1907-1954 թ.-ը ընկած ժամանակահատվածում:
    60-ական թվականների լատինամերիկյան լավագույն վեպերից մեկը «Արտեմիո Կրուսի մահը» վեպն է: Առաջին հայացքից այն մեզ դյուցազներգություն է թվում` գործողություններով ու գործող անձանցով, սակայն վեպում էպիզոդիկ կերպարներին չհաշված մեկ գործող անձ կա` մեռնող լատինամերիկացի միլիոնատեր Արտեմիո Կրուսը: Միակ բանը, որ գրավում է հեղինակի ու ընթերցողի ուշադրությունը` նրա կյանքն է, որ հիշում է մահվան ժամանակ: Միաժամանակ վեպը հետադարձ հայացք է, քանի որ հիշողության մեջ արթնացնելով անցաց կյանքը` Կրուսը կարող է միայն հետ նայել, իսկ առջևում ոչինչ չկա, միայն իրեն սպասող մահը:
    Վեպի մյուս առանձնահատկությունն այն է, որ պատմությունը ներկայացվում է առաջին, երկրորդ և երրորդ դեմքերի միջոցով: Առաջին դեմքին («ես դերանուն»)  համապատասխանում է  ներկա ժամանակը, Կրուսի հոգեվարքի ժամանակը: Երրորդ դեմքով («նա» դերանուն) հերոսը կարծես խոսում է իր մասին, հիշում ացյալը: Երկրորդ դեմքով («դու» դերանուն) Կրուսը անընդհատ դիմում է ինքն իր, երբ խոսում է ոչ միայն այն մասին, որ եղել է, այլ նրա, որ չի եղել, բայց կարող էր լինել:
    Ինքն իրեն դիմելով «դու» երկրորդ դեմքով, ավելի խորը և հավասարազոր «ես»-ին` իդեալների բարձրությունից դաժանորեն ստեղծում է միլիոնատիրոջ դատը: Գրողը ցույց է տալիս Կրուսի ներքին ողբերգությունը, որը միայն մահվանը դեմ առ դեմ հանդիպելով հասկացավ, որ իր ողջ կյանքը հյուսված է եղել ագահությանն ու դավաճանությանը, որը և անուղղելի սխալ է եղել: Ահա թե ինչու ֆինանսական խարդախությունների և իշխանության թուլացումից հետո Կրուսին մնում էր միայն իր որդու` Լորենսոյի սուրբ հիշատակը, որը զոհվել էր Իսպանիայի պատերազմի ժամանակ:
   Հետագայում Ֆուենտեսը հրատարակել է` «Աուրա» (1962), «Սրբազան գոտի» (1967), «Մաշկի փոփոխում» (1967), «Մեքսիկական ժամանակ» (1970) վեպերը:
    Կ.Ֆուենտեսը մշտապես տարբեր փորձարկումներ է կատարել: Նրա  փորձարարական վեպերը խորթ էին անփորձ ընթերցողի համար: Ֆուենտեսի փորձերի հաջողություններն ու անհաջողությունները արտացոլում են նրա անդավաճան հավատը արվեստի ու գրականության հանդեպ, որոնք դեմ են իրականությանը, «հարձակվում» են նրա վրա, բացահայտում, վերափոխում և հաստատում նորը:
    Ժամանակակից  պերուացի գրող Մ.Վ. Լիոսի /ծն. 1936/ վեպերը ներկայացնում են հասարակական կյանքի խառը պատկերները: Կյանքի դժվարությունները հիմք հանդիսացան գրողի ստեղծագործությունների համար: Կարծես խառնված լինեն նրա մանկության և պատանեկության վառ տպավորությունները: Այդ պատճառով Վ.Լիոսը ժամանակակից Պերուն պատկերել է շատ պարզ և իրական:
 
    Գրողի հիմնական հաջողությունը եղավ 1963թ.-ին հրատարակած «Քաղաքը և շները» վեպը: Վեպը դեռահասների կյանքի մասին է: Լիում գտնվող ռազմական դպրոցի պատերի ներսում սովորել է հենց ինքը` հեղինակը: Այստեղ գերակշռում է դաժանությունը, ուժեղի իրավունքը, սահմանադրական կեղծավորությունն ու բարոյական փոխզիջումը: Ճգնաժամային իրավիճակների հետևանքով դպրոցը փակվում է:
    «Կանաչ տունը» (1966) վեպի գործող անձինք շատ են` ավազակներ, զինվորներ ու  ոստիկաններ, հնդկացիներ ու նահանգային պաշտոնյաներ, հետնախորշի բնակիչներ, միանձնուհիներ:
    Բայց հիմնական հավաքական սիմվոլը (կանաչ տունն) է կամ Պերուի արևադարձային երկիրը կամ իրական կանաչ շինությունը կամ պարզապես հասարակաց տունը` Պերուի մաքուր արվարձաններում:
Հեղինակի մշտական անցումը անցյալից դեպի ներկան և հակառակը, միմյանց հաջորդող գործողության վայրերը առանց էական «տեսարանների փոփոխության» (օրինակ` պերուական հավերժական փոշին) այնպիսի տպավորություն են ստեղծում, կարծես վեպում ժամանակը կանգ է առել: Վեպում գործածվում է կինոարվեստի տեխնիկան: Այս տեխնիկայի շնորհիվ Վ. Լիոսի մոտ առաջանում է պատմական իրակություն, որից էլ հետագայում առաջանում է մի նոր իրականություն:
    «Զրույց Կատեդրալում» (1969) վեպում ավելի բարդ տեխնիկա է գործածվել: Վեպը կառուցված է երկու մարդկանց երկխոսության հիման վրա` լրագրող Սավալի և գործազուրկ Ամբրոսիոյի միջև: Նրանց զրույցը, որ տևում է չորսը ժամ` իր մեջ յոթ տարվա հիշողություններ է պարունակում: Պատահական չէ նաև ընտրված գործողության վայրը` «Լա Կատեդրալի» կեղտոտ պանդոկը, որը իսպաներեն նշանակում է «խորհուրդ», «տաճար»:
    Գվետամալացի գրող Մ.Ա. Աստրուիասին (1899-1974) դեռ վաղ հասակից հետաքրքրել է Մայայի հնդկացիների մշակույթը, բնակիչներն ու նրանց կյանքը:
    Առաջին գեղարվեստական ժողովածուի մեջ` «Գվատեմալայի լեգենդները» (1930/) ներկայացրել է Հնդկաստանի բանահյուսության մշակումը: Հեղինակի կարծիքով հնդկացիներին հասկանալու համար հարկավոր է հավատալ բարի և չար ոգիների գոյությանը, բնության մարմնավորմանը, մահվան պատկերացմանը, մյուս աշխարհների գոյությանը, մի արարածի մարմնավորումը մեկ ուրիշի մեջ, ինչպես նաև կյանքն ընդունել և տեսնել այնպես, ինչպես տեսնում և ընդունում ենք մետաղադրամի երկու կողմերը:
    Հնդկացիներին իր ստեղծագործությունների մեջ պատկերել է նաև Ա.Կարպենտերը («Երկրային արքայություն» վեպում):
    «Եգիպտացորենի ժողովուրդը» վեպը վերցված է բանահյուսությունից: Հնագույն Գվատեմալի հնդկացիները գտնում էին, որ մարդը ստեղծված է եգիպտացորենից, իսկ  հասկը` սուրբ կյանքի աղբյուրն է: Արդեն «Կանաչ պապը»  վեպը գրել է բնականին մոտ և խոսակցական լեզվով, բազմաթիվ երկխոսություններով, ոճական կրկնություններով, գվետամալական հնդկացիներին բնորոշ բանստեղծական բառապաշարով: Հնդկացիների պատկերը կարծես երկճյուղ լինի` նրանք մեկ իրական մարդիկ են, մեկ` գրեթե առասպելական, մոգական արարածներ (Չիպո, Չամա…):
    Գ.Գ. Մարկեսը (ծն. 1928) թերևս առավել հայտնի ներկայացուցիչն է ոչ միայն Կոլումբիայի, այլև ժամանակակից ամերիկյան գրականության: Գարսիա Մարկեսի առաջին պատմությունները տպագրվել են 40 թ-ի վերջերին:
     Գարսիա Մարկեսը խոստովանել է, որ գրել է Կաֆկայի ազդեցության տակ գտնվելով: Գրողը պատկերել է իրականության վառ տեսարաններ` քաղված մանկությունից, որ անցել էր Արակատակայում: Ջունգլիներում գտնվող այդ փոքրիկ գավառը դառնում է գեղարվեստական տիեզերքի կենտրոնը, որը հեղինակը հետագայում ներկայացնում է իր պատմվածքներում ու վեպերում:
     «Հարյուր տարվա մենություն» (1967) վեպը գրվել է Մոսկվայում` 18 ամիսների քրտնաջան աշխատանքից հետո: Այս վեպի շնորհիվ «մոգական ռեալիզմը» հայնտի դարձավ աշխարհին:
    Վեպի հաջողությունը կապված է ավանդույթների և ձևի, բովանդակության նորույթի զարմանալի համադրության, լայն հարցերի բարձրացման, լեզվի շիտակության ու պարզության հետ:
    Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին «Մակոնդո» քաղաքում, սակայն մեծապես առնչվում են հեղինակի` Գաբրիել Գարսիա Մարկեսի հայրենի Կոլումբիայում տեղի ունեցող իրադարձություններին:
    Մասնագետների կարծիքով «Հարյուր տարվա մենություն» ստեղծագործությունն էր գլխավոր դրդապաճառը, որ 1982 թվականին Գաբրիել Գարսիա Մարկեսն արժանացավ Նոբելյան մրցանակի: Այդ ժամանակ նրա պարգևատրումը բացատրվեց հետևյալ կերպ. «Վեպերի ու պատմվածքների համար, որոնցում ֆանտազիան ու իրականությունը միախառնվելով` արտացոլում են ամբողջ մայրցամաքի կյանքն ու կոնֆլիկտները»:
    Գիրքը բաղկացած է 20 անվերնագիր գլուխներից, որոնցում նկարագրվում է Մակոնդոյում և Բուենդիաների ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունները: Հերոսների անունները անըդհատ կրկնվում են` միավորելով ֆանտազիան և իրականությունը: Առաջին երեք գլուխներում պատմվում է մի խումբ մարդկանց վերաբնակեցման և նրանց կողմից Մակոնդո գյուղի հիմնադրման մասին: 4-16 գլուխներում նկարագրվում է բնակավայրի տնտեսական, քաղաքական ու սոցիալական զարգացումը: Վերջին գլուխներում ցույց է տրվում գյուղի անկումը:
    Վեպի համարյա բոլոր նախադասությունները կառուցված են անուղղակի խոսքով և բավականին երկար են:
    Երկում ֆանտաստիկ իրադարձությունները ներկայացվում են որպես առօրեություն, այնպիսի իրավիճակների միջոցով, որոնք հերոսների համար անկանոն չեն: Կոլումբիայի պատմական իրադարձությունները` քաղաքացիական պատերազմը քաղաքական կուսակցությունների միջև, բանանի պլանտացիաների բանվորների զանգվածային սպանդը ևս արտացոլված են Մակոնդոյի մասին առասպելում: Այնպիսի իրադարձությունները, ինչպիսիք են Ռեմեդիոսի երկինք համբառնալը, Մելկիադեսի գուշակությունները, մահացած հերոսների հայտնվելը, գնչուների բերած անսովոր առարկաները (մագնիս, հեռադիտակ, սառույց) ներխուժում են գրքում արտացոլված իրական դեպքերի համատեքստ և ստիպում ընթերցողին մտնել մի աշխարհ, որում հնարավոր են անհավատալի իրադարձություններ: Հենց սրանում է մոգական ռեալիզմի իմաստը:
    Հարազատների միջև հարաբերությունները գրքում նկարագրվում են խոզի պոչով ծնվող երեխաների առասպելով: Չնայած դրան` ընտանիքի անդամների միջև կապեր են ստեղծվում ամբողջ վեպի ընթացքում տարբեր սերունդների միջև:
    Պատմությունը սկսվում է Խոսե Արկադիո Բունդիայի և նրա զարմուհի Ուրսուլայի միջև հարաբերություններից, ովքեր բազում անգամներ լսել էին իրենց հորեղբոր մասին, ով ուներ խոզի պոչ: Արդյունքում Խոսե Արկադիոն (հիմնադրի որդին) ամուսնացավ Ռեբեկայի հետ, ով որդեգրված աղջիկ էր և համարվում էր նրա քույրը:
    Աուրելիանո Խոսեն սիրահարվեց իր հորաքույր Ամարանտային, առաջարկեց ամուսնանալ, բայց մերժվեց: Որպես սիրուն մոտ հարաբերություններ կարելի է որակել նաև Խոսե Արկադիոյի (Աուրելիանո Երկրորդի որդին) և Ամարանտայի հարաբերությունները, որոնք նույնպես անհաջող էին: Վերջիվերջո հարաբերություններ են ծագում Ամարանտա Ուրսուլայի և նրա քրոջ որդու` Աուրելիանո Բաբիլոնիայի միջև, ովքեր անգամ չէին կասկածում, որ իրենք արյունակիցներ են, քանի որ Ֆերնանդան` Աուրելիանոյի տատը և Ամարանտայի մայրը, գաղտնի էր պահել Աուրելիանոյի ծնունդը: Որքան էլ պարադոքսալ չթվա, ընտանիքի պատմության այս վերջին և անկեղծ սերը դարձավ Բուենդիա տոհմի մահվան պատճառը:
    Գարսիա Մարկեսի հիմնական արժանիքն այն է, որ նա մեկ ընտանիքի օրինակով ստեղծում է արտահայտիչ կերպարը ոչ միայն Կոլումբիայի, այլև ամբողջ Լատինական Ամերիկայի` գաղութային ժամանակներից սկսած մինչև մեր օրերը: Վեպի սկզբում ժամանակը կարծես կանգ է առած, սակայն վերջում նկատում ենք գործողությունների արագ զարգացում և դա այն ժամանակ, երբ ցույց է տալիս ընտանիքի ոչնչացումը: Աղետ, որ տեղի է ունենում անմարդկային ուժերին զոհ գնալու, հավատալու պատճառով:
    Ընդհանուր առմամբ «մոգական ռեալիզմը» մի երևույթ է, որը հատուկ է ոչ միայն լատինամերիկյան գրականությանը, այլև եվրոպական և համաշխարհային մի շարք գրողների ևս (Ֆ. Ռաբլե, Ա. Գոֆման, Գ.Բուլգակով…):                                                                                                                                                        
                                                                                                            

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: