Իսկապե՞ս Քրիստոս հարյավ ի մեռելոց

    Բոլոր ժամանակներում էլ գոյություն է ունեցել այն վարկածը, որ Քրիստոսի մարմինը գողացել են դամբարանից: Թեև, ճիշտն այն է, որ դրա հիմքում ընդամենը ընկած են եբրայեցիներից մի քանիսի մերկապարանոց մեղադրանքները, որոնք նրանք անմիջապես ուղղել են Քրիստոսի աշակերտների` առաքյալների հասցեին, ինչին, հիրավի, դժվար է հավատալ: Չէ՞ որ հաշվեհարդարից աշակերտներն այնպես էին վախեցել, որ նույնիսկ չէին եկել իրենց Ուսուցչին թաղելու:
    Մյուս կողմից, կանոնական և պարականոն Ավետարաններում շարադրված «վկաների ցուցմունքները» թույլ չեն տալիս անշեղ վստահությամբ պնդել նաև հակառակը` այսինքն այն, որ մարմինը չէր կարող գողացվել: Բայց եթե կարող էր, ապա ո՞ւմ կողմից: Եվ ինչո՞ւ: Դատախազության նախկին աշխատակից և հատուկ կարևորության գործերի քննիչը համաձայնեց օգնել համադրելու վարկածները, պայմանով, որ չներկայացվի իր անունը: Մենք նրան դատախազ կանվանենք:

    ՄԱՀԱՑԵԼ Է ՍՐՏԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ

    Հիշեցնեմ, որ վերցնելով այս «գործը»` դատախազն առաջին հերթին հետաքրքրվեց, թե ինչքանո՞վ է հավաստի, որ Հիսուսին մահացած են փակել դամբարանում: Հարցի իմաստը հասկանալի է: Ինչի է պետք զանազան հիպոթեզներ հորինել, եթե թույլատրելի է այն ենթադրությունը, որ Քրիստոսին քարանձավ են տարել ուշաթափ վիճակում: Հետո նա սթափվել է: Կարող էր հեռանալ, կարող էր նաև այցելուների սպասել…
    Ի դեպ, այս վարկածը խիստ տարածված է քրիստոնեության քննադատների շրջանում: Սակայն այն հերքում են ոչ միայն աստվածաբանները, այլև մատերիալիստները` բժշկագիտության պրոֆեսորները: Հրապարակված են բազմաթիվ հետազոտություններ: Դրանց եզրահանգումները միանշանակ են. Հիսուսի մահը վավերական, արժանահավատ փաստ է: Հայտնի է նույնիսկ մահվան պատճառը: «Բայց զինվորներից մեկը նիզակով խոցեց նրա կողը և անմիջապես արյուն ու ջուր ոթեց»,- ասված է Հովհաննեսի Ավետարանում: Հենց այս վկայության վրա են հենվում բժիշկները:
    - Երբ զինվորը նիզակով խոցել է Քրիստոսի կողը, նա արդեն մահացած էր,- բացատրում է հայտնի ֆիզիոլոգ Սեմյուել Հաֆթոնը (Դուբլինի համալսարան): Իսկ հաջորդող արյան և ջրի ոթումը ոչ թե հրաշք է, այլ բնական երևույթ է եղել: Այդպիսի բան կարող էր տեղի ունենալ միայն սրտի պայթյունից մահվան հետևանքով:
    - Ես լիովին վստահ եմ, որ իսկապես սրտի պայթյուն է տեղի ունեցել,- իր գործընկերոջն հաստատում է դոկտոր Ուիլյամ Ստրաուդը:
    - Եթե նիզակահար եղած Քրիստոսը դեռևս ողջ էր, ապա սրտի ամեն մի զարկից հետո վերքից պետք արյուն հորդար,- իր ուսումնասիրության մեջ գրում է պրոֆեսոր Մայքլ Գրինը: Այնինչ ականատեսը «արյուն ու ջուր» է տեսել: Թեև չէր էլ կարող հասկանալ իր տեսածի պաթոլոգիկ նշանակությունը: Բայց այն մահվան բժշկական վկայության բավականին համոզիչ փաստարկ է:

    ՀՈՎՍԵՓԸ ՀԱՆՈՒՄ Է ՀԵՏՔԻ ՎՐԱ

    - Այդ դեպքում ևս մի անգամ վերլուծենք իրադարձությունները,- ասում է դատախազը:- Մի քանի կին են ականատես եղել, թե ինչպես է Հովսեփ Արիմաֆեյացու ջանքերով Հիսուսի անշունչ մարմինը օծվել անուշահոտ յուղերով, փաթաթվել սավանով և դրվել դագաղի մեջ: Բայց նրանք տեսե՞լ են արդյոք, թե Հովսեփն ինչպես է բացել դուռը: Այստեղ արդեն «ցուցմունքներն» սկսում են չհամընկնել: Դե Պետրոսն ինքն է իր Ավետարանում պատմում, որ իբր քարանձավի բերանը քարով փակել են դագաղը պահպանելու համար արդեն շաբաթ օրը եկած զինվորները: Նշանակում է, բացառված չէ, որ քարանձավի մուտքը բաց է եղել, իսկ դին` գողացված: Ո՞ւմ կողմից: Գուշակելն անիմաստ է: Փաստեր չկան: Բայց իմ կարծիքով կա մի հանգամանք, որն ամեն դեպքում թույլ է տալիս կոնկրետ մեղադրանքներ առաջադրել: Ես նկատի ունեմ Նիկոդիմոսի «ցուցմունքները» Հովսեփի տարօրինակ վարքի մասին: Հիսուսի թաղումից հետո ինչո՞ւ է մտել քահանայապետերի և հուդայական ավագանու որջն ու այնտեղ սկանդալ սարքել:Արդյունքում` նետվել է զնդան, մահապատժի ենթարկվելու հեռանկարով:
   - Որտեղից էլ անհետացել է ինչ-որ գերբնական հրաշքով,- հիշեցրի ես:
    - Կարծում եմ` հանելուկի լուծման բանալին հենց այդտեղ է,- շարունակեց դատախազը:- Բայց այն կարող է շատ համարձակ թվալ - ոչ միայն Եկեղեցու, այլև նույնիսկ հենց Դեն Բրաունի` աղմկահարույց «Դա Վինչիի կոդի» հեղինակի համար:

    ԳԱՂՏՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ

    - Ենթադրենք,- ասաց դատախազը,- ամբողջ օպերացիան մտահղացված էր նախօրոք: Հովսեփը որպես գործընկեր է վերցնում Նիկոդիմոսին: Մարմինը տանում են քարանձավ, զմռսում ու փաթաթում են սավանով: Դա տեսնում են ոչ մի բան չկասկածող կանայք: Այնուհետև, Հովսեփը նրանց խնդրում է հեռանալ, բայց մուտքը չի փակում: Որովհետև մտադրվում է վերադառնալ դամբարան` արդեն Հիսուսին գողանալու նպատակով:
    - Բայց ինչո՞ւ պիտի գործն այդքան բարդացնեին,- զարմանում եմ ես:- Նիկոդիմոսի օգնությամբ Հովսեփը կարող էր Հիսուսին թաքցնել մի ապահով տեղ:
    - Չէր կարող,- առարկեց դատախազը:- Բոլորին հայտնի էր, որ Պոնտացի Պիղատոսի թույլտվությամբ Հիսուսի թաղումն իր վրա էր վերցրել Հովսեփը: Հիսուսի մարմնի հափշտակման համար անմիջապես կմեղադրեին Հովսեփին: Եվ հետո, հետագայում էլ ի՞նչ հարության մասին կարող էր խոսք լինել, եթե հայտնի դառնար, որ մարմինը դագաղում չի եղել: Ոչ, թաղումն անհրաժեշտ է եղել, ընդ որում, վկաների ներկայությամբ:
    Հաջորդ փուլը մարմնի գողանալն էր, ընդ որում, հեռու մնալով կասկածներից: Դրա համար ալիբի էր հարկավոր: Դավադիր ընկերները գնում են հուդայականների մոտ: Հովսեփին զնդան են նետում: Նիկոդիմոսը մնում է դրսում: Ապա, շաբաթ օրը, ինչ-որ մեկը թաքուն ազատ է արձակում բանտարկյալին: Նա վերադառնում է քարանձավ և արդեն միայնակ տեղափոխում է Հիսուսի մարմինը մի այլ տեղ:
    - Իսկ դուռն ինչո՞ւ չի փակել,- հարցրի ես:
    - Միգուցե պարզապես չի հասցրել, նկատելով, որ զինվորները մոտենում են դամբարանին,- պատասխանեց դատախազը:- Այդօրինակ բացթողումներ պատահում են նույնիսկ չափազանց մանրակրկիտ ծրագրված օպերացիաներում:

    ՀԱՓՇՏԱԿՄԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ

    Արտակարգ հնարամիտ է ամեն ինչ արված… Բայց հարց է ծագում. դագաղը կնքելու եկածները մի՞թե չեն նկատել, որ մարմինն իր տեղում չէ: Պատասխանը կարելի է գտնել երանելի Ֆեոֆիլակտեսի մոտ, որն ապրել է Կոնստանդինոպոլում XI-XII դարերի սահմանագծին և հռչակվել է Սուրբ Գրքի իր մեկնություններով: Նրա կարծիքով, հուղարկավորման զմուռսի և հալվեի հյութով ներծծված սավանը կարող էր պահպանել մարմնի ձևը, եթե նույնիսկ մարմինը չի եղել նրա տակ:
   Այլ կերպ ասած, այն ժամանակ, երբ Հովսեփը վերադարձել է դագաղի մոտ, անուշաբույր հյութերը կարող էին արդեն չորացած լինել և սավանի հյուսվածքը` կաղապարված: Մարմինը նրա միջից արդեն հանել էին, իսկ քարանձավում շարունակում էր պառկած մնալ յուրատեսակ ծավալային բոժոժը: Ինչը և թյուրիմացության մեջ է գցել հետագայում քարանձավ ժամանած «պատվիրակության» անդամներին:
    - Մյուս կողմից,- ասում է դատախազը,- բացառված չէ, որ նրանց մեջ էլ են եղել դավադիրներ, որոնք հաստատել են մարմնի առկայությունը: Հովսեփն ու Նիկոդիմոսը կարող էին ստանձնել մարմինը հափշտակողների դերը: Իսկ պատվիրատուները, ըստ երևույթին, եղել են քահանայապետները, որոնց հետագայում, հնարավոր է, միացել է Պոնտացի Պիղատոսը: Նրանցից բացի դժվար թե ուրիշ ինչ-որ մեկը կարողանար Հովսեփին թաքուն արձակեր զնդանից, և հետո խիստ զարմանք ցուցադրեր ու համոզեր մյուսներին, որ իբր թե նա անհետացել է:

    ԵՐՐՈՐԴ ՕՐԸ

    Ինչո՞ւ է հարությունը նշանակվել հենց երրորդ օրը: Քրիստոնեության քննադատները դա այսպես են մեկնաբանում. Հին Հրեաստանում ավանդույթ կար, ըստ որի` բացում էին դագաղը ստուգելու, թե թաղված մարդն իսկապե՞ս մեռյալ է: Դագաղը բացում էին հենց երրորդ օրը, երբ արդեն նկատելի էին քայքայման նշանները: Այդ ժամանակ էլ լրացուցիչ զմռսում էին կատարում: Մեկ այլ օր կարող էին և չգալ: Եվ ոչ ոք չէր կարող հարության հրաշքի մասին վկայություն տալ:

    ՔՐՄԵՐԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

    Իսկապես անսպասելի վարկած է, ինչից հետևում է, որ Հիսուսին` իմաստուն քարոզչին, բուժարարին, Ուսուցչին, բայց ոչ թե Աստծուն, այլ մարդուն սպանել են այն դիտավորությամբ, որպեսզի այնուհետև նրա հարության պատրանք խաղարկեն: Ըստ էության, նրան զոհաբերել են հանուն ինչ-որ «բարձր» նպատակի: Այ քեզ անհեթեթ զառանցանք:
    - Դե, եթե սկսել ենք զառանցել,- շարունակում է դատախազը,- ինչու չենթադրել, որ այդ շրջանում հրեական վերին ատյաններում պառակտում է հասունացել: Չէ՞ որ ամբողջ հասարակությունը վարակված էր անառակությամբ և բարոյականության նկատմամբ լիակատար քամահրանքով: Ոմանք կարող էին վճռել, որ նոր «գաղափարախոսություն» է հարկավոր: Իսկ դրա համար` հարության հրաշք: Ահա և այդ նպատակով հոգևորականների վերնախավի որոշ ներկայացուցիչներ դավադրություն են կազմակերպել: Եվ միստիֆիկացիա:
    Ի դեպ, դրա նման մի բան տեղի է ունեցել նաև ժամանակակից քաղաքականության մեջ: Հիշենք, որ ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյում առաջացած պառակտման արդյունքում գորբաչովյան վերակառուցում ծնունդ առավ: Իսկ հունվարյան կասկածելի խռովությունից հետո, որից նույնպես շատերը միստիֆիկացիայի հոտ էին առնում, բոլորովին փոխվեց Ռուսաստանի քաղաքական կառուցվածքը:

    «ԱՅԴ ՕՐՎԱՆԻՑ ՈՐՈՇԵՑԻՆ ՍՊԱՆԵԼ ՆՐԱՆ»

    Այստեղ, մեր համոզմամբ, Դեն Բրաունը կակնարկեր, թե իբր գոյություն ունի գաղտնի կազմակերպություն, որը թաքցնում է Հիսուսի մահվան գաղտնիքը: Եվ բոլորից թաքուն է պահում կումրանյան ինչ-որ քարանձավից հայտնաբերված հին մագաղաթը` դավադիրների նիստի արձանագրությամբ: Ուր ճշգրիտ նշված է այն տեղը, ուր իսկապես թաղված է Քրիստոսը: Չեմ ուզում ստել: Չկա այդպիսի փաստաթուղթ: Համենայնդեպս, մենք չունենք: Բայց կան քահանայապետ Կայիափայի տարօրինակ խոսքերը, որոնք մեջբերված են Հովհաննեսի Ավետարանում. «…Կայիափան, որ այն տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, թե Հիսուսը պիտի մեռնի ազգի համար: Եվ ոչ թե միայն ազգի համար, այլ որ նա Աստուծո ցրված որդիքն էլ մեկտեղ ժողովե: Արդ այն օրից հետո խորհուրդ արին, որ նրան սպանեն…»
    Իսկ Պոնտացի Պիղատոսը, եթե հավատանք Նիկոդիմոսին, ընդհանրապես նամակ է հղել Հռոմի կայսր Տիբերիոսին, որի մեջ, նա ըստ էության հաստատում է Քրիստոսի հարությունն ի մեռելոց. «…Եվ թաղեցին նրան մեռած, և զինվորներ կարգեցինք Նրա դամբանի մոտ Նրան պահպանելու: Եվ չնայած կնքված էր Նրա դամբանի մուտքը, երրորդ օրը հարություն առավ իր դագաղից…»: Վերջում Պիղատոսը իբր ընդգծում է, որ պետք չէ հավատալ նրանց, ովքեր հերքում են այս եղելությունը:
    - Այնուհանդերձ,- ասում է դատախազը,- ես ամենևին հավակնություն չունեմ, թե իբր խոսքերս իսկություն են պարունակում: Ես պարզապես տրամաբանական շղթա եմ կազմել: Եվ փորձել եմ համաձայնեցնել հնարավոր դրդապատճառների հետ: Ի հավելումն, մենք հենվել ենք «գործի» մեջ եղած բոլոր ցուցմունքների վրա:
    Սակայն մենք այստեղ հրաժեշտ ենք տալիս դատախազին, որովհետև հետագա` երևակայություն ցնցող իրադարձությունները, որոնք ծավալվեցին հարության օրը` այսինքն, հենց այն երրորդ օրը, ոչ թե դատախազի, այլ, ավելի ճիշտ, ուֆոլոգի օգնություն են պահանջում:

    ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

    Ի տարբերություն առաքյալների, որոնք հիմնականում հասարակ ձկնորսներ էին, Հովսեփն ու Նիկոդիմոսը հարուստ և երևելի մարդիկ էին: Երկուսն էլ Հին Հրեաստանի Սինեդրիոնի (ավագանու), հենց այն խորհրդի անդամներ էին, որն էլ մահվան դատապարտեց Հիսուսին:Այսինքն, իշխող կրոնա-քաղաքական կազմակերպության` վերնախավի ներկայացուցիչներ էին հանդիսանում:
Հովսեփը Հիսուսի գաղտնի աշակերտ էր համարվում: Մտերիմ էր Պոնտացի Պիղատոսի հետ: Նիկոդիմոսն ընդհանրապես աշակերտ չի համարվում: Բայց գիշերը թաքուն այցելում էր Հիսուսին և մանրամասն հարցուփորձ էր անում նրա ուսմունքի մասին:
                                                                                                    Վլադիմիր Լագովսկի
                                                                                                     «Կոմսոմոլսկայա Պրավդա»

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: