Սիրանուշ Մարգարյան. Երկու ժամանակների սահմանին

   «Ինձ հավերժ / անհաս մնացին այն գագաթները, որոնց ես հասա…»,- իր մի բանաստեղծության մեջ տարիներ առաջ այսպես էր գրել Վարդան Հակոբյանը: Ու որովհետև բանաստեղծական հեռուների Տեսիլքին հասնելու նրա տքնանքն ազնիվ է ու լուսավոր, ստեղծագործական որոնումների ընթացքն անընդմեջ, Վ. Հակոբյանը ընթերցողի սեղանին նոր ժողովածու է դրել` «24 ժամ 81 րոպ կամ պոեմ իմ մասին» խորագրով:
    Այս ժողովածուն ընդգրկում է Հակոբյանի վերջին շրջանի բանաստեղծությունների մի գեղեցիկ ընտրանի ու «24 ժամ 81 րոպե» անվանումով պոեմը, որ սկսվում է աշխարհաճանաչողության միստիկ մի ծեսով, թե.
               - Սկզբից առաջ /Երբ սերը ներկա չէ`  բացակայում ենք
               բոլորս: Ուրեմն աշխարհում սահման չունի ոչինչ…
    Հետո, շարունակության մեջ  բնազանցական միստերիաներ են կամ ըստ հղացման չորս արարները /համազանգեր/, որոնք ոչ միայն շրջանակում են պոեմի «անժամանակ» տարածության անընդգրկելի անցումները, այլև տիեզերքում ծանրացած, անճանաչելի Լռությամբ բաժանյալ աշխարհների` հիմայի և հետոյի մասին իմացական ու փիլիսոփայական հղումներում համադրում են ամբողջ ժողովածուի գեղարվեստական ժամանակը:
   Խորքային ժամանակագրությամբ հաջորդված բանաստեղծական պատումները ներկայացնում են մտածումների ու խոհերի այն ներարձակ ոլորտը, ուր ժողովածուի ընդհանուր փիլիսոփայական դրույթը լուսավորում է հղացման Տեսիլքը կրող «պոեմ իմ մասին» արտահայտության իմաստը.
              - Անսովոր է վայրը, առավել ևս`
              ժամանակը: 24-ն անց է 81 րոպե: Ես
              ամեն գիշեր սպասում եմ մի ուրիշ գիշերվա,
              ամեն օր` մի ուրիշ օրվա:
    Այդ իմաստի որոնման մեջ է սկսվում Վ. Հակոբյանի բանաստեղծության բացարձակ անանձնացումը. գուցե կամ թերևս այս ժողովածուի առանձին վերցված ամեն մի դրվագը հենց այնպիսի իմաստ չունի, երբ դրանք համատեքստից դուրս ենք բերում. «24 ժամ 81 րոպե» պոեմը մեկնաբանում է պոետական այլաբանության նշանն ու, իր մեջ ներառելով բանաստեղծական տեքստը, դառնում ոչ միայն ժողովածուի մինիատյուր բնագիրը, այլև առհասարակ Վ. Հակոբյանի վերջին շրջանի բանաստեղծական հավատի հայտնության նշանը:
     Այս իմաստով ժողովածուի կառուցվածքային տարածությունը ձևավորում է փիլիսոփայական հոսքի երկու տեքստ` պոեմի բնագիրն ու բանաստեղծական մետաբնագիրը, որոնք ժողովածուի գաղափարական ու աշխարհայացքային հղումների շրջանակում հանդես են գալիս իբրև մեծ մտահղացումի այլաբանություն, իբրև ծագումը քողարկած փիլիսոփայություն. «Մենք բոլորս մահկանացուներ ենք, չի մեռնում միայն մանկությունը: Իմ հեռուն բացարձակորեն իմն է և ես իմ ճանապարհին չեմ հանդիպում այլ ճանապարհների»,- հոգեբանական տեղումների մեջ բանաստեղծական խոհական տեսադաշտն է ընդլայնում Վ. Հակոբյանը, գծելով նպատակի ու ձգտման, գոյության ու չգոյության սահմանը մարդկային կյանքի ժամանակում: Ու որովհետև Կորուստն ու Շնորհը ոչ մի տեղ ու ոչ մի ժամանակ չեն ապրում այսպես ինքնահալած ու այսքան կողք-կողքի, մարդկային կյանքի ժամանակը տարեգրելուց զատ նա կապակցում է կյանքի զգայական վկայագրումը հոգու նուրբ ցավերի ու ինքնահալած շարժումների ներսույզ վերապրումներին` ստեղծելով Կասկածի ու Հավատքի, Սկզբի ու Լռությունից հետո եկող ժամանակի մասին պոետական մի շքեղ ու խորունկ բնագիր: Խոր ու անտրիտուր, բայց շլացնող հավատի այս ներհուն վերապրումի մեջ Վ. Հակոբյանի բանաստեղծությունը զանց է առնում առօրյա աներազ իրադարձությունների ու դիպվածների սովորական ժամանակագրությունը, և ներքին զգացողությունների բարդ ու հակասական անցնումների փիլիսոփայական ոլորտը ներսուզում ոչ միայն պատմության Սկիզբը, գոյության վկայագրությունը,այլև հավերժության անավարտ նշանի խոստացվող Շարունակությունը:
    Ահա այս համատեքստում ժողովածուի բանաստեղծությունները, իմաստային առաչյոք տարբեր, բազմանշանակ կենտրոններով ու ինտելեկտուալ-բնազանցական հղումների անպարագիծ ընդգրկումով ուղղված են պոեմի իմաստային  կենտրոնը, Նշանը լուսավորելուն: Իսկ Նշանը սկսվում է հենց պոեմի վերնագիր անունը` «24 ժամ 81 րոպեն» զանց առնելու ծանրագույն ճիգով, որ պատմություն է ճակատագրի մասին, այն մասին, որ իմանալով այն, ինչ արդեն իմացել ես, ու ներսիդ մերկ-մենակության մեջ վերապրելով նաև լռության տրված-անիմանալին (չիմացածը), դու պարտ ես փոխվելու, քանզի իմացությունն այդ լուսավորում է գոյության ու չգոյության ժամանակների (Սկիզբը-շարժումը-հավերժությունը) շարժումը սահմանող, առերևույթ հակասական, իրականում երբեք չտարրալուծվող անվերջության ակնթարթը: Որովհետև գրողը գիտի, որ գոյության դրամայում դժվար է քեզ շրջապատող աշխարհում քեզ այցի եկած բոլոր սերերին ու երազներին ընդառաջ գնալը, դժվար է քեզ անընդհատ հալածող, հալումաշ անող վախերին, թիկունքից հետամուտ, մահվան սարսափին դեմ-հանդիման մենակ կանգնելը, բայց գիտի նաև, որ ամենադժվարը հավատալն է, ավարտի գիտակցության մեջ Հույսի հայտնության մոգական ակնթարթին, Շարունակությանը հավատալը.
              - Հեռուն վայր է, որ մշտապես ստեղծում ենք ինքներս,
              այնտեղ հասնելուց կամ չհասնելուց առաջ,
              մեզնից, անշուշտ, ինչ-որ մաս կա մեր հեռվի մեջ:
Գոյութենական մետաֆիզիկական անձավներում որոնելով Մարդուն ու նրա ժամանակը, բանաստեղծը տարածության ու ժամանակի մի անհանգրվան «հանդիպումի» մեջ վերապրում է խոր ու դրամատիկ մի ողբերգություն` հիվանդ կրքերից ու մահվան վախից շնչահեղձ, տրոհված աշխարհի պատկերը Շարունակության մեջ կրկին վերստեղծելու ու իր միասնականության մեջ վկայելու համար.
    Չեկած տարիները չեն ապագան, որին մենք սպասում ենք  ինքնամոռաց երազանքով, այլև մեր ձեռքերով կերտած այն ժամանակը, որ գուցե հենց հիմա հենց մեր ներկան է:
    Ժամանակի այս պտույտում Սկիզբն ու Ավարտը`  24 ժամն ու 81 րոպեն, պարփակված են միաժամանակ, ու արտացոլելով մարդկային կենսափորձի` կյանքի ու մահվան տիրույթում սահմանված Մտքի, Մարմնի ու Հոգու մեծ ընդհանրականի Աստվածային երազանքը, պոետական մանրակերտ միստերիաներում տիեզերական անսահմանությունից անդին ուրվագծում են  երևութական մի իրականություն որպես անդարձության մեջ անընդհատ վերադարձող ու շարունակության մեջ այդպես էլ չավարտվող (մեր մասին) Հիշողություն:
    Ու որովհետև Հիշողության մեջ միշտ արթուն է Ծննդոց ու Մահվան առասպելը, ուրեմն պատմությունն այս ամեն անգամ վերադառնում է ինքն իրեն ու պատմության մեջ վերադառնում են նրանք, ում մենք վաղուց թողել ենք ժամանակի հեռու քարանձավներում, ովքեր հասել են երկու աշխարհների սահմանագծին, հասել մենության իմաստնության ամենավերջին աստիճանին ու հետագա ճանապարհը այդ վերջին խաչմերուկից պիտի միայնակ անցնեն, որովհետև.
               - Իմ ընթացքը ճանապարհ է` / վերջակետից հետո:
              Չկան հուշեր, աչքեր, մերժում, սերեր, և
              ապագան անցյալում է:
    Ահա այսպես, Վարդան Հակոբյանի պոեզիայում գոյության ու չգոյության ժամանակի չտարրալուծվող այս հոսքը մարդու, ճակատագրի, ինքն իր մասին պատմություն է, երկու ժամանակների արանքում ծանրացած Լռության պատմությունը, հնարավոր միակ իմաստի լուսավորման ընթացք, որ անընդհատ ու անընդհատ ավելի ճանաչելի է դառնում տեղայնացման նշաններով, և իրականության բնագիրն այլևս այլաբանվում է իբրև մշակութաբանական նշան, փիլիսոփայական գաղափար ու ի վերջո նշանակիր ճակատագիր:
    Ժողովածուի ներքին շարժումը կրում է Տուն-Ճակատագիր-Տիեզերք հետագիծը` պոեմի արարների շարժման ընթացքը հղելով երազներից հալածյալ մեր գոյության ժամանակի բաժանելիության աստվածաշնչյան կառույցին` Ներկան, որ հավատ է ներշնչում ապրվող կյանքի չափ հնարավոր մեր երազներին, որոնք իրականանալու տարածություն` Տուն ունեն և փաստարկված ժամանակ` մինչև ավարտն ընկած մի ճակատագիր, Անցյալը, ուր ուրիշների լռության մեջ մենք ապրում ենք իբրև հիշողություն, ու աստվածային ժամանակով երկրային ժամանակից անջատված Ապագան, որ մեզ խոստացվում է իբրև Տեսիլքի շարունակություն ու ծանոթ ճանապարհով Տուն վերադարձ:
    Եվ ուրեմն Սկիզբը հեռու-հեռավոր մանկության`  Տան, Հայրենիքի, Հոր տեսիլքի հաճախանքի մեջ է, ինքնաճանաչման ընթացքի մեջ, որ արարչական ակունքներում ներձուլում է արքետիպն ու միֆը, աշխարհի և առավոտների հետ առաջին հանդիպման տաք սարսուռներում ծնունդ է տալիս հայտնության առասպելին:
     «Անվերադարձ լալիս է գետը`/ մանկության հեռավոր ափերին»,- գրում է բանաստեղծն ու իր նախաստեղծ սարսուռների ու թաց հիշողությունների մանկության եզերքներում ապրեցնում զարմանալի տաք, հարազատ ու սիրելի մարդկանց. Սա երևի ճանապարհի սկիզբն է: Որովհետև բանաստեղծը սկսում է պատմել իր որոնումների, իր գտածի ու կորցրածի մասին, այն մասին, թե մարդը երևի միայն այն բանի համար չի ապրում, որ երջանիկ լինի: Որովհետև`  երևի ամենադյուրինը` երջանկության ակնթարթին տրվելն է, խոստացվող տեսիլքի հետևից, աչքերը փակ դեպի Տեսիլքը պահող հեռուները գնալը: Որովհետև երևի ամենադժվարը Տեսիլքին չհասնելն ու հավատալն է: Ու նաև համոզված լինելը, թե աշխարհում կան ավելի կարևոր բաներ, քան երջանիկ լինելն է: Նաև հավատալը,
               Թե (եթե)կարողացա ստեղծել երգն այն, որով / մայրս վերադառնալու է /
               նորից, ուրեմն` / ես բանաստեղծ եմ ու երեխա: / Ես ուզում եմ
               ինձ մաքրել ինձանից:
    Մետաֆորիկ-տեսլային պատկերների հոսքում գրողը հաղթահարում, շրջանցում է վայրկյանի, օրվա տևողությամբ վկայված ներանձնական սիմվոլիկայի նեղ տարածությունն ու հանգրվանում բնական սիմվոլիկայով, արքետիպով նշանակիր միֆոլոգեմ իրականության անժամակցության մեջ: Հետաքրքիր է նկատել, որ բանաստեղծական ծեսով հորինված միֆոլոգեմ այդ իրականությունը Հակոբյանը չի գունավորում ոչ ինքնահալած տեսիլներով, ոչ էլ կարոտի ռոմանտիկական զեղումներով: Պոետական մենախոսությունների ու իրականության փիլիսոփայական վերապրումի ներհայաց դիտումներում նա պարզապես բանականությամբ է անդրադարձնում կարոտը, սերը, այն ինչ կեցության չանվանված մասուքներն են, ու ասում են, թե իբր չեն տրվում իմացության, չեն ճանաչվում բանականությամբ:
    Եվ որովհետև Սեփական տեսիլքով հորինված լուսավոր այդ իրականության մեջգոյության իմաստի որոնումըայլևս պատկերանում է իբրև հույս կամ մեզ վրա ծանրացած լռությունը ճեղքելու շռայլ խոստում, բանաստեղծը պարզապես վերապրում է աշխարհին առնչվելու սարսուռը, անկեղծ երկրպագությամբ գնում ապրելու ծեսին ու գոյության չմիջնորդավորված վիճակներին ընդառաջ` իրեն բաժին հասած ժամանակը վերապրելով իբրև միակ հնարավոր իմաստի որոնմանն ուղեկից, տարանցիկ, անանուն մի տխրություն ու տիեզերքում իբրև ծանոթ կնոջ բույր թափառող չավարտվող մի սպասում:
  «Բնազանցության ապրումով» փոխանցվող այս անունները, հնարավոր իմաստի որոնումը հետզհետե, պոեմի երկրորդ արարում դեպի ներս, դեպի ներաշխարհի ներսույզ տարածություն են ուղղվում ու լուսավորվում արդեն Սիրո նշանով, որ Վարդան Հակոբյանի պոեզիայում այլևս երբեք ընթացքի խորհրդանիշ չէ, այլ իմաստավորված գիտակցություն կամ գոյության իմաստավորում.
    «Ցավը անծանոթ ծաղիկներ է մեկնում ինձ»,- ահա այսպես սերը դառնում է մարդու հավերժական ուղին դեպի ներաշխարհ, պոետական տեսիլքի մեջ սևեռում Եսը ինքնության նուրբ ու զգայուն որոնումներին.
                          Ինչ գեղեցիկ են սիրո բառերը, որ այլևս
                          երբեք չեն ասվելու, առավել ևս, ինչ
                          գեղեցիկ են,
                          երբ այլևս երբեք չեն լսվելու: Սիրո
                          բառերը:
                          Ես ամբողջ կյանքում երազում էի դա:
    Այս իմաստով գոյության իմաստը մեկնաբանելու ընթացքը, սիրո նշանով մեկնաբանվող ողջ տարածությունը այս ժողովածուում շատ է ներսուզված, ինտելեկտուալ- հոգեբանական հղումների մեջ տարանցիկ սպասումով ու անանուն, ծանր տագնապով գերհագեցած: Սիրային բանաստեղծության ոչ մի կանոնիկ ռիթմ, ունենալու կամ կորցնելու ոչ մի սովորական վերապրում:
                          - Երբ քեզ սիրում էի և/ անձրև էր գալիս, ես /
                          հասկանում էի իմաստն անձրևի, ես գիտեի`  ինչու է գալիս:
    Ահա այսպես, մարդը ինքնաճանաչման (գուցեև ինքնափրկության) տենչանք է աղերսում սիրո մեջ, և որովհետև գրեթե անհնարին է ինքնագտնումի ճանապարհը, ուրեմն մարդն ու նրա ներսի ապրումը`  սերը, մեկնաբանում են նույնը` դեպի ներս տանող ամեն ճանապարհ այնպես է անում, որ մարդը չլքվի ինքն իր միջից, չփակվի ինքն իր մեջ ու կրկին կյանքին վերադառնա բանականությամբ չէ, ապա գոնե բնազանցության ժամանակի ընթացքից դուրս` Տեսիլքի ու Երազների գուցե և անհույս ճանապարհով.
                       Երբ դու ծիծաղում էիր, տեսա`  նույն պահին
                       աչքերիդ մեջ լալիս էր մի կապույտ մանուշակ,
                       մենակ աղջիկ,
                       մենակուհիս…
                       Իսկ երբ դու շշուկ-շշուկ, ծաղիկ-ծաղիկ խոսում էիր,
                       ես պարզապես աչքերով համբուրում էի քո
                       ամեն խոսքը: ես այնքան խորն էի
                       թաքցրել սիրտս աշխարհից, ցավից,
                       այդ ինչպես գտար
                       անձրևուհիս:
    Ու այնպես է անում, որ այդ ճանապարհով մարդը գտնի այն հանգրվանը, ուր Աստվածն ու մարդը ապրում են միաժամանակ, ու ճանաչելի դարձնում դժվարընկալելի մի բան, գեղեցիկ ու ինքնահալած մի առասպել, ուր մարմինն ու հոգին  հայտնվում են մեկտեղ ու համարյա միաժամանակ: Ու լուսավորում սրբազան այն տարածությունը, ուր ապրում է ամենամեծ սերը, ուր իր տունն է, կենսագրության իր ծանոթ-ճանաչելի տարածքը, ուր հայկականության գիտակցությունը, էթնիկական հիշողության նստվածքները պատմության բոլոր ժամանակներում  օժտված են եղել անցյալն ու ներկան միավորելու ներուժ զգայություններով ու նրբին մոգականությամբ:
    Վ. Հակոբյանի բանատողում ջղաձիգ, տաք և թրթռուն մշտապես արթուն է Տան զգացողությունը, ներաշխարհի հեռու անձավներում մշտապես ներկա հիշողության կանչը, և այդ կանչի արձագանքներում է բանաստեղծը իր սիրով մեծ տիեզերքի մեջ առանձնացնում գոյության իր տարածությունը, իր ճակատագրի ու կենսագրության հանգրվանը:
    Դեպի իր սկիզբը, իր նախնականությունը գնացող պոետը ազգային ողբերգությունների մեջ ծանրացած ճանապարհներով ոչ միայն ու ոչ այնքան իր Արցախ-աշխարհի ֆիզիկական տարածությունն է ճանաչում, որքան անճանաչելի-առեղծվածային ոգեղեն կարելիությունները, դրամատիկ պատմության ու ինքնահալած մաքառումների Ոգին, որ պահում է հիշատակները գնացողաց ու երազները եկողների: Ու հայկականության մեջ ճանաչելի է դարձնում իր աշխարհագրական անունը, ճակատագրի ու պատմության իր նշանը:
    Ու որոնում է ամեն տեղ ներկա, ամեն բանի վրա իշխող Հայկականությունը, որ վերապրում է իբրև պատմություն ու իբրև ճակատագիր: Բանաստեղծը միայն տարեգրողը չէ արբշիռ, հզոր, չավարտվող այդ հայկականության. այս դաժանորեն շռայլ, ամեհի ու ծանր ընթացքի մեջ նա արձանագրում, վկայում է նույնիսկ այն, ինչ սիրո ջղաձիգ, պոռթկուն հաճախանքի մեջ փոխանցում է չմեկնաբանվածն ու անկորնչելին, ինչ իրականության մեջ երբևէ չի եղել ու չէր էլ կարող լինել.
             - Բառերս ոտնահետքեր են, որտեղով
             մի օր անցել է իմ նախահայրը:
             … ու իմ մանկությւոնը լիքն է հորս սիրով,
             (Ես համոզված եմ), որ ծննդավայրս այն
             բառն է լինելու, որ դառնալու է ինձ ափ հանող իմ
                                              միակ նամակը:
    Ահա այս իմաստով Վ. Հակոբյանի արցախապատումը առավելապես Ոգու պատմություն է, դրամատիկ ու դաժանորեն շռայլ պատմության պատմություն: Պատմություն, որ փիլիսոփայական, մշակութաբանական, պատմագիտական ու գեղագիտական հղումների ու խորհրդածությունների մի ներարձակ ու անսպառ բնագիր է բացում`  ընդելուզված անձնական հուշ-հիշողությունների, Արցախ աշխարհի բնության, մարդկանց, պատմական իրադարձությունների ու  դիպվածների ազնիվ ու շիտակ վկայագրումներով. «Ասում են`  Անդրի ապերը հարցրել է, «Մատաղ ինիմ, էդ Երևանում  ինչի՞ են իրար ուտում»: Պատասխանել են. «Աթոռակռիվ է, աթոռի համար են իրար խառնվել»: «Բա՜, ձեր տունը շինվի,- զարմացել է Անդրի ապերը,- ինչի են աթոռի համար կռվում, էն ա մի նստարան դնեն`  բոլորն էլ միասին նստեն, էլի»:
    Բանաստեղծի համար միանգամայն ներըմբռնելի է,  որ կյանքը, ինքը`  բնությունը, թրթռուն ու անսահմանորեն զգայուն տիեզերքը, մեր շուրթերի տակ թաքցրած սիրո ու ատելության խոսքերը, Անդրի պապի  միամիտ, զարմանալի զարմանքը վկայված, ապրում են մեր գոյության առասպելի, մեր պատմության մեջ, ու մեր ներսի անվերջ թափառումների ու որոնումների  ընթացքում մենք անընդհատ գնում ենք այդ պատմության, մեր կորուսյալ տիեզերքի, մեր տեսիլքների ու մեր նախնիների ձայների հետևից:
    Ահա թե ինչու Վ. Հակոբյանի բանաստեղծության տեսիլքը, լռության ժամանակի մեջ հայտնագործում է հիշողության ճանապարհը, որովհետև գրողը գիտի նաև, որ մեկի գնալով այս տիեզերքում ոչինչ չի պակասում, մեկի գալով էլ ոչինչ չի ավելանում: Ուղղակի լռությունը, որ ամեն գնացողից հետո թվում էր սարսափելի ու տարօրինակ, հետզհետե սկսում է դառնալ սիրելի, մտերիմ ու անգամ հարազատ: Ու այդ մեծ, ամեն ինչ իրենով ծածկող լռությունից հետո արդեն այնքան ներդաշնակ ու միասնական են դառնում կյանքն ու մահը, հիման ու հետոն,  մարդ-մահկանացուն ու մեծ, չավարտվող տիեզերքը, մարդն ու նրա մեջ ապրող մի ուրիշը`  անընդհատ հեռացողը, երազողն ու այս աշխարհը անվերջ լքողն ու օտարվողը, իր մեջ կյանքի ժամանակը`  24 ժամն ու կյանքից հետո շարունակվող լռությունը`  81 րոպեն պահող, ամփոփողը: Որովհետև.
                - Լռությունից հետո ճանապարհը աշտարակ է մի
                անվերջանալի, որը ձգվում է, սակայն ոչ թե
                դեպի վեր, այլև երկրի հարթությամբ, ուր ամեն
                մայլ բացասում է նախորդին:
    Այսպես բանաստեղծը փորձում է ճանաչել վերջին սահմանը, «անճանաչելիի» մթության մեջ ստանձնել շարունակության հետագա ընթացքը, Լռության ձայների մեջ ապրեցնել վերադարձի առասպելը`  հիշողության մեջ շրջանցել, ոչնչացնել, սպանել Մահը: Ու փորձում է հաղթել հուսահատությունը, իր մեջ ապրող Կասկածն ու հավատալ, թե Մահը պարզապես ժամանակի այլ կողմն է, աշխարհի այլ կողմում սկիզբ առնող շարունակությունը.
                   - Ես տեսնում եմ, որ գալիս ենք`  գնում, գալիս ենք`  գնում,
                   և դա մի խաղ է, որով, հարբում ենք այնքան, որ
                   մի անգամ էլ գալիս ենք`  գնում, բայց
                   եկողն արդեն մենք չենք լինում…
    Որովհետև այս մեծ, սիրելի, բայց անընդհատ հեռացող աշխարհում ամենադժվարը Շարունակությանը հավատալն է: Ավարտի գիտակցության մեջ Հույսի հայտնության ու վերադարձի մոգական ակնարթին հավատալը:
                                                                                                

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: