Հովհաննես Գրիգորյան

ԱԶԱՏ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Վերջին մի քանի ամսվա ընթացքում իրար ետևից գրական մամուլում լույս տեսան մի շարք ծավալուն հոդվածներ` նվիրված միևնույն թեմային` ժամանակակից պոեզիայի խնդիրներին: Ինքնին ուրախալի այս փաստը վկայում է նաև, որ ժամանակակից պոեզիան, իր առավելություններով ու թերություններով հանդերձ, անընդհատ շարժման մեջ գտնվող կենդանի, առողջ օրգանիզմ է և խոսելու, խորհելու առատ նյութ է տալիս: Սակայն զարմանալին այն է, որ ժամանակակից պոեզիայում երիտասարդ բանաստեղծների նորարարական փորձերը գնահատելու հարցում իրենց շատ ավելի «երիտասարդ» են զգացել ավագ և միջին սերնդի գրականագետները (Ս. Սարինյան, Ալ. Թոփչյան) և ոչ թե իսկապես երիտասարդները (Դ. Գասպարյան, Ս. Փանոսյան), որոնք, թվում էր, գոնե տարիքի բերումով պետք է պաշտպանեին հախուռն ու համարձակ, երիտասարդությանը բնորոշ (նաև ներելի) որոնումների տարերքը:
    Այս տեսակետից հատկապես վիճելի են Դ. Գասպարյանի առաջադրած դրույթները, որոնք ուսումնասիրելիս շատ արագ պարզում ես, որ բանաստեղծ դառնալու ամենակարևոր պայմանը ազատ, անկաշկանդ որոնումներից հրաժարվելն ու շուտափույթ անցնելն է դասական բանաստեղծության օրինաչափությունների երանավետ անդաստանը: Ահա մի քանի օրինակ, որոնք ես վերցրել եմ նրա «Բանաստեղծության հասարակական արժեքը» հոդվածից («Սովետական գրականություն», 1982թ, № 1). «Ա բանաստեղծն աստիճանաբար վերադարձավ բանաստեղծության դասական օրինաչափություններին և հաջողված գործերով ապացուցեց թե՛ իր կարողությունը և թե՛ մյուսների շարունակվող, բայց դեռևս հասուն արդյունք չստեղծած որոնումների էությունը»: Բ բանաստեղծը ևս «ազատ որոնումներից հետո վերագտավ ներդաշնակ բանաստեղծության ուղին և ստեղծեց քնարական հաջող բանաստեղծություններ», իսկ Գ բանաստեղծը քննադատի սիրո առարկան է, որովհետև «երբեք չի առանձնացել ձևական որոնումների ծայրահեղություններով, ընդհակառակը, բնական ու մաքուր ձայնով ստեղծել է ուշագրավ գործեր, որոնք գրված են հոգեբանորեն ապրված քնարերգության ներդաշնակության օրենքներով»: Չբավարարվելով ժամանակակիցներով ու երիտասարդներով` հոդվածագիրը նույն ոգով պատմական էքսկուրս է կատարում: Այսքանից հետո էլ ո՞ր իրեն հարգող սկսնակը կդիմի որոնումների և բնականաբար կես-ճանապարհին ընդհատելով հետախուզական աշխատանքները` արագորեն կսափրի մորուքը, կկապի փողկապն ու ճամպրուկը ճանկելով` հայդա, ինքն իրեն կնետի «դասական բանաստեղծության օրինաչափությունների» ապահով հոսանքի մեջ, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ կարողանա մյուսներից առաջ ընկնելով հաջողված գործեր ստեղծել և «օձ»-ը «ոսկեզօծ»-ի ու «սանձ»-ը «տանձ»-ի հետ կապելով ապացուցել թե՛ իր կարողությունը և թե՛ մյուսների շարունակվող, բայց դեռևս հասուն արդյունք չստեղծած որոնումների էությունը:
       Ասել է թե` դարձյալ ու նորից, վերստին ու կրկին հանգը…
   Թվում էր` Գասպարյանն իր բնորոշումներին ու գնահատականներին չպետք է տար այն վերջնականությունն ու անհերքելիությունը, որից խուսափում են նույնիսկ այս ասպարեզի անվանի ու փորձառու, հեղինակավոր մասնագետները: Եվ պատահական չէ, որ մեր հոդվածագրի վերոհիշյալ հոդվածների տարածքում առատորեն սփռված կտրական «պիտիների» և «չպիտիների», «կարելի» և «չի կարելիների» առատությունը ոչ միայն շփոթեցնում է, այլև օրինական տարակուսանք է հարուցում, թե որտեղի՞ց է բխում այսքան վստահ ու հրամայական ոճի ակունքը, որտեղի՞ց է քաղում այսքան հեշտ ու հանգիստ, թեթև բնորոշումները բանաստեղծություն բնութագրելիս, այն դեպքում, երբ, օրինակ, Ինոկենտի Աննենսկու նման խորագիտակ և նրբաճաշակ տեսաբանն էլ պարզասրտորեն խոստովանում էր, որ չգիտե, թե ինչ բան է պոեզիան…
    Այսքանով հանդերձ` չենք կարող չնկատել, որ Դ. Գասպարյանը քիչ բան չի արել երևացող սխալներից խուսափելու, հոդվածներին ըստ պատշաճի` կարգ ու կանոնով, օբյեկտիվություն հիշեցնող կերպարանք տալու համար: Այստեղ կարելի է հանդիպել ծանրակշիռ մեջբերումների թե՛ մարքսիզմի կլասիկներից, թե՛ ամերիկյան ու ֆրանսիական գրողներից և թե՛ մեր դասականներից ու ժամանակակիցներից: Ընտրված է, ինչպես և սպասելի էր, չափավոր միջինի ոսկյա կանոնը` բազմիցս փորձված և իրեն արդարացրած մի ձև, որը միշտ էլ անվրեպ է գործում, հատկապես բանաստեղծների նման անհավասարակշիռ անձանց դեմ օգտագործելիս: Խաղի կանոնն այսպիսին է. առաջինն ո՞վ կկարողանա անցնել ընդհանուր ու հանրահայտ ճշմարտության թիկունքը, ով անցավ, հենց նա էլ դառնում է այդ ճշմարտության տերն ու տնօրենը, ինքն իրեն իրավունք է վերապահում հանդես գալ այդ ճշմարտության անունից` որպես նրա նվիրյալ ու ազնիվ պահապանը: «Պետք է հրաժարվել մակերեսային հույզից ու հոգու տառապանքի մակերեսային պատկերումից»,- հայտարարում է քննադատը, իսկ մեզ մնում է ենթադրել, որ այդ կոչը լսելուց հետո միանգամից ուշքի գալով` երիտասարդ բանաստեղծներն անմիջապես կհրաժարվեն այդ բացասական երևույթներից` չմոռանալով ախ ու վախ անել, թե ինչպես է եղել, որ այսքան տարի գլխի չեն ընկել այդքան պարզ ու հասարակ բանը: «Ընդհանրապես, այսօրվա բանաստեղծները շատ բան ունեն սովորելու գրականության մեծերից»,- շարունակում է սովորեցնել քննադատը:
    Ի՜նչ մի հերոսություն է այդքան եռանդ թափել, Թուր-կեծակին բանեցնել մեկ-երկու խեղճուկրակ, բացահայտորեն թույլ ու անճարակ ոտանավորների վրա, օրաթերթում պատահականորեն հայտնված և օրինաչափորեն մոռացված անունների շուրջ, մանրադիտակի տակ դրած` «գրական վերաբերմունքի աղաղակող գերածախս» կատարել մի այնպիսի ապաշնորհության վրա, որ միանգամայն տեսանելի է աչք ցավեցնելու աստիճան: Եվ սա այն դեպքում, երբ քննադատը կարող էր ավելի հեշտորեն այդպիսի օրինակներ գտնել շքեղ ու հաստ կազմերով գրքերի էջերում և հեղինակների մոտ, որոնց նա խոհեմաբար շրջանցում է:
    Վավերացված հեղինակություններն ու ժողովրդի համար նվիրական դարձած անունները գրականության շեմին կանգնած երիտասարդների դեմ հանելն ու նրանցով ահաբեկելը, մեղմ ասած, առանձնապես պարկեշտ միջոց չէ: «1979 թ. հոկտեմբերի 3-ին պոեզիայի հարցերին նվիրված պլենումում,- գրում է քննադատը,- Ն. Ադալյանը բառացիորեն ասաց. «Նոր սերնդի բանաստեղծները գրականության դռներին մոտեցան ավելի հարուստ գիտելիքներով, քան իրենց անմիջական և նույնիսկ հեռու կանգնած նախորդներից շատերը»: Ակամա մտովի արձագանքում ես` ո՞ւմ հետ համեմատած է գրական նոր սերունդը բերում կուլտուրա` Տերյանի՞, Չարենցի՞, Սևակի՞»: Զգացի՞ք, թե ինչպիսի թեթևությամբ Դ. Գասպարյանը Ն. Ադալյանի բառացիորեն ասած «գիտելիքները» դարձրեց «կուլտուրա»` շատ լավ հասկանալով դրանց վիթխարի տարբերությունը, ինչո՞ւ, որպեսզի քիչ անց այն էլ վերափոխի «գրական կուլտուրայի» և հետո պաթետիկ հարցադրումով ընթերցողին ոտքի հանի, թե հայ-հարա՜յ, հասեք, ջահել-ջուհուլը Տերյանի, Չարենցի, Սևակի հետ են մրցում: «Գրական կուլտուրան շատ լայն հասկացություն է»,- իրավացիորեն նշում է Դ. Գասպարյանը, բայց տեղին է հիշեցնել, որ վիճելու կուլտուրան` նույնպես: Այլապես, կարդալով մեր այսօրվա շնորհալի բանաստեղծներից մեկի` Ա. Հարությունյանի նոր գիրքը, որն անշուշտ զերծ չէ թերություններից, Դ. Գասպարյանը մատ չէր թափ տա նրա վրա, թե մինչև ե՜րբ կարելի է ամպի ու անձրևի, դեղձանիկի ու կեռնեխիկի, խոտերի ու ծաղիկների այսքան և արդեն հոգնեցնող տարբերակներ ստեղծել, և ի վերջո, ինչի՞ համար է այդ ամենը: Մնում ես շվարած. ինչպե՞ս բացատրել քննադատին, իսկապես ինչպե՞ս, թե ինչի համար են երգվում ամպն ու անձրևը, դեղձանիկն ու կեռնեխիկը, բույսն ու ծաղիկը: Ահա և պոեզիայի ընկալման ինչպիսի դրսևորումն է, որ կարող է խարտոցի պես մաշկել բանաստեղծության նուրբ կեղևը. «Եվ նրա ճեղքված կրծքից արյան նման կշատրվանեն քնքշությունը և այլ տարօրինակություններ»: Մնում է միայն քննադատի բարձրացրած այն հարցը, թե` այդ երբվանի՞ց քնքշությունը դարձավ տարօրինակություն, ուղղել հենց իրեն:
    Սակայն նորից վերադառնանք «դասական օօրինաչափություններին», որովհետև, ինչպես ցույց տվեցին Դ. Գասպարյանի և Ս. Փանոսյանի հոդվածները, դարձյալ և միայն հանգն է մնում որպես պոեզիայի միակ տարբերակիչ հատկանիշ երիտասարդ գրաքննադատների համար:
    Դ. Գասպարյանը դիմում է ամերիկացի Ջեյ Սմիթի օգնությանը` մեջբերում անելով նրա և Ա. Վոզնեսենսկու միջև կայացած հարցազրույցից` տպագրված «Լիտերատուրնայա գազետա» թերթում: Ծանոթանալով մեջբերմանը` տեղեկանում ենք, որ ամերիկյան պոեզիայում ևս համանման իրադրություն է տիրում. երիտասարդները դարձյալ հեռանում են դասական օրինաչափություններից, որ երիտասարդ բանաստեղծների գործերում զգալիորեն ավելացել է արձակի տարրը, և այդ բանաստեղծությունների մեծ մասը ոչ մի ընդհանուր բան չունի երաժշտության հետ և այլն, և այլն:
    Այստեղ ինձ հետաքրքրող հանգամանքն այն է, որ պոեզիայի երաժշտականությունը, ներդաշնակությունը, մի խոսքով, դասական օրինաչափությունն ամերիկացի բանաստեղծն էլ է համարում ազգային ձև: Ի՞նչ է դուրս գալիս, ի վերջո, ո՞ր ազգին է պատկանում այդ դասական օրինաչափությունը` հայերի՞ն, թե՞ ամերիկացիներին: Դրությունն ավելի է բարդանում, երբ ծանոթանալով լատինամերիկյան պոեզիայի ներկա վիճակին` նկատում ես, որ տեղի երիտասարդ բանաստեղծներն էլ են կուռ շարքերով լքում դասական օրինաչափությունները: Իսկ հետո, պարզվում է, որ հենց նույն այդ որակի տեղաշարժերով են բնութագրվում ֆրանսիական, իտալական, աշխարհի շատ ու շատ երկրների, մեր հանրապետություններից` եղբայրական Վրաստանի և մելձբալթյան հանրապետությունների բանաստեղծների գործերը: Տարբերությամբ, որ մի տեղ այդ տեղաշարժերի մասին խոսում են նյարդայնացած տոնով` համարելով այն գրեթե դավաճանություն ազգային (չպարզեցինք` ո՞ր) պոեզիայի ձևերին, մի այլ տեղ, որն ավելի տարածված է, սթափ ու հանգիստ են նայում այդ երևույթին` աշխատելով օրինաչափություններ գտնել պրոցեսի ներսում: Այս առումով չափազանց ուսանելի է արգենտինացի մեծանուն գրող Խուլիո Կորտասարի կարծիքը` արտահայտված «Վոպրոսի լիտերատուրի» ամսագրի 1981թ. № 1-ում ռուս գրականագետ Ս. Մարկովի հետ ունեցած հարցազրույցում. «Բանաստեղծություններ գրում եմ սկսած վաղ մանկությունից… Ամեն ինչից զատ դրանք օգնում են իմ արձակին. խնայողությամբ, հագեցվածությամբ, կերպարավորությամբ, պոեզիայի անհրաժեշտ բաղադրիչներով: Եվ ընդհանրապես Ամերիկա հայտնաբերած չեմ լինի, եթե ասեմ, որ հիմա ժամանակակից արձակը շատ ավելի մոտ է պոեզիային, և պոեզիան էլ իր հերթին մոտ է արձակին, քան ասենք թե մի հիսուն տարի առաջ: Ճշգրիտ սահմանագիծ գոյություն չունի նրանց միջև… Պոեզիան սկսել է մտնել, ներթափանցել արձակի պատումի մեջ, և այս փաստն անվիճելի է, մանավանդ լատինամերիկյան գրականության մեջ, Գարսիա Մարկեսի վեպերում, Կարպենտյերի, Ֆուենտեսի ստեղծագործություններում… Նկատելի է նաև հակառակ պրոցեսը. գրվում են բանաստեղծություններ և պոեմներ, որոնք որոշակի տեսանկյունից կարելի է անվանել արձակի հատվածներ: Բայց և այնպես, դրանք նախ և առաջ բանաստեղծություն են»: Ահա այս լայնախոհ ու խորունկ մոտեցումն է պակասում մեր երիտասարդ գրաքննադատներին ժամանակակից հայկական պոեզիայի խնդիրները վերլուծելիս:
    Եվ մինչ աշխարհագրական քարտեզի առաջ մոլորված` չենք կարողանում պարզել, թե ի վերջո ո՞ր ազգին են պատկանում դասական օրինաչափությունները, և այդ ընթացքում օգնության ենք կանչում ամերիկացի ու արգենտինացի տեսաբաններին, ավելի լավ չէ՞ր լինի առանց դեսուդեն ընկնելու դիմեինք մեր իսկ անուններին, մեր իսկ հեղինակությանը, պարզապես բացեինք Մանուկ Աբեղյանի երկերի Ա հատորի 18-րդ էջը ու կարդայինք: Կարծես թե հակադրվելով ամերիկացի բանաստեղծին, որի կարծիքով երաժշտականությունը պարտադիր բաղադրիչ է պոեզիայի համար` Մ. Աբեղյանը գրում է. «Կատարյալ երաժշտականություն չունեն այդ երգերը (խոսքը հին հայկական բանաստեղծություններին է վերաբերում), բայց ունեն որոշ ռիթմ: Այդտեղ գտնում ենք արձակին շատ մոտիկ ազատ ոտանավորի մի ձևը, պարզոտնյա խառն ոտանավորը, որ հատուկ է մեր մի շարք հոգևոր երգերին և մի քանի ժողովրդական վիպական երգերին, ինչպես և «Սասնա ծռերին», վերջինիս թե՛ երգված և թե՛ պատմված մասերի մեջ: Տողերի մեջ վանկերի թվի նույնությունը անհրաժեշտ չէ…»: Ահա տեսնում եք, որ աշխարհից աշխարհ ընկնելու կարիք ամենևին չկար, և որ երիտասարդ հայ բանաստեղծը, հրաժարվելով դասական օրինաչափություններից և ընտրելով «արձակին շատ մոտիկ ազատ ոտանավորի մի ձևը», պարզապես վերադարձել է իր ազգային, հին և իսկական բանաստեղծության արմատներին:
    Շրջանցելով ազատ ոտանավորի մեր ազգային ավանդույթները շարունակող մի այնպիսի մեծատաղանդ բանաստեղծի, ինչպիսին Սիամանթոն է` խոսենք Գր. Նարեկացու մասին, որի անունը, չգիտես ինչու, շատ հաճախ են մոռանում մեր երիտասարդ գրաքննադատները: Եվ ընդհանրապես, անդրադառնալով մեր գրականության և մասնավորապես պոեզիայի ավանդույթներին, ի՞նչ բարոյական իրավունքով ենք կարճացնում մեր գրականության պատմությունը` սահմանափակվելով Սևակի, Չարենցի, Տերյանի, Թումանյանի և լավագույն դեպքում Իսահակյանի անուններով, այսինքն` խորանալով ընդամենը 100 տարուց էլ պակաս ժամանակաշրջանի մեջ` չգիտես թե ում տնօրինությանը թողնելով մեր բազմադարյան գրականության այնպիսի փառահեղ անուններ, ինչպիսիք են Մաշտոցն ու Խորենացին, Հովհաննես Իմաստասերն ու Ներսես Շնորհալին, Գրիգոր Տղան ու Ֆրիկը, Հովհաննես Երզնկացին ու Թլկուրանցին և այլք, որոնցից ամեն մեկն առանձին վերցրած կարող էր մի ժողովրդի գրականության զարդը հանդիսանալ: Նախ և առաջ Գրիգոր Նարեկացին` համաշխարհային մեծության մի հզոր հանճար, որի յուրաքանչյուր տաղն ու տողն արժանի են առանձին ուսումնասիրության, և հենց նա իր վիթխարի անհատականությամբ պիտի կանգներ մեր ավանդույթների արմատների մոտ և իր ներկայությունը զգացնել տար պոեզիային առնչվող մեր բոլոր խոսակցություններում: Եվ քանի դեռ այդպես չէ, ուրեմն դեռ վաղ է խոսելն ավանդույթներից, ասել է թե` չափից դուրս նեղ է մեր բանաստեղծական ավանդույթի հունը, որպեսզի Նարեկացու նման օվկիանոսային վիթխարի նավը կարողանա այդ հունով լողալ և մտնել համաշխարհային գրականության եզերքները:
    Եվ ինչքան էլ որ տարօրինակ է, այս հարցում դարձյալ իր չարաբաստիկ դերն է խաղացել հանգը. այս տեսակետից Նարեկացին չափազանց անհարմար հեղինակ է մեր երիտասարդ գրաքննադատների համար. չընդունել չեն կարող` չափից դուրս մեծ են նրա ստեղծագործությունների հասարակական արժեքն ու արձագանքը, ընդունել էլ չեն կարող` կնշանակեր նրա հետ միասին պիտի ընդունեին շատ ու շատ ուրիշ բաներ, այնպես որ միակ ճանապարհը դեպքից դեպք, հատկապես քեֆի սեղանների շուրջը և օտարերկրացիների մոտ օ՜, Նարեկացի, մե՜ծ, վիթխարի, հանճա՜ր ասելով, հետագա հիմնավոր լռություն պահպանելն է, ինչով և զբաղվել են ու շարունակում են զբաղվել այսքան տարի: Զարմանում ես, ազատ բանաստեղծության նկատմամբ ատելությունը երբեմն անհեթեթությունների է հասնում, և բնական է համարվում Նարեկացու անհանգ «Մատյանը» ռուս ընթերցողին ներկայացնելը… հանգավորված վիճակում: Բայց չէ՞ որ Նարեկացին ինքն էլ հրաշալի գիտեր, թե ինչ բան է հանգը և ոչ միայն կարողանում էր պետք եղած տեղը (շատ հազվադեպ) օգտվել նրանից, այլև ուներ իր որոշակի վերաբերմունքը, որը նա առանց թաքցնելու արտահայտել է իր Մատյանի ԻԶ գլխում.
                                             Ոմանք ողբալի ու կողկողաձայն
                                             Բանաստեղծություն եղանակելիս
                                             Տունն ավարտում են միևնույն գրով,
                                             Ջանալով այդպես առավել սաստիկ
                                             Ցավատանջելով ճմլել, մորմոքել
                                             Սրտերը` արցունք կորզելու համար:
                                             Ահա և ես էլ, արդարև, անցած
                                             Այդպիսի լալկան բանաստեղծություն
                                             Հորինող մարդկանց բազմության գլուխ
                                             Նրանց ողբաձայն ավաղումներով
                                             Վշտակիր հոգուս հեծեծանքները պիտի տարածեմ…
    Եվ ահա այս ամբողջ գլուխը Նարեկացին գրում է հանգերով, իսկ հիմնականում «Ողբերգության մատյանը» գրված է «հին հայկական բանաստեղծությանը հատուկ անհանգ ոտանավորով» (Վազգեն Գևորգյան), հիմք ու իրավունք չունենք ամբողջ պոեմը վերածելու «լալկան բանաստեղծության»:
    Հիմք ու իրավունք չունենք նաև շարունակելու ազատ բանաստեղծության նկատմամբ մեր այս խտրական վերաբերմունքը, և վաղուց հասունացել է ժամանակը` առավել լայնախոհ դարձնելու մեր հայացքը և դասական օրինաչափությունների կողքին տեսնելու ու նույն օբյեկտիվությամբ վերլուծելու ազատ ոտանավորի օրինաչափությունները: Ահա սա էր այն հիմնական մղիչ ուժը, որն ինձ ստիպեց մասնակցելու բանավեճին: Եվ թող չստացվի այն տպավորությունը, թե ես, խոսելով ի պաշտպանություն ազատ ոտանավորի, դեմ եմ դուրս գալիս հանգավոր ոտանավորի սկզբունքներին, քավ լիցի, ծիծաղելի կլիներ դեմ դուրս գալ Հայնեին ու Գյոթեին, Բայրոնին ու Հյուգոյին, Տերյանին ու Չարենցին, Պուշկինին ու Թումանյանին: Պարզապես այսօր պաշտպանության կարիք է զգում ազատ ոտանավորը, իսկ եթե վաղն այդպիսի կարիք զգա դասական գրելաձևը, ապա ես միգուցե առավել սիրով ու կրքոտությամբ հանդես գամ ի պաշտպանություն նրա գոյության, որովհետև միայն այդպես` ազատ ոտանավորի և դասական ոտանավորի զույգ ռելսերով, կկարողանա առաջ գնալ մեր պոեզիայի գնացքը…
«Սովետական գրականություն», 1982, № 7

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: