Հովհաննես Գրիգորյան

ՆԿԱՐՉԻ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՔԱՐԸ

    Եթե ինձ երբևէ բախտ վիճակվի լինել Ճապոնիայում, ես առաջին հերթին կմտնեմ այդ այգին: Եթե դեպքերն այնպես դասավորվեն, որ ես ընդամենը մեկ օր մնամ Ճապոնիայում, ապա ամբողջ օրը կանցկացնեմ այնտեղ` «Քարերի այգում»:
 Առաջին տպավորությամբ` ամենապատահական դասավորությամբ տասնհինգ (եթե չեմ սխալվում) սովորական, անտաշ քարեր: Նստարաններ այցելուների համար: Եվ ուրիշ ոչինչ: Ճապոնացին երկար նստում է այդ այգում, խորասուզվում մտքերի մեջ` սևեռուն հայացքը շրջելով քարից քար: Այգու որ անկյունից էլ նայելու լինեք, քարերի թիվը մնում է տասնչորս. տասնհինգերորդը չի երևում: Գուցե ճապոնացին (այդ զարմանալի մարդը) տասնհինգերորդ քարը փնտրելու ընթացքում գտնում է բաներ, որ նրան ապրելու նոր հույս են տալիս: Գուցե ինչ-որ մի ուրիշ գաղտնիք ու առեղծված կա դրանում…
Ես իզուր չխոսեցի Մարտինի հետ այդ ամենի մասին: Որովհետև, երբ դուրս եկա նրա մոտից, թվաց, թե ինչ-որ կարևոր բան (որի ներկայությունը զգում էի շոշափելիության աստիճան) աներևույթ մնաց, խուսափեց ինձանից…
    Լավաշով փաթաթած ձուկը թևի տակ` Մարտին Պետրոսյան նկարիչն ինձ առաջնորդեց իր փոքրիկ բնակարան, ուր այս էլ քանի տարի ապրում է իր կտավների հետ: Նկարչությանը խանգարող և ապրելուն օգնող ոչ մի բան չկար այդ փոքրիկ բնակարանում: Որոնեցի և չգտա կանացի թեկուզ մի խալաթ, որը մեղմացներ շրջապատը: Մինչ նա ինչ-որ աղջկա հեռախոսով երկար համոզում էր, որ գա և եփի ձուկը, ես սկսեցի զննել պատերից կախված նկարները:
    Զարմանալի և դժվար նկարներ էին դրանք: Առաջին հայացքից նույնիսկ փոքր-ինչ վանող: Հանկածակիի եկած ոզնու նման փշփշոտվում էին ու փակվում: Երկար և շունչը պահած պիտի կանգնել նրանց դիմաց, որպեսզի նկարը կամաց-կամաց սկսի հավատալ քեզ և բացվել… Եվ ես սկսեցի տեսնել նախ ձին, ապա ձիավորին, նրա վեր պարզած ձեռքը և թուրը: Ապա հայացքս սկսեց տենդագին որոնել. ինչ-որ տեղ պետք է որ թաքնված լինի Մսրա Մելիքը, որովհետև ձին Քուռկիկ Ջալալին էր, ձիավորը` Սասունցի Դավիթը, իսկ ձեռքին` Թուր Կեծակին: Գտա… վախից ինչքա՜ն խորը կարող են թաքնվել մարդիկ: Բայց ես գտա: Ուրեմն, Դավիթն էլ կգտնի: Ինձ համար մի բան պարզվեց: Սա այն նկարն է, որտեղ Դավիթն անպայման սպանելու է Մսրա Մելիքին: Այս ոչ այնքան հստակ և ոչ էլ խիստ երկրաչափական գծերի մեջ անզուսպ տագնապ կար: Ոչինչ չի կարող կանգնեցնել Դավթին: Այս է թելադրում արտակարգ դինամիկ կոմպոզիցիան:
    Եթե կա մի բան, որը կարելի է վերագրել Մ. Պետրոսյանի` իմ տեսած բոլոր նկարներին ընդհանրապես, ճշմարտացիությունն է (անշուշտ, ոչ լուսանկարչական): Մարտինը մտածող նկարիչ է: Իսկ արվեստի օրենքներն ավելի դաժան են լինում, երբ այս տիպի ստեղծագործողներն են ստում: Այս մի կտավն, օրինակ, որի վերնագիրն այդպես էլ չկարողացա գտնել, ինչի՞ մասին է մեզ պատմում. արտակարգ սուր ատամներով գիշատիչներ և արտակարգ անպաշտպան եղջերուներ. (չեմ վիճում, դրանք գուցե մեկ ուրիշ անուն են կրում): Եվ թաքնվելու, պաշտպանվելու ոչ մի անկյուն: Սոցիալական հնչեղության հասցված այս կտավի մերկությունն ու տարածական անսահմանափակությունն ավելի են շեշտում իրադրության ողբերգականությունը: Բայց ի՞նչ. եղջերուները կարծես վախենալու ոչինչ չունեն: Նրանք զարմանալիորեն հանգիստ են, անխռով: Գուցե նրանք գիտակցե՞լ են իրենց խեղճությունն ու անզորությունը և այն, որ ինչ լինելու է, անխուսափլիորեն կլինի: Բայց ոչ, այդ հանգստությունը յուրօրինակ զենք է, որը կարող է հավասարակշռությունից հանել նաև ամենակատաղի գիշատչին: Ուժեղների և թույլերի պայքարը` առանց գույները մեղմացնելու, առանց մելոդրամատիզմի: Պահպանված է ուժեղի ուժը, թույլի արժանապատվությունը: Իսկ դու պարզ տեսնում ես նկարողի հոգու խռովքը:
    Անակնկալ իջած լռությունից շուռ եկա: Մարտինն ավարտել էր հեռախոսազրույցը, և նրա տեսքից հասկացա, որ ձուկը անեփ է մնալու: Նման դեպքերում խոսում են պոեզիայից.
    - Ի՞նչ ես կարծում, Իսահակյա՞նն է տաղանդավոր, թե՞ Վերլենը,- կտրուկ հարցրեց նա:
    Նրա ջղային ու անհանգիստ աչքերին նայողն անմիջապես կկռահեր, որ Իսահակյանն է առավել տաղանդավորը, և ես աշխատեցի խոսակցությունը թեքել դեպի նկարչությունը: Իսկ նկարիչը շատ էր նման իր նկարներին` զարմանալի էր ու դժվար: Եվ խոսակցությունը բավականին դժվարությամբ, բայց և սկսեց աշխուժանալ:
    - Ամենակարևորը տրամադրությունն է: Անկեղծ և բանաստեղծական տրամադրությունը: Մնացածը տեխնիկայի ու վարպետության հարց է, որոնցից ես չեմ դժգոհում: Երբ ավարտեցի Թերլեմեզյանի անվան տեխնիկումը, զգացի, որ այդ առումով այլևս սովորելու ոչինչ չունեմ: Ինձ ձգում էր ինքնուրույն աշխատելու, իմը, սեփականն ունենալու ցանկությունը: Եվ դրա համար էլ չգնացի ինստիտուտ: Մեծամտություն չկարծես, արտակարգ աշխատասեր եմ: Նկարում եմ առավոտից իրիկուն… Ո՞ճը: Ես այլ կերպ նկարել չեմ կարող: Գոնե հիմա: Իսկ իմ տարիքում (շուտով կլրանա քառասունս) աշխատում եմ եղածը պահպանել: Մի քանի օր հետո կբացվի անհատական ցուցահանդեսս, գնա, նայիր, ես այնտեղ իմ մտքերն ավելի պարզ եմ արտահայտել…
    Երբ դուրս եկա նրա մոտից, ուշ երեկո էր: Չափազանց դժգոհ ինձանից` քայլում էի ցուրտ փողոցով: Ես նույնիսկ չկարողացա իմանալ, թե ինչն էր ինձ այդպես նեղում: Ամեն ինչ կարծես տեղը տեղին էր: Եվ մենք էլ կարծես բավականին անկեղծ եղանք իրար հանդեպ, խոսեցինք երկար ու ամեն ինչից: Բայց ինչ-որ բան (նման դեպքերում այդ ինչ-որ բանն ամենակարևորն ու հիմնականն է դառնում) գաղտնիք մնաց ինձ համար: Կամ գուցե այցելության համար անհարմար օ՞ր էի ընտրել…
    Հաջորդ օրը, ահա այդպիսի մտքերով տարված, շտապեցի Երևան քաղաքի պատմության թանգարան (գունանկար, քանդակ, գրաֆիկա): Ես այնտեղ իմ սիրած անկյունն ունեմ, որտեղ կողք-կողքի համերաշխ «ապրում են» Երվանդ Քոչարը, Հակոբ Հակոբյանը, Ռուբեն Ադալյանը… և ահա, Մարտին Պետրոսյանը: Հերթով և ուշադիր նայում եմ կտավներին` «Աղջիկները սարերում» (1972թ.), «Երկու տղա»(1965թ.), «Ընկերուհիները» (1967թ.): Հատկապես առաջին նկարում ինձ շատ է գրավում գունային շերտերի հավասարակշռությունը: «Բառերն ու գույները ծնվում են հոգու խորքում»,-հիշեցի մեր խոսակցությունից մի պատառիկ:
    Արդեն հասունացող նկարիչը խաղ չի անում գույների հետ: Իսկ մարմնի դեֆորմացված ձևե՞րը, խախտված ռակուրսնե՞րն ու տեղ-տեղ արտակարգ ընդգծված գրոտեսկային ու լուբոկային մանե՞րան: Նկարիչն այդպես է կռվում սալոնային արվեստի և քաղքենիական ճաշակի դեմ: Դա առավել պարզ է երևում «Ընկերուհիները» նկարում: Իսկ «Երկու տղա» կտավն ամենաբանաստեղծականն ու ամենատպավորիչն է: Կնայես, կնայես այս նկարում պատկերված երկու գեղջուկ պատանիների երազկոտ դեմքերին և կմտածես` նուրբ հոգու տեր մարդ ես դու, Մարտին Պետրոսյան: Իսկ թե որտե՞ղ է տեսել այդ տղաներին նկարիչը, իր հայրենի Ծաղկաշեն գյուղո՞ւմ, թե՞ մի ուրիշ տեղ, կարևոր չէ, որովհետև ամենաշատը կուզենայի չտեղայնացնել ոչ միայն այդ, այլև ընդհանրապես մյուս բոլոր կտավներում պատկերված կտավները, ծառերն ու գազանները նույնպես: Դրանք, գոնե ինձ համար, խորհրդավոր, բայց և շատ հարազատ լեզվի բառեր են, որոնք չնայած դժվար են հասկացվում, բայց և մեծ է ընկալման հաճույքը: Որովհետև դրանք «հոգու խորքերում են ծնվել»:
    Եվ ընդհանրապես, հասկանալու և չհասկանալու խնդիրը, վախը, որ ամեն ինչ պարզունակ կդիտվի կամ ամեն ինչ շատ բարդ կստացվի, պատրանքը, որ ամեն ինչ զգացել ես խորությամբ և կամ ամեն ինչ անցավ քո կողքից, մտատանջությունը, որ կար կտավին, բուն կյա՞նքն էր, թե՞ ընդհակառակը` մտացածին էր ու սուտ… «Արվեստն ընկած է նմանության և ոչ նմանության սահմանագծին»,- ակամա մտաբերեցի արևելքի մեծ նկարիչներից մեկի խոսքերը: Նմանության և ոչ նմանության… Իսկ սահմանագիծը… ուսերիցս կարծես ծանրություն ընկավ, ու թեթևացած շունչ քաշեցի: Սահմանագիծը ճապոնական «Քարերի այգու» այն տասնհինգերորդ քարն է, որ կա, շոշափելիության աստիճանի կա և միևնույն ժամանակ մնում է աներևույթ: Ապրելու և ստեղծագործելու հույս տալով բոլոր նրանց, ովքեր որոնում են…
«Գրական թերթ», 1975, 10 հունվարի

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: