Ուրուագիծ դիմանկարի համար. Թորոս Ազատեան

(1898, Ապուչեխ, Ակն, Խարբերդի վիլայեթ – 1955, Կ․Պոլիս)

Մահուան 70-ամեակի առթիւ

Արևմտահայ իրականության մեջ մշակույթի այնպիսի երևելի երախտավորներ կան, որոնք հիշատակության արժան չեն համարվում իրենց թողած գրական ժառանգությամբ, այլ առավելս արժևորված են բանասիրական պրպտումների, ժամանակաշրջանների գրական, մշակութային, ազգային-հասարակական իրողությունների նկատմամբ փութաջան աշխատավորին վայել օրինակելի վարքագծով։ Նրանց շնորհիվ է ստեղծվել գրապատմական վիթխարի նշանակություն և, բնականաբար, այժմեություն ունեցող վավերագրերի հավաքածուներ, իրենց անձնական դիվաններում պահպանվող, կորստյան չմատնված բնագրեր, որոնք գրողների, պատմագետների, հրապարակագիրների ժառանգությունն ուսումնասիրելու համար հետագա սերունդների աշխարհաճանաչողության, իմացականությանն են նպաստել։

Այսպիսի բանասերներից էր Թորոս Ազատեանը․ վկայությունը՝ Երևանի Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող Թորոս Ազատեանի գրական-գիտական, մշակութային այլևայլ վավերագրերով բազմահարուստ ֆոնդն է։ Տարբեր առիթներով հնարավորություն ունեցել ենք ուսումնասիրել այնտեղ պահպանվող ձեռագրեր, ինքնագրեր, այս կամ այն գրողների, բանաստեղծների, հրապարակագիրների նամակներ և միշտ այն հիացական վերաբերմունքն ենք ունեցել, թե ինչպիսի պայմաններում և ինչ տքնաջանությամբ է մեծանուն բանասերը ձեռք բերել, համահավաքել այդպիսի մեծակուտակ ժառանգություն։

Արդ, ժամանակը չէ առանձին-առանձին ներկայացնել, թե ինչպիսի արխիվային ձեռագրեր, ինքնագրեր են պահպանվում որոնք տարիներ անընդմեջ հավաքել և ի մի է բերել Թ․Ազատեանը, և իր իսկ կենդանության օրոք ուղարկել «ուր որ հարկ է»։ Բայց առկախ է ապշելու իրողությունը, որ նվիրագործություն բառով նույնիսկ չի կարելի  բնութագրել․․․

Մի առիթով Թորոս Ազատեանի ժամանակակիցներից մեկը ասել է․ «Ակնայ – Խարբերդեան արիւնը կը խօսի Ազատեանին մէջ», և իրոք․․․ սկզբնական կրթությունը ստանալով ծննդավայրի՝ Ակնի Նարեկյան և Չմշկածագի Միացյալ ընկերության վարժարաններում, Խարբերդի շենշող բնությամբ տարված, արդեն գրական որոշակի հակումներ դրսևորած պատանին, «Կ․Պոլիս գալէն ետք, արդէն որոշակի փորձառությամբ» 1920 թ․ Մեծ եղեռնի արհավիրքները «հոգւոյն խորը» ստանձնում է Համազգայինի դիվանի քարտուղարի պաշտոնը, հետագայում, շուրջ տասնհինգ տարի վարում է Պատրիարքարանի քարտուղարությունը՝ տարբեր ոլորտներում, և կարծում ենք, այս տարիների ընթացքում է մտահղացել համահավաքել, վստահաբար մեծ ճիգերի գնով այլազան վավերագրեր։

Թ․Ազատեանը այս ամենից զատ դրսևորել է նաև բանասիրական հակումներ․ Միսաք Մեծարենցի կյանքն ու ստեղծագործությունը լուսաբանող հատորի հրատարակմամբ /1922/, ում հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել և առաջին ուսումնասիրողներից էր՝ հանճարեղ բանաստեղծի գրական ժառանգությունն արժևորող։

Այնուհետև, Կ․Պոլսի Ս․Փրկչի ազգային հիվանդանոցի «Ընդարձակ տարեցոյց» /6 հատոր/ խմբագրի իր առաքելությունը նույնպես բանասերի նվիրյալության խոսուն վկայություններից է։

«Աղբիւր անմահութեան» /1927/ բանաստեղծությունների երեք հատորները, ինչպես նաև «Քառասմբակ», «Զմրուխտի պատուհան» ժողովածուներում ամփոփված հեքիաթները, արևմտահայ գավառի կյանքն արտացոլող պատկերները այսպես թե այնպես պարագայական նշանակություն ունեն Թ․Ազատեանի գրական ժառանգության մեջ, և ինչպես նշել ենք, նրա խորագիտակ բանասերի առաքելությունը բոլորովին այլ էր և գրականության պատմության մեջ նրա ունեցած վիթխարի ավանդը արդեն նշյալ այլ հարթության վրա է դիտարկելի և հույժ արժևորելի՝ թերևս առանձին գիտական ուսումնասիրության խնդրո առարկա․․․

Թորոս Ազատեան և Կոմիտաս Վարդապետ․ ընդհանրապես Հայ երգարվեստի վեհափառի կյանքն ու գործունեությունը ուսումնասիրելիս անկարելի է զանց առնել Թ․Ազատեանի երկհատորյակը /Կ․Պոլիս, 1931/․ առտնին դրվագներ, հայկական ժողովրդական երգերի ուսումնասիրման եղանակավորման հետ կապված այլազան խնդիրներ, տեքստերի ստեղծման, համահավաքման մանրամասն դիտարկումներ և այլն, ամփոփված են այս հատորներում։ Թորոս Ազատեանը «գրի առած է» նաև մի շարք պատմական հիշատակարաններ․ /«Պէսճեան Մայր վարժարանի 100-ամեակը», «Բերայի Աղքատախնամի 50-ամեակը» և այլն/։ Նաև խմբագրել է«Արեւելք» և «Զարթօնք» գրական շաբաթաթերթերը։ Սա արդեն հանրային լիարյուն կյանքով ապրող մտավորական-հրապարակագրի, նվիրյալությունը հաստատող խոսուն փաստերից է։

Այնուամենայնիվ, ինչ մեծ բարեբախտություն․․․ որ Նա՝ մեծատարած նվիրյալը, զոհ չգնաց Մեծ եղեռնին․․․ Կ․Պոլսի Շիշլիի ազգային գերեզմանատանն է հանգչում Թորոս Ազատեանի աճյունը։

Արթուր Անդրանիկեան

andranikean@yahoo.com

WhatsApp +374 91 423 159

  • Hits: 395

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: