Ուրուագիծ դիմանկարի համար. Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղյան

 (Ադրիանապոլիս․ ներկայիս Պլովդիվ, 1886-1940 Փարիզ)

Սփյուռքյան գրողի ճակատագիր։ Իմա՝ Մեծ եղեռնի մնացորդաց սերնդին ազգային պատվախնդրությամբ բախտ,- մեծ հաշվով ապաբախտություն,- վիճակված տաժանելի օրեր, տարիներ․․․ Եւ ըստ այդմ՝ ճակատագրված․․․ նրանցից անհամեմատաբար՝ անպատկերելի ինչպիսի տոկունություն պետք է պահանջվեր, որպեսզի նյութական ապահովությունից զատ ապրեին ի գին ամեն բանի իրենց  վերապահված հայ ինքնությունը, ինքնահաստատ գոյութենականությունը չապազգայնացնելու համար։

Այս դժվարին, եթե ոչ տաժանելի ընթացքը հաղթահարելն իսկ ուժերի աններածին գերլարում էր պահանջում, եւ սփյուռքյան գրողը սոսկ եւ միայն գրական, ազգային, հանրային գործիչներն էին, ուսուցիչներ, լրագրողներ, վատթարագույն դեպքում տպարանային գրաշարներ, նաեւ քրտնախարշ բանվորներ եւ միայն «ազատ ատեններն» էին հիշում իրենց անվերապահ առաքելությունը․․․

Այս մտածումները չէր գրվի, եթե անդրադառնալու չլինեի Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղյանին, որն կենդանության ժամանակ «Փոթորիկեն վերջ» պատմվածքների ժողովածուից զատ որեւէ այլ ժողովածու չհրատարակեց․ մինչ այդ սփյուռքյան մամուլում Էտնա գրչանունով տպագրած նրա պատմվածքները, գրական մտորումները խոհագրությունները ընթերցողի ուշադրությանն արժանացել էին, քանզի չափազանց բարդ ու հակասական ժամանակներ տեսած կանացի հոգեբանական, նրբահյուս, իսպառ հոգեւին ապրած ոլորտից էին՝ «հայու բեկորներ» արտացոլեցնող․․․

Իսկ արդյո՞ք ժամանակը,- ժամանակները,- այդքան «թույլատու» չէին, թե՞ բազմազբաղությունն ու հանրային լիարյուն գործունեությունն էր խոչընդոտ․ վստահաբար, այո, հետադարձ հայացքն էր անհրաժեշտվում․․․ Տասնվեց տարեկանից, երբ հանդիպեց ապագա ամուսնուն՝ Հայ հեղափոխական դաշնակցության երեւելի գործիչներից՝ Սարգիս Բարսեղյանին /նահատակված Մեծ ոճիրի՝ 1915թ․ ժամանակ, որին ՀՅԴ Կ․Պոլսի բյուրոյի գործավարությունն էր վստահված/, անմիջապես նախաձեռնեց ստեղծել «Հայ կանանց միություն» կազմակերպությունը, որն համախմբում էր հեղափոխական գաղափարներով տարված կանանց մի այնպիսի ընտրանի, որոնց գործունեությունը ցայսօր ցավալիորեն ուսումնասիրված, արժեւորված չէ։

Կարճ ժամանակ անց Պերճուհին մեկնում է Ժնեւ՝ գրականություն ու մանկավարժություն տեղի համալսարանում ուսումնասիրելու։ Ամուսնու մահից հետո տեղափոխվելով Թիֆլիս շարունակում է իր գործունեությունը, իսկ որոշ ժամանակ անց՝ 1919թ․ մասնակցում է նորահռչակ Հայաստանի հանրապետության խորհրդարանի ընտրություններին․ հայտնի է, որ 80 պատգամավորներից երեքը կանայք էին, նրանց թվում, ինչպես Հայաստանի հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կինը՝ Կատարինե Զալյան-Մանուկյանը, Վարվառա Ռոտինյան-Սահակյանը, այնպես էլ ՀՅԴ կողմից առաջադրված Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղյանը։

Պատգամավորական գործունեության ընթացքում նրան է վստահվում ամերիկյան խնամատարական կոմիտեի հետ տարվող աշխատանքների համակարգումը․ նա մեր իրականության մեջ փաստորեն համարվում է առաջին ընկերային /սոցիալական/ նախագծերի հեղինակը։ Առաջին հանրապետության անկումից հետո, արտագաղթելով Թիֆլիս, ապա Պլովդիվ, հետագայում հաստատվում է Փարիզում, որտեղ եւ շարունակում է իր գործունեությունը՝ պաշտոնավարելով Նանսենյան գրասենյակում։ Այս ամենով հանդերձ, եթե հիշատակության արժան պետք է լինեն ՀՅԴ անդամ նվիրյալ կանայք իրենց ծավալած անմնացորդ գործունեությամբ, ապա առաջիններից մեկը Պերճուհու անունը պետք է արժանանա «գրոյ յիշատակի»։

Միջանկյալ նշենք որ Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղյանի անունը առաջին անգամ լսել եմ Արամ Մանուկյանի դստեր՝ Սեդա Մանուկյանից․․․ 1989թ․ իմ նախաձեռնությամբ «ինքնագործուղվել» էի Մոսկվա, մինչ այդ տեղյակ էի, որ Արամ Մանուկյանի դուստրը ապրում է Մոսկվայում, երկար փնտրտուքներից հետո գտա նրա հասցեն, զանգահարեցի, հայտնեցի իրեն հանդիպելու ցանկությունս եւ պայմանավորվեցինք հանդիպել «Նոգինի կայարան» մետրոյի դրսեկ ելքի մոտ։ Չէի ներկայացրել արտաքինս եւ իր լուսանկարը բնավ չէի տեսել, բայց ներքին ինչ անհավատալի զգացողություն, երբ բազմամարդ-խճողվածության «միջից» իրար ճանաչեցինք՝ անակնկալ ողջագուրումով։ (Իմ հարցազրույցը տպագրվեց լուսահոգի Կարեն Ա․Սիմոնյանի խմբագրությամբ հրատարակվող «Ժողովուրդ» հանդեսում, նույն թվականին)։

Տիկին Սեդայի տանը ավելի քան հինգ ժամ անչափ հետաքրքրահարույց զրույցի ընթացքում նա պատմեց բոլշեւիկյան հրոսակների կողմից իրեն եւ մորը՝ տիկին Կատարինային տնից վտարելու, այնուհետեւ մորը բանտարկելու մասին․ մոր եւ Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղյանի հարաբերությունները նույնպես շոշափվեց մեր զրույցի ընթացքում․ նրանք բանտում միասին են եղել, ինչպես նաեւ իրեն Երեւանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության դասախոսի հեռացման այլ մանրամասներ, որոնք իմ հիշողության մեջ սահմռկելի տպավորություն թողեցին; Եւ տարիներ շարունակ Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղյան անունը, նրա գործունեությունը ինձ «հետապնդում էր», եւ երբ կարդացի «Փոթորիկեն վերջ» ժողովածուն, հիմնավորապես ճանաչեցի այդ բացառիկ, տոկոնության մարմնացում ազգային երախտավոր գործչին՝ որպիսիք մեր երդմնազանց ուշադրությանը տակավին չեն արժանացել․․․

Հ․Գ․ Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղյանի ծոռնուհին՝ Ժաննա Բարսեղյանը Ստրասբուրգի ներկայիս քաղաքապետն է։

Արթուր Անդրանիկեան

  • Hits: 15792

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: