Ուրվագիծ դիմանկարի համար. Հերանուշ Արշակյան

Զի երկինքը անանց էր, մինչ կյանքը չի տեւեր․․․

Տրրան Չրաքյան

Վաղամեռ բանաստեղծների համար ստեղծագործելը երևի թե կյանքը ի գին ամեն բանի գեղեցկորեն երկարաձգելու հուսախաբություն է եղել․․․

Հերանուշ (Նարգիզ) Արշակյանը (1887-1905) բոլոր վաղամեռ բանաստեղծների պես (Պ․Դուրյան, Կորյուն Մկրտիչյան, Գարեգին Պեշկոթուրյան, Կարապետ Ոսկյան, Մ․Մեծարենց, Կարպիս Ճանճիկյան, Մաթևոս Զարիֆյան) սպասման տառապյալ էր եւ ուներ այն բանի մտավախությունը, որ, ինչպես ինքն է գրում «Կյանքը անիրականանալի երջանկություն մըն է»․ ինքը այդ խաբկանքով էր դողահար։ Վերուստ զրկված լինելով Ապրելու երջանկությունն վայեյել-ապրելուց, նա Մայրամուտի օրերին ելք էր փնտրում և միակը բանաստեղծորեն մաքառելու ճանապարհն էր․

Ցավի բաժակն մինչեւ մրուր քամեցի

Արյունելով շրթունքներս կանացի։

Հերանուշ Արշակյանի կյանքը եւ ստեղծագործությունը վերստին նոր արտափայլ է հաղորդում արեւմտահայ բանաստեղծների անավարտ Դիմանկարին։ Ծնված լինելով Կ․Պոլսի Պեշիկթաշ թաղամասում, երեք տարեկան էր, երբ մահանում է հայրը՝ ազգային հանրածանոթ գործիչ, «Տնտես» հանդեսի խմբագիր Հակոբ Արշակը։ Ճակատագրի այս անակնկալը իր անսովորությամբ նախանշան էր նրա հետագա կյանքի․ «Հիմա լոկ պատուհանես կը դիտեմ սգաստվեր ծառերը եւ անոնց հովանիի տակ հանգչող հոգիի մը համար կ՛աղոթեմ ու ամեն անգամ որ նայվածքս հոն կը հածի՝ կը հիշեմ հորս գերեզմանը, որ Շիշլիի մարմարագեղ գերեզմանոցի մեջ է»։

Օրըստօրե հասունացող մարմնահյուծ հիվանդությունը, որբության զգացումը միայնության ձգտող 16-ամյա աղջնակի գիտակցության մեջ անջնջելի հետքեր են թողնում։ Վերահաս հիվանդությունը նրան զրկում է հիմնավոր ուսում ստանալուց․ տասնհինգ տարեկան էր, երբ մոր հետ բնակություն է հաստատում իր վերջին օթեւանում՝ Վալիթե սուլթան ագարակում, որտեղ եւ մահանում է՝ «Ծաղիկ հասակին մեջ, պարտեզի մը ճերմակ ու լռակյաց պատերուն ետին» (Հրանտ Նազարյանց)։

Կ․Պոլսի Շիշլիի գերեզմանատանը, «Երազե, նիրվանայե, արցունքե, սերե շինված» գերեզմանաթումբը շատերի համար նրա մահից ի վեր դարձել էր մի փոքրիկ ուխտատեղի։ Մահվան պահին երեւի թե նրա երեւակայական աշխարհում թեւածել են անցյալի, ներկայի, ինչու ոչ, ապագայի մտապատկերներ եւ սա եղել է հոգեվարքի այն պահը, երբ կյանքը դեռ ըստ ամենայնի չի շնչել անհուսությամբ ու վերջին, վերջին ցանկալի հավատի կորստյամբ, բայց վստահաբար եղել է մի պահ, երբ նա զգացել է անզգայելին, շոշափել՝ անըմբռնելին, պատրաստ ունկն դնելու անըմբռնելու շշնջոցին՝ համոզված որ «Իր սկիզբը՝ իր վախճանն է» եւ ծնվել է բողոքը՝ վերջին խոսքը աշխարհին եւ ճակատագրին ուղղված․

ՈՐՔԱՆ ԱՆԳՈՒԹ ԵՔ

Ինչպես ինքն է խոստովանում․ բանաստեղծություններն իր համար եղել են «ցավագին օրերու մխիթարություններ, երբ ես կը գրեմ, գրելիքներս չեմ մտածեր, այլ զգացածս կը գրեմ․․․»։

Բանաստեղծուհու ժամանակակիցները նմանություն տեսնելով նրա եւ Պետրոս Դուրյանի ստեղծագործությունների միջեւ, անշուշտ նկատի են ունեցել աշխարհաճանաչողական ինչ-ինչ ընդհանրություններ․ «Կին Դուրյանն է ան․ կին ըլլալուն համար չէր կրնա երբեք անոր արտահայտելու ազատ ուժգնությունը, անոր բոցեղեն երեւակայության էլեկտրահոս սաստկությունը ունենալ․․․»։

Հերանուշ Արշակյանի ստեղծագործությունը որոշ շփման եզրեր ունի արեւմտահայ մեկ այլ վաղամեռիկ բանաստեղծի՝ Կարապետ Ոսկյանի հետ․ «Ոսկյանն իմ ամենեն սիրած բանաստեղծս է եղած, ինչպես Դուրյանը։ Իր գրածները ցավի աղաղակներ են, ան ալ Դուրյանին պես իր մահը նախատեսած էր»։ Նրա եւ Կարապետ Ոսկյանի, այնպես էլ դարասկզբյա մի շարք արեւմտահայ բանաստեղծների պոեզիայում խորապես զգալի է ֆրանսիացի բանաստեղծ Ալֆրեդ դե Մյուսեի «Գիշերներ» (1835-1837) քնարաշունչ պոեմների միայնակեցական ներամփոփումների գրական ազդեցությունը։ Թվում է, թե անմիջականորեն հիշյալ շարքը նկատի ունենալով է Հ․Արշակյանը գրում․ «Գրեցեք ինծի Մյունսեի վրա, այդ ֆրանսացի բանաստեղծը ամենեն փափուկ եւ զգայնոտ գրիչը ունի։ Անոնք երկերու կնմանին, եւ ես, որ երգով կու լամ ու երգով կը ժպտիմ՝ կպաշտեմ այդ երկերը»։

Հատկանշական խոստովանանք․ նրա պոեզիայում, արձակում եւ նամակներում նկատելի բանաստեղծական զտարյուն զգայնությունները միշտ էլ բխել են ինքնայրման հոգեխռով ապրումներից, որոնք նրա հոգեւոր եսի սահմանները դարձնում են առավել ընդլայն, անանձնական։ Հիրավի ճշմարտորեն է նկատել Հրանդ Նազարյանցը․ «Աստված զանիկա ծաղիկ ստեղծած ըլլալու էր», որը ապրեց ապրիմ-մեռնիմ ծաղկի կյանքի հարատեւությամբ եւ բույրով։

 Արթուր Անդրանիկյան

ՀԵՐԱՆՈՒՇ ԱՐՇԱԿՅԱՆ

Լացին գիշերը

Ստվերները հեռուն ահա կ՛երկարին,

Մթագնելով կանաչությունը սարին,

Այնպես տխուր կը սեւնա օրն ալ ավաղ,

Տառապանքի լսվին կոծերը նվաղ։

 

Եկեղեցին սեւ կը պատեն մահաստվեր,

Լացին երգեր կը բարձրանան դեպի վեր,

Եւ մոմերուն մարող լույսին առընթեր,

Ժողովուրդին լսվին խղդուկ հառաչներ։

 

Այս գիշեր մինչ Տերիս մահը կ՛եղերգեն,

Անչափ հեռու ժամեն, խունկեն, աղոթքեն․

Անկողինիս ճերմակին մեջ իմ միտքեն,

Այն երկնային Մահին հանդեպ կուլամ ես։

  • Hits: 2048

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: