Էսքիզներ դիմանկարի համար. Մովսէս Պճաքչեան

Բարեհոգի ու բարյացակամ մարդկանց հանդիպելիս՝ ինձ մտավորական եմ զգում, որովհետև նրանք նույնքան և նույնպես մտավորական  զարմից են սերված․ և սա առաջին իսկ պահից զգալի է, երբ հանդիպում ես չես հասցրել նույնիսկ մի քանի բառ փոխանակել։

Այս զգացողությունը ունեցել և ապրել եմ ամեն անգամ Մովսէս Պճաքչեանին հանդիպելիս․ նույնիսկ առաջին անգամ, երևանյան մի սրճարանում, երբ անծանոթ էի իրեն ու չգիտեի, որ բանաստեղծ է, վիպագիր, դրամատուրգ, սփյուռքյան և հատկապես ֆրանսահայ շրջանակներում քաջածանոթ մտավորական՝ այս բառի մտքի երազայնության  առումով, կենցաղից այնքան հեռու, որքան երևակայության մեջ դույզն ինչ խուսափուկ ապրելուց՝ իր իրականությունը ստեղծելու համար։

․․․Եւ առաջին հանդիպումը․ դեմքը ինձ ծանոթ թվաց, մտովի ճիգ, ջանք գործադրելով փորձեցի հիշել, բայց որ կեցվածքը «Սփյուռքեն կու գար»՝ համոզված էր․ հանկարծ հիշողողությունս չդավաճանեց․ վստահ էի՝ Մովսէս Պճաքչեանն էր։ Ինքը մինչ այդ զննողական հայացքով ինձ էր նայում։ Մոտեցա և միանգամից ասացի․ «Հայաստան» /իր ժողովածուներից մեկի վերնագիրն էր/։ Հասկացավ և ժպտադեմ հայացքով ասաց․ «Ո՞վ եք, հրամեցեք»՝ ցույց տալով իր կողքի դատարկ աթոռը։ Ոգևորված իմ «բարեհաջող» հումորային ծանոթությունից, շարունակեցի․ «Լուսավոր աչքերով օտարական մը» /իր վեպերից մեկի խորագիրը/ տակավին չեք ճանչնար։ Սևեռուն հայացքը առավել լայնաժպիտ դարձավ․ «Վստահ եմ հայաստանցի չեք, և ինծի ալ կարդացած եք ու կճանչնաք»։ «Ոչ, հայաստանցի եմ, և բարեբախտություն է Ձեզի այս պայմաններու մեջ հանդիպիլը»,- և սկսվեց մեր զրույցը իր գրականության, Սփյուռքի գրողների շուրջ, և այսպես «անվերջանալի, անհոգնեցուցիչ թվացող, շուրջ երեսուն տարի, երբ Երևան էր գալիս ամիսներով մնում, շարունակում իր «անկատար վերծանումները՝ Հայի և Հայության ինքնօրինակ տեսակին անդրադառնալով։

Մի առիթով Արփիկ Միսաքեանը չափազանց ճշգրիտ է բնութագրել Մովսես Պճաքչեանին․ «Մովսէսը Սփյուռքի հայն է, ինք չի կրնար ըլլալ ուրիշ մեկ մը․ Սփյուռքը կ՛ապրի որպես իր հայրենիքը»։ Ծնունդով Հալեպից էր․ 70-ական թվականների վերջին է հաստատվել Փարիզում՝ ապրելով արտասովոր ստեղծագործական կյանքով։

Մեր հանդիպումների ժամանակ,- հատկապես գչողների համահայկական համաժողովների ժամանակ և թե որևէ սրճարանում կամ Երևանում հյուրընկալած բնակարանում չեմ հիշում մի դեպք, որ անդրադառնար իր որևէ ժողովածուի, վեպի, թատերգության, միշտ «ինքն իրենից․․․ հեռու էր» իր արածի պատասխանատվության զգացումն ուներ ու դրանով էր ապրում, կարծես թե մտքում միշտ փայփայելով «թող գործը խոսի» դասական իմաստնասիրությունը, որ մտավորականին ավելի քան ճշգրիտ է բնորոշում։ Երբեմն ասում էր․ «Կը գրեմ միշտ այն ատեն, երբ ինքզինքս այնքան լեցված կզգամ»։ Ու ես չվարանելով ասում էի․ «Կը խորհեմ, որ հատկապես թատերգություններ գրելեն առաջ»։ Ժպտալով համաձայնում էր․ «Ճիշտ այդպես»։

«Անկարելին  կարելի» թատերախաղը կարդացել, բայց ներկայացումը չէի դիտել․ այն բեմադրվել էր Սփյուռքի տարբեր գաղթօջախներում և համընդհանուր գնահատանքի արժանացել։ Կյանքի անմոռանալի տարիները անցել էր Հալեպում․ միշտ հիշում էր Կրթասիրած վարժարանը, երկրորդական ուսման տարիները՝ Քարեն Ափփե ճեմարանում  Կրթական առավել փորձառությունը՝ Դամասկոսի պետական համալսարանում՝ անգլերեն լեզվի և գրականության մասնագիտացումով նաև հետագա շուրջ տասը տարվա ուսուցչություն նույն ճեմարանում, և այսպես շարունակ՝ անցյալից ներկա։ Վերջին տարիներին ավելի հաճախ էր Երևան գալիս, գրեթե տարին երկու անգամ․ մի տեսակ շտապողականություն էր նկատվում վարքագծում։ Աչալրջությամբ նախապատրաստում էր «Երկերի լիակատար ժողովածուն, որն հրատարակեց գրականագետ Վահագն Սարգսյանի սիրալիր աջակցությամբ՝ ստեղծագործության ողջ ժառանգությունը ի մի էր բերված, անցած ճանապարհի ողջ համապատկերը։ Չորրորդ հատորում զետեղված «Վարագույրը իջնելեն առաջ» /2009/ ուշագրավ օրագրությունը ավելին է, քան «մի ստեղծագործ կյանքի պատմությունը»՝ ուսանելի պատմություն, մանավանդ իր երկրային կյանքի «վարագույրը իջնելէն» հետո։ Իսկ իմ և շատերի հիշողության մեջ Մովսես Պճաքչեանը կմնա իբրև լուսավոր արքերով Հայ, որ երազեց և ապրեց միշտ «պատանիի մը պես իր առաջին լուրջ սերեն» զատ նաև հայությանը․ «Բարև Հայաստան» խոսքը շուրթերեն․․․

Արթուր Անդրանիկեան

  • Hits: 1090

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: