Խորխե Լուիս Բորխես

Foreign
    Արգենտինացի գրող, էսսեիստ, թարգմանիչ Խորխե Լուիս Բորխեսը  ծնվել է 1899 թվականի օգոստոսի 24-ին։ Միջազգային ճանաչում է ձեռք բերել 1960-ական թվականներին։ Ինը տարեկան հասակում իսպաներեն է թարգմանել Օսկար Ուայլդի «Երջանիկ արքայազնը» ստեղծագործությունը, որը լույս է տեսել տեղական ամսագրերից մեկում։ Գրողի ընկերները կարծում էին, որ ստեղծագործության իրական թարգմանիչը Բորխեսի հայրն է եղել։
    1921 թվականին սկսել է հրատարակել իր բանաստեղծությունները և էսսեները սյուրռեալիստական բնույթի ամսագրերում։ 1955 թ. Բորխեսը նշանակվել է Բուենոս Այրեսի Ազգային գրադարանի տնօրեն, ինչպես նաև սկսել է գրականության վերաբերյալ դասախոսություններ կարդալ Բուենոս Այրեսի համալսարանում։ 1971 թ. ստացել է Երուսաղեմի անվան մրցանակ։ Բորխեսի ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրներում։
    1967 թվականին Բորխեսը ամուսնացել է Էլզա Աստետ Միլանի հետ։ Զույգի ամուսնական կյանքը տևեց ընդամնեը 3 տարի։ Օրինական ամուսնալուծությունից հետո Բորխեսը տեղափոխվել է մոր մոտ և ապրել վերջինիս կողքին մինչ նրա մահը։
    1975 թվականից սկսած՝ արգենտինացի գրողը ճանապարհորդել է տարբեր երկրներով մեկ։ Ճանապարհորդության ողջ ընթացքում գրողին ուղեկցել է իր անձնական օգնական Մարիա Կադոման, որի հետ էլ ամուսնացել է իր մահվանից մի քանի ամիս առաջ։
    Բորխեսի՝ արգենտինական մշակույթի նկատմամբ ունեցած հակումը հիմնականում կապված է նրա ընտանեկան տոհմածառի հետ։ Գրողի` ծնունդով անգլիացի տատը ամուսնացել է արգենտինացի Ֆրանչեսկո Բորխեսի հետ, որը պատմական մեծ դեր է ունեցել քաղաքացիական պատերազմներում, որոնց արդյունքում էլ Արգենտինան և Ուրուգվայը ճանաչվել են որպես անկախ պետություններ։
 «Կիրք Բուենոս Այրեսի հանդեպ» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն համարվում է Բորխեսի առաջին գիրքը, որը լույս է տեսել 1923 թվականին։ Նրա ստեղծագործությունների զգալի մասը նվիրված է արգենտինական մշակույթին («Տանգոյի պատմությունը»), ինչպես նաև գրականությանը («Արգենտինացի գրողը և ավանդույթը»)։
    Բորխեսը Նոբելյան մրցանակ չի ստացել գրականության ոլորտում, և այս փաստը մշտապես հուզել է գրողին։ Հեղինակն ինքն այդ մասին ասում է. «Ինձ Նոբելյան մրցանակով չպարգևատրելը դարձել է Սկանդինավյան սովորույթ. ծնվելուս պահից ի վեր ինձ չեն մեծարել»։ Կարծիք կա, որ Բորխեսը մրցանակ չի ստացել իր չափից դուրս պահպանողական քաղաքական հայացքների պատճառով։
    Մեծահամբավ արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսը մահացել է լյարդի քաղցկեղից 1986 թվականի հունիսի 14-ին Ջենովայում։
  • Hits: 73648

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: