Արամ Պաչյան

Armenian
    

 Ծնվել է 1983 թվականի մարտի 19-ին, Վանաձորում, բուժաշխատողների ընտանիքում։ Հայրը ճանաչված վիրաբույժ Հակոբ Ղուկասի Թամամյանն է, ով 1988-1994 թվականներին կամավոր և գործուղումով մեկնել է ՀՀ Գորիսի, Մեղրիի, Ճամբարակի, Նոյեմբերյանի, ԼՂՀ Հադրութի, Շահումյանի շրջաններ, Գետաշենի ենթաշրջան, Ստեփանակերտի հիվանդանոցներում, կենտրոնական և ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բուժել և վիրահատել է վիրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։

1999-2004 թվականներին Պաչյանը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 2002 թվականին Բրիտանական Արևելք-Արևմուտք Կենտրոնի կողմից կազմակերպված «Նախադեպային իրավունքը և Մարդու Իրավունքների Պաշտպանության Եվրոպական Կոնվենցիան» սեմինարներին ակտիվ մասնակցության համար արժանացել է «British East West Center and Center of Comparative Jurisprudence» հավատարմագրին։ 2003 թվականին մասնակցել է Ամերիկյան իրավաբանների Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղաքացիական պատերազմների ընթացքում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը» թեմայով «Philip C Jessup» անվան միջազգային մրցախաղին՝ ճանաչվելով որպես լավագույն բանախոս։ 2004-2006 թվականներին ծառայել է Հայաստանի Զինված ուժերում։ Պատմվածքները, էսսեները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում՝ («Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի Լույս», «Նարցիս» գրական հանդես, «Ինքնագիր» գրական հանդես)։ 2008 թվականին «Թափանցիկ Շշեր» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին։ 2009 թվականին «Ռոբինզոն» պատմվածքի համար կրկին արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին։ 2009 թվականին «Աշխատանք, Աշխատանք» և «Շախմատային Նովել» պատմվածքների համար արժանացել է «Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային հանդեսի մրցանակին։ 2010 թվականին «Actus Tragicus» էսսեի համար արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին։

2010 թվականին Պաչյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ՝ 2009 թվականին գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար։

2012 թվականին 106.5 Լրատվական Ռադիոյով վարել է «Գրադարանում Արամ Պաչյանի հետ» հեղինակային հաղորդաշարը։

2015 թվականին «2013-14 թթ. Լավագույն Արձակ Ստեղծագործության համար» արժանացել է «Անդին» գրական ամսագրի մրցանակին։

2015 թվականին «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում վարել է գրելու և գրականության դասընթաց։

Արամ Պաչյանի փորձարարական, անտիպ վեպի տեքստերի հիման վրա գրվել եւ 2015 թվականի փետրվարի 22-ին «DILIJAN CHAMBER MUSIC»-ի շրջանակներում ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքի «Zipper Hall» սրահում կատարվել է շվեյցարաբնակ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի վոկալի, ջութակի և հարվածային գործիքների համար գրված «Pachyan Fragments» ստեղծագործությունը։

2016թվականին Պաչյանին նկարահանել է Նիդերլանդական հայտնի VPRO հեռուստաընկերությունը՝ «Offline is the new luxury (VPRO backlight)» վավերագրական ֆիլմում:

 

ԱՄՆ-ի Այովայի համալսարանի «Գրողների Միջազգային Ծրագրի» 2018 թվականի շրջանավարտ է:

 

Գրքեր

Ռոբինզոն և 13 պատմվածք, Երևան, Գրական էտալոն, 2010

Ցտեսություն, Ծիտ (վեպ), Երևան, Անտարես, 2012

Ռոբինզոն, (պատմվածքներ), Երևան, Անտարես, 2012

Օվկիանոս, (պատմվածքներ), Երևան, Անտարես, 2014

Робінзон, Львів, Видавництво Старого Лева, 2015

Ցտեսություն, Ծիտ (վեպ) 2-րդ հրատարակություն, Դարակ, 2017

Goodbye, Bird, (novel), London, Glagoslav Publications, 2017

Օվկիանոս, (պատմվածքներ) 2-րդ հրատարակություն Երևան, Անտարես, 2018

Ռոբինզոն, (պատմվածքներ) 3-րդ հրատարակություն, Երևան, Էջ, 2019

Ցտեսություն, Ծիտ, (վեպ) 3-րդ հրատարակություն, Երևան, Էջ, 2019

Довиждане, Птицо (роман), София, Парадокс, 2019

  • Hits: 11459

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: