Էռնեստ Հեմինգուեյի նամակը Հարվի Բրեյթին

    Սիրելի Հարվի
    Ինչպե՞ս ես, փոքրիկ, ինչպե՞ս են գործերդ: Մենք ճամբար կանգնեցրինք Քենիայի և Տանգանիկայի սահմանին: Արդեն մոտ 7 օր է՝ այստեղ եմ: Ինձ նշանակել են վայրի կենդանիների պահպանման պատվավոր տեսուչ և արտակարգ իրավիճակից ելնելով՝ նաև հեծելապահակ: Առաջնակարգ կյանք: Օրուգիշեր՝ խնդիրներ: Այ, երեկ փղերի նախիրը (21 փիղ) ոտքի տակ է տվել արոտավայրը, որը պատկանում էր «հարսնացուիս»՝ ուակամբա ցեղից: Կենդանիները արածում էին մոտակայքում, և 9 փիղ անցել էր եգիպտացորենի դաշտի միջով, որը անձրևից հետո բարձրացել էր համարյա 15 ֆուտով… Մենք հետապնդեցինք նրանց մինչև բլրաշատ տարածքներ և հետո թողեցինք ուղեկցող Արապ Մայնին և ևս մի մարդու, որպեսզի նրանք վախեցնեն փղերին, եթե վերջիններս հանկարծ մտադրվեն գիշերով վերադառնալ: Ստուգեցինք գոմեշների նախիրը (82 գոմեշ). նրանց հետ ամեն ինչ կարգին էր: Գտանք էգ առյուծին, որը Սուրբ Ծննդի նախօրեին ձագեր էր ունեցել: Նրա հետ նույնպես ամեն ինչ կարգին է: Էգ առյուծը հոշոտել է եղջերուների ոչ մեծ նախիրից մի արուի: Նա սեպտեմբերից իմ ընկերն էր, բայց նախիրում մեծանում են 6 երիտասարդ արուներ, և նրանցից մեկը կդառնա առաջնորդ: Միևնույն է, ես խղճում եմ հոշոտված եղջերուին:
    Քնելու պառկում եմ վաղ, գիշերն արթնանում եմ և նիզակով ուղևորվում զբոսանքի: Ուսումնասիրում եմ հնչյունները, կենդանիների տարատեսակ գիշերային ձայները: Լուսարձակից չեմ օգտվում և քայլում եմ մենակ, փափուկ երկարաճիտ կոշիկներով: Առավոտյան՝ 5:30, թեյում ենք, և հետո ես ու միսս Մերին իր հրացանակիր Չառոյի (նա մոտ 80 տարեկան է և Մերիից ավելի ցածրահասակ է) և իմ հրացանակիր Նգուիի հետ (նա Մկոլայի տղան է, ով իմ հրացանակիրն է եղել այն ժամանակ, երբ ես գրում էի «Աֆրիկայի կանաչ բլուրները») գնում ենք որսի: Նգուին ամուր ընկույզ է. նա 7 տարի ծառայել է Աֆրիկյան Թագավորական հրաձգարանում՝ Աբիսինիում, Բիրմայում, և այլուր:
    Աբիսինիում նա փոքր ինչ իտալերեն խոսել է սովորել: Նգուին ու ես սիրահարված ենք երկու աղջիկների՝ ուակամբաների մոտակա գյուղից: Դա հիասքանչ գողտրիկ գյուղ է առվի ափին՝ եգիպատցորենի պլանտացիայով. 15 ակր տարածություն, և մի քիչ էլ հացահատիկային բույսեր-մեր աղջիկները այդ ամենի ժառանգներն են… Միայն մերն են… սև են և շատ գեղեցիկ: Ամեն օր նրանք մեզ նվերներ են բերում՝ քաղցր եգիպտացորեն և սեփական արտադրության գարեջուր (շատ որակյալ), և այսօր ես նրանց նվիրեցի մի ֆունտ հալած խոզի ճարպ և միսս Մերիի սպանած վարազի հետնամասը, ինչպես նաև մի քիչ աղ և «Լայֆի» համարը: Երեկ ծանոթացա «հարսնացուիս» մոր, եղբոր և երկու քույրերի հետ: Նրա հայրը ոչ այդքան ազնվազարմ ծագում ունի, բայց ապրում է բարեկեցիկ: Մայրը շատ դուրեկան կին է և վերջերս է ծննդաբերել: Միսս Մերին ոչ մի բանի չի միջամտում, ամեն ինչ հասկանում է, և ընդհանրապես, կեցցե նա…
    Ես պետք է սպանեմ գիշատիչներին, որոնք հարձակվում են նրանց նախիրի վրա կամ որոնք կոխկրտում են արոտավայրը: Մինչ ես դրանից գլուխ եմ հանում նրանց մոտ որոշակի հեղինակություն կվայելեմ: Կշռում եմ 186 ֆունտ, երկար ժամանակ կշռում էի՝ 190-192: Ածիլել եմ գլուխս. այդպես «հարսնացուիս» ավելի է դուր գալիս: Նրան դուր է գալիս շոշափել գլխիս սպիերը: Ես միշտ մտածել եմ, որ դրանց համար պետք է ամաչել: Բայց ոչ այստեղ: Հարվի, աֆրիկացի աղջիկները՝ առնվազն մասաիի ու ուակամբայի, իսկապես հիացմունքի են արժանի, և ողջ անհեթեթությունը այն մասին, որ նրանք զուրկ են սիրո զգացումից, կատարյալ սուտ է: Ուղղակի նրանք ավելի կենսուրախ են, քան մեր աղջիկները: Թերևս, բավական է այդ մասին, քանի որ ես ուզում եմ գրել նրանց մասին ճշմարտացիորեն…
    Մաղթում եմ մեծ սեր և շնորհավոր Նոր տարի:

    Քենյա, Մագադայի մոտ, 4 փետրվարի 1954թ.
Անգլերենից թարգմանեց Մանե Գրիգորյանը
  • Hits: 5820

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: