Նելլի Սահակյան

Բանաստեղծություններ








ԿԱՆԱՉ ԱԹՈՌ

Երբ օճառը պլստա ձեռքից ու ընկնի հատակին,
ու շեղ ստվերը դայակի ընկնի մեր ոտքերի տակ,
մենք կշտապենք,
մենք կշտապենք, հայրի՛կ,
մեր բարձի տակ պահել մեր մանկությունը,
որովհետև ինչ-որ տեղ
մեկը պատռել էր մեր նկարած նկարներ. 

ինչ-որ մեկը պատռել էր մեր նկարած նկարները`

կանաչ աթոռը,
կանաչ աթոռի վրա նստած մանկությունը,
շիլայոտ ձեռքերը
զգաստ`  ծնկներին դրված,
սպիտակ թաշկինակը շալվարի գոտկատեղից կախված,
հեծլտոցը,
լացը,
կանաչ աթոռը`
օճառը ինձ պես գցող
բոլոր երեխաների,
որովհետև, ես ատում եմ, հայրի՛կ,
ես այնքան շատ եմ ատում բոլոր տեսակի դայակներին…
 
երևակայություն է,
հայրի՛կ,
ընդամենը երևակայություն,
երբ շեղ ստվերը դայակի,
քանոնի պես հարվածելով մեր հինգ մատին,
բանալու անցքից սայթաքեց հատակին…
 
և հիմա ես երջանիկ եմ,
ես այնքան շատ եմ երջանիկ,
որովհետև չկա ավելի ուրիշ ուրախություն,
քան հիստերիկ ծիծաղը,
երբ ոսկորներդ քսվում են իրար ու ժանգի ձայն արձակում
երբ նրա լպրծուն ու կանաչ մարմինը գորգի պես հատակին է փռված,
որովհետև չկա ուրիշ ուրախություն,
քան այն, որ նա պլստացել է հենց  քո ձեռքից ընկած օճառի
կամ բանանի կեղևի վրա…  

բայց ես վախենում եմ,
ես այնքան շատ եմ վախենում,
որ նրա լպրծուն լեշը կթպրտա հատակին,
որ նա վեր կկենա
ու նորից ջուրը կնետի
կանաչ աթոռն էլ
կանաչ աթոռի վրա նստած մանկությունն էլ,
ինձ էլ,
քեզ էլ…
ՍՐԱՆՔ ԿԱՆԱՅՔ ԵՆ
Սրանք կանայք են`
որովայնից դուրս ու ներս
բազմաթիվ երեխաներով…
 
փեշերի տակ
բախված պարտականություններ են,
մոմի պես թույլ, վիժված երեխաներ,
մանրիկ թռչուններ են համառ,
անմիտ կտկտոցներ  մայթերին,
ցփնած ժպիտներ են շուրջը
ու ոչ ոք չգիտի,
թե որ մայթին կավարտվի
մայրերից ժառանգած արատը…
 
սրանք կանայք են,
որովայն չունեցողները
դուրս էին մայթերի հերթագայությունից,
նրանք կարծում էին, որ կգտնվի մի ծաղիկ ,
որն ինքը կորոշի, թե որ հողի մեջ նետի
իր արմատները…
 
և ինչպես եվա,
ծառերի ճյուղերին լվացք փռող եվա,
ամեն ծառի
ու թփի տակ ընկած եվա,
մերկ եվա,
ինչ գեղեցիկ էր եվան…
 
սրանք կանայք են…
ինչ-որ մեկը կճոճվի հիմա,
ինչ-որ մեկը կքշտի թևքերն
ու բաժակը ձեռքին կճառի`
կանանց կենացը…
 

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
Պահ` 
ասացի ես,
և փշրվեցի 
երևանի բոլոր ճամփեքին,
ու գլորվեցի 
երկրագնդի ամեն մի աստճանից,
ու նետվեցի 
աշխարհի բոլոր կամուրջներից…

ցախավելներով դեղին մարդիկ եկան
ու բեկորներս հավաքելու փոխարեն
հրեցին գորշ 
ու անտաշ 
մեքենաների տակ

պահ`
ասացի` 
սեփական հիվանդությունս
մեկ այլ հիվանդությամբ բուժելու համար
ու խեղդվեցի աշխարհի բոլոր շշերի մեջ
ու նետվեցի աշխարհի բոլոր կամուրջներից

հրվելով գորշ ու անտաշ
մեքենաների տակ`
պահ`
ասացի,
երբ ոտքնահետքի մեջ մարդկանց 
ջրափոս գտա

և ապրեցի այնտեղ,
քանզի այնտեղ 
երկինքն էր արտացոլված…
 

ԱՆՆԱ ՖՐԱՆԿ
ինչպես կատաղած կին
և ամենաուժեղն աշխարհում
ես աննա ֆրանկն եմ`
այսօր սև ու մուգ ամպ,
որովհետև մուգ լինելը վատ բան չէ,
երբ ներսդ մի քիչ մոխիր կա,
մի քիչ սեր,
ա՜ղ,
կծո՜ւ,
խո՜ց,
թո՜ւյն

աննաներից ամենասևն ու մուգը ես եղա. 
բոբիկ ու անտեր եկաք.
եկ'աք , գնացի՜ք, եկա'ք…

ի՞նչու ինձ պատժեցիք տղամարդու պես

կի՛ն եմ 
չհաշվեցիք էլ.
էգ թռչուն ընդամենը`
հարավ մեկնող սովորական թռչուններից մեկը`
ամուր տխրությամբ ու պողպատե թևերով զույգ

ի՞նչու ինձ պատժեցիք տղամարդու պես 

ասացի` փոշի է,
կյանքը փոշի է, 
ասացիր` սուտ է,
սրտի մեջ աղբ է ,

աչքերի մեջ`վախ,
ժանիքի մեջ` թույն:

ինչպես կատաղած կին 
և ամենաուժեղն աշխարհում
ես Աննա Ֆրանկն եմ
հայհոյե’ք,
փնովե'ք
և ինձ Ֆրանկ անվանեք,
որովհետև ես Ֆրանկն եմ`
աննաներից ամենադժբախտն
ու ամենաֆրանկն աշխարհում:
                                    

ՄԱՅՐ ԿԱՏՎԻ ԻՆՔՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
- ՄՅԱՈ՜Ւ,- գոռում էր հայրդ`
կիսաբաց դռնից ներս նայելով, աղջի՜կս,
այն ժամանակ, 
երբ հարազատ տերս`Բասթերը`
ուտելիքը ձեռքին ներս մտավ.

հայրդ լիզեց մռութը, 
շարժեց պոչը`նայելով ներս .
ու թախծոտ աչքերով շոյեց մրսած կատվիս գլուխը…

մռռռռում էր հայրդ դռան արանքից,
երբ ես գալարվում էի տիրոջս ոտքերին քսվելով`
աղաչելով հորդ ներս թողնել...
մռռում էր հայրդ ամբողջ հպարտությամբ,
բայց Բասթերը շրխկացրեց դուռը հորդ մռութին,
հետո ճաշեց գոհ-գոհ ու քնեց.

իսկ ես պատից պատ տվեցի ինձ`
հարազատ տիրոջս տանը`
հիշելով ստոր պապիդ,
ում այդպես էլ չտեսա
ու տատիդ հիշելով,
որ նետվում էր փողոցի կեղտոտ աղբամանների մեջ,
ընկնում շների ժանիքների տակ`
միայն թե կերակրեր ինձ,
որ ես էլ մայրանայի,
որ ես էլ նետվեի աղբամանների մեջ`
միայն թե կերակրեի քեզ:

զարթուցիչն արթնացրեց ինձ ,
Բասթերին ու քե՜զ ,
աղջի՜կս:

- ՄՅԱՈ՜Ւ,- գոռում էր հայրդ՝
անծանոթ կատվատներում ու փողոցներում `
հեռու մեզնից, աղջի՛կս…
երբ մի օր անվադողի տակ ընկավ…
 

ՕՐՀՆՅԱԼ ԼԻՆԵՍ ԴՈՒ, 
ՈՐ ՉԵԿԱՐ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ...
Մերկացված ու ծախված,
քծնված ամենքի
ու տրորված յուրաքանչյուրի կողմից`
օրհնյալ է հարությունը քրիստոսի...

օրհնյալ լինես դո՜ւ,
որ չեկար հարության հետ:

մեկն ասաց` ոտքի ճամփա է,
գնա` կհասնես` 
ասացի լավ, 
երբ պայթեց երկինքը ու դեմքիս կաթիլը դաջվեց

բոլոր ճամփաները
գծված ու ջնջված
յուրաքանչյուր անձրևի կամ ձյան ժամանակ
ինձ քեզ մոտ տարան,
բայց քեզ այլևս չբերեցին ինձ.

չբերեցին, չբերեցին, չբերեցին,
որովհետև ես սովորական ծիտ եմ,
ոչ թե ճնճղուկ, ագռավ կամ ճա՛յ,

որովհետև ծառին նստած ճնճղուկը գույժ է,
իսկ ագռավը` ավետիս:

կյանքը քեզ միանգամից չապտակեց.

գո՛հ եղիր, գո՜հ`
միանգամից չապտակեց,
ասաց`
լա՛վ եղիր եղբայր, լա՛վ եղիր,
մի երգ հորինիր,
այնպես, ինչպես հայրդ ու մայրդ 
ջահել ժամանակ հորինեցին քեզ
և վաճառիր այնպես,
ինչպես մարմնավաճառն իր մարմինը: 

ավելի հասուն քան ցավը`
օրհնյալ է հարությունը Քրիստոսի.
օրհնյալ լինես դո՛ւ,
որ չեկար
հարության հետ:
 

ՏՈՒՆ ԱՐԻ
Պոեզիան փողոցն է, մամ…
ասում ես`
տուն արի, հերիք է…
ես ասում եմ`
մի քիչ էլ,
մի քիչ էլ խաղամ…
ու այդպես էլ չեմ վերադառնում…

ես քո փողոցային դուստրն եմ:
մենք լաց ենք լինում
դռան հակառակ կողմերում,
որովհետև փողոցի մեջտեղում կանգնած էսքան լռությունն իմ
տաք տան կիսվող անհանգստությունը չի մանկական:
 

ՀԱՆՆԱ
Տղամա´րդ, տղամա´րդ, տղամա´րդ. 
ների´ր, 
ինձ ներիր,
որովհետև
ես քեզ նման չեմ,
որովհետև
քեզ գորգի պես մի օր կփռեմ հատակին,
կտրորեմ,
կկանգնեմ,
կքայլեմ,
որ գնամ`
դու կզգաս .
կուչ կգա´ս,
կհավաքվե´ս,
կփոքրանա´ս
կնեղանա´ս,
կծալվե´ս,
կճմրթվե´ս,
կմանրվես.
կփաթաթվես,
կասես` մի գնա,
Հաննա:

Հաննան քեզ սավանի երկարությամբ`
անկողնում կփռեր,
թխվածք կփշրեր վրադ,
սուրճ կթափեր,
կշոյեր շուրթերդ,
կհամբուրեր աչքերդ,
հետո կճմրթեր քեզ
ու լվացքատուն կուղարկեր:
Հաննան կհիշեր քեզ ու կմոռանար,
դու Հաննային կհիշեիր ու չէիր մոռանա,
բայց տղամա´րդ, տղամա´րդ, տղամա´րդ
բռունցքդ մի´ խփիր սեղանին,
ու մի՛ ասա վերջին խոսք,
որովհետև, հասկանում ես
Չունես ոչ մի բառ
և Հաննային Չունես: 
                                 
ների´ր, ների´ր Հաննային,
որովհետև հերթական բանաստեղծության նման`
սրտից պոկվեցիր.
և որովհետև պոկվեցիր սրտից`
Հաննան առաստաղի լայնությամբ,
պատերի երկայնքով ու բարձրությամբ`
պաստառի նման քերեց քեզ
և դրեց պահոցը,
ների՛ր, ների´ր Հաննային.
շուտով վերանորոգում կանի`
կփոխի հեռուստացույցի,
պահարանների ու մնացած ամեն ինչի տեղը,
որ դու չապրե՛ս,
բազկաթոռին նստած,
հեռուստացույց նայելիս ,
թեյ խմելիս
ու պատերի մեջ չապրես:

Հաննան կաթ-կաթ կցավի,
Հաննան բառ-բառ կդողա
ամեն անգամ, երբ տերև ընկնի,
ամեն անգամ, երբ ձյուն չգա:  

(Լուսանկարը՝ Վահե Բուդումյանի)
  • Hits: 6307

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: