Հովհաննես Գրիգորյան

Գիշերահավասար (Դանդաղ ժամեր, 1982-1986)

Հովհաննես Գրիգորյան
Գիշերահավասար
բանաստեղծությունների ընտրանի
Երևան 2005
խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան:
Դանդաղ  ժամեր
/1982 – 1986/
 
 
* * *
Ծիծեռնակներ օդում – ուղիղ մեջտեղից բացված տետրակների
նման: Առաջին ժամերը ցուրտ դասարանում:
Թվաբ: Աշխարհ: Բուսաբ:
Եվ դեմ առ դեմ առաջին հանդիպումը կմախքի հետ
անատոմիայի կաբինետում, և  ուսուցիչը, որի համեմատությամբ
կմախքը շատ ավելի կենսունակ ու կենսախինդ էր թվում
և շահում էր իր մարդկային հատկանիշներով…
Զանգերով, թվերով ու գնահատականներով լցված
                                                                          առավոտներ,-
բազմազան ժողովներ, որ ավարտվում էին պարերով,
հեռավոր էքսկուրսիաներ, որ ավարտվում էին
                                                     մոտակա պուրակում,
և սերը, որպես ֆակուլտատիվ առարկա թևածում էր
միջանցքներում, կպչում էր մեր թանաքոտ մատներին,
կավճի փոշուց ճերմակած արտևունքներին,
սերը, որի ետևից ընկած, ինչպես աներես ճանճի,
ուսուցչական կոլեկտիվը քշում էր օրնիբուն,
պայքարում քիմիական պրեպարատներով,
                                             թակարդներով զանազան…
Սակայն վաղ առավոտյան, գտնելով մի բաց լուսամուտ,
սերը նորից սուրում էր ներս, և սկսվում էր նորից
ամենօրյա վազվռտուքն ու պայքարը հուսահատ…
 
Ծիծեռնակներ օդում-
երկինքն ամբողջովին խզբզված է ծիծեռնակներով,
ինչպես տառասխալներով, ջնջումներով և ուղղումներով   լցված
աշակերտական տետրակի էջ:
 
 
* * *       
Վարձով տներում առավոտը բացվում է
                               սովորականից մի քիչ ուշ:
Իսկ գլխացավը նույնն է` Գյումրիից ստացված մի քանի նամակ
սեղանի վրա, անալգինի դատարկ տուփեր,
տանտիրոջ չգիտես թե ինչու հղի աղջիկը,
որը լվացք է անում առավոտից-իրիկուն,
իսպաներենի քրքրված դասագիրքը պատուհանի գոգին,
և դու չգիտես որտե՞ղ ծախսես զարմանալիորեն
                                       հրաշալի տրամադրությունդ,
որը քո մեջ ծիլ է տվել գարնանային այս կիրակի առավոտ:
Հեռվից հեռու լսվում է տրամվայի զնգոցը,
և դուռդ ճանկռում է կապույտ աչքերով կատուն:
Դու դեռ չգիտես, ո՞ր սրճարանում պիտի փչացնես օրդ
և որտե՞ղ պիտի ծախսես վերջին երեք ռուբլիդ-
գավառից եկած ուսանող` քառակուսի արդուկած շալվարով:
Եվ փակելով խցիկիդ դուռը.
                          
- Buenos dias, seրor,- խանդավառ ողջունում ես  տանտիրոջդ:
- Buenos dias, շուն շան որդի,- ի պատասխան մրթմրթում է
                                                                           տանտերդ,
տուն հրելով իր հղի աղջկան,
որի առավոտը, ըստ երևույթին, շատ վաղուց էր սկսվել…
 
 
* * *                        
Դաշնամուրի վրա մի մատով նվագված առավոտ,
պարզ հնչյուններ, որ թափանցում են վարագույրից ներս:
Շներ, կատուներ, ծտեր - ահա, քաղաքային ամբողջ ֆաունան,
աղքատիկ մի նվագախումբ` հասարակ իրադարձությունների
                                                համար նախատեսված:
Ի՜նչ արագ են երևում դատարկ օրվա նշանները,
և հորիզոնը` փոքրիկ պատուհանն է, փակված, չգիտես, թե
ում լվացքով` ճերմակ սավան` ավարտված կինոյի էկրան,
լույսերը վաղուց վառվել են, իսկ դու մենակ ես դահլիճում,
բոլորն արդեն գնացել են տարբեր ուղղություններով,
իսկ դու մոլորված նստել-մնացել ես, որովհետև չգիտես, թե
հիմա  ուր պիտի գնաս…մոլորված նստել ես քո վարձով
սենյակում, և օրը նոր է սկսվել, իսկ հոգիդ խամրած է,
ինչպես անձրևների տակ երկար մնացած կոնֆետի թուղթ:
 
Դաշնամուրի վրա
մեկ մատով նվագված առավոտ:
 
 
 
* * *                      
Գիշերը դու քնել էիր անտառում, բաց երկնքի տակ,
պառկած կանաչ խոտերին: Իսկ երբ արթնացար
վաղ առավոտ էր, իսկ երբ արթնացար` ուշացել էիր արդեն-
խոտերը աճել էին քո միջով,
ճյուղերն անցել էին քո միջով, իսկ հենց կրծքիդ վրա,
հենց այնտեղ, որտեղ սիրտդ է, բացվել էր մի ծաղիկ`
չափազանց վառ գույներով և թերթիկները 
փոխում էին գույներն ամեն ակնթարթ:
Թեթև քամին ճոճում էր խոտերը և ես զգում էի,
որ ճյուղերն իմ ձեռքերն են,
թիթեռները պտտվում էին ծաղկի շուրջ,
և սիրտս ուռչում էր ուրախությունից…
Ես երևի մեռել եմ, - մտածեցի առանց խուճապի, -
ես երևի վաղուց եմ մեռել, -շարունակեցի մտածել:
Իսկ եթե չեմ մեռել, ապա վատ չէր լինի,
եթե մի քիչ էլ այսպես ապրեի…
 
 
ՆՈՐ  ԱՐԹՆԱՑՈւՄ
Թեթևորեն անցիր վերադարձող հոգիների միջով:
Կնճռոտված մարմիններ, որ ջուր են խմում
գլուխները թաղած երբեք չնվազող գետակի
                               անընթեռնելի ջրերի մեջ:
Իմաստուն աչքերով մանուկներ, -
մի քանի կյանք է սահել ծերացած մատների արանքով:
Հնարավորին չափ ազատ տարածություն,
ուր դու պիտի քայլես վերադարձող հոգիների միջով,
և խոտերը պիտի չզգան քո մարմնի ծանրությունը:
Բազեների նման դժվարությամբ բացուխուփ անելով թևերը
վիթխարի թիթեռներն են անձայն սահում`
շփոթված իրենց ահռելի չափսերից, իրենց
գույների առատությունից, և ընդհանրապես,
ամեն ինչից շփոթված…
Եվ գետակը, որի ջրերը երբեք չեն նվազում,
արտացոլում է իր մեջ աչքեր` զարմանալի հստակությամբ,
աչքեր, որ ոչ հարցեր են տալիս
և ոչ էլ պատասխան են որոնում
գարնանային մոլեգնած կատուների համառությամբ:
 
Ինչ-որ մի տեղ օրերը բացում ու փակում են իրենց թևերը,
ինչ-որ մի տեղ սահում է իմ կյանքը
ծերացած մատների արանքով…
 
 
* * *            
Ես ինչպես մոռանամ քեզ,-
ես, որ հիմա թափառում եմ
ապրողնրի և մեռնողների արանքում:
Ես, որ կիսով չափ հողի մեջ եմ:
Եվ ամեն անգամ, երբ նորից
տերևակալում են թևերս
և սրտիս միջից իր ցողունն է երկարում
թունավոր վառ գույներով ծաղիկն անանուն`
ես մտածում եմ, թե` էլ ե՞րբ եմ մոռանալու քեզ
և էլ որտե՞ղ եմ մոռանալու,
երբ կիսով չափ այստեղ եմ և հիշում եմ քեզ,
և կիսով չափ այնտեղ եմ և էլի հնար չկա
քեզ մոռանալու,
և չկա ուրիշ,
մի ուրիշ աշխարհ էլ հեռանալու… 
 
 
ՓՈՔՐԻԿ  ԲԱՆԱՍՏԵՂԾՈւԹՅՈւՆ
Տուն,
որտեղ ես կուզենայի ապրել:
Լուսամուտի  գոգին շարված ծաղիկներ:
Ջրով լի գրաֆին` սեղանի վրա:
Կիսատ ընթերցված գիրք` նետված բազմոցին,
թանձր վարագույր, որի ետևում թաքնված
ժամերով կնայեի պատուհանից,
թե ինչպես է բակում խաղում փոքրիկ աղջիկս,
ոտից գլուխ փոշոտված:
Եվ ես կուզենայի ապրել
անվերջ:
 
 
ՌՈՄԱՆՍ
Ես հիմա կուզենայի պառկել մի որևէ հարմար տեղ
և մեռնել քո սիրուց – մեռնել ամենաիսկական մահով,
մեռնել ամենաիսկական սիրուց:
Իսկ որտեղի՞ց գտնել մի հարմար տեղ,
գուցե քաղաքային այգո՞ւմ, մաքուր խուզած խոտերի մե՞ջ,
ծառերի արանքում… բայց թնդում է փողային նվագախումբը,
բայց որոտում են բարձրախոսները և կարուսելներն են ճռնչում,
և երեխաներն են վազվզում ամենուրեք,
իսկ թոշակառու կանայք փնթփնթում են` թո՜ւ, այս ո՞վ է
պառկել խոտերի մեջ, երևի հարբած է, չի էլ ամաչում…
Գուցե տո՞ւն գնամ, պառկեմ բազմոցին,
փակեմ դուռ ու լուսամուտ… բայց հեռուստացույցը
երգում է բարձրաձայն, հեռախոսը զնգում է անդադար,
իսկ վերի հարկում հայրը դաստիարակում է երեխային,
իսկ ներքևի հարկում երեխան դաստիարակում է հորը,
և դժգոհում են իրարից անթույլատրելի եղանակներով,
գումարած ծորակը, որից ջուր է կաթում անդադար…
Միգուցե գնամ քաղաքից դո՞ւրս` հեռու մարդկային ժխորից,
վերջին լուրերից, տրամվայից, պինոչետից, ասպիրինից,
կպառկեմ բաց երկնքի տակ, գլուխս կդնեմ չոր քարին,
կնայեմ լուսնին և քո դեմքը կտեսնեմ,
քո աչքերը կտեսնեմ և սիրտս կմարի ցավից…
Բայց քաղաքը ոչ մի կերպ չի վերջանում, այլ շարունակվում է
քաղաքատիպ ավանով, հետո ավանատիպ
գյուղերն են սկսվում և ապա դարձյալ նույն քաղաքն է
ծավալվում քո դեմ, շատ պարզ պատճառով` որովհետև
երկրագունդը կլոր է և ամենուրեք նույն կլոր լուսինն է,
կլոր ու ծանոթ, ինչպես նույն մուտքի բնակիչ,
որի անունը չգիտես, բայց բարևում ես կանոնավոր,
և նույն երկինքն է` Մենդելեևի աղյուսակի
նման ձգված վերևում, և աստղերը շարված են
ամեն մեկն իր վանդակում, և ահա, վերջապես,
գտնում եմ մի դատարկ վանդակ,
գնում պառկում եմ ապահով,
և մեռնում եմ քո սիրուց, ամենաիսկական մահով –
ամենաիսկական սիրուց…
 
 
ԳՐԻԳՈՐ  ՆԱՐԵԿԱՑԻ
Ես այդքան մեծ ու զարմանալի գետ երբեք չէի տեսել:
Անհնարին մի գետ, որ հոսում է բոլոր ուղղություններով,
և որի մեղավոր ջրերում լողում են անմեղ ձկներ,
և ինչ-որ զարմանալի բույսեր գետի խորունկ հատակից
արագորեն աճում ու բարձրանում էին վեր
և ձեռքերի նման պարզվում էին երկինք
և հետո հուսահատ ծալվում էին նորից,
նույն արագությամբ սուզվելով գետի ծանր ջրերի մեջ:
Բայց պիտի երազ տեսնես` անվերջ կրկնվող պատկերներով,
և բոլոր պատկերներում նույն հայացքն է,
որ նայում է բոլոր ուղղություններով, և նույն ձկները,
որ շողում են նրա աչքերի մեջ, հեռավոր
նմանություն ունեն հին և մեռած բառերի,
որոնք մթան մեջ փայլփլում են քարանձավներում
սովամահ ճգնավորների հազարամյա քաղցած բիբերով –
հին և սովամահ բառերի, որոնք խեցիներ են դատարկ,
և կյանքը` խխունջը ճերմակամիս, վաղուց լքել է նրանց:
Բայց պիտի երազ տեսնես` մեծ ու զարմանալի մի գետ,
որի ավազների միջից պսպղում են
բոլորովին կենդանի ժամացույցներ, և դու
պարզ լսում ես նրանց կտկտոցը համերաշխ,
և ձկնորսի ճիչը զվարթաձայն, որը քաշել է ուռկանը ջրից,
իսկ ուռկանի մեջ մի վիթխարի ժամացույց է թպրտում`
անվերջ կրկնվող պատկերներով, և ձեռքը,
որ սահում է դեմքի վրայով, և աչքերը,
որ արդեն ճանաչել են քեզ, և աչքերը`
հազարամյա քաղցած բիբերով սկսում են
դանդաղ ժպտալ…
 
 
ՎԵՐՋԻՆ ՀԵՔԻԱԹ
Գրադարանները պայթում են գրքերի առատությունից:
Գուցե թե սա վերջին դա՞րն է, կամ
էլ առավել սարսափելին` վերջին տարի՞ն:
Իսկ քանդակագործը քանդակում է անվերջ
և արվեստանոցը բերնեբերան լցված է քանդակներով,
և տունը լցված է քանդակներով,
և կինն ու երեխաները ստիպված փողոցում են ապրում,
բայց շուտով փողոցն էլ կլցվի քանդակներով,
իսկ քանդակագործը քանդակում է անվերջ,
և ոչ մի հնար չկա նրան կանգնեցնելու:
 
Գուցե թե սա վերջին դա՞րն է, կամ
էլ առավել սարսափելին` վերջին տարի՞ն:
Բուռն շինարարություն է ծավալվել
                               վերջին անմարդաբնակ կղզում`
հոթելներ, մոթելներ, բազաներ և տուրբազաներ, ամենուրեք
փոշի, վերամբարձ  կռունկներ, ցեմենտ կիր ու ավազ,
և աղբահավաք մեքենան ծով է տանում լցնի ինչ-որ
ցնցոտիներ, փալաս-փուլուս, ռոբինզոններ և ուրբաթներ`
թափքի մեջ բարձած…
 
Գուցե սա իսկապե՞ս վերջին դարն է, կամ
էլ առավել սարսափելին` վերջին տարին:
Իսկ հեքիաթն ընթանում է իր սովորական հունով`
նույն թագավորի տղան և արքայադուստրը նույն,
նույն բարի հրեշտակը և նույն սատանան չար…
Միայն թե` լինում է, չի լինումի փոխարեն –
եղել է ու այլևս չի լինի…Իսկ հեքիաթի վերջում
երկնքից երեք նեյտրոնային ռումբ է ընկնում,
մեկն ինձ, որպես հեքիաթասացի, մյուսը` ձեզ,
որ համբերությամբ ապրեցիք այսքան տարիներ,
իսկ երրորդը` հենց այնպես,
հետաքրքրության համար:
   
 
ԱՌՕՐՅԱ  ՊԱՏՄՈւԹՅՈւՆ
Ինչ խոսք, կարելի էր և բաց թողնել այս պատմությունը
և շարունակել բանաստեղծությունն իր հին հունով,
ի վերջո, սքանչելի եղանակ է սիրուց տառապելու համար,
և պատշգամբից բացվող տեսարանը նպաստավոր
պայմաններ է ստեղծում հորդաբուխ զգացմունքներիդ առաջ:
Սակայն ճշմարիտն այն է, որ հենց հիմա
կանգնած ձմերուկի հերթում կանոնավոր տարուբերվում եմ
մարդկանց մի հոծ խմբի հետ և  աղմուկ-աղաղակից ոգեշնչված`
ձգտում եմ մոտենալ երանելի պատուհանին, որի
ետևում կանգնած երազկոտ աչքերով գործակատարը`
միջին տարիքի ճերմակահեր մի տղամարդ,
հայացքն ինչ-որ անհայտ ուղղությամբ հառած,
խաղաղվելու կոչ էր անում մեզ`
պատրիկավայել շարժումով ձեռքը վեր պարզած
և գունատ շրթունքները հազիվ շարժելով
շշնջում. «Սիրեցեք զմիմեանս», և անսքող
դաժանությամբ թալանում էր մարդկանց, բոլորին անխտիր`
հաշմանդամներին, ծերունիներին, կանանց… Ինչ խոսք,
կարելի էր և բաց թողնել այս պատմությունը, սակայն,
երբ մի պահ նայեցի գործակատարի երազկոտ աչքերին,
հանկարծ հիշեցի ինձ անվերջ տանջող մի երազ
և տարօրինակ հաճույքից ու վախից սիրտս նվաղեց.-
երազկոտ աչքերով մի ահռելի վիշապօձ և կիսամերկ
վայրենիների մի հոծ բազմություն` իրար ետևից շարված,
իրար հրմշտելով  շտապում էին մտնել վիշապի երախը`
նրա երազկոտ աչքերով հմայված…Ինչ խոսք,
կարելի էր այս պատմությունն էլ բաց թողնել
և շարունակել սիրային բանաստեղծությունն իր հունով,
բայց արդեն հասել էր իմ հերթը,
և ես արդեն կիսով չափ վիշապի երախում էի`
հաճույքից ու սարսափից նվաղած…
 
 
ԵՍ ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՆԵԼ
Իմ այս խեղճուկրակ բառերով,
գրքերով, որ միաբերան ասում են` համբերիր,
համբերիր ծնվելուցդ անմիջապես հետո, և այդպես,
կամաց-կամաց համբերիր մինչև փառավոր ավարտը քո օրերի:
Ահա, ժամանակը դանդաղորեն ելնում է քո միջից,
չորս կողմում աչքեր, որ անտարբեր հետևում են քեզ,
ձեռքերի և ոտների անտառ,
որ պատրաստակամ օգնում են մարմնիդ,
որ շուտ ազատվի երկրային բեռից
և թեթև ու հանգիստ բարձրանա երկինք,
հնարավորության դեպքում`դեռ ավելի վեր:
Ես ի՞նչ կարող եմ անել իմ այս խեղճուկրակ բառերով,
ինչպե՞ս քայլեմ, երբ արդեն թեքվում եմ հողին,
երբ արդեն կիսով չափ խրված եմ հողի մեջ,
չորացող ծառի պես` կիսով չափ հողի մեջ
և կիսով չափ երկնի, և երկուստեք մեռած,
և հոգիս վախեցած թռչնի պես ծվարել է չոր ճյուղերի մեջ
և ուր-որ է կթռչի…ես ինչպե՞ս պահեմ նրան
իմ այս խեղճուկրակ բառերով, այս անպաշտպան
ու փխրուն գրքերով, որ ոչ ձմռան ցրտին են օգնում
և ոչ էլ ամռան տապին, որ միայն ասում են`
համբերիր, ծնվելուցդ անմիջապես հետո,
համբերիր, քանի դեռ
թռչունը նստած է ճյուղերին:
 
 
* * *                 
Մի հոգնած լեռ`
անտառը պիջակի նման գցած ուսերին
և պիջակի վերին գրպանիկից
դուրս է ցցվել սրած մատիտը եկեղեցու գմբեթի:
Անտառի խորքերում
սնկերի նման աճել են պատմության դասագրքերը:
Նորից ծնվել  - անվերջ կրկնում է արձագանքը,
և հանկարծակի եկած կայծակը,
                   առաջին տպավորության պես վառ`
սև-սպիտակ լուսանկարվեց աչքերիդ առաջ:
Եվ մի հոգնած լեռ, ամեն ինչից հոգնած,
թեթև ճոճվեց տեղում և անցավ հազար տարի:
Եվ իսկույն նոր թռչուններ հայտնվեցին
                                 անշարժ թևերով,
քամին գտավ համապատասխան էջը
                             պատմության դասագրքերում,
և կովերի համերաշխ նախիրն անցավ`
սպորտային ավտոմեքենաների նման համարակալված,
և հովիվը` շփոթված համընդհանուր ուշադրությունից,
և հովիվը` Պլատոնի իմաստուն թախիծը աչքերի մեջ:
Վերջապես ինչ-որ մարդիկ եկան`
աշխատանքային կոկիկ համազգեստներով,
չափած-ձևած շարժումներով, զգուշորեն հանեցին
պիջակը լեռան հագից, և ապա ընկան նրա թևերը
և տարան ինչ-որ անհայտ ուղղությամբ:
 
Անցավ ևս հազար տարի:
 
 
ՕԳՈՍՏՈՍ
Զարմանալի ամիս, որի լայնք ու երկայնքով
առյուծներ են թափառում` ծույլ-ծույլ թափահարելով պոչերը:
Մի գունագեղ Աֆրիկա,
որը հարմար տեղավորվել է երեսուն օրերի մեջ:
Ստեղծված են սքանչելի պայմաններ դդումների
                                                  հասունացման համար,
և չկա ոչ մի լուր քեզանից:
Դատարկ արկղերի բարիկադներ, որոնց բարեբեր
                                                    պարունակությունը
արդեն տարածվել է քաղաքով մեկ, և հոգնած
գործակատարը ստվերում նստած ուտում է վերջին պոմիդորը,
անտարբեր նայելով փողոցի կեսը բռնած մի անհնարին տիկնոջ,
որն այնքան շատ էր մի փոքրիկ, բազմաչարչար ժողովրդի համար,
որն հիմա ապրում է խաղաղ ու ապահով կյանքով,
…և չկա ոչ մի լուր քեզանից:
Սա քո ամիսն է,
երբ փողոցներում, թատրոններում և համերգասրահներում
հետզհետե ստվարանում է այն մարդկանց բազմությունը,
որոնք տանջահար են եղել զանազան ծովափներում և հիմա,
ինչպես գուրգուրված շնիկի` ցուցադրության են հանում
իրենց թխացած մաշկերը,
…և չկա ոչ մի լուր քեզանից:
Իսկ կույր աշուղների երամը վերջապես իջավ դիմացի
                                                          կանաչ լանջին,
նախ սկսվեց լարվող գործիքների ճնկճնկոցն ու միանգամից
հնչեց համերաշխ երաժշտությունը, և մի ձայն
չափազանց տաք ու քաղցր երգեց – չկա ոչ մի
լուր քեզանից, չկա ոչ մի լուր քեզանից  - գնում-գալիս էի
պատշգամբում – չկա, ասում էի, չկա ոչ մի լուր քեզանից,
և մատներս էի կոտրատում նյարդայնացած…
Լավ կլիներ, եթե անձրև գար (երևի կինս էր խոսողը),
                                                               լավ կլիներ…
…Լսեցի՞ր, երեխայի ճիչ, լսեցի՞ր…
…Լսեցի՞ր, երեխայի լաց, լսեցի՞ր…
Իսկ տատս թափահարեց ոտներիցս ու ասաց.
Տղա է, թող երկար կյանք տա Աստված:
   
 
ԱՇՆԱՆ  ԱՐԱՀԵՏՆԵՐԻ  ՄԵՋ
Օրացուցային թախիծ` հնարավոր տարբերակներով,
նորից խոսակցություններ մեռած նկարիչների մասին,
և պատուհանների երբեք չհնացող համեմատությունը
արցունքոտ աչքերի հետ
և անհաշվենկատ շռայլվող դեղին գույն ամենուրեք,
ու նախ և առաջ փողոցներում, որտեղ արագացել են
                                             մարդկանց քայլերը,
և պաղպաղակի թղթերի փոխարեն` տերևներ է քշում քամին:
Այնինչ,
դու արդեն նոր ծխախոտ ես ուզում վառել այգու մեջ,
որն հանդարտվել է` ինչպես առավոտը հարսանիքից հետո,
և քնատ ծառերը` խումհար հարսանքավորների նման,
գլուխ-գլխի ինչ-որ բան են խոսում` ով ինչքան է խմել,
                                                          ով ինչքան է ծախսել…
Այնինչ, դու արդեն խորացել ես աշնան արահետներում,
ուր տերևները թափվում են խունացած լուսանկարների նման`
(մայրդ ձեռքերը կրծքին նայում ու չի տեսնում քեզ,
հայրդ, որն այլևս չի կարողանում նամակներ գրել),
և ծառեր, բազմաթիվ ծառեր, որ հենց աչքիդ առաջ
դեղնում ու կքվում են գետնին,
և միայն թախիծն է անվերջ փարթամ,
անվերջ կանաչ ու թարմ եղևնի…
 
 
ԱԴԱՄ
Ես նրան տեսա դրախտի ճանապարհին:
Հին օրերից մնացած սովորություն էր` երբեմն-երբեմն
գնում էր պարտք կատարելու նման,
ձեռքին ջրով լի դույլ, ավել,
և մի քանի մաքուր փալաս:
Նախ նստում էր դռան առաջ, ծխում էր,
ծնոտը հենած ձեռքին, նայում էր անտարբեր, մտախոհ:
Պարզ երևում էր ամեն ինչ վերից - դաշտեր, քաղաքներ,
նույնիսկ մեքենաներ են երևում, թե հայացքդ լարես…Ապա
ոտի էր ելնում, երկար ջրջնկում էր հողը դռան առջևի,
և ավլում էր` հայացքը գետնից չկտրելով,
հետո դուռն էր սրբում մաքուր ու խոնավ փալասով`
զգուշորեն, առանց շտապելու,
մատներով քնքշորեն շոյում էր  հնամենի դռան փայտը,
և գլուխը տմբտմբացնում` հիացած  նրա ամրությամբ,
նախշերին էր նայում և նորից էր տմբտմբացնում գլուխը,
հետո շոշափում էր փականի մետաղը, որի փայլը
ամենևին չէր խամրել, չնայած անցել է քանի՜  հարյուր տարի…
Իսկ ամենավերջում թակում էր դուռը,
թակում էր հենց այնպես,
հետաքրքրության համար, երբեք չփորձելով ստուգել`
                                          փա՞կ է, թե՞ միգուցե` բաց…  
Եվ հետո նոր ծխախոտ էր կպցնում,
և հետո վերցնում էր ավելն ու դույլը,
և դանդաղ քայլերով հեռանում…
 
 
* * *                 
Դանդաղ կրկնություն` գարուն, ամառ, աշուն, ձմեռ…
Եղանակի ինչ-ինչ փոփոխություններ`
ձանձրալի միօրինակությունից խուսափելու նպատակով.-
մեկ ձյունն է ուշ գալիս, մեկ անձրևներն են շտապում,
մեկ կարկուտ է տեղում ամառվա պարզ կեսօրին:
Բայց ծերությունը գալիս է ճիշտ ժամանակին,
բայց կնճիռները բացվում են առանց ուշացումի,
և կյանքիցդ խլվող օրերի թիվը մնում է հաստատուն:
Ես ո՞ւմ հետ եմ խոսում գիշերվա այս ուշ ժամին,
և ո՞ւմ ձայնն եմ ուզում լսել, որ հապաղում է անվերջ-
կիսալուսինն, ահա, լարից կախ ընկած հեռախոսափողի պես
անհաղորդ ու անտարբեր ճոճվում է երկնքում:
Դանդաղ կրկնություն` մեկ ժամ, երկու, երեք և ավելի…
Որտե՞ղ է սկիզբը,
և ո՞ւր է տանում հաշվարկն այս անտանելի.
նույն ծնունդը, ծաղիկներով, դհոլ-զուռնայով,
նույն կյանքը` հնամենի պահարան, բազմաթիվ դարակները
լցված ամեն տեսակի հիշողություններով,
և նույն ծերությունը, երբ մեկ-մեկ բացում ես դարակները,
հանում ու փայփայում ես անցյալի լաթերը,
որ ջահելությանդ օրերին խառնիխուռն հավաքել ես դեսից-դենից,
և վերջապես, նույն մահը` ծաղիկներով, դհոլ-զուռնայով,
և փոսը, ամենավերջին դարակը հողի մեջ բացված,
ուր լացուկոծով, քնքշորեն փակելու են քեզ` քո ծաղիկներով,
դհոլ-զուռնայով, ամեն տեսակի հիշողություններով, անցյալի           
                                                                                  լաթերով,
և հնար չկա խուսափելու այս ձանձրալի միօրինակությունից,
թեև մեկ ձյունն է ուշ գալիս,
մեկ անձրևներն են շտապում
և մեկ էլ կարկուտ է տեղում ամառվա կապույտ երկնքից…
 
 
ԲԱՆԱՍՏԵՂԾՈւԹՅՈւՆ
Նորից ձայներ եմ լսում:
Աշունը ճռռում է հին ցանկապատի տակ:
Ես ինչե՜ր ասես չքաշեցի այս բանաստեղծությունների
                                                                    պատճառով,
ինչեր ասես չտեսա:
Ահա, մի քանի ծառ, որոնք ես տեսել եմ մանկությանս օրերին,
նրանք դեռ աճում են հիշողություններիս մեջ,
իսկ հայրս չկարողացավ երկար ապրել
և հիմա միայնակ թաղված է քաղաքի գերեզմանոցում,
ուր ես գնում եմ երբեմն, որովհետև ուրիշ էլ ոչ մի տեղ
ես այնքան պարզ ու հստակ չեմ լսում նրա ձայնը:
Ես ինչեր ասես չքաշեցի այս
                                բանաստեղծությունների պատճառով…
Հիմա սեղմում են ձեռքս, իսկ ես գլուխս կախ,
խոնարհ լսում եմ` թռչուններն են երգում ծառերի միջից,
որոնք ես տեսել եմ մանկությանս օրերին –
նրանք դեռ աճում են հիշողություններիս մեջ,
և մարդիկ, որ գնում-գալիս են ծառերի արանքով,
մտախոհ տեսքով մարդիկ, որ մեկ շնչով
կարող են պատմել իրենց կենսագրությունը,
զարմանալի մանրամասնությամբ հիշելով,
ինչ-որ թոշակառու հաշվապահների, որոնց հանդիպել են
փողոցի անկյունում, և ինչ-որ երկրորդական վարսավիրի,
որը ծնվել է երկրաշարժից առաջ կամ շատ հետո…
Բայց ես նորից ձայներ եմ լսում:
Հայրս է խոսում ինքն իր հետ:
Սովորություն ուներ`
                այդպես երկար խոսում էր,
հետո միանգամից սթափվում,
մեղավոր նայում էր մեզ ու ժպտում շփոթված…
   
 
* * *        
Գնալով դժվարանում է քայլելը օրվա միջով,
և դու զգում ես տխրությամբ,
որ խտացող խավարի ալիքները
քիչ-քիչ քեզ սկսում են բաժանել մարդկանցից:
Ամեն ինչ արդեն կցկտուր է.
խոսակցության մի պատառ,
հեռվում մարող քայլեր,
ձեռքի թեթև շարժում, որը կարող էր
հետաքրքիր շարունակություն ունենալ,
խուսափուկ նայվածք, որն անվերջ կհիշեցնի քեզ,
որ միշտ գալիս է հրաժեշտի ժամանակը:
Գնալով դանդաղում են քայլերը`
մարող երակազարկի նման,
հիմա կմարեն վերջնականապես:
Եվ խավարի մեջ սսկված շենքերը դանդաղ
ներքև կկախեն իրենց սգավոր դրոշները`
                                                ստվերները սև…
 
 
* * *             
Եվ հանկարծ արձանների
                      անկենդան թագավորության մեջ
բարձրաձայն ու զվարթ հնչեց լացը երեխայի:
Եվ հրաշագործ խոսքի զորությամբ կախարդական
շարժման մեջ քարացած քաղաքը կենդանացավ:
Կինը վազեց խոհանոց կաթը տաքացնելու,
տղամարդը ծալեց թերթը
                                 և հորանջելով ոտի կանգնեց:
Եռանդով անգիր էր արվում դասական պոեզիան`
հաջորդ օրը դասարաններում արտասանվելու համար:
Ահա և վարագույրները շարժվեցին,
ահա և ծառերն են աճում, խոտերն են սվսվում…
Եվ խավարի կապանքները ծվատելով
զիլ հնչում է աշխարհի ամենասքանչելի երաժշտությունը`
երեխայի լացը -  բարձրաձայն ու զվարթ…
 
   
* * *            
Դատարկ սենյակում զնգում էր հեռախոսը:
Բազկաթոռներ, պահարան, ինչպես  նաև գրադարակներ,
որոնց վրայից գրքերը  քիչ-քիչ պակասում են: Սեղանին
լրագրեր  և մոխրաման` առանց  ծխախոտի և մոխրի:
Փոքրիկ մի սարդ, որն հեռախոսի զանգից վախեցած
արագորեն անհետացավ պատի ժամացույցի ետևում:
Եվ բոլորը` բազկաթոռները,պահարանը, ինչպես նաև
գրադարակները, լրագրերը, մոխրամանը և փոքրիկ
սարդը լարված նայում էին հեռախոսին, և միայն
ժամացույցն էր անտարբեր առաջ տանում
իր ժամանակը: Եվս մի քանի զանգ և հեռախոսը լռեց:
Եվ հետո սարդը դուրս վազեց ժամացույցի ետևից
ամբողջովին ժամանակոտված և վազեց խոհանոցի
ուղղությամբ, ուր չլվացված սուրճի բաժակներ կային
լվացարանի կողքին շարված:: Բոլորովին մութ էր
արդեն, երբ դռան փականի մեջ պտտվեց բանալին,
և ներս մտավ մի մարդ, որի դեմքից պարզ երևում էր,
որ տեղյակ չէ ամենևին, թե ինչ անհամբերությամբ էին
այստեղ իրեն սպասում:
 
 
ՈւՂԵՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ  ԻՆՔՆԱԹԻՌՈՎ            
Երբեմն դու ժամանակ ես գտնում երկինք նայելու:
Բոլոր աստղերն իրենց տեղերում են: Հետո տեսնում ես`
մարդկանց մի հոծ խումբ երկնքով անցավ,
տեսնում ես նրանց մտահոգ դեմքերը և կույտերը
ճամպրուկների և պայուսակների… Հետո մեկ ուրիշ,
առավել հոծ խումբ սուրաց մեկ այլ ուղղությամբ:
Հետաքրքիր է, հիմա ինչքա՞ն մարդ կա երկնքում,
մտածեցի ես, փորձելով նրանց արանքից զննել երկինքը:
Ահա Վեներան` կիսով չափ փակված ինչ-որ մեկի
վիթխարի ճամպրուկով, Սատուրնը կայծկլտաց
բացված լրագրի արանքից: Հարդագողի ճանապարհն, ահա,
մեղրաճանճերի պարսի նման խճճված ինչ-որ մի փարթամ
տիկնոջ վարսերում: Շերեփը, որի պոչն էր երևում միայն`
ինչ-որ տարօրինակ արարածներով
                                                լցված թռչող ափսեի միջից:
Բայց ո՞ւր է իմ աստղը, շատ փոքրիկ ու շատ պայծառ
իմ աստղը և, ինչպես կինոյի հերթում,
արմունկներով ճանապարհ եմ բացում` ամբողջ երկինքը
բռնած ճամպրուկների ու պայուսակների, վերարկուների
ու լացող երեխաների, բամբասանքների, մրափող
պառավների, սիրահետող ջահելների, լրագիր կարդացող
անհայտ անձանց արանքից, և վերջապես տեսնում եմ նրան`
շատ փոքրիկ ու շատ պայծառ իմ աստղը, և ցնծությունից
մարում է հոգիս` աշխարհի ամենագեղեցիկ թիթեռը
ցանցով բռնած փոքրիկ տղայի պես…
 
 
* * *            
Ես հիմա քեզ էլ չեմ որոնում,
որովհետև գիտեմ, թե որտեղ ես,
ես հիմա քեզ էլ չեմ կորցնում`
արդեն վաղուց եմ կորցրել:
Ինչպես հին գիրք, թերթում եմ էջերդ`
խունացել է կազմը, հնացել,
իրիկվա այս ժամին ի՜նչ հեշտ է
տառապել անցած տառապանքները,
կրկնել տխրությունն անցած,
բաժանման դառնություններն ու ցավերը.-
 
ծերացած թռչնի պես հիացած
շոյում եմ վանդակիս ճաղերը…
 
 
ԺԱՄԱՆԱԿԸ, ՈՐ  ՀՈՍՈւՄ  Է  ՄԱՏՆԵՐԻ  ԱՐԱՆՔՈՎ
Սև կամ սպիտակ աշխարհներ տանող ճանապարհների
շքեղ դարպասների առաջ
մարմարյա ոչխարներ են արածում, և խոտը ծնկահաս
կանաչ է և հյութեղ – ֆլամանդական դպրոցի անանուն
նկարչի հենց նոր ավարտած կտավ,
և ներկը դեռևս չի չորացել: Հրավիրյալների
միայն մեջքերն են երևում, իսկ ընթրիքը  շարունակվում է
խորհրդավոր կիսախավարում ծածկված: Ամենուրեք
մահուդ, դավաճանություն, թանկարժեք քարեր և արծաթ,
և մի վիթխարի կատու, որի խոշոր ու կանաչ աչքերի մեջ,
ինչպես էլ.էներգիայի հաշվիչի էկրանին, կատաղի
պտտվում են թվերը և հասնելով իրենց սահմանին`
ջնջվում են ու նորից սկսում են պտույտն անվերջանալի…
…Ես ահա դիմում եմ Քեզ երևի թե վերջին անգամ,
և ինչքան գեղեցիկ է արձագանքում մայրամուտի
ջրհորի խորքերում` բառը «վերջին»,
ես ահա դիմում եմ Քեզ շքեղ դարպասների առաջ,
դեմքով շրջված դեպի հարավ, ուր, ինչպես ջրի մեջ
նետված շաքար, քիչ-քիչ հյուծվում են բուրգերը
փարավոնների, և ուր` անապատի հարթ ու անծայրածիր
էջի վրա ուղտերի քարավանն է շարվել
                                        ինչպես մեքենագրված մի տող,
հեռու-հեռավոր մի տող, ընդամենը մի տող,
և ընդամենը մի կյանք, դեռևս չչորացած կտավի վրա,
որն ես ապրում եմ երևի թե վերջին անգամ,
իսկ կատվի անթարթ աչքերում կատաղի պտտվում են թվերը
և շուտով, շատ շուտով կհասնեն իրենց սահմանին,
և մատները կկախվեն թուլացած…
 
 
ՄԻ  ՔԱՆԻ  ԽՈՍՔ   ՄԻԱՍԻՆ   ԵՐԳԵԼՈւ  ԱՌԱՎԵԼՈւԹՅՈւՆՆԵՐԻ                                                     
ՄԱՍԻՆ
Ես անընդհատ մոռանում եմ հարցնել` ո՞ւր կորան
հանկարծ այն անձրևները, երբ կարելի էր թափառել
կիսախավար փողոցներում` ոչ մի բանի մասին չմտածելով,
երբ ես շոյում էի քո թաց մազերը,
երբ դողացող մատներով սրբում էի անձրևի կաթիլները
թրջված այտերիցդ: Ուզում եմ հարցնել և անընդհատ
հետաձգում եմ` իսկ ի՞նչ պատահեց գիշերվան,
որը, մի՞թե չես հիշում, այնպես թեթևորեն տանում էր
երազների աշխարհ, և ընդհանրապես, այս ի՞նչ փակ դուռ է
երազների աշխարհը ծածկել, ինձ միշտ թվացել է,
թե այնտեղ դուռ չի եղել երբեք: Հիշո՞ւմ ես,
աստղերն ինչքան շատ էին, իսկ հիմա, նայիր,
եթե շատ հոգնած չես, մի քանիսն են մնացել,
մի քանի չնչին գրոշ անցյալի ոսկու դեզերից…
Իսկ ամենակարևորը, չմոռանամ հարցնել, որտե՞ղ ես դու,
ի՞նչ պատահեց քեզ, ինչո՞ւ չեմ տեսնում
այսքան ժամանակ, քեզ, որին տեսնում էի նույնիսկ
փակ  աչքերով: Իսկ հիմա աչքերս բացել և միայն
լուսինն եմ տեսնում` կողպեքի պես կախված
երազների աշխարհ տանող ծանր դռան վրա…
 
 
ՀՅՈւՐԱՆՈՑ
Կան հյուրանոցի մարդիկ: Նրանք միշտ տարբեր են սովորական
մարդկանցից: Ու թեև ձգտում են աննկատելիորեն խառնվել
ու կորչել մարդկանց խայտաբղետ հոսանքի մեջ, միևնույն է,
ջոկվում են, նույնիսկ, հենց առաջին հայացքից:
Հյուրանոց,
գեղեցիկ, չբեր կին, որը երբեք չի ունեցել ընտանիք,
չի ունեցել երեխաներ` կարմրուկով հիվանդացած,
զարմանալի մի աշխարհ, բերնեբերան լցված կիրակիներով,
կոշիկի տուփերով, պիտակներով, վիթխարի հայելիներով, և
ճամպրուկներն անվերջ հիշեցնում են անցնող կյանքի մասին:
Անցնող կյանքի մասին է երգում հավեժ կոկիկ մի տղամարդ,
աչքը սոուսի ափսեին և ձեռքն առաջ պարզած,
անցնող կյանքի մասին է լալիս 
                                 եսիմ որտեղից եկած
                                 եսիմ ինչ ազգի
                                 եսիմ ինչ տարիքի մի տղամարդ:
Եվ հենց նույն այդ անցնող կյանքն է հիշել հավաքարարը
ծերացող, և գլուխը փոշեծծիչին դրած ընկել է երազների մեջ…
Եվ միակը, միակը, որը երկու ոտքերով կանգնած է ներկայի
ամրակուռ հիմքերին և երկու ձեռքերը մեջքին` խրոխտ
նայում է ապագային,- այդ նա է, պաշտոնական համազգեստով
բարապանը զգոն, որը միշտ հիշեցնում է քեզ,
հյուրանոցի մարդ, որ դու այստեղ ես, բայց և այստեղ չես,
որ դու հիմա կաս, բայց շատ ավելի` չկաս,
այդ նա է, որին նայելով կորցնում ես հերոսական կեցվածքդ,
խեղճանում ես ու փոշիանում` քո կոշիկի տուփերով,
պիտակներով ու ճամպրուկներով, քո անցնող կյանքով
և սրտի ծակոցներով, որ հաճախակիացել են քեզ համար
անսովոր այս ամենօրյա տոնախմբությունից` հյուրանոցի
ռեստորանում, ուր անցնող կյանքի մասին է երգում
հավերժ կոկիկ մի տղամարդ, և դու խմում ես ու ծխում,
ձգտելով  գոնե փոքր-ինչ նմանվել ինչ-որ մի կինոյում տեսած,
կամ ինչ-որ մի գրքում կարդացած անխոցելի ու հմայիչ
հերոսին, որ անվերջ խմում է ու ծխում, և հոգնած ու
ձանձրացած, շրջում է հայացքը կողքի սեղանների
սիրունատես կանանցից, և հետո դրամը անփույթ նետելով
սեղանին, հեռանում է հորանջը հազիվ զսպելով, և դու
խմում ես  ու ծխում, աշխատելով չնայել կողքի սեղանի
սիրունատես կանանց, թռցնելով աներևույթ փոշին
ծնկիցդ, իբր, դու ապրում ես սովորական մի օր, իբր սա
մի առօրյա զբաղմունք է քեզ համար, որ դու ոչ այն է`
հոգնած ես, ոչ այն է` ձանձրացած, և, ի վերջո, անփույթ
շարժումով նետում ես թղթադրամը սեղանին, աշխատելով
չմտածել ձմեռային կոստյումի մասին, աշխատելով
չնայել կիսատ մնացած կոնյակիդ, կիսատ մնացած
կերակուրիդ, որն այդպես էլ  չհասկացար, թե ինչպես է
պետք ուտել…
    Կգնաս քնելու փոքրիկ խցիդ մեջ, տանջվելով սրտիդ
ծակոցներից ու խայթոցներից անլիարժեքության…
     Քաղաքը վաղուց թաղվել է քնի ու մթության մեջ,
միայն դու, անքուն շենք, քաղաքի կենտրոնում
կանգնած ես բոլոր լույսերդ վառած,
ինչպես տուն, ուր
քիչ առաջ մարդ է մահացել…
 
 
* * *        
Հարկավոր է մտածել վաղվա օրվա  մասին,
ասաց հարևանս
և ևս մի արկղ օճառ խցկեց պահարանի վերին դարակը:
Հարկավոր է մտածել, ասաց փիլիսոփան:
Ի՞նչ իմանաս, ինչ կբերի վաղվա օրը,
թեև հիմնականում և ավելի շուտ այն տանում է,
քան թե բերում, տնքալով ասաց հարևանս,
հերթական աղի պարկը շալակին:
Ի՞նչ իմանաս, ասաց փիլիսոփան:
Նկատի ունեցիր նաև, որ խառն է աշխարհի վիճակը,
բոլորը խոսում են նոր պատերազմի մասին,
և լրագրերն էլ են գրում, ճռնչաց հարևանս`
մի կերպ քայլելով լուցկու վիթխարի արկղի տակ կքած:
Նկատի ունեցիր, ասաց փիլիսոփան:
Եվ զգոն եղիր, թե չէ,  աչքդ կթեքես, կտեսնես,
որ մնացել ես դատարկ սենյակում նստած,
Աստծո տված շորերով, այսինքն, բոլորովին մերկ,
դառնորեն քմծիծաղ տվեց հարևանս`
ևս մի անգամ ստուգելով դռների կողպեքներն ու
                                                                     փականները:
Եվ զգոն եղիր, ասաց փիլիսոփան:
Էհ, իսկ ամենակարևորը, չմոռանաս ինքդ հոգալ
                կարիքներիդ մասին
և հույսդ մի դիր ոչ բարեկամիդ վրա
և ոչ էլ մտերիմներիդ, ասաց հարևանս
և հրաժեշտ տալով ինձ`
պառկեց իր իսկ ձեռքով պատրաստած դագաղի մեջ
և մեռավ, նախօրոք
ամուր փակելով բոլոր դռները
և հանգցնելով բոլոր լույսերը սենյակների:
…Էհ, ասաց փիլիսոփան:
 
 
ԹԱՆԳԱՐԱՆ
Հանկարծ քեզ են նայում վաղուց մեռած մարդիկ:
Ահա, գրվեց առաջին տողն ու թեթև շունչ քաշեցիր
և մանրիկ քայլերով մտար հաջորդ սենյակ:
Ո՞ւր է մյուս կյանքը, հանկարծ մտածեցիր դու,
և ընդհանրապես ի՞նչ նորություն կա այնտեղից,
գլխի շարժումով բարևում էիր
                             ինչ-որ կիսամերկ մարդկանց,
որոնք նախաճաշում էին հյութեղ խոտերի վրա  տարածված:
Ամուր սեղմեցիր մի մազմզոտ տղամարդու ձեռք,
ժպտացիր` ի՞նչ նորություն կա այնտեղից,
ո՞ւր է մյուս կյանքը, որ պիտի աստառի պես շրջվի,
և աստղերը դեղին մետաղադրամների նման
խշշոցով թափվեն հնամաշ գոգնոցի գրպանից:
Եվ մանրիկ քայլերով անցնում ես սենյակից սենյակ:
Այնտեղ բոլորը սպասում են քեզ,
դու արժանի ես գրկաբաց ընդունելության:
Պատերի տակ լուռ շարվում են, ոմանք զինված են,
իսկ մյուսները նայում են պատկառանքով, և վերջին
սենյակի դռները բացվում են իրենք-իրենց,
և սենյակի կենտրոնում, ոսկյա սարկոֆագի մեջ
պառկած է նա, ով ամենաշատն է քեզ սպասում: Ո՞ւր է…
հարցրեցի նրան, կամաց-կամաց պառկելով նրա կողքին,
ի՞նչ նորություն կա…հարցրեցի հարմար դիրքով պառկած:
Նա ձեռքի շարժումով հասկացրեց, որ լռեմ,
և դռները  փակվեցին իրենք-իրենց,
և ես լռեցի վերջնականապես ու արդեն լրիվ
խաղաղված:
 
 
ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆ
Իսկ երբ անջատված հեռուստացույցի պես քաղաքն է
                                                                            մարում,
և մի հերթական գիշեր փոխարինում է մի հերթական ցերեկվա,
դանդաղ լարում եմ զարթուցիչս հին
և սարսուռով խրվում երազներիս մեջ…
Երազներ, ուր ես ուժեղ եմ և ամենակարող,
անարգել անցնում եմ պատերի միջով
և, որն ամենակարևորն է` թեթևորեն սավառնում եմ օդում
և տեսնում եմ ամեն ինչ,
միայն քեզ չեմ տեսնում ոչ մի տեղ:
Իսկ ես քեզ որոնել եմ բոլոր գրքերի մեջ,
ուր աշխարհի ամենաուրախ քաղաքներն են ապրում,
ուր միայն հանդիպում են մարդիկ
և այլևս չեն բաժանվում:
Բայց դու չկայիր, չկայիր ոչ մի տեղ:
Ես քեզ որոնել եմ կինոների հերթերում,
կինոներ` անդավաճան սիրո պատկերներով լեցուն,
և միայն դու չկայիր, չկայիր ոչ մի տեղ:
Շրջել եմ կայարաններում` հեռու և մոտիկ,
և դիմավորել գնացքները բոլոր,
բայց դու չես գալիս ոչ մի գնացքով…
Եվ երազն անգամ մաշվում է գրքի պես,
գնալով դժվարանում է անցնելը պատերի միջով,
իսկ ամենավատն այն է, որ պարզապես
անհնարին է դառնում այս աշնան ցրտին
սավառնելն օդում բարակ քնաշորով…
Եվ տարիքս էլ այն չէ, հոգնել եմ արդեն,
ներիր, այլևս չեմ կարող թռչել,
չեմ կարող թռչել…
 
 
* * *            
Առաջին սերը - անվերջ մոռանում ես նրան.
ցերեկները չես կարող հիշել, որովհետև դու
զանգում ես հեռախոսով, որովհետև քեզ
զանգում են հեռախոսով, որովհետև ինչ-որ
թղթեր ես ստորագրում, որովհետև քեզ ինչ-որ
թղթեր են ուղարկում` ցերեկները դու ծերանում ես
աննկատ, և երեկոյան դու ծերանում ես աննկատ
և միայն գիշերը, երբ թևիդ ժամացույցն արձակելով
դնում ես սեղանին` հիշում ես առաջին սերդ, որը
                                               չի ծերացել բոլորովին:
Դու գիտես, հազարավոր պատեր այն կողմ
նա ապրում է իր կյանքը, և դու
ապրում ես քո կյանքը, թեև արձակել ես
թևիդ ժամացույցն ու դրել ես սեղանին,
և վայրկյանները մրջյունների պես դուրս վազելով
ժամացույցից, հեռանում են քո կյանքից, կորչելով
սեղանին թափթփված գրքերի ու թղթերի արանքում:
Դու գիտես, հազարավոր պատեր այն կողմ գիշեր է:
Եվ հանգած են լույսերը: Ճիշտ այսպիսի մի լուսին
կախված է լուսամուտից և անտարբեր նայում է
նրան, ում կորցրել եմ վաղուց, ում մոռանում եմ
ցերեկները և երեկոյան մոռանում եմ դարձյալ,
և միայն գիշերները, երբ մնում եմ մենակ, հանում եմ
թևիս ժամացույցը, դնում եմ աչքերիս առաջ
և անձայն լալիս եմ անցնող կյանքիս համար,
և արցունքները կորչում են
սեղանին թափթփված գրքերի և թղթերի արանքում:
 
 
* * *          
Երբեմն լույսերը մարում են, և ձյուն է գալիս
                                         այս ճանապարհին:
Նոր ծնված երեխան` մաքուր ու գեղեցիկ
առաջին ձյան նման: Օրորեցեք օրորոցները
և կտեսնեք հրաշքը, կտեսնեք, թե ինչպես է
ձյունը դառնում ծաղիկ: Իսկ երբ կժպտա
առաջին անգամ` սիրտդ կցավի անսովոր
մեծ երջանկությունից, կհենվես պատին,
զարմանքով կմտածես ինքդ քեզ` Աստված իմ,
ինչպե՞ս է այսքան մեծ երջանկությունը տեղավորվել
այսքան փոքրիկ օրորոցի մեջ և ինչպե՞ս է
տեղավորվելու սրտիս մեջ, որը շատ ավելի փոքր է
օրորոցից… Իսկ երբ այս ճանապարհի վրա լույսերը
հանգում են և պատուհանիդ սև պաստառին
սկսում են երևալ ներքև սահող ձյան հյուսքերը,
ճերմակ ու փափուկ լույս տարածելով` քեզ կթվա,
թե այդ դու ես  բարձրանում վեր, ճիշտ այնպես,
ինչպես կամրջից սուրացող գետի ալիքներին
նայելիս թվում է, որ գետը կանգնած է և դու ես,
այդ դու ես կամրջի հետ սուրում առաջ…
Բայց ես հիմա բարձրանում եմ վեր առանց կասկածի,
բարձրանում եմ առանց թևերի և առանց զարմանալու,
որովհետև գիտեմ, շատ հազվադեպ, բայց պատահում է,
և ո՞ւմ հետ չի պատահել այդպես`
երբ երջանկությունդ շատ է մեծ,
և դու բառ չես գտնում արտահայտելու համար…
 
 
* * *           
Ցածրաձայն խոսիր, ասում է կինս,
որ երեխան չարթնանա -
և ես քայլում եմ ոտիս մատների վրա,
զգուշորեն  բացում-փակում դռները,
զսպում եմ հազս, որ երեխան չարթնանա:
Երեխան, որը երազի մեջ ինչ-որ անհեթեթ
բաներ է տեսնում և մեկ ժպտում է
և մեկ էլ թաթիկներն է թափահարում հանկարծ…
Անջատիր հեռուստացույցը, ասում է կինս,
որ երեխան չարթնանա:
Պատերազմից են խոսում, ասում եմ կնոջս,
քաղաքական գործիչներ են, տեսնենք ինչ են ասում,
ասում եմ կնոջս, թող մի քիչ մնա:
Դե լավ, ասում է կինս,
թող մնա, ասում է կինս,
միայն ասա մի քիչ հանգիստ խոսեն,
մի քիչ խաղաղ խոսեն, որ երեխան չարթնանա…
 
 
ԵՐՋԱՆԿՈւԹՅԱՆ  ԾԱՆՐ  ՕՐ
Ավարտված երգը, պատռված փուչիկի նման սմքած`
կուչ է եկել սեղանի մի անկյունում,- հատակին փոշի
և զանազան մանր կենդանիներ, անփոփոխ կերպարանքով`
առաջին փարավոնից մինչև մեր օրերը, և մի բարակ
թախիծ, որ աննկատ թրջում է մթնող փողոցները:
Ուսանողական արկած մի պառավող տիկնոջ կացարանում,
սիրտդ լի է խանդավառ զգացմունքներով տարբեր, իսկ
ստամոքսիդ մեջ միակ կոտլետը հանձնվել է  առանց
դիմադրության, և պատուհանի կոտրված ապակին
չի թողնում, որ կարգին հարբես, և դուք շարունակում եք
երջանկությունից խոսել, իսկ դու մտածում ես,
որ երջանկությունը կատարյալ կլիներ, եթե կարողանայիր
դուրս գալ ճաշարանի փակվելուց գոնե կես ժամ առաջ…
Ձեռքդ տանում ես ուսին, շոյում ես թևը գիրուկ –
պատուհանի կոտրված ապակին քեզ խանգարում է սիրել,
իսկ զանազան մանր կենդանիները շարունակում են
անտարբեր վազվզել` ինչ-որ անհասկանալի
հիերոգլիֆներ գծելով հատակի փոշու վրա… Երբևէ
երջանիկ եղե՞լ եմ, հարցրեցի ինքս ինձ տարիներ հետո,
երբ վերադառնում էի պառավող տիկնոջ թաղումից,
որն, ի վերջո, պառավել էր հիմնավորապես և սմքած
կուչ էր եկել սեղանի վրա…Հիմա էլ ո՞ւմ հետ խոսեմ
երջանկության մասին, հարցրեցի ինքս ինձ,
ավարտված է երգը, ասաց փողային նվագախումբը,
և փողոցը մթնեց մեկից, - ավարտված է, հաստատեց լուսինը`
պատուհանի կոտրված ապակին, և աստղերը` զանազան
մանր կենդանիներ, անփոփոխ կերպարանքներով,
շարունակում էին անտարբեր վազվզել` ինչ-որ անհասկանալի
հիերոգլիֆներ գծելով երկնքի սևացող աստառին…
 
 
ՎԵՐՋԻՆ ՄՈԼՈՐԱԿԸ
Մի տխուր ուսանող, որ ոչինչ չունի սովորելու,
չորս պատ, դատարկ սենյակ և մի խանդավառ արև,
որ տեղի-անտեղի մտնում է պատուհանից ներս
և տնտղում է սենյակի պատերը և ոչինչ չի գտնում
մի դեղնած պլակատից բացի, որի վրա  անճոռնի
դինոզավր էր նկարած, որը շրջում էր քաղաքային
պուրակի ծառերի արանքում, իսկ վերևում գրված էր.
«Պահպանենք բնությունը` առավոտյան ժամը իննից
մինչև երեկոյան ժամը 5-ը, ընդմիջում` 12-ից մինչև մեկը»:
Իսկ քաղաքային պուրակի ծառերը կանաչում ու ծլում էին
խստիվ համապատասխան ցուցումին, իսկ շաբաթ
և կիրակի` չքվում էին երկրի երեսից: Եվ մի շաբաթ օր,
երբ արևը սովորականի նման ներս նայեց պատուհանից -
զարմանքից քիչ էր մնում մայր մտներ` չկար տխուր ուսանողը,
և դինոզավրը չկար, ծառերն էլ չկային - միայն
գրությունն էր մնացել. «Պահպանենք բնությունը…»:
Իսկ դա տեղի էր ունեցել ուրբաթ երեկոյան, երբ մարդիկ
հոգնած վերադառնում էին տուն և ուշադիր նայում էին
իրար երեսի և կամ լրագրերի մեջ գլուխները թաքցրած`
համաչափ շնչում էին` խանդավառ հոդվածների
բույրով արբեցած… Ուրբաթ երեկոյան, երբ տխուր
ուսանողն առաջվա նման ոչինչ չուներ սովորելու
և կեսքուն-կիսարթուն պառկած էր սենյակի ուղիղ
կենտրոնում, դինոզավրը հանկարծ սահեց պլակատից
և  պոկվելով պատից, դանդաղ մոտեցավ և կանգնեց
ուսանողի առաջ. «Աստվածային նշան է,- ուսանողն ասաց-
բարի է սկիզբը մեր ճամփորդության»- և շարժվեցին:
Եվ դինոզավրը, որ մինչ այդ լուռ էր, անսպասելիորեն
խոսեց մաքուր գրական հայերենով. «Թեկուզ մի անգամ էլ
ծնվես այս մոլորակում, չես մոռանա ոչինչ, երջանկությունը
շատ նուրբ ծաղիկ է, ավաղ, չի ծաղկում ցուրտ երկնքի տակ,
իսկ ով մեռնում է ժամանակից շուտ, հետո կմեռնի էլի ու էլի,
միայն մի ծաղիկ, որ անուն չունի, կուղեկցի նրան երկու
աշխարհում, մթնում լույս կտա, իսկ առավոտյան կլինի
կողքին և լույսը կլինի ավելի պայծառ»- և հոգնած լռեց:
«Աստվածային նշան է,- ուսանողն ասաց,-բարի է սկիզբը
մեր ճամփորդության»… Եվ հայտնվեցին զարմանահրաշ
մի մոլորակում, մի տխուր ուսանող և մի անճոռնի դինոզավր,
և ուսանողն ութ անգամ ավելի էր տխուր,
և դինոզավրն ութ անգամ ավելի էր անճոռնի և այնքան
շատ բան կար սովորելու այդ զարմանալի մոլորակում:
Ձեռք-ձեռքի տված քայլում էին մոլորակի միակ փողոցով,
իսկ փողոցի եզրին շարված էին հենց այն ծառերը, որոնք
շաբաթ և կիրակի լքում էին պուրակները քաղաքային:
Քայլում էին նրանք և ուզում էին երազել  և ոչինչ
չէր ստացվում` երազները թեթև էին այստեղ ուղիղ 8 անգամ,
ութն անգամ անգույն: Եվ առաջինը ինչ տեսան նրանք`
աղբանոցներն էին անթիվ, անհամար, շքեղ ու հարուստ,
ճոխ աղբանոցներ, որպիսիք չեք տեսնի երկրի երեսին.
պրիմուսներ, նավթավառներ, պարուսինե կոշիկներ,
կոտրված գրասեղաններ, գրականագիտական
հոդվածներ, թեկնածուական դիսերտացիաներ,
սուլիչներ, փուչիկներ, հավատարմության խոստումներ,
կինոաստղեր, բանաստեղծություններ, սիրային
նամակներ, պրեզիդենտության թեկնածուներ և մի
գնդացիր, որը անվերջ ու շարունակ կրակում էր բոլոր
ուղղություններով, և մի
ամբիոն, որը նետել էին հռետորի հետ միասին և նա,
ակնոցն ուղղելով շարունակում էր միտքը զարգացնել…
Երջանիկ զույգեր, ջերմ վերաբերմունքներ, սոխակների
քառաձայն երգչախումբ, փետրահան արված թևավոր մտքեր,
առողջ դատողություններ, տեղին դիտողություններ,
կարճ փոխանցումներ և բարձեր, որպես սառը զենք
կցված դատական գործերին… Ձեռք-ձեռքի տված
քայլում էին մոլորակի միակ փողոցով և տխուր ուսանողը
հանկարծ հանդիպեց իր հորեղբորը` սապատավոր ու
սրամիտ մի ծերուկի, որը մեռել էր վաղուց, ժառանգելով
իր սիրասուն զավակներին քաղաքային լրագրի
համարները բոլոր, որ խնամքով հավաքել էր իր ամբողջ
կյանքի ընթացքում,-հորեղբայրը, որն անցավ առանց
գլուխը շարժելու, իսկ ուսանողը քար էր կտրել զարմանքից
և երկար ժամանակ շարունակում էր կտրել, նկատելով,
որ իր հորեղբոր սապատն ամենևին չի ուղղվել գերեզմանում…
Չափազանց ջերմ էր հանդիպումը Նոյ նահապետի հետ,
որը շվարած կանգնել էր և մորուքն էր փետում,
և կարճ զրույցից հետո պարզվեց, որ ջրհեղեղը վտանգված է,
որ ջրհեղեղի համար նախատեսված ջուրը քոռուփուչ են արել`
բոստաններ են ջրել, ավտոներ լվացել, ցրել են դեսուդեն
ու հետքն անգամ չկա, իսկ տապանի մեջ խոզեր է բուծում
ինչ-որ ստահակ, ինչ-որ տարօրինակ խոզեր, որոնք
ցերեկը հաչում են շան պես, իսկ գիշերները
հարբում ու լալիս են անմխիթար… Անսահման հուզիչ պահ էր,
երբ նրանց դեմ ելավ Դոն Կիխոտն` անձի,
արդարության զինվորը հին, որը մի կերպ քայլում էր
շքանշանների ծանրության տակ կքած, հին զինվորը, որին
խփել էին քարերով, նիզակով ծակծկել, և սպանել էին
աշխարհի բոլոր պատերազմներում, խեղդել ջրի մեջ,
թունավորել գազերով, ձին սատկել է գազերից, իսկ ինքը,
փառք Աստծո, ողջ է մնացել, իսկ Սանչո՞ն` նա վաղուց
լքել է տիրոջը և նվիրվել է գիտությանն անմնացորդ,
և հիմա դիսերտացիա է գրում. «Դոն Կիխոտը և ինչպես
պայքարել նրա դեմ» թեմայով… Հին զինվորը… երկրի
երեսին չկա ոչ մի պատ, որի տակ նրան
գնդակահարած չլինեին… Առավել հուզիչ էր բաժանումը,
և մեծարգո Դոնը անչափ սրտաշարժված խնդրեց
ուսանողին և ուղեկցին նրա, որպես հիշատակ
այս սքանչելի հանդիպումից, լուսանկարվել աղբանոցների
սքանչելի ֆոնին` կողք-կողքի, միասին կաղախան հանված,
                                                        մեղմ քամուց ճոճվելով…
…Զարմանալի մոլորակ, փողոցից քիչ հեռու
ցախավելներն էին ցցվել` բնության զարդը միակ,
և ամեն ցախավելին` սև սերթուկավոր մի ագռավ,
անշարժ` իմաստուն լռության մեջ խորասուզված:
Աննման մոլորակ - ասֆալտած երկնքով, հատուկենտ
աստղեր` ծերտի մեջ կորած և բուրդը տված այծամարդու պես
մի ոսկրոտ լուսին կաղամբ է ուտում օրը ութ անգամ:
Հրաշալի մոլորակ - բազմահարկ, շքեղ գերեզմանոցներով,
և հանգուցյալներ, պառկած ոսկեզօծ դագաղների մեջ,
պճնված ընտիր հագուստ-կապուստով, իսկ աչքերի տակ`
կապտուկներ անթիվ, քթերը ջարդված, սմքած փորերով –
նշան այն բանի, որ մինչ մեռնելը չեն կերել ոչինչ քոթակից
բացի – օրը ութ անգամ… Սքանչելի մոլորակ` ուր ամեն ուրբաթ
օրվա ավարտին, գիշերվա ինչ-որ անհայտ մի ժամի,
երբ փողոցներից վերանում են մարդիկ, երբ վերջին քնատ
տրամվայն է անցնում չորչորուկ կողերն օրորելով,
գիշերվա ինչ-որ անհայտ մի ժամի, ծանր շնչելով
մի տարօրինակ կենդանի մտնում է մոլորակի միակ փողոցը,
բազմաթիվ ոտները քսելով ասֆալտին, հազիվ շարժելով
մարմինը վիթխարի…Այդ անճարակ կենդանին,
որի ազգականները վերացել են վաղուց, որովհետև
ոչ արագ վազել են իմացել, ոչ մահացու խայթել,
ոչ կծել, ոչ թունավորել, ոչ օպերատիվ քծնել
և ոչ էլ մատնել օրվա խաղաղ պահերին…Իսկ այս մեկը,
իր բազմաթիվ ոտները քարշ տալով դանդաղ սողում է
փողոցով, գիշերվա անհայտ մի ժամի…
 -Այդ դո՞ւ ես, - հարցրեց ուսանողը տխուր:
 -Այդ ես եմ, - ասաց դինոզավրը միակ:
Եվ եկեղեցու զանգերը հնչեցին մեկից և փողային
նվագախումբը նվագեց Շոպենի հանրահայտ մեղեդին,
և դուդուկահարները ձգեցին անսահման տխուր
և անսահման սրտամաշ մի մեղեդի, և երկնքից հանկարծ
ծաղիկներ թափվեցին, և ուսանողը ծնկի իջավ
և ձեռքերը պարզեց նրան, պաղատելով.
Մի վերանա, խնդրում եմ քեզ, մի վերանա,
խնդրում եմ նորից ու նորից, մենք միասին կզբոսնենք
քաղաքային պուրակի ծառուղիներով, դու  ջուր կխմես
ցայտաղբյուրից, դու պաղպաղակ կուտես, հեռուստացույց
կնայես, կխոսես հեռախոսով, լեզուներ կսովորես, կինո
կգնաս, հետո գարնանային, կամ աշնանային մի գեղեցիկ օր
կհանդիպես մեկ ուրիշ դինոզավրի, կամուսնանաս,
տուն-տեղ կդնես…-
   Իսկ դինոզավրը երկար լուռ մնաց և հետո ասաց.
- Չկա ոչ մեկը, ոչ մեկը չկա, ես միայնակ եմ և ես էլ չկամ…-
Հետո շրջվեց, դանդաղ հեռացավ… Իսկ փողային
նվագախումբը գնաց նրա ետևից, և դուդուկահարները
գնացին նրա ետևից, իսկ ուսանողը նայում էր կարկամած,
տեսնում էր` ինչպես է միակ դինոզավրը, վերջին դինոզավրը
քիչ-քիչ հեռանում, քիչ-քիչ վերանում, սուզվում էր քիչ-քիչ
սուլիչների մեջ, փուչիկների մեջ, թեկնածուական
դիսերտացիաների, առողջ դատողությունների, տեղին
դիտողությունների, բուսաբանական հոդվածների,
հավատարմության խոստումների, կոտրված գրասեղանների,
պրիմուսների, նավթավառների, նեյտրոնային ռումբերի,
պրեզիդենտների և ամբիոնի, որը նետել էին հռետորի հետ
միասին և նա ակնոցն ուղղելով, դեռ շարունակում էր միտքը
զարգացնել. «…Բնությունը… ահա… մի խնդիր… տաս էջ… գրավոր…»…
 Եվ մեն մի ագռավ, որը ուշադիր
լսում էր նրան, գլուխն օրորեց, ասաց հարգանքով.
Կեցցես, կռռա՜ավո…
  • Hits: 7338

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: