Երբ կինը երկրորդ անգամ դռան զանգի ձայնը լսեց, խոհանոցից հյուրասենյակ էր հասել, որտեղ թվում էր, թե հյուլե-հյուլե ամբողջությամբ տարածվել էր երկնագույն երանգը: Կանգնել էր հայելու առաջ, որի վերևի աջ անկյունում դրված էր Հոջաթի մանկության չորսը վեցի վրա սև-սպիտակ մի լուսանկար` բերանում նրա ձայնավոր ծծակներից մեկը: Կինը ձեռքերի թաց ափերը չորացրեց ծաղկավոր, կարճ վերնամասով զգեստի փեշով, ապա մազերը, տեսքը կարգի բերելով, բարձրաձայն ասաց` էկա, էկա, ու շրջվեց: Տեսողությունը խամրել էր, հուզմունքից աչքը խաղում էր: Շրջվելիս ասաց. «Հոջաթ, պապան էկավ, պատրաստ եղիր», և արագ գնաց դեպի դուռը, բանալին պտտեցրեց: Դռան հետևում`աստիճանների հինգերորդ հարթակի վրա, տղամարդը կոշիկներն էր հանում շեմին գցած շորի վրա: Կինն ասաց.
- Ողջո՜ւյն,- և ծիծաղեց:
- Հոջաթը…
Կինն ասաց.
- էս անգամ էնպիսի տեղ է, որ ես էլ չգիտեմ:
Հետո ուրախությունից ոգևորված ոտքերի թաթերին բարձրացավ ու ձեռքերի ափերը միմյանց հպեց, դրեց շուրթերին: Տղամարդն ասաց.
- Ա՛յ դու խորամանկ,- և ներս մտավ: Կինը հետևեց նրան` ասելով.
- Չէ… Հավատա:
- Չարաճճի, ճաշին ի՞նչ ենք ուտելու,- կարծես հոտն առել էր,- ջեռոցում ձուկ ես դրել, դու հրաշք ես:
Կինն ասաց.
- Դե, մինչև դու Հոջաթին կգտնես, ես սեղան գցեմ:
Կինը դեպի խոհանոց գնալիս բարձր ձայնով ասել էր.
- Հոջա՛թ, պատրա՛ստ եղիր, պապան գալիս է:
Տղամարդը հյուրասենյակում կանգնել էր մեծ շրջանակի մեջ դրված Հոջաթի լուսանկարի առջև: Այդ լուսնկարում տասնամյա Հոջաթը ծիծաղում էր: Նա ասաց.
- Այս անգամ քեզ շատ շուտ կգտնեմ:
- Շա՛տ շուտ կգտնեմ, պատրաստվիր,- գոռացել էր:
Խոհանոցից լսվեց կնոջ ձայնը.
- Ես որ չկարղացա, չարաճճին շատ ճարպիկ է:
Տղամարդը, որ դանդաղ ու փոքր-ինչ կռացած մոտենում էր ննջասենյակին, ասաց.
- Ես կգտնեմ նրան: Երբ գտա, հենց էնտեղ դռան ետևում նրան կուտեմ, մի բերան կանեմ…- հարձակվեց, դուռը բացեց: Դռան ետևում ոչ ոք չկար: Սենյակի դիմացի պատին` շրջանակի մեջ Հոջաթի լուսանկարն էր: Այստեղ նա տասներկու տարեկան էր, դպրոցական պայուսակը ձեռքին: Լուսանկարում նաև պատի անկյունում կուչ եկած մի շուն կար: Տղամարդն ասաց.
- Այ դու չարաճճի խորամանկ:
Այնուհետև շրջվեց դեպի Հոջաթի ննջասենյակը:.
- Գտա՞ր նրան,- լսվում էր կնոջ ձայնը:
Տղամարդը ոտքի մատների վրա կամաց-կամաց մոտենում էր սենյակին: Դուռը կիսաբաց էր: Դանդաղ բացեց, հայացքը պտտեց ողջ սենյակում: Ամեն ինչ նույն էր, ամեն օրվա նման: Միայն թվում էր, թե այդ ամեն ինչում տարօրինակ էր զգեստապահարանը: Տղամարդը սուսուփուս, կամաց մոտեցավ պահարանին: Դռները կրնկի վրա բացեց, հարձակվեց կախած, լցրած շորերի վրա, բայց Հոջաթն այնտեղ չէր: Գոռաց.
- Էդ չարաճճին գիտի` ուր է թաքնվում:
- Ես քեզ ասացի չէ՞,- կինն էլ բղավեց:
Տղամարդը հիմա այնպիսի դիրքով էր կանգնել, որ պատին փակցված շրջանակում Հոջաթի լուսանկարը գտնվում էր նրա հետևում էր: Այդ նկարում Հոջաթը տասնհինգ տարեկան էր, հոնքերը կիտած, շուրթերի վերևն արդեն սևին էր տալիս:
Տղամարդը եկավ հյուրասենյակի կենտրոնում կանգնեց ու ասաց.
- Տե՛ս Հոջաթ, ես շատ սոված եմ, եթե գտնեմ, հավատա` քեզ կուտեմ խորոված ձկան փոխարեն:
- Ճաշը պատրաստ է,- լսվեց կնոջ ձայնը.
Տղամարդը քայլեց դեպի լոգարան: Դուռը բացեց: Ամեն ինչ սառն ու մերկ էր: Նորից ծածկեց: Մտքում ասաց. «Բա ո՞ւր է»:
Վերադարձավ հյուրասենյակ, նայեց կահույքի բազկաթոռների տակն ու վրան` չկար: Երբ կանգ առավ, թվում էր, թե արդեն ձանձրացել է: Նորից լսվեց կնոջ ձայնը.
- Ճաշը կսառի:
Տղամարդը կրկին գնաց դեպի ննջասենյակ: Այս անգամ մահճակալի տակ էլ փնտրեց: Չկար: Եկավ հյուրասենյակ, երկնագույն պարզ վարագույրները մի կողմ քաշեց: Չկար: Կանգնելով խոհանոցի դռան շեմին` ասաց.
- Չկա, իրոք չկա, չլինի՞ թե դուրս է գնացել:
-Չէ, համոզված եմ, որ դուրս չի գնացել:
- Բա ո՞ւր է:
- Հենց էստեղ պիտի լինի:
Տղամարդու դեմքին տարօրինակ սարսափ երևաց: Բղավեց.
- Հոջա՛թ, Հոջա՛թ, հերիք եղավ, դու ես հաղթել:
- Հոջաթ, բալես, ճաշը սառում է, պապան սոված է,- ասաց կինը:
Ապա շուրջբոլորը լռություն տիրեց: Որևէ շշուկ չէր լսվում: Միայն երբեմն-երբեն արագ անցնող ավտոմեքենաների թույլ շառաչն էր, որ ուղիղ գծի պես անցնում էր հյուրասենյակի երկնագույն տարածութան միջով: Ինչպես հիմա:
Տղամարդն ու կինը մտահոգված, սարսափահար հայացք նետեցին միմյանց:
Տղամարդն ասաց.
Տղամարդն ասաց.
- Չլինի՞ թե ներքևի հարկ է իջել:
- Ասացի չէ՞, որ դուռը փակ էր: Մի՞թե գալիս չտեսար: Երբ եկար, դուռը փակ էր: Ներսից էր փակված: Միշտ էլ էդպես եմ անում: Ապահովության համար:
Տղամարդը, խիստ մտահոգված ու տագնապով մեկ անգամ ևս շուրջբոլորը մտիկ անելով, գոռաց.
- Հոջա՜թ, Հոջա՜թ, ո՞ւր ես բալես: Կինն ասաց.
- Չլինի՞ մի անկյունում քնել է:
- Խաղի ընթացքո՞ւմ, էդպես բան հնարավո՞ր է:
Հիմա արդեն թե՛ կինը, թե՛ տղամարդն էին Հոջաթին փնտրում: Երբ տղամարդը սենյակներից մեկում մոլորվում էր, կինը հյուրասենյակում էր Հոջաթին փնտրում: Իսկ երբ կինն էր սենյակներից մեկում ման գալիս, տղամարդը մի այլ տեղ էր զգուշությամբ փնտրում, օրինակ` լոգարանում, զուգարանում, բայց Հոջաթը չկար ու չկար: Կինն ու տղամարդը հյուրասենյակում կրկին հանդիպեցին, կինն ասաց.
- Ի՞նչ ես կարծում, որտե՞ղ կարող է լինել:
Տղամարդն ինքն իրեն ու կնոջն ասաց.
- Ի՞նչ իմանամ, էս մեղվի փեթակում ինչքա՞ն տեղ կա: Ի՞նչ իմանամ, դու էիր տանը:
Կինն էլ տղամարդուն և ինքն իրեն դիմելով ասաց.
- Դե ինքը տանն էր: Ասաց` գնում է թաքնվի: Եվ գնաց: Հիմա որտե՞ղ է: Աստված իմ:
Տղամարդու հայացքում ինչ-որ բան է փայլատակում: Մի պահ անշարժ կանգնեց և ասաց.
- Գտանք էդ չարաճճիի՛ն, - և անմիջապես քայլերն ուղղեց դեպի խոհանոցը: Երբ նա գնում էր, կինն էլ հուզված ասաց.
- Ա՛յ չարաճճի:
Տղամարդը խոհանոցի շեմին կանգնեց: Միայն մի պահ կանգնեց ու շուրջը շատ ուշադիր նայեց: Ապա հանկարծակի հարձակվեց պահոց սառնարանի վրա: Կինը կանգնել էր խոհանոցի շեմին` տղամարդու տեղն ու ծիծաղում էր, մատերը սեղմել էր ներքին շուրթին: Տղամարդը սառնարանը բացեց ու կիսով չափ մտավ դրա ներսից դուրս ժայթքող գոլորշու մեջ:
Կինն ինքն իրեն ասաց.
- Աստվա՜ծ իմ, էդ ուղղությամբ չէի էլ մտածում:
Տղամարդու ձեռքերը մի կողմ էին գցում մեծ ու փոքր կապոցները` սառած միս, կանաչի, հավ, ձուկ, անցյալ սեզոնի մրգեր:
Տղամարդը դուրս եկավ սառնարանից: Ձեռքի թաթերում արյունը սառել էր: Սառնարանի դուռը փակեց, կինը հարցրեց.
- Էդտեղ չէ՞ր.
- Չէ:
Հիմա էլ առանց մտածելու կինը հարձակվեց գազի ջեռոցի վրա և այնտեղ ծնկի եկավ: Նա երբ դեմքը մոտեցնում էր ջեռոցի ապակուն, ցածր ձայնով ասաց. «Սըսսս…եթե քնած լինի՞»,- և դեմքն ավելի մոտեցրեց, ջեռոցում մնացած ջերմության մնացորդը պարույրակի անցավ նրա դեմքի ու վզի վրայով: Ջեռոցից հենց այդ երկու թզաչափ հեռավորության վրա քարացավ: Տղամարդը հարցրեց.
- Ի՞նչ պատահեց:
- Որևէ բան չեմ տեսնում, ջեռոցն էնքան տաք է, որ սրանից ավել չեմ կարող մոտենալ,- հետո էլ ինքն իրեն ու տղամարդուն ասաց.
- էդ չարաճճին ուր էլ ասես, կարող է լինել:
Ապա բռնելով ջեռոցի բռնակը` իր կողմը քաշեց: Ձկան սուր հոտը և ջեռոցի ջերմությունը, խոշոր խխունջի նման ներթափանցելով, պտտվեցին խոհանոցում: Կինը հոգնել էր: Տղամարդը վրա բերեց.
- էդտե՞ղ է:
Կինը գլուխը շրջել էր դեպի վերև ու նայում էր տղամարդուն.
- Էստեղ չի:
- էդտեղ չի՞:
Եվ անմիջապես ձգվեց դեպի հյուրասենյակ, գորգի տակ նայեց, չկար, ծաղկամանի մեջ նայեց, չկար, գրապահարանի գրքերի արանքում նայեց, չկար, որմնախորշում էլ չէր, վարդահյութ ցանող ամանի կողքը նայեց, չկար, կոշիկների պահարանում էլ չէր, աշխարհի քաղաքական քարտեզի հետևում էլ չէր: Կինն ասաց.
- Գրպաններդ նայիր:
Տղամարդն առանց մտածելու երկու ձեռքերը մտցրեց գրպանները, չկար:
Հոջաթը ոչ մի տեղ էլ չէր, նույնիսկ տղամարդու գրպաններում:
Երբ կինն ու տղամարդը հուսահատված հյուրասենյակի գորգի գլխավոր ծաղկի վրա միմյանց թիկունքով նստել, թուլացել էին, կինն ասաց.
- Հոջաթը որ չկա, ճաշը չես կարողանում բերանդ տանել:
- Շատ սոված եմ, վեր, վեր կաց, չարաճճի, սատանա:
Տղամարդու և կնոջ ետևում, պատի վրա փակցված էր Հոջաթի լուսանկարը: Նա ծալապատիկ նստած էր ծարավից ճաքճքված հողին և դեմքը կպցրած ձեռքի զենքին` ժպտում էր:
Պարսկերենից թարգմանեց Էմմա Բեգիջանյանը
Պարսկերենից թարգմանեց Էմմա Բեգիջանյանը
- Hits: 6090