Վլադիսլավ Օտրոշենկո. Գոգոլիանա (հատված)

Գոգոլը և դրախտը

Հավերժական քաղաքը  Գոգոլի համար հանկարծ ձեռք բերեց դրախտի հատկություններ։ Երբ նա առաջին անգամ տեսավ Հռոմը, քաղաքը նրան անսպասելի փոքրիկ ու ծայրագավառային թվաց։ Սկզբում Գոգոլը նույնիսկ «չէր կարողանում ինքն իրեն հստակ հաշվետվություն տալ»։ Ի՞նչ է սա։ Որտե՞ղ է մեծ և ահեղորեն փառավոր Հռոմը։ Որտե՞ղ են նրա պայծառափայլ հզորության հետքերը․․․ Ինչ-որ  նեղլիկ, մթին նրբանցքներ, լվացված սպիտակեղենի ողկույզներ, ավանակներ հեծած վանականներ, կիսախարխուլ սայլակներ, քաղաքով մեկ թափառում են այծերը`  տերևներ ուտելով թփերից, տեղ-տեղ աճած հենց հնախարխուլ տների պատերից՝ ամենուր առտնին, խաղաղ ոչնչության նշանները։  

Ի դեպ, ինքն Իտալիան էլ, որ Գոգոլն առաջին անգամ տեսավ 1837 թվականի գարնանը Հռոմի ճամփին, նրա հոգուն ոչ մի դրախտային բան չէր խոստանում՝ ոչ մի այնպիսի բան, ինչը նրա հոգուն անծանոթ էր երկրային կյանքում։ «Ի՞նչ ասեմ քեզ ընդհանրապես Իտալիայի մասին,- գրում էր նա Ալեքսանդր Դանիլևսկուն։- Ինձ թվում է, թե կարծես այցելել եմ հնամենի մալոռուսական կալվածատերերին։ Տների նույնպիսի խարխուլ դռներ են, բազում անպետք ծակերով, հագուստներն աղտոտող կավիճներով․ հինավուրց մոմակալներ ու եկեղեցական տեսակի ջահեր։ Ճաշատեսակները բոլորն առանձնահատուկ, բոլորը հինավուրց տեսակի։ Մինչև հիմա ինձ տեսանվում էր փոփոխությունների պատկերը։ Այստեղ ամեն ինչ կանգ է առել մի տեղում և առաջ չի գնում»։

Հռոմ Գոգոլը հասավ 1837 թվականի մարտի 26-ին, Զատկի նախօրեին։ Նա բնակարան վարձեց Via Isidoro, 17-ի վրա, Բարբերինի հրապարակի մերձակայքում։ Դա մի քանի րոպե քայլելու ճամփա էր №126 по Via Felice տնից, տառացիորեն՝ Երջանիկ փողոցի, որտեղ վերին երրորդ հարկի տերն էր Չելլի ազգանունով «չորուկ կարմրաթուշ ծերուկը»։ Հենց այդ տանը, ծերուկ Չելլիի հարկում, Գոգոլին վիճակված էր ձեռք բերել մշտական հասցե «հրաշալի, հիասքանիչ հեռվի» սահմաններում, կամ ինչպես կասեին էդդայական բանաստեղծները՝ «հիասքանչ Միդգարդի»՝ աշխարհի լուսավոր, կարգաբերված մասի, մաքրված աստվածների միջնորդությամբ հսկաներից, գաճաճներից ու դևերից, մահկանացուների երջանիկ բնակեցման համար։

Սակայն այնժամ, Հռոմ իր առաջին այցելության ժամանակ, Գոգոլը դեռ չէր մտածում Հավերժական քաղաքում որևէ մշտական հասցեի մասին։ Քաղաքը նա շուտով  մանրակրկիտ հետազոտեց և գտավ այնտեղ այն ամենը, ինչը որ ենթադրում է գտնել քննախույզ արտասահմանցին, որ Հռոմից պահանջում է հիասքանչություն և մեծություն։Նա ոտնատակ էր տալիս  հռոմեական հրապարակը, մերթ ընդ մերթ կանգ առնելով Սեպտիմուս Սեվերուսի կամարի, Կուրիոսի շինության և Սատուրնի սյուների առաջ․ շրջանցում էր մտազբաղ զարմանքի մեջ Կարակալայի հասարակական բաղնիքները․ ուզածիդ պես, բոլոր կողմերից զմայլվում էր կես երկինքը բռնած Կոլիսեումով․գտավ Ագրիպայի հսկա պանթեոնը, պատված նեղլիկ փողոցների լաբիրինթոսով, ելավ հեռադիտակով Կապիտոլիում և, փափուկ սապոգները հագնելով, մագլցեց կայսերական ապրանքների ավերակները Պալատինյան բլրի վրա։ Հռոմն այլևս Գոգոլին փոքր չէր թվում․ «…քանի գնում, այն ինձ ավելի ու ավելի մեծ է թվում,- գրում էր նա Դանիլևսկուն,- շինություններն ավելի վիթխարի են, տեսարաններն ավելի գեղեցիկ, երկինքն ավելի լավն է, իսկ պատկերներ, ավերակներ և հնավանդ բաներ նայելուն ողջ կյանքին բավ է»։ Իսկ Սուրբ Պետրոսի զատկական տաճարը, որտեղ Գոգոլն ունկնդրեց զատկական ժամերգությունը, նրան պատկերացավ արդեն  պարզապես անծայրածիր։

Դրանք ուժգին, բայց այդուհանդերձ կանխատեսելի և նույնիսկ պարտադիր տպավորություններ էին։ Որևէ արտասովոր զգացողություններ Հռոմի գրաված երկրային տարածությունը, Գոգոլի մեջ այնժամ չհարուցեց։ Միայն թե «գիշերվա աստղերը» ինչ-որ առանձնակի ապշեցրին նրան։ Գոգոլը նկատեց, որ դրանք այրվում են Հռոմի վրա ոչ այնպես, ինչպես ամենուր․ «Շողում են այստեղ արտասովոր փայլով»,- հաղորդեց նա Դանիլևսկուն։  Բայց այդ խոսքերում, թերևս, դրսևորվում էր լոկ զուտ պոեզիան։

1837թվականի հունիսին Գոգոլը հանգիստ՝ առանց ափսոսանքի ու տրտմության, առանց նրանից բաժանվելու վախի՝ լքեց Հռոմը։ Նա մեկնեց Անդրալպյան Եվրոպա։ Մի քանի ամիս նա տեղափոխվում էր այնտեղ քաղաքից քաղաք, երկրից երկիր։ Ապրում էր մեկ Բադենում, օգտվելով ջրաբուժությունից, մեկ Ժնևում։ Այցելում էր ընկերներին Ֆրանկֆուրտում և Ստրասբուրգում։

Սնվելով նոր տպավորություններով, նա համարյա չէր հիշում Հռոմի մասին՝ այն իր սրտում չէր պահում, այլ միայն չոր, անցողակի, հաղորդում էր մորը, որ, հավանաբար, նորից կգնա Իտալիա, Հռոմ՝ գուցե թե, օգոստոսին, իսկ գուցե և, սեպտեմբերին կամ հոկտեմբերին,- մի խոսքով, երբ հարմար գտնի։

Սակայն Սեպտեմբերի սկզբին, Ժնևում, ինչ-որ, դեռևս անհայտ պատճառով նա հանկարծ զգաց, որ պիտի անհապաղ մեկնի Հռոմ՝ պիտի սուրա այնտեղ հենց այս րոպեին։ Բայց հենց այս րոպեին՝ անհնար էր։ Իտալիայում բռնկվել էր խոլերայի համաճարակը։ Բոլոր մոտեցումները Ապենինյան թերկաղզուն փակված էին կարանտինային պահակետերով։ Գոգոլին համակեց հուսահատությունը։ Նա իրեն Եվրոպայի մեջտեղում կալանավոր, աքսորյալ զգաց։ Ամեն ինչ նրա վրա սկսեց ճնշիչ ազդել։ Շվեյցարիան և  Գերմանիան, որոնցով նա դեռ վերջերս հիանում էր, այժմ նրան լոկ տաղտուկ ու նողկանք էին հարուցում․ «Ցածրիկ, ստոր, վատշվեր, գորշ, պաղ էին թվում ինձ դրանք բոլորն  իրենց լեռներով ու տեսարաններով»։ Նրա համար այժմ նույնիսկ Ժնևի օդը շնչելն անգամ ծանր էր, որն արդեն այժմ նրան բնավ արդեն Ժնև էլ չէր  պատկերանում։ Նրան թվում էր, հիշում էր նա հետո, որ ինքը գտնվում է Օլոնեցկյան գուբերնիայում» և լսում է «հյուսիսային օվկիանոսի արջային շնչառությունը»։

1837 թվականի հոկտեմբերի կեսին, հենց որ կարանտինային արգելքներն հանվեցին ալպյան ճանապարհներից, Գոգոլը ճամփին էր։

Մի քանի օրից նա մտավ Իտալիա։ Եվ այդ երկրորդ այցելության ժամանակ, հայտնվելով նրա սահմաններում, նա իր հոգում հայտնաբերեց մի այնպիսի բան, որ ավելին էր, քան պարտադիր հիացմունքը հիասքանչ տեսարաններով, և ավելին էր, քան զուտ պոեզիան։ «Վերջապես ես պոկվեցի,- գրում էր նա Ժուկովսկուն։- Եթե դուք իմանայիք ինչ ուրախությամբ ես լքեցի Շվեյցարիան և թռա առ իմ հոգյակ, իմ գեղեցկուհի Իտալիան։ Այն իմն է։ Ոչ մեկն աշխարհում այն ինձնից չի խլի։ Ես այստեղ եմ ծնվել։ Ռուսաստանը, Պետերբուրգը, ձյուները, սրիկաները, դեպարտամենտը, ամբիոնը, թատրոնը՝ այդ ամենն ինձ երազվել է։ Ես նորից արթնացա հայրենիքում․․․»։

Հոկտեմբերի վերջին, անցնելով Միլանով ու Ֆլորենցիայիով, Գոգոլը ժամանեց Հռոմ։ Քաղաքը, որ նա տեսավ երկրորդ անգամ, ոչ թե շշմեցրեց նրան իր «զարմանահրաշ հիասքանչությամբ»․ այն  նրան գցեց այնպիսի լուսավոր, հանգիստ ու հաստատուն բերկրանքի մեջ, որը խոստացված է անմեղ հոգիներին Արևմուտքի և Արևելքի սուրբ գրերով լոկ երկրային գոյության սահմաններից դուրս ճշմարիտ հայրենիքում։ Հենց այդպիսի՝ մետաֆիզիկական հայրենիքի մասին էր խոսում Գոգոլը Ժուկովսկուն հղած իր նամակում, ինչպես ակնհայտ է նրա այլ մի նամակից, որը նա 1838 թվական,ի ապրիլին ուղարկել էր Հռոմից իր  պետերբուրգյան աշակերտուհի Մարիա Բալաբինային, թվագրելով այն 2588 թվականով քաղաքի հիմնադրումից ի վեր։  «Եվ երբ ես տեսա նախ երկրորդ անգամ Հռոմը,- գրում էր նա նրան,- օ՜, որքան այն նախկինից ավելի լավը թվաց։ Ինձ թվում էր, որ կարծես թե ես տեսա իմ հայրենիքը, որում մի քանի տարի չէի եղել, և որում ապրում էին լոկ իմ մտքերը։ Բայց ոչ, այդ ամենն այն չէ, ոչ թե իմ հայրենիքը, այլ իմ հոգու  հայրնեիքը ես տեսա, որտեղ հոգին իմ ապրում էր դեռ ինձնից էլ առաջ, ավելի վաղ, քան ես լույս  աշխարհ էի եկել»։

Հռոմում նա չգտավ ոչ մեկին իր ընկեր-համերկրացիներից, որոնց հետ նա ուսումնասիրում էր քաղաքն իր նախորդ այցելության ժամանակ։ Դե և նա այժմ ոչ մեկի կարիքը չուներ էլ։ Նա բնակվեց Via Felice-ի  վրա (այժմ Via Sistina) Չելիի մոտ, գտնելով այստեղ անփոփոխ հռոմեական հասցեն։ Այդ ժամանակից ի վեր նա համառորեն, իր բոլոր նամակներում սկսեց խոսել Իտալիայի և Հռոմի մասին՝ իմն ու իմը։ Եվ սկսեց խանդել առ Հռոմը բոլոր ճանապարհորդ-արտասահմանցիներին,- և հատկապես ռուսներին, որոնց Զատկին մոտ հանդիպում էր քաղաքում, ինչպես գրգռված արտահայտվում էր, ողջ բազմություններով։ Նրա համար անտանելի էին նրանց մեծամիտ զայրացկոտ խոսակցությունները Հռոմի կեղտոտ փողոցների մասին, նրա խղճուկ հնախարխուլության, նրանում զբաղմունքների բացակայությունից, կոպիտ փնթիության մասին վանականների, որ թրևում էին քաղաքում նույնքան անթույլատրելի բազմությամբ, ինչպես և  տնային կենդանիները, և այն մասին, որ բոլոր իտալացիները սրիկաներ և ստախոսներ են։ Բայց էլ ավելի նրա համար անտանելի էին այն ֆորեստիերները, որոնք իրենց թույլատրում էին հիանալ Հռոմով, պարզապես Հռոմով, ինչ-որ քարե քաղաքով Եվրոպայի հարավում, թող որ հնամենի, թող որ  արտասովոր, թող նույնիսկ ազդած եվրոպական քաղաքակրթության ճակատագրերի վրա, բայց այդուհանդերձ այնպիսի քաղաքի, ուր կարելի է երբ կամենաս գալ, դե թեկուզ Լուսավոր Կիրակիի նախօրեին,- նայել զատկական թափորներին, Պապին Սուրբ Պետրոսում, վիթխարի կախ ընկած ծայրերով գլխարկներով Piazza di Spagna-ով զբոսնող տարօրինակ փոքրիկ մորուքներին գերմանացի քանդակագործների, կանգնել մտախոհ մտածկոտության մեջ գեղանկարչների մոտ, որոնք թավշյա բլուզներով հսկում են արևմարները Ավենտինյան բլրի վրա, Via del Corso-ի աղմկոտ օստերիաներում, բուրավետ սոուսով մակարոն ուտել, ընթանալ մինչև Ալբանո հռոմեական Կամպանիեյով շատախոս վետուրինոյի,- և ցանկացած ժամանակ, թեկուզ և Ֆոմինի  շաբաթում, բարեհաջող գնալ։ Ոչ, այդպիսի Հռոմ կամ, ավելի լավ է ասել, Հռոմ որպես այդպիսին Գոգոլի համար այլևս գոյություն չուներ: Հռոմ քաղաքն ու Իտալիա երկիրը վերածվում էին նրա համար ինչ-որ այլ բանի, ինչի մասին նա ընկերներին հղված նամակներում խոսում էր մեկ կրոնական սարսուռով, մեկ կրքոտ կարոտով, մեկ աղոթկեր ներշնչանքով։

«Օ՜, Հռոմ, Հռոմ։ Բացի Հռոմից, չկա Հռոմ աշխարհի երեսին, կուզենայի հենց այն է ասել,- երջանկություն և բերկրանք, այո Հռոմն ավելին է, քան երջանկությունն ու բերկրանքը»,- պնդում էր նա Շեվերևին։

«Հռոմ, հիասքանչ Հռոմ։ Արդյոք դու հիշո՞ւմ ես այն, տապոտ Piazza di Spagna-ն, նոճիները, սոճիները, Պետրոսին և Տասսի կաղնին․․․»,– տագնապեցնում էր նա Դանիլևսկուն։

«Իտալիա, հիասքանչ, իմ աննման Իտալիան երկարացրեց իմ կյանքը…»,– բացատրում էր նա իշխան Վյազեմսկուն․

Հռոմ երկրորդ այցից հետո Գոգոլը ուղղակի խոսեց դրախտի մասին։

«Երբեք ես չեմ զգացել ինձ այդպես խորասուզված հանգիստ երանության մեջ։ Օ՜, Հռոմ, Հռոմ։ Օ, Իտալիա։ Ո՞ւմ ձեռքն ինձ  կպոկի այստեղից։ Այս ինչ երկինք է։ Այս ինչ օրեր են։ Ամառը՝ ամառ չէ, գարունը՝ գարուն չէ, բայց ավելի լավ գարուն ու ամառ, ինչպիսին լինում են աշխարհի այլ անկյուններում։ Այս ինչ օդ է։ Խմում՝ չեմ հագենում, նայում՝ չեմ կշտանում։ Հոգումս երկինք ու դրախտ է»,- գրեց նա 1838 թվականի փետրվարի 2-ին Հռոմից Ալեքսանդր Դանիլևսկուն։ Եվ այդ խոսքերում՝ երկինք ու դրախտ է՝ չկար ոչ մի գեղարվեստականություն։ Հռոմն իրոք որոշ ժամանակից հետո, սկսեց ազդել Գոգոլի զգացողությունների  վրա այնպես, որ նա իրեն զգում էր մեռած բոլոր մյուս «աշխարհի անկյունների համար» և հարություն առած դրախտում, որ Հռոմ քաղաքի տեսքն էր ընդունել։ Հռոմը վերջնականապես վերածվել էր Գոգոլի համար քաղաք-դրախտի՝ Երկնային Երուսաղեմի, Կալապայի, Դար-Ասսալամի՝ մի խոսքով, անտրտում, անժամանակ ու անմահ քաղաքի։ Այդ ճշմարիտ հավերժական Հռոմում՝ ավելի ճիշտ կլիներ կոչել  Երկնային Հռոմ- և ապրում էր այժմ Երջանիկ փողոցի վրա Գոգոլը։

Ինքն իրականության ընկալումն ենթարկվում էր Գոգոլի մոտ այնպիսի փոփոխությունների, որոնք դարձնում էին այդ ընկալումը վերին աստիճանի լուսավոր և հաստատուն բերկրալի, այսինքն պիտանի բացառապես դրախտի անխոցելի բնակչի համար։ Հռոմի սահմաններում Գոգոլը ձեռք էր բերում ունակություններ, որոնք նրան անհասանելի էին երկրային տարածության որևէ այլ մասում։ «Նա ինքն ինձ ասում էր,- հաղորդում է ինքնակենսագրական գրառումներում նրա ընկեր, արքունիքի ֆրեյլինա Ալեքսանդրա Սմիրնովան,- որ Հռոմում մի ժամանակ նա կարող էր նայել ողջ տրտմալիի և անուրախի աչքերին և չապրել պարտասման կարոտ»։ Հենց միևնույն բանի մասին, որ Աստծու կողմից պարգևվվել է նրան Հռոմում դրախտային անխոցելիություն  տանջանքների և ծանր զգացումների համար՝ գրում էր նա Մարիա Բալաբինային 1839 թվականի սեպտեմբերին, խոսելով իր մասին երրորդ դեմքով․ «Արդյոք դուք կարո՞ղ եք հասկանալ այն սարսափելի կշտամբանքները, այն դժոխային կեղեքումները, անտանելի, որոնք նա լսում է իր մասին։ Այժմ, պատկերացրեք, այդ մարդու վրա, չգիտեմ ինչու, խղճահարվել է  Աստծո մեծ բարեգթությունը և նետել է նրան  (ինչի ահամար՝ ճիշտ որ, չեմ հասկանում, ոչ մի արժանավոր բան նա չի արել) մի երկիր, որտեղ նրան չեն տանջում անտանելի կշտամբանքները, որտեղ նրա հոգուն համակել էր հանգստությունը, մաքուր, ինչպես այն երկինքը, որ Հռոմում էր։ Երկինքն երկնային Հռոմում ամենուր էր։ Այն Գոգոլի գլխավերևում էր և Գոգոլի շուրջը։ Երկինքը Գոգոլի մեջ էր, և Գոգոլը երկնքում էր։ Եվ երկինքը մոռացում էր բերում տանջանքներին։ Այնպիսի մոռացում, որը կարող է տալ հոգուն լոկ քաղաք-դրախտը։ «Իսկապես, տարօրինակ է,- խոհածում էր նա Դանիլևսկուն հղածած նամակներից մեկում,-  թվում է, ոչ թե ապրում, այլ միայն մոռացության ես մատնվում, կամ ջանում ես մոռացության տրվել՝ մոռանալ տառապանքը, մոռանալ անցածը, մոռանալ քո տարիներն ու պատանեկությունը, մոռանալ հիշողությունը, մոռանալ քո տափակ, անցողիկ կյանքը։ Բայց եթե կա ինչ-որ տեղ աշխարհում, որտեղ տառապանքները, վիշտը, կորուստերն ու սեփական անզորությունը կարող են մոռացվել, ապա դա մեն միայն Հռոմում։ Այստեղ միայն տագնապները իշխող չեն և հոգուն չեն դիպչում»։

Այդպիսի հատկություններով էր օժտված Գոգոլի համար նրա Երկնային Հռոմը։ Այնտեղ նա ուներ ամեն ինչ՝ և  երջանկություն, և ներշնչանք, և հանգստություն, և մոռացում, և իր հուսալի պահապանը, իր Պողոս առաքյալը՝ ուշիմ ծերուկ Չելլին, որին Գոգոլը սովորեցրել էր ամենքին և բոլոր ժամերին խաբել, որ Գոգոլը տանը չէ,- կար այն «երանության լիակատար իրականությունը», որի մասին խոսում է «Հոգևոր քարոզներում»  Մայսթեր Էքհարթը, պնդելով, որ այն կհայտնվի «այս կյանքի ավարտից հետո, երբ մենք կազատվենք մարմնից»։

Լքել Հռոմն երբ ասես Գոգոլն այժմ ի վիճակի չէր։ Միայն այն մտքից, որ իրեն պետք է դուրս գալ Հռոմից և Իտալիայից, նրան հուսահատեցնում էր։ Նրա համար դա համազոր էր տեղափոխման երկնքից երկիր կամ լուսավոր Միդգարդից մռայլ Ութգարդ, այնտեղ, որտեղ «ձյուներ են, սրիկաներ,դեպարտամենտ», որտեղ գաճաճներ են, դևեր և այդպես շարունակ։ «Դուք չեք հավատա, ինչ տխուր է մեկ ամսով Հռոմը, իմ ջինջ, իմ մաքուր երկինքը, իմ գեղեցկուհուն, իմ աննման երկիրը լքելը»,– բողոքում էր նա Մարիա Բալաբինային, ուղևորվելով Գերմանիա։ իսկ ճամփորդությունը Ռուսաստան պատկերանում էր Գոգոլին և բնավ անհնարին։ Ոչ այն պատճառով, որ ձյուները Ռուսաստանում ավելի շատ են և դեպարտամենտների դիվայնությունը ավելի ակնհայտ է, այլ այն պատճառով, որ երանելի Հռոմ-դրախտը կարող էր թվալ բացարձակապես ցնորական նրա սառնավուն տարածության խորքից, որտեղ «թեկուզ երեք տարի սուրաս, ոչ մի պետության չես հասնի, ինչպես ասում է նրա «Ռևիզորում» քաղաքապետը։ «Մի՞թե ես Ռուսաստան եմ գնում,- վախեցած զարմանում էր Գոգոլը 1839 թվականի սեպտեմբերի 10-ին Շեվերյովին  ուղղված նամակում։- Ես դրան համարյա չեմ հավատում։ Ես վախենում եմ իմ առողջության համար։ իսկ ես հիմա լրիվ տարավարժվել եմ ցրտերից՝ ինչպե՞ս ես դա տանեմ»։ Բայց տարընտելացել էր նա և երկրից, և վախենում էր բացի այդ չվերադառնալ երկինք։ Եվ այդ պատճառով ամեն կերպ ձգձգում և հետաձգում էր իր այդ առաջին ուղևորությունը Հռոմից Ռուսաստան, ուր նրան համառորեն կանչում էին հարազատներն ու ընկերները գործերը լուծելու՝ ընտանեկան, հրատարակչական, կալվածատիրական։ Գոգոլն ինչպես կարողանում պատասխանում էր։ Թե այս և թե մյուսը ճշմարտություն էր։

Ճիշտ  էր, սակայն և այն, որ Գոգոլը, գալով 1839 թվականի սեպտեմբերի վերջին Մոսկվա, կրկին լսեց իր մեջ բոլոր «դժոխային, անտանելի կտտանքները», որոնց մասին մոռացել էր նրա հոգին։ Նրանք, որ տեսել էին նրան Հռոմում,- Ռուսաստանում նրան չէին ճանաչում։ Աչք ածելով եկվորին, ճնշված, անմարդամոտ, քմայքոտ, մուգ շորեր հագած, նրանք ջանում էին նրա մեջ նմանություն գտնել այն երկնա-հռոմեական signore Nicolo-ի հետ, որը լայնեզր սպիտակ գլխարկ էր կրում, սպիտակ ձեռնոցներ, պճնամոլի հենց սպիտակ սերթուկ, թավշե կապույտ ժիլետի վրայից, ով կենսուրախ-առույգ էր, կատակաբան, շարժունակ, ով առավոտյան արևի շողերի ներքո փութում էր Via Condotti-ի վրայի «Գրեկո» սրճարանը, ժիր իջնում էր Երրորդության եկեղեցուց Իսպանական աստիճաններով, հընթացս սուսերամարտելով շողշողացող ձեռնափայտով․ ով իր ուղեկիցների զվարճանքի համար հանկնարծ սկսում էր պար բռնել և երգել մալոռուսական երգեր Հռոմի քնատ նրբանցքներում․ ով զբոսանքների ժամանակ ընկերներին նարինջներ էր նվիրում և հաճույքով կագ ու կռվի մեջ էր մտնում փողոցային առևտրականների հետ․․ ․Բայց նմանություն չէին գտնում։ Իսկ Գոգոլն իր տեղը չէր գտնում, մտածելով միայն մի բանի մասին՝ վերադառնալու։

«Ես Մոսկվայում եմ։ Դեռևս ոչ մեկին այդ մասին մի ասեք,- գրում էր նա վհատ խորհրդավորությամբ  «Սովրեմեննիկի» հրատարակչին՝ Պյոտր Պլետնյովին։- Տխուր է, և սաստիկ չէի ուզում։ Բայց վերջին պարտքս ու պարտավորությունն է՝ քույրերս։ Ես պիտի դասավորեմ նրանց ճակատագիրը։ Առանց ինձ (ինչպես էլ ես տնտղում էի այդ գործը) ես ոչ միջոց չէի գտնում։ ես շատ կարճ ժամանակով եմ, և հենց կարգավորեմ, չեմ նայի որեւէ խոչընդոտի, ոչ իսկ   ժամանակին, և մեկուկես կամ երկու ամսից ես Հռոմի ճանապարհին եմ»։

Բավարարվել  Հռոմից դուրս՝ նա արդեն չէր կարող, ենթադրելով, իմիջիայլոց, որ Հռոմը պիտի ամենքի համար օժտված լինի միևնույն երկնային հատկություններով, որոնք բացահայտվել էին նրան։ «Թողեք ամեն ինչ, և գնանք Հռոմ,- պաղատում էր նա Պլետնյովին։- Օ՜, եթե դուք իմանայիք, ինչպիսի ապաստան է այնտեղ նրա համար, ում սիրտը կորուստներ է կրել։ Ինչպես են լցվում այնտեղ դատարկության անհամատեղելի տարածությունները մեր կյանքում։ Ինչ մոտ է այնտեղ առ երկինքը։ Աստված։ Աստված։ Աստված, օ՜ իմ Հռոմ։ Հիասքանչ Հռոմ։ Դժբախտ է նա, ով երկու ամիս բաժանվել է քեզնից, և երջանիկ է նա, ում համար այդ երկու ամիսն անցել են, և նա ետդարձի ճամփին է առ քեզ»։

Հայտնի է որ ներշնչանքի ամենանչնին և ամենակախարդական աշխատանքը, կապված մտահղացման հետ, Գոգոլի մեջ ամենից հաճախ կատարվում էր ճանապարհին, որտեղ նա, ըստ իր խոստովանանքի Շեվերյևին, «մշակում էր» եւ իր բոլոր սյուժեները։ Բայց դեռ մի բան էլ կար, առանց որի Գոգոլը չէր կարողանում բավարարվել, և եթե դրա մասին չասենք, գոգոլյան դրախտի պատկերը կլինի ոչ թե թերի, այլ պարզապես թյուր։ Ճանապարհը։ Այն Գոգոլի վրա նույնքան հիասքանչ ազդեցություն  էր ունենում, ինչպես և Հռոմը։ Բայց ճանապարհը նաև փրկում էր բոլոր հոգեկան տառապանքներից, արթնացնելով «նյարդային անզգայացումից», նրան շնորհում էր հանգստություն ու երջանկություն։ Եվ դրանում այն հաջող կերպով մրցակցում էր Հռոմի հետ։

Ապավինություններով առ ճանապարհը, ճանապարհի կարոտով, պաղատանքներով առ Աստված նրան ճանապարհ ուղարկելու համար լի են նրա նամակները։ Երբեմն ճանապարհի կարոտը հասնում էր Գոգոլի մոտ այն բանին, որ և ինքը Երկնային Հռոմն էլ նսեմանում էր նրա աչքերին։ Այդպես էր, օրինակ 1840 թվականի հոկտեմբերին, երբ նա գրում էր Հռոմից Պոգոդինին․ «Ոչ Հռոմը, ոչ երկինքը, ոչ այն, որ ասես դյութում էր ինձ, այժմ ինձ վրա ազդեցություն չունի։ Ես դրանք չեմ տեսնում, չեմ զգում։ Դե ինձ ճանապարհ լիներ հիմա, այո ճանապարհ անձրևին, ջրկացեխին, անտառների միջով, տափաստանների միջով, աշխարհի ծայրը։ Երեկ և այսօր գեշ ժամանակ էր, և այդ գեշ  ժամանակ ես ասես թե կենդանացա։ Եվ ուրեմն ես ուզում էի նետվել կամ դիլիժանսի մեջ կամ նույնիսկ անցագերանի վրա»։ Որտեղ կփռվի նրա ճանապարհը և որքան երկար այն կտեևի,Գոգոլի համար բացաձակապես միևնույնն է։ «Օ՜, եթե ես հնարավորություն ունենայի ինչ-որ երկար-երկար ճամփա գնալ։ Ճանապարհը զարմանալիորեն փրկարար է ինձ համար»,– գրում էր Նա Սերգեյ Ակսակովին, և նույնպիսի, շատ երկար ճանապարհի մասին էր մեկնաբանում նա Պոգոդինին․«Ինձ անպատճառ ճանապարհ է պետք։ Հեռավոր ճանապարհ։ Ինչպե՞ս դա անել»։ Բայց անտարբեր չէր նա միայն մի բանի հանդեպ՝ ցանկացած ճանապարհի վրա նա պիտի իմանար, որ գնում է Հռոմ, թեկուզ Կամչատկայի միջով,- բայց Հռոմ, քանզի նրա համար ավելի հրաշալի և հիասքանչ որևէ բան չկար, քան ետդարձի ուղին դեպի Հավերժական քաղաք,- և դա երդվում էր նա Պլետնյովին 1839 թվականի սեպտեմբերի 27-ի Մոսկվայից հղված նամակում։

Մի տարի անց, նկարագրելով իր վերադարձը Հռոմ Պոգոդինին հղված նամակում, Գոգոլը ափսոսանք հայտնեց, որ Հռոմում  նա չափազանց շուտ հայտնվեց։ Դա պատահեց այն բանից հետո, երբ նա համարյա թե մահացավ Վիենայում։ Համենայնդեպս, նրան թվաց, թե մահանում է։ Նա նույնիսկ արդեն կտակ էր կազմել․  «Բայց գերմանացիների մոտ մահանալն ինձ սարսափելի թվաց,- գրում է նա։- Ես կարգադրեցի ինձ դիլիժանս նստացնել և տանել Իտալիա։ հասնելով Տրիեստ, ես ինձ ավելի լավ զգացի։ Ճանապարհը, իմ միակ դեղը, այս անգամ գործեց իր ազդեցությունը։ ես արդեն կարողանում էի շարժվել։ Օդը, թեև այդժամ այն դեռ տհաճ ու տապոտ էր, թարմացրեց ինձ։ Օ՜, Ինչպես էի ես այդժամ ուզում ինչ-որ հեռավոր ճամփորդություն կատարել։ Ես զգում էի, ես գիտեի ու գիտեմ, որ ես այդժամ լիովին կվերականգնվեի։ Բայց որեւէ տեղ գնալու ոչ մի միջոց չունեի։ Ինչ ուրախությամբ ես ֆելդեգեր կլինեի, նույնիսկ ռուսական անցագերանի նամակատար և կհամարձակվեի նույնիսկ Կամչատկա հասնել, որքան հեռու, այնքան լավ։ Երդվում եմ, ես առողջ կլինեի։ Բայց ինձ Հռոմ հասնելու համար ընդամենը երեք օր էր մնում»։

Այո, Հռոմում Գոգոլին հեռավոր ճանապարհ էր պետք, իսկ հեռավոր ճանապարհին պետք էր Հռոմը։ Հռոմն ու ճանապարհը նրան պետք էին միաժամանակ։ Եվ դրանում ինչ-որ տանջալից հակասություն կար։ Սակայն դրախտային երանությունը հակասություններ չի  թույլատրում։ Դա դեռ քիչ է, այն նույնիսկ չի հակասում երկրային կյանքին, քանզի դրախտը, ինչպես հայտնաբերել է երկնային ոլորտների ամենախիստ և օբյեկտիվ հետազոտող Էմանուիլ Սվեդենբորգը, հույժ անհատական բնույթ է կրում՝ ինչին որ հակված է հոգին կենաց օրոք, դրանից էլ դագաղից անդին կազմված կլինի նրա դրախտը։

Այժմ, ի վերջո, մենք կարող ենք տալ գոգոլյան դրախտի ճշգրիտ նկարագրությունը։

Այն այսպիսի տեսք ունի․

Գոգոլը հավերժորեն գնում է  Հավերժական քաղաք անվերջանալի ճանապարհով։

 

Գոգոլը և դժոխքը

Դժվար է, նույնիսկ չես ուզում մտածել, որ Գոգոլը դժոխքում է։

Բայց, այդուհանդերձ, մենք պարտավոր ենք՝ դե թեկուզ կարճառոտ ասել՝ ինչից կարող էր բաղկացած լինել գոգոլյան դժոխքը։ Դա, նախևառաջ, ցուրտն է։ Երկրորդ՝ անշարժությունը։ Երրորդ՝ գերմանացիները։

Գոգոլի խելագար վախի մասին ցրտից և անշարժությունից (մեկնելու, ճանապարհին գտնվելու անհնարինության մասին) մանրամասն խոսելու կարիք չկա։ Գոգոլի համար սառնամանիքից, չջեռուցած մռայլ բնակարանից, մեռյալ ճերմակ ձյուներից  ավելի սարսափելի բան չկար և այնպիսի անփողությունից, որի դեպքում չէր կարելի ցանկացած պահի նետվել դիլիժանսի վերնահարկ (նա սիրում էր  վերնամասում տեղ գրավել), թռչել թեթև սայլակի մեջ և տեղավորվել պատուհանի մոտ, ընդարձակ օբնիմուսում, այսինքն, ինչպես նա ինքն էր արտահայտվում, «մեկնումներ և ճամփորդություններ անել»։ Բնակարան, ի դեպ, Գոգոլը միշտ ընտրում էր այնպիսի դողով, որով դա չէր անում ոչ մի ճամփորդող ռուս գրող։ Հենց այդ բնակարան վարձելու գործին նա նայում էր որպես սրբազան ծեսի, այստեղ խառնելով և Նախախնամությունը և Տեր Աստծուն, և հրաշագործ ուժերը։ «Աստված տարածեց ինձ վրա այստեղ իր բարեխնամությունը,- գրում էր նա Ժուկովսկուն Փարիզից,- և հրաշք գործեց»։

Ինչ վերաբերում է գերամանացիների հանդեպ Գոգոլի վերաբերմունքին, ապա այն նույնպես չափազանց հայտնի է, որպեսզի անցնենք այդ հարցի մանրամասն հետազոտմանը։ Դե և ի՞նչ նպատակով։ Բացատրե՞լ․․․ Արդարացնե՞լ․․․ Ոչ։ Որևէ բացատրություն և արդարացում չի կարող լինել։ Գերմանացիների և Գերմանիայի վրա Գոգոլը այնքան անարդարացի թույն  է թափել, որ ոչ մեկը չէր սկսի առարկել, եթե գերմանացիներն ու Գերմանիան ասեին, որ Գոգոլն իր այդ թունոտության համար հենց դժոխքի էլ արժանի է։

Իրոք, ինչպիսի հեքիաթային մեծահոգության տեր պիտի լինեին գերմանացիները, որպեսզի Գոգոլին ներեին, օրինակ, այսպիսի կարծիքները․ «Ըստ իս, Գերմանիան այլ բան չէ, քան գեշագույն թութունի և նողկալիագույն գարեջրի ամենաանբուրավետ ործկոցը»։ Կամ այսպիսի բողոքները․ «Նորից ես կտեսնեմ այդ ստոր Գերմանիան, գարշահոտ, աղտոտված և թութունով ապխտած․․․»։

 Գոգոլի անտարակուսելի  մեղքը վեհանձն մեղմելու (բայց ավելի շուտ, ապարդյուն) գործը, ապա այդ ինչ-որ մեկը պիտի որ զգույշ և նրբանկատ, ամենամեղմ ձայնով, գիտակցելով իր վիճակի ողջ բարդությունը, արտահայտվեր այն ոգով, որ Գոգոլը բնավ ոչ այն պատճառով չէր սիրում Գերմանիան և գերմանացիներին, որ նրանց հանդեպ ինչ-որ նախնական թշնամություն էր տածում, այլ այն պատճառով, որ հանկարծ սաստիկ սիրեց այլ մի երկիր և ազգ՝ Իտալիան և իտալացիներին։ «Ինչ վատն ինձ թվացին գերմանացիներն ինձ իտալացիներից հետո, գերմանացիներն իրենց ողջ մանրապճեղ ազնվությամբ և եսասիրությամբ»,- գրում էր  նա 1838 թվականին Մարիա Բալաբինային։ Այստեղ հարկ կլիներ նրբանկատորեն գերմացիների ուշադրությունը սևեռել այդ շատ կարևոր հետոյի վրա։

Այո՝ Գոգոլը ոչ միայն արհամարհում էր Գերմանիան, այդ առաջին երկիրը, որը նա տեսավ ռուսական կայսրության սահմաններից դուրս 1829 թվականի օգոստոսին, շոգեքարշով Լյուբեկ ժամանելով, և որն այնուհետև հիմնովին ուսումնասիրեց 1836 թվականի ճամփորդության  ընթացքում, և սիրահարվել էր  Գերմանիային ոչ պակաս, քան Ժուկովսկին։  Երկար տարիներ Գոգոլը, ինչպես ակնհայտ է բանաստեղծին հղված իր նամակներից, անկեղծորեն հիանում էր Գերմանիայով՝ «նույնիսկ, գուցե, առավել ևս աշխուժությամբ, քան երբ ես առաջին անգամ մտա Իտալիա», հավատացնում էր նա Ժուկովսկուն Համբուրգի մասին։ Դա հաստատում են և 1829 և 1836 թվականներին մորը և քույրերին հղված նամակները, որոնցում Գոգոլը աշխույժ հիացմունքով և սիրահաճ ջերմությամբ գրում է  և հենց գերմանացիների մասին, որոնց նա կոչում է «բարի գերմանացիներ», ապշելով նրանց «նրբանկատությունից և վերաբերմունքի ինչ-որ հիասքանչությունից», գրում է նա նաև նրանց «հիասքանչ» քաղաքների՝ Համբուրգի մասին, որում «ապրելը շատ զվարճալի է», Ախենի մասին, որի տեսքը «լեռից հիասքանալու չափ լավն է», «պճնագեղ Ֆրանկֆուրտի մասին», որը «շատ լավ է կառուցված, հարմարավետ է, լուսավոր և բոլոր կողմերից շրջապատված է երկարավուն և հիասքանչ այգով», «ազատ առևտրային քաղաք» Լյուբեկի մասին, որտեղ «տներում արտասովոր մաքրություն է, բնավ ոչ մի տհաճ հոտ չկա ողջ քաղաքում» և որտեղ «տնակները, ցաքուցրված քաղաքից դուրս, ծառերով, մացառուտներով և ծաղիկներով տնկված ու զարդարված․․․»։

Դա, այսպես ասած, վաղ գոգոլյան Գերմանիան է՝ լուսավոր, համարյա դրախտային  բնակիչներով։ Հետո հայտնվեց այլ Գերմանիան, ավելի ուշ շրջանի և նույնպես գոգոլյան, բայց արդեն լիովին դժոխային՝ սարսափելի, սահմռկեցուցիչ, պարուրված գորշ սառնոտ օդով, թաղված գարեջրի, կեղտի և թութունի մրի մեջ։ Իսկ ամենակարևորը, հայտնվեցին և համապատասխան այդպիսի աներկրային՝ ստորգետնյա՝ Գերմանիայի բնակիչները«գարշելի գերմանացիները», մի տեսակ անչուտկաներ։ Հետո, ավելի ուշ, երբ Գոգոլի համար հայտնաբերվեց նրա Եդեմը՝ դրախտային երկիր Իտալիան և նրա բնակիչները՝ իտալացիները, որոնց նա ոչ թե պարզապես սիրեց, գտնելով նրանց մեջ և բացսրտությունը, և մեծահոգությունը, և շարժուն հնարամիտ միտքը, և մանկական կենսուրախությունը, և առնական հպարտությունը։ Ոչ, նա սիրեց նրանց այնպես, որ որոշ ժամանակ անց՝ հենց այն ժամանակվանից, երբ ցանկացած ուղևորություն դեպի հյուսիս, Ալպերից այն կողմ, սկսեց պատկերանալ նրան սահմռկելի ճանապարհորդություն ինչ-որ դժոխային տարածություն, ինչ-որ «ստոր Գերմանիա»,- այդ ժամանակից ի  վեր նա սկսեց «երկրպագել ամենայն իտալացու որպես սրբազան անձնավորություն», ինչպես վկայում է նրան հետ Հռոմում ապրող Նիկոլայ Յազիկովը․«ինչի պատճառով էլ և նրան խաբում են ամեն քայլափոխի»,- առօրեական տրտմությամբ հավելում է բանաստեղծը։ Գոգոլը, իհարկե, չէր կարող կիսել այդ տրտմությունը։ Իտալացիներին նա ներում էր բացարձակապես ամեն ինչ, ներառելով և խաբեությունները, որ վնաս էին հասցնում նրա քսակին։ Նույնիսկ հուզվում էր, երբ ինչ-որ ժրաջան խարդախ-կոշկակար ժուլիկավարի նրան խոթում էր, հասցնելով դրանք եթե ոչ մինչև երկինք, ապա հենց մինչև Հռոմի Պապի ոտքերը, միանգամայն անպետք սապոգները։ Իսկ գերմանացիներին ոչինչ չէր ներում։ Գերմանացիների մեջ Գոգոլին բարկացնում էր ամեն ինչը՝ սկսած «մանրապճեղ ազնվությունից» և վերջացնելով մարմնական գիրությամբ, որ պատահում էր, անշուշտ, ցանկացած ազգի ներկայացուցչի մոտ։ Գեր գերմանացիներից Գոգոլը պարզապես վախենում էր, թեև սկզբում նա միայն ծաղրում էր իր վախը։ «Դուք գիտե՞ք ինչ բան է դիլիժանսը,- բացատրում էր նա քույրերին։- Դա կառք է, որ ամեն ոք, որ վճարել է իր տեղի համար, իրավունք ունի նստել։ Կառքի մեջտեղում նստում է վեց մարդ։ Եթե իմ կողքին նստեղ երկու բարալիկ գերմանացի, ապա դա լավ կլինի՝ ինձ համար ընդարձակ կլինի։ Իսկ եթե նստոտեն հաստլիկ գերմանացիներ, ապա վատ է՝ նրանք ինձ կճզմեն։ Սակայն, ես նրանցից մեկին ինձ համար բարձ կսարքեմ և կքնեմ նրա վրա»։

 Նրան հար պատկերանում էր, որ իրեն «կճզմեն» այնտեղ «գեր գերմանացիները»։

Ինչ էլ որ լինի, հարկ է խոստովանել, որ այդ «նողկալի» և «գեր» գերմանացիները, ծագած որպես ակնհայտ հակադրություն «սրբազան» իտալացիներին, ոչ մի առնչություն առօրյա իրականության հետ չունեին։ Թե նրանք և թե մյուսները, ավելի շուտ, առնչություն ունեին այն բանի հետ, որ կոչվում է առասպելի կառուցվածք, որը չի թույլատրում գոյությունն այնպիսի աշխարհի, որտեղ կան, օրինակ, միայն ասեր և չկան այլ, դրանց հակադիր աստվածների և էակների խմբեր՝ վաներ, յոտուններ, ցվերգներ, նորներ ու վալկիրիաներ․․․

Սակայն, եթե գերմանացիներն այս բացատրությունները բացարձակապես անբավարար գտնեին, ապա կարելի էր նրանց տեղեկացնել մի շատ կարևոր պարագա, ինչը, սակայն, նույնպես ամենևին Գոգոլին չի ներվում, այլ լոկ թույլատրում է այլ կերպ նայել գործին։

Այն ժամանակից ի վեր, երբ Գոգոլը ձեռնարկեց իր կյանքի գլխավոր գործը, այն, որը, ըստ նրա համոզման, պիտի «ամենայնը քավեր»,- «Մեռած հոգիները»,- նա սկսեց սիրել միայն այն երկրները, որտեղ նա բարեհաջող գրում էր։ Իսկ այդպիսի երկիրը լոկ մեկն էր՝ Իտալիան։ Իսկ նրա վերաբերմունքն այլ երկրների հանդեպ ուղղակիորեն կախված էր այն բանից, որքան վատ էին (լավ Իտալիայից դուրս չէր կարող լինել) ընթանում այնտեղ «Մեռած հոգիները»։ Եվ եթե ինչ-որ երկրներում դրանք բնավ չէին ընթանում (ինչը ամենից հաճախ պատահում էր Գերմանիայում և Շվեյցարիայում, քանզի Գոգոլը, կտրվելով աշխատանքից, գնում էր այնտեղ ամենամռայլ տրամադրությամբ, իր հիվանդությունների հարկադրանքով՝ ջրերում բուժվելու), ապա այդպիսի երկրները վերածվում էին նրա համար իսկական դժոխքի։ Հատկանշական է, որ Գոգոլը երբեմն լիովին հաշվետու էր լինում այն բանում, որ այդ անդրալպյան դժոխքի մռայլությունը թվացյալ մռայլություն է, նախատեսված, ինչպես և իտալական դրախտի լույսը, անձամբ նրա համար․ «Պղտոր ու մշուշոտ է թվում ամենը Իտալիայից հետո։ Նախկին կապույտ լեռները այժմ գորշ են թվում․ամենայն ինչ հյուսիս է հոտում նրանից հետո։ Եվ հենց հիշում եմ, որ ես հարկադրված պետք է լինեմ մի ամիս ապրել, իսկ գուցե, և ավելի, նրանից հեռու (խոլերան, ըստ բոլոր հավանականությունների, չի լքի Հռոմը ամսից ավելի վաղ), ապա ինձ թվում է, ես կենդանի տեսնում եմ իմ առջև հավերժությունը»,- գրում էր նա Նիկոլայ Պրոկոպովիչին Ժնևից։ «Թվում է» բառը այդ կարճ հատվածում երիցս կրկնվում է։

Էլ ավելի հատկանշական է, որ ցանկացած երկրի կերպարը, հարող գոգոլյան դժոխքի գոտուն, կարող էր Գոգոլի աչքին կտրուկ փոխվել, եթե այդ երկրում տեղից շարժվում էին «Մեռած հոգիները»։ Կան նրա երկու նամակները, ժամանակային առումով ընդամենը մեկուկես ամսվա հեռավորության վրա՝մեկը՝ Պրոկոպովիչին, մյուսը՝ Ժուկովսկուն։ Երկուսում էլ՝ Գոգոլը նկարագրում է Շվեյցարիան։ Առաջինում՝ բողոքում է․ «Ժնևում ես ապրեցի ամսից ավելի, բայց ի վերջո այլևս անհնար էր այստեղի հիմար կլիմայի պատճառով։ Քամիներն այստեղ պետերբուրգյան ավելի ահեղ էին։ Կատարյալ Տոբոլսկ։ Այժմ գնում եմ Վեվե փոքրիկ քաղաքը, որը գտնվում է հենց նույն կղզու վրա քեզհայտնի Շիլյոն ամրոցից քիչ հեռու։ Այնտեղ կլիման բացարձակապես այլ է, որովհետև հյուսիսից ծածկում է լեռը»։

Թեև նա, ինչպես և խոստացել էր Պրոկոպովիչին, շուտով տեղափոխվեց։ Եվ երկրորդ նամակում՝ Ժուկովսկուն՝ իր կյանքի մասին Շվեյցարիայում նա արդեն այսպես էր հաշվետու լինում․ «Աշունը իմ  Վեվեում վրա հասավ հիասքանչ, համարյա ամառ է։ Սենյակս տաքացավ, և ես սկսցի շարունակել իմ «Մեռած հոգիները», որ այն է սկսել էի Պետերբուրգում։ Ողջ սկսածը ես կրկին վերափոխեցի, ավելի մտալրեցի ողջ ծրագիրը և այժմ այն հանգիստ առաջ եմ տանում, տարեգրության պես։ Շվեյցարիան այդ ժամանակից ի վեր ինձ համար ավելի լավը դարձավ, գորշամանուշակագույն,կապտավարդագույն լեռներն աավելի թեթև ու օդեղեն են»։

Կարելի է, իհարկե, փակել աչքերը ակնհայտ բաների վրա և պարզասիրտ պնդել, որ դա հենց հաջող տեղակայված լեռան շնորհիվ հանկարծ հայտնվեցին «կատարյալ Տոբոլսկի» փոխարեն և ջերմությունը, և օդեղենությունը, և թեթևությունը, և բնության խաղացկուն գունագեղությունը․իսկ այդ փոփոխություններն իրենց հերթին Գոգոլին ներշնչանք հարուցեցին, և աշխատանքը, չհաջողվող Ժնևում, Վեվեում ընթացավ խաղաղ և բարեբեր։

Շատ հնարավոր է (թեև չի կարելի դա պնդել), որ եթե Գոգոլը նույնպիսի մշտակայությամբ, ինչպես Հռոմում, գրեր Ֆրանկֆուրտում կամ Լյուբեկում, ապա նրանց այգիները չէին խամրի, չէին թաղվի գարշահոտության ու կեղտի մեջ, այլ կվերածվեին դրախտային այգիների, իսկ շուտով, միգուցե, կհայտնվեին պարսպապատված աշխարհում, Ալպերից անդին,  ինչ-որ «գարշելի իտալացիներ», ամեն ինչում հակադիր սիրելի գերմանացիներին․․․

Բայց եթե այդ դատողություններն էլ գերմանացիներին անհամոզիչ թվային, ապա հարկ կլիներ, հույսը չկորցնելով, առաջարկել նրանց ուշադրությանը․․․ Բայց ոչ, բավական է։

Բավ է բառերից խուսափեը, որոնք արտասանելը և դժվար է, և տանջալից։

Այսպիսով, Գոգոլի դժոխքը․

Գոգոլը հավերժորեն նստած է ձյունապատ Գերմանիայի մեջտեղում պաղ ծխած սենյակում առանց բուխարու և բառարանի, սեղմված բոլոր կողմերից հաստամարմին գերմանացիներով։

 

Ռուսերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը

 

 

186
Հունիս 29, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: