Վլադիսլավ Խոդասևիչ․ Բաժանումների քաղաք (Վենետիկում)

Արտաքին տեսքը չէ, ոչ էլ այն,  որ ստանում ես տեսողական տպավորություններից, ամենաշատը զարմացնում առաջին անգամ Վենետիկ եկած ճանապարհորդին․ դրան բավականաչափ պատրաստ է նա ընթերցած գրքերով, տեսած պատկերներով, ծանոթների պատմածներով։ Բայց անջնջելիորեն արմատավորվում է հիշողության մեջ նրա լռությունը։

Գնացքի դղրդոցից խլացած՝ դուք ելնում եք վագոնից և կայարանային եռուզեռի մեջ վազում երկար միջանցքներով, փութանակի վճարում եք բեռնակրին, և գոնդոլը նստելուն պես, արդեն նավահանգստից  հեռանալուն պես՝ հանկարծ զարմանում եք՝ ինչո՞ւ է այսքան լուռ։  

Եվ իրոք՝ դուք մեծ քաղաքում եք, ուշ առավոտյան ժամին, երբ ողջ քաղաքային գվվոցի արդեն արթնանանալու ժամանակն է, իսկ ձեզ շրջապատում է անսպասելի, տարօրինակ լռությունը։

Թիի հազվադեպ ճողփյունները, շոգենավի հեռավոր շչակը, ժամացույցի էլ ավելի հեռավոր, զրնգացող ձայնը ՝ ասես երկնքից եկող, ահա և ամենը։ Դե նաև ինչ-որ տեղ քարին է զարկում մուրճը։

Ծորուն բղավում է գոնդոլավարը, և դուք թեքվում եք փոքր ջրանցք՝ նեղ ու մութ։ Բորբոսածածկ պատերը կտրուկ և ուղիղ ընկնում են ջուրը։ Բայց ահա ինչ-որ խաչմերուկ՝  և դուք տեսնում եք, թե ինչպես տնից տուն ձգվեց նեղ արևաողող մի կամրջակ։ Ջրանցքի հույլ ջրից արտացոլվող արևաշողքերն անձայն վազվզում են քարե բազրիքների վրայով։ Ինչ-որ տեղից կողքանց սև թաշկինակով կին է հայտնվում։ Անտեսանելի աստիճաններով վազում է նա  դեպի կամրջակի կուզը և նույնքան անձայն, արևացոլքի պես, կորչում նեղ անցումում։

Իսկ մյուս կողմից, հազիվ շրշալով, գորշ պիջակով ու կլոր ծղոտե գլխարկով մարդ է անցնում։ Նրա կիսադեմը լողում է երկնքով՝ և նորից ոչ ոք չկա։ Մտնելով կամրջի տակ, խոնավ ու ցուրտ կիսախավարում, հանդիպում եք հսկայական գետաբեռնանավի։ Հազիվ նշմարելի շարժումով սահում է այն ձեր կողքով։ Ալեհեր ծերուկը՝ կրծքամասում արձակված բլուզով,  քշտած թևքերով, կանգնած է նավախելին, և, ձգվելով, վիթխարի թիով գետային բեռնանավն առաջ է մղում։ Նա նման է  Քարոնին։

Օ՜, վենետիկյան առավոտի թեթև ստվերներ։ Դուք, մարդանման, միայն թե նենգ ուրվականներ։ Ոչ թե գիշերվա սահմռկելի աղջամուղջում, այլ մինչև ճերմակությունը շիկացած ու թրթռացող օդում եք դուք լողում՝ ասես կուլիսից կուլիս։ Այո, տամուկ Հադեսից եք դուք ելել այստեղ, հողի մակերես, մի անգամ էլ արևի տակ տաքանալու, առկայծելու և անհետելու։ Գիտեմ, սիրում եք դուք խաբել միամիտ ճանապարհորդին,  մի պահ օդեղեն մարմին առնելով, քանզի մեծ է ձեր կարոտն առ հողը և մեծ է ծարավը թափանցելու  նրանց շրջապատը, ով ապրում է։ Ողջույն ձեզ։

 

            II

Քաղաքի արևելյան ծայրամասում զբոսայգին է, այսպես կոչված՝ Giardini publici-ն։ Այդտեղ կարելի է հայել Գարիբալդիի այլանդակ քանդակը՝ նման այն անկյունավոր քարախորշերին, որոնցով զարդարվում են սենյակային ակվարիումները։ Դրանից անգամ ջուր է կաթում։

Սակայն վենետիկյան զբոսայգու հետ հաշվի նստել պետք չէ՝ դա ավելի ուշ շրջանի և անհայտ գյուտ է։  Այն այցելում են թերևս միայն  «բնությունը» կարոտող  եկվորները։ Վենետիկցիներն այնտեղ չեն գնում, և դա լրիվ բնական է։

Քաղաքը, հատկապես ժամանակակից, հենց հեռացում է բնությունից, բայց՝ հարկադրական, ակամա հեռացում։ Ահա թե ինչու են ողջ աշխարհի մունիցիպալ  հաստատություններն այդքան խնամքով պահպանում իրենց ազազուն տունկերը. քաղաքացու թուլակամ ու տատանվող սիրտը գոնե բնության պատրանք է ուզում։ Այգին՝ քաղաքային օրգանիզմի անիմաստ թերաճ օրգան է։     

Այդպիսին չէ Վենետիկը։ Բնությունը  նա մերժել է գիտակցորեն ու ազատորեն։ Ամրացնելով իր երերուն հիմքը, նա չի տատանվել թաքցնելու այն համատարած քարաշերտի տակ։ Կարելի էր ասել, որ վենետիկցու տարերքների էությունը՝  օդը ջուրը, կրակն ու քարն են։  Տեղ-տեղ քարե պատերից դուրս ցցվող ազազուն ծառերն այստեղ ակնհայտորեն պետք չեն, դե դրանք, փառք Աստծո, քիչ էլ են։       

Ես չեմ ուզում ասել, որ Վենետիկը ինչ-որ անողոքությամբ քշում է բնությունը։ Ոչ, պարզապես նա մեջքով է շրջվում առ այն։

Վենետիկցու պատկերացմամբ՝ մարդաբնակ աշխարհը՝ հենց քաղաքն է՝ կացարանների հանրագումարը։ Տեղի պակասը ստիպել է Վենետիկին ծայրաստիճան  նեղացնել փողոցները, և վենետիկցին, որպես փոխադրամիջոց հրաժարվելով ձիուց, տարածությունը հաղթահարում է ոտքով՝ քայլելով իր խուլ նրբանցքներով՝ ինչպես վիթխարի կառույցի միջանցքներով։ Նա նույնպիսի պարզությամբ է քայլում իր քաղաքով, ինչպես մենք՝ մեր բնակարանով։

Վենետիկում միայն տնային կենդանիներ են՝ շներ ու կատուներ։ Թռչուններից՝ միայն աղավնիներ, բայց նրանք բոլորը բնավորվում են Պյացայում՝ կերակրվելով անցորդների ձեռքերից։

Եթե դադարեցնել  երգիպտացորենի վաճառքը սուրբ Մարկոսի տաճարի առաջ, Վենետիկում աղավնիներ էլ չէր լինի․ նրանց կմնար կամ չվել մայրցամաք, կամ քաղցից մահանալ։

Երկրագնդի բոլոր քաղաքներից Վենետիկն ամենաքիչը կարող է իրեն ինչ-որ բանով պարտական համարել բնությանը։ Ընդհակառակը, նա ամբողջովին՝ մարդու ինչ-որ  ապշեցուցիչ ու կանխամիտ արարմունք է։ Փառահեղ է այս քաղաքի ծագումը հակառակ բնությանը, և բազմանշանակ է նրա քարե միապաղաղությունը։ Վենետիկը՝ հսկայական հանդգնության ու մարդկային մտքի  անխուսափելի սահմանափակության նախատիպ է։ Վենետիկը հանճարի քմայք է, և ուստի այս քաղաքում, այսքան քմահաճ ու տարօրինակ, բարոկկոյի գեղեցկագույն նմուշներով լի, ամենաքիչն ես ուզում բնական լինել։

Այնտեղ, որտեղ անցած-գնացած  ժամանակներում կառնավալը շարունակվում էր վեց ամիս, որտեղ կես տարի շրջում էին դիմակներով, պարզությունը կորցնում է ամենայն արժեք։ Կյանքը վերածվում է խաղի՝ վտանգավոր ու նուրբ։ 

Այդ պատճառով այդպես հասկանալի ու հաճելի են վենետիկուհիների ընդգծված հոնքերը, կարմրացրած շրթերն ու խնամքով կոշկավորված ոտքերը։ Այդ պատճառով են մեզ այդպես հրապուրում նրանց սև շալերն ու գիշերային երգեցիկ քայլերը զրնգուն քարի վրայով։

 

            III

Կուզեի ես տեսնել այն խելառին, որը առաջին անգամ տարածել է աշխարհով մեկ ասեկոսեն, իբր Վենետիկը՝ հիասքանչ ապաստան է սիրահարների համար։ Իհարկե, երկուսից մեկն է՝ կամ նա միամիտ, սարսափելի միամիտ էր, հուզվելու աստիճան, այնքան, որ արդեն անհնար է նրա վրա բարկանալ,  կամ էլ ծեր չար ծերուկ էր, նախանձոտ ու անատամ, որ որոշել էր ծուղակը գցել բոլոր նրանց, որոնք կլսեն իր նենգ խորհուրդը։

Ոչ մի տեղ այդքան հեշտությամբ չես բաժանվում հույսերից և մարդկանցից, ինչպես Վենետիկում։ Այնտեղ մենությունը ոչ միայն ամենաքիչ ծանրն է, այլ՝ ամենացանկալին։ Եվ բնավ ոչ կենտրոնանալու, ինքնամփոփվելու, այլ ընդհակառակը՝ քեզ մոռանալու, անցած-գնացածը կորցնելու, դառնալու նրանցից մեկը, ով ժամերով նստում է առափին ՝ նայելով ծովալճակի մշուշոտ հեռուն կամ San Giorgio-ի նեղ աշտարակին։

Վենետիկը՝ բաժանումների քաղաք է։

Անցած-գնացած, երջանիկ օրերին նավերի քարավանները կանգնում էին նրա հարուստ նավամատույցներում, օտարերկրացի առևտրականների և նավաստիների ամբոխները, հեղեղելով առափը, ալիքներով  լցվում էին նրա ծակուծուկերը։ Հայրերը, տղաներն ու ամուսինները  մեկ ժամանում էին տուն, մեկ՝ հեռանում ծով։ Այստեղ, հարազատ կզղիներում, նրանք նույնպիսի պատահական հյուրեր էին՝ ինչպես մգադեմ  սորամուտ մավրերը ու ճերմակահեր ստրուկ-սլավոնները։ Այստեղ դարերը սովորեցրել են մարդկանց հանգիստ հանդիպել ու բաժանվել անցավ։ Վենետիկի սրընթաց վեհացումն ու աշխարհի բոլոր  ծագերից բերված նրա անհաշիվ հարստությունները լոկ արժանի ավարներն էին նրանց, որոնք հանգիստ ու ազատորեն ցանկացած պահի պատրաստ էին լքելու իրենց քաղաքը, իրենց ընտանիքը, բոլոր սիրելիներին ու մտերիմներին՝ հանուն վտանգավոր նավարկության կամ հանդուգն ասպատակության։

Եվ մեր օրերում, երկոները, երբ արագորեն ցրվում է Պյացցիից  տարացեղ ամբոխը, երբ լռում են գոնդոլավարների կանչերը, լավ է մտնել Fenice թատրոնի մոտի սրճարանը, այնտեղ երկար նստել, իսկ հետո էլ ավելի երկար թրև գալ փողոցից փողոց և մտածել այն մասին, որ չէ որ ահա՝  ոչինչ չարժե հանկարծ, հենց այնպես, գնալ սենյակդ, կապել ճամպրուկն ու հեռանալ։ 

Բայց դժվար է այստեղից  գնալ տուն, Ռուսաստան։ Այստեղ սովորում ես սիրել քարերը, ջրանցքների սև ջուրը, ծովի աղային գոլորշիացումները,  կարմրագորշ վարագույրները պատուհաններին  և ստվերի պես անցնող մարդկանց։

Բայց դառն ու տաղտկալի է մտածելը, որ տանը սպասում են սկսած գործերը, անհանգստացնող լուրերը, մտերիմ մարդիկ, որ այնտեղ նորից կվերածնվեն անցած-գնացած կապվածութունները։ Այստեղ ուզում ես չսիրել ու սիրված չլինել։ Վենետիկը՝ բաժանումների քաղաք է։  

Նրա համար, ով մտածել է առհավետ կորչել անլուր, ուղին անցնում է Վենետիկով․ այստեղ շուտ կդադարես սիրել անցած-գնացածը, ամեն ինչից կկտրվես անցավ և հեշտությամբ կգնաս ուր աչքդ կտրի։ Զուր չէ «Արգենտինա» բառն այստեղ բոլորի շուրթերին։ Ինչո՞ւ։  Դե, հենց այնպես։ Նեղն ընկար՝ վերցրիր ու գնացիր ինչ-որ տեղ՝ օվկիանոսից այն կողմ։ Արգենտինա, դե Արգենտինա։

Թեթև ու մեղմ ցուրտն այստեղ լցվում է սիրտը։ Եվ նրա սյուքը անապական, հավերժական երջանկություն է թվում։

Չէ, մի թողեք սիրահարներին Վենետիկ։ Այնտեղ շղթաները սարդոստայն են դառնում։ Այնտեղ սովորում ես մեծ արվեստը՝ այլևս չսիրել։

 

 Ռուսերենից թարգմանեց Գրիգոր Ֆերեշեթյանը

 

297
Հունիս 28, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: