Խանում Ավանյան․ բանաստեղծություններ
….․
Քանի տարի է
կին եմ
հասարակ,
ամեն առավոտ
մաքրում եմ հատակը,
բակը,
մտքերս...
Հայելու դիմաց ներկում եմ դեմքս.
ոչ ոք չճանաչի ինձ,
չտեսնի դարակներում դասավորված
օրերս գույնզգույն։
Քանի տարի է
կին եմ
ու ստիպված ժպտում եմ,
ներսումս պահում ծովը,
վազում եմ,
վազում
անհասցե...
Փողոցում գույներ էին վաճառում,
գնել հարկավոր չէր․
ես կին եմ
եվ
գույներն իմ ներսում են։
….․
Երկինքը հոտոտող
շան բերանից
արևածագն էր կախվել,
Գետերով հոսում էր գիշերը։
․․․․․
Բնությունը ծնկել էր,
ծանր էր շնչում․․․
Ոսկեմազ ծառերից քրտինք էր
թափվում.
Մարդը վառելիք չուներ։
․․․․․
Երբ բաց էի թողնում թռչուներին,
դու եկար վերջին թռչունի
ոտքից թել կապեցիր,
նրա փոխարեն դու թռար:
Ժամանակի ալբոմ
Ժամանակի ալբոմ
նկար 1
Լիակուրծք աղջիկը
համբուրում էր չորացած ծառերի
ուրվականը.
լուսանկարում չորացած ընտանիքն էր
պատերազմից հետո:
նկար 2
Ժամացույցը ծամել էր ժամ ասվածը ․․․
Վանից փախած տատս չորացել էր ։
նկար 3
Փաթիլվող ձյունը մոգական
լռություն էր փռել
գերեզմանոցում,
նա եկել էր զրուցելու:
Լռությունը ճչում էր...
նկար 4
Լուսաբացի լույսին աղոթանք տվողները անիծել
էին մթի սևին։
- Hits: 68571