Սադեղ Հեդայաթ. Կատյա
Մի քանի երեկո էր, ինչ վերջերս հետս ծանոթացած ավստրիացի ինժեները շարունակ գալիս-նստում էր նկուղային սրճարանի մեր սեղանին։ Սկզբում նստած էի լինում ընկերներիցս մեկ-երկու հոգու հետ, նա էլ գալիս էր, թույլտվություն խնդրում, նստում մեր սեղանի շուրջը՝ ժամանակ առ ժամանակ պարսկերեն բառերի իմաստները հարցնելով․ ուզում էր պարսկերեն սովորել։ Քանի որ մի քանի օտար լեզու գիտեր, հատկապես՝ թուրքերեն, որն իր մայրենիից լավ էր տիրապետում, պարսկերեն սովորելն այդքան էլ մեծ դժվարություն չէր։
Թիկնեղ տղամարդ էր՝ լուրջ դեմքով, մեծ գլխով, մուգ կապույտ աչքերով․ կարծես Դանուբի ջրերն էին արտացոլվել նրա աչքերում։ Կաս-կարմիր դեմք ուներ, մոխրագույն մազերը ծածկում էին երկար ու ցցուն ճակատը, իսկ ծանր քայլքից ու մարզիկի մարմնից առողջություն ու ուժ էին դուրս հորդում։ Սակայն նրա կառուցվածքը հակասում էր տխուր կերպարին ու աչքերի տրտմությանը։ Մոտավորապես քառասուն կամ մի փոքր ավել կլիներ, բայց, ընդհանուր առմամբ, երիտասարդ էր երևում։ Մշտապես լուրջ էր ու հանգիստ, կարծես խաղաղ ու անշեղ կյանք էր ունեցել, իսկ աջ աչքի մոտի վերքի տեղը, իմ կարծիքով՝ ինժեների մասնագիտությունից ու քարի հարվածից էր։
Յուրահատուկ զգացմունք էր տածում գրականության հանդեպ, և իր ասելով՝ իր ներսում երկվության մի կերպար կամ վիճակ կար, որի արդյունքում ցերեկները ինժեներ էր դառնում, բան ու գործն էլ՝ մաթեմատիկական բանաձևերը, իսկ երեկոյան՝ բանաստեղծ, կամ շախմատ խաղալով ժամանակն անցկացնում։
Մի երեկո միայնակ նստած էի սեղանի մոտ, տեսնեմ՝ ավստրիացի ինժեները եկավ, թույլտվություն խնդրեց ու նստեց սեղանիս շուրջը։ Բախտի բերմամբ այդ երեկո մենակ էի, և ընկերներիցս որևէ մեկը չեկավ մեր հետևից։ Որոշ ժամանակ երաժշտություն լսեցինք՝ առանց բառ իսկ խոսելու։ Հանկարծ նվագախումբը «Ստենկա Ռազին»՝ ռուսական հայտնի մի երգ, սկսեց նվագել։ Այդ պահին նրա դեմքին ու աչքերում իրար հյուսված ցավ ու հաճույք տեսա։ Կարծես նա էլ բախվեց այդ կետին կամ էլ սիրտը բացելու կարիք զգաց։ Անփութորեն ասաց․ «Գիտե՞ք՝ այս երաժշտության հետ կապված մի անմոռանալի հիշողություն ունեմ։ Հիշողություն, որ վերաբերում է մի կնոջ ու երիտասարդական յուրատեսակ զղջումներին»։
«Բայց սա ռուսական երաժշտություն է»։
«Այո, գիտեմ։ Գերությանս մի հատվածը Ռուսաստանում եմ անցկացրել»։
«Երևի 1914-ի համաշխարհային պատերազմի ժամանակ եք գերեվարվել»։
«Այո, հենց սկզբներից։ Սերբիական ճակատում էի, հետո էլ գերի ընկա ռուսների մոտ»։ «Գիտեք՝ գերության կյանքն այդքան էլ նախանձելի չէ»։
«Պարզ է, այն էլ՝ գերություն Սիբիրում։ Դոստոևսկու «Նշումներ մահացած տնից»-ը կարդացե՞լ եք»։
«Այո, կարդացել եմ, բայց ամբողջությամբ նրա պես չէր։ Քանի որ մենք ռազմագերի էինք և որոշ չափով ազատություն ունեինք, այնինչ նա մուժիկների հետ էր բանտարկված։ Բայց մեր շարքերում պրոֆեսորներ, նկարիչներ, քիմիկոսներ, քարտաշներ, սափրիչներ, վիրաբույժներ, երաժշտագեներ, բանաստեղծներ ու գրողներ կային։ Երբ ռազմի դաշտում գնդակը ոտքս մտավ, հենց այնտեղ էլ վիրահատեցին»։
«Այդ դեպքում ձեզ համար այդքան ծանր չի անցել»։
«Ծանր ասելով ի՞նչ նկատի ունեք։ Բնական է՝ սկզբնական շրջանում աչքները չորս էին արել մեզ վրա։ Ճիշտն ասած՝ սկզբում մեզանից հնարավորինս գոհ էինք։ Թեպետ ամբողջ օրը բանտարկված էինք, բայց մեր ներսում ազատ էինք։ Թատրոն էինք կազմակերպել։ Մեզ համար տնակներ էինք պատրաստել։ Այդ ամենի հետ էլ՝ յուրաքանչյուր գերու ամսական քսանհինգ ռուբլի գրպանի փող էին տալիս, Սիբիրում էլ այդ ժամանակ ամեն ինչ էժան էր ու առատ։ Բավականաչափ ուտելիք ունեինք, չնայած հաճախ փողներս չէր էլ ծախսվում։ Եվ հետո, գիտեք՝ դուրս գալու թույլտվություն չունեինք։ Պատկերացրեք՝ ստիպված էինք տարիներով բանտարկված մնալ։ Ես հոգնել էի ու զզվել և ամբողջ օրը գիրք կարդալով էի անցկացնում։ Երբ որոշ ժամանակ անցավ, ավելի շուտ՝ թուրքի գերիների՝ մեզ միանալուց վեց ամիս, թուրքերեն սովորելու համար ընկերացա նրանց հետ։ Այդ ժամանակ մի արաբ երիտասարդի հետ ծանոթացա, որի անունը Արեֆ իբն Արեֆ էր՝ Երուսաղեմից։ Սկսեցի սովորել և կարճ ժամանակում մի փոքր թուրքերեն իմացա։ Այնքան, որ թուրքերենով կոնֆերանսներ էի անցկացնում։ Քանի որ մեր մեջ ուսանողներ կային, որոնք իրենց ուսումը չէին վերջացրել, մեզ թույլ տվեցին դասավանդել։ Այսպես դասեր ու կոնֆերանսներ կազմակերպվեցին։ Թատերական ներկայացումներ էինք ունենում, և ռուս կանայք դրսից մեզ համար լավագույն զարդարանքները, հագուստներն ու իրերն էին բերում։ Հաճախ մի ընտիր բան էլ էր լինում․ դրսից գալիս էին մեր ներկայացումները դիտելու»։
«Փաստորեն մի տեսակ կյանք էիք ստեղծել ինքներդ ձեզ համար»։
«Այդպես թվում է։ Ես միայն լավ մասն եմ պատմել։ Մոռանում եք, որ բանտարկված էինք մի ճամբարում, որը գտնվում էր բլրի վրա և Կրասնոյարսկ քաղաքից երկու կիլոմետր էր հեռու։ Ճամբարի շուրջբոլորը փշալարեր էին քաշված, գետնին չորս մետր երկարությամբ ցցեր էին խփված, իսկ տեղ-տեղ պահակակետեր էին, որտեղ հրացանը ձեռքին զինվորներ էին հսկում։ Բայց ես իմ տնակից դուրս չէի գալիս, և ողջ ժամանակս անցնում էր ընթերցանությամբ կամ կոնֆերանսների պատրաստությամբ։ Մխիթարող միակ հանգամանքն այն էր, որ տեսնում էի՝ այդ բոլոր կրթված արհեստավորները՝ երիտասարդ ու երջանիկ կամ ծեր ու դժբախտ, կիսում էին իմ ճակատագիրը»։
«Բայց մոռանո՞ւմ եք, որ պաշտպանված էիք պատերազմի աղետից, խրամատներից, կրակոցների ձայներից, խեղդող գազից և աչքներիդ չորսբոլորը կատարվող մահերից»։
«Ասացի՝ դուք գաղափար չունեք մեր վիճակից․ օրական հանգստի ու զբոսանքի ընդամենը երկու ժամ ունեինք հագուստներս ճմռթվել էին ու կեղտոտվել, ներքնաշոր չունեինք։ Ձմեռները եղանակը մինչև մինուս քառասուն-հիսուն հասնում էր, իսկ ամռանը չորքոտանի անասունների պես երեսուն աստիճանի տակ բանտարկված էինք փարախում։ Շոգից, վարակիչ հիվանդություններից ու պատահող սարսափելի իրադարձություններից բացի՝ ամենադաժանը պատերազմն էր։ Երբեմն մեզնից ինչ-որ մեկը գժվում էր։ Մի գիշեր ընկերներիս հետ թղթախաղ էինք խաղում, մեկը՝ կացինն ուսին ներս մտավ և այնքան ուժեղ հարվածներ հասցրեց սեղանին, որ բոլորս տեղներիցս թռանք, և եթե կացինը ձեռքից առած չլինեին, բոլորիս կտոր-կտոր արած կլիներ։ Հունգարացիներից մեկի խելքը գցել էր։ Շան ձայներ էր հանում, շարունակ հաչում՝ դառնալով մեր ժամանցի առարկան։ Ինձ սիրտ տվող ամենից մեծ բանը արաբ ընկերոջս՝ Արեֆի ներկայությունն էր։ Նա՝ միշտ աշխույժ և ամեն ինչի հանդեպ անտարբեր, իր ներկայությամբ ուրախություն էր բերում։ Բացի այդ, գերությանս օրերի՝ Արեֆից ունեցած հուշերը «Կատյա» վերնագրով տպագրել եմ մի թերթում, որը շատ երկար է, չեմ ուզում պատմել»։
«Ի՞նչ հարաբերություններ ունեիք Կատյայի հետ»։
«Ճիշտ է, ուզում էի նրա մասին խոսել, թեմայից շեղվեցի։ Նա ինձ համար առաջին ու վերջին կինն էր և իմ մեջ մի անմոռանալի հետք է թողել։ Գիտեք՝ միշտ կինը պետք է ինձ մոտ գա, ես երբեք կնոջ կողմը չեմ գնում։ Որովհետև եթե ինքս գնամ դեպի կինը, այնպիսի զգացողություն կլինի, որ այդ կինն իրեն ինձ չի տրվել, այլ՝ փողի, սեթևեթելու կամ մեկ այլ բանի համար, որ դուրս է իմ ներքինից։ Մի տեսակ սարքովի ու արհեստական զգացողություն եմ ունենում։ Բայց այն դեպքում, երբ առաջին անգամ կինը գալիս է ինձ մոտ, նրան պաշտում եմ։ Պատմությունը, որ ուզում եմ պատմել, այդ դեպքերից է։ Դա սիրահարության այն միակ հիշողությունն է, որ երբեք չեմ մոռանա։ Թեպետ տասնութ-քսան տարի կլինի, բայց միշտ պատկերացնում եմ աչքիս առաջ։ Այն ժամանակ, երբ Կրասնոյարսկի մոտակայքում գերության մեջ էինք, իմ ու արաբ տղաների ծանոթությունից հետո, որոնց հետ մի տեսակ եղբայրական ու լուրջ հարաբերություն էր ստեղծվել, երկուսս էլ մի տնակում էինք բնակվում և ամբողջ ժամանակներս լեզու սովորելով ու թղթախաղով էր անցնում․ ես նրան գերմաներեն էի սովորեցնում, նա էլ, փոխարենը՝ արաբերեն։ Հիշում եմ՝ մի երեկո լույս չունեինք, թանաքամանի մեջ յուղ լցրինք, վերնաշապիկի ծայրից պատրույգ սարքեցինք և այդ լույսի տակ աշխատում էինք։ Այդ ընթացքում թուրքերենս էի կատարելագործում և Չինաստանով, Շվեդիայով, Նորվեգիայով ու Դանիայով գիրք բերում։ Արեֆը գեղեցկադեմ երիտասարդ էր, որ սև, փայլուն մազեր ուներ և միշտ՝ ուրախ-զվարթ։ 1917-ի գարնանը արաբ գերիներին հետ կանչեցին։ Որպեսզի թուրքերին առանձնացնեն։ Արաբ ընկերոջս էլ ինձնից հեռացրին։ Նրան փող տվեցին և ուղարկեցին Կրասնոյարսկ, որ փոխադրամիջոցների հարցերը կարգավորի։ Թուրքերը նախատում էին ինձ, թե․ «Տե՛ս, ընկերդ մեզնից հեռացավ, որ մեր դեմ կռվի»։ Բայց քանի որ Արեֆը գեղեցիկ էր և արևելյան դիմագծեր ուներ, Կրասնոյարսկում աղջիկների ուշադրությանն արժանացավ ու սիլի-բիլիներ արեց։ Մեկ-մեկ էլ իմ հետևից էր գալիս։ Մի օր էլ կեղտոտ-մեղտոտ գիրք էի կարդում, երբ դուռը միանգամից բացվեց, ու տեսա՝ մի սիրուն աղջիկ մտավ իմ սենյակ։ Տեղումս քարացել էի և պապանձված ոտքից գլուխ նայում էի աղջկան, որն ինձ մի հրեշտակ կամ աներևույթ էակ էր թվում։ Երեք-չորս տարի կլիներ, ինչ այդքան կեղտոտ, մահացու կյանքով ապրելով, Ռասպուտինի պես մինչև կուրծքս հասնող մորուքով, մարմնիս կպած հագուստով ապրում էի գրքերի ու թղթերի կույտերի մեջ։ Մաս-մաքուր աղջկա գոյությունն իմ աղբակույտում անհավատալի էր։ Այդ աղջիկը գերմաներեն էլ գիտեր ու սկսեց հետս խոսել, բայց ես այնքան էի ոգևորվել, որ չէի կարողանում պատասխանել նրան։ Նրա հետևում դուռը բացվեց, և ընկերս՝ Արեֆը, մտավ ներս ու ծիծաղեց։ Հասկացա՝ ինձ զարմացնելու համար էր այդ քայլին դիմել և նրան հատկապես բերել էր, որպեսզի իր սիրուհուն ինձ ցույց տա։ Վատ մտադրությամբ չէր նման բան արել, որ ինձ ցավեցնի, միայն զվարճանալու ու կատակելու համար։ Քանի որ ամբողջովին ճանաչում էի նրան, Արեֆն ինձ ասաց․ «Արի գնանք քաղաք, ես քեզ համար թույլտվություն կվերցնեմ»։ Առաջին անգամն էր, որ մի քանի տարվա մեջ քաղաք էի գնալու։ Ի վերջո, թույլտվությունս ստանալուց հետո Արեֆի ու Կատյայի հետ ուղևորվեցինք քաղաք։ Ճանապարհներին ձյունն աստիճանաբար հալվում էր․ գարուն էր սկսվել։ Չեք կարող պատկերացնել՝ ինչ ապրումներ ունեի։ Ենիսեյ գետի մոտով անցնելիս ուրախությունից տեղս չէի գտնում և ամբողջովին տարվել էի այդ աղջկա կատարելությունից։ Ամբողջ ճանապարհին նա շարունակական հարցեր էր տալիս, ես էլ տարիներով գերեզմանում թաղված ու լուսաշող աշխարհում ծնունդ առածի պես նրա հետ խոսելու համարձակություն չունեի։ Չէի կարողանում հարցերին պատասխանել, մինչև վերջապես մտանք քաղաք, և մեզ տարան մի սենյակ, որտեղ էլեկտրական լույս, սպիտակ սփռոցով սեղան ու մահճակալ կային։ Գյուղացու նման նայում էի դռանն ու պատերին և ինքս ինձ հարցնում․ «Այն, ինչ տեսնում ես, արթո՞ւն ես, թե՞ քնած»։
Ես ու Արեֆը նստեցինք սեղանի շուրջը, աղջիկը մեզ համար թեյ բերեց, հետո սկսեց հետներս զրուցել․ այն ասող-խոսող աղջիկներից էր։ Հետո հասկացա, որ աղջիկ չէ, ամուսինը սպանվել էր պատերազմում, և փոքր երեխա էլ ուներ։ Նրանց տանը մի ինժեներ էլ էր ապրում իր կնոջ հետ, և այդ կինը, որ ծանոթ էր ինժեների կնոջ հետ, ապրում էր նրանց հետ միասին։ Կարծես սենյակն էլ նրանից էին վարձակալել։ Այնտեղ գիշերեցինք, մի գիշեր, որը երբեք չէի կարող պատկերացնել։ Ես այդ երիտասարդ կնոջ համար սեր չունեի, առհասարակ չէի համարձակվում մտածել՝ պաշտում էի նրան։ Նա ինձ համար միս ու արյունից չէր, մի հրեշտակ էր, փրկիչ հրեշտակ, որ իմ մռայլ ու անիմաստ կյանքը մի վայրկյանում լուսավորել էր։ Չէի կարողանում խոսել նրա հետ կամ ձեռքը համբուրել։
Առավոտյան վերադարձա, բայց ի՜նչ օրի էի։ Հիմա էլ եմ մտածում, որ կյանքը բանտում անհանդուրժելի էր դարձել։ Ո՛չ կարողանում էի քնել, ո՛չ էլ գրել ու աշխատել։ Վատառողջ լինելու պատրվակով երկու անգամ խուսափեցի շաբաթական կոնֆերանսներից։ Ինձ համար ամեն ինչ մի անհայտ ու անորոշ իմաստ էր ձեռք բերել․ կարծես այդ ողջ դեպքերը երազումս էի տեսել։ Երկու-երեք շաբաթ անցավ, մի նամակ ստացա Կատյայից»։
«Ինչպե՞ս էիք նամակ փոխանակում»։
«Բանտարկյալները զինվորների աչքից հեռու ցցերից մեկի տակը փորել էին և ցցի տակից կտրել այնպես, որ այն հանել ու անցնել էր լինում։ Ամեն օր մեզնից մեկը մաքսանենգի պես գնում էր և մյուսների համար ըստ անհրաժեշտության գնումներ անում, բերում, նամակներն էլ նրա միջոցով էին մեզ հասնում։ Մի անգամ իր նամակում գրել էր, որ երկուշաբթի՝ մեր լողալու օրը, գետի մոտով գնամ, և նա կդիմավորի ինձ։ Երևի Արեֆն էր նրան ասել, որ շաբաթը երկու անգամ լողալու իրավունք ունեինք։ Իհարկե, քանի որ այդ կինը գեղեցկադեմ էր ու ճարտար լեզվով, կարող էր չթույլատրված տարածք մտնել։ Սակայն բանտարկյալների հետ կապ ունենալը նրա համար այդքան էլ պատիվ չէր, այդ իսկ պատճառով նման տարբերակ էր գտել։ Մի երկուշաբթի, երբ մեզ տանում էին գետի մոտով, ախ ու վախով նայեցի ժամադրման վայրին։ Անտառի մոտով մի փոքր անցնելով՝ Կատյային տեսա։ Միասին գնացինք, անտառում նստեցինք։ Կանաչ ու սաղարթախիտ անտառը պատել էր շուրջբոլորը։ Նա նորից սկսեց խոսել, ես միայն ձեռքը պահեցի ձեռքումս ու համբուրեցի։ Կատյան, ուշադրություն, չընդդիմացավ, իրեն գիրկս նետեց ու տրվեց, այնինչ ես երբեք նման բան չէի պատկերացրել, քանի որ նա ինձ համար մի անհաս էակ էր։
Այդ օրվանից բանտարկյալի կյանքն ավելի դժվար ու անտանելի էր ինձ համար։ Երեք-չորս անգամ նույնը կրկնեցինք։ Լողալու օրերին գաղտագողի հանդիպում էի նրան, մինչև մի շաբաթ նրանից լուր չեղավ։ Հետո մի նամակ եկավ, որտեղ գրել էր՝ մյուս շաբաթ, երբ գնանք լողալու, ինձ համար հագուստ կբերի, որով կկերպարանափոխվեմ։ Ընկերներիս ասացի, որ հնարավոր է՝ մի քանի գիշեր բացակայեմ և նրանցից խնդրեցի, որ իմ փոխարեն ստորագրեն։ Հաշվառման ժամանակ, երբ չորս-չորս կանգնում էինք բակի հրապարակում, և մի հոգի հաշվում էր մեզ, չէինք վախենում։ Որովհետև դա մեր զբոսանքի միակ ժամն էր, և թվերն անընդհատ փոփոխվում էին, այնպես որ ճիշտ հաշվառում ոչ մի անգամ չէր լինում։ Ամեն դեպքում, երբ նշանակված օրը գետի մոտ նրան հանդիպեցի, տեսա՝ չերքեզական երկար հագուստ ու մի կաշվե գլխարկ է բերել։ Հագնվեցի, ու ճամփա ընկանք։
Բանտային ավանից մինչև քաղաք երկու ժամվա ճանապարհ էր։ Եթե ճանապարհին ինչ-որ մեկը հանդիպում էր մեզ, Կատյան հետս ռուսերեն էր խոսում։ Բայց ես ոչ մի պատասխան չէի տալիս, միայն երբեմն ասում էի «սպասիբո»։ Վերջապես գնացինք նրա տուն։ Մինչև առավոտ նրա սենյակում էի։ Հաջորդ օրը ռուս ինժեների ընտանիքի՝ կնոջ ու երեխայի հետ զբոսնելու գնացինք սար։ Երեք օր տևեց մեր զբոսանքը և գնացինք Երեք սյուն լեռ, որի գագաթները երեք մասի պես արտահայտված տեսք էին ստացել, դրան հարակից անտառում վրան խփեցինք ու կրակ վառեցինք։ Այդտեղ մի հեռավոր ու կորած աշխարհի պես հեռու էինք մարդկանցից ու նրանց աղմուկ-աղաղակից։ Լավ կերակուրներ էինք ուտում, լավ խմիչքներ խմում և ծառերի ճյուղերի արանքից նայում աստղերին։ Մեղմ ու հաճելի զեփյուռի տակ Կատյան սկսեց երգել։ Մի հմայիչ ձայնով երգում էր «Վոլգայի նավավարներն» ու «Ստենկա Ռազին»-ը, իսկ ռուս ինժեները իր բամբ ձայնով ձայնակցում էր նրան։ Կատյայի ձայնը եկեղեցու զանգերի պես հնչում էին իմ ականջներում․ տեղումս քարացել-մնացել էի, առաջին անգամն էր, որ լսում էի այդ երկնային երգը։ Սաստիկ հաճույքից դողում էի՝ մտածելով, որ առանց Կատյայի չեմ կարող ապրել։
Այդ գիշերը հետք թողեց իմ կյանքում, դուրեկան դառնություն էի զգում, որ պատրաստ էի՝ հենց այդ պահին կյանքս ընդհատվեր, և եթե մեռնեի էլ, մինչև հոգուս խորքերը երջանիկ կլինեի։ Ի վերջո, վերադարձա։ Երբեք չեմ մոռանա նրան: Առավոտյան երբ արթնացա, Կատյան վառել էր սամավարը և ինձ համար թեյ էր լցնում, երբ դուռը բացվեց, և Արեֆը մտավ ներս։ Տեղումս չորացա։ Ոչինչ չասաց, միայն մի հայացք գցեց Կատյայի վրա, հետո՝ իմ։ Հետո դուռը փակեց ու գնաց։ Կատյայից հարցի․ «Ի՞նչ է եղել»։ Ասաց․ «Երեխա է, բան չկա, նա բոլոր աղջիկներին հասնում է․ նման երիտասարդների չեմ սիրում։ Գրողը տանի։ Նա այն մարդն է, որ նրանց ճանապարհներից վարդեր է քաղում, հոտ քաշում ու շպրտում հեռու։
Ընկերս գնաց, և դրանից հետո որքան հարցուփորձ արի, նրանից լուր չեղավ»։
Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի
- Hits: 12973