Վիրջինիա Վուլֆ. Մասնագիտություններ կանանց համար

«Մասնագիտություններ կանանց համար» էսսեն Վիրջինիա Վուլֆի՝ 1931 թվականի հունվարի 21-ին Կանաց զբաղվածության պետական միության մասնաճյուղի առաջ ելույթի համառոտ տարբերակն է։ Այն տպագրվել է հետմահու «Թիթեռնիկի մահը և այլ էսսեներ» ժողովածուում։ Ելույթից մեկ օր առաջ նա գրել էր իր օրագրում․ «Այդ պահին՝ լոգանք ընդունելիս, մի ամբողջ նոր գիրք հորինեցի՝ «Սեփական սենյակի» շարունակությունը, որը կանանց սեռական կյանքի մասին է․ գուցե այն «Մասնագիտություններ կանանց համար» կոչվի․ Աստվա՛ծ իմ, ի՜նչ հուզիչ է»։ Ավելի քան մեկուկես տարի անց՝ 1932 թվականի հոկտեմբերի 11-ին, Վիրջինիա Վուլֆը սկսեց գրել իր նոր «Գաջագործներ» գիրքը. էսսե՝ Լոնդոնի՝ Կանանց զբաղվածության պետական միությունում ընթերցված հոդվածի հիման վրա։ «Գաջագործները» վերաճեց «Տարիների» և հրապարակվեց 1937 թվականին։ Գիրքը, որը վերջիվերջո դարձավ «Սեփական սենյակի» շարունակությունը, կոչվում էր «Երեք գինեա» (1938), իսկ դրա նախնական աշխատանքային վերնագիրն էր «Մասնագիտություններ կանանց համար»։

Այս էսսեն նվիրված է վիկտորիանական ուրվականին՝ հայտնի որպես «Տան հրեշտակ» (վերցված Քովենթրի Փաթմորի[1]՝ «Ընտանեկան երջանկության տոնակատարություն» բանաստեղծությունից)՝ տասնիններորդ դարի այդ անձնազոհ, հերոսական կնոջը, որի կյանքի միակ նպատակը աշխարհի բնակչության արական կեսին հանգստացնելը, շողոքորթելն ու մխիթարելն էր։ «Տան հրեշտակին սպանելը,- գրում էր Վիրջինիա Վուլֆը, - կին գրողի մասնագիտության մի մասն է»։ Այդ պնդումը մարգարեական էր, որովհետև այսօր ոչ միայն գրականության բնագավառում, այլև ողջ մասնագիտական աշխարհում հասարակական և տնտեսական հավասարության համար իրենց պայքարում կանայք շարունակում են մահացու մրցույթում ներգրավված լինել ։

Միտչել Ա. Լեասկա

 

Երբ ձեր քարտուղարն ինձ այստեղ հրավիրեց, ասաց, որ ձեր Միությունը կանանց աշխատանքի տեղավորմամբ է զբաղվում, և առաջարկեց իմ սեփական աշխատանքային փորձից մի բան պատմել։ Ճիշտ է՝ ես կին եմ, ճիշտ է՝ աշխատում եմ, բայց ի՞նչ մասնագիտական փորձ ունեմ։ Դժվար է ասել։ Իմ մասնագիտությունը գրականությունն է, և այդ մասնագիտությունում կանանց փորձն ավելի քիչ է, քան ցանկացած մեկ ուրիշում՝ բացառությամբ թատրոնի․ նկատի ունեմ ավելի քիչ նրանից, ինչ բնորոշ է կանանց։ Քանի որ ուղին վաղուց էր դրված Ֆանի Բերնիի, Աֆրա Բենի, Հարիետ Մարտինոյի, Ջեյն Օսթինի, Ջորջ Էլիոթի կողմից, շատ հայտնի կանայք և շատ ավելի անհայտներն ու մոռացվածները, որ մինչև ինձ են եղել, հարթել են իմ ուղին և կանոնավորել քայլերս։ Դրա համար էլ երբ սկսեցի գրել, գրեթե ոչ մի իրեղեն արգելք չկար ճանապարհիս։ Գրելը հարգանքի արժանի և անմեղ զբաղմունք էր։ Գրչի խզբզանքը չէր կարող խանգարել ընտանիքի անդորրը։ Ոչ մի պարտք ու պահանջ չկար ընտանեկան բյուջեից։ Տասնվեց պենսով կարելի էր թուղթ գնել, որը կհերիքեր Շեքսպիրի բոլոր պիեսները արտագրելու համար, եթե ինչ-որ մեկի գլխում նման միտք ծագեր։ Դաշնամուրներ ու բնորդուհիներ, փարիզներ, վիեննաներ ու բեռլիններ, վարպետներ և սիրուհիներ հարկավոր չեն գրողին։ Կանանց՝ գրականության մեջ ավելի շուտ, քան այլ մասնագիտություններում առաջադիմելու պատճառը, իհարկե, գրելու թղթի էժանությունն է։

Բայց ես ձեզ կպատմեմ իմ պատմությունը․ այն հասարակ է։ Հարկավոր է միայն ննջասենյակում նստած մի աղջկա պատկերացնել՝ ձեռքին գրիչ։ Ժամը տասից մինչև մեկը նա ընդամենը պետք է գրիչը ձախից աջ շարժեր։ Հետո նրա գլխում միտք ծագեց անել այն, ինչը վերջիվերջո բավականին հասարակ ու էժան էր․ ծրարի մեջ դնել այդ էջերից մի քանիսը, անկյունում մեկ պենսանոց նամականիշ ամրացնել և շրջադարձի կարմիր արկղի մեջ գցել։ Այդպես դարձա լրագրող, իսկ հաջորդող ամսվա առաջին օրը աշխատանքս վարձատրվեց․ փառավոր օր էր ինձ համար․ մեկ ֆունտ տասը շիլլինգ և վեցպենսանոց վճարագրով նամակ էի ստացել խմբագրից։ Բայց որպեսզի ապացուցեմ, թե որքան քիչ եմ հմուտ կին կոչվելու արժանի, թե որքան քիչ բան գիտեմ նման կյանքի պայքարի և դժվարությունների մասին, պետք է խոստովանեմ, որ հաց ու կարագի, վարձավճարի, կոշիկի և գուլպաների կամ մսավաճառի պարտքերի վրա այդ գումարը ծախսելու փոխարեն գեղեցիկ պարսկական կատու գնեցի, որը շատ շուտով հարևաններիս հետ դաժան վիճաբանությունների մեջ ներքաշեց ինձ։

Հոդվածներ գրելուց և եկամուտով պարսկական կատուներ գնելուց ավելի հեշտ բան կա՞։ Բայց մի փոքր սպասե՛ք։ Հոդվածները պետք է ինչ-որ բանի մասին լինեն։ Իմը, ինչքանով որ հիշում եմ, հանրահայտ տղամարդու վեպի մասին էր։ Եվ գրելու ընթացքում հասկացա, որ եթե որոշեի գրքեր գրախոսել, պետք է որոշակի ուրվականի հաղթեի։ Իսկ ուրվականը կին էր, և երբ ավելի լավ ճանաչեցի նրան, հայտնի բանաստեղծության հերոսուհու պատվին «Տան հրեշտակ» կոչեցի նրան։ Հենց նա էր կանգնած իմ և իմ թղթի միջև, երբ քննադատական հոդվածներ էի գրում։ Նա էր, որ անհանգստացնում էր ինձ, խլում էր ժամանակս և այնպես էր տանջում, որ վերջիվերջո սպանեցի նրան։ Դուք՝ ավելի երիտասարդ ու երջանիկ սերնդի ներկայացուցիչներդ, հավանաբար չեք լսել նրա մասին և չգիտեք, թե ինչ նկատի ունեմ՝ Տան հրեշտակ ասելով։ Որքան հնարավոր է հակիրճ կնկարագրեմ նրան։ Նա ուժգին կարեկցանքով լի էր։ Անսահման գրավիչ էր։ Նա բոլորովին անշահախնդիր էր։ Հաջողակ էր ընտանեկան կյանքի բարդ արվեստում։ Ամեն օր զոհաբերում էր ինքն իրեն։ Եթե հավ կար, նա ազդրն էր վերցնում, եթե միջանցիկ քամի կար, նա դրա տակ էր նստում․ կարճ ասած՝ նա այնպիսին էր, որ երբեք չուներ իր սեփական ցանկություններն ու խելքը, այլ միշտ նախընտրում էր պաշտպանել ուրիշների ցանկությունները և մտքերը։ Բայց ամենից առավել, կարիք էլ չկա ասելու, մաքուր էր։ Նրա գլխավոր գեղեցկությունը մաքրությունը պետք է լիներ. նրա երեսի կարմրությունը, նրա վեհ նրբագեղությունը։ Այդ տարիներին՝ Վիկտորիա թագուհու կառավարման վերջին տարիներին, յուրաքանչյուր տանը կար նման Հրեշտակ։ Եվ երբ սկսեցի գրել, հանդիպեսցի նրան առաջին իսկ բառից։ Նրա թևերի ստվերն ընկավ իմ թղթին․ նրա կիսաշրջազգեստների շրշյունը լսեցի սենյակում։ Այսինքն՝ հենց որ գրիչը ձեռքս վերցրի, որպեսզի գրախոսեմ այդ հայտնի տղամարդու վեպը, այդ Հրեշտակը սողոսկեց մեջքիս հետևն ու շշնջաց․ «Սիրելի՛ս, դու երիտասարդ կին ես։ Գրում ես մի գրքի մասին, որի հեղինակը տղամարդ է։ Գթասի՛րտ, նո՛ւրբ եղիր, շողոքորթի՛ր, խաբի՛ր, օգտագործի՛ր մեր սեռին բնորոշ բոլոր արհեստներն ու հնարքները։ Երբեք ոչ ոքի թույլ մի՛ տուր՝ գլխի ընկնեն, որ դու քո սեփական խելքն ունես։ Եվ ամենակարևորը` մաքո՛ւր եղիր»։ Ձևացրեց, թե գրիչս է ուղղորդում։ Այդժամ մի բան արեցի, որի համար ինքս ինձնով հպարտանալու իրավունք վերագրեցի ինձ, չնայած որ վաստակն, իրավամբ, իմ հրաշալի նախահայրերին էր պատկանում, որոնք որոշակի գումար էին թողել ինձ (ասենք՝ տարեկան հինգ հարյուր ֆունտ), այնպես որ` ապրուստ վաստակելու համար բացառապես հմայքից կախում ունենալու կարիք չունեի։ Շուռ եկա և բռնեցի նրա կոկորդից։ Ամեն հնարավոր բան արեցի, որպեսզի սպանեի նրան։ Եթե դատարանի առաջ հայտնվեի, արդարացումս կլիներ այն, որ ինքնապաշտպանական նպատակներից ելնելով եմ այդպես գործել։ Եթե ես չսպանեի, նա էր սպանելու ինձ։ Գրվածքիս հոգին արմատախիլ կաներ։ Քանի որ, ինչպես ինքս եմ համոզվել, հենց որ գրիչը դիպչում է թղթին, նույնիսկ չեք կարող որևէ վեպ գրախոսել՝ առանց ձեր սեփական կարծիքն ունենալու, առանց արտահայտելու, թե ինչն եք ճիշտ համարում մարդկային հարաբերությունների, բարոյականութան և սեռական հարաբերությունների հարցում։ Եվ ըստ Տան հրեշտակի՝ կանայք չեն կարող ազատ և բաց քննարկել այս բոլոր հարցերը․ նրանք պետք է դյութեն, հաշտեցնեն կամ պարզ ասած՝ պետք է խաբեն, եթե ուզում են հաջողության հասնել։ Այդպիսով՝ ամեն անգամ, երբ թղթիս վրա նկատում էի նրա թևի ստվերը կամ լուսապսակի փայլը, վերցնում էի թանաքամանն ու նրա վրա նետում։ Ծանր մահով մահացավ։ Նրա մտացածին էությունը մեծապես օգնեց նրան։ Ուրվականին սպանելն ավելի դժվար է, քան իրականին։ Նա միշտ հետ էր սողոսկում, երբ կարծում էի, թե սպանել էի նրան։ Չնայած, որ հույս էի տալիս ինձ, թե վերջիվերջո սպանել էի նրան, պայքարը դաժան էր․ շատ ժամանակ վատնեցի, որը կարող էի հունական քերականության ուսումնասիրության կամ արկածների որոնմամբ աշխարհով մեկ ճանապարհորդելու վրա ծախսել։ Բայց դա իրական փորձառություն էր․ փորձառություն, որ պետք էր այն ժամանակվա բոլոր կին գրողներին։ Տան հրեշտակի սպանությունը կին գրողի մասնագիտության մի մասն էր։

Բայց շարունակեմ իմ պատմությունը։ Հրեշտակը մահացավ․ այդ դեպքում ի՞նչ մնաց։ Կարող եք կարծել, թե այն, ինչ մնաց, սովորական և հասարակ օբյեկտ էր՝ թանաքամանով երիտասարդ կինը ննջասենյակում։ Այլ կերպ ասած՝ հիմա, երբ ազատվել էր կեղծիքից, երիտասարդ կնոջը մնում էր միայն լինել այնպիսին, ինչպիսին  որ կար։ Օ՜հ, բայց ի՞նչ է «նա»։ Նկատի ունեմ՝ ի՞նչ է կինը։ Հավատացնում եմ ձեզ, չգիտեմ։ Կարծում եմ՝ դուք էլ չգիտեք։ Չեմ կարծում, թե որևէ մեկը կարողանա իմանալ, մինչև որ չդրսևորի իրեն բոլոր այն արվեստներում և մասնագիտություններում, որոնք բաց են մարդկային վարպետության համար։ Իսկապես որ, այս պատճառով եմ այսօր եկել այստեղ՝ ձեր հանդեպ հարգանքից ելնելով, նրանց հանդեպ, ովքեր իրենց փորձով ցույց են տալիս, թե ինչ է կինը, ովքեր իրենց հաջողություններով և անհաջողություններով տրամադրում են մեզ այդ հույժ կարևոր տեղեկությունը։

Բայց վերադառնանք իմ մասնագիտական փորձին։ Առաջին գրախոսությանս համար մեկ ֆունտ, տասը շիլլինգ և վեց պենս աշխատեցի․ ստացված գումարով պարսկական կատու գնեցի։ Հետո պատվախնդիր դարձա։ Պարսկական կատու ունենալը լավ է, ասացի ես, բայց միայն դա բավական չէ։ Պետք է ավտոմեքենա ունենամ։ Այդպես վիպասան դարձա, քանի որ որքան էլ որ տարօրինակ է, մարդիկ կարող են քեզ ավտոմեքենա նվիրել, եթե նրանց պատմություն պատմես։ Էլ ավելի տարօրինակ է այն, որ աշխարհում չկա ավելի հրաշալի բան, քան պատմություններ պատմելը։ Դա շատ ավելի հաճելի է, քան հայտնի վեպերի գրախոսություններ գրելը։ Սակայն եթե պետք է ենթարկվեմ ձեր քարտուղարին և պատմեմ իմ՝ որպես վիպասանի մասնագիտական փորձի մասին, մի շատ տարօրինակ փորձի մասին պետք է պատմեմ ձեզ, որը բաժին էր հասել ինձ՝ որպես վիպասանի։ Եվ այն հասկանալու համար սկզբում պետք է վիպասանի հոգեվիճակի մասին պատկերացում կազմեք։ Հույս ունեմ՝ ոչ մի մասնագիտական գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ վիպասանի գլխավոր ցանկությունը որքան հնարավոր է անգիտակից լինելն է։ Նա պետք է մշտական լեթարգիայի մեջ լինի։ Նա ուզում է, որպեսզի կյանքը ծայրաստիճան խաղաղությամբ և համաչափությամբ ընթանա։ Նա ուզում է տեսնել միևնույն դեմքերը, կարդալ միևնույն գրքերը, օրեցօր, ամսեամիս անել նույն բաները, քանի դեռ գրում է, որպեսզի ոչինչ չխախտի պատրանքը, որում նա ապրում է, որպեսզի ոչինչ չանհանգստացնի և չհուզի երևակայության և այդ շատ ամաչկոտ պատիր ոգու առեղծվածային մտորումները, շրջապատող զգացումները, սրընթաց շարժումները, պոռթկումները և հանկարծակի բացահայտումները։ Ենթադրում եմ, որ այդպիսի վիճակը բնորոշ է և՛ տղամարդկանց, և՛ կանանց։ Այնուամենայնիվ ուզում եմ, որ պատկերացում կազմեք, թե ինչպես եմ վեպ գրում տրանսի վիճակում։ Ուզում եմ՝ նստած աղջիկ պատկերացնեք՝ գրիչը ձեռքին, որը մի քանի րոպեի, երբեմն նաև մի քանի ժամվա ընթացքում, այն չի թաթախում թանաքամանի մեջ։ Պատկերը, որ ծագում է մտքումս, երբ մտածում եմ այդ աղջկա մասին, երազանքների մեջ խորասուզված ձկնորսի պատկեր է, որը պառկած է խոր լճի ափին՝ ջրի վրա պարզած կարթով։ Աղջիկը թույլ էր տալիս իր երևակայությանը անարգել թափառել աշխարհի բոլոր ժայռերով և կիրճերով, որոնք մեր անգիտակից էության խորքերում են գտնվում։ Այստեղ գալիս է փորձը, որը, ինչպես ես եմ կարծում, ավելի շատ բնորոշ է կին գրողներին, քան տղամարդ։ Կարթաթելն արագ անցավ աղջկա մատների արանքով։ Նրա երևակայությունն ինչ-որ հեռու տեղ սլացավ։ Այն ջրամբարներ էր փնտրում, հորձանուտներ, մութ տեղեր, որտեղ ամենամեծ ձուկն է ննջում։ Հետո դղրդյուն լսվեց։ Պայթյուն տեղի ունեցավ։ Փրփուր ու խառնաշփոթ էր։ Երևակայությունն ինչ-որ չոր բանի դեմ առավ։ Աղջիկը սթափվեց երազանքներից։ Նա իսկապես որ ամենասուր և ծանր հոգեկան խանգարման մեջ էր։ Եթե առանց այլաբանությունների ասենք, նա մտածեց այնպիսի բաների մասին, այնպիսի կրքերի մասին, որոնց մասին նրան՝ որպես կնոջ վայել չէր խոսել։ Բանականությունը հուշում էր նրան, որ դրանք անհարմար իրավիճակի մեջ կգցեին տղամարդկանց։ Այն բանի գիտակցումը, թե ինչ կասեն տղամարդիկ այն կնոջ մասին, որն իր բուռն զգացմունքների մասին ճիշտն է ասում, դուրս բերեց նրան արվեստագետի անգիտակից վիճակից։ Նա այլևս չէր կարող գրել։ Տրանսն ավարտված էր։ Նրա երևակայությունն այլևս չէր կարող աշխատել։ Ենթադրում եմ, որ սա շատ տարածված փորձ է կին գրողների շրջանում, նրանց խանգարում է հակառակ սեռի ծայրահեղ պայմանականությունը։ Թեև տղամարդիկ գիտակցաբար մեծ ազատություն են տալիս իրենց նման հարցերում, խիստ կասկածում եմ, որ նրանք հասկանում են կամ կարող են կառավարել ծայրահեղ խստությունը, որով դատապարտում են նման ազատությունը կանանց շրջանում։

Սրանք են անձնական կյանքիս երկու շատ իրական փորձառությունները։ Սրանք են մասնագիտական կյանքիս երկու համարձակ ձեռնարկումները։ Առաջինը՝ Տան հրեշտակի սպանությունը, հաղթահարել եմ։ Նա մահացել է։ Բայց երկրորդը՝ պատմելը իմ փորձառությունների մասին՝ որպես մարմնի, չեմ կարծում, թե հաղթահարել եմ։ Կասկածում եմ, թե որևէ կին մինչև հիմա հաղթահարած լինի։ Նրա առջև ծառացած խոչընդոտները չափազանց մեծ են, բայց և այնպես դժվար է դրանք սահմանել։ Արտաքնապես ի՞նչը կարող է այդքան հեշտ թվալ, քան գրքեր գրելը։ Արտաքնապես ի՞նչ այլ խոչընդոտներ կան կանանց, ոչ թե տղամարդկանց համար։ Ներքուստ կարծում եմ, որ պատճառն ուրիշ տեղ է․ նա դեռ շատ ուրվականների հետ պետք է պայքարի, բազում նախապաշարմունքներ հաղթահարի։ Ըստ իս՝ իրականում դեռ շատ ժամանակ կանցնի, մինչև որ կինը նորից կկարողանա գիրք գրելու նստել՝ առանց փնտրելու ուրվական, որին հարկավոր է հաղթահարել, և ժայռ, որին հարկավոր է բախվել։ Եվ եթե այդպես է գրականության՝ կանանց համար ամենաբաց մասնագիտության դեպքում, ապա ինչպիսին է իրավիճակը նոր մասնագիտությունների դեպքում, որոնք այժմ նոր-նոր եք յուրացնում։

Սրանք են այն հարցերը, որոնք կուզեի հղել ձեզ, եթե ժամանակ ունենայի։ Իրականում իմ այս մասնագիտական փորձերի վրա շեշտը դրեցի այն պատճառով, որ հավատում եմ՝ դուք էլ եք ունեցել դրանք, թեև գուցե այլ ձևով։ Նույնիսկ երբ ճանապարհը անվանակապես բաց է, երբ ոչինչ չի խանգարում կնոջը լինել բժիշկ, փաստաբան, պետական ծառայող, ենթադրում եմ, որ նրա ճամփին նշմարվող շատ ուրվականներ ու խոչընդոտներ կան։ Կարծում եմ, որ դրանց սահմանումն ու քննարկումը մեծ արժեք և կարևորություն ունեն, քանի որ միայն այդ կերպ կարելի է աշխատանքի բաժանում կատարել և հաղթահարել դժվարությունները։ Բացի դրանից՝ անհրաժեշտ է նաև քննարկել նպատակները և արդյունքները, որոնց համար պայքարի մեջ ենք մտնում այդ հսկայական խոչընդոտների հետ։ Այդ նպատակները չի կարելի ինքին ակներև համարել, դրանք մշտապես պետք է կասկածի տակ առնվեն և վերլուծվեն։ Այս ամբողջ դրությունը, որ տեսնում եմ այստեղ՝ այս սրահում՝ պատմության մեջ առաջին անգամ չգիտեմ, թե քանի մասնագիտությամբ աշխատող կանանց շրջապատում, բացառիկ կարևորություն և հետաքրքրություն է առաջացնում։ Դուք անձնական սենյակ ունենալու իրավունք եք ձեռք բերել տանը, որ դեռևս բացառապես տղամարդկանց է պատկանում։ Ի վիճակի եք վարձավճարը վճարելու, թեև ոչ առանց դժվարին աշխատանքի և ջանքերի։ Վաստակում եք ձեր տարեկան հինգ ֆունտը։ Բայց այս ազատությունը դեռ սկիզբն է։ Սենյակը ձեզ է պատկանում, բայց այն դեռևս դատարկ է։ Այն պետք է կահավորվի, այն պետք է զարդարվի, այն պետք է ընդհանուր լինի։ Ինչպե՞ս եք պատրաստվում կահավորել այն, ինչպե՞ս եք պատրաստվում զարդարել այն։ Ո՞ւմ հետ և ի՞նչ պայմաններով եք պատրաստվում կիսել այն։ Կարծում եմ՝ սրանք են առաջնահերթ կարևորության և հետաքրքրության հարցերը։ Պատմության մեջ առաջին անգամ կարող եք բարձրաձայնել դրանք, առաջին անգամ դուք ինքներդ կարող եք որոշել, թե ինչպիսին պետք է լինեն պատասխանները։ Մեծ հաճույքով կմնայի և կքննարկեի այս հարցերն ու պատասխանները, բայց ոչ այսօր երեկոյան։ Իմ ժամանակը լրացավ, և ես պետք է լռեմ։

Անգլերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

[1] Բրիտանացի բանաստեղծ և գրաքննադատ։

  • Hits: 4219

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: