Լիլիթ Կարապետյան․ Հարատևության նախերգանք
Անզեն գոյության երկրորդ շաբաթում շառագունում են վայրի վարդերը: Աղեղնաձև եզրերով թերթերը ձգվում են դեպի լուսատուի ճաճանչը և դեռ հպարտություն ապրող երիտասարդությամբ թաքցնում վարսանդի մենությունը: Եթե ծաղկի առաջին թերթիկը ժամանակից շուտ է ընկնում բնահողին, ուրեմն ճակատագրական ինչ-որ բան է պատահելու. սպասվում է ուժեղ երկրաշարժ, նոր բռնկվող պատերազմ կամ գուցե սպանվելու է կեսա՞րը:
Այս կողմերում երիտասարդները սնամեջ օրվա տխրությունը կարճում են քարից քար թռչելով, սողուններ որսալով: Նրանց շարքերում է նաև «Թուխ մանուկը»: Այսպես էին նրան անվանում ընկեր-տղաները: Տղան ըմբոստ ցատկով շրջանցում է խումբ-խումբ երգ ասող աղջիկներին, հևասպառ հասնում «Միաեղջյուրների մարգագետին»` գտնելու եզակի եղջյուրով առասպելածին կենդանուն: Հեքիմները տղային տվել են հավերժության դեղատոմսը, եթե նրա բախտը բերի և միաեղջյուրը հարվածի, մայրը կապաքինվի ամենակուլ համաճարակից` ձեռք բերելով անմահություն: Մայրը կնայի միաեղջյուրի բիբերի մեջ և կասի` ես երկար եմ սպասել, դե պոզահարիր:
Երեկոներն աննկատ են անցնում ստվեր դարձող ծեր կանանց, անվախ ռազմիկների ու անմահության դեղատոմսը անվերջ փոփոխող հեքիմների կողքով: «Թուխ մանուկը» հասակ էր առնում: Նա դարձել էր պիրկ մկաններով երիտասարդ, սեր էր խոստովանում անցնող դարձող գեղեցկուհիներին ու այդ ինքնամոռաց ցայտնոտի մեջ նրան պատկերանում էին անկրկնելի կնոջ մատները, որ սահում էին ճակատի վրայով դեպի խիտ մազերը ու փոխարինում մոր շոյանքներին` մի օր դու կեսար կդառնաս, մրրկալից ձայնով ասել էր մայրը, ու այդ բառերը դարձել էին անէ փարոս բոլոր տխրությունների ծովերից ափ լողալու համար:
Երիտասարդը ծնկի էր եկել սիրելի կնոջ առջև ու թրթռուն ձայնով ասում էր` բռնիր ձեռքս և եկ իմ ետևից, քո ոտքերի մոտ ապագայի կեսարն է:Գնա՛ և դարձի՛ր,- ասացին սիրեցյալի շուրթերը:
Այժմ կեսարը կանգնած է սյան մոտ, ընդունում է ազնվազարմ տղամարդկանց խոնարհ ողջյունները: Մրրկալից ձայնով կնոջ մահճի մոտ նա սպանդանոցից ձայներ էր լսել. կաթնասունների ողբն էր, ելևէջ առ ելևէջ խառնվում էր լացող կանանց ցուցամոլ աղաղակներին: Նա ձեռքերով փակել էր ականջները, որովհետև ձայներն արձագանքում էին և խոստացել ինչ-որ նշանակալի բան կառուցել մոր հիշատակին:
Կեսարը լուռ ճեմում էր սյունասրահում, շոշափում պատերազմից մնացած դաստակի սպին. մենամարտի ընթացքում թրի անշեղ հարվածից էր առաջացել: Բոլոր վերքերն էլ ի վերջո սպիանում են, և անխոցելի է թիկնազորով շրջապատված քառասունհինգամյա հավասարակշիռ կեսար-տղամարդը:
Մրսում է կեսարը: Նրա ամենատես աչքի առջև զորքը հանկարծակի փախուստի է դիմել, եղել է սով, դավաճանություն, ունեցել է արյունալի հաղթանակներ: Պատահել է հարձակվել է քնած հակառակորդի վրա և վրանից փախցրել գեղեցկադեմ կնոջը: Ճանապարհին հետապնդումից խուսափելիս վիրավորվել է նաև առաջնորդի կինը: Ես երջանիկ էի իմ երկրում: Հիմա այնքան շատ եմ ուզում ապրել` տղամարդուց հետո, կեսարից առաջ, ասել էր ասպատակած երկրի թխահեր գեղեցկուհին և մահացել հենց կեսարի գրկում:
Կեսարին դեռ ոչ ոք պարտության չի մատնել մարտի դաշտում: Մի անգամ ճակատամարտի թեժ պահին նա ստիպված է եղել նահանջել և միայնակ թողնել կնոջը: Երեք ամիս անց, համալրումից հետո նա սրընթաց գրոհով վերանվաճել է տիրույթները և ազատել իր կնոջը գերեվարությունից:Արի մոռանանք անցյալը ու սկսենք նորից: Իբրև սթափության կոչ, ասել էր կեսարը:
Արդեն, դարտարկության միջից, կնոջ ակնախոռոչները գամվել են կեսարին ու նա զարմացական հարցրել է` ի՞նչը մոռանանք:
Պատերազմներն անցողիկ են, կանայք հարատև կամ հակառակը, մտածում էր կեսարը: Նա նստել էր պատահական թմբի վրա ու ձեռքերը խաչել կրծքին: Կյանքի փոքր ու մեծ դեպքերը ներկայանում են իբրև կամքի անհետաքրքրաշարժ դրսևորումներ: Կեսարի ցանկությամբ անհնարինը դառնում էր իրականություն: Այգիներով շրջապատված սյունասրահը մահվան պուրակ էր, քանի որ կանգնեցված ամեն սյուն մի կին է: Ա՜ խ, այդ սյուները, որքան նման են իրար: Նրանք բոլորն էլ ցանկանում են առավել երկար գոյատևել քան թագավորությունները, ճարտարպետը, պատվիրատուն ու իրենց ուսերին կրել պատմության հաղթակամարը:
Ինչպես ցանկացած կեսար նա սպասում է դավադրությունների: Հենց գահավիժելու միտքն է նրան հանում առօրյա տաղտուկից: Մինչ օրս չի ձերբակալվել կեսարի դեմ մահափորձ կատարած գլխավոր ախոյանը: Ոչ ոք հստակ չգիտի` ով է քամուց արագ վազող մարդը: Նա անտեսանելի է, այստեղ է և ամենուր, գիշերը քնում է երկրի դեմ նոր որոգայթներ հյուսելու մտքերով: Կեսարին հեռվից հասնում են ռազմական երգի մեղեդիները. կյանքը կեսարների համար ընդամենը հարատևության նախերգանք է: Վաղը հրաման կտա ճարտարպետին նոր սյուն կանգնեցնել սրահի վերջում: Սկսել է անձրևել, պետք է դանդաղ շտապել քնարան: Մինչև վաղը դեռ ժամանակ կա, ինչ-որ մեկը կարող է ջերմացնել նրան: Կնոջ` սյան պես ողորկ մարմինը ինքնամոռաց նվիրումով կփարվի նրան, և դա լինի տղամարդու և կնոջ կյանքի երջանիկ պահը: Քնարանում նա փակում է աչքերը: Ցաքուցրիվ պատկերներով հայտնվում են անցյալ դարձած կանայք: Նրանց դիմագծերը աստիճանաբար տարալուծվում են` կորցնելով իգական նրբությունը: Սյունասրահում հայտվում է միաեղջյուրը` անմահության հարվածի տերը:
Առավոտյան կեսարը բացում է հագնած կոպերը: Անտարբեր անցնում է դատարկ սյունասրահի կողքով, հաղթակամարի տակով քայլելիս նա նայում է երկնքին, թիկնապահների ուղեկցությամբ մտնում է հրապարակ: Ողջունում է խենթ բազմությանը: Ոմանց կրակե հայացքում առաջին անգամ գծագրվում է պատերազմների հասարակ մարտիկը, զեխ խնջույքների հովանավորը, նույն ինքը` կեսարը, ում քրքիջը շարժում էր աստվածների զայրույթը: Կեսարի ամեն քայլի հետ տրորվում են գլխատված ցողունների վայրի ծաղիկները: Ի նշան լռության նա բարձրացնում է ձեռքը ու անցնում զորականների ու սպասավորների` փառքից կուրացած շարքերի միջով:
Ասես ցնորքի պես հայտնվում է միաեղջյուրը: Ամբոխի ապշահար բացականչությունից կեսարը ընկրկում է: Խոնավ մարմինը թույլության նախանշաններ է տալիս: Հապճեպ նայում է շուրջը, պահակազորի անդամները ետ են մնացել նրանից: Միաեղջյուրը փոքր ինչ կախում է գլուխը`ի ցույց դնելով եզակի պոզը: Նրա ռունգերից դուրս է գալիս արտաշնչած գոլորշին, կատաղի բիբերում արտացոլվում է ախոյանի կրծքազրահի փայլը: Միաեղջյուրի կճղակներն անհանգիստ խփում են գետնին. առասպելածին կենդանին պատրաստ է: Կնճռոտվում է կեսարի ճակատը, նայում է մահվան աչքերի մեջ: Կեսարը դառը ծիծաղ է արձակում ու պոկում կուրծքը պաշտպանող զրահը` անխուսափելին ընդունելով իբրև պարգև:
Մարտ 2021 թ.
- Hits: 3852