Աբդուլրազակ Գուրնա. Լուսնային փայտը․ Մաս առաջին

 

2021 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացավ անգլիացի Աբդուլրազակ Գուրնան։ Արձակագիրը ծնվել և մեծացել է Զանզիբարում, որը Մեծ Բրիտանիայի տիրապետության ներքո է գտնվել։ Նա Անգլիա տեղափոխվել է որպես փախստական և իր գրական գործունեության ընթացքում հաճախ է անդրադարձել փախստականների խնդիրներին և գաղութատիրության հետևանքներն։ 

 

Փախստական։ Ապաստարան։ Հասարակ բառեր չեն, նույնիսկ եթե դրանք լսելու սովորությունը ստիպում է այդպիսին թվալ։ Գեթվիք օդանավակայան[1] ժամանեցի անցյալ տարվա նոյեմբերի 23-ի ուշ երեկոյան։ Ծանոթ թեմա է մեր պատմություններում․ թողնել այն ամենը, ինչ գիտենք, մեկնել անծանոթ վայրեր՝ քարշ տալով խառը ճամպրուկի փոքրիկ կտորները՝ խեղդելով թաքուն և խեղաթյուրված ինքնասիրությունը։

Ոմանց համար, ինչպես որ ինձ համար, դա առաջին օդային ճանապարհորդությունն է, և առաջին ժամանումն այնպիսի մի վեհակերտ տեղ, ինչպիսին է օդանավակայանը։ Քայլում էի թունելներով, նստատեղերի շարքերի և մեծ ապակե պատուհանների, հրահանգիչների և ցուցանշանների մոտով։ Դանդաղ էի քայլում՝ անհանգստանալով ամեն քայլափոխի և ամեն նոր հրահանգի հայտնվելու հետ թեթևություն զգալով։ Ինձ տարան անձնագրային սեղանի մոտ։ «Անձնագիրը, - ասաց տղամարդը նրա դիմաց երկար կանգնելուցս հետո՝ սպասելով, որ բացահայտեին և ձերբակալեին ինձ»։ Մռայլ դեմք ուներ, չնայած որ հայացքը դատարկ էր։ Ասել էին, որ լռեի, ձևացնեի, թե չէի խոսում անգլերեն։ Համոզված չէի, թե ինչի համար, բայց գիտեի, որ անելու էի այնպես, ինչպես որ ասել էին, քանի որ ինչ-որ խորամանակ բան կար այդ խորհրդի մեջ, հենց այնպիսի հնարամիտ խորամանկություն, որը պետք է իմանային անօգնականները։ Կհարցնեն, թե ինչ է ձեր և ձեր հոր անունը, և ինչ լավ բան եք արել ձեր կյանքում։

Լռե՛ք։ Երբ երկրորդ անգամ ասաց «անձնագիրը», մեկնեցի այն՝ վիրավորանքների և սպառնալիքների սպասումից ցնցվելով։ Սովոր էի պաշտոնյաներին, որոնք ամենափոքր անհաջողությանդ համար ակնապիշ նայում են վրադ, որոնք խաղում են հետդ և ոչնչացնում քեզ ուղղակի հանուն իրենց ուժն օգտագործելու հաճույքի։ Դրա համար սպասում էի, թե երբ էր իր փոքր սեղանի հետևում կանգնած բեռնակիրը որևէ բան նկատելու, բղավելու կամ գլուխը տարուբերելու, հառելու վրաս անվստահության փայլով լի հայացքը, որով հաջողակները նայում են խնդրատուներին։ Բայց նա դադարեց ծիծաղաշարժ փաստաթուղթս թերթելուց՝ աչքերում զսպված ուրախության արտահայտությամբ, ինչպիսին ունենում է ձկնորսը, որը հենց նոր է քաշքշոց զգացել կարթաթելի ծայրին։ Առանց մուտքի վիզայի։ Հետո վերցրեց իր հեռախոսն ու խոսեց մի որոշ ժամանակ։ Արդեն բացեիբաց ժպտալով՝ խնդրեց մի կողմի վրա սպասել։

Հայացքս կախ էի կանգնած, դրա համար չնկատեցի տղամարդու մոտենալը, որը գալիս էր ինձ հարցաքննելու։ Անունով դիմեց ինձ և ժպտաց, երբ բարձրացրի հայացքս՝ ընկերաբար և քաղաքակիրթ ժպտալով։ Երբ դիմացիցս արագ-արագ գնում էր, նկատեցի, որ մի քիչ գեր էր, և հարցաքննության սենյակին հասնելիս արդեն ծանր էր շնչում ու քաշքշում վերնաշապիկը։ Նստեց և անհանգիստ շուռումուռ եկավ, ես նմանեցրի նրան մարդու, ով իր համար տհաճ թակարդի մեջ էր ընկել։ Վախենում էի, որ նրա ջղաձգվածությունը չէր տրամադրի նրան դեպի ինձ, բայց նա նորից ժպտաց։

Կարծր հատակով և առանց պատուհանների փոքր սենյակում էինք, որտեղ մեր միջև գտնվող սեղաննն էր և մի պատի երկայնքով ձգվող նստարանը, որը լյումինեսցենտային լամպերով էր լուսավորված։ Ասաց, որ անունը Քևին Էդելման էր՝ մատնանշելով կրծքանշանին, որը պիջակի վրա էր կրում։ Աստված առողջությո՛ւն տա քեզ, Քևի՛ն Էդելման։ Նորից ժպտաց․ շատ էր ժպտում, գուցե որովհետև տեսնում էր, որ հուզվում էի, կամ գուցե այն պատճառով, որ նրա գործի բնույթն այնպիսին էր, որ անխուսափելիորեն պետք է հաճույք ստանար իր առջև գտնվող մարդու անհարմարավետությունից։ Դեղին թղթերով նոթատետր ուներ, որի մեջ մեկ կամ երկու րոպե ինչ-որ բան էր գրում՝ ծիծաղաշարժ անձնագրիցս արտագրելով անունս, մինչև որ սկսեց խոսել հետս։

-Կարո՞ղ եմ տեսնել Ձեր տոմսը, խնդրում եմ։

Օ՜, իհարկե, տոմսը։

-Տեսնում եմ ուղեբեռ ունեք, - ասաց՝ ցույց տալով այն։ Ձեր ուղեբեռի նույնականացման պիտակը։

Հիմար ձևացա։ Կարող ես իմանալ տոմս բառը՝ առանց անգլերենին տիրապետելու, բայց ուղեբեռի նույնականացման պիտակը շատ բարդ էր։

-Կասեմ, որ բերեն Ձեր ուղեբեռը, - ասաց նա՝ դնելով տոմսն իր նոթատետրի կողքին։ Հետո նորից ժպտաց՝ ինքն իրեն հետ պահելով այդ թեմայի շուրջ հետագա դատողություններից։ Երկարավուն դեմքը մի փոքր պարարտ էր քներակների մոտ, մանավանդ երբ ժպտում էր։

Գուցե միայն այն ակնկալումից էր ժպտում, թե ինչպես էր փորփրելու ուղեբեռս։ Ենթադրում եմ, որ ինչ-որ հաճելի բան կար այդ մանրազնին ուսումնասիրության մեջ, ինչպես, օրինակ, սենյակը տեսնելու մեջ, մինչև որ այն պատրաստ կլիներ դիտման, մինչև որ դրա առօրեականությունը յուրօրինակ տեսարանի կվերածվեր։ Լռում էի՝ համահունչ շնչելով նրա հետ, որպեսզի զգայի նրա վերահաս դժգոհությունը։

Միացյալ թագավորություն մուտք գործելու թույլտվության պատճա՞ռը։ Զբոսաշրջի՞կ եք։ Արձակո՞ւրդ եք եկել։ Որևէ նյութական միջոցնե՞ր։ Փող ունե՞ք, պարո՛ն։ Ստերլի՞նգ։ Դոլա՞ր։ Կա՞ մեկը, ով կարող է երաշխավորագիր տալ։ Որևէ կոնտակտային հասցե կա՞։ Կա՞ ինչ-որ մեկը, ում հետ կցանկանայիք մնալ Մեծ Բրիտանիայում։ Օ՜, գրո՛ղը տանի։ Բարեկամներ ունե՞ք Մեծ Բրիտանիայում։ Գոնե մի քիչ չե՞ք խոսում անգլերեն, պարո՛ն։ Վախենամ, որ Ձեր փաստաթղթերը կարգին չեն, պարո՛ն, և ես ստիպված եմ մերժել Ձեզ մուտք գործելու թույլտվության տրամադրման հարցում։ Եթե, իհարկե, ինչ-որ բան չպատմեք հանգամանքների մասին։ Կա՞ որևէ փաստաթուղթ, որը կօգներ հասկանալու ստեղծված իրավիճակը։ Թղթեր, որևէ թուղթ ունե՞ք։

Դուրս եկավ սենյակից, իսկ ես անշարժ նստեցի՝ խեղդելով թեթևացման հառաչանքս, և սկսեցի հետհաշվարկ անել 145-ից, որին հասել էի, մինչ խոսում էր հետս։ Զսպեցի ինձ, որպեսզի չթեքվեմ առաջ՝ նրա նոթատետրը զննելու՝ ենթադրելով, որ ինչ-որ մեկը հետևում էր ինձ դիտանցքից, և հենց այդպիսի վարկաբեկիչ շարժման էր սպասում։ Հավանաբար իրավիճակի դրաման էր, որ ստիպեց այդպես մտածել։ Ասես ինչ-որ մեկին հուզում էր այն, թե արդյոք քիթս էի քչփորում կամ ադամանդներ էի պահում աղիներումս։ Վաղ թե ուշ իմանալու էին այն, ինչ ուզում էին իմանալ։ Այդ ամենի համար սարքավորումներ ունեին։ Ինձ զգուշացրել էին։ Նրանց պաշտոնյաներին վարժեցրել էին միանգամից տեսնելու սուտը, որ ասում էին այնպիսի մարդիկ, ինչպիսին ես էի, և բացի դրանից մեծ փորձ ունեին։ Դրա համար էլ անշարժ նստած հաշվում էի՝ ժամանակ առ ժամանակ փակելով աչքերս, որպեսզի վիշտ, խորհրդածություն և հնազանդություն ձևացնեի։ Օ՜, Քևի՛ն, վարվի՛ր հետս, ինչպես կուզես։

Վերադարձավ փոքրիկ, կանաչ, կտորե պայուսակով, որը որպես ուղեբեռ էի վերցրել հետս ու թողել նստարանին։ «Չէի՞ք բացի այն, խնդրում եմ»։ Հույս ունեի, որ հուզված և անհասկացողի տեսք ունեի, և սպասում էի, որպեսզի մանրամասներ։ Ուշադիր նայեց վրաս և պայուսակը ցույց տվեց, այնպես որ ըմբռնող ու թեթևացած ժպիտով և հանգիստ գլխով անելով՝ վեր կացա, որպեսզի բացեի այն։ Հատիկ-հատիկ դուրս էր հանում իրերս՝ կոկիկ դասավորելով նստարանին, ասես ինչ-որ նրբաճաշակ հագուստ էր հանում․ երկու վերնաշապիկ (մեկը՝ կապույտ, մյուսը՝ դեղին, երկուսն էլ՝ գունաթափ), երեք սպիտակ շապիկ, շագանակագույն տաբատ, երեք զույգ անդրավարտիք, երեք զույգ գուլպա, մեկ կանզու[2], սրբիչ և փայտե փոքրիկ արկղիկ։ Հոգոց հանեց, երբ հասավ վերջին առարկային, հետաքրքրությամբ պտտեց այն ձեռքի մեջ, իսկ հետո հոտ քաշեց։ «Կարմրափա՞յտ է, - հարցրեց նա»։ Ես, իհարկե, ոչինչ չասացի՝ մի պահ հուզվելով կյանքի մասին խղճուկ հիշողություններից, որոնք դրված էին այդ հեղձուցիչ սենյակում։ Իմ կյանքը չէր դրված այնտեղ, այլ այն, ինչ ընտրել էի ի նշան պատմության, որը փոխանցելու հույս ունեի։ Քևին Էդելմանը բացեց արկղիկն ու զարմանքով հայացքը հառեց դրա պարունակությանը։ Հավանաբար զարդեր կամ ինչ-որ արժեքավոր բան էր սպասում տեսնել։ Թմրադեղեր։

-Սա ի՞նչ է, - հարցրեց նա, հետո զգուշորեն հոտոտեց արկղիկը։ Դրա կարիքը չկար, քանի որ փոքր սենյակը միանգամից հիասքանչ օծանելիքի բույրով լցվեց, հենց որ բացեց արկղիկը։ - Անուշահոտություն է, այնպես չէ՞, - ասաց նա։ Փակեց արկղիկը և դրեց նստարանին, նրա հոգնած աչքերը զվարճանքից փայլփլում էին։ Վերադարձավ իր նոթատետրով նստարանին և գրանցեց բոլոր կեղտոտ իրերը, որ դասավորել էր այնտեղ։

Էլի մի պահ շարունակեց գրել այն բանից հետո, երբ վերադարձավ սեղանի մոտ՝ նոթատետրի երկու կամ երեք էջերը լրացնելով, այնուհետև մի կողմ դրեց գրիչը և հետ ձգվեց, թեթևակի ծամածռեց դեմքը, երբ աթոռի թիկնակը մխրճվեց նրա ուժասպառ թիակների մեջ։ Ինքն իրենից գոհ էր, համարյա ուրախ։ Տեսա, որ ուր որ է վճիռ էր կայացնելու, և չկարողացա զսպել ճնշվածության և խուճապի ալիքը։

-Պարո՛ն Շաաբան, չեմ ճանաչում Ձեզ, և ոչինչ չգիտեմ պատճառների մասին, որոնք բերել են Ձեզ այստեղ, կամ կատարված ծախսերի ու նման բաների մասին։ Այնպես որ ներողություն եմ խնդրում նրա համար, ինչ պետք է այժմ անեմ, բայց վախենամ, որ պետք է մերժեմ Մեծ Բրիտանիա մուտքի թույլվության ձեր հայցը։ Մուտքի վավերական վիզա չունեք, նյութական միջոցներ չունեք, չկա մեկը, ով կկարողանա երաշխավորագիր տալ Ձեզ համար։ Չեմ կարծում, որ հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում, բայց ամեն դեպքում պետք է ասեմ այս ամենը մինչև Ձեր անձագրում դրոշմակնիք դնելը։ Եթե մեկ անգամ մուտքի մերժման կնիք դնեմ Ձեր անձնագրում, դա կնշանակի, որ հաջորդ անգամ երբ փորձեք մուտք գործել Մեծ Բրիտանիա, Ձեզ կմերժեն, եթե, իհարկե, Ձեր փաստաթղթերը կարգին չլինեն։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ ասացի հենց նոր։ Ո՛չ, կարծում եմ չեք հասկանում։ Ցավում եմ, բայց միևնույն է պետք է անցնենք այս բոլոր ձևականությունների միջով։ Կփորձենք գտնել մեկին, ով կտիրապետի Ձեր լեզվին ու կկարողանա բացատրել այս ամենը։ Միևնույն ժամանակ կնստեցնենք Ձեզ մոտակա հասանելի չվերթին դեպի այն ուղղությամբ, որտեղից ժամանել եք, և այն ավիաըկներությամբ, որը Ձեզ հասցրել է այստեղ, - նա թերթեց անձնագիրս՝ մաքուր էջ փնտրելով, հետո վերցրեց փոքր կնիքը, որը դրել էր սեղանին, երբ առաջին անգամ վերադարձավ։

-Փախստական, - ասացի ես։ - Ապաստարան։

Նա բարձրացրեց հայացքը, ես՝ իջեցրի։ Նրանը զայրույթով լի էր։

-Փաստորեն խոսում եք անգլերեն, - ասաց նա։ - Պարո՛ն Շաաբան, ծաղրո՞ւմ եք։

-Փախստական, - կրկնեցի ես։- Ապաստարան, - ասելով այդ՝ բարձրացրի հայացքս և սկսեցի երրորդ անգամ կրկնել, բայց Քևին Էդելմանն ընդհատեց ինձ։ Երկու անգամ խորը շունչ քաշեց՝ տեսանելիորեն ջանալով, որպեսզի տիրապետեր իրեն, մինչդեռ ուզում էր քաշել լծակը, որը կբացեր ոտքերիս տակի հատակը։

-Պարո՛ն Շաաբան, անգլերեն խոսո՞ւմ եք, - հարցրեց նա, նրա ձայնը նորից փափուկ էր, այժմ հանգիստ և դժվարությամբ էր խոսում։ Հնարավոր է գիտեմ, հնարավոր է՝ ոչ։ Նորից նրա շնչառությունն էի որսում։

-Փախստական, - ասացի ես՝ մատով կրծավանդակս ցույց տալով։ - Ապաստարան։

Ատամները ցույց տվեց, ասես հետապնդում էի նրան։ Հոգնած շունչ քաշեց, հետո դանդաղ տարուբերեց գլուխն ու քմծիծաղ տվեց։ Նրա պահվածքը ստիպեց հոգնեցուցիչ և հիմար կալանավոր զգալու ինձ, որին նա հարցաքննում էր, և որը հենց նոր ինչ-որ աննշան կերպով մի պահ նյարդայնացրել էր նրան։ Ինքս ինձ հիշեցրի, որ պետք էր պաշտպանվել անակնկալ հարձակումից։ Հավանաբար փոքրիկ սենյակի և նրա երկդիմի քաղաքավարության պատճառով էր, որ կալանավոր զգացի ինձ, մինչդեռ երկուսս էլ գիտեինք, որ ես փորձում էի մուտք գործել, իսկ նա փորձում էր խանգարել ինձ։ Հոգնած թերթում էր անձնագիրս, և ինձ նորից հոգնեցուցիչ անախորժություն զգացի, որը գիտակից մարդկանց անպետք գլխացավանքներ և անհարմարություններ էր պատճառում։ Այնուհետև նորից ինձ մենակ թողեց սենյակում ու գնաց խորհրդակցելու։

Գիտեի՝ կբացահայտեր, որ բրիտանական կառավարությունը այդ պահին ինձ համար ոչ այնքան հասկանալի պատճառներով որոշում էր կայացրել, որ մարդիկ, որոնք ժամանել էին այնտեղից, որտեղից որ ես, ապաստարանի իրավունք ունեին, եթե վկայում էին, որ իրենց կյանքին վտանգ էր սպառնում։ Բրիտանացիներն ուզում էին միջազգային հանրությանը ցույց տալ, որ մեր կառավարությանը վտանգավոր էին համարում իրենց սեփական քաղաքացիների համար, ինչը վաղուց էր բոլորին հայտնի։

-Փախստական, - ասացի ես։ - Ապաստարան։

Նա հայացքը բարձրացրեց, ես՝ իջեցրի։ Նրանը զայրույթով լի էր։

-Փաստորեն խոսում եք անգլերեն, - ասաց նա։ - Պարո՛ն Շաաբան, ծաղրո՞ւմ եք։

Բայց ժամանակները փոխվել էին, և այժմ միջազգային հանրության յուրաքանչյուր անդամ պետք է ցույց տար, որ այլևս չէր հանդուրժում անկառավարելի և մշտապես կռվող խառնամբոխի հիմարությունները, որով վխտում էին այդ խանձված սավաննաները։ Ուրեմն՝ բավական էր։ Ի՞նչ կարող էր արած լինել մեր կառավարությունը, որ ավելի վատ լիներ, քան նախկինում արվածը։ Խարդախել էր ընտրությունների ժամանակ, միջազգային դիտորդների առաջ կեղծել էր թվերը, մինչդեռ նախկինում բանտարկում էր, բռնաբարում, սպանում և տանջում իր քաղաքացիներին։ Այդպիսի հանցավոր պահվածքի համար բրիտանական կառավարությունը ապաստարան էր տալիս ցանկացածին, ով պնդում էր, որ նրա կյանքին վտանգ էր սպառնում։ Դաժան դատապարտման էժանագին եղանակ էր, և հետո մեր նմանները քիչ էին, քանի որ հարաբերականորեն աղքատ մարդկանց մի փոքր կղզի էինք, որոնցից քչերն էին կարողացել ուղեվճար գտնել։ Ծնողներին և բարեկամներին իրենց գաղտնի խնայողություններից հրաժարվելու հարկադրանքի միջոցով էր, որ տասնյակ հազարավոր երիտասարդների հաջողվել էր անել դա, և, իհարկե, երբ նրանք Լոնդոն էին ժամանել, նրանց որպես ապաստարան խնդրողներ էին ընդունել՝ վախենալով նրանց կյանքի համար։ Ես նույնպես վախենում էի կյանքիս համար, տարիներ շարունակ վախեցել էի, չնայած միայն վերջերս էր այդ վախը ճգնաժամի մասշտաբի հասել։ Դրա համար էլ հենց լսեցի, որ երիտասարդներին թույլատրում էին մուտք գործել, որոշեցի ինքս ճանապարհորդության գնալ։

Ինչո՞ւ Ձեր երկրում չեք մնացել, որտեղ կարող էիք հանգիստ ծերանալ։

Դա երիտասարդների խաղ է, ապաստարանի բիզնես։ Ոչ մի բարոյական բան էլ չկա, ուղղակի ագահություն է։

Գիտեի, որ Քևին Էդելմանը ուրիշ կնիքով էր վերադառնալու, ինձ կալանավայր կամ ապրելու մեկ ուրիշ վայր էին տանելու, եթե, իհարկե, բրիտանական կառավարությունը չէր մտափոխվել, մինչ ես ինքնաթիռում էի, և որոշել, որ սրամտությունն արդեն չափից ավելի երկար էր շարունակվում։ Այդպիսի բան չէր եղել, որովհետև մի քանի րոպե անց վերադարձավ Քևին Էդելմանը՝ հակասական, զարմացած և միաժամանակ ջախջախված տեսքով։ Հասկացա, որ ի վերջո հետդարձի ինքնաթիռ չէր նստեցնելու ինձ։

-Պարո՛ն Շաաբան, ինչո՞ւ է Ձեր տարիքի տղամարդն ուզում անել դա, - ասաց նա՝ անշնորհք կերպով և մտահոգ խոժոռվելով ու տխուր տեսքով նստելով, հետո հենվեց աթոռի թիկնակին և դանդաղ թոթվեց ուսերը։ - Ի՞նչ վտանգի մեջ է իրականում Ձեր կյանքը։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ եք անում։ Թո՛ւյլ տվեք ասել, որ նա, ով համոզել է անել դա, լավություն չի արել Ձեզ։ Այս լեզվին չեք տիրապետում ու հավանաբար երբեք էլ չեք տիրապետի։ Տարեց մարդիկ հազվադեպ են կարողանում նոր լեզու սովորել։ Գիտե՞ք այդ մասին։ Տարիներ կարող են անցնել, մինչև զբաղվեն Ձեր դիմումով, իսկ հետո միևնույն է կարող են Ձեզ հետ ուղարկել։ Ոչ ոք Ձեզ աշխատանք չի տա։ Միայնակ, դժբախտ և աղքատ եք լինելու, իսկ երբ հիվանդանաք, ոչ ոք չի լինելու, որ հոգ տանի Ձեր մասին։ Ինչո՞ւ Ձեր երկրում չեք մնացել, որտեղ կարող էիք հանգիստ ծերանալ։ Դա երիտասարդների խաղ է, ապաստարանի բիզնես, որովհետև իրականում Եվրոպայում աշխատանք գտնելու և առաջ գնալու նման մի բան է, այնպես չէ՞։ Ոչ մի բարոյական բան էլ չկա, ուղղակի ագահություն է։ Կյանքի և անվտանգության համար ոչ մի վախ էլ չկա, միայն ագահություն։ Պարո՛ն Շաաբան, Ձեր տարիքի տղամարդն ավելի լավ կիմանա։

Ո՞ր տարիքում այլևս չպետք է վախենաս սեփական կյանքիդ համար կամ չցանկանաս ապրել առանց վախի։ Ի՞նչ գիտեր, որ իմ կյանքը պակաս վտանգի մեջ էր, քան այն երիտասարդներինը, որոնց թույլատրել էին մուտք գործել իրենց երկիր։ Եվ ինչու՞ էր ավելի լավ և անվտանգ ապրելու ցանկությունը բարոյազանց համարվում։ Ինչո՞ւ էր խաղ կամ ագահություն։ Սակայն շոյված էի նրա հոգատարությամբ և կցանկանայի խախտել լռությունս և ասել, որ չանհանգստանար։ Երեկ չէի ծնվել, գիտեի՝ ինչպես ինքս իմ մասին հոգ տանեի։ Խնդրում եմ, դրե՛ք կնիքն իմ անձնագրում, բարի՛ պարոն, և ինչ-որ հսկվող անվտանգ տե՛ղ ուղարկեք։ Իջեցրի հայացքս, որպեսզի դրա լարվածությունը ցույց չտար, որ հասկացել էի նրան։

-Պարո՛ն Շաաբան, ինքներդ Ձե՛զ նայեք և նայե՛ք այս իրերին, որ բերել եք Ձեզ հետ, - ակնհայտորեն վշտացած ասաց նա՝ ձեռքով իրերս ցույց տալով։ - Սա այն ամենն է ինչ կունենաք, եթե մնաք այստեղ։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ եք գտնելու այստեղ։

Թո՛ւյլ տվեք մի բան ասել ձեզ։ Ծնողներս Ռումինիայից փախստականներ էին։ Կպատմեի այդ մասին, եթե ավել ժամանակ լիներ, բայց ես նկատի ունեմ, որ գիտեմ, թե ինչ բան է որևէ տեղից ինքդ քեզ արմատախիլ անելը և ուրիշ տեղ տեղափոխվելը։ Գիտեմ դժվարությունների և աղքատության մասին օտար երկրում, որովհետև հենց դրանց միջով էին անցել, երբ եկել էին այստեղ, բայց հատուցման մասին ևս գիտեմ։ Բայց իմ ծնողները եվրոպացիներ են, նրանք դրա իրավունքը ունեին։ Պարո՛ն Շաաբան, ապա Ձե՛զ նայեք։ Ցավում եմ, որ ասում եմ դա Ձեզ, քանի որ չեք հասկանում, իսկ ես սաստիկ ուզում եմ, որ հասկանաք։ Ձեր նման մարդիկ ներխուժում են այստեղ՝ առանց մտածելու վնասների մասին, որ հասցնում են։ Սա ձեր տեղը չէ, դուք չեք արժևորում այն, ինչ մենք ենք արժևորում, սերնդեսերունդ չեք վճարել դրա համար, ինչպես որ մենք, և մենք չենք ուզում տեսնել ձեզ այստեղ։ Բարդացնելու ենք ձեր կյանքը, ստիպելու ենք տանջվել նվաստացումից, հնարավոր է նույնիսկ բռնություն գործադրենք։ Պարո՛ն Շաաբան, ինչո՞ւ եք ուզում անել դա։

Այս չափից ավելի պինդ մարմինը կփափկի, կհալչի և ցող կդառնա։ Նրա հետ համահունչ շնչելը հեշտ էր, քանի դեռ խոսում էր, մինչև ամենավերջը, որովհետև մեծամասամբ նրա ձայնը սովորական ու հանգիստ էր, ասես ուղղակի կանոնակարգն էր կրկնում։ Էդելման․ դա գերմանական ազգանո՞ւն է։ Թե՞ հրեական։ Թե՞ հորինված է։ Եվրոպայի սեփականատիրոջ ազգանուն էր, որը ճանաչում էր դրա արժեքներն ու սերնդեսերունդ վճարում էր դրանց համար։ Բայց ամբողջ աշխարհն արդեն վճարել էր Եվրոպայի արժեքների համար, նույնիսկ եթե ամբողջ ժամանակ ուղղակի վճարել ու վճարել էր ու հաճույք չէր ստացել դրանցից։ Ինձ այն իրերից մեկը համարեք, որոնք Եվրոպան վերցրել-տարել էր հետը։ Հիշո՞ւմ եք իրերի անվերջանալի ցուցակը, որոնք վերցրել-տարել էին Եվրոպա, որովհետև դրանք չափից ավելի դյուրաբեկ և նուրբ էին բնիկների անտաշ և անզգույշ ձեռքերում թողնելու համար։ Ես նույնպես դյուրաբեկ և արժեքավոր իր եմ, սրբազան գործ, որը չափազանց նուրբ է, որպեսզի թողնեք բնիկների ձեռքում, այնպես որ ավելի լավ կլինի՝ վերցնեք այն։ Մտածում էի նման մի բան ասել, բայց, իհարկե, չասացի։ Ապաստարան խնդրող էի, առաջին անգամ էի Եվրոպայում, առաջին անգամ էի օդանավակայանում, թեև առաջին անգամ չէի հարցաքննության։ Գիտեի լռության արժեքի և խոսքերի վտանգի մասին։

Ինչ վերաբերում էր նվաստացմանը և բռնությանը, ուղղակի պետք է ռիսկի դիմեի, չնայած քիչ տեղեր կային, ուր առաջինից խուսափելու համար կարող էիք գնալ, իսկ երկրորդը կարող էր ցանկացած տեղից հայտնվել ձեր ճանապարհին։ Ինչ վերաբերում է նրան, որ ինչ-որ մեկը հոգ տաներ ձեր մասին, երբ ծեր ու աղքատ լինեիք, ավելի լավ կլիներ մեծ հույսեր չկապել այդ մխիթարության հետ։ Օ՜, Քևի՛ն, թո՛ղ կյանքդ միշտ ճշմարիտ ուղով ընթանա, իսկ կարկուտն անպատվար տեղում վրա չհասնի։ Թո՛ղ համբերությունդ չկորցնես այս հայցորդի հետ, բարի՛ եղիր, դի՛ր այդ կնիքը ծիծաղաշարժ անձնագրումս և թո՛ւյլ տուր զգալ Եվրոպայի արժեքների բույրը, ալհամդուլիլահ։ Միզապարկս անհապաղ դատարկման կարիք ուներ։ Իհարկե, չէի համարձակվում ասել, բայց այն ժամանակ դա ճիշտ էր։ Լռությունն անսպասելի անհարմարություններ է ստեղծում։

Նա շարունակում էր խոսել՝ մռայլվելով ու թափահարելով գլուխը, բայց ես այլևս չէի լսում։ Բութ հայացքով նայում էի անձնագրիս։ Կանգ առավ ու քրքրեց անձնագիրս՝ մատների արանքում սեղմած պահելով կնիքը։ Հետո մի բան հիշեց, որը ստիպեց նրան ժպտալ։ Վերադարձավ պայուսակիս մոտ և հանեց տուփիկը։ Նորից բացեց այն և հոտոտեց։ «Ի՞նչ է սա, - հարցրեց նա՝ մռայլ նայելով ինձ։ - Ի՞նչ է սա, պարո՛ն Շաաբան։ Խո՞ւնկ է»։ Տուփիկն ինձ մեկնեց, խորը շունչ քաշեց և նորից ինձ մեկնեց։ «Ի՞նչ է սա, - խաղաղվելով հարցրեց նա։ - Ծանոթ հոտ ունի։ Անուշահոտության տեսակ է, այնպես չէ՞»։

Հնարավոր է, որ հրեա էր։ Նորից նայեցի նրան, հետո իջեցրի հայացքս։ Կարող էի ասել նրան, որ ուդի էր, ու հաճելի զրույց կարող էինք ունենալ նրա երիտասարդ ժամանակների արարողությունների մասին, գուցե երբ նրա ծնողները դեռևս սպասում էին, որ նա մասնակցելու էր աղոթքներին և սրբազան ծեսերին։ Բայց այդ դեպքում կնիք չէր դնի անձնագրումս, կցանկանար հստակ իմանալ ինչն էր կյանքիս վտանգ ներկայացնում իմ փոքրիկ, չորացած սավաննայում, հնարավոր է նույնիսկ շղթայված հետ ուղարկեր ինքնաթիռ այն բանի համար, որ ձևացրել էի, թե անգլերեն չէի խոսում։ Դրա համար էլ չասացի, որ լավ որակի ուդ ալ-քամարի էր, այն ամենն ինչ մնացել էր այն խմբաքանակից, որը ձեռք էի բերել ավելի քան երեսուն տարի առաջ, և որը չէի կարող թողնել, երբ ճանապարհ էի ընկնում դեպի նոր կյանք։ Երբ հայացքս բարձրացրի, տեսա, որ պատրաստվում էր գողանալ այն ինձանից։

 -Պետք է փորձենք այն, - ժպտալով ասաց նա՝ երկար սպասելով, որպեսզի համոզվեր, որ հասկացել էի, իսկ հետո արկղիկն իր հետ տարավ սեղանի մոտ։ Դրեց իր դեղին նոթատետրի կողքին և ուղղեց վերնաշապիկը։

***

Ուդ ալ-քամարի․ դրա բույրը տարօրինակ ժամանակներ է տանում ինձ՝ հանկարծակի, ինչպես ձայնի ելևէջները կամ սիրելիիս՝ պարանոցիս դրված ձեռքի մասին հիշողությունները։ Ամեն օր պատրաստում էի անուշահոտությունների խնկամանն ու քայլում տնով՝ օծանելիքի քուլաները տարածելով դրա ամենահեռավոր անկյուններում, վերադառնալով այն ջանքերին, որոնք թափել էի, որպեսզի տիրանայի նման հրաշալի իրերի, ուրախանալով հաճույքի համար, որ պարգևում էին մի ձեռքում անուշահոտությունների խնկամանը, մյուս ձեռքում՝ ուդով լցված պղնձե ամանը։ Ալոեի փայտը՝ ուդ ալ-քամարը, լուսնային փայտ է։ Հենց այդ էին, ինչպես ես էի կարծում, նշանակում այդ բառերը, բայց մարդը, ումից ստացել էի ապրանքս, բացատրեց, որ քամարին իրականում Քիմարի, Քմերի, Կամբոջայի խեղաթյուրված տարբերակն է, որովհետև այն աշխարհի եզակի վայրերից մեկն էր, որտեղ կարելի էր գտնել ալոեի ծառի ճիշտ տեսակը։ Ուդը խեժ էր, որը միայն սնկով վարակված ալոեի ծառն էր արտադրում։ Առողջ ալոեի ծառը անօգուտ էր, միայն վարակվածն էր նման գեղեցիկ բույր արտադրում։ Եվս մեկ փոքրիկ հեգնանք ինքներդ գիտեք, թե ում կողմից։

Ուդ ալ-քամարին մի առևտրականից էի ստացել, որը մեր աշխարհամաս էր եկել մուսիմի՝ անձրևային սեզոնի քամիների հետ, նա և հազարավոր ուրիշ առևտրականներ Սաուդյան Արաբիայից, Պարսից ծոցից, Հնդկաստանից, Սինդից[3] և Սոմալիից։ Ամենաքիչը հազար տարի էր, ինչ անում էին դա։ Վերջին ամիսներին քամիները մշտապես Հնդկական օվկիանոսից էին դեպի Աֆրիկայի ափ փչում, որտեղ հոսանքը սիրալիր կերպով ջրանցք էր ապահովում նավահանգստի համար։ Այնուհետև՝ նոր տարվա առաջին ամիսներին քամիները պտտվում ու հակառակ ուղղությամբ էին փչում՝ առևտրականներին իրենց տներով ցրելու պատրաստ։

Այդ ամենն ասես հատուկ էր այդպես մտածված, որպեսզի քամիներն ու հոսանքները հասնեին միայն ափի հարավային հատվածից՝ Սոմալիից մինչեւ Սոֆալա՝ այն տեղի հյուսիսային հատված, որը որպես Մոզամբիկի նեղուց է հայտնի։ Այդ հատվածից դեպի հյուսիս հոսանքները կատաղի էին և սառը, և նավերի մասին, որոնք այնտեղ մոլորվում էին, ոչ ոք այլևս ոչինչ չէր լսում։ Սոֆալայի հյուսիսը տարօրինակ մառախուղների, մեկ մղոն լայնությամբ հորձանուտների, ուշ գիշերը մակերևույթին բարձրացող լյումինեսցենտային հսկայական կատվաձկների և հորիզոնը փակող հսկայական կաղամարների անանցանելի ծով է։

Ժամանակի հետ աֆրիկյան ափի փոքրիկ ցիրուցան քաղաքները հսկայական տարածքների մաս դարձան, որոնք ձգվում էին հարյուրավոր մղոններ դեպի երկրի խորքը՝ լեփ-լեցուն մարդկանցով, որոնց իրենցից ցածր էին համարում, և որոնք, երբ եկավ ժամանակը, արագ պատասխան հասցրին։ Բազում զրկանքների թվում, որոնք թափվեցին այդ ծովամերձ քաղաքների վրա, մուսիմի առևտրի արգելքն էր։ Տարվա վերջին ամիսներին առագաստանավերի բազմություն չէր լինելու, որոնք տախտակից տախտակ փռվում էին նավահանգստում, որոնց թափոններից փայլում էր ծովը, փողոցները լի էին սոմալցիներով, արաբներով և սինդհերով, որոնք առուծախով էին զբաղվում և անհասկանալի կռիվների մեջ մտնում, բացօթյա տարածքներում էին գիշերում, ուրախ երգեր էին երգում կամ մոլեգին հայհոյանքներ էին տալիս միմյանց։ Դրանից հետո՝ առաջին երկու տարիներին փողոցներում ու բաց տարածքներում առանց նրանց լռություն էր տիրում, հատկապես այն ժամանակ, երբ զգում էինք այն իրերի պակասը, որոնք բերում էին իրենց հետ՝ հալած յուղ և մաստակ, կտորեղեն և կոպիտ պատրաստված մանր զարդարանքներ, ընտանի անասուններ և աղի ձուկ, խուրմա, ծխախոտ, օծանելիք, վարդաջուր, անուշահոտություններ, ամեն տեսակ զարմանալի իրեր։ Բայց շուտով մոռացանք դրանց մասին, քանի որ դրանք աներևակայելի էին նոր կյանքի համար, որ վարում էինք տարիներին, երբ նոր էինք անկախացել։

***

Բայց այս պատմությունն այն առևտրականի մասին է, որից ստացել էի ուդը։ Այսպես կպատմեմ, որովհետև չգիտեմ, թե է՛լ ով կարող է լսել։ Անունը Հուսեյն էր, պարսիկ էր Բահրեյնից, ինչպես որ ինքը նշում էր, երբ նրան արաբի կամ հնդիկի տեղ էին դնում։ Ամենահարուստ առևտրականներից մեկն էր, որը Պարսից ծոցի բաց մաշկագույն ասեղնագործած կանզու էր հագնում, միշտ մաքուր էր, անուշահոտ և անբասիր քաղաքավարի, ինչը հազվագյուտ երևույթ էր մուսիմի հետ եկող առևտրականների համար։ Նրա քաղաքավարությունը պարգև էր, յուրօրինակ տաղանդ, ձևերի և ապրելակերպի փոխակերպումն ինչ-որ բանաստեղծական և վերացական բանի։ Նրա բիզնեսը օծանելիքները և անուշահոտություններն էին, և քաղաքավարության, բարեկեցության և քսուքների խառնուրդը կասկածելի և երկերեսանի էր դարձնում նրան։ Ինչ-որ պատճառով ընկերացավ հետս։ Նկատի չունեմ, որ գաղափար չունեմ, թե ինչու էր հետս ընկերացել, բայց Հուսեյն այն մարդկանցից չէր, որ հայտարարում էր այդպիսի բաների մասին, և վախենում եմ դատողություններ անելիս անհամեստ թվալուց։

1960 թվականն էր, երբ սկսեցի բացեիբաց բիզնեսով զբաղվել։ Դրանից առաջ մի քանի տարի շարունակ ֆինանսների նախարարությունում վարչական աշխատակից լինելու հետ համատեղ կողքից փոքրիկ բիզնեսով էի զբաղվում։ Բայց բրիտանացիները չէին հանդուրժի, որպեսզի իրենց աշխատակիցները նույնպես մասնավոր բիզնեսով զբաղվեին, հատկապես եթե նրանք որևէ կապ ունենային ֆինանսկան ծառայությունների հետ։ Մինչև հնարավորություն ստեղծվեր, հարկադրված էի թաքուն պահելու։ Այնուհետև՝ 1958 թվականին, հայրս մահացավ և բավականաչափ գումար թողեց, որպեսզի կարողանայի զբաղվել բիզնեսով՝ որպես ապրուստի միջոց։

Գործնական կյանքը դաժան և անողոք է, բաց է թյուրիմացությունների և բամբասանքների համար։ Չգիտեի դրա մասին, երբ սկսում էի։ Հետո խորթ մայրս մահացավ։ Պատշաճ հարգանքով և ծիսակարգերով թաղեցի նրան։ Մի խոսքով երբ հանդիպեցի Հուսեյնին, երեսունմեկ տարեկան էի, նոր էի կորցրել հորս և խորթ մորս, միայնակ ապրում էի հարմարավետ տանը, և շատերը նախանձում էին ինձ բաժին ընկած հաջողությանը։ Լեզուները շաղակրատում էին, ինչը ահագնացող ուժի նշան էր, կամ, համենայն դեպս, ես էի այդպես մտածում։ Սնափառությանս մեջ աչքաթող էի արել չարությունը, որ պտտվում էր շուրջս։

Շատ տարիներ առաջ բրիտանական իշխանությունները բավականին բարի էին, որպեսզի առանձնացնեին ինձ տեղացի դպրոցական տղաների բազմությունից, որոնք ավելի նշանակալի ուսման էին տենչում, չնայած չեմ կարծում, որ բոլորս գիտեինք, թե ինչի էինք ձգտում։ Իմացությունն այն էր, ինչին երկրպագում էինք, և ինչը սովորեցնում էին մեզ Մարգարեի ուսմունքում, բայց ինչ-որ հմայք կար այդ տեսակ իմացության մեջ, ժամանակակից աշխարհում ողջ մնալու պես մի բան։

Կարծում եմ՝ բոլորս էլ թաքուն հիանում էինք բրիտանացիներով նրանց խիզախության համար լինելու այնտեղ՝ տանից այդքան հեռու, այդպիսի վստահությամբ հրամաններ արձակելու և այն բանի համար, որ շատ բան գիտեին կարևոր բաներ անելու մասին․ հիվանդություններ բուժել, ինքնաթիռներ վարել, ֆիլմեր նկարել։ Նրանց գրքերում տհաճ պատմություններ էի կարդում մեր մասին, և քանի որ դրանք տհաճ էին, ավելի ճշմարիտ էին թվում, քան այն պատմությունները, որ ինքներս էինք մեր մասին պատմում։ Կարդում էի հիվանդությունների մասին, որոնք տանջում էին մեզ, ապագայի մասին, որ մեզ սպասում էր, աշխարհի մասին, որում ապրում էինք, և մեր տեղի մասին այդ աշխարհում։ Այնպիսի տպավորություն էր, ասես վերափոխած լինեին մեզ, և դա այնպես էին արել, որ ընդունելուց բացի՝ ուրիշ ելք չէր մնում, այդքան ամբողջական և հավաստի էր պատմությունը, որ պատմում էին մեր մասին։ Չեմ կարծում, որ ցինիկաբար էր պատմված պատմությունը, որովհետև ըստ իս՝ նրանք էլ էին հավատում դրան։ Դա այն էր, թե ինչպես էին նրանք հասկանում մեզ, և ինչպես էին հասկանում իրենք իրենց, իսկ ճնշող իրականությունում, որում ապրում էինք, քիչ բան կար, որ թույլ կտար վիճել։

 

 

[1] Մեծ Բրիտանիայի մեծությամբ երկրորդ օդանավակայանը։

[2] Կրեմագույն կամ սպիտակ երկար խալաթ, որը կրում են տղամարդիկ Աֆրիկական Մեծ լճերի շրջանում։

[3] Նահանգ Պակիստանում։

 

 

Անգլերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

 

 

 

  • Hits: 348

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: