Մելանի Հովհաննիսյան․ Ս-Ե-Գ-Մ-Ա կամ Սեգմա

-Ներողություն եմ խնդրում, բայց պրն․ X-ը հիմա զբաղված է,- ականջումս լսում եմ հաճելի մի ձայն, միայն թե չեմ հասկանում, թե որտեղից ա դա գալիս,- գնացել ա Պետի։ Կարող եք վաղը․․․

-Կարևոր ա,- ընդհատում եմ նրան,- շատ կարևոր ․․․

-Ես էլ կարող եմ Ձեզ օգնել։

-Ո՛չ։ Լավ կլիներ, որ վերջապես տեսնեի Ձեր էդ պրն․ X-ին։ Ես իրե՛ն ասելու բան ունեմ, ոնց չեք հասկանում։

Ասում եմ ու հոգոց հանում։ Արդեն 7 օր ա, ինչ «Սփայս» ընկերությունում միևնույն պատասխանն եմ ստանում։ Անտանելի ա արդեն։  Ինձ իմ երկիրն ա պետք, ոչ թե էս գրողի տարած անհասկանալի տեղը։  Ինձ զգացմունքներ են պետք, ինձ ծխել ա պետք։  Օդը թանձրանում ա, ես համբերությունից դուրս եմ գալիս։

-Ախր ինչի՞ հենց ես, ինչի՞ եմ հայտնվել ստեղ ու ո՞նց,- ինքս ինձ ջղայնանում եմ։ Գժվել կարելի ա։ Ես իմ հանդարտ կյանքն եմ ուզում, տուն եմ ուզում, օդ եմ ուզում։ Պտտվում եմ ու փորձում անթիվ վարագույրների միջով դուրս գալ ընկերությունից։

Նախ խճճվում եմ, հետո մի տարօրինակ արարած (բաց վարդագույն մաշկ ունի, նաև մի աչք, իսկ ականջների փոխարեն ականջակալներ են) ինձ օգնում ա դուրս գալ։ Ու գնում եմ ես, չգիտեմ՝ ուր, չգիտեմ՝ ինչի։ Ես ուղղակի գնում եմ, որ փախչեմ էս մոլորակից։ Ես վազում եմ ու քանի որ չեմ կարողանում ինձ կառավարել ընթացքի մեջ, բախվում եմ ինձ արդեն ծանոթ վարդագույն մաշկով մեկ ուրիշ արարածի, ու երկուսով ընկնում ենք։ Դը՜մփ։

…………………………………………………………………………………………… Չէէէ ՜, մի՛ մոտեցեք ինձ։ Ես ․․․ չէ, խնդրում եմ։ Աաաաա՜․․․

Վախեցած բացում եմ աչքերս։ Երա՞զ էր, թե՞ իրականություն։ Էս ու՞ր եմ ես, էս ի՞նչ սենյակ ա, սպիտակ կարճլիկ պատեր են, մի պահարան ու մի պատուհան, մի սեղան, երկու կիսաջարդված խախուտ աթոռ, ես մահճակալի վրա եմ պառկած ու կապված եմ նրանից, հաստ պարանով ամուր կապված եմ։ Ամեն ինչ հակառակ եմ տեսնում՝ վերևից ներքև։ Տպավորություն ա, որ ինձ վերևից կախել են։ Դռան ճռռոցն եմ լսում, հետո ոտնաձայներ։ Մի ճաղատ գլուխ եմ նկատում։ Հայացքը դեպի վերև ա ուղղում, ժպտում ու հարցնում, թե ինչ-որ բանի կարիք ունեմ արդյոք։

-Ունեմ։ Կբացատրե՞ք ինձ՝ ինչ ա կատարվում էստեղ։ Ու՞ր եմ ես, ու ընդհանրապես։

-...Դուք հիվանդանոցում եք,- միանգամից լրջանում ա,- Ձեզ մի քանի ժամ առաջ են բերել։ Բարձրաձայն գոռալով վազում էիք ու ճանապարհին ընկել եք։ Ձեր նյարդերը հավանաբար կարգին չեն։

-Բա Դուք ո՞վ եք, ու ինչի՞ ա Ձեր մարմինն անտեսանելի։

-Ես բժշկի օգնականն եմ։ Մի քանի օր առաջ սխալ դեղ էի ներարկել հիվանդին, ու բժիշկն ինձ պատժել է։

Ասում ա ու գրպանից հանում ինչ-որ վահանակ, որի վրա չորս կոճակ կա։ Սեղմում ա մեկն, ու մահճակալս իջնում ա էնքան, որ դեմքիս ու հատակի հեռավորությունը գրեթե զրոյանում ա։ Հետո մեծ ասեղը խրում ա աջ ոտնաթաթիս մեջ ու ներարկում անում։ Ամբողջ մարմնիս թմրում ա։ Հոգնություն ա իջնում վրաս, ու փակվում են աչքերս։ Ես լաբիրինթում եմ։ Շուրջբոլորս կանաչ ա ու վազող ծառեր, որոնք անցնում են արագ։ Թվում ա, թե պարում են։ Ինձ հրմշտում են, մեկն էլ հրում ա նենց ուժեղ, որ ես ընկնում եմ ցեխի մեջ։ Հրաշալի ա, մենակ էս էր ինձ պակաս։ Վեր եմ կենում, ինձ կարգի բերում ու քայլում։ Կարոտեցի էն ճաղատին։

Մթնագույն փողոցով մի քանի րոպե քայլելուց հետո ինձ կանգնեցնում ա մի մոխրագույն փոքր արարած, որի դեմքին շատ կնճիռներ կան, իսկ մաշկը դեֆորմացված ա։ Նա ունի էլֆի ականջներ, մեծ խոշոր աչքեր, իսկ քթի փոխարեն․․․ չէ, քիթ չունի։ Զարմանում եմ․ էլ ոնց ա՞ շնչում, եթե քիչ չունի։ Ակամայից շոշափում եմ դեմքս ու հասկանում, որ ինքս էլ քիթ չունեմ։

-Ու՞ր եք գնում,- հարցնում ա։

Ինչի՞ ա անծանոթը ինձ տենց հարց տալիս։ Իր ինչ գործն ա, թե ուր եմ գնում։

-Հարցնում եմ՝ ու՞ր եք գնում։ Հետաքրքիր է։

-Ես ․․․ Ըմմմ, առաջին անգամ եմ ստեղ։

-Դե, եկեք ինձ հետ։ Ես կծանոթացնեմ Ձեզ Մեգայի հետ։

Քայլում ենք, չգիտեմ՝ ուր։ Իսկ ծերուկը սկսում ա պատմել Սեգմա մոլորակից։ Պարզվում ա՝ տարիներ առաջ Երկիր մոլորակից մի տիեզերանավ ա եկել ու 15 մարդ բերել, ավելի շուտ՝ 15 մահացած մարդ։ Ես էդպես եմ հայտնվել էստեղ։ Մեզ Սեգմայում կյանք են տվել, վերակենդանացրել։ Բայց երկար ժամանակ մեր օրգանիզմը չի կարողացել հարմարվել մոլորակի բնական օրենքներին, հատկապես թթվածնի բացակայությանը։ Ու մեզ պահել են հատուկ տարածքում։ Եկածներից 4-ը մահացել են՝ էդպես էլ չադապտանալով Սեգմայի պայմաններին, 6-ը մի տարի առաջ են դուրս եկել, նրանցից 2-ը նույնիսկ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում հիմա։ Իսկ ե՞ս։

-Դու երեկ ես դու եկել հատուկ տարածքից։

-Ո՞նց թե երեկ։ Ես հիշում եմ, որ «Սփայս» ընկերություն էի գնում 7 օր շարունակ։

-Ասում են, որ ձեր հիշողությունը ջնջել են ու փոխել ուղեղի որոշ հատվածներ,- շշնջում ա մոխրագույն ծերուկը։

-Էդ ո՞նց,- հետաքրքրությամբ հարցնում եմ։

Թևերը թափ ա տալիս․ ինքն էլ չգիտի։ Էդպես ա լսել։

Էդ պահին հիշում եմ մահս Երկիր մոլորակի վրա, հիշում եմ տիեզերանավը, որ բերեց ինձ Սեգմա։ Բայց չեմ հասկանում, թե ոնց եմ հիշում վերջին 7 օրը ու ինչի էի էդքան համառորեն գնում պրն․ X-ի մոտ։

-Հավանաբար հարցեր ունեիք իրեն տալու կամ էլ խնդրելու, որ օգնի վերադառնաք Երկիր։ Ի դեպ, նա ապրում ա Պիում, որտեղ անցկացրած 7 օրը համարժեք ա Մեգայում անցկացրած 1 օրվան։

Տեսեք՝ Սեգմա մոլորակում ժամանակային տարբերություն կա 3 թաղամասերի միջև՝ Պիի, Մեգայի ու Պետիի։ Պի թաղամասում, որտեղից Դուք քայլելով գալիս էիք, տարին ունի 220 օր։ Հիմա 3141 թվականն ա էնտեղ։ Եթե Պի թաղամասի ժամանակացույցով նայենք, Դուք եկել եք Սեգմա 55 տարի առաջ։

-Ուրեմն հիմա Երկիր մոլորակում 2075 թվակա՞նն է։

-2050-ը։ Մեգայում 31355 թվականն էր, երբ ձեր տիեզերանավը եկավ։ Հիմա 31410-ն է։ Էստեղ յուրաքանչյուր 20 օրը մեկ փոխվում է տարին։

Միևնույն ա, ապշած եմ, թե ինչպես կարող ա մեկ մոլորակի վրա 3 տարբեր ժամանակային գոտի լինել։ Ուրեմն մոլորակի մի մասը մյուսից հի՞ն ա, ո՞ւշ ա հայտնաբերվել, թե՞․․․

Հանկարծ թուլություն ու գլխապտույտ եմ զգում։ Խնդրում եմ ծերուկին, որ կանգնենք, ու նստում եմ գետնին։

-Դուք արագ էիք քայլում,- բացատրում ա նա,- էդպես չի կարելի։ Մեգայում իմաստունները վաղուց հասկացել են, որ պետք է դանդաղ ու զգույշ շարժվել, թե չէ ծերությունը մեզ միանգամից կհաղթի։ Էստեղ եղողները երկար են ապրում, խելացի են։ Թաղամասը մեծանուն շատ բնակիչներ ունի, բայց բոլորը հիվանդ են«ծերունականություն» կոչվող հիվանդությամբ, այսինքն շուտ են մեծանում ու կյանքի մեծ մասը ծերության մեջ ապրում։ Օրինակ՝ ես 1468 տարեկան եմ։ Իմ կյանքի կեսն է դեռ անցել։ Իսկ Ձեր տարիքը հաշվելու համար պետք է գումարել․․․

-926։ Ես 926 տարեկան եմ Մեգայում։ Բայց ես էստեղ չեմ ծնվել, ինձ ինչի՞ ա կպել էդ հիվանդությունը։

-Դուք Մեգայում եք, ուրեմն կրում ես նրա բոլոր հատկանիշները։ Կուզե՞ք Ձեզ դեպի Պետի էլ ուղեկցեմ՝ երրորդ թաղամասը Սեգմայի։

Գլխով դրական շարժում եմ անում, ու քայլում ենք երկար, դանդաղ։ Հասնում ենք մի տեղ, ու ծերուկն ասում ա, որ չի ցանկանում անցնել դա։

-Տեսնու՞մ եք այս բաց մանուշակագույն շերտը։ Դրանով անցնելիս մտնում եք Պետի, ու, հիշե՛ք՝ Դուք ունենալու եք նրա բնակիչներին բնորոշ հատկանիշները։ Երբ հանդիպեք տեղացիներին, կարող եք հարցնել էդ մասին։

Ես գրկում եմ մոխրագույն ծերուկին, շնորհակալություն հայտնում ու ուղևորվում մյուս թաղամաս։ Սահմանը անցնելուն պես զգում եմ, թե ինչպես ա էներգիաս վերականգնվում։ Ավելի առույգ եմ դառնում ես։ Քայլում եմ թաղամասով ու հիանում շուրջս եղած գույնզգույն աշխարհով։ Ասես հեքիաթի մեջ լինեմ, փոքրիկ տներ են պաշտգամբներով, ու բոլորում ծաղիկներ կան։ Մի դեղին մարդուկ ա մոտենում ինձ։ Կարծես ոչ թե մաշկի գույնն ա դեղին, այլ այն ներկված ա դեղինով։ Փոքրամարմին ա ու կարճահասակ։

-Ո՞նց ես,- հարցնում ա նա։

-Ես, ես լավ եմ ․․․ Բայց դու ո՞վ ես, ի՞նչ ա քո անունը, ու ինչի՞ ա դեղին քո մաշկը։

-Ես 739-ն եմ։ Հենց էդպես՝ 739։ Էստեղ մարդիկ ծնվելիս ստանում են համարներ, ու նրանց մաշկը ներկում են հատուկ գույնի ներկով։

-Իսկ դու քանի՞ տարեկան ես։

-26 տարեկան եմ,- ժպտում ա, իսկ դո՞ւ։

-Ես 20 տարեկան էի Երկիր մոլորակում։ Մեգայում 926 տարեկան էի։

-Արի հաշվենք,- ուրախ - ուրախ առաջարկում ա,- քանի որ Պետիում տարին ունի 1100 օր, իսկ Մեգայում 20, ուրեմն 926-ը բազմապատկում ենք 20-ով և բաժանում 1100-ի։ Ստացվում ա, որ դու գրեթե 17 տարեկան ես։

Արդեն չեմ զարմանում։ Ես 17 եմ՝ համարյա էնքան, որքան հիշում եմ ինձ Երկիր մոլորակի վրա։ Ես ինձ էնքան լավ եմ զգում ․․․

-Դու երիտասարդանում ես,- բացատրում ա դեղնամանուկը,- Պետիում մարդիկ ծնվում են արդեն ձևավորված օրգանիզմով և ոչ թե ծերանում են, այլ երիտասարդանում։ Եվ դրա շնորհիվ ծնվելիս նրանք արդեն մոտավորապես գիտեն, թե քանի տարի են ապրելու։

Այ քեզ բան։ Նման բան մենակ ֆիլմերում էի տեսել ու գրքերում կարդացել։ Փաստորեն հիմա իրականություն ա։

-Լսիր, իսկ ես ո՞նց կարող եմ Պի թաղամաս վերադառնալ։

-Շատ հեշտ։ Տեսնու՞մ ես էս փոստային ցուցանակը։ Կանգնիր նրա դիմաց, ձեռքդ դիր վրան ու ասա, որ ուզում ես էնտեղ գնալ։

Շնորհակալություն եմ հայտնում։ Քայլում եմ դեպի ցուցանակը, ձեռքս դնում ու ասում, որ ուզում եմ Պի գնալ։ Մի ձայն ինձ ասում ա, որ փակեմ աչքերս ու հաշվեմ մինչև 5-ը, ու ես հայտնվում եմ Պիում։ Էստեղ իսկական քաոսա․ փողոցը լիքն ա տարբեր տեսակի արարածներով։ Նրանք քայլում են լույսի արագությամբ։ Հետաքրքիր ա՝ ուր են շտապում ու ինչի։ Հազարավոր հայացքներ են նայում, որովհետև ես կանգնել եմ գրեթե կենտրոնում ու ապշած նայում եմ իրենց։ Հայացքով փորձում եմ գտնել ծանոթի։ Ես զգում եմ ամբոխի անընդհատական շարժը։ Նրանց թիվը մեծանում ա, չեմ հասկանում ոնց։ Էնպիսի տպավորություն ա, որ շնչելու օդն անհետանում ա։ Ես թեթևակի բռնում եմ կոկորդս, ես խեղդվում եմ։ Փաստորեն ես էլ չադապտացվեցի նոր միջավայրին։ Ես մահացա ոչ միանգամից։ Երկար ժամանակ ներսս այրվում էր, ու կոկորդիս պատերը սեղմվում էին։ Բայց հանկարծ թուլություն զգացի, ընկա ու գիտակցությունս կորցրի։ Սիրտս դադարել էր աշխատել։ Իմ մարմինն անհետացավ անմիջապես, և ոչ ոք չիմացավ, որ Սեգմա մոլորակի Պի թաղամասում 3141 թվականին մահացա ես, իսկ այ Երկիր մոլորակում ինձ մեծ շուքով ճանապարհեցին։

…………………………………………………………………………………………………

-Վերցրեք այս թաշկինակը ու պահեք քթանցքերի մոտ։ Դա կօգնի, որ արյունը Ձեր վրա չհոսի։ Ես հիմա կգամ,- ասում ա ինչ-որ մեկը ու տալիս մի կարմրագույն կտոր։

Բարձրացնում եմ հայացքս, ու․․․ ոչ ոք չկա շուրջս։ Ես, մարմինս, աչքերս, ձեռքերս, մատներս, արյունը, թաշկինակը․․․ Ոչինչ չկա, սև ամայություն։ Իսկ գլխումս մի հարց ա պտտվում՝ ո՞վ եմ ես․․․

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ Այ քեզ բան, ես ողջ եմ։ Ինձ էլ թվում էր, թե մեռա էդքանից հետո, բայց իրականում չէ։ Արի պաչեմ քեզ, վարդագույն արարած, դեղին մարդուկ, դու էլ մոտեցիր, կգրկեմ քեզ, մոխգարույն ծերուկ, քեզ չեմ մոռացել․․․ Հանգի՜ստ, լռի՛ր։ Քեզ չեմ վնասի։ Ծխեմ էլի մի հատ։

-Արթնացա՞ր,- լսում եմ մորս ժպտացող ձայնը,- կոֆե կուզե՞ս։

Ու քանի որ նոր եմ արթնացել, չեմ հասկանում ինչ ա կատարվում։ Մի քանի րոպե աչքերս եմ տրորում, նայում եմ շուրջս, չեմ հավատում, որ տանն եմ՝ իմ մահճակալի վրա։ Իմ սենյակը անմիջապես խոհանոցին ա կպած։ Դրա համար տեսնում եմ, թե ոնց ա մամաս սուրճ պատրաստում։ Հետո դարակից հանում ա շոկոլադե պեչենի, սառնարանից երկու կտոր թխվածք։

-Կոֆե չե՞ս ուզում,- նորից ա հարցնում,- լա՞վ ես քնել։

-Բարի լույս, մամ,- մազերս եմ դզմզում,- հա, ինձ էլ դիր։

-Պատրաստ ա, արի, թե՞ բերեմ ըտեղ։

Ասում եմ, որ կգամ սեղանի շուրջ։ Նայում եմ քաղցրին, սիրտս սկսում ա խառնել։ Էդ ինչ կաշմառ երազ էր։ Ոնց չէի ուզում տունը մնալ։

-Դու՞րս ես գալու,- մաման հարցնումա։

-Դե, ոնց միշտ էլի, մի քանի գործ ունեմ։ Բայց շուտ կգամ էսօր։

-Էսօր հորդ ծնունդն ա, ուզում ենք իրիկունը տեղ գնանք։ Մի հատ զանգի իրան։ Գլխով դրական շարժում եմ անում, հագնում եմ ջինսս, սառոչկես ու մոտենում սեղանին։ Արագ խմում եմ կոֆեն, մաման զարմացած նայում ա, թե ոնց թխվածք չեմ ուտում։ Դուրսը կուտեմ մի բան, մամ, ասում եմ։

-Կհավաքե՞ս տեղաշորս,- հարցնում եմ։

-Բա ինչ պտի անեմ է։ Դու կարևոր մարդ ես, գնա քո էդ համբալություններին։

-Մա՞մ, ի՞նչ էղավ քեզ։

-Ձրի գնում ես աշխատես էլի, չէ՞։ Դրանք շահագործում են, փող չեն տալի։

-Էդ կոչվում ա կամավորություն, կա-մա-վո-րութ-յուն,- վանկատած ասում եմ՝ հույս ունենալով, որ մաման կհասկանա ու էլ բան չի ասի։

Բայց մաման հոգոց ա հանում, խմում ա սուրճի վերջին կումը ու դուրս ա գալիս սեղանի մոտից, որ լվանա բաժակները։

-Կգաս հորդ ծնունդին, իրիկունը 8-ին դուրս ենք գալու։

-Կզանգեմ, մամ։ Կարող ա միանգամից պապայի հետ գամ ես։

Չի պատասխանում, երևի չի լսում։ Ջրի ձայնն էնքան բարձր ա թվում ինձ, որ մտածում եմ, թե չեմ էլ ասել ոչինչ։

-Կզանգեմ, մամ։

-Լավ, բալես։ Կսպասեմ, քեզ լավ օր։

Մինչև դուրս գալս գնում եմ զուգարան, կանգնում հայելու առաջ ու նայում ինքս ինձ։ Ուզում եմ ուսումնասիրեմ դեմքս, բայց ոնց որ իմ դեմքը չլինի գլխիս։ Հայելու մեջ տարօրինակ մի էակի եմ տեսնում։ Գնում եմ հանրահայտ փիներով րյուկզակս ու կարմիր թերմոսս վերցնելու ու էդ ընթացքում զգում եմ, թե ոնց են տանս պատերը սկսում սեղմվել ու ինձ ճնշել։ Մաման սպասքն ա շարունակում լվանալ, ու ինձ թվում ա, որ խոհանոցում լճակներ են գոյանում։ Հետո դրանք սկսում են մեծանալ։ Մակընթացություն ա ոնց որ սկսվելու։ Ու դրա համար որոշում եմ փախնել տնից։

Մոտենում եմ մամային, պաչում թուշը ու նորից ասում, որ կզանգեմ, հենց գործերս վերջացնեմ։ Շտապում եմ դեպի վերելակը։ Զանգում եմ ընկերոջս՝ ասելու, որ ուշանում եմ հանդիպումից։ Քնած էի մնացել, ասում եմ։ Պարզվում ա՝ ինքն էլ խցանման մեջ ա։ Ժամը 1-ին խցանման մեջ։ Լավ, կհասնեմ տեղ, կիմանամ ում հետ էր ժամադրության։ Շենքից դուրս եմ գալիս ու վազում դեպի մետրո։ Ես մետրոյից բացի ուրիշ տրանսպորտային միջոց չեմ ճանաչում։ Ինձ մնար, մետրոյում կապերի։ Էէէէ, էս ինչ եմ խոսում։

Մեկ, երկու, երեք, չորս, հինգ․․․ գնացքը չի գալիս։ Հենց հասա կայան, մեկը գնաց, մի քանի վայրկյանի տարբերությամբ բաց թողեցի էդ մեկը։ Երեք հատ երգ եմ լսում, մինչև գալիս ա հաջորդը։ Ավելի եմ ուշանում պայմանավորված ժամից։

Բայց հենց հասնում եմ Հանրապետության հրապարակ, զանգում եմ ընկերոջս։ Ինքը ռեկորդակիր ա, տալիս – անցնում ա ինձ իրա ուշանալով։ Թող դեռ հասնի, նոր ցույց կտամ իրան։ Էդ ընթացքում պապային եմ զանգում, շնորհավորում եմ ծնունդը։ Ասում ա՝ առավոտը ինձ համբուրել ա, նոր ա գնացել գործի։

-Պա, ի՞նչ նվեր բերեմ քեզ։ Գիտես էլի, որ ֆանտազիա չունեմ, սիգարետից բացի բան չեմ կարա բերեմ, դրա համար ավելի լավ ա՝ դու ասա ինչ ես ուզում։

-Դու ուղղակի արի, հերիք ա,- խնդալով ասում ա,- սիգարետ էլ ունեմ։

Ասում եմ լավ ու անջատում հեռախոսը։ Հետո մտքումս ինքս ինձ հաստատում եմ՝ էրկու պաչկա էԼԴէ կտանեմ։ Դրանից լավ նվեր չկա պապայի համար։ Էդ էլ էղավ։ Նորից եմ զանգում ընկերոջս։ Պայմանավորվում ենք Ավգուստում հանդիպենք։ Դե արի ու հրապարակից քայլի Կասկադ։ Լավ, թող իրա սրտով լինի, մեկա առաջին ուշացողը ես էի։ Դուրս եմ գալիս մետրոյի մոտից ու իմ համար դանդաղ քայլում։ Ճանապարհին սառը սուրճ եմ վերցնում՝ նեսկաֆե՝ իմ սիրելին։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ Հերոսը քայլում ա դեպի Կասկադ։ Հիմա Հյուսիսային պողոտայից դեպի Օպերայի հրապարակ տանող կարճ անցումի մոտ ա կանգնած։ Միայն ինքն ա էդտեղ։ Սեղմում ա սպասելու կոճակը, համբերում, մինչև անցնում են վայրկյանները։ Մի քիչ զգուշությամբ դնում ա առաջին ոտքը։ Երբ առաջանում ա, ձախ կողմից մի մեքենա էնքան արագ ա գալիս ու հարվածում, որ սուրճի բաժակը թռնում ա օդ, նեսկաֆեն թափվում ա միջից, փիները թռնում են րյուկզակի վրայից ու ջարդվում, սկ կարմիր թերմոսը դրմբոցով ընկնում ա գետնին։ Ջարդվում ա ներսից, էլ հնարավոր չի իրան օգտագործել, իսկ հերոսը պաշտում էր էդ թերմոսը։

Մարդիկ հավաքվում են շուրջը, զարմանում, նայում եղածը։

Հերոսի հեռախոսից երեք հաղորդագրություն ա հասած լինում․ մեկը հորը՝ պապ ջան, սիգարետ եմ առել արդեն, էԼԴի մի հատ էր մնացել, մյուսը կապույտ Բոնդ եմ վերցրել․ մյուսը ընկերոջը՝ հեսա հասնում եմ Ավգուստ, ու եթե դեյթդ լավը չի էղել, սպանելու եմ քեզ ինձ սպասացնելու համար․ վերջինը մորը՝ ժամը 8-ին տաքսի կգա քո ու քուրիկի հետևից, կնստեք, ձեզ կբերի ռեստորան։ Արդեն տեղ եմ պահել։

Չհարցնես՝ ուր, թող անակնկալ լինի։

Վերջին հաղորդագրությունը տեղ չէր հասել, որովհետև հեռախոսի գումարը վերջացել էր։ Բայց դրա մասին տենց էլ ոչ մեկ չէր իմանալու։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

-Ներողություն եմ խնդրում, բայց պրն․ X-ը հիմա զբաղված է,- ականջումս լսում եմ հաճելի մի ձայն, միայն թե չեմ հասկանում, թե որտեղից ա դա գալիս,- գնացել ա Պետի։

-Կարող եք վաղը․․․

-Կարևոր ա,- ընդհատում եմ նրան,- շատ կարևոր․․․

-Ես էլ կարող եմ Ձեզ օգնել։

-Չէ՛,- գոռում եմ,- դե, հերիք էղավ էլի։ Ինչքան կարելի ա ասել վաղը։ Ամեն օր նույն բանն եք ասում։ Ինչի՞ եք սենց վատ աշխատում։

-Ես ներողություն եմ խնդր․․․

-Ձեզ պահեք Ձեր ներողությունը։ Ու ինձ Երկիր ուղարկեք։ Հենց հայտնվի էդ պրն․ X-ը, ասեք, որ հոգնել եմ անընդատ սպասելուց։ Էս ինչ անիմաստ կրկես ա։ Եթե ես իրոք մահացել եմ Երկրի վրա, հետ ուղարկեք դիակս, թողեք գոնե էնտեղ հանգիստ մնամ։

-Հասկացեք՝ մենք ձեզ նոր կյանք ենք տվել։

-Դուք խլել եք իմ կյանքը, ինչ-որ փորձարկումներ եք անում մեր վրա։

Հետո էլի եմ գոռգոռում, ինձ դուրս են հանում սենյակից։ Ես սկսում եմ քայլել բազմաթիվ վարագույրների միջով, հետո ավելի արագ ու զգում եմ, որ արդեն վազում եմ։ Կպնում եմ վարդագույն մաշկով մի արարածի, ընկնում ու դը՜մփ։

Նորից «Սփայս»-ում եմ նույն խնդրով։

Սպանե՛ք ինձ, խնդրում եմ։ Ես անկարող եմ տանել նույն իրադարձությունները ամեն օր։ Սա անվերջանալի շղթա ա, որից ելք չկա։ Թողեք մեռնեմ ուղղակի, թողեք ինձ հանգիստ։ Բաց թող ինձ աշխարհ, ես քո մասնիկը չեմ այլևս։ Ես ուզում եմ ազատ լինել բոլոր կապանքներից, ուզում եմ շունչ քաշել էս ամենից, ուզում եմ մի ծուխ անել, որ կոկորդս վառվի, մի քիչ գոռալ, որ ձայնս չլսեմ այլևս։

Եթե գիտեք գաղտնիքը կյանքի, արձագանքեք։ Ես էստեղ եմ՝ նույն մոլորակում ապրում եմ ձեր կողքին։ Ամեն օր արթնանում եմ ու նույն միապաղաղ օրն ունենում։ Ես իրականում ոչինչ էլ չեմ կարողանում անել էս շրջապտույտից դուրս գալու համար։

Հիմա գլխումս մի հարց ա պտտվում՝ ի՞նչը ճիշտ չեմ անում ես․․․

  • Hits: 3585

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: